ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
ՄԻ ՍՑԵՆԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
 
            Խոսքը կինոսցենարի մասին է… ցավոք` չիրագործված: Սա սովորական սցենարի պատմություն չէ: Այն ամենևին էլ սցենարիստի հաջողակ կամ անհաջողակ լինելու մասին չէ, և ոչ էլ` բուն սցենարի բովանդակության ու գեղարվեստական արժեքի: Ի դեպ, ես կամաչեի և ինձ թուլ էլ չէի տա խոսել այդ սցենարի գեղարվեստական արժեքի մասին, թե ինչո՞ւ` պարզ կդառնա շարունակությունը ընթերցելիս:
            Կինոսցենարը գրվել է 1982 թվականին, անվանվելով` “Սասունցիների պարը”: Հեղինակը ֆրանսահայ ազգամշակութային գործիչ Ալեքսանդր Վարպետյանն է: Տես` Ա.Վարպետյանի կենսագրությունը:  Հետագայում հեղինակը այդ սցենարի մոտիվներով գրեց “Արփիական” գրական քնարերգությունը, որն արժանացավ Հ. Ուզունյան 1985-86 թթ գրական Առաջին մրցանակին և հայ ու օտար հեղինակությունների դրվատանքին: Որոշ մանրամասներ ու գծանկարներ տե'ս Ա.Վարպետյանի Կինո-Թատերական գործունեությունը էջում:
            Մենք ամբողջովին կմեջբերենք այդ նույն “Արփիական” գրքի “Ծանոթություն” բաժինը և հեղինակի “Ինքնություն” գրքից մի պարբերություն` “Արևորդյաց պարը” վերանվանաված ֆիլմի նկարահանման անհաջող փորձի մասին:
           Մինչ այդ` մեկ-երկու նկատառում.
         Ո՞վ կարող է մատնանշել աշխարհում մեկ այլ ազգ, հանրություն կամ պետություն, որը կարող է հանգիստ արհամարել իր ողջ մշակութային էլիտայի կարծիքն ու հորդորը:
         Ո՞վ կարող է չհամաձայնվել, որ 80-ականներին մենք դեռ ունեինք լուրջ մշակութային էլիտա` ի տարբերություն այսօրվա իրականության:
         Ի՞նչ բարոյական իրավունքով են այսօր պետական կամ ոչ պետական գումարներ մսխվում անճաշակ և անմակարդակ կինոֆիլմերի (այդ թվում` սերիալների) արտադրության վրա, մինչդեռ քիչ թե շատ հաջող ֆիլմերը հազվագյուտ բնույթ են կրում, իսկ բարձրարվեստ և էլիտար ֆիլմի մասին խոսք լինել անգամ չի կարող:
         Եւ արդյո՞ք այս ամենը մի լրացուցիչ ապացույցը չէ նրա, որ մեր ազգի խամրումն ու անէացումը շարունակական ու խրոնիկական բնույթ է կրում: Եւ եթե 20-30 տարի առաջ դեռ գոնե մեծագույն մտավորականներ ունեինք, այսօր` դա էլ է վերանում:
           Հետևությունները թողնելով ընթերցողին` կատարենք մեջբերումներ:
    
Գրքի շապիկը Վարպետյանի "Արփիականի" գծանկարներից
    
           Ա.Վարպետյանի “Արփիական” աշխատության 1985թ.-ի ֆրանսիական հրատարակության “Ծանոթություն” բաժինը ամբողջությամբ.
  ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
          Արարել մի կինոնկար մեզ և այլոց համար, որն ամփոփեր մեր ազգագրական դիմանկարն ու տարեգրության էականը, որը 21-րդ դարի շեմին դառնար եռհազարամյա մեր ալեկոծ գոյության մի ինքնահաշվետվություն ու ինքնաըմբռնում: Եվ իրագործել այն համայն հայության ուժերով, Սփյուռք–Հայրենիք համագործակցությամբ` որն ինքըստինքյան և’ համաժողովրդական գիտակցության սատարում է, և’ ամբողջացման ազդակ:
         Ահա երանելի նկատառումն այն, որն արգասավորվեց ՙՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ՚ կինոսցենարի, իսկ ավելի ուշ ՙԱՐՓԻԱԿԱՆ՚ գրական քնարերգության ծնունդը:
         Սակայն` չնայած Հայրենիքի ոչ բացասական տրամադրությանը և հայ մշակույթի ամենակարկառուն երախտավորների հոծ քաջալերանքին, նվիրական այս գաղափարը դեռ հեռու է մարմնավորվելուց, ի թիվս այլոց` սփյուռքահայ միությունների հոռետեսության պատճառով…
         Այնինչ` ըստ նախնական նախահաշվի, բավական էր սփյուռքում հայթհայթել լոկ…300.000 դոլլար, որը հետագայում ամբողջովին ՙկամորտիզատվեր՚ կինոնկարի շահագործմամբ:
         Եվ եթե թերևս կռահելի է` թե ինչո՞ւ Ֆրանսիական մշակույթային և վարչական համապատասխան մարմինները մարմինները մերժեցին նյութապես օժանդակել կինոնկարի մի դրվագի նմուշային նկարահանմանը եվ գրքի հրատարակմանը (չնայած նմամ միջոցառումների համար նախատեսված միջոցների առկայության), ապա դժվար է նույնիսկ խոստովանել, որ սփյուռքահայ ոչ մեկ կազմակերպություն նյութապես չսաստեց սույն քնարերգության հրատարակմանը…
         Գտնվեց սակայն բավականին բարի կամք` ապացուցելով ևս մեկ անգամ, որ ՙազգային պաշտոնյաները՚ դեռ ժողովրդի հոգս ու հույզի ներկայացուցչությունը չեն:
         Ծանոթության կարգով, ստորև մասնակիորեն բերվում են հայ և ոչ հայ մշակույթային գործիչների քաղվածքային կարծիքներն ու ուղերձները, կինոսցենարի և նրա կինոիրականացման վերաբերիալ:
" .. Շատ կը յուսամ, որ այս փառավոր գործը իրականանայ, որովհետեւ նախ արուեստի գործ մըն է, եւ պիտի ծառայէ ամբողջ հայութեան եւ ինչպես նաեւ ամբողջ մարդկութեան յառաջադիմությանը:"
  ԳԱՌԶՈՒ
  Փարիզ, 11.07.1983 թ.
" .. Շատ ժլատ գույներով եւ սակայն բնորոշ խորհրդանիշերով, հեղինակը կարողացել է տալ մեր ժողովրդի տառապանքի ու մահվան, եւ ապա` վերածննդի, մաքառման ու հարատեւման էությունը: Կարծում եմ, որ շատ հետաքրքիր, խորհրդավոր (խորը խորհուրդ ունենալու իմաստով) եւ ազդեցիկ կինոնկար կստացվի…"
  ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ
  Արզնի, 19.07.1983 թ..
" Սա հայ ոգու ճի’չն է եւ պետք է լսելի դառնա յուրաքանչյուր հայի համար: Հավատով կսպասեմ ֆիլմին պաստառի վրա…"
  ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆ
  Երևան, 21.07.1983 թ.
"… Սցենարը կարդալով, շատ որոշակի ու հստակորեն տեսա ապագա կինոնկարը: Դա շատ մի հետաքրքիր կինոնկար է լինելու հայ ժողովրդի ոգու եւ ճակատագրի մասին: Ամեն ինչ կառուցված է խորհրդանիշերի վրա, այդ իսկ պատճառով փիլիսոփայական խորը ենթատեքստ ունի:
Կարծում եմ, պետք է ստեղծել բոլոր հնարավորությունները շուտափույթ իրացնելու, այսինքն` կինոնկարի վերածելու սցենարը"
  ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
  Երևան, 02.08.1983 թ.
" Ողջունելի գործ է, խիստ այժմեական եւ հավերժի համար էլ պիտանի: Ողջունելի է ավարտը… վերջը` կինոն: Բայց պիտի խիստ բանաստեղծականի մեջ մտցվի խիստ իրական, զարհուրանք-պատկերները իրականության… "
  ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
  Երևան, 03.08.1983 թ.
" Սիրելի բարեկամ Ալեքսանդր! Նախանձում եմ!!!...
… Գիտցե’ք, որ չորս կողմում խուլ ու համր պաշտոնյաներ են` վախկոտ ու խորամանկ: Ընդունակ են արդյո՞ք նրանք հասկանալու Ձեր մտահղացումը, Ձեր փորձը ստեղծելու մի Կինոնկար-Տաճա’ր, մի Կինոնկար-Ճշմարտությո’ւն…
Ձեր գծանկարները զարմացնում են եւ ապշեցնում իրենց մոնումենտալությամբ ու էպիկականությամբ: Ցանկանում եմ Ձեզ հաղթանակ…"
  ՍԱՐԳԻՍ ՓԱՐԱՋԱՆՈՎ
  Թբիլիսի, 03.08.1983 թ.
"Հայ ժողովրդի ճակատագրին նվիրված նման մի ֆիլմի անհրաժեշտությունը վաղուց կա:
… Այո’, պե’տք է ցուցադրել եւ ապացուցե’լ, որ ապրող եւ ապրելու համար պայքարող ազգը կապրի’ հավիտենապես: Բարի’ իրագործում:"
  ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ
   Երևան, 09.08.1983 թ.
"…Սա մի փորձ է` պատմելու աշխարհին եղածի մասին ազգային բարձր արժանապատվությամբ եւ համամարդկային լեզվով, ինչպես նաեւ սփռված հայերին ինքնաճանաչման բերելու:
Ողջունում եմ Ալեքսանդրին, խոնարհվում նրա եռանդի, հոգու բոցի առջեւ: Այնպես անենք որ այդ բոցը չմարի…"
  ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ
  Երևան, 31.08.1983 թ.
"Մեծ բավականությամբ կարդացի այս գործը: Մարդկության պատմությունը եկավ գույներով մեղեդիներով, շառաչելով ու անկումներով աչքիս` Ջրհեղեղից միչեւ այսօր… Երեւի տեսնեմ նաեւ էկրանի վրա: Պե’տք է: Ողջո’ւյն հեղինակին:"
  ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ
  Նորք, 02.09.1983 թ.
"…Ենթադրում եմ, որ այս սցենարը կարող է հիմք ծառայել շատ բարձր եւ հետաքրքիր ֆիլմի:
Մեր գիտեցած ռեժիսորներից այն կարող է նկարահանել միայն Ս. Փարաջանովը կամ Մ. Վարժապետյանը:"
  ԱՐԹՈՒՐ ՓԵԼԵՇՅԱՆ
  Մոսկվա, 06.09.1983 թ.
"Մեր ազգի ճակատագրի վերաբերյալ այսպիսի մի կինոնկար այսօր կունենա այնպիսի բարոյական ու դիվանագիտական նշանակություն, ինչպիսին նշանակություն ունեցավ հայ գրերի գյուտը հինգերորդ դարում: Վերջապես օտարները պետք է որ ճանաչե’ն ու հասկանան մեզ…
… Այսպիսի նախաձեռնության համար պետք է ողջունել հեղինակին, իսկ այն գլուխ բերելու համար` օգնե’լ ով ինչով կարող է, չխնայել ոչի’նչ:"
  ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
  Երևան, 15.09.1983 թ.
"Մեծ լարվածությամբ կարդացի այս կինոսցենարը, որ իր տեսակի մեջ հազվագյուտ է ու տարբերվում է հայության ճակատագրին նվիրված կինոֆիլմերից… Զարմացնում է հեղինակի երեւակայության անսպառությունը, պատկերների ու գաղափարների առատությունը` միացած գույնի, ծավալների, ճարտարապետական մտածողության հետ` որը հասկանալի է, քանի որ Վարպետյանը նաեւ շնորհալի ճարտարապետ է: Այնքան անսպառ ու առատ, որ երբեմն շունչդ կտրվում է այդ տարափից… Բոլորս էլ պետք է օգնենք Վարպետյանին գլուխ բերելու այս ազգօգուտ մտահղացումը, որքան էլ այն թվա դժվար ու անիրագործելի…"
  ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ
  Երևան, 19.09.1983 թ.
"Այս կինոսցենարը անվիճելիորեն ծնունդ կհանդիսանա մեծ կարեւորության մի կինոնկարի, ինչպես գեղարվեստական, այնպես էլ կինոմատոգրաֆիական եւ մարդասիրական առումով:"
  ԺԱՆ ԺԱԿ ՎԱՐՈՒԺԱՆ
  Փարիզ, 21.11.1983 թ.
"… Ա. Վարպետյանի սցենարը մի լիրիկական եւ կերպարվեստային պոեմ է նվիրված Հայ ժողովրդին եւ արժանի է ամենայն աջակցության, որպեսզի այն դառնա կինոժապավեն…"
  ՄԻՇԵԼ ՌԱԳՈՆ
  Փարիզ, 28.11.1983 թ.
""Սասունցիների Պարը" կինոսցենարը արժանի է ամենամեծ ուշադրության… Այն հույսի մի ուղերձ է` ձայն եւ խորհրդանիշ, եւ Հայաստանից այն կողմ` սիրո մի ճիչ մարդկության ցավ ու տառապանքների համար…"
  ԻՎ ՏԵՐՆՈՆ
  Փարիզ, 03.01.1984 թ.
         Կարծիք ու ցանկություններ են հղել նաև ներքոհիշյալ արվեստագետ մտավորականները.
  ԱՎԵՏ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ
ՀԵՆՐԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ
ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ
ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՖՐՈՒՆԶԻԿ ԴՈՎԼԱԹՅԱՆԸ
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԸ
ԷԴՈՒԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆԸ
ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆԸ
ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆԸ
ՌԻՉԱՐԴ ԺԵՐԱՆՅԱՆԸ
ԺԱՆ-ՊԻԵՌ ՄԱՀԵՆ
ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔԸ
 
          1983թ. Հոկտեմբերի 23-ին` վերոհիշյալ անհատականությունների մասնակի մասնակցությամբ, "ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ" կինոսցենարը քննարկվել եւ որակավորվել է որպես բարձրարժեք Հայաստանի Կինեմատոգրաֆիստների Միության Վարչությունում, որը պատրաստականություն հայտնեց` կինոնկարի իրականացման դեպքում, ապահովել իր ստեղծագործական ու բարոյական օժանդակությունը, իսկ երեւելի երաժշտահան Ավետ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ հանձն առավ իրագործել ակնկալվող կինոնկարի երաժշտությունը:
  
           Մեկ պարբերություն Ա.Վարպետյանի “Ինքնություն” գրքի նախաբանից.
          ... 1990թ. Երևանի քաղխորհրդի որոշմամբ ի վերջո սկսվում են "ԱՐԵՎՈՐԴՅԱՑ ՊԱՐԸ" կինոնկարի նախապատրաստական աշխատանքները, որոնց պատրաստվում են մասնակցել ֆրանսիական և ամերիկյան կինոարտադրողներ: Սակայն չորս ամիս անց աշխատանքները կասեցվում են քաղաքային նոր իշխանությունների կողմից` նորից դրամական ու քաղաքական նկատառումներով, զի Թուրքիայի հետ Հայաստանի նոր փոխհարաբերություններում անպատեհ է դառնում Եղեռնի արծարծումը:
  
            Վերոնշյալ կարծիքներից մի քանիսի ձեռագիր տարբերակները կարող եք տեսնել այս հղումով:
  Մ. Ս. 11 դեկտեմբերի 2007 թ.