|
|
ԱՍՏ ՀԱՆԳՉԻ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐՈՐԴԻ ՎԱՐՊԵՏՅԱՆԻ
…ՏԱՊԱՆԱՔԱՐԸ
(մի փունջ առածներ, ասույթներ և աֆորիզմներ հեղինակի համանուն հատորից,
տե'ս` Ա.Վարպետյանի գրքերը)
|
ԵՐԳԻԾԱԿԱՆ |
Սատանան արական սեռ է, բայց սատանայությունը` իգական:
* * *
Թերևս այդ կապիկն է առաջացել մարդուց: Հաստավիզ «գորիլլաները»`
հաստատ:
* * *
«Ուտե~մ քեզ»-ասում են և’ սիրեցյալներդ և’… մարդակերները:
* * *
Կոկորդիլոսի համար այծն ու հանճարը նույն մսացուն են:
Չար չէ` անչափ անաչառ է:
* * *
Ավանակին մի ասա «էշ ես», բոլորին կկրի` բացի քեզանից:
Ասա. «Ի~նչ երկար ականջներ ունես»` կդնի գլխին:
* * *
Ավանակին մարդկայնություն ցուցաբերելը այլորակ ավանակություն է,
բայց ավանակություն ցուցաբերելը`… անմարդկություն:
* * *
Էշին հարցրին. «Վարդն ի՞նչ ես անում».-ասեց. «…Ընկույզի մուրաբա»:
* * *
«Ճաշակին ընկեր չկա»` հատկապես, եթե ընկերդ… գորտ է:
* * *
Դուք չեք կարող կծել ձեզ կծած շանը, առանց… շնանալու,
բայց կարող եք բզկտել շան տիրոջը` թող նա էլ իր շանը կրծոտի:
* * *
Տանտիրոջն ահազանգելու լավագույն միջոցը շներին հաչեցնելն է:
* * *
Կնոջ հետ ընկերություն արա, բայց «գազարը» պատրաստ պահիր:
* * *
«Գայլից վախեցողը անտառ չի գնում»:
Արդ, հենց վախկոտն է անտառ գնում, որ… մարդն իրեն չուտի:
* * *
Ձկան փուշը ներսից է, ոզնու փուշը` դրսից:
Վարդի փուշը կողից է, մարդու փուշը`… լեզվից:
* * *
Ամենային դիմանալու համար կնոջ մաշկը պիտի պինդ լինի, տղամարդու`
պորտը:
Ամենայնին ընդդիմանալու համար կնոջ կողը պիտի հաստ լինի,
տղամարդու` կոկորդը:
* * *
Ըստ արևմտահայ մի ասացվածքի.
«Աստուած մէկու մը հոգին առնելէ յառաջ նախ խելքը կ’առնէ»:
Կանայք` նույնպես, բայց նաև`… տուն-տեղը:
* * *
«Համբերությունը կյանք է», մինչև… մեռնելը:
* * *
Եթե «Ընկերովի մահը հարսանիք է»,
ապա շատերի համար հարսանիքը` ընկերովի մահ:
* * *
Ցանկալի կանանց կրծքերն են մեծ լինում, նվիրյալ կանանց` թոքերը:
Նվիրյալ այրոց սրտերն են հոծ լինում, տենչալի այրոց… փողերը:
* * *
Որքան էլ տգեղ, տգետ և անգամ… տկլոր, կինը միշտ էլ որևէ բան ունի
տալու,
և որքան էլ շռայլ` միշտ էլ… առավել հատուցման ակնկալիքով:
Այդպես, նա կարող է իբր զավակ տալ, բայցի իրականում`… առնել:
* * *
Կինը ինքնին սիրո մարմնացում չէ, իսկ շատերը` միմիայն… «փչովի
տիկնիկ»:
Զոռես` կփքվեն, խայթես` կպայթեն, պահես` կսմքեն, թողնես`… կտրվեն
քամուն:
* * *
Վերջիվերջո բոլոր տկարներն ու անկարները այսպես թե այնպես լեզվին
են տալիս:
Ի վերջո… այդ էլ է մկան:
* * *
Կանանց երանելի է դարձնում երանքը, տղամարդկանց պաշտելի`…պաշտոնը:
* * *
Հալվա-հալվա ասելով եթե ոչ բերանդ, ապա գոնե հալվան կքաղցրանա:
* * *
Քացով մի’ տուր, ա~յ անկիրթ` … աչքով տո’ւր:
* * *
Քրիստոսը ջուրը վերածեց գինու, մարդը արյունը` ջրի:
* * *
Երկաթը տաք-տաք են ծեծում, մսեղենը` պաղ-պաղ:
Զոռբաներին թաք-թաք են ծեծում, անկյալներին`… սաղ-սաղ:
* * *
«Հոգիս բերանս հասավ»-տրտնջում ենք բոլորս,
երբ այն ոչ մի կերպ… մեր գլուխը չի մտնում:
* * *
Քոռին ասին քոռ ես, ասեց. «Այդ դուք եք ինձ մի աչքով նայում»:
* * *
Մարդ կա` կորիզ է, մարդ կա` խորիզ է: Մարդ էլ կա`… թանապուրի որիզ
է:
* * *
Եղունգ ունե՞ ս, էլ ինչ ես գլուխդ քորում` ճանկռտի’ր:
* * *
Լուցկուն ասին տաքգլուխ, իսկ հետո էլ` սևերես:
* * *
Ասա. «Ես հիմա կգամ» ու… փախիր: Երբ էլ գաս` «հիմա» է:
* * *
Լավ ստախոսը պիտի պնդերես լինի, վատ ստախոսը` գոնե… սևամորթ:
* * *
Ճամարտակը «խոսքի համար գրպան չի մտնում», իմաստունը`… ուրիշի
գրպանը:
* * *
Ո’չ, ոտքերդ միշտ էլ երկարիր վերմակիցդ ավելի,
բայց ոչ այնքան, որ ծածկվի երեսդ և բացվի… մերկությունդ:
* * *
Սոխակի ձայն ուներ, բայց… ճնճղուկի խելք:
* * *
Մարդու ծանրության կենտրոնը ուսերից վեր է,
բայց «ոսկե միջինը»`… գոտքատեղից վար:
* * *
Ոմանք բարևում են ու ընկնում կրակը,
այլք բարևում են միայն կրակն ընկնելուց հետո:
* * *
Արդարությունը չի տրվում հենց արդարներին, քանզի… արդար են արդեն:
«Դրամն էլ երջանկություն չի բերում»… լոկ չունևորներին` քանզի…
դրամ չունեն:
* * *
Ջայլամն իր գլուխը ավազի մեջ է թաքցնում, տխմարը` ամբոխի:
* * *
Տակառում պառկելով Դիոգենես չես դառնա, դագաղում պառկելով` Լենին:
* * *
Կարմիր կովը ինչ կաշի էլ փոխի` մնալու է կով:
* * *
Մեր գլխի գոյությունը գլխավորապես գիտակցում ենք գլխացավանքից,
այլք մեր սրտի առկայությունը`… կաթվածամահից:
* * *
«Շնորհավո~ր Նոր տարի», թեև այն… կարող է լինի քո վերջինը:
* * *
Սրամտությունը դեռ իմաստություն չէ,
սակայն իմաստությունն ակնկալում է որոշ սրամտություն:
* * *
Թե ժպտացիք` դուր եկավ,
Թե զարմացաք` խուռն եկավ,
Թե զայրացաք` ծուռ եկավ,
Թե լրջացաք` սուր եկավ,
Թե ձանձրացաք` զուր եկավ… |
|
ԿԵՑԱԿԱՆ |
Ոմանց համար հավից ու հավկիթից առաջ միշտ էլ եղել է… ձվածեղը:
* * *
Երբ հասարակությունը քնած է, երազները ցերեկով են հայտնվում:
* * *
Հոտը կարող է ընտրել միմիայն իր նոխազին, հովվին` երբեք: Նա տրվում
է վերուստ:
* * *
Կեցության մեջ ձրին է անարժեք, բնության մեջ արժեքավորն է ձրի:
* * *
Հանճարների գալը իմացվում է նրանց գնալուց հետո միայն:
* * *
Լվացված ուղեղները կախում են տիկնիկային լարերից,
չլվացված ուղեղները`… փշալարերից:
* * *
Ձիարշավում վիճարկվում է հեծկանը, ընտրարշավում` հեծյալը:
* * *
Փորձանոթում ճանճն էլ է ազատ, մինչև… ապակուն բախվելը:
* * *
Եթե կատվին կերակրեցիք` մկները փրկված են:
* * *
Պլատոնը ակադեմիկոս չէր, բայց նա հիմնեց աշխարհի առաջին ակադեմիան:
Քրիստոսն էլ քրիստոնեա չէր, բայց նա սերեց քրիստոնեությունը:
Ըստ Մարքսի, նա ևս մարքսիստ չէր, բայց դարձավ մարքսիզմ-լենինիզմի
հետնորդը:
* * *
Կոմունիզմը ջանում է արդարացնել «անհրաժեշտ չարիքը»,
կապիտալիզմը` «անհրաժեշտ բարիքը»…
* * *
Երկերեսանի են նաև ոսկեդրամները, բայց «գիր» թե «ղուշ» միշտ էլ
աչքաբացին են ժպտում:
* * *
Քիչ դրամը շատին է գնում, շատը` ագահին, իսկ ագահը`…նորից քչին:
Այս էլ «կոնվեկցիոն դրամաշրջանառություն» է…
* * *
Եթե դրամը ձերն է, ուրեմն « գի’րն» էլ է ձերը, «ղո’ւշն» էլ:
* * *
Կեղծ թղթադրամերի շուկայում կեղծ է դիտվում միակ օրինական
թղթադրամը:
* * *
Մարդկանց շնչով են հաշվում, անասուններին` գլխաքանակով,
Ընչավորներին` դրամագլխով, հանճարներին` գլուխգործոցներով, բայց…
մատերի վրա:
* * *
Գազարի ու գավազանի քաղաքականությունը գալիս է դեռևս նախնադարից:
Սակայն դրա քաղաքակրթեցումը եղավ այն, որ այսօր այլևս չենք
տարբերում
թե ո՞րն է գազարը, և ո՞րը` գավազանը:
* * *
Եհովահը մարդուն դրախտից չվտարեց` այլ դրախտը մեր միջից:
* * *
Նախնիք վախենում էին, որ երկինքը կփլուզվի իրենց գլխին:
Արդ վախենում ենք… երկրի փլուզումից: Խելոքանում ենք… ոտքերից:
* * *
Եթե «չիմացյալ կյանքը» մահ է, ապա չիմացյալ կեցությունը`
«եղբայրական գերեզման»:
* * *
Կայացումը ինքնին առաքելություն է, բայց կայանում են որևէ
առաքելությամբ:
* * *
Եթե շատ վազես հանգամանքների հետևից` հանգամանքները քեզ
կհետապնդեն:
* * *
Կեցության մեջ ծանծաղում է իմաստությունը, իմաստության մեջ`
կեցությունը:
* * *
Եթե «երկնային արքայությունում» բոլոր երազում են արքայիկներ
դառնալ,
ապա հարկ կլինի վերահաստատել «պրոլետարական դիկտատուրան»: |
|
ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ |
Զտարյուն սերն ու օղին թորվում են բազմիցս:
* * *
Ազնիվը չհասկացվելուց է վախենում, խարդախը` հասկացվելուց:
* * *
Սարը գնաց սարսաղի մոտ` սա իրեն Մահումեդ կարծեց:
* * *
Փոքրի հետ փոքր լինելը անշուշտ մեծություն է,
սակայն տխմարի հետ տխմարանալը` առնվազն… հավասարություն:
* * *
Ստախոս չէ նա, ով հավատում է իր ստին, այլ առավելաբար նա`
ով իր ճշմարտությանը չի հավատում:
* * *
Ավելի անկեղծ ենք կեղծելուց` քան, երբ ջանում են անկեղծ լինել:
* * *
Ճշմարտությունը քողարկելու լավագույն միջոց երկու կեղծիքների
բանավեճն է:
* * *
Կարծիք հայտնողը կարծիք է տալիս նաև ինքն իր մասին:
* * *
Կրակելու համար հարկավոր է գլուխը բարձրացնել,
քննադատելու համար` բացահայտել նաև դրա պարունակությունը:
* * *
Հիվանդության փոխարեն հիվանդի հետ կռվող բժիշկը առնվազն հիվանդ է,
առավելագույնը` հոգեառ:
* * *
Մեզ չեն ներվում ոչ այնքան մեր արատները` որքան արժանիքները:
* * *
Թուզը թզին նայելով հասունանում է… խանդից:
* * *
Եթե դժոխքը քո մեջ է` դրախտը քեզ չի փրկի:
* * *
Քնած` բոլորս էլ հրեշտակներ ենք, արթուն` մեր մեջ այդ հրեշտակներն
են քնում:
Այդպես, միմյանց հանդիպում ենք կա’մ մանկությանը, կա’մ միայն
անդրաշխարհում:
* * *
Ծուռումուռ հայելին աղավաղում է արտացոլանքը, փոշոտ ապակին`
աղոտում լույսը,
աղճատ հոգիները` ճշմարտությունն ու իմաստությունը:
* * *
Հանճարները մանրուքների մեջ են ջանում մեծություն քջջել,
անճարները` մեծությունների մեջ մանրուք:
* * *
Չհառնող վառեկները ի վերջո դառնում են փառքի առնետներ:
* * *
Բեռ բարձրացնելուց առաջ նախ անհրաժեշտ է կռանալ:
* * *
Եթե սատանան ձեզ պատվեց` փառավորապես ապականված եք:
* * *
Եթե սևեռվեցիր դատարկության վրա, այն ի վերջո լցվելու է քո մեջ:
Իսկ եթե բևեռվեցիր խավարին` վերջում լույս է նշմարվելու…
* * *
Նախընտրելի է մեռնել կարոտից` քան ձանձրույթից:
* * *
Բարեկամներին մենք ենք ընտրում, թշնամիները` մեզ:
* * *
Եթե ներաշխարհումդ ամբոխ է լցվել, ապա դու նույնքան միայնակ ես,
որքան կլինեիր ամբոխի մեջ:
* * *
Ասպետը թույլի կողմն է, թույլը` հաղթողի:
* * *
Եթե թշնամուդ հետ հաշտվեցիր` համարիր որ հաղթել ես,
Իսկ եթե նպատակիդ մոտեցար` համարիր որ գերազանցել ես:
* * *
Աղբանոցում վարդը չի թոշնում` նեխում է:
* * *
Շատ մի տարվիր` տարվել կա, շատ մի փքվիր` պայթել կա:
Շատ մի կառչիր` կախվել կա, շատ մի շեղվիր` գայթել կա:
Շատ մի փնտրիր` գաղթել կա. Շուտ մի փախիր` ՀԱՂԹԵԼ կա…
* * *
Չկա դավաճանություն առանց հավատարմության,
մինչդեռ հավատարմությունը լինում է միմիայն առանց դավաճանության:
* * *
Պատվավոր կանայք հիրավի գանձեր են և սպառվում են այն արագությամբ`
ինչ բնության ընդերային ու սքող պաշարները:
Սակայն ի տարբերություն դրանց, կանանց պատվախնդրությունը չի
ապահովագրվում:
* * *
Հանճարների նկատմամբ ամբոխն ունի սկզբունքային մեկ բանաձև.
հաչեմ-խաչեմ-պաչեմ` լոկ գործակիցների տեղափոխությամբ:
* * *
Սերն ուժգնանում է կիսվելով, խնդությունը` բաժանմամբ:
Ցավը նվազում է կիսվելով, ատելությունը… հավելմամբ:
* * *
Մարմինը տարածությամբ է չափվում, հոգին` ժամանակով:
* * *
Ինչպես քվանտային մեխանիկայում, հոգևոր աշխարհում մաթեմատիկական թե
ֆիզիկական
օրենքները կարող են չեզոքացվել: Այդպես, սիրող սրտերը
կարող են լապտերի պես բռնկվել…
հենց տարանջատմամբ, իսկ 1+1=2 դառնալ… «մեկ մարմին», կրճատվել 0-ի,
կամ երրորդանալ, բազմապատկվել և անգամ ձգտել
∞ հավերժության…
* * *
Ունենալը թերևս այնքան լավ չէ` որքան չունենալն է վատ:
* * *
Երջանկության մեջ կորցնելու տագնապ կա, դժբախտության մեջ` գոնե
գտնելու հույս:
* * *
Ինչպե՞ս կարող ենք վստահել այլոց, երբ ինքներս մեզ չենք հավատում:
* * *
Ով տեր ունի` նա է գերին:
Ով սեր ունի` նա է փերին:
Ով հոգևոր մեծ բեռ ունի,
հոծ վերք ունի, քերծ լեռ ունի`
նա է վերին:
* * *
Շատ վար մի նայիր` կգահավիժես, շատ վեր մի նայիր` կմնաս առկախ:
* * *
Որքան էլ միասնական, մարմինն ու հոգին անվերջ դավաճանում են
մեկզմեկու,
և ի վերջո… բաժանվում:
* * *
Որքան հեռանում ենք Արեգակից` այնքան երկարում են մեր ստվերները:
* * *
Արցունքների ընդմիջով Արեգակը միշտ էլ առավել ճաճանչուն է: |
|
ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ |
Լիարժեք կյանքը ամբողջ մի կենդանաշրջան է:
* * *
«Լինե՞լ թե՞ չլինել»- այդ չէ խնդիրը` այլ ինչո՞ւ և ինչպե՞ս:
* * *
Բանալու անցքից աշխարհն, իհարկե, նեղ է:
* * *
Այնպես մոլորվեցինք կյանքում, որ հանդիպելիս միմյանց գտնել
չկարողացանք:
* * *
Որոնյալը գտնելու համար նախ հարկ է գտնել որոնելին:
* * *
Զգուշացիր երազանքիդ հետ հանդիպումից:
Այն կարող է անմիջապես չքանալ կամ… ոչնչացնել քեզ:
* * *
Զուգահեռները կարող են խաչվել, բայց չհատվել:
Ժամացույցի սլաքները կարող են հանդիպել, բայց չխաչվել:
Սիրահարները կարող են խաչվել, բայց չհանդիպել:
* * *
Եթե ամեն օր տոն լիներ` ո’չ օր կմնար, ո’չ տոն:
* * *
Ըստ ոմանց, գլուխդ պիտի երկնի մեջ լինի, ոտքերդ` երկրի, ըստ սրամիտ
այլոց.
պիտի այնքան բոյով լինես, որ ոտքերդ… հասնեն երկիր, ըստ մեզ.
թերևս այնքանով կարճ, որ ավելին հասնի… ընդերք:
* * *
Կյանքի քաղցրությունը միշտ էլ մնում է Կենաց-գավաթի հատակին,
դառնությունը` մեր շուրթերին:
* * *
Եթե հույսը վերջինն է մեռնում, ապա հավատը ծնվում է առաջինը:
* * *
Եթե կյանքդ խավարում է անցել` դժվար թե անդրաշխարհում «հոգիդ
լուսավորվի»:
* * *
Երբ աշխարհի բոլոր գլուխգործոցներն արարված են,
հանճարն արարում է նոր մի աշխարհ:
* * *
Բախտը հաճախ է ծեծում մեր դուռը, բայց այդ մե’նք տանը չենք:
* * *
Ջանա լքել կյանքը այդժամ` քանի այն չի լքել քեզ:
* * *
Խոսելն ավելի հեշտ ենք սովորում` քան լռելը:
Լողալն ավելի հեշտ ենք սովորում` քան քայլելը: Ինչո՞ւ…
* * *
Լռում ենք կա’մ շատ ասելիք ունենալուց, կա’մ բնավ չունենալուց:
Սակայն մի դեպքում լռությունը զուտ ոսկի է, մյուսում` սոսկ
ոսկեզօծ:
* * *
Տխմարի և իմաստունի փոխհարաբերությունը նման է կույրի ու ակնավորի
հարաբերակցությանը:
Իմաստունը տեսնում է տխմարի տկարամտությունը,
տխմարը իմաստունի իմաստությունը` ոչ:
Նրանք թափանցիկ հայելու
տարբեր կողմերում են:
* * *
Պղտոր ջրերը դադարում են պարզվում, խրթին խնդիրները` խառնելով:
* * *
Մեկ պայծառ միտք տասը լեզու արժե, տասը լեզուն` հազիվ մեկ
լեզվագետ:
* * *
Ճշմարտությունը աջից ու ձախից վեր է, բայց միշտ «տակ» է մնում:
* * *
Մեծ խաղաթղթերը «կտրում» են փոքրերին, չնչին ճշմարտությունները`
մեծ գաղափարներին:
* * *
Ճշմարիտ լինելու համար շատ է գեղեցիկ, կեղծ լինելու համար` շատ
տգեղ ու տգետ:
* * *
Մի’ բացատրիր` չեն հասկանա, մի’ համոզիր` չեն հավատա:
* * *
Անհատին ու ամբոխին կարելի է տխմարացնել` պարզապես ճշմարտությունը
թաքցնելով,
ինչպես կարելի է սպանել` պարզապես չփրկելով:
* * *
Միայն հիմարները չեն փոխում իրենց կարծիքը, խելոքները` իրենց
սկզբունքները:
* * *
Ոչ ոք իրեն գերազանցել չի կարող, բայց թերանալ` շատ հաճախ:
* * *
Ծուռ հրացանով դիպուկ կրակելու համար հարկավոր է ծուռ նշանառել:
* * *
Եթե կշռաքարդ սխալ է` որքան ուզում ես ճիշտ չափիր,
իսկ եթե քիչ թե շատ ճիշտ` ոչինչ, եթե փոքր-ինչ սխալվես:
* * *
«Աջ ու առաջ» նավարկելու համար անհրաժեշտ է թիավարել և’ աջ, և’
ձախ:
* * *
Հանգամանքներից խուսափելու լավագույն միջոցը դրանց հեծնելն է, կամ…
ստեղծելը:
* * *
Եթե կա քարերը հավաքելու և քարերը նետելու ժամանակ, ապա կա նաև
խաղաթղթերը խառնելու և երբևէ անպատճառ բացելու ժամանակ:
* * *
Փչացած մարտկոցը լիցք չի պահում, փտած փայտը` հուր, փուչ մարդը`
Ոգի:
* * *
Լույսի արագությամբ շաբաթը հիրավի ուրբաթից առաջ է գալիս:
* * *
Ամբոխի ու հանճարի փոխհարաբերությունը բնորոշվում է Արքիմեդի նույն
օրենքով.
ջրի մեջ ընկած մարմինը դուրս է մղվում իր կշռի ուժգնությամբ…
* * *
Հանճարի և մարդու միջև նույնքան տարբերություն կա` որքան մարդու և
կապիկի:
Իմաստունի և իմաստասերի միջև այնքան նույնություն կա`
որքան ֆուտբոլիստի ու ֆուտբոլասերի:
* * *
Հանճարները մահարձանների կարիք չունեն` այդ մենք բոլորս ենք:
* * *
Հեռակա ու մոտակա աստղերը կարող են թվալ համահավասար,
մերձակաները` նույնիսկ գերհսկա, երբ իրականում միջակություններ են:
* * *
Անհայտն ավելի հավատ է ներշնչում, քան` ակնհայտը:
* * *
Երբ սպառվում են բոլոր հնարավորությունները` հայտնվում է լուծումը,
իսկ երբ այն հայտնվում է` հնարավորությունները չեն սպառվում:
* * *
Հարկ է դառնալ եզակի` բոլորինը լինելու համար: |
|
ԷՈՒԹԵՆԱԿԱՆ
( արմատական այս ենթաբաժինը առանձին էջով կտրվի
ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգում ) |
Ասա ո՞վ է քո Աստվածը ազդու` ասեմ ով ես դու:
* * *
Կարճ գրելու համար հարկավոր է երկար մտածել,
էություններ ըմբռնելու համար` կարճ:
* * *
Խոսքի մեջ խոսք է լինում, հոսքում` ասացվածք, ասացվածքում` ասք:
* * *
Երևույթը ձևն է ու ծրարը, էությունը` նամակն ու բովանդակությունը:
* * *
Բնական գորգի իսկությունը մատնում է հակառակ երեսը:
* * *
Հեռուն տեսնելու համար հարկավոր է վեր կանգնել,
պայծառատեսության համար` կուրանալ:
* * *
Լեռը մանրադիտակում չի երևում, Տերը` հեռադիտակում, մերը`
գեղադիտակում:
* * *
Զուռնայից ու զուռնաչուց ավելի կարևոր է մեղեդին:
* * *
Պատվանդանին իմաստավորում է անդրին, անդրուն` իմաստը, իմաստին`…
ԱՍՏ-ը
( Էությունը=Աստված, Է=«Աստ» իմաստով, ինչպես սանս. asta, ռուս.
есть, ֆրան. est= է’ ):
* * *
Ժամացույցի առանձին մասերը դեռ ժամացույց չեն:
* * *
Եթե փիղը ձեզ ծանոթ է` նրան պոչից էլ կճանաչեք,
բայց եթե չկողմնորոշվեցիք` չեք տարբերելու նրա պոչն ու կնճիթը:
* * *
Եթե շատ ցանկանաք փիղը կանաչ տեսնել` փիղը «կկանաչի», բայց պտուղ
չի տա…
* * *
Ամբողջ թվերի միջև անսահմանություն կա, ակնթարթների միջև`
հավերժություն:
* * *
Տիեզերքն ամբողջանում է… տրոհմամբ և ընդհանրանում` տարբերակմամբ:
* * *
Լեռան գագաթն հասնելը ավելի հեշտ է` քան սեփական « հոգետուն»:
* * *
Գեղեցիկ ապրելն ու իմաստուն ապրելը նույն հարաբերակցության մեջ են`
ինչ գեղեցկությունն ու իմաստությունը:
* * *
Իմաստությունը իմացությունից տարբերվում է առաքինությամբ,
իմաստասիրությունից` ոգեղինությամբ, իմաստակությունից`
ճշմարտությամբ:
* * *
Իմաստուն է նա, ով պատճառի մեջ հետևանք է տեսնում, հետևանքում`
պատճառ,
տարբերությունների մեջ նույնություն է տեսնում,
նույնություններում` տարբերություն,
և ի վերջո, երևույթների մեջ էություններ է որսում, էություններում`
հնարավոր երևույթ:
* * *
Բնաշխարհում գարունն է ծաղիկ բերում, ներաշխարհում` ծաղիկը գարուն:
* * *
Միտքը թռչում է առանց թևերի ու լույսից արագ,
հոգին` փոթորկում առանց փոթերի ու հողմից վայրագ:
* * *
Հառնել ձգտողը հարկ է բեռնաթափվի կեցական ավելորդություններից:
* * *
Ծառի հետևում անհրաժեշտ է անտառը տեսնել, անտառի հետևում`
տիեզերածառ:
* * *
Կայանում են կեցության մեջ, էանում` ներաշխարհում:
* * *
Կյանքն իմացյալ անմահություն է, կյանքը չիմացյալ` մահ:
* * *
Վերջին տապանը վստահաբար հանգրվանելու է ՏԻԵԶԵՐԱԼԵՌԱՆ գագաթին: |
|
ԱԶԳԱՅԻՆ |
Ազգն առանց նպատակի նույնն է` ինչ ճանապարհն առանց ուղղության:
* * *
Եթե մեկի հոգին առաք` մարմինը ձերն է ու ձերը,
իսկ եթե միայն մարմինն առաք` հոգով-գլխով կորած եք…
* * *
Քեզ չեն խաբել` դու ես խաբվել: Քեզ չեն մորթել` դու ես մորթվել:
* * *
Ազգերը մեռնում են… տխմարությունից:
* * *
Նախնյաց ուրացանք, բայց մենք կուրացանք:
Վանահայրը աչքերը փորեց, բայց «քյոռօղլի» չդարձանք:
* * *
Շներն Արեգակի վրա չեն հաչում, շունշանորդիք` այն էլ ո~նց…
* * *
«Գողը թե տնից եղավ` եզը երդիկից կտանի»:
Իսկ եթե եզ տնից եղավ` տունը տիրոջ քթից կհանի:
* * *
Առյուծաձև հայը « հեռվանց կ’ուտի», բայց միմիայն… մերձավորներին:
* * *
Մեղուներն ինքնասպանվում են այլոց խայթելուց,
որոշ օձեր` իրենք իրենց,
հայերը` յուրայիններին:
* * *
Ամեն ինչով հայ էր, բացի… հայ լինելուց:
* * *
Զուգակից են նաև ճանճն ու մեղուն, բայց նույնքան էլ տարբեղուն:
* * *
Ավելի լավ է լինել անգլուխ` քան ծուռվիզ:
Զի եթե գլուխը չկա` վիզն ո՞ւմ է պետք:
* * *
Մայր Հայրենիք: Զի Հայր Մայրենիքներ չեն լինում, բայց լինում են…
«քեռի» հայրենիքներ:
* * *
Մեջքի վրա շրջված կրիաները մահանում են ինքնաբերաբար, երբեմն`
անզգուշությունից,
երբեմն` երբ նրանց ապահովում են դարուփոս ճանապարհ,
իսկ խեղճ ազգերի պարագայում`… «բարեկարգ»:
* * *
Ճերմակ թուղթը ինչ գույն ասես չի առնի:
* * *
Վագոնից վագոն անցնելով գնացքդ չես փոխի:
* * *
Նժդեհներն հայոց խիստ անհրաժեշտ են հատկապես այնժամ, երբ… այլևս
նրանք չկան:
* * *
Ցածր առաստաղն անգամ հսկաներին կարող է կուզիկ դարձնել,
դարավոր համբերությունը` համբալ:
* * *
Խելոքը պատճառն է կարևորում, խեղճը` պատճառաբանությունը:
* * *
Կենդանիներն իրենց վերքերը լիզելով են բուժում, ողջամիտները` նաև
մեղքերը:
* * *
Հաշմ ու ծռմռված մատները անկարող են անգամ մեկ դեղահաբ բռնել,
ո~ւր մնաց բռունցք դառնան:
* * *
Ճակատագրի պատերը ճակատներով չեն քանդվում, այլ` գլխուղեղով:
* * *
Արմատն իր զորությունը ծառին է տալիս, ճղակտոր ծառը` արմատներին:
* * *
Ոչ ոք չի ուզում մեռնել, հատկապես`… նահատակները:
* * *
Մարտից առաջ մեռելներին չեն հաշվում, ջարդից հետո` ողջերին:
* * *
« Տերովին տերն ա կերե, անտերին` գելն ա կերե »:
Բայց կարող է նաև. գելը տիրոջն ուտել, անտերը`… տանտիրուհուն:
* * *
Նկուղում թաքնվելով ջրհեղեղից չես փրկվի,
թփուտներում թաքնվելով` հրդեհից,
քեզնից փախչելով` քո ճակատագրից:
* * *
Վտանգաված ազգերի գոյապայքարը պետք է իմաստնանա,
իմաստությունը` քաղաքականանա:
* * *
Գաղափարական անդաստանում գրավված տարածքները չեն վերադարձվում:
Վատագույն դեպքում խոպանացվում են, լավագույն դեպքում`
կանաչապատվում,
ծայրահեղ դեպքում`… ականապատվում:
* * *
Այլոց մեջ անուն-ազգանունն այլևս այնքան անձնական չեն` որքան…
ազգությունը:
* * *
Ազգը անձի երկրորդ ԵՍ-ն է, անձը ազգի` առաջին:
* * *
Որ երկիրը գնաս` այդ գդակը դիր, բայց գլուխդ պահիր քոնը:
* * *
Չդավաճանես առաջինը քեզ, չդատապարտես առաջինն այլոց:
* * *
Նետի թռիչքը նախ նահանջն է խրոխտ,
Պոռթկումն մկանի` կծկումը նախորդ,
Պայթյունն ականի` ճնշումն ավելորդ…
* * *
Մխիթարվենք, որ վերջին հայը եթե ոչ պոետ` ապա գոնե գերեզմանափոր չի
լինի:
* * *
Հող էիր հող դարձիր, հայ էիր` ժայռացիր:
* * *
Ոգին թե պոռթկաց` թնդանոթները կլռեն:
* * *
Ըստ ոմանց, «Եթե չգիտես ինչ անել` արա առաջին քայլը»:
Իսկ եթե գիտես` քո վերջին… «ՁԻՈՒ ՔԱՅԼԸ»:
Քայլ, որ ՔՈՒՌԿԻԿ ՋԱԼԱԼՈՒ թռիչքն արժե… |
|
ԱՆՁՆԱԿԱՆ |
Եթե կան այսքան սալիերիներ` ուրեմն անպատճառ պիտի որ լիներ նաև մի
Մոցարտ:
հակառակ դեպքում, էլ ի՞նչ Մոցարտ առանց սալիերիների:
* * *
Բարեկամներս ինձ լքեցին, բարեբախտաբար հակառակորդներս ինձ երբեք
չեն լքելու:
* * *
Ասա ո՞վ է քո թշնամին` ասեմ ով ես դո’ւ: Զի, նա պիտի լինի քո
հակապատկերը,
որքան կարևոր` նույնքան պատվավոր, որքան կարևեր` այդքան նենգավոր:
* * *
Քրիստոսի 12 առաքյալներից մեկն էր Հուդա:
Տա~ Աստված, որ իմ 12 հուդաներից գոնե մեկը լինի առաքյալ:
* * *
Կյանքը ինքնին գոյապայքար է, ոմանց համար`… վիշապամարտ:
* * *
Եթե հավատարիմ մնացիք ճշմարտությանը` ընդմիշտ լինելու եք
ընդդիմադիր,
իսկ եթե հավատարիմ մնացիք ընդդիմությանը` ապա ի վերջո նաև…
մեն-մենակ:
* * *
Ա~խ իմ սերեր, վա~խ իմ սերեր: Եթե միայն կարողանայի հանց ալքիմիկոս
ձեզ բաղադրել,
գուցե ստացվեր «իդեալական սեր», կամ գոնե այլոց համար… թթվասեր:
* * *
Ով հասել է լեռան գագաթ` լեռն իրենն է,
բայց դժվար թե նա կարողանա այն կիսել որևէ մեկի հետ` առանց նրա
կիզվելու:
* * *
Եթե որևէ ասացվածք չհասկացաք` փորձեք կարդալ երկրորդ անգամ:
Եթե երրորդ անգամ չհասկացաք` ձեռ քաշեք կարդալուց,
հինգերորդ անգամ` ձեռ քաշեք հեղինակից:
Իսկ եթե համառեցիք ու յոթերորդ անգամ չհասկացաք`… ձեռ քաշեք
ձեզանից:
* * *
Սերմը ծիլ է տվել` սերմը պետք է մեռնի: |
ԱՍՏ ՀԱՆԳՉԻ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐՈՐԴԻ ՎԱՐՊԵՏՅԱՆԻ… ՏԱՊԱՆԱՔԱՐԸ:
|
|
|
|