Հոկտեմբեր 27-ի պետական
ոճրագործության վերաբերյալ մեր նախորդ քննախուզության մեջ
ռուսաստանյան և Հայաստանի «հոկտեմբերյան» այս մեկ
հեղափոխությունը, ինչպես նաև Վ.Պուտինի և Քոչարյան-Սարգսյան
տանդեմի իշխանության գալը մենք վերագրեցինք ԽՍՀՄ փլուզումից
հետո ընդհատակ անցած ԿԳԲ-ական համակարգին, այլաբանորեն` «հին
գվարդիային» կամ աներևույթ Կանաչ Վիշապին: Այդ ինքըստինքյան
կռահելի էր, սակայն այս իրողության «ինչպեսը» ընդունակ է մեզ
օժանդակելու գնահատել Կանաչ Վիշապի զորությունը, հասկանալ նաև
գործելակերպը, ընթացիկ դերակատարությունը ու դրանց
հեռանկարները: Այդ իսկ նպատակով որպես պատկերավորում արժե
դիտարկել մեկ քանի նման հանգամանքներ և վկայություններ:
«Բեռլինյան պատի» և 1991թ. ԽՍՀՄ-ի
փլուզումից հետո, հետախույզ փոխգնդապետ Վ. Պուտինը հայտնվում է
հարկադրական պարապուրդի մեջ, Դրեզդենից վերադառնում Լենինգրադ
(Սանկտ Պետերբուրգ),
և փորձում «վերացիկլավորվել»
իրավաբանության իր նախկին դասախոս և քաղաքապետի թեկնածու Ա.
Սոբչակի շրջանակում: Սակայն, ըստ այդժամ Սանկտ Պետերբուրգի
ԿԳԲ-ի տնօրեն, ավելի ուշ ԱՄՆ-ում քաղաքական ապաստան գտած
գեներալ Օլեգ Կոլուգինի կենդանի վկայության
(տե’ս «Ազգային
Խաչքար» քննախուզությանը կից «Պուտինյան սիստեմ» տեսանյութի
I-ին մասը), այդ Ա. Սոբչակն է Օ. Կոլուգինին դիմում առաջարկել
իրեն վստահելի մի գործակալ, ապահովելու համար
քաղաքապետարանական իր ընտրարշավը և հետագա գործունեությունը
հատուկ ծառայությունների օժանդակությամբ: Օ.Կոլուգինը
առաջարկում է հենց Վ.Պուտինին, ով հաջող ընտրությունից հետո
դառնում է քաղաքապետ և Բ.Ելցինի զինակից Ա. Սոբչակի օգնականն
ու Սանկտ Պետերբուրգի փոխքաղաքապետը, առաջ քաշելով իր
ծառայողական գործընկերներին:
Ըստ պատմաբան Յ. Ֆելշտինսկու, այդ
հատուկ ծառայությունների կողմից ընդունված գործելակերպ է
(
և
ոչ միայն նրանց ...). նկատել և ուղեկցել քաղաքական այն այրերին,
որոնք առաջիկա 5-10-20 տարիներին կարող են դառնալ պետական
առաջին-երկրորդ դեմքեր և նրանց հետ զբաղեցնել բարձրաստիճան
պաշտոններ: Այդպես է ԿԳԲ-ն ապահովում իր տեղը իշխանությունում
և հենց այդ է եղել նաև Վ. Պուտինի պարագան: Այդպես էլ 1996թ.,
երբ Ա. Սոբչակը ձախողում է քաղաքապետարանում իր
վերընտրությունը, վերստին «գործազուրկ» դարձած Վ. Պուտինը
բիզնեսում հնարավոր ներդրման փոխարեն գալիս է Մոսկվա և դառնում
Կրեմլի անդմինիստրատոր, հայտնի զեղծարար Պ. Բորոդինի տեղակալը:
Ըստ վերջինիս, Վ. Պուտինը անձամբ է եկել, ըստ ոմանց նրան ու
այլոց Կրեմլում տեղավորել է պետերբուրգցի նախարար Ա. Չուբայսը,
ինչը ավելի հավանական է: Զի, դժվար թե ամեն մի կգբական
փոխգնդապետ ինքնագլուխ գար և տեղավորվեր Կրեմլի
ադմինիստրացիայում, այն էլ հենց որպես պետի տեղակալ: Վստահաբար
եղել են նաև ծանրակշիռ այլ միջնորդություններ:
Այսպես թե այնպես Վ. Պուտինը երկու
տարի անց միանգամից նշանակվում ԿԳԲ-ФСБ ծառայությունների
տնօրեն, մեկ տարի անց` վարչապետ, իսկ մի քանի ամիսներ հետո
դառնում Ռուսաստանի նախագահ: Եվ որքան էլ կայծակնային այս
վերելքի մեջ որոշակի դեր են խաղացել կրեմլյան ինտրիգները,
կասկածից վեր է, որ դրանում իր աներևույթ գործն են արել
ընդհատակյա ծառայությունները: Նրանք մեղադրվում են անգամ
չեչենական երկրորդ պատերազմի սանձազերծման պատճառ դարձած
չարաբաստիկ 1999թ. մոսկովյան բնակելի շենքերի պայթունների մեջ,
նախագահական աթոռ մղելու համար իրենց թեկնածուին, ինչն էլ
հիրավի տեղի ունեցավ հաղթական գործողությունների հետևանքով: Զի
դժվար թե նորանշանակ վարչապետը անձամբ նման հրահանգ տար, այն
էլ դեռևս զորեղ և արևմտամետ լիբերալների իշխանության մեջ:
Այդ մասին իր կարծիքն է հայտնում
Նյու-Յորքում Ն.Խրուշչևի թոռնուհի, պատմաբան Նինա Խրուշչևան:
Ըստ նրա.
«Պուտինի շրջապատում կան մարդիկ, որոնք պատրաստ են
գործողություններ ձեռնարկել հենց նրա քաղաքականության
ուղղությամբ, առանց որ հարկ լինի այդ նրանց հրահանգել: Արդյոք
Պուտի՞նն է հիմնել այդ ավանդույթը, թե՞ այն գալիս է դեռևս
ստալինյան ժամանակներից, կամ էլ այն այդ երկուսի համադրումն է»
- եզրահանգում է բավականին իրազեկ տեսաբանը
(վավերագրական նշյալ կինոժապավենից):
Սակայն առանց այս դիտարկումների և
մեկնությունների, Վ.Պուտինի առաջխաղացման մեջ ԿԳԲ-ФСБ որոշիչ
դերը, ոչ առանց հեգնանքի և բուռն ծափահարությունների ներքո
խոստովանում է անձամբ ինքը` դեռևս վարչապետ Վ. Պուտինը, 1999թ.
դեկտեմբերի 20-ին երբեմնի ՉԿԱ-ի հոբելյանին նվիրված մոտ
800-1000 սպաների հանդիսավոր հավաքում.
«ФСБ-ի մի խումբ աշխատակիցներ, որոնք ձեր կողմից գործուղվել
էին կառավարության հովանու ներքո աշխատանքներ տանելու, առաջին
փուլում իրենց պարտականություններից կարողանում են գլուխ
հանել...» ( կից
լուսանկարը վավերագրական նշյալ կինոժապավենից):
Եվ բնականաբար ոչ պատահականորեն արդեն
նախագահ Վ. Պուտինը պետական բարձրաստիճան պաշտոնների 60%`
անգամ տնտեսական, կրթական և մշակութային բնագավառներում,
վստահում է կգբական իր գործընկերներին:
«Ստեղծված իրավիճակում
ավելի վստահելի անձեր չկային» - անթաքույց արդարացնում են նրա
կողմնակիցները:
Մինչդեռ այլք, ինչպես ԿԳԲ նախկին
գեներալ, ապա պետդումայի ընդդիմադիր պատգամավոր Ա. Կոնդորովը
էական տարբերություն է դնում «կուսակցության զինյալ ձեռք»
երբեմնի ԿԳԲ-ի և արդի ФСБ-ի միջև, որն ի տարբերություն նախորդի
պուտինյան շրջանակի «անձնական գվարդիան» է, և որի վրա այլ
հսկողություն չկա: Իսկ ըստ Լոնդոնում ապաստանած այլախոհ Վ.
Բուկովսկու.
«Պուտինը չի տնօրինում բոլոր լծակներին, իրականում
երկիրը ղեկավարում է կգբական համակարգը», այսինքն` նույն այդ
աներևույթ Կանաչ Վիշապը, որի ընդամենը գլուխներից մեկն է Վ.
Պուտինը: Նրա հեռացմամբ Կանաչ Վիշապը չի անհետանա, կերևակվեն
դրա այլ կառափները: Այս առումով Դ. Մեդվեդև, Վ. Պուտին թե այլ
մեկը որոշակի նշանակություն չունեն, ինչպես երբեմնի
կուսակցության, ռեժիմի և Կենտկոմի վրա հիմնվող ԽՍՀՄ
ղեկավարները, մինչև Յ. Անտրոպովը, ապա` Մ. Գորբաչևը... Եվ
հասկանալի է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո փորձառություն ձեռք
բերած և երկրի ճակատագիրը ստանձնած այդ համակարգը իշխանության
լծակները այլևս ոչ ոքու չէր կարող վստահել, ոչ անգամ
կոմունիստական կուսակցությանը:
Մեկ խոսքով, եթե ԽՍՀՄ փլզումամբ
կուսակցությունը և ռեժիմը համարյա չեզոքացան, կգբական սիստեմը
մնաց ու դեռ հզորացավ: Որոշ հանրապետություններ և սոց-երկրներ
բացեցին դրանց արխիվներն ու հիմնականում չեզոքացրին նաև այդ
համակարգը, այլերը` ոչ: Ուստի նրանք Արևմուտքի համար մնացին
անվստահելի և չներառվեցին արևմտյան խմբակցություններում:
Հասկանալիորեն, ոչ ոք «թունավոր թխվածք» չէր ցանկանա ընդունել:
Դրանցից մեկը Հայաստանն է, որի բուն
իրականությունը լուսաբանելու համար էլ հպանցիկ կատարվեցին այս
թռուցիկ դիտարկումները
( ավելի հանգամանալից այն ներկայացված է
28.03.2009թ. Գլենդելի Կենտ. գրադարանում ցուցադրված
վերոնշյալ տեսանյութերում): Այստեղ ևս ԿԳԲ-ի արխիվները
չբացվեցին, իսկ ՊԱԿ-ի հհշական նախարարը հասկանալիորեն չէր
կարող ամբողջովին «արյունափոխել» համակարգը, որից հեռացվածները
հիմնականում անցան ընդհատակ, մասամբ հաստատվեցին արտերկրում
(զգալիորեն հենց ԱՄՆ-ում ...), մինչդեռ`ըստ հենց հետագայում
թունավորված Ա. Լիտվինենկոյի խոստովանության, «կենտրոնը»
շարունակում էր զորագրել նորանոր գործակալներ նախկին
հանրապետությունների բարձրաստիճան շրջանակներում: Նա այդ արել
է Ադրբեջանում, Հայաստանում նման պրակտիկան որևէ խնդիր պիտի
չհարուցեր: Առավել ևս, որ սահմանապահ զորամասները ФСБ-ԱԱԾ
ծառայությունների կցորդներն են, դրանք` երբեմնի КГБ/ՊԱԿ-ի
անմիջական ժառանգորդները, իսկ հայ «չեկիստները», իրենց
արտերկրյա ցանցով և «արտահաստիքային շարասյուններով»
հիմնականում գտնվում էին Ռուսաստանի ենթակայության տակ:
Վստահաբար այդ է եղել նաև Ռ. Քոչարյանի
և Ս.Սարգսյանի պարագան դեռևս արցախյան իրենց գործունեության
շրջանում
(Տե'ս`
Մաս 4, կետ Բ: Հիշենք նաև Ս.Սարգսյանի
պարգևատրումը ФСБ-ի շքանշանով): Եվ որքան էլ Ռ. Քոչարյանի ՀՀ
վարչապետ նշանակումը կատարվել է Վ. Սարգսյանի առաջարկով,
այսուհանդերձ նա օգտվել է տեղական և ռուսաստանյան համակարգի
սքող աջակցությունից: Եվ այդ հատկապես 1998թ. նախագահական
ընտրարշավում, երբ նա Հայաստանում քաղաքական հենարան համարյա
չուներ, բացի ռուսամետ դարձած և համակարգի մերձ «դաշնակից»
ՀՅԴ-ից: Ինքնին հասկանալի է, որ առանց ընդհատակյա այդ զորեղ
աջակցության ոչ ոք նրան Հայաստանում 10-ամյա բնակության կեղծ
տեղեկանք չէր տա, իշխանական լծակները չէին գործի այդքան
արդյունավետ, չէին լինի այդքան զեղծարարություններ և
Հայաստանում անհայտ ղարաբաղցին չէր կարողանա հաղթել մեծ
քաղաքականություն վերադարձած և իշխանություններից հիասթափված
զանգվածների լայն ժողովրդականությունը վայելող Կ. Դեմիրճյանին,
որը հաջորդ գարնանը խորհրդարանական ընտրություններում Վ.
Սարգսյանի հետ տարավ փայլուն հաղթանակ, Ռ. Քոչարյանին թողնելով
«անգլիական թագուհու» կարգավիճակում: Այս դեպքում Կանաչ Վիշապը
ավելին անել չէր կարող:
Իսկ մինչ այդ, 1998թ. Լ.
Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո
1
առանց համակարգի սքող
միջամտության անհնար է պատկերացնել խորհրդավոր և ցայսօր
չբացահայտված սպանությունների շարքը հենց Վ.Սարգսյանի
շրջանակներում, մինչև հոկտեմբեր 27-ի այդքան կատարյալ
ոճրագործությունը: Այսպես գրավվեց «Թմբկաբերդը» ...
1 Իր հրաժարականից առաջ Լ. Տեր-Պետրոսյանը
նախապես այդ մասին տեղեկացրել էր դաշնակից երկրներին` այդ
թվում ՌԴ նախագահ Բ. Ելցինին: Վերջինս խորհուրդ չի տալիս և
նույնիսկ առաջարկում է իր օգնությունը: Մնում է հարցնել,
բայց այդ ինչպիսի՞ ( տե'ս
Մաս 1 ): Պարզ է, որ
գործողության մեջ չէին դրվելու Հայաստանում ՌԴ
ռազմակայանները, ոչ էլ «կենտրոնից» ուղարկվելու էին հատուկ
ջոկատներ: Ուրեմն, մնում էին ներքին ռեսուրսները, որոնք էլ
ավելի ուշ իրականացրին հոկտեմբեր 27-ը ...
2 Ըստ «չար լեզուների» ՀՀ ԱԳ արդի նախարարի
հայրը եղել է բարձրաստիճան «չեկիստ», իսկ երբեմնի ՀԼԿԵՄ
առաջին քարտուղար` արդ Սփյուռքի նախարար «ֆեյա գեստապոյի»,
հայտնի Գ. Իսագուլյանի և նման մի շարք պետպաշտոնյաների
վերաբերյալ մեկնություններն ավելորդ են ... |
Մեկ խոսքով երբեմնի
ԿԳԲ-ական համակարգի ընդհատակյա գործունեությունը, որը
իրականացրեց «հոկտեմբերյան» այս մեկ հեղափոխությունը
Ռուսաստանում, միջինասիական հանրապետություններում և
Հայաստանում ապացուցման կարիք չունի: Եվ մեր նպատակն էլ
բոլորովին այդ չէ, այլ այդ իրողությամբ բացատրելու վերջին
տասնամյակում կատարված ու կատարվող բոլոր իրադարձություները,
հատկապես նվիյալ հայորդիների հալածաքները, որոնց մեջ
Քոչարյան-Ս.Սարգսյան տանդեմի առաքելությունը զուտ կատարողական
է: Նրանք այսբերգի երևացող գագաթն են միայն, ոչ անգամ Կանաչ
Վիշապի կառափները` այլ պարզապես դրանց մեծ ու փոքր
«եղջույրները»: Այլ կերպ չէր էլ կարող լինել, երբ Հայաստանը
որպես ֆորպոստ տարածաշրջանում ՌԴ-ի միակ հենարանն է,
Հայաստանում ունի ռազմավարական ու տնտեսական կարևոր «օբյեկտներ», որոշում է նրա ներքին ու արտաքին
քաղաքականությունը և դեռ տնօրինում սփյուռքի ղեկավարման
լծակներին
2: Այն նրա
համար ոչ միայն լոբբինգ է, «հինգերորդ շարասյունների» մեծ
պոտենցիալ` այլև Հայաստանը իր ազդեցության գոտում պահպանելու
ապահովություն: Հակառակ դեպքում
Սփյուռքի
զորակցությամբ Հայաստանը երբևէ դուրս կգար այդ գոտուց:
Մինչդեռ, նույն այդ Կանաչ Վիշապի զորությամբ է
Ռուսաստանը կարողանում ոչ միայն թելադրել հայրենի
իշխանությունների ներքին-արտաքին անելիքները` այլև խաղարկում
ընդդիմադիր կողմը, այսինքն թելադրում թե’ դիմության և թե’
ընդդիմության խաղաքայլերը:
Այդ բավականին ակնհայտ դրսևորվեց 2008թ. նախագահական ընտրությունների առնչությամբ: Գոտեպնդված
զանգվածների աջակցությունից, Լ. Տեր-Պետրոսյանը վճռականորեն
վերադարձավ մեծ քաղաքականություն: Բավական է հիշել 2007թ.
հոկտեմբեր 26-ին Ազատության հրապարակում նրա պայթուցիկ
ելույթը` մասնավորապես հոկտեմբեր 27-ի ոճրագործության համարձակ
հնչեցմամբ
( թեև առանց
ռուսական թե կգբական գործոնի չնչին ակնարկի ...), ապա
ՌԴ-ի հետ սքող բանակցություններն ու այցելությունը Մոսկվա,
այնուհետ հաղթանակի կատարյալ վստահությունը
(«Երկու օր էլ
դիմացեք և դուք կունենք ձեր ուզած նախագահը»... ), փետրվար
19-ի քվեարկության արդյունքներն ու
...
մարտի 1-ը,
երբ առավոտյան հարձակման անսպասելությունից խիստ մոլորված,
միայնակ նստած ծխում և մտահոգ խորհում էր հրապարակում...
(
տե'ս կից լուսանկարը
):
Իսկ
որպես արդեն առավել իրազեկ և փորձված քաղաքագետ, նա նախ պիտի
աստիճանաբար անթեղեր հոկտեմբերի 27-ի թեման, ապա մոտ մեկ տարի անց
կամաց-կամաց հրաժարվեր սուր առճակատումներից, ապավինելով
իրավիճակի ու հասարակության հասունացմանը: Այդ անշուշտ
ողջամտություն էր, զի ուժերը անհավասար էին, իշխանական կողմը
վստահորեն խրամատված, որի զորությունը ոչ այնքան ուժային
կառույցներն էին կամ ռուսական ռազմակայանները` այլ այդ
աներևույթ և անորսալի Կանաչ Վիշապը, առկա անգամ թունդ
ընդդիմության շարքերում: Իսկ ինչո՞ւ հատկապես Կանաչ: Որովհետև
խիստ թունոտ է, «կամուֆլյաժավոր» և տարրալուծված «բնության»
մեջ, այսինքն իրականության բոլոր ասպարեզներում: Ուստի, հայ
քաղաքական թե ոչ բոլոր իրադարձությունների ընդերքում, բացի
Մոսկվայի ակնհայտ գործողություններից, հարկ է միշտ նկատի
ունենալ այդ համակարգի առկայությունն ու գործելաոճը: Դրանով են
բացատրվում առերևույթ, անտրամաբանական ու անբացատրելի թվացող
շատ ու շատ հանգամանքներ, երբ իրականում հայ քաղաքական
գործիչներին և անգամ պետական կառույցներին` ներառյալ ուժային
թե ԱԱԾ-ին, շատ քիչ ինքնագործունեություն է թողնված:
Գոնե այսքանը չտեսնելը նշանակում է
մարտնչել հողմնաղացների դեմ, իսկ այս իրողության մեջ
անկախության մասին խոսելը առնվազը մոլորություն է,
առավելագույնը` խարդավանք, երբ առկա ենք գաղութարարության նոր
ու նրբացված մի տարատեսակին և ավանդական թատերախաղերին
փոխարինած «տիկնիկային թատրոնի» ներկայացումներին, որին ակամա
ու անգիտակից մասնակիցներն են հենց հանդիսատեսները` այսինքն
տկարամտացած հասարակությունը: Այստեղից էլ «հաց ու հանդեսի»,
արտագաղթի, ապատեղեկությունների, բթացման, բռնությունների ու
բարոյազրկման, ըմբոստ հայորդյաց չեզոքացման և ազգային բուն
գերխնդրականների շրջանցման քաղաքականությունը, երբ անգամ
ընդդիմադիր կողմն ու մամուլը լոկ առերևույթ խնդրականներ են
բողոքարկում, ողջ հայությունը` ԱՄՆ նախագահի «ցեղասպանություն»
բառը ասել-չարտասանելը ...
Ինչ վերաբերում սփյուռքին, ապա այստեղ
Կանաչ Վիշապի շոշափուկներն են հանդիսանում ԽՍՀՄ-ի փլուզումից
հետո պատեհապաշտորեն սփյուռքում հայտնված թե գործուղված
«չեկիստները», իսկ որպես հենարան` խորհրդամետ-ռուսամետ
շրջանակները, իշխանական «դիմափոշուն» կարոտ դեմքերն ու
քաղքենիները, հայրենիք հետ տնտեսական, մշակութային թե զուտ
ազգակցական կապեր ունեցող զգուշավոր հայորդիք և արտերկրում
կեցական խնդիրներ ունեցող դիվիդենդները: Առավել ևս, որ
օտարամոլ հայերի մոտ 70% ռուսամետ է կամ հոգեբանորեն «մուտանտ»
( հիշենք ռուսական
կրթություն ստացած խորհրդահայ երբեմնի մտավորականությանը...):
Այս առումով անչափ ուսանելի եղավ
28.03.2009թ. Գլենդելի Կենտ. գրադարանի դահլիճում հոկտեմբեր
27-ի վերաբերյալ մեր միջոցառումը: Լոկ դրա հայտարարությունը
փոթորկեց համայնքը, խիստ զգուշացրեց շատերին, միայն մի քանի
լրատվամիջոցներ համաձայնեցին ազդեր և եթեր տրամադրել
3: Ի
հակադրություն հայտարարված միջոցառման, եղան նաև հակամետ
հեռուստաելույթներ ոճրագործությունը Լ. Տեր-Պետրոսյանին և Վ.
Սիրադեղյանին վերագրելու խարդավանքով: Այդպես միջոցառմանը
դահլիճում ներկաները բաժանված էին հիմնականում երկու բանակի`
ռուսամետ և ոչ ռուսամետ
(
բայց ոչ անպատճառ արևմտամետ), ներկա էին նաև
պրոֆեսիոնալ «չեկիստներ», իշխանամետ խռովարկուներ և
դաշնակցական մի խումբ, որոնք փորձեցին բանավեճային շփոթ,
շեղումներ և անհաջող խառնակչություն բորբոքել:
Մեկ խոսքով, միմիայն հոկտեմբեր 27-ի
արծարծումն ու դահլիճի տարամետ տրամադրվածությունը լակմուսի
պես երևակեց պատմական ոճրագործության նկատմամբ հայոց
պառակտումը, բայց առավել` այն ռուսական գործոնին վերագրելու
գիտակցությունը հենց ռուսամետ շրջանակներում, ինչը ինքնին
անչափ խոսուն է և նույնքան մտահոգիչ ...
Այս ամենը ևս նորություն չէ, այլ միայն
ախտաբանական ապացույց: Հայ զանգվածը այս բոլորը գիտե: Գիտե,
բայց լռում է կա’մ աներևույթ Վիշապին տեսնելու
անկարողությունից, կա’մ անզորությունից, կա’մ էլ ընդունում
որպես ռուսական և Կանաչ Վիշապի հովանու տակ հայոց գոյատևման
միակ լուծում, թեև առանց հարց տալու, որ եթե ծայրահեղ դեպքում
այդ մի կերպ բացատրելի է Հայաստանի համար
(այն էլ շատ
վիճարկելի ...), ապա ինչո՞ւ է սփյուռքը դատապարտված
մնալու Վիշապի ոստայնացանցում
4 ...
3 Առավել արտառոցը այն է, որ անգամ
ընդդիմադիր ԶԼՄ-ները, բացի ընդհատակյա
www.payqar.net կայքից, չհամաձայնեցին կամ
չհամարձակվեցին սույն նյութը հրապարակել, ինչը ևս խորը
խորհրդածության առիթ է տալիս, եթե միայն այդ «Վիշապին»
չգրգռելու նույն ռազմավարության արտահայտությունը չէ ...
4 Ընդհանրապես ամբոխը խուսափում է
դժվարամատչելի գաղափարներից, նախընտրում չտեսնել անլուծելի
թվացող հանգամանքները: Նրան պարզ կարգակոչներ, գործնական
«ակցիա» և մատչելի թիրախներ են պետք: «Бей его, я его
знаю»- այդքանը բավական է, ավա~ղ, բռնակալներին` նույնպես
...
5 Այդ մասին առանձին, հանգամանալից և
խիստ որոշակի փաստերով, հաջորդ զեկուցման մեջ, որը երևան
կհանի հոգևոր-գաղափարական դաշտում Կանաչ Վիշապի
աներևակայելի գործունեությունը հետխորհրդային շրջանում և
հայրենիքից մեր արտաքսման ու ամենուր հետապնդումների բուն
պատճառները ... |
Իսկ առավել սահմռկելին, որ այդ Կանաչ
Վիշապը արմատապես ներթափանցել է նաև ազգային ներաշխարհ,
այսինքն հավաքական բանականություն և հոգեդաշտ, որպես
գլխուղեղում ներդրված արհեստական մի «միկրոսխեմա» և
«զոմբիացում»: Իսկ այդ ամենայնի վերջն է, հայոց վերջնական
մահացումը
5:
Ըստ Նիկոլո Մաքիավելու.
«Եթե, գրավյալ պետությունը անհիշելի ժամանակներից ապրում է
ազատ և սեփական օրենքներով, ապա այն պահպանելու համար կա երեք
միջոց: Առաջինը- փլուզել, երկրորդը- վերաբնակվել այնտեղ ու
հաստատվել, երրորդը - քաղաքացիներին իրավունք տալ ապրելու
իրենց օրենքներով, այդուհանդերձ բեռնելով նրանց տուրքերով և
կառավարությունը վստահելով փոքրաքանակ անձանց, որոնք տիրակալի
նկատմամբ «բարեկամություն» կերաշխավորեն»:
Վերջին հազարամյակներում այս բոլորն
անցել են Հայաստանի գլխով, արդ` միաժամանակ երեքն էլ և
հատկապես վերջինը: Սակայն կա նաև չորրորդ մի հնար -
ազգաբնակչության հետ նույնացումը մինչև վերջնական ուծացում,
«Հոգին առաք` մարմինը ձերն է ու ձերը»
սկզբունքով յուրացնելով նաև նրա ինքնությունը,
գենոֆոնդն ու ժառանգական ողջ հոգեֆոնդը` դիմադրության
պարագայում` այն ապականելով, բթացնելով ու չեզոքացնելով:
Եվ միջոցների այս ամբողջության հետ
առավելաբար հենց այդ է այժմ փորձարկվում ողջ հայության վրա`
ներառյալ սփյուռքի, ի դեմս իբր «թունդ ազգայնական
կոմիսարների», վա~յ «հայագետների, ռազմավարների ու
գաղափարախոսների», նման կուսակցությունների, քաղքենի
մտավորականության և ողջ տնտեսա-քաղաքական վերնախավի:
Հազարամյակներ ի վեր պատմական
Հայաստանից ու հայությունից ով կարողացել` վերցրել է ինչ
«ակռան կտրել» է: Այս վերջին պատառը
«Кащей Бессмертный»-ի
բաժինն
է: Ուստի ազնվաբարո չէր լինի, որ մեծ ու քաղաքակիրթ
տերությունները այդ պատառիկը խլեին նրա ձեռքից, երբ այն այլևս
առանձնապես որևէ արժեք չի էլ ներկայացնում ...
Այդ իսկ պատճառով հոկտեմբեր 27-ի
պետական ոճրագործությանը նրանք մնացին կատարելապես անհաղորդ,
թեև դրա վերաբերյալ ունենալով անսահման փաստեր ու ապացույցներ:
Մինչդեռ մեզ, հայերիս այն ընդունակ է դեռ շատ ենթաշերտեր ու
հանգամանքներ լուսաբանել, նման ախտաբանությունից հետո
բացահայտել նաև հնարավոր ապաքինման «դեղատոմսերը», եթե իհարկե
մենք կարողանայինք ըստ արժանվույն գիտակցել այս բոլորը: Բայց,
|
ՈՐՈՆՅԱԼԸ ԳՏՆԵԼՈՒ
ՀԱՄԱՐ ՆԱԽ ՀԱՐԿ Է ԳՏՆԵԼ ՈՐՈՆԵԼԻՆ ...
մինչդեռ,
ԱԶԳԵՐԸ ՄԵՌՆՈՒՄ ԵՆ ... ՏԽՄԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
... |
|
Ալեքսանդր Արորդի Վարպետյան
Մարսել, 12 ապրիլի 2009 թ. |
|
Ինչպես ողջ քննախուզությունը, այս
դիտարկումները ևս բոլորովին նպատակ չէին հետապնդում
քաղաքական գնահատականներ տալ ընթացիկ դեպքերին և
դեմքերին
( ի վերջո նման
«վիշապներ» ունեն բոլորը, թեև ավելի քաղաքակիրթ, բայց
Ռուսաստանը գաղութարար վերջին տերություններից մեկ
է...), առավել ևս բորբոքել վախճանաբանական խուճապ, այլ
միայն ազգաբանական կտրվածքով ներկայացնել իրավիճակը
էությունների մակարդակում, հորդորել հայոց ողջամիտ
շրջանակների ազգային ինքնագիտակցությունն ու
արժանապատվությունը` նախապատրաստելով նրանց հնարավոր
լուծումների` անգամ անհավասար թվացող «վիշապամարտում»:
Վիշապները ևս չեզոքացվում են կամ սանձահարվում, որի
այլաբանական փորձն ունեին մեր թե այլոց նախնիք: Հիշենք
Վահագն վիշապաքաղին և ռուսական Կաշչեյ Անմահի ասքը
(բառացի` «Անմահ գերի»), որի վախճանը գտնվում էր
Տիեզերածովի մեջ գտնվող կղզու, նրա կաղնու տակ գզրոցի,
գզրոցի մեջ` նապաստակի, նրա մեջ`սագի, սագի մեջ` ձվի,
ձվի մեջ` նետասեղի ծայրին ...»:
Հեքիաթ հիշեցնող այս
դիցամոտիվը հայտնվում է անգամ խեթական ծիսատեքստերում
և պարունակում է գաղտնագիտական իմաստ: Ոմանք թերևս
կռահեցին ... |
|