Սկզբնաէջ      
 
 
ԵՐԱԶ ԿՈՐՈՒՍՅԱԼ
  Փոխանակ ներքուստ հրճվանք ապրելու և փառքի խոսքեր ձոնելու Հայոց Վերջին Անկախության տարեդարձին, արդ ստիպված ենք հնարավորինս քողարկել մեր անհուն կսկիծն ու մտորել որոշ հարցերի շուրջ:  

        Ըստ հինավուրց մի խոսքի` դարավոր կաղնուն ի զորու չեն տապալելու հուժկու փոթորիկներն ու երկրաշարժերն անգամ, մինչդեռ որդերի և մի քանի սողունազգիների որոշակի քանակություն լիովին բավարար են, որ կրծոտելով ու վնասելով կաղնու արմատները` նրան տապալման դատապարտեն:  Արդ, որքան էլ հայրենի որոշ մտավորական թե զինվորական, իշխանավոր թե հոգևորական հորջորջվող անձինք, որ կասկածի նշույլ անգամ չունեն սեփական խելքի ու մեծության հանդեպ, ամենագեղեցիկ խոսքերով ճոռոմաբանեն ու հոխորտան Հայոց մեծության, փառքի ու տաղանդի մասին, պայծառ ապագայի հիմար տեսարաններ նկարագրեն ու շարունակ քողարկեն իրենց ոչնչությունը կեղծ ժպիտների ու հպարտ կեցվածքի տակ, միայն մտքով կույր լինելով է հնարավոր չտեսնել Հայոց վերջնական տապալման գործընթացն ու դրա դեմն առնելու միակ ճանապարհը, որն է` արմատների բուժումն ու վերականգնումը ...

        Այս աշխարհում ոչինչ հավերժ չէ, բնականաբար` Հայ Ազգը նույնպես( իհարկե այստեղ խորը փիլիսոփայական նրբություններ կան, որոնց հարթություններում մեր այդ պնդումը գուցե կորցնում է իր ճշմարտացիությունը, բայց դա մեր այս նյութի շրջանակից դուրս է):  Բայց մեռնել էլ կա` մեռնել էլ, ու մի՞ թե նման վախճանի էինք արժանի:

        Ըստ Փավստոս Բուզանդի, հայոց սպարապետ Մանվել Մամիկոնյանը ծերության մեջ, հոգին ավանդելու նախաշեմին, Հայոց Արքային ու մնացյալ ներկաներին ուղղված իր վերջին խոսքում լալիս էր ու բողոքում իր դժբախտ ճակատագրից` “ ... երբ կռիվների մեջ այդքան հանդուգն էի ու բազում վերքեր եմ վաստակել, ինչո՞ւ չզոհվեցի հերոսի մահով ... մի՞թե նման անպատիվ մահվան էի արժանի ...”:  Ավելին մանրամասնելու իմաստ էլ չենք տեսնում, զի. հասկացողին մեկ ասա, անհասկացողին` հազար ու մեկ:  Միայն հավելենք, որ մեզ թույլ չէինք տա անարգել մեծ սպարապետին, նրան համեմատելով ներկայիս Հայոց զորեղների հետ, բայց մյուս կողմից, երկու դեպքում էլ գործ ունենք ազգի ճակատագիր որոշող-կերտողների հետ, ու դա այն դեպքում, երբ արդի վիճակը պակաս ծանր չէ և հաստատ շատ ավելի մեծ խելքի ու բարոյական արժանիքների տեր իշխանավորների կարիքն ունենք, քան այն ժամանակներում ...

        Այսօր ունենք այն` ինչ ունենք: Ո՞վ է դրա համար մեղավոր: Անշուշտ շատ-շատերս, այդ թվում և առաջին հերթին` հայոց վերջին երեք Նախագահները, բայց ոչ ամենևին այլոք, դժբախտ ճակատագիրը կամ երևութական թե աներևույթ թշնամիները: Անգամ եթե թշնամին է մեղավոր` առաջին հերթին մեր միջի թշնամին, այն աներևույթ որդը, որ արդեն դարեդար կրծոտում է մեր արմատները, սկսյալ Մեծն Տիգրանի ժառանգներից կամ գուցե ավելի վաղ ... Այլ հարց, որ այժմ որդերի քանակն անցել է կրիտիկականի սահմանը:

        Եվ այսօր լեզու էլ չի պտտվում “անկախություն” բառն արտասանելու, էլ ու՞ր մնաց շնորհավորանքի խոսքեր ասելու: Ի՞նչ անկախություն նախ առանց բարոյականության ու առաքինության, առանց արդարության ու արդարադատության, ի՞նչ անկախություն, երբ մեր ողջ ռազմավարությունն անբեկանելիորեն պարտադրվում է օտար երկրի կողմից, և ընդհանրապես, ինչպե՞ս կարելի է խոսել մի երկրի անկախության մասին, երբ նրա հասարակությունը ներսից անկախ ու ազատ չէ, իսկ քսան տարիների ընթացքում անգամ ձգտումն առ անկախություն լիովին մարվել է: Դե~, իսկ այնպիսի երկրորդական ու հետևանքային երևութների մասին, ինչպիսին են բացառիկ ընտրակեղծիքները, կրթական ու գիտական համակարգի հետևողական կազմաքանդումը, պետական մակարդակով ողջ տնտեսության ու ազատ ձեռներեցության ահաբեկումն ու թալանը, լրատվամիջոցների ու հատկապես հեռուստատեսության կատարյալ վերահսկումը, մտավորական կամ արվեստագետ հասկացությունների նշաձողի խիստ ցածրացումը, քաղբանտարկյալների և այլ հալածյալների առկայությունը` կարելի է ընդհանրապես չխոսել ...

        Եվ հիմա երբեք լուրջ չեն կարող ընդունվել այն տեսակետները, որոնք քիչ չեն, և որոնցում մեր դժբախտությունների պատճառ են մատնանշվում թուրքական դաժան վայրենությունը, ռուսական ուծացնող կայսերատիրությունը կամ արևմտյան նենգ դիվանագիտությունը: Եթե ուշադիր լինենք, կնկատենք որ վերջերս իշխանությունների ու նրանց սպասարկող կազմակերպությունների ու անհատների կողմից անընդմեջ մի գաղափար է հրամցվում հանրությանը, ըստ որի (ասես մեծ գյուտ են արել ...). “աշխարհն այլևս առաջվանը չէ, այսօր աշխարհում լիովին անկախ միայն երկու-երեք տերություն գոյություն ունեն, մենք ստիպված ենք ենթարկվել գերտերությունների ցուցումներին”  ու նման բաներ ... Իսկ սարսափելին այն է, որ քանի որ այդ տեսակետներում մասնակի ճշմարտացիություն կա, ապա այն դառնում է շատ հարմար “կուտ” մեր նման պրիմիտիվ ու ստրկամիտ հանրությանը “կերակրելու” համար ...

        Ինչ մնում է գրեթե հարյուրամյա Հայ Դատին, ապա այն արդեն ավելի շուտ ճահճում խեղդվողի թպրտոցի է նմանվում կամ սատկող կատվի մլավոցի: Հայ Դատ “անողները” ոչ թե դաշնակցականներն են ու էլի չգիտենք ովքեր, “Հայ Դատ” իրականացնում էին Նժդեհն ու Անդրանիկը, բազում անվեհեր տղաներ(ինչպիսին` Թեհլերյանը կամ Մոնթեն )  ու մի շարք մեծ մտավորականներ (ինչպես` Ա.Իսահակյանը ),  և իրենց ձևի մեջ մի քանի հանճարներ` Պ.Սևակ, Ս.Փարաջանով, Ա.Տերտերյան ...

        Իսկ անկախության ոչնչացման “կուլմիանիցիան” թերևս հենց նորից քսան տարի առաջ ստեղծված Էություն Ազգային Իմաստության Տաճարի  գործունեության աստիճանական վիժեցումն էր ու նրա առաջնորդի վերջնական վտարումը հայրենիքից
(տե'ս  ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի ՈԴԻՍԱԿԱՆԸԱ.Վարպետյանի վտարման առեղծվածը  և հարակից այլ նյութերը... Խմբ.):  Մինչդեռ նա Երկնքից մի նվեր էր Հայոց համար, մարդ, ում գեներում արթանացել էր հայոց քրմական ողջ իմաստնությունը, և որն այնպիսի թափառք էր վերցրել, որ ասես նրա հոգուն էին միացել Ալիշանի ու Վարուժանի ոգիները, իսկ ուղեղին` Նիցշեի հեռահարությունն ու Մարքսի համակարգվածությունը:  Այսքանից հետո ինչպե՞ս երիտասարդ թե գալիք նվիրյալները չթևաթափվեն ու չհիասթափվեն արդարացի պայքարից, հայ հանրույթից ու ազգից, երբ ասես հայազգի օտարամոլների նպատակը հենց այդ հիասթափեցումն է ...

        Վերջում մեզ մնում է լեհ մեծ մտածող Ստանիսլավ Եժի Լեցի խոսքերը, ըստ որի` “Պատահում է, որ նվաճողի ոտնամանը լինում է հենց նվաճվողինը”,  վերախմբագրել այսպես`
Գրեթե չի պատահում,
որ Հայաստանը նվաճողները չլինեն հայկական ոտնամաններով ...

        Այդուհանդերձ, որպես հավերժ լավատես, փաստենք, որ հիրավի. “Լինում են խայտառակ ժամանակներ ...”,  և հիշեցնենք, որ`
Անկարելի է Խավարը սպանել հենց սպանելով,
միայն բազում Լույսեր վառելով է հնարավոր ոչնչացնել Խավարը
...
  21/09.2010թ.,   Արեն Զորունց

   
  Նկարի հեղինակ` Պավել Պոպով