ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
ԶՈՒԳԱՀԵՌ ՏԻԵԶԵՐՔ  

ԶԻԳՖՐԻԴ –ARMINIUS ?
07/03.2008թ.
 
  
 
 
Զիգֆրիդի ոդիսականը (ռունագիր ժայռապատկեր, 11 դ., Շվեյցարիա):
  
         Սույն նյութը հարկ է զուգորդել այստեղ ներկայացված «Նեբրայի երկնային սկավառակը» քննախուզության հետ, որպես հայ-եվրոպական հնագույն փոխառնչություններին հարակից մեկ դրվագ, իսկ դրանց ամբողջությունը` ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ ծագումնաբանական տեսության:
        Հիշեցնենք, որ այն ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգի հիմնական երեք բաղադրիչներից ընդամենը մեկն է, մնացած երկուսը ` ԷՈՒԹՅՈՒՆ-էիզմ իմաստախոսական ուսմունքն ու ԷԱԿԱՆՔ («Ազգ և նոր հազարամյակ») քառագիրք նախածրագիրը: Ըստ էության, գիտահետազոտական այս «եռերգությունը» լոկ կարգակոչի պես այդքան թմբկահարվող «Ո՞վ ենք, որտե՞ղից ենք գալիս և ո՞ւր ենք գնում» գոյաբանական գերխնդրականի առայժմ միակ մշակված դասամատյանն ու ուղեցույցն է, և հայոց 12000-ամյա ծագումնաբանության անցյալ-ներկա-ապագա տրամագրի երևակումը, գաղափարայնացումն ու ծրագրավորումը:
        Մինչդեռ, այստեղ այն «Զուգահեռ Տիեզերք» բաժնում ներկայացվում է որպես հիրավի հայ իրականությանը զուգահեռող այլ մեկ «աշխարհամաս», էութենական այլ մեկ հարթություն: Ավա~ղ, այն ոչ միայն հայության` այլև գիտական ողջ աշխարհի վերին շրջանակների համար առայժմ մնում է լոկ տեսական ու… անտեսանելի, ինչպես անգամ քանի ֆիզիկոսների համար` քվանտային իրականությունը, մահկանացուներիս համար` մաթեմատիկան նյութական Տիեզերքում, և նույնիսկ` հենց մեր հարևանությամբ «կենդանիների լեզուն»…
  
         Հայտնի իրողություն է, որ պատմական դեմքերն ու դեպքերն առասպելանում են, առասպելները` «պատմականանում», այսինքն` զուգորդվում, համադրվում կամ վերագրվում են իրական անձերին ու իրադարձություններին: Այս խմորումներում դժվար է զանազանել արխայիկը, պատմականն ու առասպելականը, եթե չընդլայնվի հետազոտությունների տեսադաշտը և դրա մեջ չընդգրկվեն համեմատական դիցաբանությունը, լեզվագիտությունը, հնագիտությունը և հարակից այլ գիտաճյուղեր: Այս է նաև գերմանո-սկանդինավյան դիցահերոս Զիգֆրիդի պարագան, որը դարձել է էմբլեմատիկ կերպար, ներշնչել քանի փիլիսոփաների, ազգաբանների, քաղաքական հոսանքներ և անշուշտ արվեստագետներին` այդ թվում Ռ. Վագներին, որպես գերմանական ոգու ու ինքնության մարմնացում, իսկ վերջերս` զանգվածային քննարկման նյութ, «գլոբալիզացման» պայմաններում անգամ կայացած ազգերի ինքնության հաստատման բնական բնազդով թե ինքնագիտակցությամբ (Նկ. 1):
        Նախ երկու խոսք այդ առասպելի մասին:
        Հին և նոր Էդդաներում հիշատակվող Զիգֆրիդը (ըստ տարբերակային հոլովումների` Սիգուրդ, Սիվրետ, ևն) «Ասք նիբելունգների մասին» միջնադարյան բալլադի գլխավոր հերոսն է, համարվում է գերմանո-սկանդինավյան գլխավոր դիք Օդինի հետնորդներից, ոմն Սիգմունդի որդին, առասպելական դարբին Ռեգինի աշակերտը, որը նրա համար պատրաստում է հրաշագործ թուր, որով էլ Զիգֆրիդը սպանում է նույն Ռեգինի եղբայր Ֆաֆնիր վիշապին (ըստ տարբերակների վիշապասպանը Զիգֆրիդի հայր Սիգմունդն է), տիրանում նրա անսահման գանձերին և լողանալով վիշապի արյան մեջ ձեռք բերում անխոցելիություն: Սակայն այդ ծեսում նրա թիկունքին պատահաբար ընկած տերևը դառնում է նրա «աքիլլեսյան գարշապարը», որտեղից էլ մի շարք սխրանքներից հետո դավաճանաբար խոցվելու է մերձակիցների կողմից, իսկ նրա անսահման գանձերը հայտնվելու են տեղական Ռեյն-Հռենոս գետի հատակում:
  
* * *
        Ըստ վերոնշյալ սկզբունքի, բնականաբար տեսաբանները փնտրտում են Զիգֆրիդի պատմական նախատիպը, որին առավել համապատասխանում է գերմանական խերուսկ ցեղերի հերոս Արմինիուսը, հայտնի նաև խերուսկցի Հերման անվանմամբ: Զի, նա ցեղապետ Սիգիմերուս-Սեգիմերուսի որդին է, այդ կարգավիճակով տարվել է Հռոմ, ստացել ռազմական կրթություն, քաղաքացիություն, իբր լատինական Արմինիուս անվանունը և հռոմեական լեգեոնների հետ վերադարձել Գերմանիա, ապա գերմանական ցեղերի ըմբոստացմամբ Ք.հ. 9 թ. Թոթոբուրգյան անտառում ծուղակել և կոտորել է հռոմեական զորամասերին: Այնուհետև զբաղվել է Հռենոսից արևմուտք հռոմեական հարկերի առգրավմամբ, ձգտել միավորել գերմանական բոլոր ցեղերին, բայց 21 թ. սպանվել նրա անկասելի վերելքով մտահոգված յուրայինների կողմից: Ինչ վերաբերում է Ռեյն-Հռենոս գետում թաղված Զիգֆրիդի գանձերին, ապա նույն տեսաբանները այդ առնչում են Հռենոսից արևմուտք հռոմեական հարկահավաքների վրա գերմանական ցեղերի հիրավի պարբերական հարձակումներին, որոնց ավարը հաճախ է թափվել գետը, սահմանապահ հռոմեացիների հետ բախումների ընթացքում: Առասպելը հրապուրել է նաև հնագողերին ու հնագետներին, որոնք գետի հատակում հիրավի շարունակում են գտնել այլազան պեղածոներ: Այսպես թե այնպես, հռոմեական պատմիչ Տակիտոսը (մոտ 58-117 թթ) Հերման-Արմինիուսին բնորոշում է որպես Գերմանիայի ազատագրիչ (Նկ.1: Տե’ս նաև «Ովքեր են ի վերջո արիացիները», էջ 133-135):
  


Նկ.1: a). Գերմանիայի պատմական հերոս Արմինիուսը ազգային մշակույթում: b). Հերման-Արմինիուսի
53,44 մ. հուշարձանը Թոթոբուրգյան անտառում: c). Arminius մակնիշի գերմանական ատրճանակների նմուշներ:
  
         Այս բոլորի պատմական ու առասպելական բաղադրիչները մենք այստեղ չենք պատրաստվում քննարկել: Տվյալ դեպքում կարևորը այլ հանգամանքներ են:
        - Նախ ընդհանրություններ են արձանագրված «Սասնա ծռեր» էպոսի մի շարք դրվագների հետ: Այս առումով Մ. Աբեղյանը հիշատակում է Սասունցի Դավթի աջին Խաչ Պատերազմի «հ-աջողության» հմայիլը (ինչպիսինն որպես գիր ուներ նաև Զիգֆրիդը, Իլյա Մուրոմեցը, իսկ նրանցից շատ առաջ, Ք. ա. 22-րդ դ.` միջագետքային կուտին Գուդեան: Նկ. 2), բայց առավելաբար, ըստ որոշ պատումների, մատաղած երինջների արյան մեջ լողանալուց հետո Դավթի նույնպես ձեռք բերած անխոցելությունը, որը Զիգֆրիդի պես նրան չփրկեց թիկունքից մերձակցի դավաճան հարվածից: Եվ եթե չլիներ «Աքիլլեսյան գարշապարի» առասպելը, դեռ կարելի էր բանավիճել թե ո՞վ ո՞ւմից է փոխառել: Մինչդեռ Կուտա-Կորդուք աշխարհից Լագաշ իջած Գուդեայի պարագան գալիս է համոզելու, որ այդ դիցամոտիվները ունեցել են առավել վաղնջական մի նախատիպային ակունք, որտեղից էլ սփռվել են բազմաթիվ այլ ընդհանրությունների հետ:
  
a b-c d
    Նկ. 2:  a). Քարե կուռք, աջ ականջին` աջ պտտվող կեռխաչով (Մեծամոր, Ք.ա.IV-III-րդ հհ):  b-c). Լագաշի տիրակալ կուտին Գուդեան` աջ ուսին սրբազան գրությամբ, ձեռքին` ծիսական սափոր, ձկնառատ Տիգրիս և Եփրատ գետերը խորհրդանշող ջրաշիթերով (Ք.ա. 2141-2122 թթ, Լուվր):  d). Տիեզերաջրերի և իմաստության Էա-Հայա ձկնակերպ աստվածը` Տիգրիս և Եփրատ գետերը խորհրդանշող նույն ջրաշիթերով, հենված երկգագաթ Մասու-Մաշու դիցալեռան արևելյան կատարին (Սիս-Մասիս), որի վրա հանգրվանել էր շում.-աքքադ. Նոյ-Ուտնապիշտիմի տապանը (աքքադ. կնքադրոշմ, հատված, Ք.ա. III-րդ հզ 2-րդ կես):
    Այսու, դիցամոտիվը ոչ միայն վաղնջագույն է ու համատարած` այլև աշխարհագրորեն ճշգրիտ տեղակայված…
  
         - Դրանք այնքան շատ են, որ մեզ բավական է նշել միայն մեկ-երկուսը: Առաջինը, այդ բնական տարերքների դեմ մարտնչող հերոսների դիցամոտիվն է, որոնք կարող են լինել վիշապանման ամպեր, ջրհեղեղներ կամ գետեր, փոթորիկներ, հրաբուխներ թե կայծակներ, ինչպես Սասնա ծռերի ու Զիգֆրիդի, վիշապաքաղ Վահագնի ու հնդարիական Ինդրայի (հրեղեն Վահ-Ագնիի եղբայրը, ինչպես վիշապ Ֆաֆնիրը` Ռեգինի…), և շատ այլոց պարագաներում: Կան նաև այլ զուգահեռներ, ինչպես հակադրվող եղբայրները, հրաշագործ զենքերը, դիցաբանական, մետաղագործական թե բարոյահոգեբանական այլազան մոտիվները:
  
         - Հաջորդը, դեռ մի կողմ թողնելով լեզվաբանական ու մշակութային այլ ընդհանրությունները (տե’ս այստեղ նաև նշյալ «Նեբրայի երկնային սկավառակ» ակնարկը)` անվանական զուգորդումներն են, տվյալ դեպքում ի դեմս հենց Զիգֆրիդ-Զիգուրդ-Սիգմունդ հոլովումների: Դրանք բացահայտ աղերս են ակնկալում առասպելական Զմռուխտ-Սենմուրվ-Simury-Սիմուրգ-Симарьгль և անգամ շում. Զու-Իմդուգուդ առասպելական հավքերի հետ (հմմտ. նաև շում. arik-gil-im > արագիլ, իսկ լատիշ. erglis , գոթ. ara-արծիվ…): Այդ դեպքում ի՞նչ կապ վիշապամարտիկ Զիգֆրիդ-Զիգմունդի հետ: Բավական է հիշել վիշապօձի հետ մարտնչող արծիվ-հավքի խիստ արխայիկ ու նույնպես համատարած դիցամոտիվը, որպեսզի վերագտենք այստեղ ի սկզբանե նշյալ «կոնվեկցիոն շրջանառության» սկզբունքը, որտեղ խմորվում ու համադրվում են պատմականը, առասպելականը և հաճախ խիստ արխայիկ դիցամոտիվները:
  
a b c d
Նկ. 3:  a). Հավք-օձ հակամարտությունը հայկ. ժառյապատկերներում և ծիսական խեցեղենի վրա (Ք.ա. 6-2-րդ հհ):
b). Նույնը Միջին Ասիայի «կարակումյան» մշակույթում (Ք.ա. 4-3-րդ հհ):
c). Նույնը հուն. դրամի վրա (Ք.ա. 5-րդ դ.):
d). Եվ անգամ ժամանակակից արվեստում: Այն նաև Մեքսիկայի պետական խորհրդանիշն է…
  
         Առավել ևս, որ արծվաթև սաղավարտը Արմինիուսի և ընդհանրապես կելտերի ու գալլերի յուրահատկություններից է (Նկ.l), արծիվը` նաև գերմանացիների ազգային խորհրդանիշը, գոթե. ara` արծիվ (հարավամերիկյան բնիկների մոտ` պաշտամունքային ara թութակ...), իսկ Զմռուխտ հավքի բույնը հայոց Սիմ լեռան գագաթին էր (գերմանո-սկանդ. «իմաստուն արծիվը»` Իգգդրասիլ տիեզերածառի կատարին: Հմմտ. նաև լատ. cyma, ֆրանս. cime-կատար, Simplon, Simpeln լեռանունները Եվրոպայում, հայկ. Սիմսար և «Սինամ հավք»): Մնաց նկատել, որ աստվածներն ու դիցական հերոսները հաճախ են նույնանում պաշտելի կենդանիների հետ:
        Բավարարվենք:
  
         - Առավել ուշագրավը է Զիգֆրիդ-Arminius անվանական առնչությունը: Ոմանք այն համարում են հռոմեական անձնանուն, այլք` գերմանական Irmin անվան լատինականացումը (բառ. հսկա, ինչպես Հայկ-հսկա, հին հնդկ. irma-արմունկ), Hermann զուգահեռը` որպես ռազմիկ-զինյալ մականուն (հմմտ. լատ. arma-զենք, հնխ. *ar-mo-_արմունկ), իսկ այլք այն վերծանում են որպես «փոքրիկ արծիվ» (հիշենք` գոթ. ara-արծիվ…): Մինչդեռ, ըստ հենց «Անունների գերմանական բառարանի» («Knaurs Vornamen Buch », Մյունխեն-1985) Hermann-Գերման-Armin, իտալ. Armando-Ermanno, ֆրանս. Armand անձանունները և անգամ հուն. Էրիման-Հերմեսը դիցանունը նույն բուն հայկական Արմեն-Արման ցեղանվան հոլովումներն են, ինչպես նաև Գերմանիա և Alamannie երկրանունները (վերջինս Ալան/մ-Առան-Արամ շառավղով, որոնք վանդալ-վանանդ ցեղերի հետ հայտնվեցին Կենտր. և մինչև Արևմտյան Եվրոպայում): Արտառոց ոչինչ չկա, եթե միայն հիշենք, որ արեգակնային Ար-Արա աստվածը նույնպես համատարած էր (նորից տե’ս «Նեբրայի երկնային սկավառակը»)…
  
         Այստեղ հարկ է արդեն կանգ առնել ու անել մի քանի եզրահանգումներ: Հակառակ դեպքում ստիպված կլինենք տարածա-ժամանակագրական անվերջանալի շրջապտույտներ անել:
        ա. – Էպոսագետների մի ստվար զանգված հայոց «Սասնա ծռեր» տիեզերավեպի ծնունդը թվագրում է միջնադարում, այլք` Ք.ա. 1-ին հզ` կապված ըստ Աստվածաշնչի և պատմահայր Խորենացու ասորական Սենեքերիմ արքայի ու նրա երկվորյակ զավակների հետ, Հ. Օրբելին` հազարամյակներով, ինչը կատարելապես և միակ ճիշտն է: Զի, «Սասնա ծռեր»-ը պարունակում է վաղնջագույն շերտեր, ծայրահեղորեն արխայիկ ու նախնադարյան դիցամոտիվներ, քրմական կուռ մի համակարգ, որոնք թարմացվելով վերագրվել են պատմականորեն ընթացիկ դեմքերին ու դեպքերին, հաճախ աղավաղվել, և «կոնվեկցիոն շրջանառության» խմորումներով գրի առնվել մոտ մեկուկես դար առաջ: Այնպես` ինչպես անհամեմատ թարմ Զիգֆրիդի առասպելը, որն էլ այստեղ արծարծվեց և ուսանելի է առաջինը հենց այս նկատառմամբ, մեկընդմիշտ վերջ տալու համար «ակադեմիական» դոգմատիզմին ու «էրուտիցիոն» պարզամտություններին:
  
         բ. – Նույն այս սկզբունքը ավելի լայն մասշտաբով վերաբերում է նաև համամարդկային ողջ ճանաչողությանը, որտեղ անտեսված են «ստրատիգրաֆիական» քանի-քանի շերտեր ու արխետիպեր, անհետացած մշակույթներ, քաղաքակրթական «կոթուններ» և փոխառնչություններ, ինչը հավասարազոր է մաթեմատիկական մի խթրին խնդրի լուծման ջանքերին… 7-ից սկսվող թվային մի թերի համակարգի հիման վրա: Ավա~ղ, այդ է ոչ միայն զիգֆրիդյան առասպելի` այլև ողջ արևելագիտության (տե’ս  «Նեբրայի երկնային սկավառակը») և մինչև իսկ պաշտամունքային հնագույն համակարգերից սերվող համամարդկայն փիլիսոփայության պարագան, ինչը էիզմ-ԷՈՒԹՅՈՒՆ ուսմունքը ջանացել է գոնե ամբողջացնել և դարձնել ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգի հիմքը:
  
         գ. – Այս, նման ու դեռ գալիք բոլոր հպանցիկ դիտարկումները անխուսափելիորեն հանգեցնում են այդ համակարգին, արևելագիտության ու ծագումնաբանության սահմաններում` ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ տեսությանը (տե'ս Ա.Վարպետյանի գրքերը), որի ճշմարտացիությունը ոչ միայն ապացուցվում` այլև Աստծու օր լրացվում է նման « մանրուքներով», ընդլայնվում և ամրագրվում է առավել նշանակալից դիտարկումներով և համամարդկային գիտական համայնքի նորանոր բացահայտումներով: Այսուհանդերձ թե’ այդ, թե’ էիզմ-ԷՈՒԹՅՈՒՆ ուսմունքը և թե’ անձնապես մենք մնում ենք «մեկուսի տիեզերք», թե’ այդ համայնքի և հատկապես թե’ հայ իրականության համար, հենց… լոկ հայերեն գրելու պատճառով: Սակայն ոչ մի կասկած, որ «բոլոր ճանապարհները վաղ թե ուշ բերելու են» այս իրողությանը:
            Ու թեկուզ «Լեռը մանրադիտակում չի երևում».
  
Ո’Վ ԱՉՔ ՈՒՆԻ` ՀԻՄԱ ԷԼ ԿՏԵՍՆԻ, Ո’Վ ԱԿԱՆՋ ՈՒՆԻ` ԱՐԴԵՆ ԼՍՈՒՄ Է,
ԻՍԿ ՆԱ` Ո’Վ` ԵԹԵ ՈՉ ՀԱՆՃԱՐ, ԱՊԱ ԳՈՆԵ ՓՈՔՐ-ԻՆՉ ՃԱՐ ՈՒՆԻ` ԹՈՂ ՄՏՄՏԱ…
  
Մարսել, 14.02.2008 թ.         
  
  ՀԵՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  
         Ինչպես նշվեց վերևում, ծագումնաբանական, արևելագիտական, ազգագրական թե մշակութաբանական թեմաները ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական եռանդամ համակարգի (ԷՈԳՀ) միայն մեկ բաղադրիչն են, նման հպանցիկ դիտարկումները` համաշխարհային կեցական ու հոգևոր խմորումների վերաբերյալ ըստ այդ համակարգի լրատվական մեկնաբանություններ և առօրեական «դասընթացներ»:
        Սակայն, հայ իրականության այս բացառիկ խրթին իրավիճակում ու ողբերգական իրադարձությունների մեջ, նման արծարծումները ստանում են ևս մեկ նշանակություն. այդ ամենում ազգային գերխնդրականների բարձրաձայնումն ու կարևորումը, որպես հանգուցալուծման տեսադաշտի ընդլայնում, վերքաղաքական, վերկուսակցական, վերհավատամքային ու վերդասական մտորումների հարթություն, փոխըմբռնման կռվան, ազգային ինքնագիտակցության խթան և գոյաբանական լաբիրինթոսում հնարավոր «Արիադնայի թել»` խիստ անհրաժեշտ հատկապես նման խճճուն իրավիճակներում, որքան էլ դրանցում «բարձրագույն մատերիան» թվա անհարիր և լսարանը լինի սահմանափակ: Ի սկզբանե այս եղել է ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի հանձնառությունը, սկզբունքը, առաքելությունը և այդ է ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական ողջ համակարգի խորհուրդը:
        Այսուհանդերձ, ժամանակակից հասարակություններում և գլոբալիզացման պայմաններում այսօր առաջնային է դառնում նաև ևս մեկ գերխնդրական. ժողովրդավարության և ազգային ինքնության հավասարակշռված համադրումը, ինչպես նաև կեցական ու գիտակցական, նյութական ու հոգևոր արժեքների ներդաշնակումը դիալեկտիկական պարույրի այս մեկ աստիճանում:
        Հուսանք, որ այստեղ մեր դիտարկումներն ու քննարկումները կնպաստեն նաև այդ խնդրականի խմորմանն ու գաղափարների գեներացմանը, իսկ այլոց`ողջամտությանն ու հանդուրժողականությանը: Ի վերջո Հայաստանը այս դեպքերով չի անհետանում, հայությունը այս սերնդով չի վերջանում, իսկ հարատևման հնարավորությունները չեն սպառվում:
        Առավել ևս, որ.
ԵՐԲ ՍՊԱՌՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՀԱՅՏՆՎՈՒՄ Է ԼՈՒԾՈՒՄԸ,
ԻՍԿ ԵՐԲ ԱՅՆ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է` ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՍՊԱՌՎՈՒՄ…
  
Մարսել, 07.03.2008 թ.         
  
    Խմբագրության կողմից.  Ակամայից մտաբերվեց Գերմանիայի "Բունդեսլիգայի" ակումբներից մեկը` խոսքն անշուշտ Bielefeld քաղաքի ARMINIA անվանումը կրող ֆուտբոլային թիմի մասին է...
    Հավելենք, որ եթե լինեն մարդիկ, որ կունենան ինչ-որ նյութեր կամ նկատառումներ, որոնք կառնչվեն սույն աշխատությանը (և ընդհանրապես` կայքում զետեղվող ցանկացած նյութի վերաբերյալ), կարող են ուղարկել eutyun@gmail.com էլեկտրոնային հասցեով` դրանք կտեղադրվեն կայքում: