ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
 



  ՆԱԽԱԲԱՆ

Մաս 1.  ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մաս 2.   ԱՆՁՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մաս 3.   ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ

Մաս 4.  ԱՄՓՈՓԻՉ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ

Հավելված 1.  ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-ը» ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ
Հավելված 2.  ԿԱՆԱՉ ՎԻՇԱՊ
Հավելված 3.  «ԻԶԻՍԻ ՔՈՂԸ»...
Հավելված 4.  ԻՆՉՈ՞Ւ ԼՌԵՑ ԱՇԽԱՐՀԸ
Հավելված 5. ՄԻԱՅՆ ՄԵԿ «ՄԱՆՐՈՒՔ» ...
Հավելված 6. ԼՈՒՍՆԻ 27-ՐԴ ԴԵՄՔԸ...
Հավելված 7.  Մաս I - ՄԵՆՔ ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
                        Մաս II- ՎԵՐՋԻՆ «ՄԵԽԸ»
 Հավելված
8.  ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽԱՉ ՈՒ ԽԱՉՔԱՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

4. ԱՄՓՈՓԻՉ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ
        «Եթե ծառի հետևում հարկավոր է անտառը տեսնել, ապա անտառի հետևում` տիեզերածառ» (իմա` էություններ), իսկ այլ մեկ սկզբունքով. «Մասն` ամբողջի և ամբողջը` մասի» և դրանց հարաբերակցության մեջ: Ցայստեղ մենք ջանացինք շրջանցել հանրահայտ դրվագներն ու մանրամասնությունները, ընտրեցինք միայն հանգուցային հանգամանքներ, իսկ այժմ դրանց «անտառում» չմոլորվելու համար մեզ անհրաժեշտ է ևս մեկ անգամ «թորել» վերոշարադրյալը, դրանից անել հերթական ընդհանրացումներ ու վերացարկումներ, և վասն բուն էությունների քիչ թե շատ երևակման, այդ ամենը դիտարկել  «տարածա-ժամանակային կոնտինուումի», այսինքն` աշխարհաքաղաքական իրադարձությունների և պատմա-ժամանագրական ամբողջության մեջ:

        Ա. – Ողջ աշխարհը խորը վերափոխումների գործընթացում էր, փլուզվել էր դրա գերհզոր մեկ բևեռը` ողջ սոցլագերն ու դրա «միջուկային» ԽՍՀՄ-ը: Արբանյակային հանրապետությունները ցիրուցան էին, Ռուսաստանը կծկվում էր «շագրենի կաշու» պես և կարող էր կորցնել անգամ աշխարհաքաղաքականորեն գերկարևոր դարձած Անդրկովկասը, որտեղ նրա ամենավստահելի հենարանը Հայաստանն էր (սեպված Թուրքիա-Ադրբեջանի միջև և հյուսիս-հարավ առանցքում)`  այն էլ արցախյան հիմնահարցի շնորհիվ, որն հեռատեսորեն բորբոքել էր հենց ինքը: Ուստի, նա ոչ մի կերպ չէր կարող հաշտվել նրա կորստյան հետ, և փոքր-ինչ սթափումից հետո այն իր ոլորտում պահելու համար պիտի դիմեր ցանկացած միջոցների, ինչպես Չեչնիայի, Աբխազիայի թե հարավային Օսեթիայի պարագաներում 50
: Իսկ դրա համար նա ուներ կարևոր խաղաթղթեր. արցախյան հիմնահարցը, ավանդորեն ռուսամետ արցախյան գործիչներ, Հայաստանում զգալի զինուժ և գործակալական հզոր ցանց բոլոր ոլորտներում, հատկապես` անվտանգության: Այլ կերպ չէր էլ կարող լինել, երբ դրանք առկա էին անգամ Շ. Բասաևի մերձակից շրջանակում և ընդունակ ուղղորդելու թե ազդելու նույնիսկ այդքան երդվյալ, ռազմաշունչ ու անորսալի հրամանատարի վրա ( էլ ո՞ւր մնաց գործընկերների թե սոսկ գաղափարակիցների ... ):

        Ուստի նվազագույնը, հոկտ. 27-ի նախապատրաստությունից ՌԴ ФСБ-ի անտեղյակությունը կատարելապես բացառվում է, եթե նույնիսկ ՀՀ ողջ ԱԱՆ համակարգը խորապես «քնած» լիներ կամ ձևացներ «քնած»: Անգամ այդ դեպքում, ГРУ-ի թե ФСБ-ի ձեռքերը կատարելապես ազատ էին ցանկացած գործողության համար, երբ հետագա ձեռքբերումները հազարապատիկ ավելի արժեցան, թերևս ողջ մի «ստալինգրադ»` այն էլ ֆորպոստ: Իսկ այդ վերադարձնելու համար «ստալինգրադյան ճակատ» էլ անհրաժեշտ չէր, ոչ անգամ «11-րդ Կարմիր բանակ»: Զի, միթե՞ Հայաստանում պակասում էին շահագրգիռ անձեր, քաղաքական ուժեր և «տեղական ձեռքեր», որոնց գործունեությունը լավագույն դեպքում կարելի էր չտեսնելու տալ, վատագույն դեպքում` շիկացած անտառում «պատահաբար» մի լուցկի նետել, ծայրահեղ դեպքում` նաև շիկացնել, որոնք բոլոր դեպքերում տարաչափ մեղսակցություններ են, եթե ոչ հենց հանցանք:

        Եվ եթե տրվի «ո՞ւմ էր ձեռնտու ոճրագործությունը» դասական հարցը, ապա պատասխանը կլիներ միանշանակ. առաջին հերթին և ամենաշատը հենց Ռուսաստանին!!!: Անհամեմատ ավելի` քան անցողիկ իշխանավորներին, իսկ Արցախը նա դեռ կարող է երկար շահարկել և բազմիցս վերավաճառել շատ ավելի արժեքավոր պայմաններով:

        Պարոնայք «փաստաբաններ», դուք կարող եք համառորեն ժխտել ՌԴ-ի մասնակցությունը հոկտ. 27-ի ոճրագործության մեջ, գտնել կամ հորինել ծանրակշիռ հակափաստեր, բայց բարի եղեք գոնե այդքան չթերագնահատել նրա դիվանագիտական կենսափորձը, հեռատեսությունն ու կարողությունները, երբ եթե «հոկտեմբերյան» այս մեկ հեղաշրջումը չէր եղել, ապա այն հարկ էր ձեռնարկել, իսկ իրագործողներին պարգևատրել շատ ավելի, ապա ավելի ուշ` «գնդակահարել»:

        Ռուսաստանում այս անգամ այդ հեղափոխությունը իրականացրեց ոչ թե «բոլշևիկյան» կուսակցությունը` այլ դրա զավակ, հատուկ ծառայությունների ժամանակավորապես ընդհատակ անցած համակարգը, ինչն էլ անթաքույց, մեծ գոհանակությամբ և բուռն ծափահարությունների տակ խոստովանեց դեռևս նորանշանակ վարչապետ Վ. Պուտինը, 1999 թ. դեկտեմբերի 20-ին Լուբյանկայում (Մոսկվա, КГБ-ФСБ-ի նստավայրը)  կայացած КГБ-ФСБ-ի հոբելյանին` չեչենական երկրորդ պատերազմի սանձազերծումից և հոկտեմբեր 27-ի իրադարձություններից հետո: Հայաստանում այն իրականացրին նրա գործընկերները հենց այդ գործողությամբ, թերևս հիմականում սեփական նախաձեռնությամբ, բայց կենտրոնի «դոբրոյով» թե «ճկույթի» աջակցությամբ ...
   50   Ինչպես ասվեց, հենց այս նկատառումներով Արևմուտքը ավելորդ միլիոնների գնով հեռատեսորեն շրջանցեց Հայաստանը և իրագործեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, ծրագրեց հեռավոր Արևելքի հետ կապող Կարս-Ախալքալաք-Թբիլիսի «մետաքսի» երկաթուղին (երբ արդեն կար Կարս-Գյումրի գիծը), և այդքան ներդրվեց ու դեռ կներդրվի Վրաստանի և այդ ճանապարհին այլ երկրների Ռուսաստանից անկախության խնդրականում (մինչդեռ Ռուսաստանը ծրագրում է Իրանի հետ երկաթուղային կապը իրականացնել Ադրբեջանի տարածքով): Այստեղ տեղին է հիշեցնել, որ 1999-ին Վ. Սարգսյան-Ա. Գոռ հանդիպման ընթացքում լրջորեն արծարծվել է արցախյան հիմնահարցը, իսկ Ա. Լիտվինենկոն հոկտ. 27-ի ոճրի ՌԴ-ի ծրագրավորումը մեկնում է այդ առնչությամբ Ստամբուլում սպասվող գագաթնաժողովի հետ, որտեղ Ռ.Քոչարյանը թեկուզ ձևականորեն ստորագրեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն հաստատող փաստաթուղթ:

        Բ. – Արդեն բազմիցս արձանագրվեց, որ նշյալ ժամանակահատվածում Հայաստանի իրադարձությունները զուգահեռվում էին ռուսաստանյան զարգացումներով: Այդ մասամբ բնական էր այնքանով` որքանով մագնիսական սլաքի տատանումները հարափոփոխ հյուսիսային երկրաբևեռի պարագայում: Այսուհանդերձ նաև արհեստական, երբ կողմնացույցը խոտորվում է կողքին դրված անգամ չնչին մագնիսով` առավել ևս, եթե այն հայտնվում է հենց սլաքի գլխավերևում: Եվ հենց այս է Քոչարյան-Սարգսյան տանդեմի պարագան, որոնք Սիս-Մասիսի կամ արցախյան «ծերուկ-ծերուհու» հսկա կիսանդրու պես անվերջ դուրս են ցցվում իրադարձությունների "լանդշաֆտից": Եվ երկուսն էլ նույն «նյութ ու զանգվածից» են, այսինքն` երկուսն էլ երբեմնի «կուս-կադրավիկներ», առաջինը` 1991-92 թթ ԼՂՀ անվտանգության և պաշտպանության համակարգի ղեկավար (նաև ԼՂՀ ԳԽ պատգամավոր, 08.1992-ից`վարչապետ, 1997-98 թթ` ՀՀ վարչապետ, ապա մինչև 2008 թ.` նախագահ),  երկրորդը` 1989-93 թթ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի նախագահ (երբ նույն 13.04.92 թ. սպանվեց ԼՂՀ ԳԽ նախագահ Արթուր Մկրտչյանը 51 ...),  1996-99 թթ` ՀՀ ՆԳՆ և ԱԱՆ նախարար, իսկ 1999-2000 թթ` ՀՀ նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար, ապա նաև ՊՆ նախարար, 2007 թ.` ՀՀ Վարչապետ, իսկ 2008 թ.` ՀՀ Նախագահ ...

        Այստեղ ևս նրանց կենսագրականները Վ. Պուտինի հետ զուգահեռվում են ( ինչպես նաև կերպարներն ու գործելակերպը 52 ),  և վստահ վերջին շրջանում նրանք ունեցել են բավականին դիվանագիտական հանդիպումներ, ընդհանուր հայացքներ և «մագնիսական» կենտրոնաձիգ կողմնորոշումներ, մասնավորապես արցախյան հիմնահարցում: Մնում էր դրանց իրագործումը, որի համար այստեղ ևս հարկ էր ամեն գնով հաղթահարել ցանկացած արգելք: Եվ եթե Վ. Պուտինի համար այդ «պյոտրյան կայսերապաշտության» և գործակալական պրագմատիզմ էր, ապա Քոչարյան-Սարգսյան զինակիցների ինքնահամոզմամբ` նման մի «հայրենասիրական» ձեռնարկ (բնականաբար առաջին հերթին արցախյան)  և ավանդական «անհրաժեշտ չարիք» ...

        Մնացյալն ընթացել է Ա. կետում ներկայացված վերլուծական տրամաբանությամբ, իսկ հետագայում երկու երկրներում էլ իրադարձությունները զարգացել են նույնպես զուգահեռ ներդաշնակությամբ` թեև արդեն վերադաս-ստորադաս փոխհարաբերություններով և «Պարտքի ու իշխանություն դիմաց` Հայաստան»  գործարքով, բայց առանց արցախյան հիմնահարցի լուծման (այն այդպես էլ մնաց "золотой запас", իմա` «ոսկեղեն պաշար»):

        Այս ամենայնով հանդերձ, «Սիս-Մասիսի» թե արցախյան «ծերուկ-ծերուհու» գլխավոր «գագաթը» մնում է Ռ.Քոչարյանը, իսկ Ս.Սարգսյանը` կռահելի պատճառներով անվստահելի անձ և Վ. Պուտինի «աչքի փուշը»: Արդարության աչքը լույս 53 ...
   51   Ա. Մկրտչյանի մահը ԼՂՀ իշխանությունները նախ ներկայացրին որպես նրա տանը «անհայտ անձանց» կողմից ինքնաձիգ կրակահերթով սպանություն (???), ապա հաջորդ իսկ օրը ՌԴ-ի ITAR-TASS գործակալությունը շրջանառության մեջ դրեց «սեփական զենքով անփութորեն ինքնասպանության» անհեթեթ վարկածը, որն հետո հաստատեց ոչ անհայտ Սամվել Շահինյանը (ֆրանս. «HUMANITE», 21.04.92): Սպանությունը այդպես էլ մնաց չբացահայտված: Պետք է ենթադրել, որ այդժամ նույնպես բուն պատասխանատուներ Քոչարյան-Սարգսյան զուգակիցների «բախտը պարզապես չէր բերում» կամ ընդհակառակը` ընդհուպ մինչև 2007 թ. վարչապետ Ա. Մարգարյանի անսպասելի ու տարօրինակը մահը կարևորագույն իրադարձությունների հենց նախօրյակին ...
  
   52  
1999 թ. սեպտեմբերին Երևանից վերադարձին, հենց Մոսկվայի օդանավակայանում Ս.Դորենկոյին տված ասուլիսում Վ. Պուտինը ընտրությունների կապակցությամբ մտերմիկ միտք է հայտնել. «Իրականությունն այն է` ինչ ցույց ենք տալիս, ցույց չտանք` ոչ ոք ոչինչ չի իմանա...: Համաձայն չե՞ք, Սերգեյ... »: Խիստ պրագմատիկ և զուտ հետախուզական հոգեբանություն, բայց նաև ընդօրինակելի կենսափորձ... (2005 թ. աշխարհով մեկ եթեր հեռարձակված «Վ.Պուտինի իշխանության գրավումը» նշյալ վավերագրությունից):

        Եվ ի վերջո, բոլորին է հայտնի, որ Վ.Պուտինը պետվարչական համարյա բոլոր կարևոր պաշտոններում նշանակեց իր չեկիստ գործընկերներին: Ինչո՞ւ այլ սկզբունք պիտի գործեր Հայաստանում, առավել ևս Ռուսաստանի համար ստրատեգիական կարևորագույն դաշնակցի հետ, թեկուզ միայն դրա հնարավոր ղեկավարներին այս կամ այն կերպ աջակցելով:
  
   53  
Եվ այսօր էլ Հայաստանը ըստ էության ընդհատակից ղեկավարում է Ռ. Քոչարյանը, ինչպես նախագահ Դ. Մեդվեդևի փոխարեն վարչապետ Վ. Պուտինը` ՌԴ-ում: Այստեղ ևս գործում է «պուտինյան սիստեմը», ինչպես հոկտեմբեր 27 –ի պարագայում ...

        Գ. – Երբ հոկտ. 27-ը դիտարկում ենք ոչ որպես մեկուսի ոճիր ( ինչպես ներկայացվում է )`  այլ նախորդ սպանությունների շարքում և հաջորդող իրադարձությունների ամբողջության մեջ ( հետաքննության խափանում, գործից տարանջատված մասի կարճում, խորհրդավոր մահեր, վկաների չեզոքացում, իշխանական նորանոր խարդավանքներ, բռնատիրություն և ահաբեկչական մթնոլորտ, ևն ),  ապա միանգամից պարզ է դառնում, որ տեղի է ունեցել իշխանության հետևողական բռնազավթում և Հայաստանի վերակցումը Ռուսաստանին: Իսկ երբ այդ էլ դիտարկենք քաղաքական նախորդ իրադարձությունների և վերոնշյալ զուգահեռ զարգացումների համայնապատկերում (ԽՍՀՄ-ի փլուզումից սկսյալ մինչև արդի իրավիճակը),  ապա ակնհայտ է դառնում դիալեկտիկորեն մասամբ ինքնաբուխ, առավելաբար` հաշվարկված մի ծավալուն գործընթաց: Ըստ որում, դրա մեջ արցախյան հարցից առավել հիմնային է մնում Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը, որից էլ սկսվել և շարունակվում են աշխարհաքաղաքական իրադարձությունները հատկապես Անդրկովկասում:

        Պարզ է նաև, որ այս բոլորի և արցախյան հիմնահարցի վերաբերյալ օտար և հայրենի տարբեր շրջանակներ ունեցել են մինչև անգամ խիստ հակադիր մոտեցումներ, բնականաբար նաև անձնական նկրտումներ, որոնք ի վերջո պիտի վերածվեին նախ ներքին հակամարտության, ապա վերաճեին սքող թե բացահայտ առճակատման և համապատասխան գործողությունների: Իսկ այդ, ինքնին ակնկալում է ռազմավարական որոշակի ծրագրավորում, քաղաքական «տեխնոլոգիա», և անշուշտ փորձագետների ու գործակալական զինանոցի ներգրավում:

        Մեկ խոսքով` իրականացման թե’ բեմադրական «սցենար», և թե’ «սցենոգրաֆիա»:

        Վերջինս չէր կարող չլինելը, երբ անգամ վերջին գրպանահատը` առավել ևս «կիլլերը», այդպիսի մի ռազմավարություն մշակում են թե' իրենց նպատակին հասնելու և թե' ձախողման դեպքում անվնաս նահանջելու, «Ես մեղավոր չեմ»  դասական արդարացման համար: Ուստի, «իմպրովիզացիայի» տարբերակներով նման մի «սցենար» չէր կարող գոյություն չունենալ թե' ընդհանուր քաղաքականության, թե' տեղամասային ռազմավարության ( ինչպես ոճրագործությանը նախորդող և հաջորդող զարգացումներում ),  և` բնականաբար, թե' հոկտեմբ. 27-ի գործողության պարագաներում, ինչը մասամբ մենք տեսանք նախորդ դիտարկումներում: Իսկ եթե կա «սցենար», ապա անպատճառ պետք էր որ լիներ «սցենարիստ», եթե կա բեմադրություն, ապա` բեմադրիչ, օժանդակ մասնագետներ, տարաչափ նշանակության դերակատարներ և անշուշտ «մասսովկա», որը տվյալ պարագայում հենց հասարակությունն է, այսինքն` մենք բոլորս: Զի այս բեմադրությունը «մեկ դերասանի թատրոն» չէ, այլ ավելի շուտ «աշնանային 27 ակնթարթ» ոճով բազմասերիալ «թրիլլեր», ինչը նույնպես մեկ-երկու անձերի «ինքնագործություն» չէր կարող լինել:

        Եվ հիրավի, դեպքերի առաջին իսկ հայացքից ակնհայտ է, որ եղել է այդպիսի մի բազմաշերտ ու համակարգված «սցենար»: Ընդ որում «թեմա և վարիացիաներ» սկզբունքով, այսինքն` խիստ «պրոֆեսիոնալ» մշակմամբ, նման ահաբեկչությունների պատմական կենսափորձի նմուշային «մոդելավորմամբ»` սկսյալ Հ. Կեսարի, անցնելով Ա. Լինկոլնի, Ֆ. Ֆերդինանդի 54 մինչև Ջ.Ֆ. Քենեդու սպանությունները: Այստեղից էլ այդքան ընդհանրություններ, խճճումներ ու թվացյալ «պատահականություններ»: Եվ այդ այն դեպքում, երբ ոճրագործությունը միանգամից ձեռնտու է դառնում ոչ միայն բարձրաստիճան ոմանց և քաղաքական որոշ շրջանակներին` այլ նաև արտաքին այլոց և շրջադարձային ողջ մի աշխարհաքաղաքականության: «Երջանիկ մի պատահականություն»,  իսկ ավելի ստույգ` «պատահականությունների» մի ամբողջ շարք, որն անգամ բացառվում է... չլիցքավորված «ռուսական ռուլետով»  ինքնասպանության պարագայում:

        Կարծում ենք, այլևս ավելորդ են հոկտ. 27-ի ոճրագործության ծրագրավորումը հիմնավորելու ջանքերը, որը վստահ միայն Քոչարյան-Սարգսյան տանդեմի արգասիքը չէ` այլ նաև այլոց և արհեստավարժ փորձագետների, երբ նմանները հրավիրվում են անգամ ընտրություններ ու PR-ներ ապահովելու համար: Իսկ եթե ծրագիրը լավ է մշակված, ապա այն պետք է որ գործի ինքնաշխատ մեխանիզմի պես, առանց հեղինակների և պատվիրատուների անմիջական մասնակցության, և անգամ մանրակների որոշ` բայց ուղղորդված «ինքնագործունեությամբ»: Ինչպես թատերական դերակատարների պարագայում, այդպես ավելի բնական է 55 :

        Տվյալ դեպքում, եթե անշուշտ ոչ այդ սցենարը, ապա քաղաքական «ճոճանակի» նախագիծը եղել է հենց ԽՍՀՄ-Ի փլուզման նախօրերին, կադրային համակարգի ծպտումներով, տարբեր կառույցների և նյութա-տեխնիկական միջոցների սքողումով, իրադարձությունների հնարավոր ուղղորդումներով և վճռական հեղաշրջման նախապատրաստությամբ: Այդպես, դեռևս 1992 թ. «Ղարաբաղ» կոմիտեի անդամ և Երևանի քաղաքապետ Հ. Գալստյանի սպանությունը գալիքի ահազանգ էր, Վ. Սարգսյանի չեզոքացումը հղացվել էր 1995-96 թթ ( Ն.Հունանյանը ունեցել է նման գաղափար 1991 թ.),  ընդհանուր ծրագրվել 1997 թ. աշնանը, նախապատրաստվել 1998 թ. ողջ ընթացքում ( Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու բարձրաստիճան սպանությունների շարքը),  մտել օրակարգ 1999 թ. գարնանը, իսկ իրավիճակի բերումով իրականացվել նույն տարվա հոկտեմբերի 27-ին:

        Ուստի այն սոսկ «Մեղրու պայմանագրի» հետևանք չէր, ինչպես հայտարարեցին ոմանք, այլ` պատմա-քաղաքական ձիգ մի շղթայի ընդամենը մեկ փոքրիկ օղակը, որին նախորդել են այլ իրադարձություններ ու դերակատարներ: Հետևաբար պետք է ենթադրել, որ հաջորդելու էին/են նոր զարգացումներ, նորանոր «գործող անձինք» և վստահաբար դիալեկտիկական ճոճանակի այլ մեկ շրջադարձ, բնականաբար այլ մակարդակի վրա ու այլ որակով:
   54   Գերմանիայի հորդորանքով Ավստրո-Հունգարիան 23.06.1914-ին, Ռուսաստանի աջակցությունը վայելող Սերբիային ներկայացրեց վերջնագիր, որով նա փաստորեն կորցնում էր իր անկախությունը: Մինչ այդ սերբական 5-6 ազգայնականները (???) արդեն ծրագրել և 28.06.14 թ. իրագործեցին Ավստրիայի փաստացի գահաժառանգ Ֆ. Ֆերդինանդի սպանությունը, ինչն էլ պատճառ դարձավ Առաջին Աշխարհամարտի բռնկմանը: Ըստ տարեգրության, սերբական իշխանությունները քաջատեղյակ էին ծրագրված մահափորձից, սակայն ոչ միայն այն չի կանխվել` այլև անգամ օժանդակվել և ուղղորդվել է ինքնաբուխ բնույթ տալու միտումով: Ահաբեկիչները ձեռբակալվեցին, ոմանք խոստովանեցին զենքերի ձեռքբերումը սերբական սահմանապահներից: Սակայն նրանց կապը սերբական հատուկ ծառայությունների պետ Դիմիտրիևիչի "Սև Ձեռք" ահաբեկչական գաղտնի խմբի հետ ցայսօր չի հաստատված (այդ կլիներ չափազանց խնդրահարույց), թեև նման կառույցներ ունեն աշխարհի բոլոր հատուկ ծառայությունները, իսկ մինչև Ա. Աշխարհամարտի սկիզբը շահագրգիռ տերությունները գաղտնի բանակցում էին դրա շուրջ: Այս առումով ևս Ֆ. Ֆերդինանդի սպանությունը «պատահականություն» դժվար թե համարվի, զի դրանից անմիջապես հետո սկսվեցին առաջին ռազմական գործողությունները: Այսքանը որպես դասական օրինակ:
  
   55  
Այդ քանի՞ սն հարցրեցին, թե ինչո՞ւ Թուրքիայում գործակալ պատրաստվող անձը խցկվեց Կ.Դեմիրճյանի նախընտրական շտաբ, միաժամանակ գործակիցներ որոնելով ընդդիմադիր շրջանակներում, Եվպատորիայում գումարներ էր վաստակել` բայց զենքերը գնել պարտքով ( իսկ բանտից Տ. Նազարյանին խնդրել $2000 փոխանցել ընտանիքին ...), գործել այդքան կատարյալ հանցանք` երբ առավել հաջողությամբ կարող էր Ազգային բանկը թալանել, իսկ ոճրից հետո զգալով խաբված ու լքված նույնիսկ մտմտացել է ապաստան գտնել արտերկրում, երբ որպես ահաբեկիչ Հայաստանի առաջին իսկ պահանջով նրան կվերադարձնեին, եթե միայն... չբացահայտեր ոճրագործության ողջ մեխանիզմը և գոնե իրեն հայտնի կազմակերպիչներին ( տե’ս  «Հոկտեմբերի 27-ը և Թուրքիան» ) ...

        Այսպիսի հարցերի մի ամբողջ ցուցակ, որը կարող է ունենալ մեկ տրամաբանական պատասխան. նախապես ծրագրվել է խճճել գալիք հետաքննությունը և շեղել այն տարբեր ուղղություններով, ինչը կարող էին նախատեսել հիմնականում ոճրի բուն կազմակերպիչները և ինչն ընթացքում արել են նաև ահաբեկիչները, ակնհայտորեն վերին թելադրանքներով:

        Դ. – Ավելորդ է անդրադառնալ «ռոմանտիկ» ոճրագործներին: Միայն` վասն վերոշարադրյալի ամրագրման, վերհիշենք, որ 5 «ռոմանտիկներից» 4-ը եղել են նախկին սկաուտ-դաշնակցականներ, ինչպես նաև հոկտ. 27-ի հետ որևէ կերպ առնչվող, թե' Ն. Հունանյանին և թե' Ռ. Քոչարյանին խիստ մերձակից Տ. Նաղդալյանը ( Հ1 հեռուստատեսության ղեկավար, սպանվել է 2002 թ.),  Հարություն Հարությունյանը ( Հ1-ի փոխտնօրեն,1994 թ. նախ «ԴՐՈ» ահաբեկչական կառույցի, իսկ 1999-ին` 27-ի գործով նախկին կալանավոր ),  Ալիկ Հարությունյանը ( ՀՀ նախագահի անձնակազմի ղեկավար, ոճրի առայժմ հայտնի համակարգողը, նախ ձերբակալված, ապա` արդարացված անձ ),  նույն Տիգրան Նազարյանը, Ս. Տեր-Պողոսյանը, Բ. Եսայանը (Ռ. Քոչարյանի ռեֆերենտ),  Վ. Թաշչյանը (1994-ին «ԴՐՈ» գործով ամբաստանյալ, բայց փախուստի մեջ գնվող մութ անձ, որն այդուհանդերձ 1997 թ. աշնանը Երևանում հանդիպել է Ն. Հունանյանին ...)  և դեռ շատ այլք 56 :

        Հիշեցնենք նաև, որ 1990 թ. Հայաստանում ՀՄԸՄ մասնաճյուղը հիմնել է նույն Ն. Հունանյանը ( ավելի ուշ Ռ. Քոչարյանին միաձայն շնորհվել է «Առաջին սկաուտ» կոչումը ),  իսկ ՀՅԴ-ին կից «ԴՐՈ» ահաբեկչա-հետախուզական կառույցը (կամ դրա նորօրյա մասնաճյուղը)  հիմնադրվել է նախկին ԿԳԲ-ՊԱԿԻ նախաձեռնությամբ, որոնք երեքն էլ գտնվել են սերտ համագործակցության մեջ և բնականաբար Մոսկվայի հովանավորության տակ 57 :

        Այսինքն, հոկտեմբ. 27-ի գործողության համար արդեն վաղուց կային օժանդակ ենթակառույցներ, որոնց մասամբ ծանոթ էր Ռ. Քոչարյանը դեռևս արցախյան ժամանակներից: Ուստի, 1998 թ. որպես ՀՀ նորընտիր նախագահ ՀՅԴ-ի վերականգնումը, «իշխանափոխության բերումով» նրանց դատապարտյալ պարագլուխների ազատագրումը, ավելի ուշ դաշնակ-կգբեական Գ. Իսագուլյանի ՀՀ նախագահի անվտանգության գծով խորհրդականի «նշանակումը, և նման քանի այլ հանգամանքներ նույնպես անհնար է որպես «պատահականություններ» թե «զուգադիպություններ» որակելը: Դրանք մտնում են իրադարձությունների հետևողական զարգացման ռազմավարության մեջ:

        Ու թեև լինելով Ռ. Քոչարյանի քաղաքական հիմնական հենարանը, ՀՅԴ-ն միակը չէր: Անշուշտ կային շրջադարձ ակնկալող մի շարք քաղաքական ու հասարակական շրջանակներ, սակայն որոնք որոշակի դեր չեն խաղացել, ոչ էլ այլերը, որոնց փորձել է զորակոչել Ն. Հունանյանը: Հեղաշրջումն ու ոճրագործությունը իրականացրել են շատ նեղ շրջանակներ, և հատկապես «հին գվարդիայի» սարդոստայնը, անգամ առանց նրանց հարող թե համակիր զանգվածների իմացության: Իսկ ինչ վերաբերում է Ն. Հունանյանին, ապա եթե գլխավոր «դերակատարը» նա չլիներ, «դուբլյորներ» անպատճառ կգտնվեին, իսկ « սցենարը» կիրականացվեր փոքր-ինչ այլ «ինսցենիրովկայով»: Բոլոր դեպքերում, ո’չ սցենարիստը, ո’չ բեմադրիչ և ո’չ էլ մի շարք օժանդակ աշխատակիցներ չէին երևալու:

        Ինչ փույթ ոմանց ականջներն ու որոշ շրջանակների ուրվականները 58 : Զի, եթե
Ջայլամն իր գլուխն ավազուտներում է թաքցնում, իսկ տխմարը` ամբոխի,
ապա չարագործները` ազգասիրության ...
   56   Այստեղ տեղին է նշել, որ ոճրագործությունից հետո նախնական կալանքի վերցված նրանցից համարյա բոլորն էլ ազատություն գտան բուն շրջադարձային նույն 2000 թ. ամռանը, երբ իրավիճակը դարձավ վերահսկելի, և հոկտեմբեր 27-ի գործից տարանջատվեց այլ մեղսակիցների ու կազմակերպիչների մասը:
  
   57  
Սույն տվյալները նույնպես բերվում են հիմնականում «հոկտեմբեր 27» քրգործի քաղվածքներից ու այլ արխիվներից, որոնք մասամբ հասարակությանն է հանձնել Վ. Ղուկասյանը, և որոնք հիմնականում համապատասխանում են տարբեր աղբյուրների տվյալների հետ:
  
   58  
Միայն այս իրողությամբ բացատրվեց նաև ՀՅԴ-ի անբարյացկամ վերաբերմունքը մեր նկատմամբ, երբ 1997 թ. «30+Վահան» դատավարությանը մեր անաչառությունը հօգուտ ամբաստյալների մեզ արժեցավ երկքաղաքացիության զրկում նախորդ իշխանությունների կողմից...: Իսկ ՀՅԴ-ի վերաբերմունքի որոշակի փաստը մեզ հայտնեց, և իր «Գործ Շնաց» գրքում արձանագրեց Լոս Անջելեսի շրջանային կուսկոմի հատուկ հանդիպմանը հրավիրված Արմեն Մելիքյանը: Ահա մի հատված այդ հանդիպումից.

      « - Խորհուրդ կուտանք, որ իր հետ գործ չունենաս (իմա` Վարպետյանի):
        - Ինչո՞ւ (հեղինակը) ...
        - Կրնա ըլլալ, որ ինքը մեծ մտավորական է, բայց մեր ազգին դեմ կաշխատի.
        - Ես իրեն լավ կճանչնամ... (հեղինակ):
        - Ընկեր, դուն ամեն ինչ չես գիտեր, կուսակցական հրահանգ է, կուսակցությունը անպայման բան մը գիտե, որ անանկ կըսե կոր: Օր մը կհասկընաս... » (Երևան-2005, էջ 143):

    Ուզում ենք հուսալ, որ գոնե ընթերցողը ինչ-որ բան հասկացավ ...

        Ե. – 26.10.2007 թ. հրապարակային իր ելույթում, Լ. Տեր-Պետրոսյանը հոկտեմբեր 27-ը առերևույթ համեմատեց 705թ. Նախճավանի եկեղեցիներում արաբների կողմից հայ նախարարների ողջակիզման, 1915 թ. հայ մտավորական ընտրանու գլխատման և 1930-ական թվականներին հայ կարկառուն դեմքերի ստալինյան ոչնչացումների հետ: Այն տարբերությամբ, որ այս մեկ ոճրագործությունը կատարել էին հայերը յուրայինների նկատմամբ: Սույն քննախուզության բնաբանում մենք պետական այդ ոճրագործությունը զուգահեռեցինք 374 թ. Հռոմի կողմից Պապ թագավորի դավադրական սպանության հետ, որից հետո Հռոմի և Պարսկաստանի միջև ճզմված ու հազիվ փոքր-ինչ ինքնուրույնություն ձեռք բերած Հայաստանը կորցրեց անկախությունը և վերստին տրոհվեց արևմտյան ու արևելյան հպատակության և ներքին ջլատվածության:

        Ըստ պատմա-ժամանակագրական մեր դիտարկումների, իրողությունը այդքան ու դեռ ավելի ողբերգական է ու խորախորհուրդ: Զի, այդ ոճրագործության հետ մենք փաստորեն հազար տարվա մեր երազանքը, այդքան զոհերով ու զրկանքներով ի վերջո ձեռք բերված անկախությունը, նվիրյալ գլուխների հետ սկուտեղի վրա մատուցեցինք այլոց: Իսկ խորախորհուրդ, զի ինքներս մեզ գլխատեցինք հենց նորանկախ մեր Խորհրդարանում, այն էլ նորընտիր կաթողիկոսի հենց օծման արարողության օրը, երբ ողջ քաղաքական վերնախավը սկզբունքորեն պիտի լիներ Էջմիածնի Մայր Աթոռում: Եվ մի՞թե այս եղերական եղելության մեջ ակնհայտ չէ տրանսցենդենտալ ինչ-որ խորհուրդ:

        Խորախորհուրդ, զի այդ ընդամենը տաս տարում ապացուցեցինք, որ որպես էթնիկական համայնք անկարող ենք ապրել ու մտածել ինքնուրույն, ունենալ գոնե հոգևոր անկախություն ու ղեկավարել ինքներս մեզ, արժանի չենք ազատության ու արժանապատիվ լինելության 59 :

        Խորախորհուրդ, զի նաև վերջին քսան տարում մենք ունեցանք ողջ մեր ողբերգական պատմության խտացված համայնապատկերը, մեր էթնիկական բոլոր առանձնահատկություններով ու խրոնիկական դարձած ախտաբանությամբ հանդերձ: Եվ այստեղ արդեն իրավունք չունենք որևէ մեկին թե վերստին ողջ աշխարհը մեղադրելու մեր իսկ վրիպումների ու ձախորդությունների մեջ: Պարտ ենք լինել գոնե այնքան ազնիվ, ճանաչելու համար մեր իսկ արատներն ու տկարությունը, մեր իսկ մեղքն ու պատասխանատվությունը սեփական ճակատագրում, ինչպիսինն էլ լինեն աշխարհն ու մարդկային բարքերը:

        Բնավ չէինք ցանկանա այստեղ ազգաբանորեն մանրացնել այս հանգամանքները, զի նախ դրանք բոլորովին այլ նյութ են, և հետո` երևի ոչ հրապարակային, ինչպես ցանկացած անհատի առողջական վիճակն ու առհավական խաթարումները, դրանք չարաշահումներից զերծ պահելու, բայց նաև հիվանդին լրիվ չհուսահատացնելու համար:

        Այսուհանդերձ, որպես ազգաբան ու էաբան պարտավոր ենք արձանագրել, որ իրավիճակը ավելի քան լուրջ է, և գալիք ազգաբանները, էթնոհոգեբանները, հասարակագետները թե հարակից այլք եղելությունը վերլուծելու և ապաքինման միջոցներ պրպտելու չափազանց ծանր պարտականություն ունեն: Ասեցինք գալիք, զի «ազգային հետազոտությունների ու ռազմավարության» այդքան հաստատություններով հանդերձ, արդի նույն մասնագետներից և’ ոչ ոք հասու չեղավ կամ չհամարձակվեց ըստ խորին էության քննախուզելու ոչ միայն հոկտեմբեր 27-ի բուն իրողությունը` այլև ողջ հայության ետխորհրդային իրադարձություններն ու իրավիճակը, անկախ այս կամ այն քաղաքական դեմքերից ու իշխանություններից: Իսկ եթե կան քիչ թե շատ գրագետ վերլուծություններ, ապա դրանք լոկ կեցական ու քաղաքական հարթություններից անդին անցնել չկարողացան: Այնինչ այդ ազգային այլ մեկ աղետ է, հոգևոր ունակությունների այլ մեկ` թերևս ամենամեծ կորուստը: Զի, հիրավի «Ազգերը մեռնում են... տխմարությունից»:

        Գոյաբանական այս մեկ փորձության մեջ, հայրենիքից մեր ու շատ այլոց արտաքսումը, հետապնդումներն ու քանի նվիյալների զանգվածային ձեռբակալությունները, ընտրական անպատկառ կեղծումներն ու պետական խարդավանքները, ինքնաքայքայման բնականոն դրսևորումներ են, ո’չ ավել, ո’չ պակաս` քան պատմության ողջ ընթացքում, որից,ավա~ղ, զառամյալ ծերուկների պես այդպես էլ ի զորու չեղանք ուսանելի դասեր քաղելու:
   59   1980-ական թվականներին սփյուռքահայ «Հարատևման Ուխտ» ընկերակցության վերաճմամբ, 1990 թվին անգամ անկախ Հայաստանում հիմնադրված և սույն քննախուզության սկզբնաէջում հիշատակված «ԷՈՒԹՅՈՒՆ» Ազգային Իմաստության Տաճարը գործեց նույն «հին գվարդիայի» սքող հսկողության տակ, մինչև դիալեկտիկական ճոճանակի թե «սիզիպոսյան ժայռաբեկորի» վերադարձն ու մեր արտաքսումը:
        Եվս մեկ նույնիմաստ ու խոսուն օրինակ: 2002 թ. աշնանը, ՌԴ Ռուսահայ Միության նախաձեռնությամբ Մոսկվայում կայացավ «Համայն հայությունը 21-րդ դարի շեմին...» նշանաբանով միջազգային գիտաժողովը, որի բացման խոսքը վերապահված էր անձամբ Վ. Պուտինին (երբ Ռ. Քոչարյանը կատարյալ ստվերում էր...), ելույթները` ՌԴ-ի և Հայաստանի բարձրագույն ներկայացուցիչներին: Դրանք, նշանաբանն ու կազմված թեմատիկ աշխատախմբերը ինքնին հուշում էին Պուտինի գերնպատակը` տնօրինել ողջ հայության ճակատագիրը, ինչը փորձում է կենսագործել ՌՄ-ի և Հայկ. Համաշխարհային Կոնգրեսի նախագահ, արդ նաև Վ. Պուտինի խիստ մերձակից Արա Աբրահամյանը: Կարող մի քանի համակիրների միջնորդությամբ, մենք ևս հրավիրված էինք այդ միջոցառմանը, որը մասամբ խափանվեց ինչ-ինչ շրջանակների ներգործությամբ: Սակայն կարևորը մնում է միջոցառման երևույթը, որն անհնարին է պատկերացնել «21-րդ դարը մերն է լինելու» տեսլականը որդեգրած Վ. Սարգսյանի կենդանությամբ: Դժվար թե նա և Կ.Դեմիրճյանը Հայաստանից բացի ողջ հայության ճակատագիրն ու ամբողջ մի դար հանձնեին այլոց բախտորոշմանը, ինչին հնարավորություն ընձեռեց հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը ...

        Զ.– Մինչդեռ, հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը, իր անմիջական ու ավերիչ ներգործությունն ունեցավ հայոց թե’ բարոյահոգեբանության և թե ընթացիկ սոցիո-քաղաքական գործընթացների վրա, դառնալով նորանոր խարդավանքների ու ատելության, օրինազանցությունների ու անպատժելության, համատարած վախի ու հուսալքության նախապատճառը: Այս ամենը լոկ քաղաքա-հասարակական չարիքից ավելի հիրավի ունեն նաև ազգաբանական և գոյաբանական գերագույն նշանակություն:

        Պատմական նշյալ արհավիրքների պես, սեփական նվիրյալների դեմ նման ոճրագործությունը հայոց մեջ ծանրացրեց բռնության բարդույթը, մթագնեց հայի առաքինական դիմագիծը, տնտեսական որոշ վերելքի հետ` հանգեցրեց բարոյահոգեբանական մահացու անկման, արտաքին ինչ-ինչ բարեկարգման հետ` ներքնապես գռեհիկացման, արցախյան հաղթանակով հանդերձ` վերածնեց անվստահությունը սեփական ինչության ու ինքնության նկատմամբ, անկախության հետ`ամրագրեց արդեն խրոնիկական ստրկամտությունը, «21-րդ դարի» հավակնությունը վերստին վերածեց եղերական նախերգանքի, հայրենասիրությունը` հայատյացության, մեղսության ենթագիտակցությունը` խրախճական ջղաձգությունների, ապագայի տեսլականը` հոգեվարքային աշխուժության ու հոխորտանքի:

        Այս ամենը կարող է զգալ յուրաքանչյուր անաչառ ու մտմատող հայորդի, անգամ լոկ ներհայեցողությամբ, ավելին` փոխադարձորեն հայելվելով միմյանց ու ողջ հանրության վրա, և համեմատելով հայոց երկտասնամյա հոգեվիճակները:

        Ուստի, գոնե մեղմացնելու համար այս չարիքի հետևանքները, հրամայական է հոկտեմբեր 27-ի ոճրագործության հանգամանալից ու հավաքականորեն բացահայտումը, ինչը յուրաքանչյուր պարկեշտ, արդարամիտ ու ողջախոհ հայորդու` առավել ևս քիչ թե շատ արժանավոր մտավորականության և ակնառու այրերի անշրջանցելի պարտականությունն է` անկախ յուրաքանչյուրիս քաղաքական համոզմունքներից: Առավել ևս, որ բռնադատվել, ճզմվել ու այլորեն տուժվել ենք մեծամասամբ բոլորս, կորցրել համընդհանուր արժեքներ ու հոգեպահուստ իդեալներ, իսկ մեր լռությամբ տարաչափորեն դարձել ազգադավ այդ ոճրագործության թե’ այլորակ զոհերը և թե’ բարոյական ու իրավական մեղսակիցները` յուրաքանչյուրս իր խղճի ու գիտակցության չափով:

        Երկիցս առավել, որ սեփական ոճիրները կոծկող ազգը բարոյական իրավունք չունի այլոց մարդասիրական դասեր տալու, որևէ պահանջատիրություն ներկայացնելու, և մարդկությունից արժանապատվություն հավակնելու:

        Եվ երիցս առավել, որ պատմական խարանից ավելի, հոկտեմբեր 27-ը մնալու է ևս մեկ հոգևոր սպի, հայոց պատառոտված հոգու ու ճաքճքած ճակատագրի վրա:

        Այս բոլոր նկատառումներով հոկտեմբեր 27-ի ոճրագործության լուսաբանումը արդարադատությունից ավելի ունի համազգային ապաքինման նշանակություն, այլոց առումով`փոխհարաբերությունների վերանայման: Այնպես, ինչպես յուրաքանչյուրիս հասունացման հետ վերափոխվում է միջավայրի վերաբերմունքը մեր նկատմամբ, մեր վերաբերմունքը` միջավայրի: Զի, ոչ միայն հայերս, այլև Ռուսաստանն ու այլք նույնպես դասեր չեն քաղել պատմությունից 60 : Վկա ԽՍՀՄ-ի փլուզումը, գաղութատիրության գլխապտույտ նահանջը, ամերիկյան սևամորթների պահանջատիրությունը վասն ստրկացված ու ստորացված նախնյաց, և ազգային փոքրամասնությունների համատարած զարթոնքը ողջ աշխարհում: Ոչ ոք ի զորու չէ կասեցնելու համամարդկային բարեշրջման այս գործընթացը: Միայն, ափսոս, որ այդ խմորումներում բնական ընտրության արդար ու դաժան օրենքով, անհետանալու են թերհաս ազգերն ու ազգույթները, հնարավոր է այդ թվում` առնվազն 12000-ամյա այս երբեմնի ստեղծագործ ժողովուրդը:

        Ելնելով սեփական անձի դեմ ստորագույն ոտնձգությունների պարզաբանումից, վասն նրա ապաքինման ու արժանապատիվ հարատևման, աննկատ ծավալվեց սույն քննախուզությունը, գիտակցելով դրա բոլոր հետևանքները և կրակը վերցնելով մեր վրա, ինչպես մեզանից առաջ արել են այլ «սրբազան խենթեր», երբ «սրբազան հիմարները» երես են դարձրել նրանցից ու դեռ քարկոծել:
   60   Ըստ սոցիոլոգիական հետազոտությունների Gallup միջազգային կենտրոնի, Հայաստանի բնակչության 62% ( 2/3-րդը !!!, և դեռ ողջ հայության 2/3-րդ սփյուռքը չհաշված ... ) բացասական է վերաբերվում Ռուսաստանի նորօրյա քաղաքականությանը, ինչը համարվում է արտառոց և անհնարին դեռևս մեկ քանի տարիներ առաջ: Բացասական տրամադրությունները նկատվում են առավելաբար երիտասարդական շրջանակներում, որոնք ի տարբերություն ավագների, հիշարժան դրվագներ չունեն և ԽՍՀՄ-ը չեն զուգորդում ՌԴ-ի հետ: Մինչդեռ, տվյալ դեպքում Հայաստանի համար խորհրդային և արդի Ռուսաստանները մոտավորապես հարաբերակցում են այնպես` ինպես երբեմնի ցարական և խորհրդային Ռուսաստանները, բնականաբար դիալեկտիկական մեկ պարույր վեր աստիճանում (բոլորովին այլ խնդիր է «ելցինյան» Ռուսաստանի և ՀՀՇական Հայաստանի փոխհարաբերությունը, որոնք երկուսն էլ արևմտամետ ու ազատական էին):
        Ըստ որոշ քաղաքագետների, արդ Մոսկվայի առջև դրված է հարևանների հետ նոր փոխհարաբերություններ ստեղծելու հրամայականը, ինչը վաղուց անհրաժեշտություն էր ( ИA REGNUM, 30.05.2008): Զի, աշխարհի, քաղաքակրթական ու ժողովրդավարական արժեքների հետ ավելի ու ավելի շփվող հայ երիտասարդությունը աստիճանաբար ազատվում է պատմական բարդույթներից, և վասալական կարգավիճակ երկար չի հանդուրժի:

        Է. – Ահա հոկտեմբեր 27-ի հետ առնչվող իրադարձությունների համայնապատկերը «Մասն` ամբողջի և ամբողջը` մասի»  հարաբերակցությամբ: Ինչ փույթ որոշ վրիպակներն ու տարակուսելի մանրամասները, երբ. «Եթե կշռաքարդ սխալ է` ապա որքան ուզում ես ճիշտ կշռադատիր, իսկ եթե ճիշտ` ոչինչ, եթե փոքր-ինչ սխալվես»:  Տվյալ դեպքում ոճրագործության հետ կապված հետաքննչական տվյալներն ու դրվագները պարզապես ճշմարտության ակնկալիք տաճարի «տախտակամած» են, կամ եթե կուզեք. «Թփեր ու անտառ տիեզերածառի հետևում», որտեղ թե' թաքնվելն ու թե' մոլորվելը հավասարաչափ հնարավոր են, մինչդեռ համայնապատկերում` ոչ այնքան: Եվ ի վերջո.
« Ժամացույցի առանձին մասերը դեռ ժամացույց չեն, իսկ ժամացույցը` ժամանակ » ...

        Մինչդեռ, ըստ հնարավորինս համակարգված սույն դիտարկման, 1999 թ. հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը բացահայտեց շատ ավելի կարևոր հանգամանքներ ու գերխնդրականներ: Եվ այստեղ էլ այնքան կարևոր չէ թե ով որքա՞ն մեղք ու մեղսակցություն ունի տվալ իրողությունում, իսկ սկզբունքորեն` յուրաքանչյուրն ըստ իր անմիջական պատասխանատվության, անմասները` յուրաքանչյուրն իր խղճի ու գիտակցության չափով: Սակայն բոլորին գոյաբանական մեկ ընդահուր խորհուրդը.
      Արևելք-Արևմուտք թե Հյուսիս-Հարավ արտաքին հակամարտությունները
  միշտ էլ ավարտվել են ու հար կավարտվեն ներքին արյունահոսությամբ,
որոնց դարմանումը միշտ էլ առավել խրթին է` քան արտաքին վիրաբուժությունը ...
 

        Մեր քննախուզության խնդիրը էաբանական դատաքննումն էր` ո'չ դատապարտելը, իսկ թե որքանո՞վ իրավաբանական ուժ ունի այն` այդ արդեն այլ խնդիր է: Եվ հետո, անգամ իրավասու դատարանը միայն դատավարում է, մինչդեռ վճիռը կայացնում են «ժողովրդի ծոցից ելած» երդվյալները, որոնցից տվյալ պարագայում մեկը մենք ենք, մյուսները` դուք, իսկ մնացյալը լինելու են գալիք սերունդները: Զի, այսպես թե այնպես, ապարդյուն ու ազգադավ այս ոճրագործությունը մնալու է անժամկետ, մենք` նորից ձեռնունայն, իսկ ողբերգությունը`
Ա Զ Գ Ա Յ Ի Ն  Խ Ա Չ Ք Ա Ր 

        Ուստի, մեր ավարտաճառը կարող ենք կարճել նախ մեկ նախադասությամբ.
ՊԱՏՄԱԿԱՆՈՐԵՆ "ԱՆՄԱՀ ՄՆԱՔ", ԱԶԳԱԲԱՆՈՐԵՆ` ԱՆԺԱՌԱՆԳ ...

        Ինչ վերաբերում է կողմնացույցի պես հայոց գլխապտույտին , ապա ընթացիկ մեկ խորհուրդ.
ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԼԻՆԵԼ ԱՆԳԼՈՒԽ` ՔԱՆ ԾՈՒՌՎԻԶ,
ԶԻ ԵԹԵ ԳԼՈՒԽ ՉԿԱ , ԱՊԱ ՎԻԶՆ Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ...

        Եվ վերջին մեկ ամանորյա և ամենօրյա աղոթք.
                  ՀԱՅՐ ՄԵ'Ր, որ երկինս ես,
Ա'ռ քո տված հացի թերմացուքն ու տո'ւր մեզ այսօր գեթ մի քիչ խելք հանապազօր:
Զի, հայի վերջին եղած-չեղածն էլ հացիդ հետ արդեն կերանք ...
 
  Անբուժելի լավատեսությամբ`    
  Ալեքսանդր Արորդի ՎԱՐՊԵՏՅԱՆ Մարսել,   26 հոկտեմբերի 2007թ.  
    11 հունիսի 2008թ.  
    21 մարտի 2009թ.  
 
ՀԵՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 
  Հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործության հետաքննությունը անշուշտ սրանով չէր կարող
ավարտվել (նյութը դեռ հարկ է զուգահեռել որոշ տեսանյութերով, որոնք այստեղ ներկայացնելու
հնարավորությունը չունենք ), ոչ էլ դրա հետևանքների երևակայումը, որոնք դեռ շատ երկար ու
անկանխատեսելի շրջադարձներ կարող են ունենալ և ինքնաբերաբար բացահայտել այլ
հանգամանքներ: Մենք կջանանք հնարավորինս անդրադառնալ դրանց,
իսկ դուք կարող եք հետևել առկա, ընթացիկ ու գալիք հավելվածներին,
բայց նաև առաջարկել ձեր տեղեկությունները, դիտարկումներն ու վարկածները:
Միաժամանակ, անչափ ցանկալի և հանրօգուտ կլիներ սույն նյութի վերահրատարակումը
տպագրական թե էլեկտրոնային լրատվամիջոցներով: Վերստին հիշեցնենք, որ այդ խիստ
անհրաժեշտ է հանուր ապաշխարանքի, բարոյահոգեբանական ապաքինման,
ազգային ինքնագիտակցության ամրագրման,
և ապագա սերունդների փորձառության համար: