Սկզբնաէջ |
ԷՈՒԹՅՈՒՆ-ԷԻԶՄ 19.01. 2024 թ. |
ԷՈՒԹԵՆԱԿԱՆ ՆՇՄԱՐՆԵՐ |
- Ըստ Սոկրատեսի. «բարոյականությունը գիտություն է»: Վկա՝ բարոյագիտությունը: - Ըստ էիզմի Ճշմարտությունը՝ Էություն: ( http://www.eutyun.org/S/E/Verite/V_090224_Verite.htm ): - Ըստ նեյրոբիոլոգիայի, ստախոսությունը պահանջում է առավել հոգէներգետիկ ծախս, քան՝ ճշմարտությունը: Զի, կատարվում է միաժամանակ երկու գործառույթ: Ստախոսը նախ մտաբերում է ճշմարտությունը, ապա ասում հակառակը կամ մոգոնում նման ու իբր համոզիչ մի բան, միշտ հետևելով ակամա ճշմարտությունը մատնելուց: Ստի դեդեկտորները գործում են այդ սկզբունքով ( «Լավ ստախոսը պետք է գոնե քիչ թե շատ ճշմարտությունն իմանա» ): - Ըստ օպտիկական հետազոտությունների, շեղ թե բեկված գծերը կամ խորդուբորդ մակերեսները ավելի դժվար են ընկալվում, քան շիտակ թե պլաստիկ շրջագծերը և հարթ մակերեսները: Զի, վերջին պարագաներում ընդամենը մի քանի հիմնակետերով գլխուղեղում կառուցվում է պատկերը, ըստ ենթագիտակցորեն երկրաչափական օրինաչափությունների: Մինչդեռ հակառակ դեպքում անհրաժեշտ են լրացուցիչ կետերի գրանցում (ուղիղ գծի դեպքում՝ ծայրային 2 կետերը, բեկված գծի դեպքում՝ նվազագույնը 3, իմա՝ + բեկման կետը, շրջանագծի դեպքում՝ կենտրոն և շառավիղ: Այդպես նաև հարթ թե խորդուբորդ մակերեսների պարագաներում): -Նույնը համաչափությունների և ներդաշնակությունների պարագաներում, ինչպես Լ.Ֆիբոնեչչիի ամբողջ թվերի շարքի ( յուրաքանչյուր թիվ հավասար է նախորդ 2 թվերի գումարին) և գեղագիտության մեջ Ոսկե հատման հարաբերակցություններում (3-5-8 ): Թվային այդ հարաբերակցությունը համատարած է բնության մեջ, սկսյալ ծաղկաթերթիկների քանակից մինչև Հավանականությունների տեսություն: -Հայտնի է նաև, որ իմաստությունը տարբերվում է սոսկ իմացությունից իր պարզությամբ և ոգեղինությամբ: Այնպես, ինչպես անաղարտ հոգիներն են ջինջ հայելիների պես արտացոլում բուն իրականությունը: Մինչդեռ, փոշոտ և ծուռումուռ հայելիները աղճատում են ամենայն: - Իսկ ըստ Rutgers համալսարանի հետազոտությունների (Նյու Ջերսի), հավատարմությունը բարենպաստ է առողջության համար: Հավատարիմ այրերը սրտանոթային ավելի պակաս խնդիրներ ունեն և ավելի երկարակյաց են, քան՝ դավաճանները: Այդու էլ ավելի երջանիկ են: ( http://www.gqmagazine.fr/sexe/news/articles/voici-ce-qui-nous-pousse-a-etre-fidele-dans-une-raltion/43929 ): -Մինչդեռ, կենսաբանական, էլեկտրոնիկ թե այլ չարաբնույթ վիրուսների հետևանքները և մաքրություն-անաղարտության անհրաժեշտությունն ու բարեբերությունը եղել է բարոյահոգեբանական գործոն ամենայնում և մասնավորպես հավատամքներում: Այստեղից էլ հավատն ու մաքրությունը որպես զորություն համոզմունքը (տե՛ս. «Բհիշմայի բարդույթ» էսսեն. http://www.eutyun.org/S/E/G-Inchutyun/BhishmayiBarduyt.htm ): Այս բոլորը մենք գիտեինք մեր կենսափորձից, պոեզիայից և գրականությունից: Պարզվում է, որ դրանք ունեն տիեզերաբանական հիմք, ինչպես էութենական սերը, ոգեղինությունն ու ամենայն, և էվոլյուցիոն «վեկտորը»: Այդ ևս կռահվել և արտահայտվել է դիցաբանորեն և արձագանքում է ստուգաբանորեն 1: Ահա թե ինչո՞ւ մենք բնազդաբար թե էվոլյուցիոն իներցիայի բերումով հակվում ենք հոգևոր բարձրագույն արժեքներին, վեհության, մաքրության, ոգեղինության և սուբլիմացիայի 2: Այլ մեկ տարբերակով, այդ նյութական մարմնից հոգու տարանջատումն ու հավերժացումն է: Լինելության և կյանքի բուն իմաստը, որպես «ճանապարհ»... Նույնը գեղեցկության, ստեղծագործության, արդարության, մաթեմատիկայի, կիբեռնետիկայի և լինելության բոլոր դրսևորումների վերաբերյալ: Այն, ինչը «Էություն» հատորում ներկայացված է որպես «Արարածա-տիեզերական «բառարան» ( էջ 522-550, http://www.eutyun.org/S/E/G-Eutyun/06-05.htm ): Այսքանը որպես էիզմի նշմարներ, որպես ուսմունքի հիմնադրույթ - կենսափորձից վերցրած թե կռահված մեր աշխարհայացքի տիեզերական օրինաչափությունների բացահայտում: Ըստ այդմ՝ նաև այլերի կռահում սոսկ կենսափորձի փոխարեն կամ ի լրացում դրան: Այն, ինչ էաբանության հիմքերի հիմքն է և խիստ տարբեր դասական փիլիսոփայությունից: Այսու, էիզմը որպես այլ աշխարհայցք, ակնկալում է մարդկային էության առավել երևակում և ինքնաճանաչում, ունակությունների հավելում, բարոյականության և հոգևոր արժեքների գերակայում, և «Բանականությունն է բնորոշում կեցությունը» սկզբունքով, այլ մի կեցություն ( ի տարբերություն էնգելսյան «Կեցությունն է բնորոշում բանականությունը» սահմանման 3 ): Եվ բնականաբար նոր մարդու կամ գերմարդու երևակում, համընդհանուր էացման ճանապարհին: Այսքան ու շատ ավելի խորություններ և խորհուրդ ունի մեր առեղծվածային Է-ԷՈՒԹՅՈՒՆԸ, ունակ փոխելու ողջ մի ճակատագիր...
|