|
« ԵՐԴՎՈՒՄ ԵՄ
ԱՍԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻՄԻԱՅՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ,
ԵՎ ՈՉԻՆՉ ԲԱՑԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ » ...
( հոդվածաշարից )
24/02/2009
թ. |
Սույնով «ԷՈՒԹՅՈՒՆ» կայքը բացում է նոր
հոդվածաշար, որում անցյալ ու
ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ կքննարկվեն հայտնի ու անհայտ
մեկնություններ: Այցելուներին հնարավորություն կտրվի մասնակցել այդ
բացահայտումներին, անշուշտ դրանց կարևորության, հավաստիության և
հիմնավորման պայմանով: |
Մեծն ու փոքրը, ծանրն ու թեթևը, թույլն ու ուժեղը, սևը,
գորշն ու սպիտակը մահկանացուներիս մատչելին են
համեմատության մեջ` այն էլ խիստ հարաբերականորեն և
սահմանափակ տիրույթներում: Դրանք դեռ ընդամենը երևութական
ու մատչելի գոյացություններ են: Անհամեմատ խրթին են
էութենական իմաստության ու իմաստակության, հանճարեղության
ու ճամարտակության, ճշմարտության ու եղծության չափանիշներն
ու սահմանումները, առավել ևս նախատրամադրվածության
պարագայում:
Այդպես, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երբեմնի ոմն
երդվյալ մարքսիստ համոզված էր, որ հայերը Հ. Շիրազից ավելի
մեծություն տալ չեն կարող, առավել ևս` Օ. Շպենգլեր:
«Էրուդիտ» այլք հուսահատորեն նետվեցին էկզիստենցիալիզմի ու
դրա կարկառուն դեմքերի վերաբացահայտմանը ( Ս. Կիերկեգոր,
Կ. Հայդեգեր և այլք) չգիտակցելով անգամ, որ դրանցից շատերի
հայրն ու նոր ֆենոմենոլոգիայի հիմնադիր գերմ. Է. Հուսեռլը
(1859 - 1938 թթ), ի վերջո հիմնեց էյդետիկա ուսմունքը (
պլատոնյան eidos-նախագաղափար բառից,
էսենցիալիզմ-էութենական հոսանքի մեկ համեստ ու թերի
վտակը...): Այլք հարեցին դասականներին` ինչպես
նեոպլատոնական Պլոտինին կամ համարյա ժամանակակից Թ. դե
Շարդենին («Մարդու ֆենոմենը»):
Եվ գաղափարական այս պատեպատիկ խուճապի,
առավել ստույգ` ըստ էիզմի «կոնվեկցիոն շրջանառության» մեջ,
ոչ մեկ «կարկառուն» մտավորական թե ճոռոմ «էրուդիտ»
չկարողացավ դյուզն իսկ գոնե ընկալել էիզմ-Էություն
ուսմունքի ընդգրկումն ու խորությունը: Թե’ զուտ ազգային և
թե’ համամարդկային մի ուսմունք, որը գալիս է հայոց
հանճարեղ նախնյաց դիցաիմաստաբանական համակարգից և որի
ճառագումներն են հնդեվրոպական թե ոչ բոլոր ուսմունքները`
ներառյալ պլատոնականությունը, բրահմայականությունը,
չինական դաոսիզմը կամ իսլամացած սուֆիզմը: Ոչ մեկ
պաշտոնական «ուղեղ» նույնիսկ չանդրադարձավ, որ վերջին
երկհազարամյակում հայերը առաջին անգամ օժտվում կամ
վերաօժտվում են սեփական աշխարհայացքով, երբ հանճարեղ Դավիթ
Անհաղթն անգամ եղավ անտիկ փիլիսոփայության ընդամենը
մեկնիչն ու քարոզիչը ( թեև նա ևս քրիստոնեացած հայերի
«խասյաթով» հալածվեց, վտարվեց և մահացավ Վրաստանում...):
Եվ այսքանի հետ դեռ ինչպե՞ս ընդունել, որ մի
անհայտ, ոտնատակված ու վտարված հայորդի ընդունակ էր
դիալեկտիկական երեք հայտնի օրենքներին ավելացնել պակասող
մեկը` Հակադարձման օրենքը, առանց որի տիեզերական պարույրն
ու այդ օրենքները ո’չ սկսում են և ո’չ էլ փակվում: Զի, այս
ամենը Շ. Ազնավուրի նոստրադամուսյան «հանճարեղության»
կողքին թվում էր աննշան ոչնչություն, ոչ անգամ «Շիրազյան»
արժեք:
Այդպես, այդ մենք որակվեցինք ինքնակոչ ու
մեծամիտ դատարակաբան, երբ իրականում հուսահատորեն դատարկ
էին հայոց ակադեմիական միտքը, գաղափարական դաշտը` էլ ո՞ւր
մնաց ինքնակոչ ու տխմարագույն իշխանություններն ու
քաղաքական շրջանակները:
Մենք վստահ ենք, որ ստորև ներկայացվող էսսեն
նույնպես հասու չի լինի նրանց, խիստ ծանծաղամիտ
մտավորականությանը թե մշակութային «էլիտային»: Գուցե ավելի
լավ ( բացի այլոց «ականջներից»...): Սակայն հուսով ենք, որ
բնականորեն իմաստուն ու համակիր անհատների հավատն ու
համոզմունքը կամրագրվեն, վերոնշյալ սև, գորշ ու ճերմակ,
իսկ առավել կարևորը` պատմա-փիլիսոփայական ու համամարդկային
համեմատությամբ: Զի, հայոց խոպանացած անդաստանում ու
այսքան մոլախոտերի մեջ, հենց նրանցից է ծլարձակելու հայ
ժառանգական ու անթեղված հանճարը, և միմայն նրանց
շառավիղներին է վիճակված ապահովելու հայոց որակական վերաճն
ու հնարավոր հարատևումը: Եվ վասն այդ ու ձեզ է
հրապարակվում մեր նախորդ նախաբաններից մեկում ակնարկված
«գանձարանային» այս նմուշը (տե'ս`
Ա~Յ-Ա~Յ-Ա~Յ, Ա~Խ ԱՅՍ ԱՅ-ԱՅԱՆ ...): Եվ
վստահեցնում ենք` ո’չ ամենաէականը, ո’չ էլ ամենավերջինը,
թեև այն Քրիստոսի ակնարկներից ու լռությունից հետո ինքնին
դարակազմիկ երևույթ է... |
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
1
(էսսե էություն-էիզմ ուսմունքի թեմաներով)
Ալեքսանդր Արորդի ՎԱՐՊԵՏՅԱՆ
|
|
Պիղատոսը նրան ասաց .
«Ի՞նչ է ճշմարտութիւնը…»
(Ավետարան ըստ Հովհաննու, ԺԸ, 38)
|
Այս հարցերի հարցը տրվել է բոլոր ժամանակներում, այդուհանդերձ այն
Պիղատոսի պես հիմնականում մնացել է անպատասխան: Մինչդեռ, ըստ նույն
աղբյուրի.
« ...Ճշմարտութեան Հոգին, որին այս
աշխարհը չի կարող ընդունել, որովհետեւ աշխարհը նրան չի տեսում եւ
նրան չի ճանաչում... »
« Իսկ Մխիթարիչը` Սուրբ Հոգին
2,
որին Հայրը կ’ուղարկի իմ անունով, նա ձեզ ամէն բան կ’ուսուցանի...
» ( ԺԴ, 17, 26):
Այսինքն, Մխիթարիչը, Սուրբ Հոգին
և Ճշմարտության Հոգին նույնություններ
են, որոնց հետ ամբողջանում է Քրիստոսը որպես «եւ Ճանապարհ, եւ
Ճշմարտութիւն եւ Կեանք»: Բայց, մահկանացուներիս դրանք
էլ կարծեք մեծ բան չեն ասում, և համոզված եղեք, որ այդ ըստ բուն
էության չեն կարող մեկնել ո’չ աստվածաբանները, ո’չ էլ հոգևոր
բարձրագույն դեմքերը:
Ուրեմն ի՞նչ, Ճշմատութեան Ոգին
կամ պարզապես ճշմարտությունը այդպես էլ
մնալու են անտեսանելի՞, անմեկնելի՞ ու անմատչելի՞:
Իսկ ինչպե՞ս են մեծ մտածողները կամ
փիլիսոփայական ուսմուքները բնորոշում ճշմարտությունը:
Հիշատակենք միայն մի քանի սահմանումներ .
«Իդեալական օբյեկտների հավերժ ու
անփոփոխ հատկությունը» (Պլատոն), «բանականության բնածին
հատկանիշ» (Ռ. Դեկարտ), «մտքի ապրիորի ձև» (Ի.Կանտ),
«գիտելիքի ծավալման պրոցես» (Հեգել), «գիտական
դրույթների և զգայական փորձի համապատասխանություն»
(նեոպոզիտիվիզմ), «այն ինչ արդյունավետ է» (պրագմատիզմ),
«բովանդակությամբ` օբյեկտիվ, ձևով` սուբյեկտիվ իրողություն»
(մարքսիզմ): Այդպես տարբերվում են նաև օբյեկտիվ ու սուբյեկտիվ,
բացարձակ ու հարաբերական ճշմարտություններ, իսկ ավելի
պարզ ճշմարտությունը բնորոշվում է որպես
«իրականության ճանաչողություն» (բայց ո՞ր),
«Ճանաչողություն, որին տրվում է բարձրագույն արժեք», «բացարձակ
գոյացություն», սրբազան սկզբունք, արդարություն (անգլ.-ֆրանս.
juste-ճիշտ, արդար, justice-արդարադատություն)
ևն:
1
Զուգահեռաբար տե’ս նաև այստեղ
«ԻՆՖՈՐՄԱՑԻԱ» հոդվածը:
2 Միայն
այս կենտ բառում արդեն կա թարգմանչական գլուխգործոց մի
վրիպում: Զի հոգին և ոգին
տարբեր գոյացություններ են: Առաջինը առավելաբար
կենսաէներգետիկ, երկրորդը` հոգեէներգետիկ բնույթի
գոյացություն է` ինչպես ըստ Կ.Գ. Յունգի anima-animus
իգական-արական սկզբունքները, կամ անգլ. soul-հոգի, շունչ,
ֆրանս. ame-հոգի, ռուս.- душа–հոգի. (իգական սեռ) և անգլ.
spirit (լատ. spiritus ), ֆրանս. esprit, ռուս.- дух`
բոլորն էլ ոգի (արական սեռ) ու նման այլ
օրինակներ (տես «ԷՈՒԹՅՈՒՆ», էջ 376-403): Ուրեմն, հայերեն
պետք էր թարգմանվեր Սուրբ ՈԳԻ, ինչպես
ֆրանս. Saint-Esprit կամ ռուս. Святой Дух պարագաներում:
Այս առումով, կարո՞ղ ենք արդյոք այստեղ գործածել «ճիշտ» և
«սխալ» բնորոշումները: Եվ եթե այո’, ապա այդ նաև առօրեական
ցանկացած պարագայում... |
Այդ բոլորում էլ տարաչափորեն կան
հարաբերական կամ «սահմանային ճշմարտություններ», որոնք ունեն իրենց
ճշմարտացիության լրացուցիչ պայմանները, որոշակի ասպարեզները,
հարաբերակցությունները, վերին ու ստորին սահմանները, որից անդին
հակադրվում են իրենք իրենց կամ դադարում լինել համոզիչ:
Այդպես, ըստ պրագմատիզմի բնորոշման,
«արդյունավետ» կարող են լինել կեղծիքն ու չարիքը, իսկ որոշ
պարագաներում անգամ բուն ճշմարտությունը կարող է լինել վնասակար` ի
տարբերություն «սրբազան ստերի»: Եվ ի վերջո, եթե մեզանից անկախ
«օբյեկտիվ» կոչված իրականությունը որպես ճշմարիտ գնահատվում է
մարդուս տարաչափ հասունության «սուբյեկտիվ» գիտակցությամբ, ապա
նրանց համար ճշմարտությունները չեն կարող լինել ո’չ միանշանակ, ո’չ
հավասարազոր:
Այդպես էլ մենք գոյակցում ենք մեր
հարաբերական ճշմարտություններով, միմյանց հետ հարաբերելով մասնակի
ճշմարտությունները` առանց լիարժեքորեն ճանաչելու արարածներիցս
անկախ «օբյեկտիվ» իրականությունը, այսինքն` բուն տիեզերական
ճշմարտությունը: Սակայն,
մի բան գոնե վստահ է, որ դրա ընկալումը պայմանավորված է մեր
գիտակցության հասունությամբ, այնքանով` որքանով վերջինս քիչ թե շատ
անաղճատ է արտացոլում մարդուց դուրս ու նրանից անկախ տիեզերական
իրականությունը: Այսինքն, հիրավի ունենք «դուրս և ներս»` նույն
«օբյեկտիվ և սուբյեկտիվ» հարաբերակցության խնդրականը:
Իսկ երբ ասում ենք գիտակցական
հասունություն, ենթադրում ենք ինֆորմացիաների, օրինաչափությունների
և սկզբունքների որոշակի համակարգում, աշխարհայացք, փիլիսոփայական
այս կամ այն ուսմունքների որդեգրում, իսկ նյարդաբանորեն`
գլխուղեղային նեյրոնների պարզագույնից բարդագույն հարակցություններ
(connextions): Այսինքն այն` ինչը մասամբ ներկայացվեց
ճշմարտութան վերոնշյալ սահմանումներով: Եվ քանզի
էություն-էիզմ իմաստախոսական ուսմունքն էլ ծնվել էր որպես
հնարավորինս խորքային ու ընդհանրական աշխարհընկալման
անհրաժեշտություն, ապա բնականաբար այն ևս պիտի ունենար
ճշմարտության վերաբերյալ իր համապատասխան սահմանումը` առավել ևս
Տիեզերքի վերաբերյալ իր պատկերացումների հարաբերակցությամբ, և
գիտական բացահայտումների հետ անվերջ ընդլայնվող ու խորացող իր
զարգացման գործընթացում: Ուրեմն, ջանանք ձևակերպել
ճշմարտությունը ըստ էիզմի:
«Էություն» հիմնային ուսմունքի
(Երևան-1995 թ.) այդպիսի մի հետևողական վերաճ էր հանդիսանում
«Հայտնություն» հատորը (Երևան-2006 թ.): Ըստ այդմ, տարբերակվում և
ստորակարգվում էին պայմանականորեն երեք`
երևութական-գաղափարական-էութենական իրականություններ,
որոնք համապատասխանում են մարդկային ներաշխարհի
զգայական-բանական-ոգեկան ստորակարգմանը, և մասամբ` արդի
տիեզերաբանության մեջ արծարծվող նյութ-էներգիա-ինֆորմացիա վերաճային
հիերարխիային
3: Իսկ
մասամբ, զի դրանց մեջ նյութ-էներգիաները իրենց
դրսևորումներով համապատասխանում են երևութական
իրականությանը, ինֆորմացիաները` գաղափարական, մինչդեռ ըստ
էիզմի գաղափարների ընդերքում սքողված էությունները` էութենական
իրականությանը, որը առայժմ չկա նշյալ տիեզերաբանության մեջ:
Պայմանական այդ երեք իրականությունները` ինչպես նաև
նյութ-էներգիա-ինֆորմացիա գոյացությունները, միմյանց
մեջ ամփոփված են ինչպես ռուսական «մատրիոշկաները», ֆիզիկական
չափությունները կամ սոխագլխի շերտերը, բայց դրանց և աչքի գունային
երեք ընդունիչների պես հանդես են գալիս միասին
4,
ինչը դժվարացնում է նրանց տարբերակումը: Այնինչ, երևութական
իրականությունը մատչելի է անգամ բարձրակարգ
կենդանիներին ու արարածներին, գաղափարական իրականությունը`
մանկության 2-3 տարեկանից սկսյալ միայն Բանական մարդուն, իսկ
էութենական իրականությունը` միմիայն ներաշխարհային
հասունության որոշակի աստիճանի հասած անհատներին:
3 Ըստ
Պլատոնի, հոգին բաղկացած է ցանկական (զգայական), ցասմնական
(կամային) և բանական մասերից (ըստ նեոպլատոնականության`
զգայական- գաղափարական-գերզգայական,), իսկ նրա գոյաբանական
էությունների «եռյակը» կազմում էին «միասնականը»
(«առաջնամիակը») նրանից լույսի պես արտազեղվող «միտքը» և
«համաշխարհային հոգին»: Ոչ մի դժվարություն այստեղ
տեսնելու համար քրիստոնեական « Հայր, Որդի և Սրբ. Հոգի»
երրորդությունը...
4 Աչքն
օժտված է լույսի երեք տեսակի ընդունիչներով, որոնցից
յուրաքանչյուրը զգայուն է որոշակի երկարության գույնային
ալիքների նկատմամբ: Սակայն, դրանք տեսողական դաշտում
համադրվում և ընկալվում են միասնաբար, ինչպես գունավոր
հեռուստատեսության կամ տպագրության պարագաներում: Բերվող
զուգահեռները պատահականություններ չեն` այլ տիեզերական
նույն օրինաչափությունների տարբեր «վարիացիաներ»
(մանրամասն տես «Հայտնություն», էջ 118-121): |
Այստեղ հարկադրված ենք փոքր-ինչ
բացատրվել` նախ նյութ-էներգիա-ինֆորմացիա
տիեզերաբանական հիերարխիայի վերաբերյալ: Մարդը երևութական
աշխարհից ինֆորմացիաների 90% ստանում է տեսողությամբ, իսկ
մնացյալը` մյուս զգայարաններով (տարատեսակ կենդանիները` այլ
հարաբերակցությամբ): Մինչդեռ, էներգիաները, որպես նյութի
պարզագույն «պարունակություն-էություններ» անմիջականորեն տեսանելի
չեն` այլ միմիայն «գործունեության մեջ», այսինքն` լույսի,
ջերմության, քամու, ձգողականության, մեկ խոսքով` երևակման կամ
նույն աշխատանքի միջոցով, ինչպես հենց հուն. էն-երգիա
բառն է ստուգաբանվում. էն-մեջ, երգ-ուժ
(ներուժ): Նույնը նաև կենդանիների համար, ի տարբերություն որոնց
մարդը էներգիայի դրսևորումները վերացարկելով նախ աստվածացրեց, ապա
գտավ դրանց գիտական բացատրությունները, բայց մինչ այդ դրանք
վերածեց անվանումների, հասկացությունների, գաղափարների` մեկ խոսքով
ինֆորմացիաների: Այդ արդեն անգամ բարձրակարգ կենդանիների
համար այլևս մատչելի չէ:
Բերենք մեկ ակնառու օրինակ: Փոքր-ինչ
մարզումից հետո կապիկը ըստ անվանումների, ավելի ստույգ` ձայնային
ազդանշանների, կարող է ձեռնել տանձը, խնձորը թե բանանը, բայց
միրգ ազդանշանի դեպքում` քարանալ: Զի, այդպիսի որոշակի
պտուղ գոյություն չունի, այդ պտղատեսակների ընդհանրացված անվանումն
ու առաջին աստիճանի վերացարկումն է, որին ընդունակ չեն անգամ մինչև
3 տարեկան երեխաները: Ահա նրանց պես, մարդն իր էվոլյուցիոն որոշ
տարիքում նյութա-երևութական աշխարհից ոտք դրեց
ինֆորմացիայի, բառերի, հասկացությունների փոխակերպված` մեկ խոսքով
վիրտուալ-վերացական գաղափարական իրականություն,
որտեղ այժմ տեղափոխվել ու ապրում է ամբողջովին, զուգահեռ
նյութա-երևութական իրականությանը:
Այստեղ ոչինչ արտառոց չկա: Իրականում
նույնը կատարվում է կենսաբանորեն: Երբ ասում ենք տեսնում
ենք, այդ չի նշանակում, որ նյութը կամ երևույթը մտնում է մեր
գլխուղեղ, որն իրականում չի տեսնում` այլ աչքի ու տեսանյարդերի
միջոցով առարկաներից կենսաէներգետիկ թրթիռների փոխակերպված
ինֆորմացիաները վերստին վերածում է պատկերների կամ մտապատկերների,
ինչպես հեռուստացույցերի պարագայում կամ փակ կոպերով մեր
երազներում: Եվ այստեղ էլ այսքան բանի մասին խոսվեց առանց որևէ
պատկեր կամ առարկայական բնօրինակները ցուցադրելու` այլ լոկ
ինֆորմացիաների միջոցով, այն էլ գրային-պայմանական «խզբզոցների»
միջնորդությամբ:
Հենց այս առումով էլ գաղափարը
ինֆորմացիաների հարակցություն է ( ինչպես գլխուղեղում նեյրոնային
connextion-ները...), իսկ գաղափարական իրականությունը` դրանց
ամբողջությունը: Մինչև այստեղ մենք կատարելապես ներդաշնակ ենք
նյութ-էներգիա-ինֆորմացիա արդի տիեզերաբանական
հիերարխիայի և դրա էվոլյուցիոն վերաճի հետ, ինչը ջանացինք հակիրճ
ուրվագծել մարդկային խիստ մասնակի մի իրականությունում:
Եթե ցաստեղ յուրացրինք, որ 1+1=2, ապա
դժվար պիտի չլինի պատկերացնել, որ 2+1=3: Վերևում ասվեց, որ
գաղափարը դեռևս բուն էություն չէ, ինչպես նույնական չեն
պարունակություն, բովանդակություն, գաղափար, իմաստ և էություն
հասկացությունները ( թեև դրանք տարաբնույթ և հիերարխիկ էություններ
են): Այսինքն, գաղափարը կարող է իմաստ չպարունակել: Բերենք ևս մեկ
պարզ օրինակ.
«Ես կերա Էյֆելյան աշտարակը»: Նախադասությունը
քերականորեն օրինաչափ է ու անթերի: Սակայն, մեր այս օրինակին «non
sens» բացականչեց ոմն ամերիկացի, ինչը թեև ասված էր «անիմաստ է»
առումով, բայց ստուգաբանորեն օգտագործված է լատ. sensus-essentia-essence-էություն
ածանցումը (հմմտ. quintessence-հնգէություն): Այսինքն`
գաղափարը կարող է լինել անիմաստ, այսինքն` էություն չբովանդակել:
Այն, գաղափարների մեկ աստիճան ևս ընդհանրացումն ու վերացարկումն է,
այլաբանորեն` սպիրտայնության ևս մեկ թորումը, ինչպես հենց
«էսենցիա» հասկացությունն է նշանակում խտանյութ, եվրոպ. essence`
նաև վառելանյութ-բենզին և անգամ էլիքսիր-կյանքի
հիմնանյութ-սուբստանց:
Ահա, գաղափարական իրականությունից
անդին էութենական իրականության երևակումը հենց
մարդկային ասպարեզում, իսկ տիեզերաբանական
նյութ-էներգիա-ինֆորմացիա վերաճային հիերարխիայում`
պակասող ԷՈՒԹՅՈՒՆ գերադրական աստիճանը: Ըստ արդի տիեզերագիտության
և էիզմի, նյութական տիեզերքը Բիգ Բանգի միջոցով սաղմնավորվել է
աննյութական Գերէություն-Եզակիություն վիճակից, և ըստ Տիեզերքի
«բաբախող մոդելի» վերադառնալու է կատարելապես աննյութական, խտացված
ինֆորմացիա-էություններով ու վիրտուալ էներգիաներով հարուստ նույն
առեղծվածային Եզակիություն կոչեցյալ «վերջնական վիճակին»: Մենք այն
գերադասել ենք անվանել ԳերԷություն, քանզի էություն հասկացությունը
քիչ թե շատ մատչելի է մարդկային բանականությանը ու գործածական է
հնուց ի վեր, իսկ Տիեզերքի առավել իրատես այլ մեկ մոդել առայժմ
գոյություն չունի: Զի, էիզմը ևս սաղմնավորվել է մարդկային
բանականության հետ` դիցաիմաստաբանական պատկերացումներից, անցնելով
արևելյան տիեզերաբանություն ու անտիկ փիլիսոփայություն, մինչև արդի
ամենանորագույն բացահայտումներն ու տիեզերագիտությունը, մարդկային
բանականության ու ճանաչողության հետ ապրելով էվոլյուցիոն
հետևողական զարգացում:
Արդ, երբ ունենք «դրսի» կամ «օբյեկտիվ»
կոչեցյալ տվյալ դեպքում արդեն եռահարկ իրականությունների քիչ թե
շատ որոշակի մոդել, վերադառնանք մեր ճշմարտություն
թեմային և ջանանք տեսնել թե ինչպես է այն արտացոլվում մեր
«սուբյեկտիվ» ներաշխարհում: Հիշեցնենք, որ այն ևս եռահարկ է,
ստորակարգված ըստ զգայական-բանական-ոգեկան
ոլորտների, որոնք ինչ-որ չափով համապատասխանում են եռահարկ թե’
նշյալ իրականություններին, թե’ տիեզերական հիերարխիային և թե’
դրանց միջև ընկած երկրային ֆիզիոլորտ-կենսոլորտ-ներոլորտ
ևս մեկ եռահարկ կառույցին
5:
Ինքնին պարզ, որ
երևութական-գաղափարական-էութենական իրականությաններից
յուրաքանչյուրին համապատասխանում է ոչ միայն ներաշխարհային
զգայական-բանական-ոգեկան ոլորտ` այլև դրանցից
յուրաքանչյուրի ընկալունակության և ունակության աստիճան: Ըստ այդմ`
նաև ճշմարտացիության համապատասխան չափանիշներ,
որոնք վերադաս իրականության համար ոչ այնքան սխալ են` որքան թերի:
Բնականաբար առավել ճշմարտամոտը ամբողջական «օբյեկտիվ»
իրականությունների ներաշխարհային ընդհանրական ընկալումն է`
վերջինիս բարձրագույն հասունության աստիճանում, ինչպես օրինակ աչքի
գունային տեսողության պարագայում ( թեև դրանից դուրս կան
ինֆրակարմիր, ուլտրամանուշակագույն ու դեռ անտեսանելի քանի
ճառագայթներ): Մինչդեռ, «օբյեկտիվի» եռահարկ ստորադասման մեջ
ամենաճշմարտամոտը հավակնում է լինել տիեզերականին ամենամոտ
իրականությունը, այսինքն` էությունների կամ
էութենական իրականությունը: Եվ այդ պարզ մի պատճառով:
Սոկրատեսին է վերագրվում այն կարծիքը,
ըստ որի միայն հասկացությունների միջոցով տրված իմացությունն է
ճշմարիտ ( իմա` գաղափարը): Զի այն արտացոլում է իրերի ընկալման ոչ
թե զգայականորեն փոփոխվող մասնավոր վիճակները (Հերակլիտ)` այլ
նրանց ընդհանուր էութունը: Ըստ Պլատոնի ճշմարտությունը կարող է
ձեռք բերվել միայն բանական «eidos-իդեաների» ճանաչողությամբ
6:
Իսկ ըստ Արիստոտելի. «Ոչինչ չի կարող այնքան հավատարիմ
ներկայացնել առարկան` որքան դրա էությունը»
7
(«Մետաֆիզիկա»): Մինչդեռ, մենք առօրյայում օգտագործում ենք «ըստ
էության... », «խնդրի էությունն այն է... » և նման
արտահայտությունները, և պահանջում «խոսել ըստ էության... », որևէ
երևույթ, առարկա, գաղափար թե խոսակցական թեմա առավել բովանդակալից,
բուն իմաստով ու ճշմարտամոտ ներկայացնելու առումով: Եվ այստեղ էլ
ավելի պարզ կարող էինք սահմանել, որ.
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է`
ՔԱՆ ԷՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԴՐԱ ՄԵԿ ՀԱՏԿԱՆԻՇԸ, |
իսկ երևութական-գաղափարական-էութենական վերաճային
իրականությանները` վերին Ճշմարտության երևակման ճանապարհ:
5
Ֆիզիոլորտ-նյութական
մոլորակը իր ֆիզիկական էներգատեսակներով,
կենսոլորտ-կենսանյութի ու
կենսաէներգիաների ամբողջությունը, ներոլորտ (հուն.
նոոսֆերա)-երկրագնդի ինֆորմացիաներով հագուրդ աննյութական
շերտը, ինչպես այլորեն Տիեզերքի
նյութ-էներգիա-ինֆորմացիա
էվոլյուցիոն հիերարխիայի պարագայում: Ըստ հինդուիզմում
բխուրլոկա-բխուվարլոկա
սվարգա աշխարհների,թեոսոֆիան
ստորակարգում է ֆիզիկական-աստրալ-մենտալ իրականություններ:
6 Հուն.
eidos-ից են թե’ idea-
գաղափարը
և թե’ ideal- երանելի նախատիպարը:
Ուստի,ավելի ճիշտ է eidos- էություն
թարգմանությունը: Առավել ևս, որ դրա հայերեն զուգահեռն է
այտուցվել-ուռչել-երևալ
(բնականաբար ինչ-որ նախաստեղծ
էության) տիեզերաբանական պատկերացումը:
7 Ըստ
Արիստոտելի իմացությունը ունի երեք հիմնական աստիճաններ.
զգայականություն, երևակայություն և մտածողություն:
Հետաքրքիր է նաև, որ Էյնշտեյնը գիտելիքից ավելի գնահատում
էր երևակայությունը, ընդունակ բացելու նորանոր հորիզոններ: |
Այժմ, համոզվելու համար թե որքանով է ճշմարիտ
մեր այս եզրահանգումը, փորձենք հակադարձորեն ստուգել թե որքանով է
էություն հասկացությունը համապատասխանում
ճշմարտության վերոնշյալ սահմանումներին, այդու
միաժամանակ դիտարկելով թե որքանով են դրանք ճշմարտամոտ:
- «Իդեալական օբյեկտների հավերժ ու
ամփոփոխ հատկությունը» (Պլատոն): Այդ «օբյեկտները» հենց
էություններն են` ի տարբերություն հարափոփոխ
երևույթների:
- «Բովանդակությամբ` օբյեկտիվ, ձևով`
սուբյեկտիվ իրողություն» (մարքսիզմ): Կատարելապես նույնը նաև
այս պարագայում: Առավել ևս, եթե մտաբերենք, որ արիստոտելյան և արդի
փիլիսոփայական կատեգորիաների մեջ հիմնային է «էություն և
երևույթ» հակադրությունը, իսկ մնացյալը` ինչպես
«բովանդակությունն ու ձևը», «օբյեկտիվն ու սուբյեկտիվը»,
«բացարձակն ու հարաբերականը», «վերացականն ու որոշակին»
և մնացյալը` դրանց ածանցյալները ( «Հայտնություն», էջ 87):
- «Գիտելիքի ծավալման» պրոցես» (Հեգել):
Այնքանով` որքանով մարդկային գիտացությունը էվոլյուցիոն
գործընթացում է, Տիեզերքը` նյութականից աննյութական, կեցությունը`
երևութականից էութենական վերաճի:
- «Գիտական դրույթների և զգայական փորձի
համապատասխանություն» (նեոպոզիտիվիզմ): Կատարելապես նույնը և
վերաճային նույն առումով, լոկ եզրաբանական տարբերությամբ և ոչ
ամբողջական համակարգմամբ (գիտական-բանական, և առանց
էություն-ոգեկան ենթաշերտավորման):
- «Բանականության բնածին հատկանիշ» (Ռ.
Դեկարտ ): Այնքանով` որքանով բանականությունը ձգտում է էականացման,
պլատոնյան նախաստեղծ eidos-ը` ideal-վերին նախատիպին, կամ ինչպես
հայ. Էանալ հասկացությունն է միաժամանակ նշանակում
«ի բնե լինել» և «հոր նման դառնալ»,
ինչը զարմանալի խորաթափանցությամբ համապատասխանում է Տիեզերքի
«բաբախող մոդելին»:
- Ուշագրավ է բացարձակ և հարաբերական
ճշմարտությունների մատերիալիստական բնորոշում, ըստ որի
«բացարձակ ճշմարտությունը հարաբերական ճշմարտության ծավալման
անվերջ պրոցես է»: Այսինքն այն, ինչը այլորեն բազմից ասվեց
երևույթներից էությունների վերաճի կամ էվոլյուցիայի առումներով:
- Ինչ վերաբերում է «բացարձակ գոյացություն»,
«սկզբունք», «գիտելիք», «բարոյական արժեք», «արդարություն»
ու նման բնորոշումներին, ապա դրանք կատարելապես կարող են
վերագրվել հենց էություններին կամ ԳերԷությանը: Հատկապես, եթե
նկատի առնենք, որ ճշմարտությունը առնչվում է ճշգրիտ, գիտելիք և
սկզբունք հասկացությանների հետ, որոնք ենթադրում են
օրենքներ ու օրինաչափություններ, իսկ դրանք փիլիսոփայորեն
ինքնին դիտվում են էություններ («երևույթների տակ ընկած
ներքին կապեր»):
- Առավել հետաքրքիր ու անսպասելի են
Ճշմարտության վերաբերյալ Քրիստոսի ակնարկները, ինչպես.
«անտեսանելի», «աշխարհը նրան չի ճանաչում», «Հայրը կուղարկի...
», (իմա` այն Հոր մոտ է...), «նա ամեն բան ձեզ
կուսուցանի...», «Մխիթարիչ... » ( ի հակադրություն եղծ,
տառապալից և ըստ հինդուիզմի մայա-պատրանքային աշխարհիկ
իրականության) ու նման շատ այլ նշմարները, որոնց բոլորի
ենթատեքստում էություն գերհասկացության
հոլովումներն են
8:
8 «
...Տեսանելիները ժամանակաւոր են` անտեսանելիները`
յաւիտենական (երևույթները և էությունները: Ծ.Մ.)» (Պողոս
առաքեալ: Բ Կորնթ. Դ, 16-18: «Հակադրութիւն տեսանելիի եւ
անտեսանելիի»): |
Եվ վերջապես, Հայր Աստվածն ու
«երրորդությունը» ներկայանում են «միասնական» ԳերԷություն,
ինչպես Պլատոնի տիեզերաբանության մեջ, հավատամքային
քանի համակարգերում, հայ առաքելական եկեղեցում և հենց Նարեկացու
տողերում.
|
Ինքնագո Է-ի անունն Աստված է,
Որ Էության մեջ անհաս միշտ նույն է,
Նույն է Նա իր հետ, նույն է և միակ,
Մեկն Էությունից, նորից նույն թվում,
Թիվ որ եզակի` եռակի է փառք...
(«Հարություն-Տաղեր») |
Ահա և հարաբերական, սահմանային թե
սուբյեկտիվ ճշմարտությունների ակնառու օրինակ, երբ բոլորն էլ
տարաչափորեն ու ըստ հանգամանքների ճշմարտամոտ են, սակայն միմյանց
լրացնելու փոխարեն հաճախ հակադրվում են, թեև կարող են մեկ
«ընդհանուր հայտարարի» գալ ըստ իրենց էությունների, այսինքն`
խտանալ ու ամբողջանալ: Այլ մեկ համաբանությամբ, բոլորն էլ խոսում
են նույն բանի մասին, սակայն հատվածաբար, տարբեր տեսանկյուններից
ու տարբեր եզրաբանությամբ, ինչը ստեղծում է գաղափարաբանական շփոթ,
շատ ավելի` քան լոկ երևութական իրականությունում, որտեղ
կենսատեսակները թեկուզ մակերեսորեն ավելի մոտ են կանգնած
էություններին: Մինչդեռ գաղափարական իրականությունում, թեև
ճշմարտության սրբացման, կեղծիքն ու խարդավանքները դարձել են
համամարդկային մի իսկական չարիք: Այն աստիճան, որ Քրիստոսը որպես
Մխիթարիչ խոստանում է այն ուղարկել «Հոր մոտից»:
Այստեղ ինքնաբերաբար և իրավացիորեն
պատրադրվում են մի շարք հարցեր ու հակաճառություններ:
1 - Կեղծիքն ու չարիքը առկա են
տիեզերքում և բնության մեջ, ինչպես օպտիկական խաբկանքները,
միրաժային պատրանքները, բնական կատակլիզմները, ֆիզիկական
աշխարհում` էնտրոպիա-ինքնաքայքայումը, բուսակենդանական աշխարհում`
ինքնապաշտպանական քողարկումները կամ սննդահայթայթման ծուղակներն ու
ոչ շատ քրիստոնեական հունարները, մաթեմատիկայում` մինուս (-)
բացասական նշանն ու գործողությունը, լուսանկարչության մեջ` նեգատիվ
և պոզիտիվ պատկերները, արվեստում` թեկուզ գեղեցիկ ու վեհ
պատրանքները, և անգամ հավատամքներում` «սրբազան ստերը»: Եվ ի
վերջո, ըստ հինդուիզմի աշխարհիկ ողջ այս կյանքը մայա-պատրանք է:
Այս դեպքում ի՞նչ են կեղծիքն ու չարիքը:
- Բնականաբար` ճշմարտության ու բարիքի
հակադրություններ:
- Ուրեմն անէությո՞ւն:
- Ոչ անպատճառ, եթե անդրադառնանք, որ «չարիք» բնորոշվող
ավերչական հրաբուխները նպաստում են նաև կյանքի բարգավաճմանը, որ
այն մոլորակի վրա սաղմնավորել են նախ միկրոբներն ու շարունակում են
նպաստել կենսախմորումներին: Այդ իրողությունը բանաձևված է որպես
«հակադրությունների պայքարի ու միասնության» դիալեկտիկական
օրենք, որը հեգելյան թեզ-անտիթեզ-սինթեզ սկզբունքով
արարչություն է սերում: Երկրորդ, նախնիք հպանցիկ խոսում էին երկու
հակադիր
Է-երի մասին
9, ինչպես
կային հակառակ պտտվող զույգ սվաստիկաներ: Եվ երրորդ, այդ ու այլ
հնագույն պատկերացումների և հետազոտական պրպտումների հիման վրա,
էիզմը դիալիկտիկա մտցրեց պակասող մի օրենք`Հակադարձման օրենքը,
առանց որի, դիալեկտիկայի դասական օրենքները ո’չ սկսվում, և ո’չ էլ
փակվում էին` համապատասխանելով Տիեզերքի արդեն ժխտված «հարթ
մոդելին»: Մինչդեռ, Տիեզերքի «բաբախող մոդելը» անհնար է
պատկերացնել առանց Հակադարձման օրենքի, որի արևելյան տարբերակներից
մեկը չինական Տայ-կի սկավառակն է` իր Լաո-ցո առավել ընդհանրական,
պարբերական ներշրջման ու արտաշրջման պատկերավորմամբ, իսկ
դիալեկտիկայում` բացասման բացասում միջանկյալ
օրենքը (Նկ. 1, b. և c.):
9
Այդ նաև Պլուտարքոսը, դելփյան տաճարի շեմին դաջված
«Ճանաչիր ինքդ քեզ և Է’ի » արձանագրության վերաբերյալ իր
«Ի՞նչ է նշանակում այդ E տառը» հայտնի տրակտատում: |
|
Նկ.1: a).
«Էություն» միաբանության խորհրդանիշը: Այն բովանդակում է
նախաստեղծ-միասնական մեկ ԳերԷՈՒԹՅԱՆ երկատմամբ հակադիր
սկզբունքների պարբերական հակադարձումները և “կոնվեկցիոն
շրջանառությունը”: b). Չինական
Տայ-կի սկավառակը (Յին-Յան իգական-արական սկզբունքների
հավերժ պտույտը` առանց ելակետային տրոհման):
c). Լաո-ցո ժապավենաձև անիվը, որպես Հակադարձման
օրենքի ակնառու պատկերավորում (պարբերական ներշրջում և
արտաշրջում): |
|
Այսինքն, կեղծիքն ու չարիքը նույնպես
նախաստեղծ էություններ են, ինչպես ֆիզիկայում նյութն ու
հականյութը, ըստ թերմոդինամիկայի` ֆիզիկական էնտրոպիան կամ
հավատամքային «սատանան», որի առաքելությունն ու վախճանը
փառավորապես ներկայացված են մեծն Գյոթեի «Ֆաուստ» գլուխգործոցում`
ի դեմս Մեֆիստոֆելի: Իսկ այդուհանդերձ, եթե կեղծիքը Ճշմարտության
պես չի դիտվում որպես «ճանաչողության բարձրագույն արժեք», ապա
այդ այն պարզ պատճառով, որ տիեզերական էվոլյուցիայի տվյալ փուլում
( ի տարբերություն ինվոլյուցիայի, տես, «Էություն», էջ 539),
հակաէնտրոպիան վեկտորային է, այսինքն` վերելքային առ վերին
ԳերԷություն, որի սանդղակներն են վերոնշյալ
նյութ-էներգիա-ինֆորմացիա անցումները:
Այս առումով ճշմարիտ է ներկայանում ըստ
պրագմատիզմի Ճշմարտության «այն ինչ արդյունավետ է»
բնորոշումը` որպես ընթացիկ գործընթաց և անշուշտ ընդունելիության իր
տիրույթում ու սահմաններում: Եվ ի վերջո, թվաբանական (-) մինուսը
հիրավի ի սկզբանե տրված ալգորիթմ է, առանց որի որևէ մաթեմատիկական
գործողություն դժվար է պատկերացնել: Առավել ևս, որ այդպիսի քանի
խնդիրների արդյունքում պատասխանը ստացվում է երկակի ± նշանով, որի
բացասական արդյունքը անտեսվում է` որպես տվյալ դեպքում իբր
անիմաստ:
Եվ վերջին ևս մեկ նկատառում.
Ճշմարտության հակառակը անպատճառ սխալը կամ կեղծիքը չէ` այլ կարող է
լինել այլ մեկ «սահմանային կամ հարաբերական ճշմարտություն», ինչպես
նաև սխալի կամ կեղծիքի հակառակը անպատճառ ճշմարտությունը չէ` այլ
հնարավոր այլ մեկ հարաբերական «կեղծիք կամ սխալ»:
Ինչ վերաբերում է ըստ հինդուիզմի
մայա-պատրանքին, ապա այդ ակնարկում է հենց երևութական
իրականությունը:
2 - Եթե պատրանքը, կեղծիքը կամ
ավերչությունը իրենց արարչական առաքելությունն ունեն, ապա ինչու
այդ չընդունել բնականոն և ըստ այդմ շարունակել նման երևույթների
հետ ապրել հաշտ ու համերաշխ:
- Որովհետև դրանք ըստ էության հաշտություն ու
բարօրություն չեն ապահովում: Նախ, նյարդաբանական և կենսաբանական
առումներով: Այսօր հաստատված է, որ ստելու համար գլխուղեղը
ջղաձգվում և սպառում է կենսաէներգետիկ ավելի մեծ քանակ
10,
իսկ արևելյան կենսափորձից հայտնի է խաբկանքի ու խարդավանքների
քայքայիչ հատկանիշները թե’ առողջապահական, թե’ հոգեբանական ( իմա`
պսիխոսոմատիկ-կենսահոգեբանական) և թե’ կեցական ( բարոյահոգեբանական
) ոլորտներում: Նյարդաբանորեն կենսաէներգետիկ գերածախսը մասամբ
բացատրվում է նեյրոնների բնականոն connexion-ների
դիմադրողականությամբ, ինչպես փոշոտ կամ խորդուբորդ հայելին է
աղճատում լույսի ճառագայթը, նման հոգին`ճշմարտության ու
իմաստության արտացոլանքը: Կենսահոգեբանական առումով հոգևոր
«բացիլները» նույնպես մահացու հիվանդությունների պատճառ են
դառնում, բայց նաև ծնում «Բհիշմայի բարդույթ» և չեզոքացնում են
հոգեկան ու ֆիզիկական զորությունները
11:
Կեցական ու բարոյահոգեբանական առումներով խաբկանք-խարդավանքների
ավերչական դերի մասին ավելորդ է անգամ խոսելը, դրան նվիրված են
այդքան անհատական ու հասարակական ողբերգություններ: Ավելորդ է
խոսել նաև գիտության մեջ թե նույն մաթեմատիկական հաշվարկներում
«խաբկանքի» մասին:
Մեկ խոսքով, ինչպես բացիլները, թույնը,
հալյուցինոգեն նյութերն ու ամենայն, բացասական որակվող այդ
երևույթները կարող են հանդուրժելի լինել միայն գոյության ընթացիկ
խմորումներում, այն էլ որոշակի չափերով ու սահմաններում: Որովհետև
էվոլյուցիան վեկտորային «կոնվեկցիոն շրջանառություն» է` քաոսից
դեպի կազմակերպվածություն, էնտրոպիա-քայքայումից դեպի հակաէնտրոպիկ
արարչություն, անկատարից դեպի կատարելություն, և անէությունից դեպի
վերին Էություն, անվերջ բացասման բացասումներով և
տարաստիճան հակադարձումներով: Եվ էվոլյուցիոն այս գործընթացում
մարդը որպես հակաէնտրոպիկ գոյացություն ձգտում է ճշմարտության,
ճանաչողության, արարչության, բարիքի և իր էացմանը
12:
10
Այդ
սկզբունքով են գործում «ստի դեդեկտորները», նորագույնները`
նաև ըստ գլխուղեղային տարբեր «զոնաներում» կենսապրոցեսների
փոփոխության:
11
Ըստ
հնդարի. « Մահաբհարատա» կոթողային էպոսի, բարձրագույն
առաքինությունների համար աստվածները Բհիշմային ընծայել էին
իր մահվան օրն ընտրելու մենաշնորհը` ինչն հավասարազոր էր
անմահության: Սակայն. ստորությունների հանդեպ նա իր ողջ
զորությունը կորցնում ու դառնում է մահացու խոցելի, ինչպես
բոլորս ենք ընկճվում նման պարագաներում, եթե անգամ դրանք
ուղղակիորեն մեզ չեն վերաբերում (մանրամասն տե’ս «
Հայտնություն», էջ 117-131, Երևան- 2004):
12
Եվրոպ.
convection-կոնվեկցիա` լատ. vehere-տանել, ամբարձել,
vector-ուղղություն հասկացությունից: Զուգահեռները`
vehementia-եռանդուն զորություն, գոթ. wih-վեհ, սուրբ,
տաճար, հին պարսկ. vahyah-լավագույն, հայ. վեհ-բարձր,
վսեմ, վեհեր-ահ, հրաբխային
Վահ
(որպես նաև արարչական երևույթ) և հրեղեն
Վահագն
աստվածություններ, եբր. փոխառյալ Yah –աստված,
Ահիահ-Յահվե-Եհովահ... ևն: Այս ևս հասկացությունների
«կոնվեկցիոն շրջանառություն» է, ինչն արտացոլում է նախնյաց
տիեզերաբանական պատկերացումները: |
3 - Այդ դեպքում ինչո՞ւ կեղծիքն
առավել առատ է գաղափարական իրականությունում, իսկ չարիքը` առավել
ահարկու, երբ որպես երևութական իրականության վերաճ տրամաբանորեն
պիտի հակառակը լիներ:
- Գաղափարական իրականությունը երևութական իրականության
ընդամենը առաջին աստիճանի վերացարկումն է, անկատար մարդու
«սուբյեկտիվ» արտադրանքը, հետևաբար թերի, և կեղծիքի ու
աճպարարությունների առավել լայն հնարավորություններով: Հանգամանք,
որը` նաև «չարիքի» կատարելության պատճառով, այդ աստիճան դժվար է
պատկերացնել բուսակենդանական աշխարհում, որտեղ ինքնապաշտպանական
քողարկումները, սննդահայթայթման «խորամանկություններն» ու
գոյապայքարի դաժանությունը բնական են, սոսկ բնազդային, սահմանափակ
և անխուսափելի, այդու էլ մեզ թվում են «օբյեկտիվ» ու ճշմարիտ:
Գաղափարական իրականությունում բնական ու անմեղ թվացյալ նմանատիպ
«խարդավանքները» մի կողմից որքան դառնում են պրագմատիկ,
«արդյունավետ», նույնպես անխուսափելի, իսկ երբեմն էլ «անհրաժեշտ
չարիք» կամ «սրբազան սուտ», մյուս կողմից` առավել անընդունելի
հասունացող մեր գիտակցության, բարոյական նորմերի և աճող
ոգեղինության համար: Այստեղից էլ ճշմարտության
կարիքը, սրբազանեցման աստիճան կարևորումը որպես հոգևոր
պահանջ, մարդկային փոխահարաբերությունների կարգավորման և
մարդ-բնություն խախտված հավասարակշռության վերաճային վերականգնման
անհրաժեշտություն, գիտելիք, բարիքի գրավական կամ ակնկալիք
«Մխիթարիչ»: Առավել ևս, որ կատարելագործված «չարիքը»
դառնում է ծայրահեղորեն սպառնալից, խաբկանք-խարդավանքները` ոչ
նպատակահարմար
13 (անգամ
վնասակար` ինչպես օրինակ մեծ բիզնեսում, չասելու համար ընտանիքում
ու սիրո մեջ), իսկ «կոնվեկցիոն շրջանառությունն» էլ` ավելի ու
ավելի արագընթաց ու տիրական:
13
Նպատակ- կիբեռնետիկական առումով, ամեն մի
ինքնակարգավորվող համակարգի որևէ ալգորիթմով (գործողության
նախնական տվյալներ) տրված վիճակ, որը փոփոխվող
պայմաններում ստանում, պահպահում է այդ համակարգը:
Նպատակահարմարություն-
բնական կամ արհեստական համակարգի այնպիսի կառուցվածք և
նրանում տեղի ունեցող պրոցեսների այնպիսի ուղղվածություն,
որոնք ապահովում են համակարգի որոշակի վերջնական վիճակը: |
4 - Իսկ այսօր որքանո՞վ ճշմարտացի
ենք ընկալում բուն իրականությունը:
- Այնքանով` որքանով այն սահմանում է դասական
փիլիսոփայությունը, և որքանով յուրաքանչյուրս հայտնվել ենք այս կամ
այն իրականությունում: Այսինքն, այնքանով` որքանով «սուբյեկտիվ»
կամ հարաբերական Ճշմարտությունը մերձենում է «օբյեկտիվ» կամ
բացարձակ ճշմարտությանը, իսկ նյարդաբանորեն` այնքանով որքանով
Բանական մարդու նեյրոնային connexions- հարակցությունները ընդունակ
են արտացոլելու համատիեզերական ինֆորմացիաների հարակցությունը, որը
կատարվում է հենց մարդկային գլխուղեղում ու երևակվում հենց այնտեղ,
ըստ այդմ` նոոսֆերայում, ապա` ի դեմս համատիեզերական
«գոլորշացման»:
Այստեղ հարկ է բացել գերկարևոր մեկ
փակագիծ: Տեսական ֆիզիկայում, գերլարերի տեսության մեջ ամրագրված է
ֆլուկտուացիայի ֆենոմենը
14
( լատ. fluctuatio-ծփանք, տատանում, եռք, տարերք ),
ըստ որի «քվանտային օվկիանոսի» ծփանքներից ծնվում, անհետանում կամ
ձևավորվում են տարբեր գոյացություններ` համապատասխան
հնարավորություն և իրականություն, էություն և երևույթ
փիլիսոփայական կատեգորիաների: Ըստ էության այդ ֆլուկտուացիաները
ինֆորմացիոն և ֆիզիկա-քիմիական բաղադրիչների connexions-
հարակցությունները են, ինչպիսինը կատարվում է նաև գլխուղեղային
ներյոնների հետ, արագացուցիչներում, բնության մեջ և անգամ
պոեզիայում ( հմմտ. հուն. «պսիխե»-հոգի, շունչ,
стихия-տարերք, ռուս. стих- և’
բանաստեղծություն, և’ քմահաճույք-տրամադրություն):
Տիեզերական ողջ էվոլյուցիան ներկայանում է որպես քաոսից
դեպի կազմակերպվածության, նյութ-էներգիա-ինֆորմացիա
վերաճի նման մի ընդգրկուն ֆլուկտուացիա, որի
ընթացքում համընդհանուր հարակցում-համադրումները նախ ծնում են
կենսունակ ու միջանկյալ գոյաձևեր, իսկ ամբողջության մեջ ձգտում
վերագտնել իրենց երբեմի չտրոհված, այսինքն` ելակետային
Եզակիություն-գերԷություն կատարելապես աննյութական իրավիճակը: Իսկ
այդ դրսևորվում է որպես անվերջ քանդում-վերամիավորումների,
արարում-ավերումների և տարբերակում-ամբողջացումների գործընթաց,
մինչև վերագտնվի վերին ներդաշնակությունը: Ինչպես նշվեց վերևում,
այդ գործընթացում բնության բարձրագույն արարչությունը հանդիսացող
արարածը միջանկյալ օղակ է գոյացությունների վերաճային
հերթագայության մեջ, որի միջոցով էլ իրականանում է ինֆորմացիոն
«գոլորշացումը»:
14
Այս
ֆենոմենին նվիրված է «Ֆլուկտուացիա» խորագրով առանձին մի
էսսե, որը թեև ծրագրված էր, բայց ինքնապարտադրվեց հենց այս
առիթով, իսկ հղումը զետեղվում է խմբագրության ընթացքում: |
Ուստի, էվոլյուցիոն տվյալ աստիճանում
ճշմարտությունը առավելաբար հիմնավորվում է հավատով` քան դեռևս թերի
մարդկային բանականությամբ: Եվ հենց այստեղ է հավատամքների
գոյառության ու հոգևոր անհրաժեշտության նախապատճառներից մեկը`
որոնք ինչպես պոեզիան, էսթետիկական ու էթիկական պատրանքները,
կանխազգացությունը կամ երևակայությանը, առաջնորդում են
բանականությունը, ծնում հնարավոր նախատիպեր, իսկ ոգեշնչումները
ապահովում անհրաժեշտ հոգեէներգիա: Զի, եթե ըստ Մարքսի «Կրոնը
ժողովուրդների օփիումն է», ապա այդ բոլորովին չի ասում, թե ինչո՞ւ
ժողովուրդներն ունեն դրա կարիքը, երբ այսօր գիտությանը քիչ թե շատ
հայտնի է չափավոր սահմաններում հալյուցինոգեն նյութերի դրական
ներգործությունը գլխուղեղի ակտիվացման վրա, ինչպես կենսահամակարգը
մասամբ ինքն է դրանք արտադրում: Դրանք նաև խթանիչներ են, ինչպես
«սրբազան խմիչքները» կամ շամանական խնկարկումները: Այս առումներով.
Ստախոս չէ նա ով հավատում
է իր ստին, այլ առավելաբար նա` ով իր ճշմարտությանը չի հավատում...
5- Այդ դեպքում ի՞նչ է բացարձակ
ճշմարտությունը և այն մահկանացուներին երբևէ հասանելի կլինի՞:
- Տրամաբանորեն բացարձակ ճշմարտությունը նույն Բացարձակն
է, հավատամքային Աստվածը կամ Հայր Աստվածը, այսինքն` գերԷությունը,
նախքան երևակվելն ու դրանից հետո էվոլյուցիայի «վերջնական վիճակը»,
այսինքն վերափնջվելը ելակետային նույն Եզակիություն-գերԷություն
վիճակում: Իսկ մինչ այդ. «Հարաբերականն է... բացարձակ»: Ըստ
հնդարիական մի իմաստության. «Ջրի մասին խոսելու համար
անհրաժեշտ է ջուր դառնալ», նույն սկզբուքնով`
Ճշմարտության մասին խոսելու համար` ճշմարտանալ, բացարձակ
ճշմարտությունը ճանաչելու համար` նույնանալ դրա հետ, ինչպես
էանալու համար` «ի բնե լինել» և «հոր նման
դառնալ»: Ըստ Արիստոտելի, իմաստությունը` որն ինքնին
ճշմարտություն է, մարդուն հասանելի չէ, ուստի շրջանառություն
մտցրեց իմաստասիրություն հասկացությունը: Ուրեմն,
նույն տրամաբանությամբ մենք ևս պիտի խոսեինք հարաբերական
ճշմարտության և ճշմարտասիրության մասին,
ինչը բնավ չի ժխտում դեռևս մահկանացուներիս անմատչելի վերին
ճշմարտության և իմաստության գոյությունը, ինչպես նաև երբևէ դրանց
հասնելու ու դրանց հետ նույնանալու հնարավորությունը` համաձայն
անգամ արիստոտելյան նույն հավանականություն և իրականություն
կատեգորիաների:
6 - Ի՞նչ է մեզ տալիս ըստ էիզմի
ճշմարտությունը որպես էություն բնորոշումը և ընդհանրապես այդ
ուսմունքը, երբ նմանները չեն պակասում:
- Նախ գաղափարական իրականության վերոնշյալ
սահմանումներում, ուսմունքների առատության և եզրաբանական
որոգայթներում չշփոթվելու առավելություն: Երկրորդ. ըստ այդմ
ճշմարտության բուն էության ճանաչողություն, որպես և’
գիտելիք, և’ բարոյականություն, և’ էութենական իրականության
անշրջանցելի օրենդրություն: Զի, եթե գոնե քիչ առավել ճանաչեինք թե
ի՞նչ է ճշմարտությունը, ապա կունենայինք կողմնորոշման որոշակի
ռեպեր-հենանիշ, ավելի հեշտ կլիներ նրան մոտենալն ու յուրացնելը,
այդու էլ ապահովելն առավել ճշգրիտ իմացություն և բյուրազան
զուգորդումներ այլ ասպարեզների հետ` վասն ինֆորմացիոն ամբողջացման,
թորման, խտացման ու «գոլորշացման», ինչին հավակնում է նպաստել
Էություն-էիզմ ուսմունքը: Իսկ ավելի պարզ ու հակիրճ.
Որոնյալը գտնելու համար
նախ հարկ է գտնել որոնելին:
Երրորդ: Այս կամ այն գաղափարը համարում
ենք ճշմարիտ, ճշմարտամոտ` կամ հենց ինչպես ասվում է «խելքին մոտ»,
եթե դրանք արձագանքում են մեր համոզմունքները, այսինքն` եթե այն
«ռեզոնասում» է արդեն ստեղծված նյարդային մեր
connexion-հարակցությունների հետ: Մոտավորապես նույնն է նաև
Տիեզերքի «քվանտային լարաթրթիռների» և գլխուղեղային connexion-ների
ներդաշնակության պարագայում: Մեկ այլ համաբանությամբ, եթե էիզմը
ակնկալում է գլխուղեղային «համակարգչի» նորորակ ու առավել
«նպատակահարմար» ծրագրավորում, ապա ճշմարտության ճշգրտումը` այդ
ծրագրում տվյալների հավելում և կատարելագործում:
Չորրորդ: Անդրադառնանք, որ
աշխարհաճանաչողության համամարդկային մղումը ոչ այլ ինչ է` քան
վերին ճշմարտությանը հասնելու բնազդական տենչ, որն
իրականանում է երևութական-գաղափարական-էութենական իրականությունների
բնականոն վերաճով: Վերջինս ակնկալում է առավել հակաէնտրոպիկ,
կատարյալ, ոգեղեն ու հավերժության ձգտող կացութաձև, որտեղ
գաղափարական իրականության արատները աստիճանաբար կնվազեն ու
կհակադարձվեն «բարիքի»: Ի վերջո գիտելիքը ինքնին ճշմարտության
որոնում է, այդու նաև բնական զորություններին տիրապետելու, խավարը
փարատելու և ազատագրության միջոց: Իսկ այդ ոչ այլ ինչ է` քան
վերջնական էացում, վերադարձ վերին Եզակիություն-ԳերԷությանը կամ
եթե կուզեք` առ ՀԱՅՐ ԱՍՏՎԱԾ: Քրիստոսի Ճշմարտության Ոգին,
Մխիթարիչը կամ նույն Սուրբ Հոգին այլ
բան չէին ակնարկում:
Եվ հրիավի այս է «եւ Ճանապարհը, եւ
ճշմարտութիւնը, եւ Կեանքը»:
Մնացյալը էվոլյուցիոն գործընթաց է և
վերին գերթեմայի ընթացիկ վարիացիաներ: Այսուհանդերձ «քաղցր
խաբկանք», տիեզերական հրաշալի մի հեքիաթ ու լինելության
փառերգություն, ինչն արժանի է ապրել ու վայլել ողջ գիտակցությամբ
ու ճշմարտացիությամբ: Առավել ևս, որ զգացմուքները հայտնվելով
բանական և ոգեկան ոլորտներում համապատասխանաբար ուժգնություն են
ստանում, հավատն ու ճշմարտությունները` զորություն:
7 – Եթե ճշմարտությունը հիրավի
զորություն է, իսկ Քրիստոսն էլ նույնացավ ճշմարտության հետ, ապա
ինչո՞ ւ նա զոհվեց, և ընդհանրապես ինչո՞ ւ է կեցության մեջ անվերջ
զոհաբերվում ճշմարտությունը:
- Անխառն ոսկին անչափ փխրուն է, անաղարտ սպիրտը ցնդում է
արագ, ստորությունների առջև «Բհիշման» անզոր է, կոկորդիլոսի
երախում` հանճարն անճարակ: Սակայն այլ վիճակներում ու
իրավիճակներում դրանց զորությունն ու գերազանցությունը չի
վիճարկվում:
Ասվեց, որ ճշմարտությունը թե’ հավատ է,
թե’ գիտելիք, թե’ առաքինություն, և թե’ օրենք ու օրինաչափության,
որոնք բոլորն էլ զորություններ են
15,
սակայն հոգևոր: Դրանց պես, նյութական աշխարհում ու ստորակարգ
իրականություններում ճշմարտությունը ևս զիջում է ֆիզիկական
ուժերին, ինչպես Բանական մարդը` բնական տարերքներին ու գերհսկա
կենդանիներին, կեցության մեջ միջուկային Թույլ և Ուժեղ
փոխազդեցությունները` գրավիտացիային և էլեկտրամագնիսական
փոխազդեցություններին, իսկ տեսական ֆիզիկայում` որոնյալ
«գերթույլ գերուժը» այդ բոլորին, որը նույնպես որոնվում
է անվերջ փոքր մանրաշխարհում և ամենայն հավանականությամբ բնավ էլ
ֆիզիկական զորություն չէ
16:
Այսուհանդերձ, էությունների պես դրանք են կառավարում աշխարհը,
ինչպես ըստ հնդարիական պատկերացումների` rtà-Ռիտա համատիեզերական
օրենքը, որը նույնանում է ճշմաՐ(Ի)Տության և
վերին ԷՈՒԹՅԱՆ դրսևորումների հետ: Զի ներկայանում է որպես
մահկանացուներին անտեսանելի «օրենքով սքողված օրենք»
17
... (Ռիգվեդա, V 62, 1), որով պայմանավորված է Տիեզերքի, մարդու,
բարքերի և ամենայնի գոյությունը: Նրա դիցական մարմնավորումներից
մեկը Radha հովվուհին է (բառ. խնդություն, որտեղից
ռուս. радость-ուրախություն, աղերսվում է նաև Rati
սիրո դիցուհու հետ), Քրիշնայի իդեալական զուգակիցը, որպես
լինելության բերկրանք:
15
Հմմտ. անգլ. truth-
ճշմարիտ, trust-
հավատ, արիա. drust-
դրուստ,
շիտակ, ճիշտ, լատ.veritas-
ճշմարիտ,
virtuose-
վիրտուոզ, շնորհաշատ,
virtus-
մարդկային արժանիք,
ֆրանս. vertu-
առաքինություն,
արիություն, ֆիզիկական ուժ, իմաստություն, լատ.
virtualis- վիրտուալ,
պոտենցիալ զորություն, virilis-
առնական, բոլորն էլ նախնյաց
աշխարհաճանաչողության և լեզվամտածողության արձագանքներ:
16
Այս հանգամանքը
արտահայտված է Պիղատոսին տրված Քրիստոսի պատասխանում. «Իմ
թագավորութիւնը այս աշխարհից չէ, ...բայց ես դրա համար իսկ
եկել եմ աշխարհ, որպէսզի ճշմարտութեան համար վկայեմ»»:
Մինչդեռ, «Ի՞նչ է ճշմարտութիւնը» հարցի պատասխանը այդժամ
անմատչելի էր, ինչպես անգամ իր աշակերտներին` Հայր Աստծո
բուն ԷՈՒԹՅՈՒՆԸ:
«Այս բաները
առակներով խօսեցի ձեզ. պիտի գայ ժամանակ, երբ այլեւս
առակներով չպիտի խօսիմ ձեզ հետ, այլ յայտնապէս Հօր մասին
պիտի պատմեմ ձեզ» (Ավետարան ըստ Հովհաննու, ԺԸ, 36-37, և «Ես յաղթեցի աշխարհին», ԺԶ-25):
17
Այսինքն, Ռիտան բնորոշվում է
ոչ թե դրսից` այլ ինքն իրենից և բնորոշում ամենայն (հմմտ.
ըստ Ե. Կողբացու պատճառը
որպես էություն,
Սպինոզայի causa sui- ինքնապատճառը,
Հեգելի «ինքնին իրը»` բոլորն էլ էություն...): Ռիտայի մեկը
զուգահեռը հուն. Դիկե դիցուհին է, Զևսի դուստրը, որը
նույնպես մարմնավորում էր արդարությունն ու «Ճշմարտության
ՈԳԻՆ», ուներ Աստերյա մականունը (Աստղային) ու պատկերվում
էր պատժիչ լախտը ձեռքին, որտեղից որպես վերին արդարություն
«երկնային պատիժ» արտահայտությունը: |
Ճշմարտությունը եղել է հին
ժողովուրդների, արիական և միջնադարյան ասպետների սուբլիմացված
արժանիքը, որը ցայսօր ներշնչում է իրավացիության վստահություն ու
հոգեբանական զորություն` նրա ի վերջո հաղթանակի գերգիտակցական
համոզմամբ: Ճշմարտությունը համար մարտնչելն ու զոհվելը դիտվել է
որպես «անմահ փառքի ճամփա», հատուցումը` աստվածային սերը: Իսկ դրա
ապացույցը հենց քրիստոնեության հաղթանակն է, որը 2000 տարիներ է ի
վեր արմատապես փոխեց պատմության ընթացքն ու աշխարհի դեմքը: Իրական
մի հրաշք, որը չէին կարող անել Ալեքսանդր Մեծի, Չինգիզ Խանի,
Նապոլեոնի, ու այլոց բանակները միասին վերցրած...
Եվ մի՞թե այդ «գերթույլ գերուժի»
գոյության մեկ ապացույցը չէ, և
Ճշմարտության ՈԳՈՒ Մխիթարիչ վկայությունը...
|
|
Ալեքսանդր
Արորդի ՎԱՐՊԵՏՅԱՆ |
Մարսել, 18 .10 .2007 թ. |
|
|
|
|