|

|


ԷՈՒԹՅՈՒՆ-ԷԻԶՄ
«Աշխարհին պետք է այնպիսի մի
փիլիսոփայություն,
որի համար հնարավոր է միայն այն, ինչը միշտ եղել է...»
Տեյար դե Շարդեն («Մարդու
ֆենոմենը»)
1995թ. իր և հարակից հատորների ու առանձին հոդված-մեկնություն-լրացումների
հրապարակումներից ի վեր, Էություն-էիզմ ուսմունքը շարունակում է
մնալ անըմբռնելի, ոչ միայն հիրավի խիստ հասուն և ունակ անհատների`
այլև անգամ ակադեմիկոսների և շնորհաշատ դեմքերի համար: Եվ այդ իր
պարզությամբ, ներդաշնակությամբ և թափանցիկությամբ հանդերձ, ինչը
մեզ համար եղել է այլ մեկ գլուխկոտրուկ: Շատ ավելի ուշ սկսեցինք
կռահել, որ դրա պատճառը մասամբ դասական փիլիսոփայությունն ու
մտածողական կարծրատիպերն են, որոնք ինչպես դասական ֆիզիկայի
օրենքները «քվանտային մեխանիկայում» չեն գործում, տվյալ դեպքում`
միայն մասնակի: Մեծամասամբ նաև միջակ մտավորականության ու հանուր
ծանծաղամտության պատճառով` հատկապես այժմ անչափ տկարամտացած հայ
իրականությունում: Երրորդ մեկ պատճառը ընդհանուր էրուդիցիայի և
գիտական նվազագույն` բայց անհրաժեշտ բազայի բացակայությունն է,
վերջինս հատկապես հումանիտար կրթությամբ ու մասնագիտությամբ
շրջանակների մոտ, երբ էիզմը ամբողջությամբ հիմնված է համամարդկային
անցյալ ու ներկա, բազմաճյուղ, բազմաշերտ և բազմակողմանի
ճանաչողության վրա, հանդես գալով որպես «ամբողջագիտություն» կամ
ԱՍՏ-Ամենայն Ստեղծի Տեսություն ( ի տարբերություն այդքան
հորջորջվող TOE-Theory of everything սոսկ ֆիզիկական Տիեզերքի
տեսության…): Իսկ ավելի կարևորը, որ բավարարվելով հատվածական
ծանոթությամբ, դեռևս համարյա ոչ ոք իր ողջ խորությամբ, ընդգրկուն ծավալով
և լրջությամբ չի ուսումնասիրել բազմահատոր Էություն-էիզմ
ուսմունքը, էլ չխոսել դրա վրա հիմնված ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական
համակարգի մասին: Եվ ինչպես միշտ, յուրաքանչյուրը էիզմից վերցնում
է այնքան` որքան նրան մատչելի է, հետաքրքիր և քիչ թե շատ
համապատասխան իր իմացական պաշարին, տարողությանն ու գլխուղեղային
«կաբելավորմանը»: Մինչդեռ, Էություն-էիզմը, որպես տիեզերական բաց
համակարգ, պարբերաբար նորոգվում, լրացվում և ամրագրվում է
յուրաքանչյուր գիտական նոր բացահայտմամբ և ամենատարբեր
ասպարեզներում էվոլյուցիոն զարգացումներով: Մեկ խոսքով, էիզմը
լինելով ո’չ թեիզմ, ո’չ աթեիզմ` այլ դրանց ու ամենայնի ընդհանուր
հայտարարը, նոր մեկ դիտանկյուն, նոր մեկ պատուհան, նորոգ և
մարդկային ճանաչողության հետ անվերջ թարմացող մի աշխարհայացք է
դեպի բուն`
էութենական իրականության խորխորատները:
Ուստի, այլևս հրաժարվելով անմիջապես հասկացվելուց, այդ
ամենը վստահելով ապագային և խուսափելով անհրաժեշտից ավելին
բացահայտել, այդուհանդերձ նորաստեղծ սույն բաժնով, որքան կարող ենք
կջանանք գոնե առավել լուսաբանել արդեն ասվածը Էություն-էիզմ
ուսմունքի, նրա տարբեր դրույթների, հիմնադրույթների ու
ասպարեզների վերաբերյալ: Բնականաբար, այդ ևս միտում է քիչ թե շատ
խորամիտների նախասիրությունը, երևակայությունն ու կեցական
մտահորիզոնից անդին սավառնող տեսլականները` առավել զուգորդումները,
հարակցումները և ընդհանրացումներն ու վերացարկումները
թողնելով նրանց ունակություններին:
|
|


|
|