ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
 


  ՆԱԽԱԲԱՆ

Մաս 1.  ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մաս 2.   ԱՆՁՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մաս 3.   ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ

Մաս 4.  ԱՄՓՈՓԻՉ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ

Հավելված 1.  ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-ը» ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ
Հավելված 2.  ԿԱՆԱՉ ՎԻՇԱՊ
Հավելված 3. «ԻԶԻՍԻ ՔՈՂԸ»...
Հավելված 4.  ԻՆՉՈ՞Ւ ԼՌԵՑ ԱՇԽԱՐՀԸ
Հավելված 5. ՄԻԱՅՆ ՄԵԿ «ՄԱՆՐՈՒՔ» ...
Հավելված 6. ԼՈՒՍՆԻ 27-ՐԴ ԴԵՄՔԸ...
Հավելված 7.  Մաս I -ՄԵՆՔ ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
                        Մաս II- ՎԵՐՋԻՆ «ՄԵԽԸ»   
 Հավելված 8.  ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽԱՉ ՈՒ ԽԱՉՔԱՐ                             
 


ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

2. ԱՆՁՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

( հասկանալիորեն առայժմ ոչ ամբողջովին )

      - Մեր առաջին հանդիպումը նահատակ Կ. Դեմիրճյանի հետ կայացավ 1991 թ. աշնանը, երբեմնի 447 գործարանում 12,  հանճարեղ երաժշտահան Ավետ Տերտերյանի ծանրակշիռ միջնորդությամբ, որի երկրպագուն էր մեծ էրուդիցիայի տեր, նախկին ՀՀ ԿԿ առաջին քարտուղարը: Հանդիպման հիմնական նյութը ԷՈՒԹՅԱՆ գաղափարներն էին ( նույն ձմռանը նա զգալիորեն օժանդակեց Գառնու տաճարում ազգագրական տոնակատարությանը ):  Երկրորդ նման մի հանդիպում տեղի ունեցավ 1999 թ. գարնանը, խորհրդարանական բուռն ընտրարշավի ընթացքում, երբ նրա իսկ հորդորանքով գրավոր ներկայացրեցինք հայագիտական ծրագրեր ( ինչը նրա ընտրական թեմաներից մեկն էր)  և պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպել ընտրություններից հետո, քննարկելու համար դրանց կիրառման մանրամասնությունները: «Ծննդոց-Այա» հայագիտական հատորի հրատարակման միջոցներ հայթայթելու նպատակով 13,  ամերիկահայ գաղթօջախ մեր այցելության վերադարձից մեկ-երկու շաբաթ անց տեղի ունեցավ հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը: Ոմանց պես մենք ևս 10 րոպեանոց ըմբոստ ելույթ ունեցանք «Այգ» հեռուստաալիքով, սակայն պատրաստի հաղորդումը այդպես էլ եթեր չտրվեց, բայց դիտավել էր ԱԱԾ ինչ-որ գրասենյակներում:
   12   Նրան Հայաստանում այդ համեստ պաշտոնին մեծահոգաբար հրավիրել էր Լ. Տեր-Պետրոսյանը, մինչդեռ Մոսկվայում Կ. Դեմիրճյանի խիստ ճնշված հոգեվիճակը հեղինակին մտերմաբար ներկայացրել էր իր մերձակից, ՀՍՀ Մշակույթի նախկին նախարար Գ. Առաքելյանը: Իսկ Կ. Դեմիրճյանի ազգամշակութային հակվածությունը հայտնի էր դեռևս խորհրդային վերջին ժամանակաշրջանից:
  
   13  
Հատորը մեծ դժվարությամբ և ոչ առանց ՀՀԿ-ի միջամտության լույս տեսավ շրջադարձային նույն 2000 թ. ամռանը, իսկ սեպտ. 15-ին ԳԱԱ-ի ծովացած մեծ դահլիճում կայացավ գրքի շնորհանդեսը: Միջոցառման այս տեսագրությունն էլ դիտվել էր ԱԱԾ ինչ-որ գրասենյակներում, ապա պաշտոնյա որոշ համակիրներ և անդամներ զգուշացվել էին հեռու մնալ միաբանությունից: 2001 թ. հատորը ներկայացվեց ՀՀ նախագահի մրցանակաբաշխությանը, բայց` հանձնաժողովի անդամ Վ. Այտինյանի խոստովանությամբ, ի սկզբանե դրվել էր մի կողմ: Ավելի ուշ մեկ օրինակ հայտնվեց Մոսկվայի ФСБ /ԱԴԾ գրադարանի հայկական բաժնում, մինչդեռ` ըստ սփյուռքում հայտնված որոշ «օպերատիվնիկների», այդ գիրքը պիտի երբեք չգրվեր, զի «այն նկատառում է բաժանման փորձեր» ( բայց այդ ո՞ւմից...): Ակնհայտորեն, հոկտ. 27-ից հետո ԱԱՆ-ԱԱԾ լոկ անվանափոխումից բացի, թե' Հայաստանում և թե' սփյուռքում ինչ-որ արմատական բան էր փոխվել...

        Վ. Սարգսյանի հետ անմիջական ծանոթություն թե հանդիպում չի եղել, բայց դեռևս 1997 թ. Ա. Բազեյանի միջոցով և հեղինակի մակագրությամբ նրան փոխանցվել էր «Արիականք» ազգային գաղափարախոսության հատորը, իսկ 1999 թ. գարնանային ընտրարշավի կապակցությամբ նրա հիմնած «Երկրապահ» թերթի առաջին իսկ մի քանի համարների սյունակներ տրամադրվեցին ԷՈՒԹՅԱՆ գաղափարներին, ապա միաբանության այնտեղ հնչած «21-րդ դարը մերն է լինելու»  սկզբունքը դարձավ նրա քաղաքական կարգակոչը:

        «Միասնություն» դաշինքի և գալիք իշխանությունների հետ հետագա համագործակցությունը անհայտ էր, սակայն միանշանակ է, որ այն ուներ խիստ ազգամետ ուղղվածություն: Ուստի, նրանց իբր անվերապահ ռուսական կողմնորոշումը միանգամայն բացառվում է` ի հակառակ ավանդաբար ռուսամետ արցախյան շրջանակների, ինչին չէր կարող քաջատեղյակ չլինել ՌԴ-ի նոր իշխանությունը, և ինչն էլ ապացուցվեց դեպքերի հետագա զարգացմամբ ու արդի իրավիճակով:

      - Մինչև ոճրագործությունը Նաիրի Հունանյանի այլազան շրջանակներում ընդդիմություն բորբոքելու մասին արդեն խոսվել է ԶԼՄ-ներում` թեև ոմանց ժխտմամբ: Մինչդեռ, միջադեպից հետո այդ իրողությունը խիստ կցկտուր մեզ հաստատեց ՀԱՄ-ի առաջնորդ և իբր մեր «հավատարիմ» Արմեն Ավետիսյանը, երբ խոսք բացվեց «Ազատություն» ռադիոկայանին տված իր անցյալ հարցազրույցի մասին, որի ընթացքում նա ընդոստ համարձակությամբ կատաղի հարձակվել էր Վ. Սարգսյանի վրա: Այդ առիթով, վարչապետը կանչել էր լուծարված ՀԱԲ-ի հրամանատար Ռազմիկ Վասիլյանին և զգուշացրել սանձել «չգիտես ո՞ւմից և ի՞նչից հանկարծ թև առած իր լակոտներին...»:  Ավելին չասվեց, սակայն հետաքննության որոշ դրվագների հրապարակումից և մութ այլ պարագաների լուսաբանումներից հետո հպանցիկ այդ միջադեպը նույնպես իմաստավորվեց: Ուրեմն ոճրագործությունը հիրավի ունեցել է նախապատրաստական բուռն շրջան և իշխանափոխության նպատակ, ինչն ընթացավ փոքր-ինչ այլ տարբերակով, և ինչից ԱԱՆ-ը չէր կարող տեղյակ չլինել, ՌԴ-ի ԱԴԾ-ն` առավել ևս: Զի, ըստ «իրազեկ» նույն անձի, Հայաստանը հեղեղված էր այդ գործակալներով 14 ...

      - Վերևում ակնարկվեց, որ 2000 թ. մայիսին վարչապետ Ա.Զ.Սարգսյանի և ՊՆ Վ.Հարությունյանի պաշտոնանկությունից հետո, ընդդիմություն-իշխանություն խիստ լարված իրավիճակը միանգամից փարատվեց, երբ ՀՀԿ-ի նախագահ Ա. Մարգարյանը անսպասելիորեն նշանակվեց վարչապետ: Դրան նախորդեց Հ1-ով եթեր հեռարձակված պահանջատեր խմբի նիստը (զինդատախազ Գ. Ջահանգիրյան, Ա. Զ. Սարգսյանը, ԵԿՄ նախագահ Ա. Բազեյան և այլք)  և հատկապես Ա. Մարգարյանի ՀՀ նախագահին ուղղված խիստ վճռական վերջնագիրը` կապված հետաքննության հետևողական խափանումների հետ: Առճակատումը հղի էր արյունահեղ հետևանքներով: Ուստի, հաջորդ իսկ առավոտ մենք անհանգստացած մտանք ՀՀԿ գրասենյակ և պատասխանատուներից ոմանց գտանք ուռած ու կարմրած աչքերով 15«Ի՞նչ է պատահել»  մեր հարցին ՀՀԿ քարտուղար Ռ. Զոհրաբյանը մտահոգ պատասխանեց. «Ամբողջ գիշերը հերթապահել ենք ...» (սպասում էին հարձակման, 1991 թ. ՀԱԲ-ի միջադեպը չէր մոռացվել...):  Մի քանի օր անց Անդրանիկ Մարգարյանը նշանակվեց վարչապետ, իսկ վճռական խումբը պառակտվեց: «Մենք այդ որոշումն ընդունեցինք մեծ դժվարությամբ...», այլ առիթով մեզ կցկտուր խոստովանեց նույն Ռազմիկ Զոհրաբյանը: Իսկ այն հանգամանքը, որ Ա. Մարգարյանը եղավ ամենաերկարակյաց վարչապետը և ՀՀԿ-ն դարձավ իշխանության զորեղ հենարաններից մեկը, ավելի ուշ` Սերժ Սարգսյանը դրա Խորհրդի, ապա ողջ կուսակցության նախագահը, այնուհետ վարչապետ և ի վերջո 2008 թ. ՀՀ նախագահ, կարծում ենք մեկնություններ չի պահանջում:
   14   Ըստ Ն. Հունանյանի, ինքը Ռ. Վասիլյանի տանը հանդիպել է նաև «Աբովյանից ցեղակրոն ինչ-որ կազմակերպության»: Այն հենց ՀԱՄ-ն է, ի դեմս վերոնշյալ «արիացու» ( նշյալ քրգործը, հատոր N°20, գ.թ.129 ):
  
   15  
ՀՀԿ-ի հետ մեր բարեկամությունը սկսվել էր դեռևս Ա. Նավասարդյանի հետ Ճարտարապետների տանը, որտեղ 1990թ. տեղավորվել էին սկզբնական ՀՀԿ-ն և ԷՈՒԹՅՈՒՆ միաբանությունը: Այն շարունակվեց Ա. Մարգարյանի հետ, որը դեռևս 1989 թ. ներկա էր Գառնու տաճարում առաջին տոնակատարությանը, իսկ վարչապետության շրջանում նրբորեն քարոզում էր Էության գաղափարները, մինչև իսկ ՀՀ կառավարության 15.08.2002 թ. N°1302 որոշմամբ, հայագիտությունը ՀՀ գիտական զարգացման գերակայություն հռչակելը, ինչը հորդորվում էր «Արիականք» ազգային գաղափարախոսությամբ (1997թ.):

      - Նշյալ «Ազգային խաչբառ...» գրքույկում ( հատված 1-ին, էջ 1, *աստղիկը )  հպանցիկ խոսվում է նույն 2000 թ. հունիսին կատարված մի աննշան միջադեպի մասին, երբ ԱԱԾ ոմն ավագ սպա, «կասկածից վեր» մի մերձակիցի միջոցով մեզ հորդորել էր դիմել Գ.Գ. անուն-հայրանվամբ իրենց տեսչության տնօրենի տեղակալին (միմիայն նրան և ոչ մի դեպքում նույն Գ.Գ. մականվամբ իբր չարամիտ մյուս փոխտնօրենին...):  Հորդորանքը պատճառաբանվում էր իբր այդ համակարգում հրամայական դարձած «ազգային ինքնագիտակցության» անհրաժեշտությամբ, ինչն էլ հենց մեր գոյաբանական գերխնդրականներից մեկն էր ( իսկ այդ ինչո՞ ւ հանկարծ, ի՞նչ էր տեղի ունենում այդ համակարգում...):  Եվ որքան էլ զգոն նման պարագաներում, այդ դիմումը այդուհանդերձ գրվեց (տես նշյալ գրքույկը, էջ 21 ):  Հասարակական վայրում կայացավ հանդիպում միայն նշյալ անձի օգնականի հետ, բացատրվեցին ԷՈՒԹՅԱՆ նպատակները, իսկ ԱԱԾ փոխտնօրենին որոշակի ծրագրով ներկայանալու առաջարկը մեր կողմից մերժվեց: Հայելու այն կողմում անհայտներն անչափ շատ էին, և բանակցությունը դրանով ավարտվեց:

        Այսուհանդերձ ովքե՞ր էին անանուն այդ անձինք, որոնք այստեղ արդեն հարկ է բացահայտել:
        ա._ Առաջին Գ.Գ-ն ԱԱԾ-ի արդի պետ Գորիկ Գ. Հակոբյանն է, երկրորդը` Գրիգոր Գ. Գրիգորյանը, այդ օրը Ս. Սարգսյանի փոխարեն ներկա Խորհրդարանում 16:  Բայց չգիտես ինչո՞ւ Ն. Հունանյանի հետ բանակցությունները նրա մտերիմ Տիգրան Նազարյանի 17  և Ալիկ-Ալեքսան Հարությունյանի 18  միջոցով` հատկապես վարել է Գ.Գ. Գրիգորյանը, երբ սկզբունքորեն այն պետք էր վստահվեր ահաբեկչության դեմ պայքարի պատասխանատու Գորիկ Հակոբյանին: Իհարկե, կա որքան տրամաբանական` նաև նույնքան խրթին բացատրություն. Ն. Հունանյանը ԱԱՆ-ում ունեցել է առնվազը երկու «տեր» (ըստ ընդունված «ժարգոնի», իմա` ղեկավար սպա ),  մեկը Վահան Մանուկյանը (Գ. Գրիգորյանի ենթական և Տ.Նազարյանի «ծանոթը», որի հետ կապվել ու եկել էր հանցավայր...),  մյուսը` Գ. Հակոբյանի «մարդը», նույն վերոնշյալ «ավագ սպան», որը հորդորել էր մեզ դիմել «միմիայն առաջին Գ.Գ.-ին և ոչ մի դեպքում մյուսին...»:  Ուրեմն այդ նախկին երկու ԱԱՆ փոխնախարարների միջև պետք է որ լիներ ինչ-որ հակադրություն, որը չի թվում այդքան անձնական` որքան առաքելական, որտեղից էլ թերևս Ն. Հունանյանին միանգամից ու նվազագույնը երկու «տեր» 19:  Իսկ այդ ևս ինքնին խոսում է ընդգրկուն մի նախապատրաստական ծրագիր մասին ...
   16   Եվս մեկ «պատահականություն», հենց այդ օրը Ս. Սարգսյանը բացակայել է քաղաքից, իսկ ՀՀ նախագահը բավականին երկար լռել է, մինչև Ն. Հունանյանի համառությամբ ստիպված եկել է բանակցության:
  
   17  
Թուրք. «Հյուրրիեթ» թերթի թղթակիցը, ԱԱՆ աշխատակից և Հայկ. հեռուստատեսության տնօրեն Տիգրան Նաղդալյանի խորհրդականը: Ոճրագործության մեջ ունեցել է որոշակի դեր (Խորհրդարան անցաթղթերի, ԱԱՆ, նախագահական և լրատվական շրջանակների հետ կապերի ապահովում ևն): Հետաքննության ընթացքում տվել է հակասական ցուցմունքներ, այսուհանդերձ որպես Հ1 հեռուստաընկերության լրագրող գործուղվել ԱՄՆ, այնտեղ արել կարևոր հայտարարություններ ( հատուկ ծառայություններին` վստահաբար առավել), և թե' ինչ-ինչ անհանգստությամբ, թե' ԱԱԾ-ի հորդորանքով այլևս չի վերադարձել:

        Տ. Նազարյանի մեկ ցուցմունքով, ոճրից հետո նրան զանգահարել է նույն Վ. Մանուկյանը, եկել նրա հետևից, գնացել են ԱԱՆ և ապա ուղևորվել ԱԺ: Իսկ ԱՄՆ ուղևորությանը դեպի օդանավակայան նրան ուղեկցել է նույն ԱԱՆ աշխատակից Վ. Մանուկյանը (ՉԻ,N°567, 2.06.2006 ; էլեկտ. A1+ թերթ, 27.10.2007): Տարբեր ցուցմունքներում կան որոշ անհամապատասխանություններ, որոնք կարևոր չեն ու չեն փոխում իրադարձության բուն էությունը:
  
   18  
Ալիկ-Ալեքսան Հարությունյան` ՀՀ նախագահական անձնակազմի ղեկավար: Խիստ կարևոր և մութ դեր է ունեցել ոճրագործության թե’ նախապատրաստման մեջ և թե’ ընթացքում ( ըստ հենց Նաիրի Հունանյանի, եղբոր Կ.Հունանյանի և այլոց ցուցմունքների, կան հարցաքննական արձանագրությունները), ինչը 27.10.2007 թ. իր հրապարակային ելույթում բարձրաձայնեց նաև ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը: Ոճրագործությունից հետո նա նույնպես ձեռբակալվել է, ապա 2000 թ. որոշ ամբաստյալների հետ ազատ արձակվել իբր անբավարար հանցանիշերի պատճառով: Այստեղ հարկ է արձանագրել ու չմոռանալ ՀՀ նախագահի անձնակազմի ու դրա ղեկավարության դերը այդ և հետագա իրադարձությունների ողջ ընթացքում` անգամ ղեկավարների փոփոխությունից հետո, ինչն ինքնին երևակում է ՀՀ նախագահին ու նրա գործելաոճը...
  
   19  
Հայաստանի սահմանները` հայերի համեստ առկայությամբ, պահպանում են ռուս զինմիավորումները, արտերկրի հետ ելումուտը` նույնպես, որոնք այլ պարագաների հետ ի պաշտոնե հարակցում են ՀՀ և ՌԴ անվտանգության ծառայություններին (էլ չխոսելով գաղտնի, կամ ոչ պաշտոնական սպասարկությունների մասին): Ուստի ԱԱՆ-ԱԱԾ-ում նրանց բարձրաստիճան ներկայացուցչությունը բնականոն է, ինչպես շատ աշխատակիցների ռուսամետ թե ազգամետ անձական տրամադրությունները: Այսուհանդերձ պարզ չէ, թե այդ երկու Գ.Գ.-ներից ով ո՞վ է և նրանցից ով որոշակի ի՞նչ դեր է ունեցել հոկտ. 27-ի ոճրագործության մեջ, բայց կարող ենք ենթադրել, թե այդ ի՞նչ վերափոխումներ էին տեղի ունենում ԱԱԾ համակարգում 2000 թ. շրջադարձային ամռանը:

        բ._ «Կասկածից վեր մտերիմը» մեզ մերձակից բարեկամ է (գործի հետ բացարձակապես անկապ, ուստի անունն էլ ոչ կարևոր),  իսկ ԱԱԾ «ոմն սպան»` նրա մտերիմ, Ն. Հունանյանի երկրորդ «տերը», այդժամ ԱԱՆ 2-րդ Գլխավոր Վարչության, Թուրքիայի գծով աշխատակից և նրան իր եղբոր Կարեն Հունանյանի հետ 1998-99 թթ այնտեղ գործուղումները ինստրուկտուրավորած, այդժամ մայոր` արդ գնդապետ Կարեն Պարունակյանը: Անձ, որի մասին Ն. Հունանյանը վկայում է. «Ես մշտապես շփվել եմ մի անձի` Պարունակյանի հետ: Բայց բնականաբար Պարունակյանը չի գործել ինքնագլուխ, որովհետև ի լրումն ասածիս, ասեմ, որ երբ նա ինձ առաջարկել է համագործակցություն, իր ասելով` այդ առաջարկը եղել է նախարարության ղեկավարությունից...»  (ցուցմունքը եղել է թուրքերի հետ կապերի սերտացումը, անհայտ ինչ-ինչ նպատակներով... ՉԻ, N°615/ինտերնետ. N°775, 8.12.2006):

        Նրա և Վ. Մանուկյանի անունները 2003 թ. առաջին անգամ հրապարակեց նույն Տիգրան Նազարյանը ( հետաքննության և դատավարության ընթացքում նրանք այլ շատերի պես անցել են որպես միայն վկա, իբր ելնելով պետական շահերից...),  ապա հետաքննության շուրջ 18000 էջ էլեկտր. արձանագրություններով 2002 թվից Ֆրանսիայում քաղաքական ապաստան գտած, «Դիտորդի վարկածն» ու գործին առնչվող այլ հրապարակումների հեղինակ, բավականին իրազեկ Վահագն Ղուկասյանը 20
(տե'ս` Վ.Ղուկասյանի կայքը),  իսկ ավելի ուշ` բազմաթիվ լրատվամիջոցներ, բացահայտելով նաև ՊԱԿ-ԱԱՆ անգամ նախորդ համակարգերի, դաշնակցության թե այլ կազմակերպությունների հետ Նաիրի Հունանյանի երբեմնի կապերն ու այլազան գործունեությունները: Եվ այդ այնքան շատ, որ անվտանգության ծառայությունների առնչությունը և դրանց հետ Ն. Հունանյանի կապը ոճրագործության մեջ այլևս չնչին կասկած հարուցել չեն կարող: Մեր այս համեստ վկայությունը, հազիվ թե ծանրակշիռ լրացում լինի այդ անժխտելի իրողությանը, սակայն կարող է օժանդակել այլ հանգամանքների լուսաբանմանը:

      - Վերջապես կա 2002 թ. Հայաստանից մեր խորհրդավոր արտաքսման պարագան` առանց անգամ սոսկ այցելության թույլտվության, նույնիսկ ամենուր հետապնդումներով և հաշվեհարդարի սպառնալիքներով (հար ու նման շատ այլոց պես...), ինչն էլ պատճառ դարձավ նախ նախորդ` ապա այս քննախուզության 21:  Բայց այդ ինչո՞ւ, մեր սոսկ ոգե-գաղափարական գործունեությա՞ն թե՞ ոճրագործությունից մեր այսքան համեստ իրազեկության համար: Գուցե միաժամանակ երկո՞ւսն էլ, ինչը կբացատրեր հոկտ. 27-ի առավել արմատական դրդապատճառները, իսկ այդու կմատնանշեր նաև ներքին ու արտաքին մեղսածիններին...

      - Եվ վերջին ևս մեկ հետաքրքիր հանգամանք: 2006 թ. գարնանը մեր համակիրներից ոմանք 22  փորձեցին ՀՀ նախագահի անվտանգության գծով խորհրդական նույն այդ Գ. Իսագուլյանի հետ բանակցել Հայաստան մուտքի մեր արգելքի հանգուցալուծումը, սակայն անարդյունք: 2006 թ. աշնանը նման փորձ նախաձեռնվեց ՊՆ վերին օղակներում: Այդ առիթով պահանջվեցին այլազան փաստաթղթեր և դիմում, որին` ըստ վստահ աղբյուրների,Ս. Սարգսյանի մակագրությամբ ընթացք էր տրվել ( տե’ս նաև`
http://en.wikipedia.org/wiki/Alexander_Varbedian ):  Ըստ այդմ, ներքին կարգով ստուգվել և հաստատվել է, որ մեր անձնական «դոսյեն» մաքուր է և մուտքի որևէ պաշտոնական արգելք չկա ( հարկ է ենթադրել հենց ԱԱԾ-ում ):  Սակայն մեր գրական աղբյուրներում գտան սույն «ԱԽ, Հոկտեմբեր 27-ի առեղծվածը » նախորդ ու անտիպ մեքենագրության հիշատակումը և պահանջվեց այն կցել գործին կամ հակիրճ շարադրել դրա բովանդակությունը: Ըստ թելադրանքի պատասխանեցինք ձեռագիր և ստորագրությամբ. «Այն ոչնչացված է, բովանդակում էր լոկ գոյաբանական վերլուծություն` առանց որևէ էական մանրամասնությունների»:  Անհայտ է, ա՞յդ թե՞ այլ պատճառներով գործը սառեցվեց, խուսանավեցին և մեզ ուղղեցին դեպի այդ չարաբաստիկ նախագահականը(???...): ՀՀ նախագահին մեր նոր դիմումը վերստին մնաց անարձագանք:
   20   Հեռախոսային մի զրույցի ընթացքում մեր. «իսկ ով է եղել Ն. Հունանյանի "տերը"» սոսկ ստուգողական հարցին անձը նախ պատասխանեց. «Կարեն Բաբուխանյանը» ( իրականում` Հայկ: Եվս մեկ դերակատար ու «արդարացված» կասկածյալ...), իսկ «գուցե Պարումյա՞ն» մեր ճշտման փորձը մեքենայաբար ուղղեց. «...Պարունակյան»: Ուրեմն մեր տեղեկությունները հավաստի էին, իսկ մեզ մնում էր հարգել այլոց գաղտնապահությունը:
  
   21  
Նախ միակ պատճառաբանությունը եղել է «նպատակահարմար չէ» (բայց այդ ո՞ր նպատակի...): Կատարյալ անպատասխան էին մնացել մեր և հայրենի մտավորական ավագանու ՀՀ նախագահին ու բարձրագույն իշխանություններին ուղղված «Բաց նամակները», ինչպես նաև ԶԼՄ-ների բուռն արձագանքները (ուստի վերևների անտեղյակ լինելը բացառվում է, հրահանգը` շատ հնարավոր ...  Տե'ս` Ա.Վարպետյանին Հայաստանից վտարման առեղծվածը): Պակաս խորհրդավոր չէ այս առիթով 2002 թ. վարչապետ Ա. Մարգարյանի.  «Ես այդ գործին խառնվել չեմ կարող...» կողմնակի չքմեղացումը` կինոբեմադրիչ Ա. Մանարյանի փոխանցմամբ ( երբ նա թեթև մի ստորագրությամբ իրավասու էր բեկանել ստորադասների անհեթեթ թվացյալ որոշումը): Առավել խոսուն է այն հանգամանքը, որ բոլոր հետապնդումները հրահանգվում էին մեկ կենտրոնից և արձագանքվում ռուսամետ, նախկին թե արդի որոշ «օպերատիվնիկների» և դաշնակցական շրջնակներում: Մինչդեռ հաշվեհարդարի սպառնալիքները հուշում էին ինչ-որ գերլուրջ դրդապատճառ, այնքան, որ ըստ ԱԱԾ որոշ գործակալների խորհուրդի սոսկ արտաքսումը դեռ պետք էր ընդունեինք որպես «լավագույն լուծում» ...
  
   22  
Բարեբախտաբար համակիրներ և ընթերցողներ կային ամենուր, որոնք, ավա~ղ, հետևողական ճնշումների տակ աստիճանաբար զգուշացան ու ինքնամփոփվեցին` այդ թվում նաև մեր մերձակից բարեկամը:

        Ամիսներ անց, արգելքի պաշտոնական բացակայությունը իրենց համակարգիչների «սև ցուցակում» ներքին կարգով հաստատեց նաև Հայաստանի սահմանապահ անցակետերի գլխավոր հրամանատարը: Մինչդեռ, 2007 թ. մայիսին, ԱԳՆ-ից համացանցի միջոցով Հայաստան մուտքի 21-օրյա էլեկտրոնային eVisa արտոնագրի հերթական հայցը վերստին մերժվեց: Եղելությունը ապշեցրեց անգամ վերին ու ամենաբանիմաց պաշտոնյաներին: Նրանցից մեկը եզրահանգեց ու նորից ներքին կարգով փոխանցեց. գոյություն ունի անգամ ԱԱԾ-ում և ընդհանուր «բազայում» չգրանցված անցանկալի անձանց մի գերգաղտնի ու ցմահ «սևագույն ցուցակ», և հավանաբար մենք հայտնվել ենք հենց այնտեղ...

        2008 թ. ամռանը փորձեցինք ըստ կարգի ՀՀ անցագիր ստանալ վրաց-հայկական Սադախլո անցակետում: ՆԳ աշխատակիցը նախ կատակով ու բարեհամբույր վերցրեց մեր անձնագիրը, ապա համակարգչում ստուգելուց հետո համարյա գունաթափ փակեց պատուհանը և «մեկ րոպե» խնդրելով շտապեց վերև, իսկ 1-1,5 ժամից արդեն մեր պանծալի սահմանապահ-«չեկիստները» մեզ ետ ուղարկեցին պատերազմային Վրաստան: Մեր ազգանունն արդեն հայտնվել էր նաև համակարգչային «սև ցուցակում»...

        Բայց այդ ինչո՞ւ, այն էլ այդպիսի չարագույժ ու ցմահ մի ցուցակում: Եվ ի վերջո, ի՞նչ է թաքցնում այդ բացառիկ հույժ գաղտնի  «սև գզրոցը», եթե մարդուս պաշտոնական «դոսյեն» մաքուր է ԱԱԾ-ում: Այս ամբողջ առեղծվածը գրավեց նաև «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության ուշադրությունը, որը հարցումներ ուղղեց պատկան մարմիններին և իր «Հետք» էլեկտրոնային շաբաթաթերթում հաջորդաբար հրապարակեց արդյունքները: Ըստ ՀՀ ՆԳ ՕՎԻՐ վարչության ի վերջո պատճառաբանության, մեր մուտքը Հայաստան արգելվում է համաձայն 04.02.2007 թ. ուժի մեջ մտած «Օտարերկրացիների մասին» ՀՀ նոր օրենքի 8–րդ հոդվածի 1-ին կետի գ  և զ  ենթակետի.
«Գոյություն ունեն նրա կողմից ՀՀ պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին
այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ» ( ??? )...

        Սակայն, ինչո՞ւ այդ չասել 5 տարի առաջ: Եվ հետո, Հայաստանից «27-ի» առնչությամբ ոմանց պես հեռացվելուց և մուտքի բազմաթիվ արգելքներից հետո, ինչո՞ւ ինչ-ինչ շրջանակների կողմից կասկածելի այդ հետապնդումները ողջ սփյուռքով մեկ, այլազան զրպարտանքներն ու դեռ հաշվեհարդարի սպառնալիքները, երբ մենք և սրտացավ այլք համառորեն բարձրաձայնում էինք այս խնդրականը զանգվածային լրատվամիջոցներով, և այլևս Բաց Նամակով վերստին դիմում արդեն վարչապետ Սերժ Սարգսյանին, թեև առայժմ առանց որևէ արձագանքի, և տարօրինակորեն նորից «հոկտեմբեր 27-ի առեղծվածը» անգո ձեռագրի մասին խափանիչ ներքին շշուկներով: Վստահաբար, այս անգամ ևս խնդրի հանգուցալուծման փորձը հանդիպել էր «հույժ գաղտնի»  պահապանների թունդ ընդդիմությանը:

        Ահա այս ամենն էլ առիթ դարձան սույն նոր հետաքննությանը, դրա ընթացիկ լրացմանն ու խորացմանը` ըստ նորանոր տվյալների ու իրավիճակների: Առավել ևս, որ այժմ մեր գերխնդիրը սեփական արժանապատվության և բանսարկված հեղինակության մաքրագործումն է:

        Այսուհանդերձ մնում է նաև առանցքային մեկ հարց. ինչո՞ւ, անգամ մեր «փուչ» պարագայում բարձր իշխանություններին այդքան անհանգստացնում է «փակված» թվացյալ հոկտեմբեր 27-ի ոճրագործության նույնիսկ չնչին ակնարկումը, եթե վերևներում ոմանք հիրավի մեղապարտ չեն:

        Գուցե անգամ այսքան համեստ վերլուծությունն էլ այնքան «անմեղ» ու անվնաս չէ՞...