|
|
Ալ.Վարպետյանի Ճարտարապետական կրթությունը զուգահեռվել է
«Հայֆիլմին» կից հատուկ ստուդիայի կինո-թատերական
դասընթացներով (տե'ս
կենսագրականը):
Այնուհետև այդ համատեղումը շարունակվել է մասնագիտական
գործունեությամբ` երկրորդը նախ որպես կինոդերասանական
նույն ստուդիայի դեկան, ապա որպես Հայաստանի Պետական
հեռուստատեսությանը կից հեռուստաթատրոնի գեղարվեստական
ղեկավար: Նույնը նաև 1975թ. Մարսելում վերահաստատվելուց
հետո, սակայն այն տարբերությամբ, որ նրա թատերական
գործունեությունը սահմանափակվում էր կիսասիրողական
բեմադրություններով, ասմունքի թե պոեզիայի թատերականցված
երեկոներով, և ազգամշակութային այլ միջոցառումներով (տե'ս
Էմինի հետ տեսանյութը), որոնք նրանից խլում էին թե’
խիստ թանկարժեք ժամանակ և թե’ նյութական միջոցներ: |
|
|
|
|
Կադրեր, «Հայֆիլմին» կից կինոդերասանի ստուդիայի կուրսային
կարճամետրաժ կինոնկարների նկարահանումներից, որոնք
այդուհանդերձ բարձրացել են հանրապետական էկրան:
|
Նկ. 1-2
(վերևում): «Մոգերի նվերները»,
ըստ Օ’Հենրիի համանուն նովելի (1967 թ.):
Բեմադրիչ` Հենրիկ Մարգարյան,
դերերում` Էվելինա Շախիրյան և Ալ.Վարպետյան:
Նկ. 3
(ձախից): «Ծաղրածուն» ,
ըստ Մ. Մանվելյանի համանուն նովելի (1967 թ.):
Բեմադրիչ` Հենրիկ Մարգարյան,
բժշկի դերում` Ալ. Վարպետյան: |
|
ԵՎ ԱՅՐ ՄԻ` ՍԵՎԱԿ ԱՆՈՒՆ…
Նկ. 4, a-b-c: Ազդեր, բուկլետներ, մամլո արձագանքներ, և
«Հարատևում» խորագրով թռուցիկներ…
Նկ. 5: Մայր Հայաստան |
|
Այդպես, 1978 թ. հիմնադրվեց «Արվեստանոց Սևակ»
թատերախումբը, որը «Եվ այր
մի` Սևակ անուն…» բեմադրությամբ հանդես եկավ մի
շարք ներկայացումներով, մասնակցեց ֆրանսահայ, ֆրանսիական
ու միջազգային տոնահանդեսներին, իսկ JAF-80 փարիզյան
փառատոնում եղավ դրամատիկական ասպարեզում մրցույթային միակ
դափնեկիրը:
Ներկայացման թատերագրության, բեմադրության և
սցենոգրաֆիայի հեղինակը Ալ.Վարպետյանն էր, որը
բեմադրությանը մասնակցում էր նաև Պ. Սևակի դերակատարմամբ:
Եվ քանզի այդ բեմադրության մեջ համատեղվել էին հեղինակի
երեք ներշնչողները` Պ. Սևակը, Ս. Փարաջանովը և Ա.
Տերտերյանը (տե'ս
Ալ.Վարպետյանի հետ 08.1.2008 թ. հարցազրույցը), արժե
այստեղ ներկայացնել այդ բեմականացման հակիրճ պատկերը, որը
փարաջանովյան ոճով, սևակյան ու տերտերյանական ոգով,
ձայնապատկերային հնարքներով, նորարական
արտահայտչամիջոցներով, և խորհրդանիշերով հագուրդ արարչական
մի համարձակ փորձ էր: |
… Կատաղի ղողանջներ: Կատարյալ խավար: Ավտոշարժիչի «ստարտեր» և
անվադողերի կսկծու շչյուն շրջադարձերին: Սրահում`
լուսարձակների նյարդային փայլատակումներ… Ճակատագիրը
նախապատրաստում է անկանխատեսելին: Վթարային բախյուն:
Կանացի աղիողորմ մի ճիչ: Կիսաբաց վարագույրի հետևում,
լուսարձակի փունջը ծխան մեջ կտրուկ բացահայտում է գետնին
փլուզված սպիտազգեստ մի կին… Այդ չարաբաստիկ օրը վթարվել
էր ողջ Հայաստանը…
Արձագանքում է դմբդմբուն մի բամբ.
«…17 հունիսի 1971 թիվ…
Ավտոմեքենայի վթար… Զոհյալը` ոմն Պարույր Սևակ…»:
Կոմիտասյան պատարագ. «ՓԱՌՔ ՔԵԶ
ՏԵՐ !!! »…
Մինչդեռ, փլուզված կինը ճերմակների մեջից ձգվում և բողոքարկու
ձեռքերը հառում է երկինք: Պատարագի թախծոտ հնչյունների տակ
վարագույրը բացվում է տարակուսանքով: Աջ կողմում` կարմիր
սավանով ծածկված մի բազկաթոռ: Կինը սողում է դեպի այն:
Բոցավառ ջահը ձեռքին, սևազգեստ մի այլ կին բարձրացնում է
սավանը: Անշնչացած մի դիակ…
«Մեկը միլիարդավորների
մեջ, մի պոետ` հազարավորների, մի հանճար` հատուկենտների
դասակից…»:
Սևազգեստ «պատմությունը» ուղղվում է դեպի ձախակողմյա գրասեղան,
ջահը տեղադրում հենակին, և սկսում գրառումը… Ծնունդ,
մանկություն, պատանեկություն: Նորածինը գրկին,
սպիտակազգեստ Մայր Հայաստանը Սևակի միաժամանակ տարբեր
տարիքների ուղեկցությամբ խմբվում են դիակի սնարին: Պոետը
դանդաղ ասես սթափվում է մղձավանջից…
Բանաստեղծական արտաբերումներին զուգահեռ միմյանց են հաջորդում
կյանքային դրվագներ, ապրումներ ու խոհեր` մարմնավորված
իգական ուրվականներով…
Ընդոստ կրակահերթ… Լռություն… Գնդակահարված երաժշտություն…
Ետնաբեմի հսկայական էկրանին սահում են երկրորդ աշխարհամարտի
պատկերներ, ապա պոետի հիմնական թեմաներն ու մտորումները,
որոնց ներկայացման ողջ ընթացքում անհասկանալիորեն
արձագանքում է գլխավոր «դերակատարներից» մեկը` իմաստության
ջահը, իր ընդոստ բռնկումներով ու հանգամանքային
հանդարտումներով…
… Բեմահարթակ է բերվում մարդկային մի կառափ: Միմյանց հետևից
ընկնում են նրա դիմակները, ի վերջո` նաև կեղծամը, թողնելով
միայն մարդկային մերկացած մի գանգը: Եվ ահա, երբ թվում է
թե այն այլևս կատարելապես պարպված է, գանգի խոռչներից
սողում է կարմրագույն ծանր ծուխը… Ուրեմն, անգամ մարդկային
գանգը ինչ-որ պարունակություն ունի, մարդը` ինչ-որ անհայտ
էություն, որը դեռ հարկ է բացահայտել… |
|
«Ճանաչել հողը, բայց ոչ
որպես հնագետ` այլ ինչպես այն ճանաչում են արմատները…»:
Հաջորդում են պոետ-փիլիսոփայի այլ թեմաներն ու անշուշտ եղեռնի
ուրվականը: Դեպի ավարտ Սևակը վերաթաղվում է բազկաթոռում և
նախապատրաստում իր «նահանջը երգով»: Օրհնյալ մի նահանջ.
«… որ իբրև նոր գալուստ
կարձագանքի հեռվում…»:
Ինչպես վերակենդանցումից առաջ, Սևակը վերստին անշարժանում է
բազկաթոռում: «Պատմությունն» ավարտում է իր գրառումը, Մայր
Հայաստանը` վերստին ծածկում պոետի դին, սակայն այս անգամ
հավերժության ճաճանչափայլ սկավառակը կրող սպիտակ սավանով:
«Նա շապիկով չէր ծնվել…
Այսուհանդերձ նրա մահը վախճան չեղավ, այլ անավարտ մի
առաքելություն, մի շարունակելիություն…»: |
Սպիտակափառ ծանր մի ծուխ սողոսկում է սրահ և աննկատ
ծածկում այն, մինչև գոտքատեղ թաղելով քարացած
հանդիսատեսներին… Սևազգեստ կինը իմաստության ջահը
փոխանցում է Մայր Հայաստանին: Նա իջնում է բեմահարթակից և
հիպնոսացած հանդիսատեսների միջով, թանձր լուսարձակների
թիրախում, ասես անկշիռ ու «որպես քնքուշ հուշի թև» սահուն
լքում սրահը…
Բեմի վրա, մերթ հայտնվելով լուսաճառագայթներում, մերթ
անհետանալով հետին խավարում, ճոճանակի վրա տարուբերվում է
մանուկ Սևակի մանկությունը… |
|
Նկ. 6 -7: Պատկերներ ներկայացումից` «Դիմակներ»:
Նկ. 8: Սիրո ուրվականը: |
Կարծում ենք կարիք չկա մեկնելու, որ այս բեմադրությունը
նախապատրաստում էր «Սասունցիների պարը» կինոսցենարի
երկունքը: Առավել ևս, որ այն արժանացել էր մեծ
ընդունելության, պսակվել փառատոնային դափնիներով, իսկ
ճարտարապետության այդ «չարաբաստիկ» դրամական մրցանակն էլ
հնարավորություն էր տալիս գոնե մեկ-երկու տարի ազատվել
կենցաղային հոգսերից և կատարյալ ինքնամոռացությամբ տրվել
այդ երազանքի իրականացմանը: 1982 թ. կինոսցենարն ու նրա
շուրջ 200 գծանկարային պատկերագրությունը պատրաստ էին: Եվ
ունենալով մեծն Գառզուի «Կամոյի թուղթը», 1983 թ. Ալ.
Վարպետյանը ուղևորվում է հայրենիք` վերելքի իր
գագաթնակետին մեկընդմիշտ հեռանալով ճարտարապետությունից ու
հանձնվելով հանգամանքների քմահաճույքին: Ինքը այդ չէր
նախատեսել ու դեռ չգիտեր իր «գլխի գալիքը», իսկ այլք` այդ
ցայսօր այդպես էլ չհասկացան… |
|
|
ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ
կինոսցենարի պատկերագրություններից
(գծանկարներն ու ձևավորումը` ՀԵՂԻՆԱԿԻ)
|
|
Շինարար
ու հավատացյալ ժողովուրդ |
Եղեռնական տեսիլքներ և մղձավանջներ |
Երկրաշարժի
տեսլականը |
|
Նորօրյա Աստղիկ դիցուհին և վերածնված Վահագնիկը`
Գառնու տաճարի գավիթում Վարդավառի
տոնակատարությանը… |
|
|
…ի հեճուկս երկնային քմահաճության և
հանուն արցախյան տեսլականի (դեռևս 1982 թ…) |
Ծերունի ժամանակը, Վահագնիկն ու մագաղաթակիր սափորը Սևանի
ափին, և խորհրդավոր մագաղաթը |
Արեգակը Այրիվանքի գմբեթին… |
Կինոսցենարը այդպես էլ չիրականացավ (այդ մասին տե'ս
«Մի սցենարի պատմություն» 11.12.2007 թ. խմբագրականը):
Ուստի, սնանկացած հեղինակը այն վերամշակեց և 1985 թ.Եղեռնի
70-ամյակի առթիվ հրատարակեց որպես էպիկական
քնարերգություն, հարկադրաբար գրավադրելով իր անձնական
բնակարանը: Բարեբախտաբար գործն արժանացավ Հ.Ուզունյան
1985-86 թթ գրական Առաջին մրցանակին և Ա. Վարպետյանը
կարողացավ գոնե փրկել բնակարանը…
Այսուհանդերձ, այդ ստեղծագործության մեջ կանխազգացված մի շարք
տեսլականներ` ինչպես երկրաշարժը, արցախյան շարժումը,
անկանխատեսելի վերափոխումները, Գառնու տաճարում
հեթանոսական տոնակատարությունները, դարձան իրականության,
իսկ հինավուրց մագաղաթի խորհրդավոր պարունակությունը`…
վերագտնված էիզմ-ԷՈՒԹՅՈՒՆ նորօրյա ուսմունքը
( http://www.eutyun.org/S/EUTYUN-EIZM/Intuiçia%20%2011.06.%202014.htm
)…
Այլ մեկ արտառոց հանգամանք. Ա.Տերտերյանի առանձնատունը տարիներ
հետո հայտնվեց ճիշտ Այրիվանքի դեմ-դիմաց, պատշգամբից
բացվող հենց նույն տեսարանով … |
|
|
|
|
|