Սկզբնաէջ |
ԷՈՒԹՅՈՒՆ-ԷԻԶՄ 24 սեպտեմբերի 2016 թ. |
ԿՈՆՎԵԿՑԻՈՆ
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ1
|
Ըստ նախնյաց երկիրը երկնի հայլումն էր, ինչ կար վերևում արտացոլված է երկրում և ընդհակառակը: Այդպես, պատկերացնում էին երկնային Տիգրիս ու Եփրատ, Վերին Երուսաղեմ, «երկնային արքայություն» և այլն: Նրանք շատ չէին սխալվել: Ըստ էիզմի, տիեզերական ֆենոմեններն ու օրինաչափությունները «թեմա և վարիացիաներ» սկզբունքով այլորեն արտացոլվում են երկրային ամենատարբեր երևույթներում: Դրանց օրինակները բազմաթիվ են ու բազմազան: Տարբեր առիթներով մենք այդ դիտարկել ենք տարբեր պարագաներում: Այստեղ մենք կդիտարկենք հիմնականում միայն մեկ ֆենոմեն՝ «կոնվեկցիոն շրջանառությունը»: Այն դրսևորվում է ֆիզիկական, կենսաբանական, հոգևոր-մշակութային և շատ այլ երևույթներում: Ուստի, մենք նախ կջանանք այն դիտարկել տիեզերաբանական ֆենոմեններում: Ըստ աստղաֆիզիկոսների Բիգ Բանգը-Մեծ Պայթյունը դեռևս տիեզերքի ծագումը չէ: Արագ ընդլայնման հետ այն մի քանի միլիոն տարի թաղվում է խավարում, կազմված հիմնականում ջրածնային և մասամբ հելիումի ատոմներից: Եվ այդ «կոսմիկական ապուրի» մեջ գրավիտացիայի ներգործությամբ կազմավորվելու են առաջին տարրական նյութերն ու աստղերը, ազդարարելով տիեզերական արշալույսը: Ենթադրվում է, որ դրանք եղել են հսկա, անչափ տաք և լուսավոր, այրվել ու մարվել են արագ, և պայթել որպես հիպերնովաներ: Դրանց մնացորդներից կազմավորվել են աստղերի հաջորդ սերունդները, ավելի ու ավելի նոր և բազմազան նյութերի խմորմամբ : Այդպես, աստիճանաբար կազմավորվում են ծանր տարրերը՝ երկաթ, մագնեզիում, սիլիցում, ոսկին և այլք, ձևավորելով նորանոր աստղեր և գալակտիկաները, մինչև մեզ ծանոթ տիեզերքը, նախապատրաստելով նաև կյանքի ծագմանն անհրաժեշտ նյութերն ու պայմանները: Այլ խոսքով, աստղերի կազմավորումը իրականացվել է նույն «կոնվեկցիոն շրջանառության» սկզբունքով: Երկրի վրա կյանքի երևակումը՝ նույնպես, միաբջիջ գոյաձևերից մինչև բազմաբջիջ ու բարդ կենսահամակարգեր: Այդպես էլ այլորեն շարունակելով , «կոնվեկցիոն շրջանառությամբ» Բանական մարդն է սաղմնավորվել, նախորդ կենսաձևերից տարաչափ և նպատակահարմար բաղադրությամբ, ինչը արտահայտվում է մարդու սաղմում տարբեր կենդանիների սաղմնային նմանություններով («Էություն» հատոր, էջ 199, տե՛ս. http://www.eutyun.org/S/E/G-Eutyun/03-02.htm): «Կոնվեկցիոն շրջանառության» ֆենոմենը դրսևորվում է նաև մարդկային կեցության, գործունեության և հոգեգործունեություն բոլոր ասպարեզներում ( կեցաձևեր, արտադրություն, գիտություններ ևն ), բայց նաև եռահարկ ներաշխարհի զգայական-բանական-ոգեկան ձևավորման ու վերելքի գործընթացում: Այդպես, ամեն մի «շրջապտույտից» հավելվում ու զտվում են առավել նպատակահարմար հատկանիշներն ու որակները: Այն ինչը մասամբ ստորև ակնարկվում է «սանսարայի» առնչությամբ 1: Եվ եթե ցայսօր էվոլյուցիան զարգացել է տիեզերական այդ օրինաչափությամբ, չենք տեսնում թե ինչո՞ւ այն պետք է ընդհատվի: Ուրեմն, ինչպե՞ս կարող է ընթանալ «կոնվեկցիոն շրջանառությունը» հետագայում: Մոլորակի մասշտաբով այն վերաճել է ֆիզիոսֆերա (ֆիզիկական նյութեր և էներգիաներ )-բիոսֆերա (կենսանյութ և կենսաէներգիա)-նոոսֆերա ( աննյութական մտավոր ոլորտ, հոգեոլորտ, ըստ էիզմի՝ ներաշխարհ): Այնպես, ինչպես նյութ-էներգիա-ինֆորմացիա շրջանառությունն ու վերաճը: Բանական մարդը դրա ակնհայտ դրսևորումն է, իր մեջ կրելով աստղային և ֆիզիոսֆերայի տարրեր (մետաղականից մինչ քիմիական բարդ բաղադրություններ ), կենսանյութ և կենսաէներգիաներ, և ի վերջո աննյութական այդ նոոսֆերա-ներոլորտը, որն էլ հենց իր ներաշխարհն է, որպես նոոսֆերա-ներոլորտի մեկ «բջիջը»: Եվ մարդն էլ զարգանում հենց այդ ուղղությամբ: Եվ այդ որպես նպատակահարմարություն և նպատակ 2: Այսինքն, կիբեռնետիկական առումով՝ իր «վերջնական վիճակի», ըստ «կոնվեկցիոն շրջանառության»՝ «գոլորշիացման», որպես նյութական տիեզերքի երբևէ անխուսափելիորեն ոչնչացման նկատմամբ ամենանպատակահարմար և հարատևման վիճակ: Այնպես՝ ինչպես մահից հետո մարմնի փոշիացումից ետ հոգու վերածնունդը կամ ռեինկարնացիա-վերամարմնավորումը: Այս արդեն երևակայություն չէ, այլ՝ փոքր-ինչ տարբեր շոշափելի իրողության: Ի վերջո նախնիք և ավագները այլորեն ապրում են իրենց հետնորդների մեջ, նրանց փոխանցելով իրենց հատկանիշներն ու որակները: Եվ այդ էլ հենց «կոնվեկցիոն շրջանառության» սկզբունքով: Եվ հենց այդպես էլ, «բաբախող տիեզերքի» մոդելով, ամենայն աննյութական վիճակով վերադառնալու է «վերջնական վիճակ», իմա՝ գերԷություն: Արարածներիս համար հենց այդ էլ կոչվում է էանալ, որն հայերենում ունի «ի բնէ լինել» և «Հոր նման դառնալ» ( իմա՝ աստվածանալ), ընթացքում վերաճելով գերմարդու և տիեզերամարդու: Այնպես որ, «Հող էիր՝ հող դարձիր» սկզբունքը վերաբերում է միայն հողածին մահկանացուներին, իսկ հոգևոր գոյացությունները էանալու, անմահանալու և հավերժանալու են: Իսկ թե ինչպե՞ս, այդ արդեն այլ թեմա է, թեև արդեն քիչ թե շատ կռահելի... Այսպես, ըստ էիզմի որդեգրած սկզբունքի, մարդկային մեծ կռահումները ճշտվում և ամրագրվում են գիտական ու տիեզերագիտական օրինաչափություններով և ընդհառակը, ըստ այդմ լուսաբանվում են մարդկային բազմում ֆենոմեններ: Իրենց հերթին դրանք ունակ են կռահելու տիեզերաբանական շատ անհայտներ: Այս սկզբունքով է տարբերվում էիզմը դասական փիլիսոփայությունից, որը հիմնականում մարդկային ներհայացողության արդյունք է: Մինչդեռ էիզմը ջանում է ամենայն էաբանորեն դիտարկել առավելաբար տիեզերագիտական համայնապատկերում, քայլ առ քայլ լրացվելով, խորացվելով ու ամրագրվելով դրա և գիտական ամենօրյա բացահայտումների հետ: Եվ այդ բոլորը ևս «կոնվեկցիոն շրջանառությամբ»: Այս ամենը ընդամենը տիեզերաբանական մեկ ֆենոմենի արտացոլանքն է երկրային իրականությունում: Այսուհանդերձ, Խորհուրդ Խորինը և գերԷությունը առայժմ մնում են սոսկ մասամբ ըմբռնելի: Ինչպես ըստ հնդկական մի իմաստախոսության. «Ջրի մասին խոսելու համար անհրաժեշտ է ջուր դառնալ»...
|