|
|
ԶՈՒԳԱՀԵՌ ՏԻԵԶԵՐՔ
23/01.2010թ
ՃԱՆԱՉԻՐ ԶԽՐԱՏ ԵՎ ԶԻՄԱՍՏՈՒԹՒԻՆ...
|
|
|
|
«Մոգական 7 թիվը» քննախուզության բնաբանում արծարծվեց
մշակութային աննյութական ժառանգության, հավաքական հիշողության,
ենթագիտակցության ու գիտակցության, Դ.Վարուժանի և այլոց «հոգևոր
հայրենիքի» խնդրականը, որպես Է-Էություն ուսմունքի առանցքային
հիմնադրույթներից մեկը: Զի, ըստ այդմ տարբերակվում են երևութական,
գաղափարական և էութենական իրականություններ, որոնք գտնվելով տարբեր
հարթություններում կամ «չափություններում» հիրավի կարող էին
դիտվել որպես «Զուգահեռ Տիեզերքի» համաբանություններ:
Այդպես էլ
բացի շոշափելի նյութական մշակույթից և հնագիտական
արտեֆակտերից կան նաև կատարելապես աննյութական
«պեղածոներ», որոնք կարող են լինել ինքնության առավել վստահելի
ցուցիչներ ու փաստարկներ` քան դրանց առարկայական զուգահեռները:
Օրինակ, եթե
գտնվեին Մոցարտի գանգը կամ ԴՆԹ-ի մոլեկուլներ կրող կենսանյութային
նշխարներ, ապա դրանց և Մոցարտի ստեղծագործությունների միջև կապը
հաստատելը կլիներ համարյա անհնարին: Մինչդեռ, հմուտ երաժշտագետ-փորձագետը
մեծ ճշգրտությամբ կարող է հաստատել մոցարտյան
ստեղծագործություններում հեղինակի «ձեռագիրը» և այն տարբերել
նմանատիպ կամ կեղծված թե փոխառված գործերից: Այլ մեկ օրինակը
դատական փորձաքննություններում օգտագործվող որևէ գրամեքենայով
շարադրված անանուն գրության հեղինակին բացահայտելու սկզբունքն է:
Զի, յուրաքանչյուր գրամեքենա ունի իր «ձեռագիրը», այսինքն`
այլերից տարբեր իր առանձնահատկությունները: Սակայն, նույն
գրամեքենայով կարող են գրել տարբեր անձինք: Մինչդեռ, անգամ տարբեր
գրամեքենաներով թե այլ միջոցներով շարադրությունների մեջ հմուտ
փորձագետները կարող են բավականին ճշտությամբ կռահել հեղինակին`
նրա աշխարհընկալումից, լեզվամտածողությունից, ոճաբանությունից կամ
թեմաներից, այսինքն` բուն էությունից: Մեկ խոսքով այն, ինչը ավելի ու ավելի է օգտագործվում
անգամ դասական լեզվաբանության մեջ որպես սեմանտիկա-իմաստաբանություն: Իսկ այդ
հենց էիզմի սկզբունքն է, որի արդյունքները են մեր արտառոց թվացյալ
բացահայտումները և որի ևս մեկ գիտական հիմնավորումը խոստացել ենք
տալ մոտ ապագայում, ի դեմս «Էիզմը և նեյրոգիտությունները»
ակնարկի:
Իսկ այստեղ բերում ենք «սովորական» մեկ օրինակ:
Նախ հիշեցման կարգով անդրադառնանք Դ. Վարուժանի «Է
տառը մեր այբբենարանին մէջ» փոքրիկ, բայց որքան խորախորհուրդ
ակնարկին, գրված 19 տարեկան հասակում դպրոցական մի տետրի մեջ (տե’ս
այստեղ «Էություն» հանդեսի էջ 6): Ու թեև
Է տառի նկատմամբ
նրա «աչքերը կարող էին բացվել» Բերայի Մխիթարյան նախակրթարանում
(1896-98 թթ) կամ Քաղկեդոնի գիշերօթիկ դպրոցում (1998-1902 թթ),
բայց ըստ իրեն և առավելաբար. «…եկեղեցվոյ մը ճակատը` եռանկիւնի մը
միջեւ» կամ «առաջին անգամ, երբ մանուկ շրթերով քեզ հնչել
սովրեցայ, կարծես այն օրէն ես իմ էութիւնը ճանչցայ»
( նույն
աղբյուր, հմմտ. «Ճանաչիր ինքդ քեզ և Է'ի» դելփյան
արձանագրությունը...), այսուհանդերձ այն հրաբխել է հանճարի
ներաշխարհ-էությունից, այլորեն` ժառանգական հիշողությունից կամ
Կ.Գ. Յունգի «կոլեկտիվ ենթագիտակցությունից»: Զի, նախ
Է տառը
եկեղեցիների վրա շատերն են տեսել ու շատերն են այն «մանուկ
շրթերով հնչել սովորել», առանց նման այդքան վաղ ու բուռն
ժայթքումների:
Երկրորդ, Դ. Վարուժանի Է տառի մեկնությունը
պարզապես ապշեցուցիչ է.
«Բերանդ կէս բա’ց. որովայնդ ներս
քաշէ` շունչ առնելու համար, և ամբողջ ուժովդ հնչէ –Է~: Եվ ահա
կոկորդեդ հանած պիտի ըլլաս այն ամէն գոյութիւնները, որոնք
երևակայութեանդ մէջ իսկ հազիւ կը պատկերանան…
Սկսեալ հիւլէէ
մը, նշանախեցիէ մը աւելի չափով եւ աւելի ընդարձակութեամբ մարմիններ
կը պարփակէ այս տառը իր մէջ… Այդ տառը ընդարձակ հայելի մ’ըլլալ կը
թուի եւ ամբողջ տիեզերքը կանդրադարձնէ. դիտէ’ հոն, եւ նախ` դուն
զքեզ պիտի տեսնաս. հոն ծովը պիտի անցնի իր փրփուրներովն, իր
յավիտենական մութ անդունդներովը, ձուկերովն ու խեցիներովը եւ
ամէնեն չնչին աւաչովը… » (նույն
աղբյուր):
Իսկ այս ոչ այլ ինչ է` քան ձկնակերպ
Էա-Հայա ծովաստծո դիցահամակարգի յուրօրինակ նկարագրությունը, որը
պատանի Վարուժանը իմանալ, առվել ևս առնչել հայոց Է տառի հետ ոչ մի
կերպ չէր կարող, բացի իր «գենետիկ հիշողությունից», ենթագիտակցական
տրամաբանությունից ու ինտուիցիայից: Մնացյալը
կարող էր միայն «դետոնատորի» դեր խաղալ:
Այժմ, անդրադառնանք
վերոնշյալ օրինակին: Ստամբուլ կատարած մեր նախորդ այցելությունների
ժամանակ մենք Է տառի մի ամբողջ «հավաքածու» էինք հայտնաբերել, թե’
հին միջնադարյան հուշարձանների վրա, թե’ ավելի ուշ ու թե’ նոր
գործածություններ եկեղեցիներում և տապանաքարերի վրա (տե’ս
«Է-ի
առեղծվածը» կամ
http://www.youtube.com/eutyun տեսանյութը), ավելի քան այլուր և մասնավորապես Հայաստանում:
Այստեղ կարող է լինել մեկ տրամաբանական բացատրություն.
պոլսահայությունը գալիս է Արևմտյան Հայաստանից, որտեղ
հազարամյակներ ի վեր տարածված և պահպանված էր Էա-Հայա
դիցահամակարգի և Է-Էություն (աստված) հասկացության ավանդույթը:
Սակայն ընդամենը մեկ քանի ամիս առաջ, Ստամբուլից ոչ հեռու և
հիմնականում հայաբնակ մի կղզում մեր բացահայտումը պարզապես
անսպասելի էր: Այն դաջված էր սովորական, բնակելի մի տան շեմին
(վերևի և վարի նկարները): Տանտերը բացակա էր, իսկ տեղի հայ
եկեղեցում բացատրության տեղ տրտունջներ կային, թե Է տառը այդպես
գործածելը պատշաճ չէ, այն պետք է լինի միայն եկեղեցում: Իսկ ինչո՞ւ
էր հայտնվել այդ տան շեմին, հատկապես ի՞նչ մղմամբ և ի՞նչ կարող էր
իմանալ տանտերը Է տառի մասին: Եկեղեցական պարզ մի ավանդո՞ւյթ, թե՞
նաև «կոլեկտիվ ենթագիտակցության» ազդակ…
Որպես ազգաբան հարցը
մեզ հետաքրքրում էր հենց վերջին նկատառմամբ: Թեև այդժամ բացակա,
տանտիրոջ տվյալները գտնել դժվար չեղավ, հարգարժան պարոնը ապրում էր
Ֆրանսիայում և ավելի ուշ մեզ հաջողվեց նրա հետ կապվել հեռախոսով:
Պարզվեց, որ պարոն Ն. ծնվել է Թոխատում 1940 թ., վաղ տեղափոխվել
Ստամբուլ, ապա Ֆրանսիա: Սակայն, մանկուց նրա մեջ տպավորվել է իր
ծննդավայում բարձրահարկ մի բնակելի շենք, որի սնարին դաջված է
եղել նույն այդ Է տառը, տեսանելի քաղաքի տարբեր ծայրերից: Այդքանը
բավական էր, որ տարիներ հետո պարոն Ն. Է տառը զետեղի իր առանձնատան
շեմին, ապա վերադառնար Թոխատ լուսանկարելու համար հինավուրց
օրինակը: Սակայն շենքը վերանորոգված էր ու այն այլևս չկար, իսկ
շատ հարգարժան պարոն Ն. Է տառի ու նրա նկատմամբ իր հետաքրքրության
վերաբերյալ այլ մեկնություններ չուներ…
Մեզ մնում է ենթադրել
«գենետիկ հիշողության» կամ «կոլեկտիվ ենթագիտակցության»
տարբերակը, որի մեկ օրինակն է հավակնում լինել Դ. Վարուժանը, այլ
մեկը օրինակը` մենք, տարիներ ի վեր քրքրելով մեր ներաշխարհը,
գտնելու համար ընդհանրապես նախաքրիստոնեական հեռավոր անցյալի,
Է
տառի, Էա-Հայա դիցահամակարգի, Էություն հասկացության, էիզմ
ուսմունքի և հենց Դ. Վարուժանի նկատմամբ մեր հատուկ
զգայունակության դրդապատճառներն ու ներքին մղումները:
Մեկ
հետաքրքիր լրացում: Դ. Վարուժանը ծնվել է Սեբաստիայի Բրգնիք
գյուղում (1884 թ.), Եվրոպայում բարձրագույն կրթությունից հետո վերադարձել
Սեբաստիա, ապա հենց նույն Թոխատ քաղաքը ու տրվել կրթական,
ազգամշակութային և հասարակական բուռն գործունեության (1909-1912
թթ): Նրա պոեզիան խորապես ներշնչված ու ներծծված է հայրենի
բնաշխարհի գեղեցկությամբ («Բրգնիքը էությանս հիմնաքարը կկազմէ»,
«Նամականի», Երևան-1965, էջ 102 ), հեթանոսական անցյալով,
ազգային կեցությամբ և ժամանակակից մտահոգություններով («Ցեղին
սիրտը»-1904>1907թթ, «Հեթանոս երգեր»-1910>1914 թթ, «Հացին
երգ»-1912>1915թթ):
Այս բոլոր առումներով Դ. Վարուժանը ինքնին
ազգային «գենոտիպ» է, ավելի քան որևէ այլ հայ բանաստեղծ: Եվ
դրանով է բացատրվում նրա անգերազանցելի ազդեցությունը ստեղծագործ
թե ազգային ինքնության որոնումներում հետագա սերունդների վրա (
ներառյալ Գ.Նժդեհ, Վազգեն Ա. Պ. Սևակ, մենք և շատ այլք ), ինքն էլ
կրելով իր նախորդների ազդեցությունը, հատկապես Ղ. Ալիշանի: Նա
ինքնին «հոգևոր հայրենիք» է և ինքնության հավաքական «մոդել»,
ինչպես հանճարներն են ներկայանում ազգի թե իրենց հանրույթների
խտացված բնօրինակներն ու կերպարները` փոխադարձաբար դառնալով
դրանց «թթխմորները», ինչպես ներկայացրել էինք «Արիականք» հատորի
«Ազգ» ենթագլխում ( Երևան-1997, էջ 59-60): Եվ այդ ի
տարբերություն այսօր անգամ կայացած ազգերի համար խնդրահարույց
դարձած ինքնության մասին չաչանակող «մշակութաբանների», որոնք սնվում
են միայն խիստ մակերեսային արևմտյան դատողություններով…
Ահա, այս
առումով է Դ.Վարուժանը ներկայանում է ոչ միայն որպես ազգամշակութային ավանդույթի
նշանավոր դեմք, ազգային
հիշողություն և էություն կրող բացառիկ դեպք` այլև «ներաշխարհային
պեղածո», հոգևոր հուշարձան և էիզմի
հիմնադրութների կենդանի նմուշն ու վկայությունը: Եվ ոչ
պատահականորեն նրա առաջին բանաստեղծություններից մեկում հայտնվում
է հետևյալ քառյակը.
...Կ'ուզեմ
ծովուն հետ սիրտ սըրտի ես հարիլ,
Իմ անհունիս մեջ այդ անհունը թաղել,
Բուռն իղձն ունիմ մըրըրկին հետ մաքառիլ
Եվ գլուխս Էին գաղտնիքներուն դեմ բախել*:
(«Մուսային», «Սարսուռներ» հատորից, Երևան-1984)
Է տառը Պարոն Ն.-ի առանձնատան
մուտքի սնարին:
*
Վերստին ծովի ակնարկ և
Է-ի գաղտնիքների իղձ... Մինչդեռ
խորհրդահայ հրատարակիչը չհասկանալով վերջին
տողի
«Է-ին» իմաստը պարզապես արտագրել է
«Էին»... |
Ալեքսանդր Արորդի
Վարպետյան Մարսել, 7 հունվար
2010 թ.
|
¡
¡
¡
Հ.Գ. Եթե կա հնագիտություն, որը զբաղվում է անցյալի
առարկայական պեղումներով և ըստ այդմ եղելության մոտավոր
վերականգնմամբ, եթե կան նաև պալեոկենսաբանություն ու
հարակից գիտություններ, որոնք զբաղվում են
բուսակենդանական հնագույն աշխարհի պեղումներով,
հնեամարդաբանությունը` հեռավոր նախնյաց էվոլյուցիայով, ապա
էիզմը որդեգրել էր աննյութական
«նոոսֆերայի» պեղումներով, ժառանգական «հոգեոտիպերի»
էվոլյուցիոն վերաճումներով քննախուզության սկզբունքը, հնարավորինս ավելի ճանաչելու
համար ոչ միայն մարդկության ֆենոմենն ու նրա ապագան, այլև Տիեզերքը և «Աստծո
ծրագիրը», այլորեն` գերԷՈՒԹՅՈՒՆԸ, համաձայն նույն այդ
«Ճանաչիր ինքդ քեզ և Է'ի» դելփյան արձանագրության: Այս
առումով, Պարոն Ն. շատ ուսանելի պարագա է, սույն հպանցիկ
ակնարկը` միմիայն ընթացիկ դիտարկում, այդուհանդերձ ի
հակառակ «մարդկային վիճակի» ու իրականության
ներկայանալով «Զուգեհեռ Տիեզերք» կամ եթե կուզեք` ճանապարհ
դեպի էութենական իրականություն ու վերին ԷՈՒԹՅՈՒՆ...
Մենք երևի չպետք է դադարենք հիշեցնել, որ այս ամենից շատ
հեռու է հայ իրականությունը և ըստ էության այն «տիեզերածով»
վերադարձված համամարդկային այն «հայատառ ինչ-որ
գրառությամբ մագաղաթն» է, որը ինչ-որ նախախնամությամբ կռահվել էր մեր
«Արփիական կամ Արևորդյաց Պարը» ստեղծագործության մեջ ( տե'ս
«ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի ՈԴԻՍԱԿԱՆԸ» հոդվածի,
Երրորդ մասի,
«ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅՈՒՆ» վերջաբանը):
Ինչ վերաբերում է վարուժանական «Է-ի գաղտնիքներին», ապա մենք
պարզապես երջանիկ ենք, որ դրանց զգալի մասի բացահայտումը
վիճակվել էր մեզ: Այս առումով հայրենիքից վտարումն ու
հետապնդումները թերևս հարկ է ընդունել որպես հակադարձորեն
համարժեք շնորհ ու «հատուցում», որին ավանդաբար մեզ
արժանացրել են «Կապիկներն իմ, կապիկներն իմ, կապիկներն իմ
հայրենի»..
Ով կռահեց` հասկացավ... |
|
|
|
|
|