Սկզբնաէջ |
Բարեբախտաբար, Հայկ. լեռնաշխարհը հնդեվրոպացիների բնօրրանը լինելու եղելությունը գիտական աշխարհում արդեն լայնորեն ընդունված իրողություն է, իսկ Մերձավոր Արևելքը` ավելի ստույգ սիրիո-պաղեստինյան բեղմնավոր աղեղը, որպես արդի քաղաքակրթության բնօրրան լինելու փաստը այլևս ոչ ոք չի վիճարկում: Այստեղ, ավելի որոշակի դրա հյուսիսային բևեռում(Հայկ. Միջագետք) Ք.ա. 10-9 հհ սկսվել է «նեոլիթյան հեղափոխությունը» և ալիք առ ալիք համասփռվել աշխարհով մեկ. Ք.ա. 9-8 հհ` Պաղեստին, Ք.ա. 8-7 հհ` Փոքր Ասիա և Կովկաս, Ք.ա. 7-6 հհ` Զագրոս, Ք.ա. 6-4 հհ` հարավ. Միջագետք, Բալկաններ և Կենտր. Ասիա, Ք.ա. 5-րդ հզ` Եգիպտոս, Ք.ա. 4-րդ հզ` Չինաստան, Ք.ա. 4-3 հհ` Արևմտյան Եվրոպա, իսկ այս բոլորի էպիկենտրոն Տիգրիս և Եփրատ գետերի ակունքները երկար ժամանակ մնացել են որպես մշակութային օջախ(այնտեղ, որտեղ ըստ Աստվածաշնչի ու ժամանակակից ոմանց տեղադրվում է առասպելացած դրախտը կամ Paradis-պարտեզը ...): Այս իրողությունը թևաթափ արեց մի քանի դար է ի վեր Եվրոպան որպես հնդեվրոպացիների բնօրրան որդեգրած տեսաբաններին ու լայն շրջանակներին: Հետևաբար բնական է, որ արդի գլոբալիզացման պայմաններում եվրոպացիները նույնպես որոնեին իրենց արմատներն ու ինքնությունը, արևելքի համեմատ այդժամ բարբարոսներ չերևալու համար:
Այդպիսի մի առիթ հանդիսացավ արևելյան Գերմանիայի Նեբրա հնավայրում 1999 թ. հնագողերից պեղված, 2001 թվից գերմ. Halle քաղաքի թանգարանում հայտնված, ընդամենը 30 սմ տրամագծով, բրոնզե «երկնային սկավառակը»(Նկ. 1): Պեղածոն անմիջապես իր վրա բևեռեց տարբեր մասնագետների ուշադրությունն ու շուտով հռչակվեց դարի բացահայտումը, զի այլազան վերլուծությունները համոզեցին, որ սկավառակի վրա պատկերված է աստղային երկինքը դիցաիմաստաբանական և կիրառական որոշակի նշանակությամբ, իսկ կից այլ արտոֆակտերի միջոցով սկավառակը թվագրվեց Ք.ա. 16-րդ դար, երբ տեղաբնիկներն այդժամ համարվում էին հիմնականում ռազմիկ բարբարոսներ: Եվրոպական հետազոտողների հպարտության և հուզմունքի չափը չկար: Նախ անդրադառնանք սկավառակի խորհրդանշական բովանդակությանը: Նրա վրա ներկայացված են հինգ հիմնական տարրեր` մեր կողմից թվանշված աջ պատկերում(Նկ. 2): - ա). Աստղային երկնքի վրա առաջին գլխավոր տարրը Արեգակն է (1)` ակնհայտորեն կիսալուսնի հարևանությամբ (2): Գերմանո-սկանդինավյան ցեղերը երդվյալ արևապաշտներ էին, ինչի նյութական հետքերը սփռված են Եվրոպայով մեկ` մինչ Սթոունհենջ: Ինչպես արիական ժողովուրդների հավատամքներում, Արեգակը դիտվում էր կյանքի աղբյուրը, իսկ զուգակից Լուսինը` ժամանակի տնօրենը, վստահաբար իր ակնհայտ 4 կանոնավոր փուլերի պատճառով: - բ). Նախ հանելուկային թվաց այդ երկու տարրերի միջև, սկավառակի ստորոտում կիսալուսնաձև մեկ այլ բաղադրիչ (3): Սակայն այդ հանելուկը լուծում է դանիացի հետազետող Ֆ. Քաուլը, որն այդ տարրը համեմատելով հյուսիսային ժայռապատկերների իր ծով հավաքածուի հետ, գալիս է այն համոզման, որ անհասկանալի այդ կիսալուսինը ոչ այլ ինչ է` քան առասպելական այն մակույկը, որով իբր Արեգակը գիշերները հատում է անդրաշխարհային ջրերը` առավոտյան վերստին հայտնվելու համար: Ճիշտ այնպես, ինչպես եգիպտ. Րա արևաստվածը: Այսուհանդերձ այդ կապը մնում է չլուսաբանված(Նկ.3-5):
- գ). Երկնային սկավառակի վրա առավել առեղծվածային էր արեգակնային մակույկի ճիշտ վերևում, նորից Արեգակի ու Լուսնի միջև չորրորդ բաղադրիչը(Նկ. 2/4), որը ներկայացնում է վեցաթերթ մի աստղաբույլ, բոլորված կենտրոնական յոթերորդի շուրջ: Սակայն այս ևս լուծվեց առանց մեծ դժվարության` շնորհիվ աստղագետ Վ. Շլոսերի, որն ի դեմս այն ճանաչեց հարավային ժողովուրդների ավանդույթներում Պլեադներ 1 կոչեցյալ աստղակույտը(հայ. Բազումք), կազմված 11 տեսանելի, իսկ ավելի պայծառ` 6-7 աստղերից(Նկ. 7): Դրանք առկա են նաև Մերձավոր Արևելքի աղբյուրներում(Նկ. 8-10), ինչպես նաև հունական ավանդույթներում: Պլեադները երկնքում հայտնվում են մարտ ամսին ու անհայտանում հոկտեմբերին, ինչը նախնիք առնչում էին բուսական աշխարհի ու երկրագործական աշխատանքների հետ, և բնականորեն պաշտում որպես աստվածություններ` ինչպես Արեգակը, Լուսինը և երկնային այլ մարմիններ: Տվյալ դեպքում, Պլեադները հաշվվում էին յոթը և հարակցվում Լուսնի հետ, վստահաբար նրա 4 փուլերի և 28-օրյա շրջապտույտի առնչությամբ, որտեղից 7 -օրյա շաբաթը` 4 x 7=28 լուսնային ամսվա հաշվարկով: Պետք է ենթադրել, որ այդ հանգամանքն էլ դրդապատճառ է դարձել Պլեադները խորհրդանշել 7 սրբազան թվով:
- դ). Մեծագույն գլուխկոտրուկը երկնային սկավառակի հինգերորդ տարրն էր, որը ոչ մի կերպ չէր ենթարկվում դիցաիմաստաբանական մեկնության: Առավել ևս, որ կարծես չուներ իր զուգահեռները արևելյան ավանդույթներում: Զի, վերջին մի քանի նախորդ նախատիպերը արդեն կասկած էին հարուցել, որ սկավառակը կարող է պարզապես ներմուծված լինել Միջերկրական որևէ մշակույթից: Ուստի, հետազոտությունները նախ ուղղվեցին դեպի բրոնզե սկավառակի մետաղահումքի ակունքները որոնելու երկրաբանական քննախուզություններին: Դրանք աներկբա հաստատեցին, որ օգտագործված նախահումքը բերված է ավստրիական Ալպերի հնագույն ու մոտակա պղնձահանքից: Ուրեմն, Նեբրայի երկնային սկավառակը տեղական արտադրություն էր: Այդ դեպքում ի՞նչ էր իմաստավորում առեղծվածային այդ հինգերորդ տարրը: Այս մեկ գլուխկոտրուկը հանգուցալուծեց նորից գերմ. աստղագետ Վ. Շլոսերը: Պարզվեց, որ Արեգակի նկատմամբ այդ աղեղը կազմում էր 82°(Նկ. 11), ինչը աղերսվում էր Եվրոպայում հնուց հայտնի այն երևույթին, ըստ որի ամառային արևադարձի բարձրագույն ու ձմեռային արևադարձի ցածրագույն կետերում, Արեգակը մայրամուտերին հորիզոնի վրա գծում է որոշակի անկյամբ աղեղ 2: Եվրոպայի հյուսիսում այն կազմում է 90°, հարավում` 70°, իսկ Նեբրայի հյուսիսային լայնության նեղ մի գոտում` 82°:
Այսինքն, Նեբրայի երկնային աղեղը այլևս առանց որևէ կասկածի հիրավի տեղական ու տեղաբնիկների արտադրանքն է` թեկուզ մշակութային շփումներում արդեն հանրածանոթ ճանաչողությամբ, բայց ոչ պատրաստի ներմուծված զարգացած ինչ-որ քաղաքակրթությունից: Եվ այսքանն էլ բավական էր, որպեսզի հետազոտական խումբը` հնագետ և Հալլե քաղաքի թանգարանի տնօրեն Հ. Մելլերի նախաձեռնությամբ, անի ցնծալի մի շարք եզրահանգումներ: Նախ, հիշեցվում է հնէաբանության գերխնդիրներից մեկը. թե ի վերջո ե՞րբ և որտե՞ղ է առաջին անգամ մարդը փորձել կազմել երկնային քարտեզը: Երկրորդ, ըստ նրանց Մերձավոր Արևելքում և մասնավորապես Եգիպտոսում մինչև Ք.ա. 14-րդ դ. համաստեղությունները խորհրդանշվում էին պաշտամունքային կենդանիներով(որտեղից էլ ախտարք-Կենդանաշրջանը), մինչդեռ Նեբրայի սկավառակի վրա այն արդեն ներկայացված է կետային աստղերով(վրիպում, իրենց իսկ բերված միջագետքային կնիքները առավել հին են ...): Ավելին, ենթադրվում է, որ որքան էլ նշյալ տարրերը հայտնի էին այլ մշակույթներին, այստեղ իբր առաջին անգամ են ներկայացվում համադրված: Եվ քանզի Նեբրայի երկնային սկավառակը թվագրվում է Ք.ա. 16-րդ դ., այսինքն Եգիպտոսից մոտ 200 տարի առաջ, ապա ըստ նրանց արվում է գլխավոր եզրահանգումը. Ուրեմն, Ք.ա. 2-րդ հազարամյակին, եվրոպական ցեղերը դեռևս չունենալով ակնառու քաղաքներ ու քաղաքակրթություն, հայտնի լինելով հանդերձ որպես ռազմատենչ բարբարոսներ, այնուամենայնիվ ունեցել են խիստ զարգացած հոգևոր մշակույթ: Հանգամանք, որը ստիպում է վերանայել հին եվրոպացիների նկատմամբ վերջին հարյուրամյակում մթագնած պատկերացումները հնդեվրոպացիների ակունքը չլինելու վերաբերյալ, երբ հաստատվեց Եվրոպայում նրանց եկվորության իրողությունը: Եվ այս առումով էլ Նեբրայի ընդամենը 30 սմ սկավառակի հայտնությունը ոմանք բնորոշում են որպես դարի բացահայտում, ինչը իրավացիորեն առիթ է տալիս եվրոպացիներին հպարտանալ իրենց նախնյաց արժանի մշակույթով: ա.- Նախ հիշեցնենք, որ երբեմնի լուսնապաշտ հայերը հայրիշխանության անցնելուց ի վեր(Ք.ա. շուրջ 5-րդ հզ) հայտնի արևապաշտներ էին: Այն աստիճան, որ այդ իրողությունը ցասօր արձագանքում է նրանց ԱՐ-ման կամ ԱՐ-մեն ցեղանվանման մեջ, որպես արեգակնային ԱՐ-ԱՐԱ աստծո man-ման մարդիկ կամ զավակներ(այն աստիճան, որ երբեմնի սրբազան արա դիցանունը դարձել է գռեհիկ դիմելաձև ...), որի մեկ շառավիղն է հենց ԳԵՐ-ման ցեղանունը իր Հերման, իտալ. Էրիմանդո, ֆրանս. Արման կամ գերմանների պատմական հերոս լատինահունչ Արմենիուս անձնանունները, և ընդհանրապես արիացի բնորոշումը («Knaurs Vornamen Buch»-Անձնանունների գերմ. Բառարան, Munich-1985): Մինչդեռ արեգակնային ԱՐ-ԱՐԱ աստվածը տվել է ոչ պակաս շառավիղներ, ինչպես միջագետքային Էրրա-ն(այդ մասին ստորև), խեթ. Իարրի-Յարրին, հենց եգիպտ. Րա -ն, պլատոնյան հերոս Արմենոսի որդի Էրը, պարս. Արաշը, հուն. Արեսը, սլավ. Յարիլո արևաստվածը և այլք: Ոչ մի կասկած, որ գործ ունենք «մշակութային դիֆուզիա» բնորոշված երևույթի հետ, ինչը անվանումներից բացի ակնկալում է ավանդույթների համասփռում և տարբերակային հոլովումներ, իսկ տվյալ դեպքում` նաև հնդեվրոպական հնագույն առնչություններ: բ.- Արեգակնային աստվածների երկնային թե անդրաշխարհային նավարկության վերոնշյալ զուգահեռները եգիպտ. Րա աստծո տարբերակի հետ ակնհայտ են: Պակաս հայտնի են, թե այդ ընդհարությունները ինչպես են ստեղծվել, անմիջական շփումներո՞վ(այդ դեպքում ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս ...), թե՞ միջանկյալ ինչ-որ մշակույթի միջոցով: Փորձենք գտնել այդ թեմայի այլ «վարիացիաները»: - Շումերական աղբյուրներում հիշատակվում են «Արալի ջրանցքներ» կոչված մահվան ջրեր, իսկ «Գիլգամեշ» էպոսում անմահություն պարգևող առասպելական ծաղիկը ձեռք բերելու համար հերոսը, դեպի երկգագաթ Մասու լեռը(որի Նիսիր գագաթին ջրհեղեղից հետո հանգրվանել էր շումերա-աքքադական Ուտնապիշտիմը` մինչև Նոյը ...) հատում է լեռներ, կիրճեր, գետեր և ի վերջո Ուրշանաբի նավարարի ուղեկցությամբ` «մահվան ջրերը»(հմմտ. Ուրշա-արշա և նաբի-նավի ...): Ճանապարհորդության նկարագրությունն ու անցած չափանիշային «ասպարեզները» մատնանշում են աշխարհագրական որոշակի տեղանք. Հայկ. լեռնաշխարh, ինչն անշուշտ դեռ հարկ է հիմնավորել: - Ըստ եգիպտ. դիցաբանության(«Բուրգերի տեքստեր»), Իարու-Իալու դրախտային դաշտը(հմմտ. հուն. «Ելիսեյան դաշտեր»-դրախտ ...) և համանուն լիճը գտնվում էին «արևելյան երկնքում», որով ամեն գիշեր` նույնանուն Իարու-Իալու նավարարի ուղեկցությամբ, մակույկում էր արեգակնային Րան, որտեղ «տարածքը ջլատված էր ջրանցքներով, գարին աճում էր 4 կանգուն բարձրությամբ, ցորենը` 9, իսկ երկիրն առատ էր ըմպելիքներով ու սնունդով, և որտեղ հանգուցյալ փարավոնի հետ հանգրվանում են բոլոր երանելիները» ...
Կարծում ենք, կարիք չկա որևէ մեկին համոզելու, որ ունենք նույն «թեմայի վարիացիաներ», որ խոսքը վերստին առասպելացած ինչ-որ «դրախտային» տեղանքի մասին է, որ Իարու տեղանունն ու անձնանունը առնչվում են վերոնշյալ խեթա-միջագետքային Էրրա-Իարրի դիցանունների հետ, իսկ եգիպտ. Րան` հայոց մեռնող ու հառնող արեգակնային ԱՐ-ԱՐԱ աստվածության: Բարեբախտաբար հայկ. ժայռապատկերներում մնացել են «երկնային մակույկի» պատկերացումները(Նկ. 13, a,b,c,), իսկ առավել որոշակի` մերձակա ծովափնյա տարածքներում(Նկ. 14), ինչը նույնպես խոսում է համատարած հոգևոր և նյութական հնագույն ավանդույթների մասին: Մնաց ավելացնել, որ հնխ. *nau-_նավ և հնխ. *nevo-_նոր հասկացությունները զուգորդվում են(հմմտ. ավեստյան nava-նավ և սանսկ. na’va-նոր, հայ. նովին-նոր), և աղերսվում աստվածաշնչյան Նոյ (եբր. Noah) դիցանվան հետ, որպես նոր մի կենսաշրջանի սկիզբ, ինչպիսինն է նաև Նավասարդ-Նոր Տարին ... գ.- Գանք գլխավոր պարագա` Պլեադներ-Բազումք աստղախմբին: Մեր հեղնակները գտել էին դրանց եգիպտական և միջագետքային իբր ուշածին օրինակները: Բայց մի՞թե այն կարող էր չլինել վայրի գարու ու ցորենի հայրենիքում և երկրագործության բնօրրանում, որտեղ «գարին աճում 4 կանգուն բարձրությամբ, ցորենը` 9 կանգուն»: Անշուշտ կար, այն էլ այնպիսի առատությամբ, այլազան համադրություններով և բազմիմաստությամբ, որ քանի հետազոտողներ այն հաճախ շփոթել են... երկնային 7 լուսատուների հետ: Ահա միայն մի քանի նմուշներ հայկ. ժայռապատկերներից(Նկ.15-18):
Եվ եթե այս բոլորին հավելենք Հայկ. լեռնաշխարհում հազարամյակներ ի վեր աստղային երկնքի վերաբերյալ ավանդույթները, մեգալիթյան քարեկոթողներն ու աստղաբանական կառույցները(Աղավնատուն, Շամիրամ, կամ Զորաքարը, Ք.ա. 6-րդ հզ` Գյոբեկլի թեփեյից 4 հզ հետո, Ստոունհենջից 3,5 հզ առաջ ...), իսկ ամենակարևորը` որ այստեղ է ստեղծվել Աղթարք-Կենդանաշրջանը(տե'ս ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ, էջ 709-738), տարակույս չի մնա ոչ միայն Պլեադների` այլև ընդհանրապես երկնային քարտեզի կազմավորման բնօրրանի վերաբերյալ (Նկ.19: Հայտնաբերել է ԷՈՒԹՅՈՒՆ միաբանության հիմնադիր անդամ, երջանկահիշատակ Սուրեն ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, տե'ս Էություն ԱԻՏ Տարեգրությունը): Միջագետքային աղբյուրները հիշատակում են վերոնշյալ Էրրա անունով(աքքադ. Իրրա, խեթ. Իարրի-Յարրի) ռազմի ու ժանտախտի ինչ-որ օտար աստվածություն, որը երկնի ու երկրի որդին էր, բնորոշվում էր որպես «յոթնյակ»(աքքադ. «սեբետտու», հմմտ. շաբաթ ...) կամ «յոթնյակի զորությունների» տեր, այլ մեկ տարբերակում` Իշխարա 3 դիցամոր յոթ զավակներից մեկը կամ նրանց հավաքական ամբողջությունը(տարբերակ` Էն-մեշ-արրայի, բառացի «Մեծ-Տեր-Արրայի», հմմտ. հուն. Ատլասի 7 դստրերը ...), այլուր որպես աստղային ու բարի աստվածություն նույնանում Պլեադների հետ: Էրրայի պաշտամունքային տաճարը գտնվում էր Կուտա երկրում 4 (Հայկ. Միջագետք, Կորդվաց աշխարհ ու լեռներ, որտեղից էին կուտինները ...), իսկ շում. այլ մեկ էպոսում Էրրան հիշատակվում է Հուռում լեռան առնչությամբ, որը նույնպես Հայկ. Միջագետքում էր և հուրրի-խուռի-միտանական տարածքում:
Վերևում, Էրրային մենք արդեն ներկայացրինք որպես հայոց արեգակնային ԱՐ-ԱՐԱ աստծո մեկ շառավիղը: Որպես այդպիսին, նրանք առնչվում էին մեռնող ու հառնող աստվածությունների, գարնանային զարթոնքի, բայց նաև հիմնականում այդժամ բռնկվող պատերազմների ու դրա հետևանքով դիակների փտտման հետ(հմմտ. Mars-Մարտ ռազմի աստծո և հին հայկ. Արեգ ամսանունները ...), որտեղից էլ Էրրայի զուգորդումը Ներգալ մահվան աստվածության հետ, և որի պաշտամունքային կենտրոնը նույն Կուտա երկրում էր: Բայց այստեղ ամենակարևորը Էրրայի արեգակնային էությունն է ու նրա առնչությունը սրբազան 7 թվի հետ, որը միայն Պլեադների խորհրդանիշը չէ` այլ նաև երկնային 7 լուսատուների` Արև, Լուսին և այդժամ հայտնի 5 մոլորակների(Նկ. 20): Իսկ դրանց մեջ առաջատարը մնում էր Արեգակը, հատկապես արևապաշտների մոտ, և ինչպես պատկերվում էր Պլեադների և շատ այլ աստղախմբերի կենտրոնում: Դեռ ավելին, Էրրային «յոթնյակ» բնորոշումը հուշում է նրա յոթնանդամ ամբողջության մասին, ինչպիսինն էր աբխազական Այտար պտղաբերության աստվածը, որի յոթ զորություն-բաղադիչներից էին Ամրա-արեգակն ու Ամզա-լուսինը, ինչպես քրիստոնեության մեջ ավելի ուշ ձևավորվեց անտրոհելի «երրորդության» գաղափարը կամ շաբաթվա օրերը ցայսօր կոչվում են համախումբ աստվածների անուններով: Եվ հենց այդպիսի մի յոթնյակ աստվածությանը նվիրված երկու սրբարան բացահայտվեց 1965 -66 թթ Մեծամորում(Նկ 21): Այդ սրբարանից քիչ հեռու, աստղադիտական Փոքր Բլրակի վերոնշյալ հարթակի ճիշտ ներքևում գտնվում էր հայկ. «Է» տառով հայտի ծայռագիրը(Նկ. 22), որն այլ բան չէր` քան շում.-աքքադական դիցարանից հայտնի Անու (երկինք) - Էնլիլ (օդ-քամի) - Էա (Հայա, տիեզերաջրեր) «երրորդության» հայկական տարբերակը, «Սասնա Ծռեր» տիեզերավեպում անձնավորված ի դեմս Առյուծաձև Մհերի (արեգակ), Ձենով Հովհանի (ամպրոպ) և Ցռան Վերգոյի (անձրևաջրեր): Ավելի ուշ, ողջ Առաջավոր Ասիայում Էա-Հայան դառնում նաև Մե –էություն-զորությունների տիրակալը և իմաստության գլխավոր աստված, 7 թվային արժեքով և որպես «Է» տառ հայկ. այբուբենում զբաղեցնում 7-րդ խորհրդանշական աստիճանը(ի տարբերություն հուն. 5-րդ էփսիլիոն տառի ...), և միայն հայ եկեղեցում հարատևում որպես Է-ԷՈՒԹՅՈՒՆ գերաստված 5 (Նկ. 22-23):
Այսքանից հետո վերջին ևս մեկ կարևոր հանգամանք: Նեբրայի երկնային սկավառակի հետազոտողները իրենց համեմատական պրպտումներում զուգահեռներ էին տարել միջագետքային և եգիպտական հայտնի մշակույթների հետ, անտեսելով ոչ միայն Հայկ. լեռնաշխարհը` այլև արևելյան ողջ հնագույն քաղաքակրթությունները: Այլ խոսքով, նրանց քաղաքակրթական հետազոտությունները տարածվում են մոտավորապես հյուսիս-հարավ ուղղահայաց առանցքով, ինչպես պատկերված Նկ. 12-ում: Մենք միայն փոքր-ինչ ավելի բեկեցինք այդ առանցքը, որպես քաղաքակրթական նախակենտրոն այն ուղղորդելով Հայկ. լեռնաշխարհի տարածքով: Սակայն, հեշտությամբ կարող էինք մեղադրվել էթնոցենտրիզմի մեջ, եթե արևմուտք-արևելք հորիզոնական առանցքի վրա չգտնվեին նույն քաղաքակրթական էպիկենտրոնից համասփռված մշակութային ընդհանրությունները, ինչպես հիշատակել էինք այս ակնարկի սկզբում: Այդպիսի մի հորիզոնական առանցքի գոյության առավել ակնհայտ ապացույցը Հայկ. լեռնաշխարհով անցնող հանրահայտ հենց «Մետաքսի ճանապարհն» է, որը առևտրական նկատառումներով հազարամյակներ ի վեր Արևմուտքը կապել է Հեռավոր Արևելքի հետ(այստեղից էլ ճանապարհի անվանումը), և անգամ այսօր հակված է վերականգնվելու որպես Կովկասով անցնող երկաթուղի կամ այլ երթուղի: Ուստի, հնագույն այդ ճանապարհին չէին կարող չլինել մշակութային համասփռման հետքեր: Ավելի չտարածվելու համար ստորև ներկայացնում ենք նման միայն մեկ քանի նմուշներ(Նկ 24 a,b,c): Դրանք ևս արձանագրել են արևմտյան հետազոտողները, սակայն հին հնդկական` մասնավորապես Մոհենջո Դարո և Հարապպա հնավայրերի մշակույթների առնչությամբ(Ք.ա. 3-2-րդ հհ): Դրանց ընդհանրությունները Առաջավոր Ասիայի` ներառյալ միջագետքային մշակույթի հետ հիմնավորապես ապացուցված են, Հայկ. լեռնաշխարհի հետ` պակաս 6: Սակայն, քանզի այդժամ օդային երթևեկություն չկար, ապա բնականաբար դրանք չէին կարող չլինել, ինչի վկայությունն են բերվող նմուշները: Հաշվված են մոտ 30 000 նման ժայռապատկերներ և տասնյակից ավել տարբեր լեզուներով արձանագրություններ, որոնց մեջ ասորերեն, կիմրերեն, ավելի ուշ` նաև հին եբրայերեն: Սակայն ավելի խոսուն ներկայացվող ժայռապատկերներն են, որոնք վերաբերում են աստղային երկնքին և ունեցել են շատ կիրառական նշանակություն` ծառայելով որպես ուղեցուցներ: Ինքնին հասկանալի է, որ դրանք ակնկալում են աստղաբանական խիստ որոշակի պատկերացումներ, որոնց նախատիպերը կամ խորհրդանիշները բարեբախտաբար նույնպես դաջված են հայկ. ժայռապատկերներում:
- Եթե մշակութային հնագույն տարրերը փնջվում են աշխարհագրական մի տարածքում, երկրաբանորեն, կեցականորեն, աստղաբանորեն, դիցաբանորեն թե լեզվաբանորեն արտացոլում այդ տեղանքի բնաշխարհը, ֆլորան ու ֆաունան, բնահումքերն ու աստղային երկինքը, ուրեմն տվյալ մշակույթը տեղական է, իսկ նաև հարևանների հետ փոխազդեցությամբ այն կրողները` տեղաբնիկներ, նույնիսկ եթե նրանցից ոմանք հայտնվել են տարբեր աշխարհամասերում: Տեղում մնալու, բնականորեն բազմանալու, և ժառանգական այդ նախամշակույթը սերնդից-սերունդ պահպանելու դեպքում` երիցս առավել, ինչն էլ ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ տեսության ժայռահիմքն է: Այս սկզբունքով լուսաբանվեցին նաև տվյալ պեղածոյի հետ կապված մի շարք մութ հանգամանքներ, և` ինչպես շատ այլ պարագաներում, փոխադարձորեն առավել ամրագրվեց ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ տեսությունը: Այդպես են հարաբերակցում «մասն ու ամբողջը»` անկախ հաշվարկային մեկնակետից: - Նեբրայի երկնային սկավառակը վստահաբար տեղական արտադրանք է, թերևս անգամ առանց զարգացած քաղաքակրթությունների հետ անմիջական շփումների: Հակառակ դեպքում դրանցից վաղ դժվար թե լիներ: Այսուհանդերձ, գերմանո-սկանդինավյան ցեղերը աստղաբանական այդ «հոգևոր նախահումքը» բերել էին իրենց նախահայրենիքից` Հայկ. լեռաշխարհում հազարամյակներով կուտակված կենսափորձից ու համընդհանուր մշակույթից: Հանգամանք, միայն որով կարելի է բացատրել նույն ավանդույթների համասփռումը թե’ Եվրոպայում, թե’ հետուառաջ զարգացող հարակից աշխարհամասերում: Հաստատելով հանդերձ ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ տեսությունը, այս իրողությունը բնավ չի բացասում «մշակութային դիֆուզիայի» և «կոնվեկցիոն շրջանառության» մեջ փոխներգործությունների իրողությունը: - Հնագիտական այս միջադեպը գալիս է նաև փաստելու տարիներ ի վեր մեր ոչ «ակադեմիական» այն համոզմունքը, որ ակնառու քաղաքակրթություններն ու քաղաքները դեռևս մշակութային ակունքներ չեն, ոչ էլ արարչության պարտադիր նախապայմաններ: Այնպես, ինչպես համաշխարհային բանկերը ոսկու հանքերը չեն, թանգարանները` հանճարեղության, հանրագիտարանները` իմաստության, «հեղինակությունները»` հեղինակության ... Սակայն, առանց ակունքների որոնման, դրանք «մեծ գետերի» պես միշտ էլ առինքնել են պրպտողներին, որոնք հաճախ թույլ են տվել նույն վրիպումը` ինչը տվյալ դեպքում մեր հետազոտողները և անգամ Գ. Չայլդի պես տաղանդավոր հնագետը: «Նեոլիթյան հեղափոխության» բնօրրանի իր համառ փնտրտուքներում նա հասավ մինչև Հյուսիս. Միջագետք, բայց նախատրամադրորեն չմտավ Հայկ. լեռնաշխարհ` ճիշտ ինչպես մեր հեղինակները, խավարի մեջ թողնելով ոչ այնքան արդ ամայացած այդ տարածքը` որքան գիտությունն ու մարդկային ծանծաղացած իմացությունը 7 (Նկ.12): Մինչդեռ բոլոր արարչագործություններն էլ հղանում են միգամածություններում և հաճախ մնում անհայտ` մինչև արևերես ելնելը, իսկ «ստվերից» դիտվում առավել պայծառ` քան ընդհակառակը: Վկա սույն դիտարկումները ...
- Նույն առիթով հարկ է լուսաբանել նաև խնդրահարույց այլ մեկ հանգամանք: Հայտնի է, որ որևէ արարչական նախագաղափար կարող է հղանալ այս կամ այն համայնքում (կամ անհատի կողմից), իրագործվել այլուր, զարգանալ այլ մեկ տեղ, բայց վերագրվել բոլորովին այլ մեկ մշակույթի, ապա վերադառնալ սկզբնաղբյուր որպես... նորամուծություն: Այդպես պարուրաձև կամ «կոնվեկցիոն շրջանառությամբ» են հերթափոխվում քաղաքակրթությունները, ինչը բնականաբար ջնջում է էվոլյուցիոն բոլոր հետքերն ու սկզբնաղբյուրները: Առավել ևս, եթե վերջիններս նախ բավարարվում են իրենց նախաստեղծ ձեռքբերումներով, ապա սկսում փոխառնել... նույն «նորամուծությունները» կամ հետադարձորեն հայտնվել քույր թե հետնորդ քաղաքակրթությունների ազդեցության տակ: Շատ այլոց պես, այս է նաև հին հայոց պարագան, որոնք շռայլ ու անառիկ բնաշխարհում մնացին ինքնաբավ, պահպանեցին ավանդական իրենց հոգևոր ու նյութական մշակույթը, և աննկատ խամրեցին ոչ այնքան ետաճմամբ` որքան մրցակից քաղաքակրթությունների հետ համեմատական թերզարգացմամբ 7 ( ինչպես չեմպիոն դառնալն է ավելի հեշտ` քան մնալը): Այդ էլ պատճառ դարձավ ծագումնաբանական այդքան շփոթությունների ու շահարկումների, առավել ևս հենց այդպես կարկատված Հին Կտակարանի ներգործությամբ: Եվ այդ անգամ պատմահայր Խորենացու պես բացառիկ հայրենասերի պարագայում: Եվ երիցս առավել, որ հայոց վաղնջականությունը արտառոց ու անհավանական է թվում լոկ այն պատճառով, որ այլոց պես դեռևս ... ամբողջվին չեն անհայտացել: Մինչդեռ, ըստ կենսաբանության, ցանկացած կենսահամակարգում առաջինը մահանում են նորաստեղծ օրգանները, վերջինը` նախաստեղծները, կամ ինչպես արթերիոսկլերոզ ախտաբանական հիվանդության պարագայում կորչում եմ նոր` բայց պահպանվում հին հիշողություները: Այսուհանդերձ, այսքան ու դեռ շատ ավելի սուբյեկտիվ է միջազգային գիտությունն ու համամարդկային ճանաչողությունը, հատկապես շահագրգիռ ասպարեզներում: - Այնինչ, եթե Նեբրայի 30 սմ պեղածոն իրավացիորեն այդքան հուզմունք ու ցնծություն է պատճառել կայացած գերմանացիներին, ապա պատմության վերջին հազարամյակներում անհաշիվ կորուստներ կրած ու անհայտացող մի ազգ որքա՞ն պիտի մխիթարվեր մշակութային այդպիսի մի հին ու հարուստ ժառանգության բացահայտմամբ, եթե միայն... գերմանացիների չափ քաղաքակիրթ լիներ սնապարծությամբ չտառապելու` ոչ էլ իբր «բարեկրթորեն» այնքան բարդույթավորված` իր ինքնությունից և ձախորդություններից չխրտնելու համար: Սակայն դրանք էլ թերևս հենց այդ պատմական մթագնման հետևանքներ են ... - Մեզ մնում է անդրադառնալ արմատական մեկ խնդրականի ու խորհրդածության: Խճողված որևէ խնդիր ակնկալում է սրբագրումը վերսկսել գլխից, ցանկացած արարչություն պարբերաբար անդրադառնում է իր էյդոս-նախագաղափարին, ամեն մի պոետ վերադառնում է իր առաջին տողին, տեսլահարները` առաջին սիրոն, յուրաքանչյուր ծերունի` իր մանկությանը: Իսկ տիեզերականորեն ամեն մի ավարտ դառնում է նոր մի կենսաշրջանի սկիզբ` մինչև լիակատար էացում, որն հայերենում միաժամանակ նշանակում է «ի բնե լինել» և «Հոր նման դառնալ»: Այդպես է եղել աշխարհի արարումից ի վեր, այդ սկզբունքն է ընկած կենդանաշրջանի և դիալեկտիկական պարույրի կամ «կոնվեկցիոն շրջանառության» հիմքում, և այդպես է զարգանում համամարդկային ճանաչողությունը, որի մեկ դրսևորումն են արդի հնէաբանության ու արևելագիտության բուռ պրպտումները` հատկապես զարգացած ազգերի և մասնավորապես հենց Նեբրայի «երկնային սկավառակի» պարագայում: Այդ թե’ համամարդկային հասունության ու թե’ ազգային ինքնագիտակցության հաստատուն ցուցիչ է: Մենք ևս տրվեցինք ծագումնաբանությանը վասն ինքնաճանաչման, ինքնավերառման ու ինքնանորոգման, այդու նաև հանուն ազգային ու համամարդկային նախաստեղծ իմաստության վերաբացահայտման: Այդպես, ծնվեցին ծագումնաբանական, ազգաբանական, գոյաբանական ու էաբանական տարբեր տեսություններ, ուսմունքներ և առանձին սկզբունքներ, որոնք ամբողջացան ի դեմս ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգի: Զի, եթե առանց փիլիսոփայական հիմքի չի լինում որևէ գաղափարախոսություն, այդպես էլ առանց նման մի ոգե-գաղափարական հումքի բացառվում է վերակենդանացման, ինքնանորոգման ու հարատևման որևէ ակնկալիք, եթե իհարկե ամբողջովին սպառված չէ նաև հայոց կենսունակությունը, ներուժն ու հարատևման կամքը: Երևի այդ է միակ խնդրականը, որն անհնար է կանխատեսել, առանց ... ԼԻՆԵԼՈՒԹՅԱՆ ...
|