|
«Է» ՏԱՌԻ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ |
|
«...Վերադառնում
են Բուդդա ու Դաո,
Քո Աստվածն ո՞ւր է, անտերունչ լաո...
|
Հայտնի է, որ նախնյաց
աշխարհընկալումը եղել է ամբողջովին դիցականացված:
Հետևաբար՝ նաև լեզուն, թողնելով բազմաթիվ դիցարմատներ,
ինչպես *այ-*այա դիցարմատը նոստրատիկ
(իմա՝ նախատատ) և մի շարք տրոհյալ լեզուներում, ինչպես սեմա-քամական
(աֆրիկյան), ալթայյան, դրավիդյան, քուչական, ավելի ուշ
նաև հնդեվրոպական: Եվ այդ առաջին, պարզունակ
հասկացությունների վերաբերյալ, ինչպես. կյանք, լինել,
ապրել, կենսաուժ, ցանկալ, կիրք, կին և նման
հասկացություններում: Դրանք մակաբերել է տաղանդավոր
լեզվաբան Բ.Մ. Իլիչ-Սվետիչը և արձանագրել իր երկհատորյա
բառարանում ( աղբյուրը և օրինակները տե՛ս. «Ծննդոց-ԱՅԱ»,
էջ 864-865 ): Այստեղից էլ *այ-*այա դիցարմատով բազմաթիվ
դիցանուններ, ցեղանուններ ( ներառյալ՝ հայ, այու, այնու,
այմար և այլ), տեղանուններ, հարակից հասկացություններ և
քերականական մասնիկներ, հենց «այա» վերջածանցով (հմմտ.
սանս. Ուդայա իգական դիցանուն արական Աստա դիցանվան
զուգորդմամբ, կամ սլավ. aya իգական վերջածանցը. красная,
женская և այլն): Եվ այդ նաև թվանուններում,
դերանուններում, հոլովումներում: Ինչպես հնդեվրոպ. (հնխ)
«լինել» բայի պարագայում. հնխ. արմատը *es- լինել,
«գոյություն ունենալ» բայի և դրա «եմ» էական բայի
հոլովումներում (Հ. Աճառյան, «Հայ. արմատ. բառարան», Երևան
1971-1979 թթ.): Ինչպես.
Ներկա եզակի՝ եմ-ես-է պարագան, հոգնակի՝
եմք-էք-են, անկատար՝ էի-էիր-էր, հոգնակի՝
էաք-էիք-էին:
Այստեղ կրկնվում է «է» սրբազան տառը, որ ունի էակ,
գոյություն, էություն և Աստված իմաստները (ուշադր. *աստ
դիցարմատին, առկա հենց Աստված կամ սանս. svastika և
հարակից եզրերում: Դրանք ավելի ուշ արտաբերումներ են):
«Լինել» հասկացության հնխ *es արմատի ներկա եզ. երեք
դեմքերն են ésmi-եմ, éssi -ես,
ésti-է (վերստին է/աստ - է
հարաբերակցությամբ): Հնխ. ցեղակից լեզուներում, ակնհայտ
հատկապես երրորդ դեմքի հոլովումներում.
- Երրորդ դեմք. գենդ.( Ավեստայի լեզու) asti, սանս. ásti,
հուն. έστι, բելուջ.
ast, լատ. est (անգլ.՝ արևելք,
ռուս. восток...), հպրուս. ast, ռուս. ecть
( նաև՝ կա՛,
ինչպես հայերենում...), գոթ. ist, ֆրանս.
est (կարդացվում
է՝ է), իտալ. é, պարս.
խոսակցական e, հայ. է,
խոսակցական նաև ա...
Առավել ևս, որ Աստծո մասին կամ նրա հետ խոսվում էր երրորդ դեմքով:
Չենք կարծում, որ կգտնվեն այնքան
միամիտներ, այս բոլորը պատահականություններ կամ
համանունություն որակելու համար: Առավել ևս, *աստ-*է
դիցարմատների պարբերական զուգակցումը ( երկուսն էլ Աստված
իմաստով): Չլինելով լեզվաբան մենք այդ նկատել էինք և
գրանցել մեր «Ծննդոց-ԱՅԱ» մենագրության մեջ
( Երևան
2000/2003 թթ, էջ 130-135 և անտիպ «Հնդեվրոպական
լեզվաընտանիքը և հայերենը» տրակտատում): Այդժամ մենք
ավելին չէինք կարող ասել, ոչ էլ որևէ լեզվաբան ( նրանք այդ
մասին չէին էլ խոսել... ): Սակայն, այդ չէր կարող չլինել,
երբ Է-էություն հասկացությունը չափազանց կարևոր, անչափ
գործածական, դիցական և հնագույն եզր է: Այժմ, երբ բացահայտված են
Է-էության ակունքները և գիտենալով, որ 12000 ու շատ ավելի
տարիներ առաջ եղել են հոդաբաշխ լեզուներ, շատ բաներ այլևս
դառնում են պարզ: Այդ գալիս է նաև ամրագրելու մեր
տեսությունները և արտառոց թվացյալ կռահումները: Հատկապես
այական վաղնջական ( իմա՝ նախահնդեվրոպական) հանրույթում
նախահայերի և նախահայերենի գերակայության վերաբերյալ:
Ժամանակին ամբողջ մի լեզվագիտության ինստիտուտի
տնօրեն, ակադեմ. Գ. Ջահուկյանը «Ովքե՞ր են ի վերջո
արիացիները» աշխատությունը որակեց «գլուխգործոց
անհեթեթություն»: Իսկ «Հայաստան» թերթի 22.01.1991 թ.
համարում դրա դեմ գրած իբր «բացառիկ ջախջախիչ» հոդվածում
զարմանում էր. «... այսօր արիացիներ անվանումը գործածելը
լայն առումով առնվազն տարօրինակ է»: Ավելացնելով «ես
դիցաբան չեմ», երբ պարտավոր էր գոնե մի քիչ նաև փիլիսոփա
լինել...
Արդ վստահ ենք, որ հայոց ծագումնաբանության վերաբերյալ մեր
վերջին և անսպասելի բացահայտումները լուսաբանում են անհայտ
շատ խնդրականներ ու առեղծվածներ: Ընթացքում շատ օգտակար
կլինեն նաև լեզվաբանության, ստուգաբանության, համեմատական
դիցաբանության, կրոնա-փիլիսոփայության, իմաստաբանության և
մի շարք այլ ասպարեզներում: Իսկ կենտ այս պարագայում
արտացոլվում է հնագույն Է-Կա՛ հաստատականը, ինչպես
Աստվածաշնչում Եհովահն է ներկայնում Մովսեսին. «Ես նա եմ,
ով Է», ֆրանս. «Je suis celui qui est» (est-կարդացվում է
«Է», ինչպես ասվեց վերևում ) կամ ռուս. «Я есть сущий» (
Ես ecть-կամ, իմ՝ Էություն-գոյություն ունեմ):
Է -ն որպես Էություն մեխելով հայոց այբբուբենի 7-րդ աստիճանում՝
ի տարբերություն նմանակից այլոց ( հունական, սինայական,
փյունիկյան ևն), Մեսրոպ Մաշտոցը շատ լավ գիտեր թե ի՞նչ է
անում:
Մենք, նոր-նոր պիտի հասկանանք...
Մարսել,
08.09. 2020թ.
|
|
|
|