ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
                               ԷՈՒԹՅՈՒՆ-ԷԻԶՄ     
                               
   01. 01.2016թ.
                                                                     
 
ԼԸ ԿՈՐԲՅՈՒԶԻԵՆ ԵՎ ԷԻԶՄԸ

   
                              «Ամենայն անցողիկ է, մնայուն է միայն միտքը...»
                                                                 
       (Լը Կորբյուզիե )

  
20-րդ դարի մտածող և մեծագույն ճարտարապետներից մեկի հասուն տարիքում այս մեկ համոզմունքին ծանոթ էինք գրականությունից: Սակայն, վերջերս, նրան նվիրված վավերագրական մի կինոնկարում, նրա իսկ արտաբերմամբ նույն խոսքը ցնցեց մեզ, որպես երբեմնի բացթողման ուշացած վերաբացահայտում: Նույնը թերևս շատերի համար: Առավել ևս էիզմի առնչությամբ:     
    Իսկ ի՞նչ կապ...   
    Անդրադառնանք, որ այդ ասում է ճարտարապետը, որի ստեղծագործությունները նյութական են, շոշափելի և համեմատաբար երկարակյաց, ինչպես պատմական հազարամյակային մեծագույն հուշարձանները: Այսուհանդերձ, վաղ թե ուշ՝ անցողիկ: Հիրավի մնում է դրանց մտապատկերն ու միտք-ինֆորմացիան, ինչպես հիշողությունները կամ նոոսֆերա-ներոլորտը Երկրի երբևէ անէացումից հետո և անգամ Սև խոռոչներում: Այս առումով Լը Կորբյուզիեի դիտարկումը կատարելապես ճշմարիտ է, թեև հավանաբար նրա ակնարկը այդքան խորն ու հեռու չի ենթադրվել:
 
   Սակայն, էիզմի հետ կա նաև այլ՝ ոչ պակաս խորիմաստ աղերս: Մինչև կառույցի իրականացումը նախ մշակվում է դրա աննյութական նախագիծը, իսկ մինչև նախագիծը՝  ծնվում է դրա էյդոս-նախագաղափարը, այսինքն՝ աղոտ մտահղացումը արարչագործական միգամածություններից:  Այն՝ այսինքն դրա բուն էությունը,  քիչ թե շատ երևակվում է նախ որպես վիրտուալ գաղափար-նախատիպ (այն էլ ոգեշնչման պահերին...), ապա որոշակիանում ու դառնում է նախագիծ և ի վերջո նյութականանումը արդեն որպես ռեալիստական կառույց: Այսուհանդերձ, ինչ-որ աղետով դրա ոչնչացումից հետո կարող է մնալ նախագիծը, դրա ոչնչացումից հետո՝ գաղափարը, ունակ նորից վերածնվելու որպես նախագիծ և կառույց: Նույնը նաև բոլոր ստեղծագործությունների պարագաներում:  
  
   Այսու, մենք ունենք Տիեզերքի ու ամենայնի արարման և «բաբախող Տիեզերքի» մոդելային վարիացիա-տարբերակումներ: Եվ այդ նույնպես նախաստեղծ, «միգամածային» ու խորհրդավոր գերԷությունից, տիեզերագիտական արդի բնորոշմամբ ու եզրաբանությամբ՝ Եզակիություն կոչեցյալ վիճակից, որը ենթադրվում է լինել հագուրդ քվանտային վակուումի ինչ-ինչ էներգիաներով, ինչ-որ ինֆորմացիաներով , «երևակայական ժամանակով» և վիրտուալ գոյացություններով: Մեկ խոսքով, որպես «տիեզերական գեն»: Հավատամքային համաբանությամբ.
        «Ի  սկզբանէ էր ԲԱՆԸ»... (իմա՝ Էությունը):

  Եվ եթե դելփյան «Ճանաչիր ինքդ քեզ և Է՛ի» արձանագրությունը մարդկության ամենաիմաստուն խորհուրդն է, ապա էություն հասկացությունը՝  ամենախրթին: Ու թեև այն զուգորդվում է հուն. eidos-նախագաղափար և  նախատիպ, լատ. essence-էություն, անտիկ. quintessence-հնգէություն կամ արդի «սև էներգիայի» հետ, վերջինիս պես մնում է կատարելապես անիմանալի, էիզմը իր խորին խորհրդի մեջ՝ նույնպես, մասամբ մատչելի արվեստագետներին կամ տրիտուր ընկալունակներին: Այն էլ հոգեկան «բարձր ռեժիմների» թե ոգեշունչ տրասն-հոգեվիճակների ժամանակ:
    Ահա, այս առումով է
իզմի վերաբերյալ այդ կարևոր հիմնադրույթներից մեկը ավելի պատկերավոր դժվար թե մատուցվեր, անբացատրելի էություն հասկացության ինչությունը՝ նույնպես: Եվ մեծ մտածողն էլ,  դժվար թե պատկերացներ թե ի՞նչ արտառոց միտք է հղացել, գալիք նոր մի աշխարհայացքի աղերսով, թեև էության փոխարեն գործածելով la pensée-միտք եզրը  ( դրանք տարբեր բաներ են, ինչպես լոգոսն ու Բան-Էությունը 
1 ): Այն, ինչը այլ մեկ առիթով ձևակերպել էինք որպես.
     «Հանճարեղ գործը դեռ կարելի է քիչ թե շատ ընկալել,
    գերհանճարեղ գործը թե միտքը՝ ոչ անգամ հեղինակը»:
 
    
    Այդպես, էիզմի առանձին դրույթները ինտուիցիա-ներըմբռնմամբ արտահայտվել են շատերի մոտ, հիմնադրույթները՝ տարբեր ուսմունքների, իմաստասերների թե բնության ու գիտության դիտարկումներում (մենք այստեղ նման մի շարք օրինակներ ենք դիտարկել: Տե՛ս վերոնշյալ կամ կից ԷՈՒԹՅՈՒՆ-ԷԻԶՄ  հղմամբ): Այնպես, ինչպես Բանական մարդու հատկանիշները սաղմնավորվել են տարբեր գոյաձևերի մոտ, ինչպես գալիք ուսմունքների առանձին գաղափարները կամ որևէ սարքի  դետալները ամենատարբեր արտադրություններում, այդուհանդերձ սինթեզվելով-համադրվելով ի դեմս նոր մի սարքավորման:   
   Այլ մեկ համաբանությամբ այնպես՝ ինչպես խորախորհուրդ գրքի ընթերցումը հասունության տարբեր տարիքներում, ամեն անգամ վերաբացահայտելով բովանդակական նորանոր շերտեր ու  իմաստներ:  
   Մասնավորապես այդ էր մեր պարագան Կորբյուզիեի արտահայտության վերաբերյալ, իսկ ընդհանրապես՝ մարդկության աշխարհաճանաչողությունը հազարամյակների ընթացքում: Կապիկները բանանը ցայսօր ուտում են առանց հաշվելու, նախամարդն ապրել է առանց բարձրագույն մաթեմատիկայի, Սոկրատեսը փիլիսոփայել  ծանոթ չլինելով Ա. Էյնշտեյնի հարաբերականության տեսությանը, մարդկությունը գոյատևել առանց Կոպեռնիկոսի արևակենտրոն համակարգի իմացության: Սակայն, առանց այդ այսօր աստղաբանական հաշվարկներն ու տիեզերական թռիչքները կլինեին անհնար:

   Այդպես էլ այժմ, երբեմնի խորախորհուրդ կռահումների բուն էություններն ընկալելու համար հարկ է որոշակի «տեսողություն», տեսություն կամ տեսանկյուն ունենալ, նորից ինչպես մեր և էիզմի պարագայում: Այն սաղմնավորվել ու խմորվել է զուգահեռ մեր հասունացմանը և շնորհիվ մեր «գենետիկական ինֆորմացիաների»2 , ինչպես ինքնարարվող ամենայն կամ սեփական կոշկի կապչաթելով ճահիճից  ինքն իրեն վեր հանող մանչուկի երևակայական պարագայում:
   Եվ արդ, այն
միշտ հին ու նոր, նույն սկզբունքով հավերժ վերանորոգվող էիզմի առաքելությունն է: Ըստ այդմ.

                 
    Տիեզերքը արարում է մեզ՝  մենք վերարարում  ենք Տիեզերքը 3 ...

 1 Ի տարբերություն հուն. լոգոսի, հայ. Բան-Էությունը նախ ոգի է, ապա միտք-բանականություն, այնուհետև՝  բան-բառ ( խոսք ), բան-գործ ( բանել, բանվոր), բան-ամենայն ինչ ու նաև ամենայնի «բանալի»...

 2 Բացի կենսաբանական ինֆորմացիաներից, բոլորս էլ հոգևոր ֆենոտիպային ինֆորմացիաների կրողներ ենք (ֆիլոգենեզ), որոնք մասամբ արտահայտվում են յուրաքանչյուրիս հոգեկան խառնվածքում, բայց նաև ենթագիտակցական և գերգիտակցական շերտերում, ինչպես նաև լեզվամտածողական համակարգերում: Մայրենի լեզվի քաջ տիրապետումը և այդ լեզվով մտածելը այստեղ ունի գերկարևոր նշանակություն:

   3 Մոտավորապես, սկզբնանկարի համաբանությամբ: Այդ ևս տիեզերաբանական ֆենոմենների մեկ կռահումն է  մարդկային երևակայությամբ: Ըստ էիզմի, այն չի կարող գերազանցել Տիեզերքի «երևակայությանը», զի դրա մեկ սահմանափակ արտացոլանքն է ( «Էություն», Ա.Վ. , Երևան 1995 թ., էջ 14):

  
                                                                             
   
                                                                                                                   Մարսել, 21 օգոստոս 2015թ.