ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
ԶՈՒԳԱՀԵՌ ՏԻԵԶԵՐՔ  

ՀՈՄԵՐՈՍԸ ԿԻԼԻԿԵՑԻ ?
10/07.2008թ.
 
  
 
 
        Եվրոպական աշխարհը փոթորկումների նախաշեմին է: Զի հարցականի տակ է դրված նրա քաղաքակրթական բնօրրանը, ինքնությունն ու արարչական արժանապատվությունը: Պատճառը ավստրիացի գրող ու թարգմանիչ Raoul Schrott-ն է, «Homers Heimat» գրքի հեղինակը («Հոմերոսի հայրենիքը»), որը վերջերս ավարտել է «Իլիականի» նոր թարգմանությունը, և «համեմատական գրականության» սկզբունքով ընտրել մոտ 1400 գիտական տվյալներ ու դրանք առնչել Կիլիկիայի, Հոմերոսի և «Իլիականի» հետ: Ըստ այդմ, նա եկել է համոզման, որ Հոմերոսը ծագմամբ կիլիկեցի է, ավելի ստույգ` Ադանայից, իսկ «Իլիական»-ում ներկայացված Տրոյան անհիշելի ժամանակներից բնակեցված տեղի Karatepe կոչված հնավայրն է:
        Եվ հիրավի, բարձրունքի գագաթին թառած բերդը (Նկ. 1), իր ատամնաձև հուժկու պարիսպներով, առյուծաքանդակ երկու դարբասներով, ճարտարապետական ու այլ պարագաներով, տեղանքով ու բազմաթիվ այլ մանրամասններով առավել համապատասխանում է «Իլիական»-ում նկարագրված Տրոյային` քան Անատոլիայի արևմտյան ափին Հ. Շլիմանի հայտնաբերած հնավայրը, որն այդժամ առավելաբար ներկայացնում էր հազիվ պարսպապատված առևտրական մի կենտրոն` քան 10 տարի անառիկ մնացած մի բերդաքաղաք, ինչն էլ ցայսօր տարակուսանքի մեջ է թողել բոլոր այցելուներին (Նկ. 2):
        Այս դեռ բոլորը չէ: Կարաթեփեյում հայտնաբերված որոշ բարձրաքանդակներ, որոնք կենտրոնացած են հենց գլխավոր մուտքի մոտ, բառացիորեն պատկերում են խիստ որոշակի դրվագներ «Իլիական»-ից, ասես ներկայացնելով բերդաքաղաքի խրոնիկան: Ըստ Ռ. Շրոթի Հոմերոսն, մինչև կուրացումը, իր պատանեկությանը տեսել է դրանք և զուգորդելով բանավոր ավանդույթների ու պատմական տվյալների հետ համադրել «Իլիականում»` այդ ամենը վերագրելով վստահաբար առավել հայտնի Տրոյային ու համանման իրադարձություններին:
  
    Նկ. 1: Կարաթեփե հնավայրի միջնաբերդը (վերականգնված մանրակերտ):
    Նկ. 2: Տրոյան (վերակազմություն): Տվյալ դեպքում խոսքը դրա այն շերտի մասին է, որը կառուցվել է Ք.ա. XIII–րդ դ: Այն հիրավի կրում է հրդեհի և ավերչության հետքեր, սակայն իր չափերով բնավ չի համապատասխանում Հոմերոսի նկարագրած 50 հազար բնակաչությամբ քաղաքին (ոչ էլ Կարաթեփեի ամրոցը, թեև այն հիրավի զորեղ պարսպապատված է...): 
  
  Նկ. 3. - Կարաթեփե ամրոցի մուտքը զույգ առյուծներով, ինչպիսինը նկարագրվում է «Իլիական»-ում: 
  Նկ. 4. - Զույգ առյուծների դեմ մարտնչող ռազմիկ, որի դին այծի լեշի պես հոշոտելու են անգղները: Ռ. Շրոթը այն առնչում է «Իլիական»-ում նման մի դրվագի հետ (բարձրաքանդակ Կարաթեփե ամրոցից): 
  Նկ. 5. - Մանկանը կերակրող կին, որը Ռ. Շրոթը ևս առնչում է «Իլիական»-ում Հեկտորի մոր նման մի դրվագի հետ (բարձրաքանդակ Կարաթեփե ամրոցից): 
  Նկ. 6. - Խեթական Հատտուսա ամրոցի մուտքը զույգ առյուծներով: 
  Նկ. 7. - Արեգակի թևավոր սկավառակը` զույգ առյուծներով ու անգղներով, խուռի-միտանական Saussatar արքայի կնքադրոշմին (Ք.ա. 1450 թ.): 
  Նկ. 8. - Արեգակի թևավոր սկավառակը Կարաթեփե ամրոցի բարձրաքանդակներում: 
  
         Անգամ այս հատուկենտ օրինակները խոսում են մշակութային ակնհայտ ընդհանրությունների մասին` այն էլ արիա-հնդեվրոպական ատաղձով (առյուծ, արեգակի թևավոր սկավառակ, արանց արքա Ագամեմոնը, ձիու պաշտամունք, որն էլ պատճառ եղավ Տրոյայի կործանմանը…):  Այդ բնավ զարմանալի չէ, երբ ըստ պատմահայր Խորենացու հայոց Զարմայր նահապետը նույնպես մասնակցել է Տրոյական պատերազմին, առաջնորդելով հայկական ու եթովպիական զորքերը: Ըստ այդմ, պատմական իրողությունները, տեղամասային ավանդույթներն ու առասպելաբանությունը պիտի անպատճառ միաձուլվեին գեղարվեստական այդ հուշարձանում և անգամ բազում խմբագրությունների ընթացքում: Ուստի, դրանց մեջ ստույգ եղելություններ քջջելը նույնքան խրթին` որքան անիմաստ խնդրական է: Այն կարող է քիչ թե շատ ճշտվել նորանոր բացահայտումներով, բայց միմիայն հիմնական խնդրականներում:
        Նույնն է նաև Հոմերոսի ծննդյան ու ինքնության պարագան, որը նույնպես մնում է անհայտ: Նրա ծննդավայր համարվելու պատվի համար վիճել են «յոթ քաղաքներ»` Զմյուռնան, Քիոսը, Կոլոփոն, Սալամին, Հռոդոսը, Արգոսն ու Աթենքը, որոնցից առաջին հինգը փոքրասիական քաղաքներ են կամ մերձակա կղզիներ: Լ. Սամոսատացին (Կոմմագենից, Միջագետք Հայոց)  նրան ընդհանրապես համարում է բաբելոնացի, իր պես հայտնված Հունաստանում: Ուստի, Հոմերոսի կիլիկյան հնարավոր ծագման մեջ ոչինչ արտառոց չկա: Առավել ևս, որ վերոնշյալ առաջին քաղաքները նույնպես «եվրոպական» չեն, իսկ ի դեմս առաջարկվող Արգոսի ու Աթենքի երևակվում է Հոմերոսին արդեն «եվրոպականացնելու» ձգտումը:
        Իսկապես արտառոցը բոլորովի այլուր է ու այն, որ ոմանց համար Հոմերոսի ծննդավայրի հետ իբր հարցականի տակ է դրվում եվրոպական ինքնությունը, քանզի այն համարվում է հունական քաղաքակրթության անմիջական ժառանգորդը: Մինչդեռ, ըստ առասպելի Զևսի կողմից իբր փյունիկյան Եվրոպեի առևանգումը (Եվրոպայի անվանատուն…)  և ապա նրան որոնելու ելած եղբայրներից Կադմոսի Հունաստան գալն ու այնտեղ հաստատվելը արդեն ընդունված է դիտել որպես հնագույն ցեղերի տեղաշարժեր Արևելքից Արևմուտք1:
------------------------------------------------------------------------------------------------------------------
    1  Մյուս եղբայրներն են Փյունիկոսն ու Կիլիկոս, որոնք ըստ ավանդույթի իրենց քրոջ որոնումներում համապատասախանաբար հիմնել են Փյունիկյան ու Կիլիկիան: Ուրեմն Եվրոպեն Փյունիկիայից չէր կարող լինել և այդ պարզապես առասպելաբանական խառնաշփոթություն է: Ըստ այլ մեկ ավանդույթի, կիլիկեցիները նախապես բնակվել են Տրովադայի հարավում (Տրոյա քաղաքի երկրամասը), իսկ Տրոյայի պատերազմից հետո հաստատվել Կիլիկիայում և տեղանքին տվել իրենց անվանումը: Այսինքն, Տրոյան, Կիլիկիան և Հոմերոսը փոխառնչվում են նաև այս մեկ պարագայում :
     Այլ մեկ հետաքրքիր հանգամանք, կատարելապես համահունչ Կադմոս էր կոչվում Հայկ նահապետի թոռը, որն առաջինն է տեղեկանում Բելի արշավանքի մասին և շտապում հյուսիս Հայկին զգուշացնելու: Հաղթական ճակատամարտից հետո Հայկը նրան հարուստ պարգևներով ճանապարհում է իր հարավային երկրամաս, որն հավակնում է լինել Կորդուք-Կորդված լեռնաշխարհը` ըստ ավանդույթի «Կադմոսի տուն» կոչված Հայքի Կորճայք նահանգի ամենախոշոր գավառը ( ասսուր. Ք. ա. 12-րդ դ. արձանագրություններում` «Կադմուխի երկիր») : Նրա բնակիչներն են եղել կուտինները, որոնք Ք.ա. 22-րդ դ տապալեցին աքքադների տիրապետությունը, իսկ նրանց ցեղակից Գուդեան պատմության մեջ մնաց նորովի արարչագործություններով (օրինակ` զիկկուրատներով, որոնք խորհրդանշում էին լեռներ, տե'ս` "ԶԻԳՖՐԻԴ –ARMINIUS?" ):
    Կատնա քաղաք ու երկրամաս հիրավի կար նաև երբեմնի Փյունիկիայի տարածքում, որտեղ վերջին պեղումները բացահայտեցին բնակիչների խուռիական պատկանելությունը (այդ մասին այլ առիթով): Այս բոլորում նույնպես կան և’ պատմական իրողություններ, և’ առասպելաբանություն:
 
------------------------------------------------------------------------------------------------------------------
         Այս դեռ բոլորը չէ: Հունական կողմը հանդիսանում են աքայացիները, խեթական աղբյուրներում հիշատակվող փոքրասիական երբեմնի Ahhiyava երկրամասից (հմմտ. հայ. ար-մեն, պարս. աքե-մեն, իբր ըստ Հաքամանիշ նահապետի և անգամ աքքադ...): Իսկ նրանք ոչ այլ ոք են` քան Ք.ա. 3-2-րդ հհ հնդեվրոպացիների բնօրրան Հայկ. լեռնաշխարհի արիա-հայա-հունական լեզվախմբից վաղ տարանջատված նախահունական ցեղեր, որոնք Փոքր Ասիայի վրայով աստիճանաբար տեղաշարժվեցին ու հաստատվեցին Եգեյան կղզիներում և ի վերջո Պելոպոնես թերակղզում, հիմնելով Աքայա միավորումը (Նկ. 9):
  
     Նկ. 9: 1.- Հնդեվրոպացիների բնօրրանը: 2.- Նախահայեր: 3.- Խուռի-միտանական տարածք (արիական նախալեզու): 4.- Խեթեր: 5.- Ahhiyava-աքայացիներ: 6.- Նախահունական ցեղերի անցումը դեպի Բալկաններ և Պելոպոնես: 7.- Հայկ. լեռնաշխարհից իրանական լեզուների համասփռումը դեպի Արևելք, իսկ Կասպից ծովի շրջանցումով` դեպի Եվրոպա: 8.- Արիա-հայա-հունական լեզվախմբից տարանջատված հնդարիացիների մուտքը հետագա Հնդկաստան: (Ըստ Գամկրելիձե-Իվանովի տեսության, 1984 թ.): 
  
         Այսքանից հետո մշակութային ընդհանրությունները բնավ էլ զարմանալի չեն2, այդ հակառակը պիտի լիներ տարօրինակ: Բնական է նաև տրոյական պատերազմին արյունակից այդքան ցեղերի ու ազգությունների մասնակցությունը, թերևս առավելաբար որպես բարոյական ու պատվախնդրական առճակատում` ի պատասխան Տրոյայի արքայազն Պարիս կողմից Սպարտայի արքայակնոջ Հեղինեի առևանգման, ինչն էլ պատճառ դարձավ աքայական ցեղերի դաշնությանը ընդդեմ Տրովադայի ու դաշնակիցների:
------------------------------------------------------------------------------------------------------------------
    2  Oրինակ` Աքիլլեսի գարշապարը, Սասունցի Դավթի կամ գերմ. Զիգֆրիդի խոցելի թիկունքները ( տե'ս` "ԶԻԳՖՐԻԴ –ARMINIUS?" ), Մսրա Մելիքի հետ մենամարտում Իսմիլ խաթունի ծծերի մերկացումը Դավթի առջև, ինչպես «Իլիական»-ում Հեկտորի մայրը` իր որդու, հիշեցնելով մայրական կաթը (հմմտ. Նկ. 5) ու նման բազում զուգահեռներ: Եվ որքան էլ գաղափարները կարող են լինել «թռչող»` այսուհանդերձ մինչև որևէ տեղ ձավադրելը դրանք անպատճառ որևէ այլ մի տեղ ծնվում են...  
------------------------------------------------------------------------------------------------------------------
         Ուշագրավ ևս մեկ հանգամանք: Հոմերոսյան հունարենում Գայա-Գեյա երկրամայրը դեռևս կոչվում էր ԱՅԱ, ճիշտ ինչպես այական հանրույթում, հայոց մեջ ու հարակից քանի մշակույթներում, Էգավոն, Էաս, Էգին (արքան` Էակ-ոս, Զևսի որդին, Աքիլլեսի պապը...), Էգիոն թե Էա (առասպել. կղզի, բայց նաև երկրամաս «Արգոնավորդներ» էպոսում)  դիցանուններն ու տեղանունները համապատասխանաբար` Այգավոն, Այաքս, Այգին (Այակ-ոս), Այգիոն (հմմտ. հայ. այգի-էգ, այրել-էրել և անգամ միջագետքային համարվող Հայա-Էա ծովաստվածը...), իսկ ինքն էլ իր նմանների պես կոչվել է այեդ (բառ. երգիչ): Եվ հենց աքայա վերջածանցը (նաև ցեղանունը, տե'ս` «Դարձ ի շրջանս յուր» ), ինչպես հնդրիական Ուդայա, ռուս. красная (իգական սեռի վերջածանց), երկրանունների իա վերջածանցները, ցեղանուների, տեղանունների և նույնիսկ անշունչ առարկաների իգական սեռերը անցյալի վերապրուկներ են:
        Հարկ է այստեղ կանգ առնել, զի պատմամշակութային այս խրթին հյուսվածքի որ թելն էլ բանիմացորեն քաշեք` կմերկանա պաճուճավորված ողջ եղելությունը:
        Արդ մեր հերթն է խորապես զարմանալու: Նախ, արևելագիտությունը հիմնած և այդքան հասուն Եվրոպան այս պարզագույն իրողություններից մի՞ թե տեղյակ չէ: Եվ հետո, մի՞ թե այդքան անպատվաբեր է թեկուզ արդ սմքած երբեմի մի դրախտավայրի շառավիղներն ու ճառագումներ լինելը: Խեղճ Այա նախամայր, եթե քո զարմիկներից ոմանք հանճարեղորեն կուրացան, ապա այլք` «լուսավորվելով» քեզ իսկ ուրացան: Չէ’, նրանց արագիլն է բերել կամ էլ ծնվել են «թփերի տակ»: Նրանք ջրհեղեղի մասին չեն լսել, նրանց նախապապերը Արարատը չեն տեսել, նրանք Նոյի հետնորդներն էլ չեն, չեն մասնակցել բաբելական աշտարակաշինությանը, թեև... Աստածաշնչով են երդվում:
        Այս աշնանը տեղի է ունենալու կարևոր գիտաժողով քննարկելու համար Ռ. Շրոթի «ցնցող» դրույթները: Սպասվում են բուռն բանավեճեր «հոմերոսյան հարցի» շուրջ: Ըստ ոմանց, ո՞ւմ մտքով կանցներ, որ եվրոպական քաղաքակրթության բնօրրանը գտնվում է Կիլիկիայում և սկսվում է միայն... մեծն Հոմերոսից:
        Մեկ բան վստահ է. ցայսօր զբոսաշրջիկների արշավանքներից ապահով Ադանան հնարավոր է շուտով հեղեղվի և ի վերջո ոչ թե Թուրքիան անդամակցի Եվրոպական Տանը` այլ այն վերադառնա պապենական տուն ու ընդգրկվի առնվազը 12000 ամյա իր բնօրրանում: Այնպես, ինչպես ի վերջո բոլորս էլ` մայր հողին ու ամենայն «դարձ ի շրջանս յուր»: Մինչ այդ հարկ է հետևել աշնանային այդ գիտաժողովին և սպասել, թե եվրոպական մեր երբեմի ազգակիցները եթե ոչ տուն` ապա գոնե ինքնաճանաչման կգա՞ն:
       Այսպես թե այնպես արդ բոլոր ճանապարհները բերում են դեպի Հայկ. լեռնաշխարհ, բացի... հայոց չվերթներից: «Հալիվորցած» հողն այլևս նրանց չի պահում:
       Այդ դեռ ոչինչ, նրանք այլևս իրենց ինքնությունից են ամաչում ու փախչում իրենք իրենցից:
ՉՈԻՐ ԱՇԽԱՐՔ ԱՎԵՐԻ ՈՒ ՄԵԿ ԷԼ ՇԻՆՎԻ...
Մարսել, 26 հունիսի 2008թ.