ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
ՎԻՇԱՊԱՔԱՐ
           Ինչպես կանխատեսում էինք, սույն համեստ ակնարկը մեր հայրենի լրատվամիջոցների համար խիստ "դժվարամարս" եղավ... Եվ լավ պատկերացնելով մեր իրականության ընդերային գործընթացները, ամենևին չենք զարմանում, որ այս նյութի տպագրումը որևէ ԶԼՄ-ում կարող էր կապված լինել մեծ գլխացավանքների հետ, ավելին` լավ հասկանում ենք լրատվամիջոցների ղեկավարների խուսափողական վերաբերմունքի բուն պատճառները...  
 
             Արհեստական ու խորհրդավոր մշուշով են պարուրված ֆրանսահայ ազգաբան ու էաբան Ալեքսանդր Վարպետյանին արդեն մոտ վեց տարի է ի վեր հայրենիքից հետևողականորեն զրկելու հանգամանքները: Եվ որքան էլ թաքցվող իրական պատճառները ընթացիկ իրադարձությունների բերումով սկսում են երևակվել, դրանք իրենց բուն էությամբ առավել արտառոց են ու սահմռկելի:

            Ծանոթ էինք Ա. Վարպետյանի մի քանի աշխատանքներին, մտածելով, որ նա դասական հեղինակ է: Սակայն պատահաբար տեղեկացանք, որ նա դեռևս ողջ է ու մեր ժամանակակիցը, իսկ ավելի անսպասելին` հալածված ու վտարված է հայրենիքից: Եվ մեկ տարի էլ չի անցել այն օրից, ինչ մի առանձնակի խանդավառությամբ հանձն առանք պարզելու այդ անհեթեթության հանգամանքները և վերջ դնելու այդ իբր թյուրիմացությանը` ինչպես միամտաբար կարծում էինք այնժամ (տե'ս` Ա.Վարպետյանի առեղծվածը ): Չնայած այդ «գործի» վերաբերյալ մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել որևէ որոշակի հանգամանք, բայց մեր հետևողական պրպտումների արդյունքում հստակեցվեցին այլ, առաջին հայացքից այս խնդրի հետ կապ չունեցող, բայց առավել կարևոր ու սարսափելի իրողություններ: Չենք պատրաստվում այստեղ մանրամասնություններ շարադրել, քանզի ոչ միայն այդ չէ այս համեստ ակնարկի թեման, այլև այն, որ շատ քիչ են մարդիկ Հայաստանում, ում կհետաքրքրեր այդ ամենը, իսկ այդ քչերից փոքր մասը հազիվ հասկանար, թե ինչ է թաքնված այդ ամենի hետևում: Ու դեռ չենք խոսում միջակությունների այն ստվար զանգվածից, որոնք բարդույթավորված շունչ քաշեցին Վարպետյանի արտաքսմամբ, բանաքաղներն ու բանագողները պարզապես ցնծացին ու հեղեղեցին գաղափարական «շուկան», այլք` եռանդով զորագրվեցին կուտ տրված բամբասանքներին ու ստորագույն զրպարտանքներին, կամա-ակամա դառնալով պետական մակարդակով հյուսված բացառիկ մի նենգության մեղսակիցները.
...  Ասպետությունից բոլորովին զուրկ ամպերն անքանակ,
Գրոհ են տալիս բանակ առ բանակ,
Մեն ու մենավոր արեգակի դեմ,
Որ կարծես իբրև ազգային հերոս,
Բյուր գաճաճների հոծ ամբոխի մեջ,
Կռիվ է մղում ողջ օրը` մենակ,
Ու երեկոյան... նահատակվում է իբրև մարտիրոս...
            ( Պ. Սևակ, «Անլռելի Զանգակատուն» - «Ղողանջ միջակության» )
            Նրանք, մեր արդի քաղաքական ու հասարակական գործիչներն իրենց անբուժելի «փարիսեցիությամբ» անվերջ շողոքորթում են հայ ժողովրդին, որպես աշխարհի ազնվագույն ու կատարյալ ազգի... Տեսնես նրանցից քանի՞սն են ընկալել Խորենացու «Ողբը» , գոնե ընթերցե՞լ են Նարեկացուն կամ Դավիթ Անհաղթին, և քանի՞սն են տեղյակ, որ վերջինս նույնպես հալածվել, վտարվել ու վախճանվել է Վրաստանում, իսկ այդ քչերից քանի՞սն են փոքր-ինչ խորհել ներազգային «գլխակերության» վրա և առնչություն կռահել ախտաբանական այդ երևույթի ու հայոց եղերական ճակատագրի միջև: Ու թեև ամբոխ-հանճար այդ ողբերգությունն առկա է բոլոր ժամանակներում ու հասարակություններում, այսուհանդերձ անգամ այսօր արդյոք հայոց բնորոշ չէ՞ «Գնա մեռի, արի` սիրեմ» սահմանումը: Ու այդպես էլ, մինչ Աբովյանը պարզ ու մատչելի լեզվով զրույցի էր բռնվել ամեն մի հայի հետ` որպես հավասարը հավասարի, մինչ տարաբախտ Վարուժանը հայոց գեներում թաքնված ուժերն էր ոգեկոչում, իսկ Նժդեհն այդ ոգեղեն ուժերի զորությունն ապացուցում էր առօրյա գոյամարտում, իրենց օրերի մարմնացումներ Չարենցն ու Սևակը նրանց պես խարանվեցին հայ ազգի ճակատին... Մինչդեռ մեկ այլ հայորդի ու մեր սերնդակից Ալեքսանդր Վարպետյանը սանձազերծեց իր չափերի մեջ աննախադեպ, շատ հանդուգն ու հեռահար մի նպատակ: Որպես փարոս իր հոգում ունենալով ազգի ապաքինման ու հարատևման գաղափարը.
    -    նա նախ հիմնավորեց հայ-արմենների արիական ծագումը, ինչն այսօր յուրացրել են անգամ դպրոցականները, իսկ ոմանք` ավա~ղ, դարձրել սնապարծության դրոշ,
   -    ապա հայոց շնորհեց 12,000-ամյա բուն ծագումնաբանության անբեկանելի «վկայականը», որն օրըստօրե շարունակում է հաստատվել համաշխարհային նորանոր հետազոտություններով (տե'ս` ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ... «ԿԵՆԱՑ ՃԱՆԱՊԱՐՀ»...),
   -    ըստ իր իսկ բացահայտած ԱՅԱ նախամոր ի վերջո ստուգաբանեց պատմահայր Խորենացուց ի վեր ՀԱՅ ինքնանվանման առեղծվածը (ԳԱՅԱ հոլովմամբ այն արդեն շահարկում են այլք…),
   -    ի դեմս Է-Էություն աստվածության, աներևակայելի խորաթափանցությամբ համակարգելով մեր փառահեղ նախնյաց ողջ իմաստությունը, երկհազարամյա վակուումից հետո ազգն ի վերջո օժտեց սեփական ու անկրկնելի ԷԻԶՄ ուսումնքով, այն հիմնավորելով գիտական ամենավերջին զարգացումներով (ո’չ թեիզմ, ո’չ աթեիզմ` այլ պարզապես էիզմ, դրանց ընդհանուր հայտարարը),
   -    փիլիսոփայական նշյալ հիմքով մշակեց «Արիականք» ազգային գաղափարախոսությունը, տեղիք տալով իբր «առաջին» նման բազում ընդօրինակումներին, սակայն առանց որևէ աշխարհայացքային հիմնավորման:
   -    Եվ այսքանից հետո ոչ միայն ախտորոշեց ազգի գոյավիճակը, այլև տասնամյակների տքնանքով ստեղծեց բուժման դեղատոմսը. «ԷԱԿԱՔ-Ազգ և նոր հազարամյակ» դարակազմիկ ու քառհատոր նախածրագիրը, ինչը նույնպես բորբոքեց նման պրպտումների վարակ:
   -    Եվ որ ամենազարմանալին է` չբավարարվեց այդքանով… իրենց խելոք համարող ոմանց ավանակաբարո հայացքի ներքո, Դոն Քիշոտյան համառությամբ ու Դանկոյի անձնազոհությամբ նետվեց մարտի ընդդեմ «խավար ու անպարտելի Հողմերի»:
            Մեկ խոսքով, մեն մենակ արարեց այն, ինչը վերջին տասնամյակներում չկարողացավ անել ՀՀ Գիտությունների Ազգային կոչեցյալ ողջ Ակադեմիան: Եվ կատարելապես անվարձահատույց իր այս նվիրումի դիմաց, առանց նույնիսկ հարազատների շիրիմներին սոսկ այցելության իրավունքի, վտարվեց հայրենիքից ` «ՀՀ պետական անվտանգությանն ու հասարակական կարգին լուրջ սպառնալիք»  ամբաստանությամբ, ինչն առավել պետական ինքնամերկացում է, իսկ ազգաբանի համար` նախապես ու ակամա փառաբանում...

            Համարեք այս բոլորը ֆանտաստիկ հորինվածք, Գոյայի թե Կաֆկայի մղձավանջներից մեկը, լավագույն դեպքում` «գավառական մարգարեի» ավանդական ճակատագիր, բայց այդ կատարվում է մեր կողքին ու ազգիս խիստ ճակատագրական իրավիճակում, հանգամանալից արձանագրված է որպես փաստ, իսկ իր էությամբ` մնում համազգային ողբերգություն, ինչպես բազմիցս եղել է անցյալում:
           Բավարարվենք այսքանով, քանզի բացի այն, որ ծավալումն անիմաստ է պատշաճ լսարանի բացակայության պատճառով, այլև այն, որ շատ խելոքներ արդեն իսկ կշտապեն անփութորեն իրենց ուսերը թե ականջները թափահարել, վերոշարադրյալը որակելով ինչ-որ մեկի զգացմունքային պոռթկում, չարչիական գովազդ, լավագույն դեպքում` արդի փոթորկահույզ պայմաններում աննշան միջադեպ, և ինչն անշուշտ չեն զլանա անել բնական կամ արհեստական հորանջի թե հորջորջանքի ուղեկցությամբ: Եվ այդ հատկապես նրանք, ովքեր պատկերացում իսկ չունեն Վարպետյանի աշխատություններից, կամ ականջի ծայրով հազիվ ինչ-որ ասեկոսներ են լսել:

           Շատ էլ լավ գիտենք, որ վերոնշյալ մտքերի համար մեզ ևս տարբեր կողմերից հարվածների ու պիտակավորումների բաժին կհասնի: Հատկապես կմեղադրվենք «հանճար» որակման ու պատմական զուգահեռումների մեր այս համարձակության մեջ, զի առաջինը չգիտես ինչու վերապահված է ամբոխին, երկրորդը` միջակությունների վավերացմանը, և վստահ, որ այս այս նյութը դժվար թե որևէ ԶԼՄ հանդուրժի ու համարձակվի հրապարակել: Եվ այսքանը գիտակցելուց հետո չենք ստի, որ չենք վախենում, քանզի հիմար չենք, որ չվախենանք… երբ անգամ մեծն Սևակն էր.
  Արդեն 10 տարի, 110 տարի, 1010 տարի
Ես վախենում եմ,
Շա~տ եմ վախենում
Բյուրավոր ու բո’ւթ հավատացյալից,
Բյուրատեսք ու սո’ւտ հավատացյալից...
                     ( «Նորօրյա աղոթք» )
            Այնպես որ, բոլոր հիմքերն ունենք համոզվելու, որ Ալեքսանդր Վարպետյան երևույթը կարող է դառնալ ոչ միայն հերթական խարան հայոց և մասնավորապես երրորդ հանրապետության «գերբին»` այլև հայ ազգի ՄԱՀԱՐՁԱՆ կա’մ, տա~ Աստված, ջրակունք ՎԻՇԱՊԱՔԱՐ, նկատի առնելով արդեն իսկ նրա արժանի թե անարժան այդքան «շաքիլներն» ու սնկերի պես համասփռվող գաղափարները: Իսկ այդ ինքնին դրանց կենսունակության ու զորության ապացույցն է, թեև` Գ. Էմինի դիպուկ բնորոշմամբ, այդ սնկերից ոչ բոլորն են պիտանի, ոմանք` անգամ թունավոր:

            Այսպես թե այնպես Ա. Վարպետյանի գործերն ու գործունեությունը դեռևս երկու տասնամյակ առաջ և ընդամենը իր ստեղծագործական հայտով, արդեն գնահատել էին այնպիսի մեծագույն դեմքեր, ինչպիսինն են Վիկտոր Համբարձումյանը, Ս. Փարաջանովը, Գառզուն, Ա. Տերտերյանը, Հ. Շիրազը, Գ. Էմինը, Հ. Սահյանը, Վ. Իվանովը, Մ. Ռագոնը և ևս մի քանի տասնյակ հեղինակություններ, մինչդեռ ԱՄՆ-ի Միջազգային Կենսագրական Ինստիտուտը նրան հռչակել է «21-րդ դարի մեծ մտածող»-ներից մեկը և 2005 թվին այդ արձանագրել համապատասխան հատորում (տե'ս` ABI Հռչակագիր ): Ինչ վերաբերում է արդի զանգվածային անտարբերությանը, ապա այն միմիայն այս երաշտ սերնդի, «նահանջ» ժամանակաշրջանի ու տափուկ իշխանությունների սնանկության հավաստիքն է , սակայն հակադարձորեն` նաև ժխտյալ հանճարեղության ծանրակշիռ հայտ: Այն անպատճառ կարձանագրի պատմագրությունը, հատուկ հնչեղություն տալով նրա արտաքսման պատճառներին ու ներքաղաքական առեղծվածներին: Երիցս առավել` վարպետյանական գաղափարների փառահեղ հաղթության պարագայում: Քանզի.
Լեռը մանրադիտակում չի երևում, իսկ որքան մեծ է այն` նույնքան
հեռավորություն է անհրաժեշտ լեռն ամբողջությամբ ընկալելու համար:
            Մինչդեռ.
  Տխմարն ու իմաստունը հարաբերակցում են այնպես` ինչպես կույրն ու ակնավորը:
Իմաստունը տեսնում է տխմարի տկարամտությունը, տխմարն իմաստունի իմաստությունը` ոչ:
Նրանք հայելու տարբեր կողմերում են...       ( Ա. Վարպետյան ):
            Այսուհանդերձ, ինչպես վերոնշյալ պարագայում, գալիք սերունդները լռության կմատնեն մեր ժամանակակիցների ամոթալի վարքն ու կհոխորտան հայոց լուսավոր ճակատներով, եթե իհարկե մինչ այդ իսպառ չոչնչանանք ինքնահոշոտմամբ:
            Իսկ եթե այսքանից հետո կլինեն անձինք, որ կշարունակեն հեգնանքով, արհամարանքով կամ անտարբերությամբ վերաբերվել այդ հարցին, մեզ կմնա նորից ըստ Վարպետյանի հաստատել, որ հիրավի.
Ազգերը մեռնում են... տխմարությունից:
            Իսկ ըստ Պ. Սևակի` մեկուսի տրտնջալ.
  ... Ինչքան էլ ծանր է Հավատ թաղելը,
    Հավատ պահելը ծանր է ավելի ...
            Այսուհանդերձ այն հույսով, որ մեզանից հետո կամ միաժամանակ կգտնվեն նաև այլ հավատավորներ, որոնք կշարունակեն ճշմարտության ու վերին իմաստության որոնումներն ու վասն արդարության ոգորումները, ի շահ ոչ այնքան Ալեքսանդր Վարպետյանի` որքան ազգային հանճարի ու արժանապատվության, հոգևոր արժեքների ու հարատևման:
  Մ. Ս. 20 մայիսի 2008 թ.