ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
 


ՆԱԽԱԲԱՆ

Մաս 1.  ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մաս 2.   ԱՆՁՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մաս 3.   ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ

Մաս 4.  ԱՄՓՈՓԻՉ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ

Հավելված 1.  ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-ը» ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ
Հավելված 2.  ԿԱՆԱՉ ՎԻՇԱՊ
Հավելված 3. «ԻԶԻՍԻ ՔՈՂԸ»...
Հավելված 4.  ԻՆՉՈ՞Ւ ԼՌԵՑ ԱՇԽԱՐՀԸ
Հավելված 5. ՄԻԱՅՆ ՄԵԿ «ՄԱՆՐՈՒՔ» ...
Հավելված 6. ԼՈՒՍՆԻ 27-ՐԴ ԴԵՄՔԸ...
Հավելված 7. Մաս I -ՄԵՆՔ ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ  
                   
 Մաս II- ՎԵՐՋԻՆ «ՄԵԽԸ»
 Հավելված 8.  ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽԱՉ ՈՒ ԽԱՉՔԱՐ                                          


ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

1. ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈԻՆՆԵՐԻ  ՀԱՄԱՌՈՏ  ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
        1991 թվականին, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հարկ էր սպասել պատմական "ճոճանակի" դիալեկտիկական վերադարձը պարուրային այլ մեկ աստիճանի վրա` մասնավորապես Կենտրոնում և նրան հարակից «թույլ օղակներում»: Առավել ևս, որ կադրային, նյութական թե սոսկ սոցիոհոգեբանական պաշարները ամբողջովին չէին սպառվել, մասամբ անցել էին ընդհատակ, մասամբ պատեհապաշտորեն այլակերպվել, իսկ ընչազրկված թե հիասթափված զանգվածը սպասում էր նոր վերափոխումների:

      - Դրանց առաջին դրսևորման պատճառ հանդիսացան Հայաստանում 1996 թ. նախագահական տարակուսելի ընտրությունները, իրենց հայտնի հետևանքներով: Տկարացած ՀՀ նախագահը սպարապետ Վ. Սարգսյանի նախաձեռնությամբ վարչապետի պաշտոնին է հրավիրում Ռ. Քոչարյանին, իսկ ՆԳ և ԱԱ միացյալ ու կարևորագույն նախարարությունները վստահում է նրա գործընկեր Սերժ Սարգսյանին (երկուսն էլ խորհրդային երբեմնի «կադրայիններ»):

        Եվ անմիջապես սկսվում է գալիք «հեղաշրջման» և դրա առանցքային` «հոկտեմբեր-27» իրադարձության լատենտային գործընթացը 3 :

      - Ճիշտ նույն 1996 թ., Սանկտպետերբուրգի քաղաքապետ Ա. Սոբչակը կորցնում է վերընտրության ընտրապայքարը, իսկ նրա արդեն «գործազուրկ» տեղակալը` նախկին հետախույզ, փոխգնդապետ Վ. Պուտինը ուղղակիորեն դիմում և դառնում է Կրեմլի վարչական ղեկավար, հայտնի զեղծարար Պ.Բորոդինի տեղակալը, իսկ երկու տարի անց միանգամից նշանակվում ՌԴ ФСБ/ԱԴԾ-ի տնօրեն ( Անվտանգության Դաշնային Ծառայություններ, նախկին ԿԳԲ-ՊԱԿ ) ...

      - Մինչ այդ, 1997 թ. աշնանը թափ է առնում Լ. Տեր-Պետրոսյանի պաշտոնազրկման սքող գործընթացը, իսկ 1998 թ. փետրվարին, արցախյան հիմնահարցի առնչությամբ տեղի տալով Վազգեն Սարգսյան-Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան եռյակի ճնշմանը, նա ներկայացնում է իր հրաժարականը` նախապես այդ մասին տեղեկացնելով դաշնակից երկրներին` այդ թվում ՌԴ նախագահ Բ. Ելցինին ( վերջինս խորհուրդ չի տալիս և նույնիսկ առաջարկում է իր օգնությունը: Բայց այդ ինչպիսի՞...):  Այդպես, «ինքնաբերաբար» Ռ. Քոչարյանը նախ դառնում է ՀՀ նախագահի պաշտոնակատար, իսկ 1998 թ. մարտ 30-ի նախագահական արտահերթ ընտրություններում` արդեն լիիրավ, բնականաբար օգտագործելով իշխանական լծակները, ուժային գործընկերների զորեղ աջակցությունը, այդուհանդերձ սահմանադրական հայտնի խախտումներով և ընտրական զեղծարարություններով, ընդդեմ քաղաքական դաշտ վերադարձած Կ. Դեմիրճյանի: Թվում էր, թե հաղթական եռյակը հասել էր իր նպատակին և առջևում գոնե ներքին հակամարտություններ չկան: Վ. Սարգսյանն ու Ս. Սարգսյանը մնացել էին իրենց ուժային նախարարություններում և փաստացի ողջ իշխանությունը հզոր եռյակի ձեռքերում էր: ՌԴ-ն խճճվել էր ներքին և արտաքին խնդրականներում, Ադրբեջանը` նույնպես, Չեչնիայի առաջին պատերազմը խաղաղվել էր հօգուտ վերջինիս, իսկ Արցախի հիմնահարցը` թեև հրատապ, շարունակում էր մնալ միջազգային ատյանների քննարկման առարկան, մինչդեռ Հայաստանը կարծես կարող էր գոնե առժամյա բևեռվել իր տնտեսա-հասարակական հարցերի վրա:

      - Բայց ահա, ներքաղաքական խնդիրների կարգավորումից ընդամենը մեկ քանի ամիսներ անց, սկսվում է խորհրդավոր և ցայսօր չբացահայտված սպանությունների միմյանց հաջորդող շարքը. 08.08.1998 թ.` ՀՀ գլխ. դատախազ Հենրիկ Խաչատրյան, 10.12.1998 թ.` ՀՀ ՊՆ փոխնախարար Վ. Խոռխոռունի, 09.02.1999 թ.` ՀՀ ՆԳ և ԱԱ փոխնախարար Արծրուն Մարգարյան ( իմա` հենց Ս. Սարգսյանի տեղակալը, բայց նաև Ներքին զորքերի հրամանատարը...),  08.03.1999 թ. լրագրող Տ. Հայրապետյանը 4 ,  այլք, և «պատահաբար» բոլորն էլ Վ. Սարգսյանի մերձակիցներից: Արտառոցն այն է, որ այդ սպանությունների մեջ անհաջող փորձ է արվում մեղադրել հենց Վ. Սարգսյանի շրջանակը: Այս ամենը զուգորդվում է նաև «վհուկերի որսով»` հատկապես սպարապետի երբեմնի մտերիմ Վ. Սիրադեղյանի: Եվ այդ` սպանված թե ինքնասպանված (երևի Ա. Մարգարյանի պե՞ս...)  ՀՀ գլխ. դատախազի երբեմնի տեղակալ, ապա նրան փոխարինած Աղվան Հովսեփյանի բուռն ջանքերով, բայց նրան նշանակած Քոչարյան-Սարգսյան տանդեմի նույնքան բուռն հովանավորությամբ (խորհրդային ժամանակ նրանք հարաբերվել են Արցախում):  Իսկ առավել արտառոցն այն է, որ ՆԳ և ԱԱ միանձնյա նախարարն իր ոչ պակաս կարևոր գործընկերով հանդերձ վերոնշյալ սպանությունները անկարող եղավ բացահայտել` ինչպես նաև չի բացահայտվել ևս մի քանի ամիսներ անց հոկտ.27-ի աննախադեպ ոճրագործությունը: Բայց առայժմ ամեն ինչ հերթով:
   3   Այդ մասին հանգամանալից տես ՉԻ- «Չորրորդ Իշխանություն» թերթի N°N° 353-364 համարներում` «ՀԵՂԱՇՐՋՈՒՄ. ԳԱՂՏՆԱԶԵՐԾՄԱՆ ՊԱՀԸ» խորագրի տակ, ավելին` «ՎԵՐՀԻՇԵՆՔ» խորագրով N°N° 546-695, իմա`17.03.06-27.10.2007թթ,  http://septemberi21.blogspot.com/2007/11/27.html կայքը և այլուր:
  
   4  
1997թ. աշնանից ի վեր մամուլով բազմիցս զգուշացրել է Վ. Սարգսյանի դեմ սպասվող մահափորձի վերաբերյալ, իսկ նրա հետ անձամբ հանդիպման փորձից 3 օր անց, դարձել խորհրդավոր ավտովթարի զոհ ...


      - Ըմբռնելով «արալեզների դավադրությունը» և կռահելով այժմ արդեն իր դեմ լարվող որոգայթը, Վ. Սարգսյանը հենվում է «Երկրապահ-Հանրապետական» դաշնության վրա և նախընտրելի Կ. Դեմիրճյանի ՀԺԿ կուսակցության հետ կազմում «Միասնություն» հզոր ու հեռանկարային դաշինքը: 1999 թ. գարնանը այն վստահորեն հաղթում է խորհրդարանական ընտրություններում, Կ. Դեմիրճյանը ընտրվում է արդեն մեծամասնությամբ յուրայիններից կազմված Խորհրդարանի, նախագահ, Վ. Սարգսյանը օրինաչափորեն նշանակվում վարչապետ, ի վերջո տարաբաժանում ՆԳ և ԱԱ նախարարությունները և առաջինը վստահում մերձակից Սուրեն Աբրահամյանին` թեև Ռ. Քոչարյանի համառությամբ և հասկանալի նկատառումներով ԱԱ ծառայությունների տնօրինությունը մնում է Ս. Սարգսյանին ( ըստ ոմանց, այդ Վ. Սարգսյանի հաջորդ, ճակատագրական վրիպումն էր...):  Այսուհանդերձ, փաստացի իշխանությունը հիմնականում «Միասնություն» դաշինքի ձեռքերում էր, իսկ Վ. Սարգսյանը դիտվում էր ՀՀ ապագա նախագահի ամենահավանական թեկնածուն: Նա այդպես էլ ընդունվեց 1999 թ. սեպտեմբերի վերջերին ԱՄՆ իր այցելության և փոխնախագահ Ա. Գոռի հետ սպասվածից ավելի ջերմ ընդունելության ընթացքում:

        Քոչարյան-Սարգսյան տանդեմին մնում էր` բացի նախորդ իշխանափոխությամբ Հայաստանում վերականգնված և վրեժխնդրությամբ լի դաշնակցականներից ( ի միջի այլոց արդեն «թունդ» ռուսամետ ...),  քաղաքական կուռ հենարան, այլ շարունակելիություն և կողմնորոշում որոնել ...

      - Մինչ այդ, Կրեմլի շուրջ պայթում է կոռուպցիայի համաշխարհային աղմուկը` մասնավորապես կապված շվեյց. Mabetex ընկերության հետ: ՌԴ գլխ. դատախազ Յ. Սկուրատովը փորձում է բացահայտել գործը, ինչն էլ նրան արժեցավ հեռուստատեսային «սեռական շանտաժն» ու պաշտոնանկությունը: Դրա մեջ իր որոշակի դերն ունեցավ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար և ФСБ/ԱԴԾ-ի տնօրեն Վ.Պուտինը` արժանանալով կրեմլյան «ընտանիքի» առավել վստահությանը, իսկ 09.08.1999 թ.` միանգամից ՌԴ վարչապետի պաշտոնավարությանը 5 :  Այդ արդեն ուղիղ ճանապարհ էր բացում դեպի նախագահական բազկաթոռ, ինչն անմիջապես կռահեցին ներքին և արտաքին հեռատեսները ...

        Եվ հիրավի նրանց ակնկալիքները սպասեցնել չտվին: Պուտինն ու թիմակիցները անմիջապես սկսում են նախապատրաստվել նախ Պետդումայի մոտակա և գալիք 2000 թ. նախագահական ընտրություններին` միաժամանակ ամրագրելով Ռուսաստանի ազդեցությունը հետխորհրդային հնարավոր տարածքներում, և բաց չթողնելով կամ ստեղծելով նպաստավոր ցանկացած առիթ:

      - Առաջին այդ հնարավորությունը նախ ընձեռեց Շ. Բասաևը` 05.08.1999 թ. Դաղստանում իր ռազմական գործողությամբ, որին ՌԴ-ն պատասխանեց ջախջախիչ հարվածով 6 :  Երկրորդ առիթը ստեղծվեց 09.9.1999 թ. մերձմոսկովյան բնակշենքերի տարակուսելի ահաբեկչությամբ 7 ,  որն էլ պատճառ ծառայեց չեչենական երկրորդ պատերազմի սանձազերծմանը, իբր ընդդեմ միջազգային ահաբեկչության: 12.09.1999 թ. այդ ծրագիրը Վ. Պուտինը ներկայացնում է Մոսկվա ժամանած ԱՄՆ-ի նախագահ Բ. Քլինթոնին, հավանաբար և նաև ՀՀ նախագահին` նույն սեպտեմբերին երևանյան իր կարճատև այցելության ընթացքում (թերևս վասն թիկունքի ապահովման, բայց դժվար թե նրան չմտահոգեր Հայաստանի ներքաղաքական նոր և ՌԴ-ին ոչ այդքան նպաստավոր իրավիճակը, ինչպես նաև ղարաբաղյան հարցը աշխարհաքաղաքական ենթատեքստում):

        Եվ 1999 թ. չարաբաստիկ հոկտեմբերի 1-ին Չեչնիայի դեմ Ռուսաստանն անցնում է ռազմական լայնածավալ գործողությունների, ապա Վ. Պուտինը հիմնում է հայոց նույն «Միասնություն» անվամբ արհեստական կուսակցությունը: Այն դեկտեմբերին հաղթում է Պետդումայի ընտրություններում, իսկ Ամանորի հենց գիշերը` ի զարմանս բոլորի, Բ. Ելցինը հայտարարում է իր հրաժարականը և Վ. Պուտինի փոխանորդությունը: 26.03.2000 թ. նախագահական արագացված ընտրություններում այն փառավորապես դառնում է լիիրավ 8  ...
   5   Վ.Պուտինի կտրուկ վերելքն ապահովեց կրեմլյան օլիգարխիան` մասնավորապես Բ. Բերեզովսկին, նկատի առնելով նրա մասնագիտական փորձն ու «լոյալ» ծառայությունը իրենց նկատմամբ: Այդ նախ վասն ինքնաապահովության, ապա ընդդեմ 1998-1999 թթ վարչապետ Ե. Պրիմակովի (նույնպես հին չեկիստ ու դեռ երբեմնի ԿԳԲ-ի տնօրեն): Նրանցից շատերը դեռ չէին կռահում իրենց «գլխի գալիքը» ...
      Այս և նման այլ տվյալները` միջազգային ԶԼՄ-ներից: Անշուշտ, կարելի էր տարակուսել դրանց իսկության վրա, եթե միայն չլինեին գլխավոր դեմքերի կենդանի հարցազրույցները, դեպքերի տեսագրությունները, իսկ ամենակարևորը` ամենատարբեր աղբյուրներում հիմնավոր փաստերի համապատասխանությունը, ինչն էլ սույն քննախուզության արմատական սկզբունքն է:
  
   6  
Ըստ Դաղստանում ՌԴ զինուժի հրամանատար գեներալ Շամանովի կենդանի խոստովանության, ԱԴԾ-ն նախապես տեղյակ էր այդ ծրագրից, որը նախատեսված էր իրագործել սեպտ.-հոկտեմբեր ամիսներին: Սակայն, վասն պուտինյան ընտրարշավի կտրուկ հաջողության, ԱԴԾ-ն Բասաևի շրջապատում իր գործակալների միջոցով կարողացել էր արագացնել այդ գործողությունը: Հոկտ. 27-ի հետ առերևույթ կապ չունեցող այս իրադարձություններն արծարծում ենք Վ. Պուտինի գործելակերպն ու միջոցները ուրվագծելու և զուգահեռներ ապահովելու միտումով:
  
   7  
Ըստ Յ. Սկուրատովի, արդեն հանգուցյալ Ա. Լիտվինենկոյի ու այլոց, այստեղ ևս ենթադրվում է ФСБ-ի ձեռքը: Առավել ևս, որ դրանք չբացահայտվեցին, իսկ ռուս բնակչությանը տրամադրեցին չեչենների դեմ:
  
   8  
Սույն նյութին կից, այս բոլորի վերաբերյալ, տարբեր աղբյուրների ծաղկաքաղմամբ պատրաստված է երկու տեսանյութ 36 և 52 րոպե տևողությամբ: Դրանք հագեցած են կենդանի վկայություններով և անհերքելի փաստագրություններով, որոնք անուղղակիորեն առնչվում են հայաստանյան իրադարձությունների հետ, մասամբ լուսավորում դրանք և շատ ավելի ընդգրկուն ամրագրում սույն քննախուզությունը:

      - Մեկ փոքրիկ, ուշացած` բայց թերևս շատ կարևոր հավելում: 09.02.2008 թ., տասնամյա լռությունից հետո մեծ քաղաքականություն վերադարձած Լ. Տեր-Պետրոսյանը, նախագահական ընտրարշավի առնչությամբ Ազատության հրապարակում արեց ցնցող մի հայտարարություն, հրապարակելով նույն 1999 թ. աշնանը բուռն քննարկվող ղարաբաղյան հարցում «Մեղրիի տարբերակը»: Ըստ այդմ, նախատեսվում էր տարածքների փոխանակում. Արցախի դիմաց` Մեղրիի շրջանը, Լաչինի դիմաց` փոքրիկ մի անցում դեպի Իրան, որի հետ Հայաստանը կորցնում էր 35 կմ ընդհանուր սահմանն ու ինչն ըստ էության նշանակում էր լրիվ մեկուսացում: Ռ. Քոչարյանի առաջարկով, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի մանրամասները մշակել էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, և այն վստահաբար նախապես համաձայնեցվել էր երաշխավորող երկրների` ՌԴ-ի, Ֆրանսիայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ նախագահի կողմից (վավերացումը կցված էր պայմանագրին):  Ըստ հավաստի տեղեկության, այդ պայմանագրի հետ համաձայն չեն եղել Վ. Սարգսյանն ուԿ. Դեմիրճյանը, որոնք ոճրագործության ճիշտ նախօրերին ՀՀ Անվտանգության Խորհրդի նիստում ցասումով լքել են փաստաթղթի վերջնական քննարկումը: Ըստ Լ.Տեր-Պետրոսյանի «Այդ փաստաթուղթն էլ լինելու է հոկտեմբեր 27-ի բացահայտման ամենակարևոր մոտիվներից մեկը»,  մինչդեռ իշխանությունները ցայսօր դրա կապը հոկտ. 27-ի ոճրագործության հետ շարունակում են բնորոշել որպես պատահական զուգադիպություն... (ԱԶԳ օրաթերթ, #026, 12/02/2008: Այդ մասին` իր տեղում և կից հավելվածում):

      - Ահա, ներքին և արտաքին այս իրադարձությունների թոհուբոհում էլ այդքան «պատահական» զուգադիպությամբ Հայաստանում իրագործվում է հոկտ. 27-ի աննախադեպ ոճրագործությունը` այն էլ իբր մի քանի «ռոմանտիկ» թափթուկների ավելի քան կատարյալ «ինքնագործունեությամբ»: Վստահ պատահական չէր «Ալֆա» ջոկատի կայծակնային և սքող հայտնությունը միջադեպում (բայց այդ ո՞վ էր կանչել, եթե ոչ միմիայն իրավասու ՀՀ նախագահը... ):  Իսկ մինչ այդ, Վ. Սարգսյանի առաքելությունն ԱՄՆ և Վ. Պուտինի համարյա միաժամանակ սեպտեմբերյան այցը Երևան, դժվար թե ողջամտությունը որպես զուգադիպություն ընդունի 9 :  Զի, այն պատահականությունը, որը հետևանք է ծնում` ինքնին պատճառ է, իսկ եթե այդուհանդերձ պատահականություն` ապա պարզապես դրա պատճառը չիմանալու պատճառով:

      - Մնացյալն այստեղ արծարծելն ավելորդ է: Բոլորին է հայտնի թե ինչպես ոճրագործության հետաքննությունը մտավ փակուղի, իսկ դրա հնարավոր կազմակերպիչների մասը կարճվեց 2004 թ.` հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ (այն ընդհանուր գործից տարանջատվել էր նույն 2000 թ. ամռանը...):  Միայն նշենք մեկ քանի կարևոր հանգամանքներ:

        Ոճրագործությանը հետևեցին «մեղմացուցիչ» ամիսներ, մինչև 2000 թ. մայիսը, որը նույնպես «պատահականորեն» համընկավ Վ. Պուտինի նախագահական ընտրության հետ: Քոչարյան-Սարգսյան տանդեմի դիրքերն ամրապնդվեցին, և նրանք ձեռբազատվեցին ձևականորեն վարչապետ նշանակված Վ. Սարգսյանի եղբայր Արամ Զ. Սարգսյանից ու Պաշտպանության վազգենական նախարար Վ. Հարությունյանից 10 :  Մնում էր թունդ ընդդիմության ամենաըմբոստ ներկայացուցիչ ու ոճրագործության պահանջատեր Անդրանիկ Մարգարյանը 11 `  իր Երկրապահ-Հանրապետական զորակցությամբ: Մայիսյան հնարավոր սուր առճակատումից մեկ շաբաթ հետո նա նշանակեց վարչապետ և պաշտոնավարեց մինչև 2006 թ. իր տարօրինակ հանկարծամահը` 2007 թ. խորհրդարանական և 2008 թ. սկզբին նախագահական ընտրությանների ճիշտ նախաշեմին ...

        Հեղաշրջումն ավարտված էր, մնում էր աստիճանաբար «ավելել» մնացյալ հետքերն ու անցանկալի անձանց (ոմանք խորհրդավոր մահացան, այլք` արտաքսվեցին, մյուսները` լռեցվեցին, շատերը` առինքնվեցին, իսկ մնացյալը սսկվեց... ),  և ոչ մի կերպ բաց չթողնել իշխանության բոլոր լծակները, ինչն էլ այլևս բացեիբաց դրսևորվեց հաջորդ տարիների հարաճուն բռնատիրությամբ, աներևակայելի խարդավանքներով, ընտրությունների լկտի խեղաթյուրումներով և հանցագործ աշխարհի «բարգավաճմամբ», բարոյահոգեբանական զանգվածային անկմամբ, իսկ ամենակարևորը` ռուսական այլևս բացահայտ կողմնորոշմամբ և «Հայաստան` պարտքի դիմաց» քաղաքական գործարքով ...
   9   Ըստ տարբեր աղբյուրների, Վ.Սարգսյան-Ա.Գոռ և այլ հանդիպումների ընթացքում ձեռք էին բերվել տնտեսաքաղաքական որոշ համաձայնություններ: 2005 թ. ՊՆ Ս. Սարգսյանի այցը ԱՄՆ նույնպես բորբոքեց ՌԴ իշխանությունների խիստ դժգոհությունը և նրանց համար նա այլևս դիտվեց 2008 թ. նախագահական ընտրությունների համար անցանկալի թեկնածու` տարբեր միջոցներով հենց Հայաստանում արժանանալով նախազգուշական հետապնդումների («հակակրիմինալ շարժում» ևն) ...
  
   10  
Անհրաժեշտ այդ կառույցն անցավ մինչ այդ «արմենիկումով» խիստ զբաղված Ս. Սարգսյանին, իսկ ԱԱԾ վերանվանված ծառայությանը վստահվեց` ըստ լրատվության, «հոկտեմբեր 27-ի առանցքային ֆիգուր» Կ. Պետրոսյանին: Բայց երբ 2004 թ. կարճվեց ոճրագործության «ծրագրավորողների գործով» տարանջատված մասը, նրան այդ պաշտոնում փոխարինեց գեներալ-մայոր Գորիկ Հակոբյանը` հայտնի «27-ի Գորիկ» մականվամբ: Զի այդժամ հենց նա էր համակարգում «ահաբեկչության դեմ պայքարը», իսկ թե ինչպե՞ս` հայտնի է հենց հետևանքներից: Մինչդեռ, ավելի ուշ Ռ. Քոչարյանի անվտանգության գծով խորհրդականի պատվին արժանացավ` ըստ չար լեզուների, «երեք ծառայությունների անհաջող գործակալ» Գառնիկ Իսագուլյանը (գուցե շատ հաջո՞ղ, նախ ԿԳԲ-ի, ապա դաշնակցական, հետո...):
  
   11  
Մինչ այդ առինքնվել էր այլ մեկ «ծանր հրետանի» և նշանակվել ՆՊ փոխնախարար` ԵԿՄ-ի ապագա նախագահ, վազգենական գեներալ Մանվել Գրիգորյանը: Գերիշխող «Միասնության» դաշտը շարունակում էր ականազերծվել անգամ գլխատվելուց հետո ...


        Այս ամենը այլևս բնավ «պատահական» չեն, ոչ էլ «ռոմանտիկ» թափթփուկների ինքնագործունեություն, այլ լրիվ ընդհակառակը` խիստ «պրոֆեսիոնալ» ներքին ու արտաքին շրջանակների և կառույցների «օպերատիվ» արկածախնդրություն:

        Այսքանը և դեռ շատ ավելին հայտնի են բոլորին, անհամեմատ առավել` անմիջականորեն ոմանց, և անգամ այլազգի շատերին: Սակայն գիտենալը դեռևս... դատել չէ, որն հայերենում միաժամանակ նշանակում է թե' դատողություն, թե' դատաքննություն, թե' դատավարություն և թե' դատապարտում: