ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
 


  ՆԱԽԱԲԱՆ

Մաս 1.  ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մաս 2.   ԱՆՁՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մաս 3.   ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ

Մաս 4.  ԱՄՓՈՓԻՉ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ


Հավելված 1.  ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-ը» ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ

Հավելված 2.  ԿԱՆԱՉ ՎԻՇԱՊ
Հավելված 3.  «ԻԶԻՍԻ ՔՈՂԸ»...
Հավելված 4.  ԻՆՉՈ՞Ւ ԼՌԵՑ ԱՇԽԱՐՀԸ
Հավելված 5. ՄԻԱՅՆ ՄԵԿ «ՄԱՆՐՈՒՔ» ...
Հավելված 6. ԼՈՒՍՆԻ 27-ՐԴ ԴԵՄՔԸ...
 
Հավելված 7. Մաս I-ՄԵՆՔ ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
         
            Մաս II- ՎԵՐՋԻՆ «ՄԵԽԸ»
 
Հ
ավելված 8.  ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽԱՉ ՈՒ ԽԱՉՔԱՐ 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՆԱԽԱԲԱՆ
    Այս մասին շատ է գրվել ու խոսվել, և թվում է թե այլևս ամեն ինչ բացահայտ է` գոնե բանիմաց շատերի համար, թեև մնում են բավականին մութ ծալքեր: Սույն քննախուզությունը չի հավակնում լիովին լուսաբանել դրանք ու հետաքննչական մանրամասնությունները, այլ միայն հիմնվելով քիչ թե շատ հաստատված տվյալների վրա, դիտարկել պատմական միջադեպը առավել ընդգրկուն իրադարձությունների ու իրավիճակների համայնապատկերում, դրանց զուգորդումներով և էաբանական պրիզմայով` ինչպես նաև անձնական փաստագրումներով: Առավել ևս, որ դրանց հեղինակը եղել է դեպքերի ժամանակակիցը, ճանաչել անձերից ոմանց ու թերևս մասամբ դարձել այդ ոճրագործության անուղղակի զոհը, ինչն էլ դրդեց սույն հետաքննությունը և գուցե մասամբ կպարզվի դրա հրապարակմամբ 1 :  Սակայն կա շատ ավելին:

    Ըստ մեզ և շատ այլոց, հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը ոչ միայն եղավ պատմականորեն շրջադարձային մի հանգույց, նշանավորվեց նորածին անկախության կորստով, հետագա տասնամյակում դարձավ կործանիչ իրադարձությունների, անբացատրելի թվացյալ խառնաշփոթության ու համատարած ջղաձգությունների դրդապատճառը` այլևս ճակատագրորեն աղճատեց ողջ հայ իրականությունը` վարագուրելով նաև ապագան: 26.10.2007 թ. Ազատության հրապարակի իր ելույթում ՀՀ առաջին նախագահը այն համեմատեց 705 թ. արաբների կողմից ողջ հայ նախարարական ավագանու ողջակիզման, 1915 թ. մտավորականության և 1930-ական թվերի ստալինյան գլխատումների հետ: Դրանց ու պատմական այլ ողբերգությունների զուգահեռմամբ, մենք առավել հակված ենք պետական այդ ոճրագործությունը համեմատելու 374 թ. Հռոմի կողմից Պապ թագավորի դավադրական սպանության հետ, որից հետո Հռոմի և Պարսկաստանի միջև ճզմված ու հազիվ փոքր-ինչ ինքնուրույնություն ձեռք բերած Հայաստանը կորցրեց անկախությունը և վերստին տրոհվեց արևմտյան ու արևելյան հպատակության և ներքին ջլատվածության: Մնացյալը հայտնի է:

    Այս առումներով 1999 հոկտեմբեր 27-ի ոճրագործության ըստ էության բացահայտումն ունի նույնքան բախտորոշ ու ազգաբանական նշանակություն` ոչ այնքան լոկ վասն արդարության թե վրեժխնդրության` որքան հավատի ու ինքնավստահության վերականգման, ինքնագիտակցության, ինքնամաքրման և բարոյահոգեբանական ապաքինման: Ուստի, մենք կվազանցենք հայտնի մանրամասները, երևակայելու համար այդ եղերական եղելության բուն էությունն ու խորհուրդը, ինչպես հայտնի թե նույն բառերի վերադասավորմամբ, և անգամ մեկ ստորակետի տեղափոխմամբ ամբողջովին կարող է փոխվել նախադասության իմաստն ու բովանդակությունը: Նույնը նաև բառը այլ նախադասության, նախադասությունը այլ մեկ պարբերության մեջ ընթերցելու պարագայում: Իսկ մնացյալը` յուրաքանչյուրը կարող է լրացնել դեպքերի ու իրավիճակի հետ առնչվող ծովածավալ նյութերով, ինչպես նաև հեղինակի հրապարակված թե դեռևս ոչ արձանագրություններով
2 :

    Ի սկզբանե կուզեինք նաև նշել, որ ոչ մեկ լրատվամիջոց չհամաձայնեց թե չհամարձակվեց հրապարակել սույն քննախուզությունը, ինչը ևս հայ արդի իրականության ախտաբանական մեկ խոսուն հանգամանք է, հավաքական կամա-ակամա մեղսակցության մեկ դրսևորումը և վերլուծության այլ մեկ թեմա: Մինչդեռ, դրա նախորդ տարբերակի սոսկ գոյությունը հեղինակին թանկ արժեցավ, որը հարկ է նույնպես ընդունել որպես ինքնին խոսուն մեղսության փաստ (այդ մասին` իր տեղում):

    Այսուհանդերձ, մենք չնչին իսկ կասկած չունենք, որ առաջին անգամ ներկայացվող այս վարկածը ժամանակի ընթացքում կարմատավորվի հայոց գիտակցության մեջ: Առավել ևս, որ ոճրագործությանը հետևած տասնամյակում խնդրահարույց իրադարձություններն արդեն հաստատել են այն և դեռ կամրագրվի գալիք փորձություններում ...
   1   Միայն այս հրապարակման ազդը արդեն անհանգստացրել է ոմանց ( http://qh.do.am/publ/10-1-0-234 ), ավելին վստահաբար առջևում է ...
  
   2   «ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉԲԱՌ կամ ո՞ւմ է խանգարում Ալեքսանդր Արորդի Վարպետյանը» (Երևան-2003), «Վտարում» (անտիպ), «ԷՈՒԹՅԱՆ ոդիսականը», (անտիպ, խոսքը վերաբերում է համանուն գիտահետազոտական միաբանությանը, որի հիմնադիրն ու նախագահն է` 2002 թվականից Հայաստանից արտաքսված, սույնի հեղինակը), այստեղ արդեն հրապարակված «Հոկտեմբեր 27 և Թուրքիան» ակնարկը:
       Տե’ս նաև հոկտեմբեր 27-ի առնչությամբ շրջանառության մեջ գտնվող բազմաթիվ նյութեր, հետաքննության N°62207199 քրգործից քաղվածքներ 18000 էջ արձանագրություններից, ընթացիկ հղումները թե հարակից աղբյուրները և ինտերնետային ծով ինֆորմացիաները: Ուստի, մենք այստեղ կվազանցենք հայտնի մանրամասնությունները: Առավել ևս, որ, գեղանկարը թե խճանկարը չեն ընկալվում ակնապիշ, երաժշտությունը` «չռված» ականջներով, իսկ երևույթների տակ ընկած էությունները` ակնհայտ մանրուքներով, որոնք հաճախ ուռճացվում են հենց աչքակապության միտումով:
       Ինչ վերաբերում է հետաքրքրասեր թե մասնագետ հետաքննիչներին, ապա նրանք խնդիր չեն ունենա ստուգելու այստեղ առաջին անգամ ներկայացվող որոշ տեղեկությունները, ուղղելու, հարստացնելու թե վերիմաստավորելու այլերը` ինչը ի վերջո հիմնականում կլուսաբաներ ոճրագործությունը, վասն գալիք սերունդների փորձառության, ինքնագիտակցության և գոնե հոգևոր անկախության: