ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
                               ԷՈՒԹՅՈՒՆ-ԷԻԶՄ     
                               
   16. 11.2018թ.
                                                                     
 
 
 ԿՎԻՆՏԷՍԵՆՑԻԱՆ ԵՎ ԷԻԶՄԸ
(quintessence-կվինտեսենցիա)

   
      Հանճարեղությունը, անշուշտ, պարզության մեջ է,
                                 բարդությունը՝  հասկանալու...   
     
     
    Ըստ Ա. Շոպենհաուերի և այլոց,  բացառիկ բացահայտումները անցնում են հանրաճանաչման երեք փուլ. 1.«Չի՛ կարող պատահել», 2. «Խելքի մոտ է», 3. «Իսկ այդ ո՞վ չգիտեր»... Ըստ էիզմի կա նաև այլ՝ չորրորդ մեկ փուլ. «Իսկ այլ կերպ ինչպե՞ս կարող էր լինել»:  Եթե չկա վերջինս հակասող որևէ լուրջ փաստարկ, ուրեմն այն ընդունվում է որպես միակ ճշմարիտը, մինչև երբևէ դրա ժխտումը կամ լրացումը:   
    Եվ այդ է հենց
Էություն ամենավերացական հասկացության պարագան, անկախ դրա այլազան հոլովումներից: Դրանցից մեկը quintessence-կվինտէսենցիա՝ հնգէության պատկերացումն է:
  
  Վերջինս զուգորդվում է հուն. Éther-եթեր հասկացության հետ ( հուն. αίθήρ,  αίθω-այրել և άήρ-օդ, «այրվող օդ» բառակապակցությունից ),  որպես օդի վերին շերտ, չորս տարրերին՝ օդ, հուր, հող, ջուր, հավելվող հինգերորդ ամենահիմնական-ամենաէական տարրը, որից իբր կազմված է ամենայն: Մինչ այդ հուն. տիեզերածնության մեջ Եթերը Érèbe ( խավար) և Nyx (գիշեր) զույգից սերվող նախաստեղծ աստվածություն է, դառնալով նաև երկինք-աստվածավայր: Ավելի ուշ նույնանում է շատ բազմիմաստ կվինտէսենցիա- հնգէության հետ: Անտիկ փիլիսոփայությունից հետո  ալքիմիայում այն հիմնական հասկացություններից մեկն է՝ որպես նախաստեղծ զուտ ոգեղեն էություն ու նաև «փիլիսոփայական քար» ( ջրում  ներկայացվում է որպես դելֆին, կրակի մեջ՝ փյունիկ, օդում՝ արծիվ... ), արդի ֆիզիկայում՝  «քվանտային դաշտի» զուգորդումը, իսկ տիեզերաբանության մեջ՝ Էյնշտեյնի «տիեզերական հաստատունի», այժմ՝  նաև առեղծվածային «սև էներգիայի» հետ, որը ըստ ոմանց որպես վերստին
quintessence-կվինտեսենցիա է (G. Veneziano & «Quintessence as a runaway dilaton», «Physical Review»-2002 ):

    Այս խիստ հակիրճ դիտարկման մեջ երևակվում է բոլոր ժամանակների մի գերխնդրական. Տիեզերքի և ամենայնի նախասկիզբն ու հիմնական սուբստանց-հիմքի պրպտումներն ու հոլովումները: Այսինքն, նույն Էության կամ գերԷության, որը նույնպես ունի դիցաբանական և հավատամքային նախատիպեր. ինչպես հայկ.
Է-Էություն աստվածությունը, նվազագույնը մթա III  հզ տարբեր հոլովումներով համատարած ողջ Առաջավոր Ասիայում  (շումեր-աքքադ. Էա-Հայա ծովաստված, Դելփիքում՝  Ապոլլոնի տաճարի սնարի՝ «Է»-ն, արգոնավորդների առասպելում՝  Էա երկիրն ու այգին, Աստվածաշնչում՝ Եհովահի «Ես այն եմ, որ Է-ն», էզոթերիկ դպրոցներում Essence-Էություն հայր Աստվածը,  ևն), ավելի ուշ՝  ողջ աշխարհում ( հնդ. Բրահման, չին. Դաոն ևն): Այնպես, ինչպես դրանից սերվող դիցաբանական եթերի, ապա գիտական ու տիեզերագիտական հասկացության հոլովումները: Ըստ Ա. Էյնշտեյնի եթերի գոյությունը գիտականորեն բավարար հիմնավորված չէր:    
   Մինչդեռ, Ն. Տեսլայի համար եթերը ոչ միայն գոյություն ուներ ու նրա հիմնական պրպտումները հենվում էին դրա վրա, այլև՝  ըստ նրա ամենայն սերվում է նախաստեղծ եթերից: Այն լցնում է տիեզերական դատարկությունը, ինչն համարում է ավելի խիտ, քան՝  երկնային մարմիններն ու նյութական աշխարհը, դրանք համեմատելով ջրի մեջ առաջացած օդային պղպջակների հետ: Ըստ նրա, սեղմելով տիեզերքը բոլոր կողմերից եթերային դաշտը ձգտում է վերադառնալ իր նախաստեղծ վիճակին: Այսինքն, ամենայն սերվում է եթերից և վերստին վերածվելու է եթերի:

    Առանց խորանալու ու դիտարկելու նրա տեսությունը, միայն այդքանով Ն. Տեսլան ևս ընդունում էր ինչ-որ նախաստեղծ էություն ( տվյալ դեպքում որպես եթեր), բայց նաև «բաբախող Տիեզերքի» մոդելը, որն էլ ընկած է էիզմի հիմքում: Պակաս ուշագրավ չէ, որ այդ վարկածում ակնարկվում է նաև Big Bang -Մեծ Պայթյունից հետո  Big Crash- Մեծ Կծկում տիեզերքի «վերջնական վիճակի» վարկածը, ինչպես նաև «սև էներգիայի», որոնք այդժամ դեռ գիտության մեջ չէին մտել...
   Մենք մարդկային ճանաչողության վերին սահմանում ենք, վերստին ու շատ ավելի բյուր անհայտներով: Այսուհանդերձ, ողջ մարդկային պատմության մեջ ուրվագծվում է պատկերացումների մեկ ուղղություն, աշխարհի սկզբի և ավարտի տարբերակներ և նախագոյ ինչ-որ աննյութական գոյացություն, որն ընկած է ամենայնի հիմքում:
      Եվ այդ ոչ այլ ինչ է,  քան՝ գերԷությունը իր էությունների ստորոգություններով...

           Ահա թե ինչպես ստեղծվում է մի անգո, խորհրդապաշտական հասկացություն, որն էլ հոլովվում է դարեր ու հազարամյակներ ի վեր,  իմաստազրկվում, բազմիցս իմաստափոխվում գաղափարական խմորումներում, ի վերջ հանգելու համար զուգահեռ այլ մեկ հասկացության, ինչպես և այստեղ: Մինչդեռ,
Է-Էությունը  եղել է շատ ավելի վաղ, անվերջ վերաիմաստավորվել, տարածվելով տարբեր ասպարեզներում. էաբանության, փիլիսոփայության, մինչև իսկ գիտության ու տիեզերագիտության, արդ ներկայանալով որպես ամբողջագիտական էիզմ: Այն ևս ընդլայնվում, խորանում և շարունակում է ամբողջանալ գիտական և տիեզերագիտական ամեն մի բացահայտման հետ, երբեմն նույնիսկ առաջ ընկնելով դրանցից, հուշելով այլ լուծումներ ( սպասենք «Opus magnum» հատորին )...
    Այդպես, ըստ Հեգելի բնությունը և՛ երևույթ ՛է և՛ էություն: «Հակառակ դեպքում  ամեն մի գիտություն ավելորդ կլիներ...» ( Կ. Մարքս, «Էություն» հատոր, Երևան 1995, էջ 554 ): Այսինքն, գիտությունները կոչված են էությունների բացահայտմանը: Ըստ մեզ, ոչ միայն, այլ՝ ամենայնի: Այն ամբողջացնում է ոչ միայն իդեալիզմն ու մատերիալիզմը՝ այլև բազում խնդրականներ, ճշմարտություններ, տեսություններ և ուսմունքներ, մինչև իսկ Տիեզերքը... 
                                                                
                                                                    

 
Ն. Տեսլայի ու նրա գաղափարների վերաբերյալ փոքր-ինչ ավելին՝ կից հղմամբ (ռուսերեն)
https://www.yellowrose.info/naydena-rukopis-nikoly-tesla-i-v-ney-raskryta-glavnaya-tayna-mirozdanya/?fbclid=IwAR2pzzyeiHkC2c2oWBbjMpvOGzC10j6Gh-KLXtdLAq4gWovCYy7OCUwYvpE

 
    Էություն-էիզմի վերաբերյալ՝  այստեղ ԷՈՒԹՅՈՒՆ-ԷԻԶՄ բաժնում,
     իսկ
հիմնականում ստորև հատորներում.


       

                   Ալեքսանդր Վարպետյան                                  Մարսել, 16.11.2018թ.