Սկզբնաէջ      
  
 
 
  

              02/04.2008թ.
  
"Կայքի մասին"  էջում գրվել էր, որ մեր հիմնական զինանոցը կլինեն մեր մեծերը` նրանց խոսքն ու գործը: "Վարք Մեծացը"  հետագայում կդառնա մի բաժին, որը կունենա մեծ ծավալ ու խորը ընդգրկում: Ցավոք, մի շարք պատճառներով, այս էջը կզարգանա դեռևս դանդաղ տեմպերով: Իսկ առայժմ զետեղվում են որոշ նյութեր "Խոսք Մեծաց"  շարքից, որը "Վարք Մեծացի"  ենթաբաժիններից մեկն է լինելու:
 
 
  
  ...Զի մենք, հանուն Սերին, Սերմին,
        քու հին Ցեղիդ Մարմարէն կոյս,
Մենք, Զաւակներդ օգոստափառ,
        պիտի կերտէնք Նո~ր Արշալույս...
                           Դ. Վարուժան
Մենք փառքեր ունենք թաղված հողի տակ,
Մենք հույս ունենք պահված մեր սրտում,
Մի՞ թե հավիտյան կողբանք ավերակ,
Մի՞ թե հավիտյան կըմնանք տրտում:
                               Հ. Թումանյան
Դե'մ ելան իրար մի անգամ -
        հանճարեղ պոետն ու ռազմիկը.-
Ճանաչեց մարդուն, հանճարին -
        հանճարեղ ռազմի'կը միայն:-
                             Ե. Չարենց
  
  
  Մովսես Խորենացի Ողբ (հատված) "ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ" գրքից  
        ...
        Այսպիսի վշտով խեղդվում եմ, մեր հոր կարոտով մաշվում: Ո՞ւր է այն քաղցր աչքերի հանդարատությունը ուղիղների համար և ահավորությունր չարերի համար. ո՞ւր է այն զվարթ շրթունքների ժպիտը լավ աշակերտներին հանդիպելիս, ո՞ւր է այն բարյացակամ սիրտը, որ արբանյակներ էր գրավում. ո՞ւր է երկայն ճանապարհները հեշտացնող հույսը,նեղություններից հանգստացողը.— կորա՜վ ժողովուրդր, ծածկվե՜ց նավահանգիստը,, լքե՜ց օգնականը. լռեց խրախուսիչ ձայնր։
        Ո՞վ այսուհետև պիտի հարդե մեր ուսումը, ո՞վ պետք է ուրախանա իր աշակերտիս առաջադիմությամբ, ո՞վ հայրական զվարճությունը պիտի արտահայտե՝ մասամբ իր որդուցս հաղթվելով։ Ո՞վ պետք է զսպե առողջ վարդապետության հակառակ դուրս եկողների հանդգնությունը, որոնք ամեն բանով քանդված ու քայքայված՝ շատ ուսուցիչներ են փոփոխում և բազմաթիվ գրքեր, ինչպես ասաց հայրերից մեկը, ամեն բանի նրանք հավասարապես դժվարանում են, և իրենց համար չար օրինակ են դարձնում մեզ ծաղրելն ու արհամարհելը, իբրև անհաստատ և որևէ պիտանի արվեստից զուրկ (մարդկանց)։ Ո՞վ պետք է նրանց պապանձեցնե սաստելով և մեզ սփոփե գովելով և չափ դնե խոսքի և լռության...  
  
  Հովհաննես Թումանյան Դառնացած Ժողովուրդ,  Հրապարակագրություն, 1910թ.  
        Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք է՛ն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք. ի հարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։
        Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։ Էսպես են ասում նրանք և ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում:
        Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը։ Մեծ մասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։ Ամեն մինը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի, ստախոս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են...  
  
  Դանիել Վարուժան Ըղեղներ,  Խոհեր, 1911թ.  
        Ըղեղներ կան` որոնք սպունգներ են` ուրիշին հյութը կը ծծեն. մեկ սեղմումով զայն կը դատարկես։— Անոնք միջակներու ըղեղներն են:
        Ըղեղներ կան՝ որոնք մագաղաթներ են՝ որոնց վրա փորագրիչն է գրած և պողպատյա գրիչը չի կրնար ջնջել. զանոնք ժամանակը միայն կրնա եդծանել։— Կրոնամոլներու ըղեղներն են։
        Ըղեղներ կան՝ որոնք լեղիի պարկիկներ են. ծծել ուզողին շրթներուն վրա ժանտաբույր կը պատռին։— Անոնք չարերու ըղեղներն են։
        Ըղեղներ կան` որոնք աղիքներ են. և ընդունակ են ստամոքսի սնունդը միայն պարունակելու. անոնց մեջ գաղափարը ժանտատենդե կը վարակվի։— Անոնք «շուկայիկ»–ներու և խուժաններու ըղեղներն են...  
  
  Վահան Տերյան Հոգևոր Հայաստան (հատված) Հրապարակագրություն, 1914թ.  
        Այդ հոգևոր Հայաստանի կառուցումը ծանր ու տևական աշխատություն է պահանջում, անթիվ կյանքերի տոկուն հավատ և գիտակցություն, անարյուն, բայց ազնիվ, գուցե ավելի դժվար, ավելի ահավոր զոհաբերում, քան արյունի զոհաբերում:
        Մի Րաֆֆի, մի Արծրունի, մի Նալբանդյան, մի Դուրյան նույնպես ասպետներ են, գուցե ավելի մեծ հերոսներ են, քան նրանք, որ կռվի դաշտում են զոհաբերում իրանց կյանքը:
        Անվերջ չարչարանքի և գերագույն մի բաղձանքի, անվերջ զրկանքների և վսեմ մի հավատի պայծառ պատկեր չէ՞ միթե մեր հոգևոր հայրենիքի ասպետ-զավակների կյանքը:
        Եվ եթե այսօր մեկը ոչնչի տեղ է դնում նրանց` այդ ոգու ասպետներին ու միևնույն ժամանակ ծունր է չոքում այսօրվա արյունոտ կռվի հերոսների առջև, ես չեմ հավատում նրան, ես զզվում եմ նրա այդ հրաբորբոք հայրենասիրությունից...  
  
  Գարեգին Նժդեհ Ինքնաճանաչություն,  "ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ" աշխատությունից  
        Կ’ուզէի, որ դո'ւ, հա'յ երիտասարդ, որ դու իւրացնէիր ինքնաճանաչութիւնը` որպէս ոյժի, յաղթանակի եւ բարձր երջանկութեան ամենակարճ եւ ամենաստոյգ ճամբան:
        Ծանի'ր զքեզ:
        Գիտցի'ր - ասում է դելփեան այդ պատգամը, գիտցի'ր, որ մարդս գաճաճ է իր ներքին հսկայի բաղդատմամբ:
        Ծանի'ր զքեզ:
        Կ’ուզէի, որ իմաստասիրական այդ հրամայականը քանդակւած լինէր մեր դպրոցական շէնքերի ճակտին, ապա եւ մեր աշակերտութեան ուղեղի մեջ...  
  
  Դանիել Վարուժան Հերոսը,  Հրապարակագրություն, 1909թ.  
        Շոպենհաուեր երեք գերմարդեր կ՛ընդունի.— Սուրբը, Հանճարը, Հերոսը։ Ան լավատեսներուն լավատեսը կը դաոնա, երբ կ՚ըսե թե անոնք կ՚ապրին կյանքին կատարելությունը և գեղեցկությունը. և այս հանգամանքով արդեն կարելի կ՛ըլլա ըսել թե անոնք կ՚ապրին Տիեզերքը։ Տիեզերքը որ ի հարկե ընդունայն տեղը կառուցած պիտի ըլլար, եթե ոչ գտնվեր զայն վայելող գիտակցաբար կամ անգիտակցությամբ։ Խոսինք միայն Հերոսին վրա։ Ան այնքան գերմարդկային հատկանիշներով կը ներկայանա՝ որ հիները զայն աստվածներու դասին մեջ կը դնեին. հիները իրենց կրոնքը կազմեցին ի հետագունե և այսպիսով բարձրացան մարդեն հերոսին և հերոսեն Աստվածին։ Հելլեններուն դիքը մարդիկ են՝ կատարյալ իրենց մարմնով, կատարյալ իրենց հոգվով, իրենց միտքը ուժի ի՛նչ սաստկություն որ հղանար, բազուկնին զայն կը շարժեր։ Հոգեկան և մարմնավոր բոլոր կարողություններուն ներդաշնակությունը էակի մը մեծության աոաջին պայմանն է։
        Եվ ներդաշնակ ա մեծ էակ մը՝ կյանքին օրենսգիրն է, ան դիքերու ազգեն է, դյուցազն է, զի անիկա կամ սպանեց վիշապը՝ որ արարչությունը կը թունավորեր իր ավերներով, կամ ստեղծեց պատմության ոսկե շրջան մը, կրոնք մը, որ ոչ թե միայն կյանքը կ՚արփավետե, այլ նաև գերեզմանն ու գերեզմանին հեռավոր գաղտնիքը։ Այս առավելությամբ օժտված մարդուն մեջ՝ մարդիկ տեսած աստվածի մը սաղմը, և աստվածահիի մը վարդաբույր համբույրը անոր ճակատին վրա...  
  
  Վահան Տերյան Մեր Պարտքը,  Հրապարակագրություն  
        Դժվարին ու արկածալի այս օրերում պայծառ պահենք մեր միտքը, մեր հոգին թող չմթագնեն առօրեական չնչին ու փոքրիկ զգացումները:
        Բարձրանանք սրտով, լայնասիրտ լինենք այս դաժան պահին։
        Ըմբռնենք, զգանք այսօրվա ահավոր ու արյունոտ անցքերի ճակատագրական նշանակությունր:
        Ահա մեր աչքի առջև հսկա ժողովուրդները ֆիզիկական և բարոյական գերագույն լարումով, բարձր ոգևորությամբ միացնում են իրենց տարբեր խավերը, տարբեր հատվածներր, որպեսզի փրկեն իրենց ապագան:
        Եթե հսկա ժողովուրդներն են կարիք ու անհրաժեշտություն համարում միահամուռ ու միաձույլ գործունեությունր, ապա որքա~ն և որքա~ն անհրաժեշտ ու անհետաձգելի պետք է համարվի այդպիսի մի համերաշխ ոգևորություն մեր փոքրաթիվ, բայց անհամար ոսոխներով շրջապատված ազգի համար, մի ազգի համար, որի ջլատված, քայքայուն ուժերի ծայրահեղ լարումը միայն, բարոյական բարձր պարտազգացումը միայն կարող է փրկել այս աղետալի պահին: Ընդունա՞կ է արդյոք մեր ժողովուրդը նյութական և բարոյական ուժերի մի այդպիսի գերագույն լարումի, միահամուռ ներշնչուն գործունեության։ Արդյոք կենդանի՞ է դեռ հայ ժողովրդի հավատը, որը դարավոր փորձության է ենթակա եղել, որը արյունաքամ է արել մեր ժողովրդին, խլել է նրանից այնքան նյութական և բարոյական զոհեր...