ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
                               ԷՈՒԹՅՈՒՆ-ԷԻԶՄ                                                                          
 
ՇԵՔՍՊԻՐԸ ԵՎ ԷԻԶՄԸ
(Շեքսպիրի ծննդյան 450-ամյակի առթիվ )

   
          Cogito, ergo sum.
(լատ.«Մտածում եմ,
ուրեմն՝ կամ», Ռ.Դեկարտ):
Կենդանիները չեն մտածում, ուրեմն՝ չկա՞ն...
Կապիկն էլ բանանն ուտում է առանց հաշվելու,
ուրեմն թվեր ու թվաբանություն չկա՞ն...

  
Շարունակում ենք դիտարկել տարբեր արվեստագետների թե մեծ մտածողների մոտ էության առկայծումներն ու ակնարկները: Մեծամասամբ դրանք որպես այդպիսինը չեն գիտակցվել, պարզապես վերացարկվել են իրականությունից, ինչպես մաթեմատիկան կամ ֆիզիկական օրենքները համատիեզերական օրինաչափություններից: Այդպես էլ մարդկությունը առանց անդրադառնալու հազարամյակներով ապրել է ամենայնում առկա գրավիտացիայի պայմաններում, սպասելով, որ ոմն Նյուտոնը երբևէ այն կձևակերպի:  
   Նույնը նաև էիզմի պարագայում, որի դրսևորումներն ու դրույթները նույնպես կանխազգացվել կամ կռահվել են հնագույն ժամանակներից և շատ հաճախ ստացել ճշմարտամոտ ձևակերպումներ, ինչպես հուն. eidos-նախագաղափարը, Ի.Կանտի «ինքնին իրը», Սպինոզայի causa sui-ինքնապատճառը կամ հենց հայկ. Է-Էությունը, թեև դեռևս առանց տիեզերաբանական հիմնավորման:   
  
Տվյալ պարագաներում մենք չենք փնտրում փաստարկել էիզմի ճշմարտացիությունը, այլև ընթացիկ օրինակներով առավել մատչելի դարձնել էության էությունն ու տարբերակային հոլովումները: Առավել ևս, որ դրանք ավելի հաճախ նկատվել ու արտահայտվել են հանճարների աշխարհընկալումներում, ինչին նրանք առավել հասու են:
     Նրանցից մեկը անշուշտ Շեքսպիրն է: Եվ ահա.
  «Իմ աչքերը և սիրտը ինչպես անհաշտ ախոյան
Իրարու դեմ մահացու մարտ են մղում անդադար,
Աչքերս կուզեն տիրանալ քո պատկերին աննման,
Սիրտս սակայն մերժում է այդ հայցումը անարդար:

Սիրտս վստահ պնդում է, որ իր մեջ ես դու ապրում
(Ուր բյուրեղյա աչքերը երբևէ չեն թափանցել),
Բայց աչքերս այդ ժպիրհ հավակնոտին ետ մղում
Եվ ասում են, որ դեմքդ իրենց մեջ են պատկերվել:

Որպեսզի այդ սուր վեճին լուծում  տրվի վերջնական,
Իմ երդվյալ խոհերը դատական նիստ բացեցին,
Եվ անաչառ ու արդար դատավճռի համաձայն
Վիճողների բաժինը նրանք այսպես վճռեցին:

Աչքերին լոկ գեղանի քո պատկերը արտաքին,
Իսկ սրտին էլ՝ քո սրտի գորովանքը թանկագին»:
                                      
 (Շեքսպիր,«Սոնատներ», սոնատ 46)

   Խոսքը այստեղ բացահայտորեն երևույթ (աչք, պատկեր, տեսողություն) և էության հարաբերակցության մասին է, ինչպես մարմնի և հոգու պարագայում: Այն տարբերությամբ, որ տվյալ դեպքում սիրելին ներկայացվում է որպես անտեսանելի զգացմունք ( բայց դեռ ոչ որպես միտք-գաղափար, առավել ևս՝ ոգի ): Մոտավորպես ինչպես շաքարի ու քաղցրության պարագայում:                                                                                                
    Բայց ահա հետևյալ սոնատում արդեն որպես էություն արծարծվում է բանաստեղծական  ինֆորմացիան, նյութ-էներգիա-ինֆորմացիա  սանդղակի երրորդ աստիճանում ( չորրորդում՝ բուն էությունը կամ էությունների համակարգը )
  «Արքաների հոյակերտ դամբանները մարմարյա
Իմ այս հզոր երգերից ավելի շատ չեն ապրի,
Քո պատկերը նրանց մեջ ավելի վառ կշողա,
Քան դարերի փոշու մեջ՝  շիրիմքարը գրերի:

Երբ հիմն ի վեր ավերվի տքնությունը քարտաշի,
Եվ մարտերը վար բերեն արձանները վեհապանծ,
Ո՛չ սրավազ կրակներն, ո՛չ էլ սուրը Արեսի
Չեն ջնջի քո անունը՝ հուշերի մեջ հար մեխված:

Մոռացության ու մահվան քմայքներին հակառակ,
Քո գովեստը կհնչի սերունդների ականջին,
Քանի նրանք կմաշեն այս աշխարհը բովանդակ,
Մինչև դատը գերագույն նրանց ցեղը երբ ջնջի:

Շեփորները մինչ հնչեն, դու կապրես իմ երգերում,
Եվ սիրահար զույգերի սիրազեղուն աչքերում»:
                                   (Շեքսպիր, «Սոնատներ»,սոնատ 55)
  
   Այս սոնատում հայտնվում է նաև ժամանակի գործոնը, ինչպես Պողոս առաքյալի թղթերում.
« ...Տեսանելիները ժամանակաւոր են` անտեսանելիները` յաւիտենական»
(երևույթները և էությունները: Ծ.Մ.: Բ Կորնթ. Դ, 16-18: «Հակադրութիւն տեսանելիի եւ անտեսանելիի»):  Ուշագրավ է նաև, որ ըստ Շեքսպիրի «սիրահար զույգերի սիրազեղուն աչքերում» ապրելու է ոչ թե սիրեցյալի անմիջական-երևութական պատկերը, որ սոնատում էլ չկա՝ այլ հեղինակի սրտում «սիրո գորովանքը» և գեղեցկությունը ընդհանրապես, այլ խոսքով՝ սիրեցյալի էությունը, երբ չեն լինի ո՛չ սիրեցյալը և ո՛չ էլ հեղինակը... Այնպես, ինչպես անհայտ են բուն Շեքսպիրի դիմագծերը, ինքնությունն ու ինչությունը, սակայն նրա գործերը անմահ են, դրանց մեջ նաև ինքը:
   Հավերժությունը այլ կերպ չի կարող լինել: Հավերժում է ոչ թե նյութ-մարմին-կավը՝ այլ հոգի-էությունը,
   և ընդհանրապես էությունները, որպես այլորակ մոնադներ (ըստ Պլոտինի, Լայբնիցի և այլոց)...

   
Ինչ վերաբերում է Ռ. Դեկարտի արտաքնապես իմաստակություն թվացյալ «Մտածում եմ , ուրեմն՝  կամ» ասույթին (այն եգիպ. «Տեսնում եմ, ուրեմն՝ կամ 1» ասույթի փոխակերպումն է...), ապա ըստ էության Դեկարտը բուն գոյությունը վերագրում է ներաշխարհ-հոգի-բանականությանը, այսինքն՝ ինֆորմացիոն էությանը: Նման այլ մեկ այլաբանություն է Օսկար Ուայլդի.  
     «Միայն պարզամիտներն են, որ չեն դատում երևույթներով» ասույթը:    
     Ըստ դիալեկտիկական մատերիալիզմի, էությունը բացահայտվում է  զգայական փորձի գիտակցական բացատրությամբ ( իմա՝ երևույթների միջոցով: «Էություն», Երևան 1995թ., էջ 554 ): Ըստ Հեգելի և այլոց, բնությունը և՛ երևույթ է և՛ էություն: Այսուհանդերձ դրանք նույնական չեն: «...Հակառակ դեպքում ամեն մի գիտություն անիմաստ կլիներ» (Կ. Մարքս ):

  Գեղանկարչության մեջ էությունների հետևողական որոնումները սիմվոլիզմից սկսյալ անցան իմպրեսիոնիզմ 2, կուբիզմ, աբստրակցիոնիզմ մինչև սյուռեալիզմ (գերիրականություն): Այդ հենց նյութ-էներգիա-ինֆորմացիա-էություն սանդղակի էվոլյուցիոն գործընթացն է «կոնվեկցիոն շրջանառության» սկզբունքով: Նույնն է նաև հենց էիզմի պարագան, սկսելով Էա-Հայա ծովատծո դիցահամակարգից, անցնելով վերոնշյալ ձևակերպումները անտիկ ( հուն. eidos-նախագաղափարներ), ապա դասական փիլիսոփայություն (Սպինոզա causa sui -ինքնապատճառ, Ի. Կանտ «ինքնին իր» և այլք), մինչև 20-րդ դարում գերմ. Է. Հուսեռլի էյդետիկան
3 և ի վերջո Էություն-էիզմը: Եվ այս ամենը ակունք ունենալով Հայկ. Լեռնաշխարհը (Նկ.1) և երդվյալ քրիստոնյա Եզնիկ  Կողբացու վկայությունը.

  «Եվ որ մի էությունը  մշտնջենական է ու բոլորի գոյացման պատճառը, դա հաստատում են նաև բազմաստվածության պաշտամունքներ հորինողները, պատճառաբանելով այսպես.-Մենք (ասում են նրանք), քանի որ անկարող ենք մոտենալու բոլորի պատճառին` Է-ին, գոյին, մշտնջենականին ու անմատչելիին, այդ պատճառով ուրիշ ավելի ցածր բաների միջոցով ենք նրան պաշտամունք մատուցում» (Եզնիկ Կողբացի «Եղծ աղանդոց», էջ 36 ):
   Եվ այս Սիպինոզայի causa sui -ինքնապատճառից մոտ 1500 տարի առաջ, իսկ ըստ էության՝ հազարամյակներ (Մեծամոր):

                                           
    Նկ.1: Մեծամոր: Աստղադիտական Փոքր Բլարկի տակ եռանդամ ժայռագիրը:
Կենտրոնում 
երկինք-եռանկյունի-տիեզերալեռն է (շում.-աքքադ. զուգահեռը՝  Անու), աջից` «չորս քամիների վարդյակը» (շում.-աքքադ. Էնլիլ), ձախից` «Է» գաղափարագիրը (շում.-աքքադ. Էա-Հայա: Ք.ա. 3-րդ հզ): 
 
--------------------------------------------------------------------------------------------------------------
    
  Այսպես,  որոշ դիտողականությամբ և ընդհանրացման ու վերացարկման ունակությամբ քիչ թե շատ օժտված յուրաքանչյուր անհատ կարող է համամարդկային մշակույթում էիզմի նախադրյալներ, տարբերակներ թե ակնարկներ ու առկայծումներ որսալ, իսկ այդ ամենը ընդհանրացնելով կռահել նաև էվոլյուցիոն վեկտորն ու ապագայի տեսլականը: Իսկ թե այդ ի՞նչ կտա մարդկությանը, թողնում ենք կռահել, անդրադառնալով ու համեմատելով թե ի՞նչ է տվել նրան ցայսօր Բանական մարդու հոգևոր վերաճը: Ըստ Նիցշեի նրան հաջորդելու է ապագա գերմարդը, ըստ այլոց՝ տիեզերամարդը կամ աստվածամարդը: Եվ այս է.   

   «Ե՛վ ճանապարհը,  և՛ ճշմարտությունը 4, և՛ կյանքը»:      
    Ավելին՝ լինելության նպատակը 5 և «Աստծո ծրագիրը»...

   1 Մեր ինֆորմացիաների 90% մենք ստանում ենք տեսողությամբ: Ըստ այդմ անցյալում աչքը համարվել է իմացության ակունքը և իմաստության խորհրդանիշը, եգիպտ. Ուջատ -աչքից մինչ մասոնական աչքը տիեզերական եռանկյունու մեջ կամ տիեզերալեռան գագաթին: Այստեղից էլ «աչք»- ակ ու ակնունք դիցաիմաստաբանական պատկերացում մի շարք մշակույթներում: Օրինակ  արաբ. ՛ayin , եբր. ՛ain- ակ ու ակունք, հայ. զուգահեռը այն-առու, հայ>հայարան-աչք, հայել-նայել, հայացք ևն:  

 
2 Իմպրեսիոնիզմ  - ֆրանս. impression-տպավորություն եզրից: «Անմիջական  տպավորությունների, լույսի խաղերի հարստության արտացոլումը իմպրեսոնիզմում ծառայում է երևույթների էությունների մեջ թափանցելու, կյանքի ընթացքը, շարժման ներքին ուժերը բացահայտելու նպատակին» ( Հայկ. Սովետական Հանրագիտարան», հատ. 4, էջ 329 ):

 
3 Սկսելով  ֆենոմենոլոգիայից ( երևութաբանություն, հուն. phainómenon-երևույթ ) Է. Հուսեռլը ի վերջո հանգեց էյդետիկային, իմա՝ «էյդետիկ ռեդուկցիայի» միջոցով (զեղչում կամ արտաբերում )  «մաքուր էությունների» տեսությանը...

 
  4
Տե՛ս «Ճշմարտություն» էսսեն.  http://www.eutyun.org/S/E/Verite/V_090224_Verite.htm :
 
  5
Նպատակ ( հիշեցում ) -կիբեռնետիկական առումով, ամեն մի ինքնակարգավորվող համակարգի որևէ ալգորիթմով (գործողության նախնական տվյալներ) տրված վիճակ, որը փոփոխվող պայմաններում ստանում, պահպահում է այդ համակարգը: Նպատակահարմարություն- բնական կամ արհեստական համակարգի այնպիսի կառուցվածք և նրանում տեղի ունեցող պրոցեսների այնպիսի ուղղվածություն, որոնք ապահովում են համակարգի որոշակի վերջնական վիճակը:
                                                                             
       
Ալեքսանդր Արորդի Վարպետյան                                                 Մարսել, 23 ապրիլ 2014թ.

                                                                                      ¡  ¡  ¡