Մեծն ու փոքրը, ծանրն ու թեթևը, թույլն ու ուժեղը, սևը,
գորշն ու սպիտակը մահկանացուներիս մատչելին են
համեմատության մեջ` այն էլ խիստ հարաբերականորեն և
սահմանափակ տիրույթներում: Դրանք դեռ ընդամենը երևութական
ու մատչելի գոյացություններ են: Անհամեմատ խրթին են
էութենական իմաստության ու իմաստակության, հանճարեղության
ու ճամարտակության, ճշմարտության ու եղծության չափանիշներն
ու սահմանումները, առավել ևս նախատրամադրվածության
պարագայում:
Այդպես, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երբեմնի ոմն
երդվյալ մարքսիստ համոզված էր, որ հայերը Հ. Շիրազից ավելի
մեծություն տալ չեն կարող, առավել ևս` Օ. Շպենգլեր:
«Էրուդիտ» այլք հուսահատորեն նետվեցին էկզիստենցիալիզմի ու
դրա կարկառուն դեմքերի վերաբացահայտմանը ( Ս. Կիերկեգոր,
Կ. Հայդեգեր և այլք) չգիտակցելով անգամ, որ դրանցից շատերի
հայրն ու նոր ֆենոմենոլոգիայի հիմնադիր գերմ. Է. Հուսեռլը
(1859 - 1938 թթ), ի վերջո հիմնեց էյդետիկա ուսմունքը (
պլատոնյան eidos-նախագաղափար բառից,
էսենցիալիզմ-էութենական հոսանքի մեկ համեստ ու թերի
վտակը...): Այլք հարեցին դասականներին` ինչպես
նեոպլատոնական Պլոտինին կամ համարյա ժամանակակից Թ. դե
Շարդենին («Մարդու ֆենոմենը»):
Եվ գաղափարական այս պատեպատիկ խուճապի,
առավել ստույգ` ըստ էիզմի «կոնվեկցիոն շրջանառության» մեջ,
ոչ մեկ «կարկառուն» մտավորական թե ճոռոմ «էրուդիտ»
չկարողացավ դյուզն իսկ գոնե ընկալել էիզմ-Էություն
ուսմունքի ընդգրկումն ու խորությունը: Թե’ զուտ ազգային և
թե’ համամարդկային մի ուսմունք, որը գալիս է հայոց
հանճարեղ նախնյաց դիցաիմաստաբանական համակարգից և որի
ճառագումներն են հնդեվրոպական թե ոչ բոլոր ուսմունքները`
ներառյալ պլատոնականությունը, բրահմայականությունը,
չինական դաոսիզմը կամ իսլամացած սուֆիզմը: Ոչ մեկ
պաշտոնական «ուղեղ» նույնիսկ չանդրադարձավ, որ վերջին
երկհազարամյակում հայերը առաջին անգամ օժտվում կամ
վերաօժտվում են սեփական աշխարհայացքով, երբ հանճարեղ Դավիթ
Անհաղթն անգամ եղավ անտիկ փիլիսոփայության ընդամենը
մեկնիչն ու քարոզիչը ( թեև նա ևս քրիստոնեացած հայերի
«խասյաթով» հալածվեց, վտարվեց և մահացավ Վրաստանում... ):
Եվ այսքանի հետ դեռ ինչպե՞ս ընդունել, որ մի
անհայտ, ոտնատակված ու վտարված հայորդի ընդունակ էր
դիալեկտիկական երեք հայտնի օրենքներին ավելացնել պակասող
մեկը` Հակադարձման օրենքը, առանց որի տիեզերական պարույրն
ու այդ օրենքները ո’չ սկսում են և ո’չ էլ փակվում: Զի, այս
ամենը Շ. Ազնավուրի նոստրադամուսյան «հանճարեղության»
կողքին թվում էր աննշան ոչնչություն, ոչ անգամ «Շիրազյան»
արժեք:
Այդպես, այդ մենք որակվեցինք ինքնակոչ ու
մեծամիտ դատարակաբան, երբ իրականում հուսահատորեն դատարկ
էին հայոց ակադեմիական միտքը, գաղափարական դաշտը` էլ ո՞ւր
մնաց ինքնակոչ ու տխմարագույն իշխանություններն ու
քաղաքական շրջանակները:
Մենք վստահ ենք, որ ստորև ներկայացվող էսսեն
(ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ...)
նույնպես հասու չի լինի նրանց, խիստ ծանծաղամիտ
մտավորականությանը թե մշակութային «էլիտային»: Գուցե ավելի
լավ ( բացի այլոց «ականջներից»...): Սակայն հուսով ենք, որ
բնականորեն իմաստուն ու համակիր անհատների հավատն ու
համոզմունքը կամրագրվեն, վերոնշյալ սև, գորշ ու ճերմակ,
իսկ առավել կարևորը` պատմա-փիլիսոփայական ու համամարդկային
համեմատությամբ: Զի, հայոց խոպանացած անդաստանում ու
այսքան մոլախոտերի մեջ, հենց նրանցից է ծլարձակելու հայ
ժառանգական ու անթեղված հանճարը, և միմայն նրանց
շառավիղներին է վիճակված ապահովելու հայոց որակական վերաճն
ու հնարավոր հարատևումը: Եվ վասն այդ ու ձեզ է
հրապարակվում մեր նախորդ նախաբաններից մեկում ակնարկված
«գանձարանային» այս նմուշը (տե'ս`
Ա~Յ-Ա~Յ-Ա~Յ, Ա~Խ ԱՅՍ ԱՅ-ԱՅԱՆ ...): Եվ
վստահեցնում ենք` ո’չ ամենաէականը, ո’չ էլ ամենավերջինը,
թեև այն Քրիստոսի ակնարկներից ու լռությունից հետո ինքնին
դարակազմիկ երևույթ է... |
|
|
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
(
էսսե
էություն-էիզմ ուսմունքի թեմաներով
)
Ալեքսանդր
Արորդի ՎԱՐՊԵՏՅԱՆ
|
ԱՍՈՒՅԹՆԵՐ
ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
|