Սկզբնաէջ      
    ԷՈՒԹՅՈՒՆ-ԷԻԶՄ                                         YouTube Էություն  
 

 

                                                     ԷԻԶՄԸ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ                        
                                 
  Կա՛ հոգեբանություն, որը չգիտե ի՞նչ է հոգին:
Կա՛  կենսաբանություն, որը չգիտե ի՞նչ է կյանքը,
Եվ կա՛ն գիտություններ, որոնք չգիտեն ի՞նչ են էությունները...
         
     1990 թ., ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի հիմնադրման առիթով հանդիպեցինք ՀՀ ԳԱԱ փոխպրեզիդենտ փիլիսոփա-ակադեմիկոս Գ. Բրուտյանին: Էության փոխարեն նա առաջարկեց միանալ իրենց Փիլիսոփայական միությանը: Մեր պարագայում պնդեցինք իմաստության բնույթի վրա: «Ի՞նչ տարբերություն» տարօրինակ նրա հարցը ապշեցուցիչ էր: Ակամա արձագանքեցինք. «Այնքան՝ որքան ֆուտբոլիստի և ֆուտբոլասերի միջև»*...

      2000 թ. լուսահոգի Սարո Կալենցի հետ, «Ծննդոց-ԱՅԱ» մենագրության շնորհանդեսի և համատեղ ԷՈՒԹՅԱՆ տասնամյա հոբելյանի կապակցությամբ ակադեմիայի մեծ դահլիճի հայցով ԳԱԱ այլ մեկ փոխպրեզիդենտ մաթեմատիկոս-ակադեմիկոս Յ. Շուքուրյանի մոտ էինք: Լուրջ և լայնախոհ այդ պատկառելի անձը հետաքրքրվեց Էություն-էիզմ ուսմունքով, քանզի այդպիսի ուսմունք, իմա՝ էությունների ուսմունք, պաշտոնապես չկար: Ջանացինք հնարավորինս հակիրճ տալ դրա մեկնաբանությունը: Չգիտենք որքանո՞վ այդ մեզ հաջողվեց, սակայն փոխադարձաբար հարգալից բաժանվեցինք, վերստին մնալով զարմացած: Զի, ըստ շատ ոմանց տիեզերքի հիմքում ընկած է հենց մաթեմատիկան, ինչպես ժամանակին ըստ այլոց՝ երկրաչափությունը: Որտեղից մասոնության մեջ Աստծո G-Geometer/Երկրաչափ բնորոշումը: Ինչպե՞ս կարող էր շատ հարգարժան մեր մաթեմատիկոս-ակադեմիկոսը այդ չիմանալ: Եվ այդ, երբ անգամ ըստ Կ. Մարքսի. «Բոլոր գիտությունները ծառայում են էությունների բացահայտմանը» ( «Էություն», Երևան 1995, էջ 554 ), իսկ բոլոր օրենքներն ու օրինաչափությունները երևույթների տակ ընկած էություններ են («Փիլիսոփայական բառարան», Երևան 1975, հոդված «Օրենք»): Մինչդեռ, անգամ Ա.Էյնշտեյնն էր հաճելիորեն զարմանում, թե այդ ինչպե՞ս են մաթեմատիկական հաշվարկներն ու բանաձևումները համապատասխանում բնական երևույթներին ( ավելին՝  OPUS MAGNUM մեր առայժմ անտիպ հատորում. «Էիզմը և մաթեմատիկան» տրակտատով):

   Ահա մեկ տարօրինակ հանգամանք, որն արդեն մի քանի տասնամյակ է մտատանջում է մեզ: Զի, Էությունը մեզ շատ պարզ էր թվում: Ուստի, անմատչելի թվացյալ դեպքում կարող է լինել քիչ թե շատ համոզիչ մեկ պատասխան. առանձին գիտություններն ու մասնագիտությունները՝ որքան էլ զարգանան ու խորանան, դեռ փիլիսոփայություն չեն, ըստ մեր մեկ նորամուծության՝  ո՞ւր մնաց ամբողջագիտություն ( այդպիսի եզր ցայսօր գոյություն չուներ, երբ կար մասն-ա-գիտություն, այսինքն «մասնակի գիտություն» հասկացությունը: Այժմ այլք այդ ևս մտել է շրջանառություն, փոխառել ու կրկնում են...):  
  
Հենց այդ էլ մեզ մղեց էություն-էիզմի մշակմանը, ինչն էլ շեշտեցինք «Էություն» հատորի հենց «Ելակետ» բնաբանում, «մասն ամբողջի, ամբողջը՝ մասի» հոլոգրաֆիկ սկզբունքով ( Երևան 1995): Ի վերջո էությունները երևակելու համար անհրաժեշտ են ընդհանրացումներ ու վերացարկումներ: Այլ մեկ առումով, եթե փիլիսոփայությունը համարվում է գիտությունների գիտություն, ապա իմաստությունը կամ էաբանությունը, որպես սկզբնապատճառի գիտանք հարկ է համարել փիլիսոփայությունների փիլիսոփայություն: Այսինքն՝  փիլիսոփայությունների ևս մեկ աստիճան ընդհանրացում ու վերացարկում, ինչպես սովորական օղուց մեկ քանի անգամ թորումները մինչև 99° աստիճան, որից հետո սպիրտը եթերվում է ջրի գոլորշացման պես: Կամ այնպես՝ ինչպես դպրոցում մեզ տրվում էր գրական ծավալուն մի գործի վերաբերյալ 1-2 էջանոց շարադրություն գրել, գործի բուն էությունը կամ բովանդակությունը սեղմ բացահայտելու համար:

   Այսինքն այն, ինչը 20-րդ դարի գերմ. փիլիսոփա Է. Հուսեռլը միտում էր երևույթներից «էյդետիկ ռեդուկցիայի», իմա՝ երևույթների զեղչման միջոցով «մաքուր էություններ» դուրս բերել: Այլ խոսքով՝ մշակել էյդետիկա-զուտ էությունների գիտություն ( հուն. eydos-նախագաղափար կամ էություն): Այդ նրա մոտ չստացվեց, զի նախնական ու հավերժական էյդոս-էություններից ամենայնի առաջացումը, իմա՝ «Ի սկզբանէ էր Բանը» ( հուն. լոգոսը, հայ. Էությունը...), նրա կողմից անտեսվեց: Նույնը և հիմա, ըստ մատերիալիզմի ի սկզբանե էր սոսկ «մատերիան և շարժումը», առանց պատկերացնելու թե դրանք որտեղի՞ց և ինչպե՞ս են առաջացել: Մինչդեռ, ըստ արդի տիեզերագիտության. կատարելապես աննյութական, 10 -33 սմ չափի Եզակիության վիճակից, ինչն էլ մենք բնորոշել ենք որպես գերԷություն:

   Մեկ խոսքով, սկզբնավորվելով ամենայնի ամենապարզագույն պատկերացումներից, անցնելով դիցաբանական, տիեզերաբանական, կրոնափիլիսոփայական, զուտ գիտական համակարգերը, էիզմը մնում է միակ ամբողջական համակարգը, ներառնելով տիեզերական իրականության ֆիզիկական, կենսաբանական և հոգևոր ասպարեզները**, ըստ այդմ մնալով ամբողջովին գիտական: Եվ այդ  ի հակառակ կից բերված ասույթի հոգու, կյանքի և ընդհանրապես տարաբնույթ էությունների վերաբերյալ:
   Այսինքն, մասնակին ամբողջի մեջ դիտարկմամբ էիզմը գիտություններից առաջ է ընկել, ակնկալելով պարբերական ևս մեկ իմացաբանական ամբողջացում ՝  ցույց տալով նաև թե որքա՞ն զարգանալու տեղ ունեն դասական գիտությունները, ինչպես նաև նոր գիտաճյուղերի վաղ թե ուշ ձևավորումները ( OPUS MAGNUM հատորում կան նման առաջարկություններ մի քանի գիտաճյուղերի համար... ): Այդու էլ մնում է թերհասկացված, քանի դրա հետ անգամ մեծ էրուդիտները արմատապես չեն ծանոթացել կամ էիզմը պաշտոնապես չի ճանաչվել: Ո՞ւր մնաց գրոց-բրոց մտավորականներն ու դեռ խառնամբոխը: Մնում է միայն պատկերացնել նման ամբողջագիտական համակարգի անհրաժեշտությունը կրթական համակարգերում և ընդհանրապես լայն աշխարհայացքում: Եվ այդ մասնավորապես հենց գիտությունների համար: Այնպես՝  ինչպես երբեմն պոեզիան է գիտական թե փիլիսոփայական գաղափարներ սնում և ընդհակառակը:

    Դրանց ժամանակն էլ անխուսափելիորեն կգա, ինչպես պարբերաբար եղել է մարդկային իմացության ողջ զարգացման ընթացքում՝ մասնակիից ամբողջ և ամբողջից մասնակի սկզբունքով: Ակնկալիք OPUS MAGNUM հատորը կգա ոչ միայն համակարգելու իմացական այդ գործընթացը, այլև դրա ի՞նչը, ինչպե՞սը, որտե՞ղը և անգամ  այդ կռահումների էթնիկական պատկանելությունը: Սա այն է, ինչի համար տրվել էինք հայագիտության: Այսինքն, պարզելու համար համամարդկային մտքի սկզբնավորման, զարգացման և ապագագիտական հեռանկարները: 2000 թ. Գյոբեկլի թեփե հնավայրի հնագիտական բացահայտումները եկան հաստատելու մեր հետազոտական և տրամաբանական կռահումների ճշմարտացիությունը: Իսկ մինչ այդ, մինչև էութենական իրականության վերաճը մարդկությունը կարող է քջջել հոգեբանությունը առանց գիտենալու թե ի՞նչ է հոգին, կենսաբանությունը՝  թե ի՞նչ է կյանքը
***, մարդաբանությունը՝ առանց հարցնելու թե ինչացո՞ւ է մարդը և ո՞րն է նրա ապագան, անվերջ կրկնելով «Ո՞վ ենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում»: Այդքանի հետ շարունակել ջղաձգվել ինֆորմացիոն հեղեղում և աճպարարություններում, մնալով իրադարձությունների և ճակատագրի գերին:
     Այնպես՝  ինչպես հեռավոր անցյալում նախամարդը:
    Այնինչ էիզմը յուրացրած կամ գոնե քիչ թե ծանոթ անհատները և շրջանակները կշարունակեն իրենց էվոլյուցիոն ու առավել  լիարժեք լինելիությունը, արդեն թեևակոխելով էութենական ու ոգեղեն իրականություն:
      Այսու, մեզ քիչ թե շատ արդեն պարզ է, թե ինչո՞ւ էիզմը այդքան հեշտ չի ընկալվում, ինչն ակնկալում է գլխուղեղի նոր մի «վերակաբելավորում», ինչպես ցայսօր պարբերաբար կատարվել է գիտական թե տիեզերաբանական նոր բացահայտումների հետ: Այն էլ միշտ «կոնվեկցիոն շրջանառության» կամ հավերժ վերադարձների սկզբունքով: Երբեմն այդ լինում է ի բնե, երբեմն բնության հետ ներդաշնակ անձանց պարագայում, երբեմն էլ ժառանգական, բայց նաև կրթությամբ:
     Բոլոր դեպքերում էվոլյուցիան տանում է այդ ուղղությամբ:

 
 
 * Արիստոտելին է վերագրվում philosophy-իմաստասիրություն բնորոշումը, զի իմաստությունը իբր        մահկանացուներին հասու չէ: Թեև ըստ հենց նրա. «Եվ քանզի իմաստությունը բնորոշվել է որպես     սկզբնապատճառի և ճանաչման առավել արժանի գիտանք, ուրեմն իմաստությունը հարկ է ընդունել որպես     ԷՈՒԹՅԱՆ գիտություն» (Արիստոտել, «Մետաֆիզիկա», Գիրք 3, գլուխ 2): 

** Անդրադառնանք, որ ժամանակակից տիեզերագիտությունը արդեն  բիոլոգիական հետքեր է որոնում տիեզերքում: Բայց առայժմ ոչ հոգևոր, երբ գոնե մենք՝ երկրայիններս արդեն կանք ու ստեղծել ենք արհեստական բանականություն և հոգևոր աշխարհ: Իսկ համատիեզերական բանականությունը ենթադրվում է, թեկուզ ֆիզիկական օրինաչափություններով կամ տիեզերքի մաթեմատիկական հիմքով: Իսկ եթե կան այլամոլորակայիններ, ինչը բնավ չի բացառվում, ուրեմն պետք է անպատճառ լինի նաև հոգևոր գոյացություն, ինչպիսինը օրինակ ինֆորմացիաները: Այսուհանդերձ, արդեն իսկ ձևավորվել ու ձևավորվում են հոգևոր և անգամ բնազանցական երևույթները քննախուզող նոր գիտաճյուղեր, ինչպես օրինակ պսիխոֆիզիկան և այլք ( «Էություն» հատոր, Ա.Վ., Երևան 1995, գլուխ «Բնազանց աշխարհ» ): 

*** Ըստ ֆրան. փիլիսոփա և Նոբելյան մրցանակի դափնեկիր Անրի Բերգսոնի, կյանքը աշխարհի էությունն է... Նման մասնակի կռահումները միշտ էլ ուղեկցել են համամարդկային միտքը, ինչպես հենց էություն և երևույթ հասկացությունները, ըստ Արիստոտելի՝ կատեգորիաները:
 
 
 
               Ալեքսանդր Վարպետյան
    Մարսել, 03 մարտի, 2020թ.