ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
 
  
ՍԵՓԱԿԱՆ ՈՃԻՐՆԵՐԸ ԿՈԾԿՈՂ ԱԶԳԸ ԱՅԼՈՑ ՄԵՂԱԴՐԵԼՈՒ
ԲԱՐՈՅԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ:
Ալեքսանդր ԱՐՈՐԴԻ             

«ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-ը» ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ
(«թուրքական վարկածը»)

«ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ» շարքից
     Հայտնի է, որ 1999 թ. հոկտեմբեր 27-ին Հայաստանի Խորհրդարանում կատարված ոճրագործությունից հետո, մի քանի այլ վարկածների հետ (նախկին իշխանություններ, և անգամ Կ. Դեմիրճյանի իբր դավադրությունը ևն), շրջանառության մեջ էր դրվել դրանում իբր Թուրքիայի հնարավոր «ձեռքը», որի համար կարծես կային հիմնավոր դրդապատճառներ.
     ա). - Ըստ այդժամ բուռն քննարկվող «Մեղրիի համաձայնագրի», նախատեսվում էր տարածքների փոխանակում, Արցախի դիմաց` Մեղրիի շրջանը, որով Ադրբեջանը կապվում էր Նախիջևանի հետ, այդու նաև Թուրքիայի, իսկ այդ շրջափակման մեջ Հայաստանը լրիվ մեկուսանում էր, ընդհանուր սահման ունենալով միայն Վրաստանի հետ: Նման գաղափար եղել էր նաև դրանից առաջ, 1988թ. և դրանից հետո, սակայն չնայած Թուրքիայի հորդորանքներին Ադրբեջանը չէր համաձայնվել, իսկ 1999թ. Ռ. Քոչարյանի առաջարկով Մինսկի խմբի մշակած տարբերակին խիստ դեմ են եղել այդժամ Հայաստանում իրավիճակի իրական տերեր Վ. Սարգսյանն ու Կ. Դեմիրճյանը: Ուստի, այդ խոչընդոտի վերացման և նրանց սպանության մեջ Թուրքիայի շահագրգռվածությունը ներկայանում էր «խելքին մոտ»:
    բ). - «Թուրքական վարկածի» համար կար նաև այլ մեկ ծանրակշիռ փաստարկ. գլխավոր ոճրագործ Նաիրի Հունանյանի որպես թուրքական գործակալի «պրոֆիլը», ի դեմս նրա Թուրքիա կատարած այցելությունների ու կապերի` այդ թվում նաև ոչ քաղաքացիական:
    գ). - Եվ ի վերջո, այդ վարկածի օգտին էր խոսում ոճրագործությունից հետո Ն. Հունանյանի իբր Թուրքիա փախչելու մտադրությունը:


        Ընդունենք, որ առաջին հայացքից սրանք բավարար համոզիչ փաստարկներ էին գոնե զանգվածներին «թուրքական վարկածը» հրամցնելու համար: Առավել ևս, Թուրքիայի դեմ հայ հասարակության նախատրամադրվածության պայմաններում, իսկ ըստ այդմ` նաև հակաթրքականությունը ավելի խորացնելու նկրտումներով (թողնում ենք կռահել թե ներսում և դրսում այդ ո՞ւմ էր առավել ձեռնտու...):
        Սակայն, գոնե մենք նման խաբկանքի զոհը չդառնալու համար քննարկենք այս թվացյալ փաստարկները առանձին-առանձին:

    Ա). - Թեև նման մի գաղափար անգլիացիների կողմից եղել է դեռևս 1919 թ., 1921 թ. քննարկվել խորհրդային սկզբնաշրջանում, Ա. Սախարովի կողմից առաջարկվել 1988 թ., սակայն «Գոբլի ծրագիր» բնորոշմամբ և քիչ թե շատ մշակված առաջ էր քաշվել 1992 թ. ԱՄՆ-ում և պարբերաբար վերարծարծվել, հատկապես չարաբաստիկ 1999 թվին: Այն ձեռնտու էր Թուրքիային, բայց նաև Արևմուտքին 1 և գոնե առերես Ռուսաստանին 2 (նշյալ երկրները` ներառյալ ԵՄ և Ֆրանսիան, հանդես էին գալիս որպես պայմանագրի երաշխավորողներ ու աջակիցներ, ինչը կցված էր պայմանագրին), իսկ ամենաշատը ավանդորեն ռուսամետ ղարաբաղցիներին, որոնք Ռուսաստանի հովանու տակ հայտնվելու ակնկալիքով ստանում էին անկախություն` թեկուզ ի վնաս Հայաստանի: Մինչդեռ, այդ պայմանագրին խիստ դեմ են եղել ոչ միայն Հայաստանում Վ. Սարգսյանն ու Կ. Դեմիրճյանը, այլև ադրբեջանական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք հրաժարական են տվել ընդհանրապես դեմ լինելով Ղարաբաղի անկախությանը: Չկա որևէ հիմք ենթադրելու համար, որ այդ հրաժարականներն եղել են Թուրքիայի ազդեցությամբ, երբ ըստ բավականին իրազերկ լրագրող Թաթուլ Հակոբյանի, Թուրքիան այդ հարցով Ադրբեջանին դիմել է միայն որպես առաջարկություն (տես ԱԶԳ, #026, 12/02/2008, նկատի առնենք, որ թերթը ծայրահեղ թուրքատյաց է և նույնքան ռուսամետ...): Այս առումով Հայաստանում «թուրքական ձեռքը» ավելի քան անհավանական է: Մինչդեռ ըստ ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի, «Մեղրիի պայմանագիրը լինելու է հոկտեմբեր 27-ի բացահայտման ամենակարևոր մոտիվներից մեկը»: Դժվար թե միջազգային հեղինակությամբ նման մի քաղաքական գործիչ և դեռ 2008 թ. նախագահության միակ ընդդիմադիր թեկնածուն անհիմն նման համարձակ հայտարարություն աներ, առանց զրպարտանքի համար քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգի, ինչը հասկանալիորեն տեղի չունեցավ:

    Բ). – Գլխավոր ահաբեկիչ Նաիրի Հունանյանը ԿԳԲ-ՊԱԿ ծառայությունների տեսադաշտում եղել է դեռևս 1988-89 թթ, 1992 թ. հեռացվել է դաշնակցական շարքերից (ուշադր.` ըստ ավելի ուշ շրջանառության մեջ դրված վարկածների, իբր թրքական շրջանակների հետ չարտոնված հարաբերությունների պատճառով...), ըստ իր իսկ ցուցմունքների պետական մակարդակով ահաբեկչական ծրագրեր է ունեցել դեռևս 1991թ., բայց հանգամանքների բերումով իրագործել է 1999 թ. («Հայկ. ժամանակ», 23.01.2001 ), ինչ-ինչ պատճառներով 1993 թ. հաստատվել է Եվպատորիայում (որի մերձակայքում ըստ «չար լեզուների» գտնվում է Այպետրի սարը, իսկ դրա հյուսիսային լանջին` դեռևս խորհրդային ժամանակներից օտարերկրյա ահաբեկիչների պատրաստման ռուսական վարժարանը, «Ժամանակ.com », 27.10.2006), Լ.Տեր-Պետրոսյանի հրաժարականի նախապատրաստական շրջանում և գալիք իշխանափոխության առնչությամբ 1997 թ. աշնանը վերադարձել է Հայաստան, և ինչպես նաև անցյալում խցկվել տարբեր կուսակցություններ ու կառույցներ, այդ թվում արդեն Վ. Սարգսյանի «Հանրապետական» կուսակցություն և Կ.Դեմիրճյանի նախընտրական շտաբ:

   1   Հետագայում, աշխարհաքաղաքական առումով Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն ու դեռ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղին (այն էլ Կարս-Գյումրի երկաթգծի առկայության պարագայում) ինքնին խոսում են Արևմուտքին ու Թուրքիային «Մեղրիի տարբերակի» առավել նպատակահարմարության մասին: Այսուհանդերձ, ոճրագործոության մեջ Արևմուտքի մասնակցությունը քննարկելը բացարձակապես անիմաստ է ու նաև շեղիչ, առավել հավանական մեղսունակների առկայության պատճառով:
  
   2   Հայաստանը ինքնաբերաբար վերստին գլորվում էր նրա գիրկը, միաժամանակ Չեչնիայի երկրորդ պատերազմից առաջ ամրապնդում թիկունքը և 2000 թ. Վ. Պուտինի նախագահական ընտրության նախօրերին ապահովում Արևմուտքի հետ իբր «բարիդրացիական համագործակցությունը» և ըստ այդմ գոնե նրա հանդուրժողականությունը, մինչև... Ռուսաստանի հզորացումն ու «հյուսիսային առանցքի» իրականացումը (ՌԴ-Հայաստան-Իրան): Ուստի, «Մեղրիի պայմանագիրը» Ռուսաստանին ձեռնտու էր միայն առերես, այն էլ մինչև 1999 թ. հոկտ. 27-ի սպանդը, ռուսամետ Ռ.Քոչարյան-Ս.Սարգսյան տանդեմի կատարյալ իշխանությունն ու Հայաստանի անվերապահ ռուսական կողմնորոշումը ...

        1998 թ. սեպտեմբերին եղբոր և նույնպես ահաբեկիչ Կարեն Հունանյանի հետ իբր գործարար և լրագրող, մեկնել է Թուրքիա, դեկտեմբերին` միայն եղբայրը, իսկ 1999 թ. հունվարին` արդեն Հայաստանի Ազգային Հեռուստատեսության կողմից (ՀԱՀ) գործուղվում է որպես հեռուստալրագրող, եղբայրը` օպերատոր, երբ նա բնավ առնչություն չի ունեցել այդ մասնագիտության հետ: ՀՀ ԱԱՆ (Ազգային Անվտանգության Նախարարություն, 1999թ. հոկտ. 27-ից հետո` ԱԱԾ, ԱԱ Ծառայություններ) աշխատակից և Ն.Հունանյանի հոկտ. 27-ի գործով հայտնի մերձակից Վահան Արտուշի Մանուկյանը ժամանակին այդ մասին տեղեկացրել էր ղեկավարությանը, իսկ այն` ԱԱՆ 2-րդ Գլխավոր Վարչության (հետախուզական կառույց) Թուրքիայի գծով աշխատակիցներ Կարեն Պարունակյանին և Արամ Բեգոյանին («Հայկ. ժամանակ», 23.06.2001), որոնք էլ ինստրուկտուրավորել են այդ այցելությունները: Ըստ Ն.Հունանյանի, նա հետագայում ևս մշտապես շփվել է Կարեն Պարունակյանի հետ, որի իբր հիմնական հորդորն եղել է «թուրքերի հետ կապերի սերտացումը...» ( ՉԻ, «Չորրորդ Իշխանություն», N°615/ինտերնետային N°775, 08.12.2006 ):
        Պարզվում է նաև, որ նույն Արամ Բեգոյանը եղել է ոչ միայն Ն. Հունանյանի վաղեմի ընկերը` այլև ՀԱՀ-ի տնօրեն, հոկտ. 27-ի ոճրագործության մեջ որոշակի դերակատարում ունեցած և հետագայում սպանված Տիգրան Նաղդալյանի խորհրդականը («Հժ», 23.06.2001) ...
        Այս դեռ բոլորը չէ, մեկ այլ «գործող անձ» և Ն.Հունանյանի նույնպես վաղեմի մտերիմ Տիգրան Նազարյանը եղել է Հայաստանում թուրք. «Հյուրրիեթ» օրաթերթի թղթակիցը, միաժամանակ ՀՍՀ-ի լրագրող և նույնպես ԱԱՆ-ի աշխատակից: Այդ նա է մշտական կապի մեջ եղել Նաիրի Հունանյանի հետ, ապահովել անցաթղթերը Խորհրդարան, պարբերաբար զեկուցել այնտեղ անցուդարձի մասին, իսկ ոճրագործությունից հետո ԱԱՆ աշխատակից Վահան Մանուկյանի հետ մեկնել նախ ԱԱՆ և ապա ԱԱՆ փոխնախարար Գրիգորի Գրիգորյանի վստահությամբ Ն. Հունանյանի հետ վարել զենքերը վայր դնելու բանակցությունները ...
        Հոկտեմբեր 27-ի քրգործով սոսկ դատակոչված վկա լինելուց հետո, Տ. Նազարյանը որպես ՀԱՀ «Հայլուր» ծրագրի լրագրող գործուղվել է ԱՄՆ և ցայսօր չի վերադարձել, ոչ էլ տարել է լրագրողական աշխատանք: Ըստ վստահ աղբյուրների, ԱՄՆ ուղևորության օրը նրան օդանավակայան է ուղեկցել արդեն ԱԱԾ 2 –րդ Գլխ. Վարչության օպեր-լիազոր նույն Վահան Մանուկյանը, խորհուրդ տալով «10 տարի մոռանալ Հայաստանի ճանապարհը», ինչը նաև նրա հորն հորդորել է ԱԱԾ գնդապետ Մելքոնյանը (ՉԻ, N°565 / ինտերնետ. 725, 26.05.2006):
        Ինչ վերաբերում է այդժամ մայոր Կ. Պարունակյանին, ապա նա նույնպես անցել է որպես դատակոչված վկա, որոշ ժամանակ «սառեցվել», ապա` բացահայտելով իբր թուրքական լրտես Մուրադ Բոջոլյանին, վերականգնվել ու հասել գնդապետի աստիճանի...(Վ. Ղուկասյան, «Դիտորդի վարկածը», Երևան-2001, առանձնատիպ, փաստարկումը` նույնպես... ):


    Գ).- «Թուրքական գործոնի» երրորդ փաստարկը` ոճրագործությունից հետո Ն. Հունանյանի իբր Թուրքիա փախչելու ասեկոսներն են: Մինչդեռ, իրական պատկերը փոքր-ինչ այլ է:
        Կռահելով, որ իրենք խաբվել և շահագործվել են բարձրաստիճան կազմակերպիչների կողմից, ոճրախումբը հիրավի որոնել է փրկության տարբերակներ: Դրանից մեկը եղել է մի քանի պատանդներով դեպի Վրաստան և այնտեղից արտասահման հեռանալը, ճանապարհին անտառներում մոլորեցնելով հետապնդողներին: Սակայն, առավել արծարծված տարբերակը եղել է ինքնաթիռ պահանջելով դեպի Թուրքիա փախչելը, իսկ ավելի արտառոցը` որ այդ գաղափարը բանակցությունների ընթացքում շեղակիորեն հուշել է ո’չ ավել, ո’չ պակաս ԱԱՆ փոխնախարար Գրիգորի Գարեգինովիչ Գրիգորյանը: Ն. Հունանյանի հետ բանակցությունները վարել են անձամբ նա, վերոնշյալ Տ. Նազարյանը և ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան (Ալիկ) Հարությունյանը 3, որոնց ցուցմունքներով էլ հետագայում կազմվել են արձանագրություններ: Նրանք բոլորն էլ ուղղակի թե անուղղակի արծարծել են Թուրքիա ինքնաթիռով փախչելու գաղափարը, ինչն արդեն հուշում է ներքին ինչ-որ պայմանավորվածություն: Այնինչ, իր ցուցմունքներում Գ. Գրիգորյանը չի թաքցնում, որ ինքնաթիռ պահանջելու
   3   Թեև շատ հին ծանոթներ, նա 1999 թ. գարնանից սկսյալ հանդիպումներ է ունեցել Ն. Հունանյանի հետ, տվել որոշակի հրահանգներ, ակտիվորեն հեռակառավարել ողջ գործընթացը, ոճրից հետո մասնակցել բանակցություններին և կազմակերպել Ն. Հունանյանի հետ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հանդիպումը հանցավայրում: Հետաքննության ընթացքում վերցվել է նախնական կալանքի և դիտվել որպես ոճրագործության կազմակերպման մեջ առանցքային ֆիգուրաներից մեկը: Սակայն, 2000 թ., ամռան սկզբին ազատ է արձակվել Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի իշխանության ամրապնդմամբ ու նշանակվել... Հայաստանի իբր «Հանրային» հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ: Հոկտ. 27-ի պահանջատիրության հետ, նրա մեղսակցությունը հրապարակավ բարձրաձայնեց Լ.Տեր-Պետրոսյանը նախընտրական իր հանրավաքների ընթացքում:

և դրանով Թուրքիա փախչելու շեղակի գաղափարը հանցախմբին հուշել է ինքը, թեև «խորհուրդ չտալով», իսկ ավելի ուշ քննչական մարմնին տված իր ցուցմունքում այդ քայլը բացատրել է. «Այդ տարբերակը առաջարկվեց` նկատի ունենալով այն հանգամանքը, որ մենք հնարավորություն ունենք համապատասխան օպերացիա իրականացնել» (ՉԻ, N°621/ինտեր. N°781, 29.12.2007): Այսինքն, օդում խփել կամ պայթեցնել ինքնաթիռը հանցախմբով հանդերձ, դրանով մաքրելով պետական ոճրագործության բոլոր հետքերը, բայց նաև ամրագրելով... «թուրքական վարկածը» (այլ որտե՞ղ պիտի ապաստան փնտրեր խուճապահար հանցախումբը, եթե ոչ պատվիրատուի մոտ, ինչպես այլորեն գտավ ԱԱՆ-ի և իշխանությունների մոտ...): Բարեբախտաբար ոճրագործը կռահել է այդ տարբերակի ենթատեքստը և չի համաձայնվել, իսկ ՀՀ Նախագահի հետ բանակցություններից հետո և նրա ինչ-ինչ երաշխավորությամբ նախընտրել է հանձնվել հենց ԱԱՆ-ին: Մնացյալը հայտնի է:

* * *
        Այսքանը մամուլի հրապարակումներից, ամրագրված «Հոկտեմբեր 27» քրգործ N°62207199-ի շուրջ 18000 էջանոց հետաքննչական արձանագրություններով, որոնք ըստ հարկի կարող են ներկայացվել: Վստահաբար, փաստագրումներն ավելի շատ են, իսկ որոշ հանգամանքներ շրջանցվում են որպես «պետական գաղտնիք»(հարևան երկրի դեմ գործակալներ պատրաստելն ու նման գործողությունները հրապարակելը ինքնին խնդրահարույց են...): Անշուշտ, այս բոլորում կարող են լինել որոշ անճշտություններ և հարցականներ, ինչպես օրինակ.
    ՀԱՐՑ. - Եթե Նաիրի և Կարեն Հունանյանները Ղրիմում հիրավի անցել էին ահաբեկչական նախապատրաստություն, ապա ի՞նչ նպատակ էր հետապնդում նրանց Թուրքիա գործուղումը, այն էլ «կապեր սերտացնելու» հորդորով և այդքան ինստրուկտուրավորմամբ: Թուրքիայի դեմ ծրագրավորվող ահաբեկչությո՞ւն, ինչը ավելի քան անհավանական է, իսկ լոկ որպես հետախույզ նրանցից ոչ մեկի բուռն խառնվածքն ու ամբիցիաները չէին համապատասխանում:
    ՊԱՏԱՍԽԱՆ. - Կարելի է ենթադրել, որ այդ ծրագրավորվել է այնպես, ինչպես Լի Օսվալդի պարագայում, որի ԽՍՀՄ հայտնվելը, իբր մարքսիստական պրոֆիլը և FBI հետ առեղծվածային կապերը Ջ.Ֆ.Քենեդիի սպանության մեջ հուշում են համաշխարհային նման մի պրակտիկայի գոյությունն ու տվյալ դեպքում օգտագործումը: Առավել ևս, որ ոճրագործությունից հետո ահաբեկիչներին վերացնելը նույնպես նախատեսված է եղել, ըստ ոմանց ի դեմս ռուսական «Ալֆա» հատուկ ջոկատի կայծակնային հայտնությամբ (ինչը խափանել են վազգենական հայ զինվորականները ) և հենց ԱԱՆ փոխնախարար Գ. Գրիգորյանի ակամա խոստովանությամբ: Իսկ այն հանգամանքը, որ Ն. Հունանյանը չի ընկել այդ ծուղակը, խոսում է համաշխարհային պրակտիկային նրա ևս քիչ թե շատ ծանոթության օգտին:
    ՀԱՐՑ. - Ն.Հունանյանի հետ Թուրքիա գործուղման աշխատանքները սկսվել էին 1998 թ. աշնանը: Եթե հոկտ. 27-ի ոճրագործությունը աղերսվում է այդ ժամանակաշրջանում «Մեղրիի պայմանագրի» բուռն քննարկումների հետ, ապա ինչո՞ւ փոխառնչել այդ երկու պարագաները:
    ՊԱՏԱՍԽԱՆ. - Նախ, արդեն ասվեց, որ «Մեղրիի պայմանագիրը» օրակարգում եղել է շատ վաղուց, Վ.Սարգսյանի չեղոզքացումը` նույնպես, թեև ոչ «Մեղրիի» առնչությամբ, այլ իշխանափոխության (նա նույնպես ռուսամետ դաշնակների «սև ցուցակում» եղել է վաղուց, հատկապես 1996 թ. նախագահական տարակուսելի ընտրություններից հետո): Իսկ այն սկսվել էր մինչև 1998 թ. Լ.Տեր-Պետրոսյանի հրաժարականը, ուժգնացել դրանից հետո և Ռ.Քոչարյան-Ս.Սարգսյան տանդեմի իշխանական ինքնահաստատմամբ, ապա Վ.Սարգսյանի մի շարք մերձակիցների առեղծվածային սպանություններով: Նույն վտանգի վերաբերյալ բազմիցս զգուշացված էր նաև Վ.Սարգսյանը, այդ թվում 1998 աշնանը իր երբեմնի զինակից Վ.Սիրադեղյանի կողմից 4, իսկ 1999 թ. գարնանը` վաղամեռիկ լրագրող և հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի հրապարակային ահազանգումներով: Նրան այդպես էլ չհաջողվեց անձամբ հանդիպել Վ.Սարգսյանի հետ, իսկ իր վերջին փորձից մի քանի օր անց, 08.03.1999 թվի գիշերը, դարձավ խորհրդավոր ավտովթարի զոհ...
        Ամենայն հավանականությամբ ընթացիկ իշխանափոխությունը, Վ. Սարգսյանի ծրագրված չեզոքացումը (այդու նաև Կ. Դեմիրճյանի և «Միասնություն» հզոր միավորման) և Ն.Հունանյանի «թրքական» նախապատրաստությունը ոմանց համար շահեկանորեն համատեղվել են «Մեղրիի» խնդրականի շուրջ (բայց ինչ-որ «հրաշքով» նաև ռուսաստանյան զարգացումների...), ինչը որպես «պատահականություն» հաճախ է նախատեսվում ճատրակային հաշվարկներում:
   4   «Ռոբերտը (կամ չգիտեմ` ով-ովքեր) գտել են Վ.Սարգսյանին չեզոքացնելու միակ տարբերակը... Հայաստանը նրանց ատում է, այդ ատելության համար վրեժխնդիր են լինելու երեւելի անհատների հանդեպ: Այնպես որ, միայն քեզնով գործը չի ավարտվելու... Եղած խաղի կանոններով յոթ ամիս դու կրվում ես: Փոխիր խաղի կանոնները... Արա, քանի դեռ Դեմիրճյանի գլուխը չեն կերել» (http://septemberi21.blogspot.com/2007/10/blog-post_29.html):

        Նման հարցադրումներն ու պատասխանները կարող են երկար շարունակվել, բորբոքելով նոր հարցականներ, բայց նաև բացահայտելով թերասացություններ, բացթողումներ և առավել հանգամանլից փաստարկներ: Սակայն, այսքանն անգամ բավական է վկայակոչելու ի դեմս Նաիրի Հունանյանի հոկտ. 27-ի հետ կապված Թուրքիայի անվան հոլովումները, առանց վերջինիս մեղսակցության որևէ փաստի: Ինչ փույթ, հասարակությանը դրանք այնքան էլ անհրաժեշտ չեն, բայց բավարար սնուցելու ասեկոսներն ու կասկածները, և մասամբ շեղելու համար բուն «արտաքին միջամտությունից», ինչպես երկիմաստորեն ազդարարեցին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և այլք...
       Սակայն դրանք ևս պակաս կարևոր են: Քանզի նախ անվիճելի է մեկ ակնհայտ հանգամանք. այլազան բոլոր հորինածո վարկածները ջանում են սքողել այդքան բախտորոշ ոճրագործության բուն պատվիրատուներին: Իսկ այդ բոլորի մեջ.

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐԿԱԾԸ ՀՂԱՑՎԵԼ ԵՎ ԽԱՂԱՐԿՎԵԼ Է Ի ՍԿԶԲԱՆԵ:
         Իսկ դրանից բխում է նույնքան անվիճելի և առավել կարևոր մեկ այլ հանգամանք.
        1999 թ. հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը ծրագրվել, մշակվել և իրականացվել է պետական բարձրագույն մակարդակով և անգամ աշխարհաքաղաքական նկատառումներով, ինչը ոչ մի կերպ չէր կարող լինել առանց անվերապահ «դաշնակցի» առնվազն լռելյայն համաձայնության, առավելագույնս` խորհրդով ու մեղսակցությամբ, նկատի առնելով թե’ տարածաշրջանում նրա գերկարևոր շահերը, և թե’ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական խառնակչություններն ու հակամարտությունների շահարկումները:
        Միայն այս իրողությունը բավական է 1999 թ. հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը մի քանի թափթփուկների իբր «ինքնագործունեության» պաշտոնական հավաստիացումը փոշիացնելու և ըստ այդմ հենց վերին իշխանություններին մերկացնելու համար: Զի նշյալ քաղաքական շահարկումներն ու խարդավանքները եղել են և’ 1999 թ. հոկտեմբեր 27-ից առաջ, և’ հետո, և’ կլինեն հետագայում: Այս առումով հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործության հանգամանալից բացահայտումն ունի պատմական ու գոյաբանական անգերագնահատելի նշանակությունը, ինչն էլ մեր բուն նպատակն է:

ՀԵՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ
         Նման փաստերը բազմաթիվ են և դեռ ոչ ամբողջովին ու էաբանորեն դիտարկված նաև իրենց փոխառնչությունների մեջ, ինչն ընդունակ է վերջնականորեն լուսաբանել արհեստական այդ առեղծվածը: Որպես օրինակ ահա խճճված թնջուկի նման այլ մեկ հանգույց:
        Ն. Հունանյանը ոճրագործության է գնացել խիստ որոշակի հեռանկարներով: Նա իր հետ տարել է կարմիր գույնի մի թղթապանակ, որը ԱԺ նիստերի դահլիճ մտնելուց առաջ վստահել է ևս մեկ «մութ» դերակատարի` հետագայում նույնպես ԱՄՆ-ում ապաստան գտած Նաիրի Բադալյանին: Պարզվում է, որ այդ թղթապանակը պարունակում էր օրենսդրության նախագիծ, պետական պաշտոններում նշանակվելիք թեկնածուների ձիգ մի անվանացանկ, պատրաստի հրամանագրեր, որոնցից առաջինը ազդարարում էր ԱԺ-ի կողմից հաստատման պատրաստ, իր իսկ ղեկավարությամբ ժամանակավոր կառավարության ստեղծումը, ապա եռամսյա արտակարգ դրության հրամանագիր և այլն (քրգործ N°62207199, հատոր N°20, գ.թ. 201-238: «Կոչ, որոշումների, օրենքների նախագծեր, կենսագրություն, ցուցակ» (ձեռագիր, Ն.Հունանյանի կողմից գրված):
        Այդ ամենը հիմնավորում են այն շշուկները, ըստ որոնց Վ. Սարգսյանի սպանությունից հետո վարչապետ էր նշանակվելու... հենց Ն. Հունանյանը, ինչը նրան վստահեցրել էր ՀՀ նախագահական անձնակազմի ղեկավար նույն Ալեքսան Հարությունյանը... Սակայն, անգամ առանց նրա հասկանալի ժխտման, կարմիր թղթապանակի գոյությունն ու բովանդակությունը աներկբա վկայում են.
    -  Նման փաստաթղթերի մշակումը անկասկած պահանջել է նախ որոշակի ժամանակ, որոշակի պայմանավորվածություն և հիրավի բարձրաստիճան երաշխիքներ (ինչը հիրավի ունեցել է, բայց այդ այլ նյութ է): Հակառակ դեպքում դրա հեղինակը պիտի դիտվեր հոգեկան հիվանդ: Այնինչ ըստ հոգեբանական փորձաքննության նա եղել է կատարելապես առողջ:
    -  Այդ փաստաթղթերը վկայում են նաև, որ հանցագործը փախչելու նախապես բնավ մտադրություն չի ունեցել և չի կռահել անգամ նենգորեն շահարկվելու տարբերակը: Հակառակ դեպքում պիտի մշակեր նաև «նահանջի» նման մի ծրագիր և ոչ թե հանկարծակի եկած ու ակնհայտ խուճապի մեջ ելքեր որոներ:
    -  Իսկ այն հանգամանքր, որ ճչացող այսքան փաստերով հանդերձ պատվիրատուների մասով գործը կարճվել է, տարակուսանքի չնչին տեղ չի թողնում ոչ միայն վերուստ ծրագրավորման` այլև ոճրագործության վերին հետքերը ծածկողների զորության վերաբերյալ, ինչը ինքնին առնվազն մեղսակցություն է:

        Նման բազմաթիվ նկատառումներով, ոճրագործությունը եղել է ոչ այնքան կատարյալ, որքան` նենգ, լկտի ու բռի, ինչը քաղաքական ու հասարակական կյանքում պետական մակարդակով շարունակվեց հետագա տարիներին...
        Ֆոտոռոբո(տ)ները ակնհայտ են...

  
  Ալեքսանդր Արորդի ՎԱՐՊԵՏՅԱՆ Մարսել, 18.05.2008 թ.  
  
Ա Ր Ձ Ա Գ Ա Ն Ք
        Սպասելի էր, որ «Հոկտեմբեր 27-ը և Թուրքիան» ակնարկը որոշակի հուզմունք պիտի առաջացներ ոմանց մոտ ու որոշ շրջանակներում: Ակնհայտորեն այդ առաջինը արձանագրվեց լոսանջելեսյան մի շրջանակում, որին` տեղի համապատասխան մարմիններում «քամվելուց ու մշակվելուց» հետո, ասես վասն «պարզաջրման» վերջերս միացել էր հոկտ. 27-ի գործով նախկին ամբաստանյալ Նաիրի Բադալյանը: Այն անձը, որին Նաիրի Հունանյանը ԱԺ դահլիճ մտնելուց անմիջապես առաջ հանձնել էր այդ չարաբաստիկ «կարմիր թղթապանակը», գործողությունից հետո ետ վերցնելու և իր նպատակին ծառայեցնելու ակնկալիքով: Տվյալ անձին խռովել էր իր անվան հիշատակումը, երբ նույն խմբի «խոսնակ», ոչ անհայտ արկածախնդիր և ոճրագործության ջատագով ոմն Վահե Ավետյան հրապարակորեն խնդրել էր հերքել կամ հաստատել այդ իրողությունը: Բնականաբար այդ տեղի չունեցավ, փոխարենը սկիզբ առավ սուր ու ապակողմնորոշիչ մի բանավեճ իբր «անմեղության կանխավարկածի» նկրտումներով, երբ խոսքը բոլորովին էլ տվայլ անձի մասին չէր` այլ թղթապանակի գոյության, դրա բովանդակության, իսկ ամենակարևորը` դրանց փաստագրական արժեքի մասին, ինչը խիստ կարևորվել էր վերոնշյալ մեր քննախուզության մեջ: Զի.
    -  Այդ թղթապանակի պարունակությունը (քրգործ N°62207199, հատոր N°20, գ.թ. 201-238) «Կոչ, որոշումների, օրենքների նախագծեր, կենսագրություն, ցուցակ» (ձեռագիր, Ն.Հունանյանի կողմից գրված) նախ հիրավի հիմնավորում էր այն շշուկները, ըստ որոնց Վ. Սարգսյանի սպանությունից հետո վարչապետ էր նշանակվելու... հենց Նաիրի Հունանյանը, ինչը նրան վստահեցրել էին ՀՀ նախագահական անձնակազմի ղեկավար նույն Ալեքսան Հարությունյանն ու այլք *:
    -  Իսկ այդ մատնում է ոճրագործության մեջ վերին իշխանավորների մեղսակցությունը, եթե ոչ ավելին:
    -  Բացի այդ, կարմիր թղթապանակի գոյությունն ու փաստաթղթերը վկայում են նաև, որ հանցագործը փախչելու նախապես բնավ մտադրություն չի ունեցել և չի կռահել անգամ նենգորեն շահարկվելու տարբերակը: Զի ինչպես ասվեց, հակառակ դեպքում պիտի մշակեր նաև «նահանջի» նման մի ծրագիր և ոչ թե հանկարծակի եկած ու ակնհայտ խուճապի մեջ ելքեր որոներ:
    -  Եվ ինչպես եզրահանգել էինք, կենտ այդ հանգամանքը տարակուսանքի չնչին տեղ չէր թողնում ոճրագործության վերուստ ծրագրավորման վերաբերյալ:
        Ուստի, որպես իրեղեն ապացույց այն պիտի անհետանար: Մինչդեռ սկզբնական իրավիճակի բերումով հայտնվել է քննչական հանձնախմբի ձեռքերում, իսկ բովանդակությունը և անգամ թղթապանակ-թղթերի մանրակրկիտ նկարագրությունը ներկայացված է հետաքննչական արձանագրություններում` անկասկած ոմանց կողմից դրանք չփոխելու ապահովությամբ... (վերոնշյալ հղումը, բայց նաև քրգործ N°62207199, հատոր N°19, գ.թ. 21-22 ): Այդ թղթապանակը վստահաբար նախ ԱԱ ծառայությունների մոտ հայտնվել է Ն. Բադալյանի միջոցով, ապա ինչ-ինչ պայմաններում հանձնվել քննչական հանձնախմբին, ինչպես Ն.Հունանյանի նաև փոքր մի ծոցատետրն էր փոխանցել ԱԱՆ փոխնախարար Գորիկ Հակոբյանը:
        Սակայն, ինչո՞ւ Ն.Բադալյանը խուսափում է խոսել այդ թղթապանակից, անգամ տվյալ դեպքում ո’չ հաստատել ու ո’չ էլ հերքել է դրա գոյությունը, երբ քննչական բազմաթիվ արձանագրություններում և անգամ Ն. Հունանյանի հետ առերեսման ժամանակ չի ժխտում այդ իրողությունը, միայն շփոթելով... թղթապանակի գույնը, իբր «կանաչ կամ կապույտ »...(?????): Իր հետագա ցուցմունքներում Ն.Հունանյանն էլ իր հերթին ջանում է կարևորություն չտալ այդ թղթապանակին, թեև դրա մեջ գոնե ժողովրդին ուղղված կոչը դեպքերի այլ մեկ զարգացման դեպքում նրան պիտի շատ անհրաժեշտ լիներ...
        Կարծում ենք բոլորին էլ պարզ է, որ այդ թղթապանակի ու դրա բովանդակության գոյությունը հիրավի իրեղեն զորեղ ապացույց էին ոճրագործության բազմաշերտ սցենարի վերաբերյալ, որը ստացավ ոճրախմբին անհայտ մի ընթացք, իսկ կազմակերպիչների համար այդ թղթապանակը դարձավ խանգարիչ հանգամանք:
        Ու թեև այն ի վերջո հայտնվել էր քննչական հանձնախմբի ձեռքերում և հետաքննության ողջ ընթացքում բազմից խոսվել ու արձանագրվել է դրա մասին, այդ իրեղեն ապացույցը այդպես էլ չի ծառայել իր նշանակությանը, վստահաբար հետաքննության հետևողական խափանման պատճառով: Այսուհանդերձ դրա մասին ակնարկն անգամ խռովել էր ոմանց ու որոշ շրջանակներին, ինչը մեր նկատառման իսկության վառն ապացույցն է: Այսինքն, նետ դիպել էր նշանակետին...
        Մնում է ենթադրել, թե նման որքան հանգամանքներ են միտումնավոր անտեսվել ու անթեղվել: Միայն անթեղվել, զի հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը անժամկետ է: Այն երբևէ կբացահայտվի լայն հասարակությանը իր ողջ մերկությամբ:
        Ինչ վերաբերում է մեզ, ապա մեր նպատակը բնավ էլ դատաքննչությունը չէ` այլ գոյաբանական վերոնշյալ անհրաժեշտությունը, իսկ որպես քննախուզություն` էիզմի կիրառական փորձակում անգամ առօրյա ու կեցական խնդրականներում: Ի վերջո.
        Եթե այծը հարցաքններ մարդուն, ապա նա այծից ավելի շատ տեղեկություն կքաղեր` քան ընդհակառակը, իսկ այծությունից էաբանն առավել` քան սոսկ կենսաբանը ...
   *   Ըստ հետաքննչական արձանագրությունների, Ա. Հարությունյանն ու Ն.Բադալյանը եղել են հին ծանոթներ և նույնիսկ համագործակցել պետվարչական ծրագրերով: Ըստ Ն.Բադալյանի 10.01.2000 թ. ցուցմունքի, 1999 թ. հոկտեմբերի սկզբներին նա եղել է Ա. Հարությունյաննի մոտ «Արմենպրեսի» տնօրեն նշանակվելու հայցով, ինչը մի քանի օրից հետո Ա. Հարությունյանը համարել է արդեն լուծված (քրգործ N°62207199, հատոր N° 19, գ.թ. 95): Մնացյալը տվյալ քննախուզության շրջանակներից դուրս են:
  
    29 հուլիսի, 2008 թ.