ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
  
  
Մովսես Խորենացի
  
Ողբ (հատված)
"ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ" գրքից
 
  ՈՂԲ՝ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ  ՑԵՂԻՑ ԴԱԴԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐԻ ՏՈՀՄԻՑ  
        ...
       Այսպիսի վշտով խեղդվում եմ, մեր հոր կարոտով մաշվում: Ո՞ւր է այն քաղցր աչքերի հանդարատությունը ուղիղների համար և ահավորությունր չարերի համար. ո՞ւր է այն զվարթ շրթունքների ժպիտը լավ աշակերտներին հանդիպելիս, ո՞ւր է այն բարյացակամ սիրտը, որ արբանյակներ էր գրավում. ո՞ւր է երկայն ճանապարհները հեշտացնող հույսը,նեղություններից հանգստացողը.— կորա՜վ ժողովուրդր, ծածկվե՜ց նավահանգիստը,, լքե՜ց օգնականը. լռեց խրախուսիչ ձայնր։
       Ո՞վ այսուհետև պիտի հարդե մեր ուսումը, ո՞վ պետք է ուրախանա իր աշակերտիս առաջադիմությամբ, ո՞վ հայրական զվարճությունը պիտի արտահայտե՝ մասամբ իր որդուցս հաղթվելով։ Ո՞վ պետք է զսպե առողջ վարդապետության հակառակ դուրս եկողների հանդգնությունը, որոնք ամեն բանով քանդված ու քայքայված՝ շատ ուսուցիչներ են փոփոխում և բազմաթիվ գրքեր, ինչպես ասաց հայրերից մեկը, ամեն բանի նրանք հավասարապես դժվարանում են, և իրենց համար չար օրինակ են դարձնում մեզ ծաղրելն ու արհամարհելը, իբրև անհաստատ և որևէ պիտանի արվեստից զուրկ (մարդկանց)։ Ո՞վ պետք է նրանց պապանձեցնե սաստելով և մեզ սփոփե գովելով և չափ դնե խոսքի և լռության։
       Երբ մտածում եմ այս բաների մասին, իմ մեջ հառաչանք և արտասուք են ծագում, ինձ թելադրում են տխրալից և սգավոր խոսք ասել։ Եվ չգիտեմ, ի՛նչպես հորինեմ իմ ողբր և կամ ո՞ւմ արտասվեմ .— արդյոք իմ թշվառ մանուկ թագավորի՞ն, որ վատթար խորհրդակցությամբ իր ցեղով հանդերձ դեն գցվեց և նախքան մահով մեռնելը անարգաբար աթոռից կործանվեց, թե ինձ, որ գլխից վերցվեց փառավորող գեղեցիկ կենցաղօգուտ պսակը. արդյոք իմ հո՞րն ու քահանայապետին, այն վսեմ միտքը, լի կատարյալ խոհականությամբ, որով կառավարում էր և բարեկարգում, և սանձերը բուռը հավաքած ուղղություն էր տալիս (ընթացքին) և սանձահարում էր օտարոտի (մտքեր հայտնող) լեզուները, թե ինձ, նրա հոգու խանդից զրվկածիս ու տնանկիս. արդյոք իմ ծնողի՞ն, այն վարդապետության աղբյուրը, որ ոռոգում էր արդարությունը և իբրև հեղեղ դուրս էր քշում ամբարշտությունր, թե ինձ, նրա խրատները խմելու ծարավից ցամաքածիս ու թառամածիս. արդյոք մեր աշխարհին արդեն եկա՞ծ աղետները, թե ապագայում սպասվածները։
       Ո՞վ մեզ այս բաներում ճառակից կլինի` մասնակցելով մեր տրտմությանը, ո՞վ մեզ կընկերանա՝ ցավակցելով մեր ողբին, կամ արձանների վրա փորագրելու։ Զարթի՛ր, Երեմիա, զարթի՛ր,, և ողբա մարգարեանալով հանդերձ ինչ թշվառություններ որ կրեցինք և դեռ պիտի կրենք. գուշակի՛ր, որ տգետ հովիվներ պետք է երևան գան, ինչպես (գուշակեց) Զաքարիան Իսրայելացիների համար։
       Ուսուցիչները՝ տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով. ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։
       Կրոնավորները՝ կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվասեր, քան աստվածասեր:
       Վիճակավորները՝ հպարտ, դատեր սիրող, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող։
       Աշակերտները՝ սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են։
       Ժողովրդականները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասագործ, ժառանգությունից փախչող։
       Զինվորականները՝ անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, հելուզակ, ավազակների բնութենակից։
       Իշխանները՝ ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ծառաներին համամիտ։
       Դատավորները՝ տմարդի, սուտ, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անհաստատ, հակառակող։
       Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած։
       Եվ ի՞նչ է այս բոլորի ապացույցը, եթե ոչ այն, որ աստված մեզ անտես է արել և տարրերը փոխել են իրենց բնությունը. — գարունր երաշտ, ամառը սաստիկ անձրևային, աշունը ձմեռ դարձած, ձմեռը սաստիկ ցուրտ, մրրկալից և երկարատև։ Քամիները՝ բուքեր բերող, խորշակի փոխված, ցավեր տարածող. ամպերը կայծակներ թափող, կարկտաբեր. անձրևներն անժամանակ և անօգուտ. եղանակը դաժան, եղյամ բերող. ջրերի անօգուտ ավելանալը և չափից դուրս պակասելը. երկրի պտղաբերությունը նվազած, անասունների աճելությունը պակասած, այլև երկրաշարժներ և սասանումներ։ Եվ այս բոլորի վրա ամեն կողմից խռովություն, համաձայն այն խոսքին, թե ամբարիշտներին խաղաղություն չկա։
       Որովհետև (մեզ) տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս։ Կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած. հավատը ծախվում է այստեղի ունայն կյանքի համար։ Ասպատակությունններ են գալիս անհատնում, շատ տեղերի վրա, տները գերվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, ան֊վերջ սովեր և հիվանդություններ և բազմատեսակ համաճարակներ։ Աստվածապաշտությունը մոռացված է, դժոխքի ակնկալություն։
       ...