ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
                               ԷՈՒԹՅՈՒՆ-ԷԻԶՄ                                                                          
 

Զ. ՖՐՈՅԴԸ ԵՎ ԷԻԶՄԸ
( տե՛ս նաև «Ինֆորմացիա» ակնարկը. http://www.eutyun.org/S/E/GN/Informacia.htm )

   
  Եթե ձեզ հասկանում են բոլորը,
ապա հասկանալու առանձնապես բան չկար:
Եթե գնահատում են բոլորը՝ ապա գնահատելի:
Իսկ եթե ջղաձգվում են, բանսարկում ու քարկոծում՝
ուրեմն գերազանցել եք ինքներդ ձեզ
և
                                   հանուր մտահորիզոնը...
 
 
                                                                            
       Ընդունված է, որ բոլոր բացահայտումներն անցնում են ճանաչողության երեք աստիճաններ.
      «Չի կարող պատահել-խելքին մոտ է-իսկ այդ ո՞վ չգիտեր»:       
      Ընդ որում, գիտությունը իմաստություն չէ, ոչ անգամ փիլիսոփայություն, այլ լոկ իմացություն: Իմաստություն դառնալու համար այն պահանջում  է ընդհանրացման ու վերացարկման ունակություն, մասամբ  ինչպես «գիտությունների գիտություն փիլիսոփայությունը», որը նույնպես իմաստություն չէ, այլ սոսկ իմաստասիրություն: Դրանք գտնվում են նույն հարաբերակցության մեջ՝  ինչ ֆուտբոլիստն ու ֆուտբոլասերը: Այնինչ, էաբանությունը «փիլիսոփայությունների փիլիսոփայությունն» է, հակվելով դեպի վերին իմաստություն...
   Զի. «Լեռը մանրադիտակում չի երևում, էությունները՝  փորձանոթներում»: Առավել ևս, որ.
   «Տեսանելիները ժամանակաւոր են` անտեսանելիները` յաւիտենական» ( իմա՝ երևույթները և էությունները: Ծ.Մ.: Պողոս առաքեալ: Բ Կորնթ. Դ, 16-18: «Հակադրութիւն տեսանելիի եւ անտեսանելիի»):
 

    Արդի իրականության մեջ մասնավորապես այս է Էության գաղափարների պարագան (մասնավորաապես հայոց արիական և 12000-ամյա ծագումնաբանության տեսությունների, և մասամբ այլ հիմնադրույթների ): Դրանց մեջ ամենադժվարամատչելին հենց Էություն-էիզմն ուսմունքն է: Ուստի, տարբեր առիթներով ջանում ենք զուգահեռներ բերել համամարդկային մտքի ամենատարբեր առկայծումներից և արծարծումներից: Զի, բացի էիզմի ընթացիկ լուսաբանման, դրանցից յուրաքանչյուրը, ինչպես թնջուկի որևէ հանգույց, ունակ է քանդել խճճված ողջ թելակծիկը: Այսպես էլ ոչինչ միանգամից չի ստեղծվում և չի բացահայտվում: Դրանց նախորդում են մասնակի կամ մակերեսային նախադրյալներ ու հանգուցային կռահումներ, որոնք գաղափարների «կոնվեկցիոն շրջանառության» մեջ խմորվելով վերաճում են, պարբերաբար համադրվում, ամբողջանում, համակարգվում և դառնում են հասուն տեսություններ և ուսմունքներ, անցնելով ճանաչողության վերոնշյալ երեք փուլերը: Այդ է նաև էիզմի պարագան:
   
 Նախորդ նման բազում հանգույցների մեջ ահա ևս մեկ ընթացիկ օրինակ: Ըստ Զ. Ֆրոյդի.
    «Առաջին մարդը, ով քարի փոխարեն հայհոյանք նետեց՝ քաղաքակրթության հիմնադիրն էր»:

     Ի՞նչ կապ էիզմի հետ: Ուղղակի՛, թեև այդ անգամ Ֆրոյդի մտքով չէր կարող անցնել:     
     Եվ ահա թե ինչո՞ւ:      
     Բազմիցս նշել ենք, որ ըստ Էություն-էիզմ ուսմունքի մարդկային ներաշխարհը ստորակարգվում է  զգայական-բանական-ոգեկան  ոլորտների ( և ոչ թե ըստ գլխուղեղի աջ ու ձախ կիսագնդերի՝ սոսկ զգայական ու բանական...): Կեցության մեջ դրանց համապատասխանում են արվեստները, գիտությունները և հավատամքները, տիեզերաբանության մեջ՝  նյութ-էներգիա-ինֆորմացիա «մատրյոշկան», բնության մեջ՝
 սոխագլխի կամ ֆիզիկական չափությունների պես միմյանց մեջ ներամփոփոված ֆիզիոսֆերան-բիոսֆերան-նոոսֆերան (մտոլորտ կամ պսիխոսֆերա-հոգեոլորտ, ըստ էիզմի՝ ներոլորտ ), իսկ էվոլյուցիոն սանդղակում՝ նյութա-երևութական, բանա-գաղափարական և ոգե-գաղափարական իրականությունները: Նյութա-երևութական  իրականությունը մատչելի է անգամ կենդանիներին, բանա-գաղափարական  իրականությունը` միայն Բանական մարդուն ( այն էլ միայն մանկության 2-3 տարեկանից սկսյալ... ), իսկ ոգե-էութենական  իրականությունը` միմիայն ներաշխարհային հասունության որոշակի աստիճանի հասած անհատներին 1:  

   1  Ըստ տարիքային հոգեբանության, զգայական տարիք են բնորոշվում մանկությունն ու պատանեկությունը, երիտասարդությունը մինչև ±40 տարեկան՝ բանական տարիք, ±40-ից հետո՝ ոգեկան: Հոգևոր հանճարները, ինչպես Բուդդան, Մահումեդը, Նիցշեի Զարադուստրան և այլք պայծառատեսության են հասել 40 տարեկան հասակում: Նույնը նաև արվեստի և գիտության բնագավառում: Կենդանաշրջանում ևս ոգեկան են բնորոշվում  3-րդ՝ Աղեղնավոր-Այծեղջույր-Ջրհոս-Ձուկ  ավարտական փուլը: Ուշագրավ է նաև, որ արդի նեյրոհոգեբանները հին արևելյան քաղաքակրթությունները բնորոշում են որպես մարդկության մանկական տարիք, արդի արևմտյան-պրագմատիկ քաղաքակրթությունը՝  երիտասարդական, իսկ այլք արդի Ջրհոս դարաշրջանը կանխատեսում են լինել ոգեկան: Բացի վերոնշյալ հանգամանքներից, դրա նախանշաններն են նաև արևմտյան քաղաքակրթություններում  ջղաձգվող  շրջանակների, ինչպես նաև գիտությունների հակումը դեպի արևելյան հին իմաստություններ...

   Ավելի մատչելի:
   Բարձրակարգ կապիկներին կարելի է մարզել և նրանք ըստ պտղատեսակների անվանման կարող են ձեռնել համապատասխան միրգը: Այսինքն, այստեղ նյութ-առարկան փոխարինվում է աննյութական-վիրտուալ ձայնային ազդանշաններով ( իմա՝  էլեկտրամագնիսկան ալիքներով ): Բայց բավական է ասել «միրգ», որպեսզի կենդանին շփոթվի: Զի, այդպիսի պտուղ գոյություն չունի: Այդ պտղատեսակների հավաքական անվանումն է, որի ընկալման համար անհրաժեշտ է ընդհանրացման ու վերացարկման առաջին աստիճանի ունակություն,  ինչպես օրինակ «տուն» անորոշ գոյականի պարագայում ( քերականորեն առանց տուն-ը որոշիչ հոդի ):    
    Այդ արդեն բանա-գաղափարական իրականության տարր է, որտեղ առարկաներին և երևույթներին փոխարինում են աննյութական ինֆորմացիաները, ինչն արդի զարգացած քաղաքակրթությունների հատկանիշն է: Մի իրականություն, որտեղ երբեմնի անմիջական ապրանքափոխանակությանը փոխարինելու եկան պայմանական մետաղադրամները, ապա թղթադրամներըը, այսօր՝ ոչ անգամ այդ, այլև միայն բանկահաշվարկային թվերը: Այդու, աշխարհի ամենամեծ «գործարանը» մկանների և մեքենաների փոխարեն դարձավ...գլխուղեղը: Ճիշտ՝ ինչպես ըստ Հովհաննու Ավետարանի. «Ի սկզբանէ էր Բանը ( իմա՝ Էությունը)... Ամենայն ինչ նրանով եղաւ...»:  Այդպես էլ, անգամ բարձրարգույն տեխնոլոգիաներն ու բարդագույն սարքերը, ասեղից մինչև երկնաքեր, նանոտեխնոլոգիաներից մինչև տիեզերական հրթիռներ նախ հղանում են այստեղ...

     Ինչ վերաբերում է ոգե-էութենական իրականությանը, ապա այն մեկ աստիճան վեր ու խրթին է, և բանա-գաղափարական իրականության հետ գտնվում է համարյա նույն հարաբերակցության մեջ՝ ինչ ինֆորմացիաներն ու էությունները 2: Սակայն, եթե արդեն գիտենք 1+1=2 բանաձևը, ապա նույն սկզբունքով դժվար չէ կռահել 2+1=3 իրողությունը: Այդպես.  
   «Ես կերա Էյֆելյան աշտարակը»: Քերականորեն կատարելապես կանոնավոր և գրագետ նախադասություն: Բայց, «non sense» բացականչեց ոմն ամերիկացի: Այսինքն՝ sense/essence-իմաստ չունի (բառացի՝ էություն): Այսինքն, գաղափար-հասկացությունը, ինչպես և՛ ինֆորմացիաները, հարկ է նաև իմաստ ունենան ( իմաստը, բովանդակությունը, պարունակություն դեռ բուն էություններ չեն, այլ էութենական տարբեր աստիճաններ):   
    Թողնելով իրականությունների այս մեկ հարթությունը, վերադառնանք գաղափարական իրականությանը և Զ. Ֆրոյդի ասույթին:  
    «Մտքով շնացար՝  շնացար մարմնով»-ասում է Ավետարանը: Գիտենք, որ հոգևոր ապտակը կարող է ավելի ցավալի լինել և անանցանելի, քան՝  ֆիզիկականը: Եվ կորստյան գիտակցությունն է լինում շատ ավելի կսկծալի, քան՝ կորուստն ինքը: Բոլորիս ծանոթ է գեղարվեստական, ինտելեկտուալ կամ սոսկ սիրո բերկրանքը, առանց առարկայական շոշափելիության: Զ. Ֆրոյդի դիպուկ ասույթը մտնում է հենց այս իրողության մեջ, այդու էլ էիզմի, քարի փոխարեն՝ հայհոյանքը: Եվ որքան էլ տարօրինակ թվա՝  որպես քաղաքակրթացման սկիզբ... Սակայն այնքանով՝ որքանով այդ անգամ այլևս անընդունելի է, ինչպես «մտքով շնանալը»...

   2 Ինֆորմացիաները դեռևս լիակատար էություններ չեն, ո՛չ ելակետային ԲԱՆ-Եզակիություն, ո՛չ էլ համատիեզերական «վերջնական վիճակ» (տե’ս «Հայտնություն» հատորի հակիրճ  բովանդակությունը. http://www.persons.am/am/interview.php?id=145հղմամբ ):  Զի, էությունները մեկ անգամ ևս «թորված», զտված ու «խտացված» ինֆորմացիաներ են, այլ մեկ բնորոշմամբ` դրանց essence-էսենցիաները: Եվ եթե ինֆորմացիաները չափվում են քանակական bit-երով, ապա էությունները այլևս որակական գոյացություններ են, առավել ստույգ` օրինաչափություններ, ալգորիթմեր ու անեղծ ճշմարտություններ: Այս առումով և ըստ դիալեկտիկական երրորդ օրենքի, ակնկալվում է ինֆորմացիաների քանակական անցումը որակական էությունների, որով կամբողջանա նյութ-էներգիա-ինֆորմացիա-Էություն համատիեզերական գործընթացը:

      Եվ ահա մենք էվոլյուցիոն հոսանքում և էիզմի բավիղներում: Ավելին այստեղ մեր տվյալ թեմայից դուրս է: Ինչպես ասվեց, մեր նպատակն էր ներկայացրնել էիզմի անցած ուղին, խմորումները, մասնակի կռահումները, վերացական-անիրական թվացյալ հիմքերն ու հիմնավորումները: Այսուհանդերձ ակնարկենք, որ արդեն նոր մի քաղաքակրթության նախաշեմին ենք և թեևակոխում ենք այլ մեկ՝  ոգե-էութենական իրականություն: Մի իրականությունը, որտեղ երևույթներին փոխարինելու են գալիս էությունները, ֆիզիկական ուժերին՝ «գերթույլ գերուժը», տիտանիներին՝ «թզուկ իմաստունները», որոնք ըստ «Սասնա ծռերի» «կառավարելու են աշխարհը»:      Այնպես, ինչպես նյութ-էներգիա-ինֆորմացիա համատիեզերական «մատրյոշկաներին» համապատասխան վերջին հարյուրամյակներում հերթակայում են ինդուստրիալ-միջուկային-ինֆորմացիոն դարաշրջանները, յուրաքանչյուրը իր աշխարհայացքային փիլիսոփայությամբ ( մատերիալիզմ-էներգետիզմ-սյուռեալիզմ/վիրտուալիզմ...): Այնպես, ինչպես հռոմեական հսկա կայսրությունը փլուզվեց Քրիստոսի խոսքերով, ցարական իմպերիան՝ մարքսիզմ-լենինիզմի, ԽՍՀՄ՝ առանց մի կրակոցի- սոսկ տնտեսական գործոնով 3:  Եվ այնպես՝ ինչպես անհնար է քարկոծել հոգին, գնդակահարել երաժշտությունը, վտարել գաղափարը, խաչել ճշմարտությունը կամ նկարագրել Էությունը, առանց մոտավորապես երևակելու...

 3 Արդ տնտեսականից և անգամ միջուկայինից ավելի, ակնկալիք պատերազմները հավակնում են լինել ինֆորմացիոն, գաղափարաբանական, մշակութային և հոգեբանական բնույթի: Այնպես, ինչպես անցալում հավատամքային անարյուն հակամարտությունները (օրինակ՝ շում. «Էնմերքարն ու Արրատայի Տերը» էպոսը):

  Մնում է կռահել, թե ինչպիսի՞ արմատական և պատմական հեղափոխություն է ակնկալվում մոտ ապագայում, թեև այն սկսվել էր վաղուց, Ջրհոս դարաշրջանի սկզբին զելվում և բուռն զարգացման մեջ է: Եվ այդ ի դեմս վերոնշյալ երևույթների, ազգային փոքրամասնությունների զարթոնքի 4, հետամնաց երկրներում՝ ժողովրդավարության, իսկ բարեկեց հասարակություններում ոգեղինության կտրուկ պահանջարկի ( Spiritual Sociology, Transpersonal psychology, Essence, դիանետիկա ևն 5), «վիրտուալ» թե ցայսօր բնազանցական թվացյալ ֆենոմենների, հոգևոր բուռն խմորումների ( համամարդկային մեկ կրոնի կամ գիտակրոնի որոնումներ ), ավելի ու ավելի թափանցելիության, ճշմարտությունների, էությունների ու վերին արժեքների գերակայության, լինելության իմաստավորման և մարդկային ցեղի հետևողական ազնվացման: Այդպես էլ աննկատ անցնում է «տիտանների» ու տիրակալությունների ժամանակը, հասուն անհատներին և էթնիկական փոքրամասնություններին ընձեռելով կայացմա ու էացման այլ ու լայն հնարավորություններ: Եվ այդ հատկապես հայոց համար, որը զրկված լինելով բնական ռեսուրսներից օժտված է առհավական տաղանդով, հոծ սփյուռքով, արդ նաև համամարդկային և միաժամանակ բուն ազգային Էություն-էիզմ աշխարհայացքով 6... 

   Այսու, մենք ևս հնարավորություն ունեք «պատվելու» այս խայտառակ իշխանություններին, դառնալով  գեներալ-գնդապետ «դինոզավրերի», մեկը մյուսից նվազ ու նվաստ պարագլուխների և ընդհանրապես բռնատիրական ռեժիմների ոչ միայն ոճրամտության, խարդավանքների ու գորշության՝ այլև ծայրահեղ  տխմարության հետմահու «հուշարձանը»: Ըստ այդմ, պատմության խաչմերուկներում գալիք սերունդներին  ծառայելով որպես փակուղային թե էվոլյուցիոն ուղեցույց և գիր-գրականությունից ավելի լռելյայն պատգամ:     
   Եվ այստեղ անգամ «հայհոյանքի» անհրաժեշտություն չկա: Այստեղ արդեն երևակվում է նախաստեղծ և միաժամանակ ակնկալիք «գերթույլ գերուժի» զորությունը և համատիեզերական վերադարձը առ ելակետային Եզակիություն-գերԷություն: Առ «Ի սկզբանէ էր Բան-ԷՈՒԹՅՈՒՆԸ» կամ եթե կուզեք՝ առ «երկնային արքայություն» և Հայր Աստված: Իսկ մինչ այդ՝  ոգե-էութենական իրականություն, մարդկային ողջ վեհությամբ, հանճարեղությամբ, մաքրությամբ և երկրային երանությամբ:
   Զի, եթե գիտակցված ցավն ու բերկրանքը ուժգնություն են ստանում, ոգեղինացված գիտելիքները՝  համարյա պաշտամունքային ներշնչանք, ապա տիեզերաբանական գերգիտակցությունը՝ լինելիության վերին երանություն, «սուբլիմացիա» և հավերժության տեսլական:  
     Սատանայի ականջը լույս, հավատավորների աչքերը  կանչեն...              

    4 Ի տարբերություն նախամարդու, հոգևոր և բանական հասունացնումները անխուսափելիորեն տանում են ինքնագիտակցության առկայծման, ինքնացման ու անհատականացման, գիտակցական ավելի բարձր մի մակարդակի վրա առավել ներդաշնակ համակեցության համար: Այն, ինչի այժմ վկաներն ենք ողջ աշխարհում: Անդրադառնանք, որ քաղաքակիրթ անհատների մեջ հակամարդությունները լուծվում  են անհամեմատ բարեկրթորեն, ինչը մարդկային ցեղի ազնվացման մեկ դրսևորումն է:

  5 Արևելյան ուսմունքների հիմքով Արևմուտքում տարածվող հոգևոր և հոգեբանական ուսմունքներ, գիտակարգեր և առարկաներ, որոնցից մի քանիս դասավանդվում են կրթական համակարգերում:

  6 Մի ուսմունք, որը համադրում է ոչ միայն դիցահավատամքային ու կրոնափիլիսոփայական հին ու նոր համակարգերը, գիտական ամենատարբեր մասնաճյուղերը  մինչև ամենավերջին բացահայտումները, այլև մատերիալիզմն ու իդեալիզմը, ինչպես նաև այդքան որոնյալ Արևելքն ու Արևմուտքը...   
  Հուսանք, որ թեև սակավաթիվ , բայց գոնե քիչ թե շատ հասուն անհատներին և շրջանակներին հասու կլինի, որ հայոց փրկությունը, կայացումն ու հարատևումը հնարավոր է բացառապես միմիայն այս հեռանկարում, այն էլ միմիայն նրանց նախապատրաստման պայմանով: Առավել ևս, երբ առկա է գերության և ապա տարրալուծման դատապարտված հրեաների կենսափորձը, որոնք կարողացան սեփական կրոնը քրիստոնեության հետ հարակցելով մատուցել ողջ աշխարհին և կայանալ, 2000 տարի հետո եղեռնի հետ հայրենիք վերագտնելով...
                                                                                                                                                                           
          
     Ալեքսանդր Արորդի Վարպետյան                                                 Մարսել, 30 մարտ 2014թ.

                                                                                                          ¡  ¡  ¡