|
|
ԶՈՒԳԱՀԵՌ ՏԻԵԶԵՐՔ
09/12.2008թ.
|
|
|
|
Սիսիան քաղաքի մոտակայքում գտնվող
մեգալիտյան այս կառույցը միշտ էլ հետաքրքրել է բոլորին, այդպես էլ
մնալով առեղծվածային: Վերջին տասնամյակներում դրանով զբաղվել են
հնագետ Խնկիկյանը, 1983թ.` աստղագետ Էլմա Պարսամյանը
2 (մեծամորյան
աստղադիտարանի և Քարահունջի անդրանիկ հետազոտողը), իսկ 1994
թվականից` ռադիոֆիզիկոս Պ. Հերունին (մասնավորապես հայոց
ծագումնաբանական ալիքի բերումով):
Այն իրենից ներկայացնում է 0,5-3 մ
բարձրությամբ, մինչև 10 տ բազալտե 204 քարաբեկորներով
կառուցապատված մի հնավայր, որոնք դրա կենտրոնում կազմում են 43-37
մ տրամագծով օվալաձև մի շրջան` երկայնական առանցքով ուղղված դեպի
արևելք- արևմուտք: Որոշ քարաբեկորներ իբր կենդանանման են, իսկ 76-ը
ունեն 5-6 սմ անցքեր (Նկ.1a-b), ուղղված երկնային մարմիններին ու
համաստեղություններին, ինչն էլ հուշում է կառույցի աստղադիտական
նշանակությունը, իսկ հետագա «քրիստոնեացման» խաչերը` երբեմնի
հավատամքային բնույթն ու հեթանոսական ավանդույթների զորությունը
(Նկ. 2):
|
|
Նկ. 1: Անցքավոր և իբր
կենդանակերպ քարաբեկոր:
Նկ. 2: Հետքրիստոնեական
խաչեր անցքավոր այլ մեկ
քարեկոթողին, վստահաբար
երբեմնի ավանդույթները
չեզոքացնելու և յուրացնելու
միտումով, ինչպես
հեթանոսական մեհյանների,
տոնակատարությունների կամ
վիշապաքար-խաչքարերի
պարագաներում: |
Ըստ երկրային առանցքի շեղման,
պրեցեսիայի օրենքի
1 և աստղամաթեմատիկական
հաշվարկների, Քարահունջի աստղադիտարանը թվագրվում է Ք.ա. ≈5630 թ.,
այսինքն` բրիտանական հոմանիշ Ստոունհենջից ≈3000 տարի առաջ (Ք.ա.
2800-2100 թթ), բաբելոնյան աստղաբանական դպրոցից` ≈4000 տարի, իսկ
մեծամորյան աստղադիտարանից` ≈3000
2: Հանգամանք, որը գալիս է
հաստատելու Հայկ. լեռնաշխարհը կենդանաշրջանի ստեղծման բնօրրանը
լինելու վաղուց ենթադրված տեսակետը, իսկ Քարահունջը` աշխարհի
առայժմ հնագույն աստղադիտարանի վարկածը:
Ըստ Պ.Հերունու, այն իբր նվիրված է
եղել հայոց արեգակնային ԱՐ աստվածությանը, ունեցել է դպրության Տիր
աստծո հովանավորությունը, ծառայել նաև որպես «համալսարան», իսկ իր
«Հայերն ու հին Հայաստանը», մենագրության մեջ (Երևան 2004 թ., 276
էջ ), հայ ազգին վերագրում է 40 000 ամյա վաղեմիություն
3...
1 Յուրաքանչյուր 72 տարին մեկ գարնանային
գիշերահավասար կետի 1° տեղափոխումը արևելքից արևմուտք: Իր
տեսանելի շարժմամբ Արեգակը այդ կետին վերադառնում է
փոքր-ինչ շուտ` քան ավարտում է իր լրիվ պտույտը աստղային
երկնքի նկատմամբ: Այստեղից էլ դրա հետ տոմարների
անհամապատասխանությունն ու ժամանակի ընթացքում աստղերի
հայտնությունը տարվա տարբեր ամիսներին:
2
Է. Պարսամյանի հաշվարկներով, Ք.ա. 2800-2600 թթ Մեծամորի
աստղադիտարանից դիտվել է երկնքի ամենապայծառ աստղի`
Սիրիուսի ծագումը, որը համապատասխանել է հայոց Նավասարդին,
այսինքն` օգոստոսի 11-ին և հնագույն նոր տարվա սկզբին: Ըստ
էության, Է. Պարսամյանը նաև Քարահունջի հիմնական
բացահայտողն ու հետազոտողն է, թեև ամենաքիչն է
հիշատակվում...
3 Հատորի առաջին բաժինը
նվիրված է Քարահունջի աստղադիտարանին, երկրորդը` հայոց
այբուբենին, երրորդը` հայոց ծագումնաբանությանը: Վերջին
երկու պարագաները խիստ տարակուսելի են, այբուբենը` առանց
գրաբանական հիմնավորումների ու այն էլ լուսահոգի Սուրեն
Պետրոսյանի ժայռապատկերներից հավաքագրած հիմունքներով, իսկ
հայոց ծագումնաբանությունը` տարբեր թեզերի ու վարկածների: |
Որքան էլ համոզիչ ու շահեկան են
Քարահունջի վերաբերյալ աստղագիտական դիտարկումները (դեռևս
1999-2000 թթ, մենք դրանց անդրադարձել ենք «ԾՆՆԴՈՑ ԱՅԱ»
մենագրության 620-622 էջերում,), նույնքան էլ տարակուսելի են որոշ
հանգամանքներ: Նախ, եթե երկնային մարմինների շարժումն ու միմյանց
նկատմամբ կոորդինատային հարաբերակցությունը կարելի է հաշվել
բավականին ճշգրտությամբ, ապա նույնը չէ դրանց նկատմամբ
քարաբեկորների պարագան (բացի համեմատաբար կայուն և ակնհայտ լուսնից
ու արեգակից ), որոնք 7500 տարիների ընթացքում վստահաբար
տեղաշարժվել են լեռնային սահանքների, երկրաշարժերի, թե
երկրաբանական նստվածքների հետևանքով: Երկրորդ. դրանց իբր
կենդանանման կերպարանքները (խոյ, արծիվ, արջ ևն)` նույնպես
վստահելի չեն, ինչպես երևակայորեն ամպերի նմանեցումը այս կամ այն
գոյացությունների հետ:
Երրորդ, հայոց Ար և Տիր
աստվածությունները պատկանում են հեթանոսական համեմատաբար միջին ու
վերջին շրջանների դիցարաններին, և ոչ մի հիմք չկա նրանց առնչելու
Քարահունջի աստղադիտարանի հետ, թեկուզ այդժամ արևի պաշտամունքը
լուսնապաշտությունից հետո արդեն թափառքի մեջ էր, բայց ոչ անպատճառ
Ար դիցանվամբ: Արեգակն ու արեգակնային աստվածներն ունեցել են նաև
շատ այլ անվանումներ, ինչպես` հաթ. Estan, խեթ. Istanus (հայ.
աստված դիցանվան հոմանիշը), հնխ. *t’ieu-, լուվիտ. Tiuat (հայ.
հոմանիշը`
դի-դիք, բայց նաև
թև և արիական
deva-դև...), հհնդկ.
Suryah-Սուրիա (հայ. հոմանիշը`
հուր, ռուս. Xorc-արևաստված: Հմմտ.
Հուրիա-Սուրիա-Սիրիա-Շամ և Շամաշ), հանգլ.
sunne (հայ. հոմանիշը`
սուն-սան), լատ.
sol-Solaris (հայ. հոմանիշը`
հոլ-հող
հակադարձմամբ...) ևն, որոնք բոլորն էլ կարող էին լինել Քարահունջի
նվիրական թեկնածուները, եթե այն հիրավի նվիրվել է արեգակնային
աստվածության:
Չորրորդ, հայոց 40 000 ամյա
վաղեմիությունը կատարյալ անհեթեթությունը է, ինչը ստվերում է
կառույցի աստղաբանական արժեվորումը, իսկ հայերիս դնում անլուրջ
իրավիճակում: Զի այդ համարյա Homo sapiens-ի տարիքն է, երբ
էթնոսների մասին խոսք լինել չի կարող (հավանաբար հարգելի
ակադեմիկոսը ցանկացել է հայոց վաղեմիության ռեկորդ սահմանել,
ինչպես մինչ այդ եղել են իբր 17500, 30000 և այլ մերկապարանոց
«հաշվարկումներ»...):
Եվ վերջապես հինգերորդ ու
ամենակարևորը. չկա որևէ գիտական ու անվիճելի փաստ, որ Քարահունջը
կառուցել են հենց հայերը կամ թեկուզ նախահայերը: Ի վերջո այդժամ
հնդեվրոպական հանրույթը արդեն կազմավորվել ու գտնվում է տրոհման
գործընթացում: Այս առումով, Քարահունջի հեղինակները կարող էին
լինել հնդեվրոպական ծավալուն լեզվաընտանիքի ցանկացած անդամ, որոնք
աստղաբանական այդ ավանդույթները համասփռեցին ամենուր
(Ստոունհենջ,Նկ. 3a-b, Նյու Գրենջ-Իռլանդիա, Քալենիշ-Շոտլանդիա,
Կառնակ` Ֆրանսիա, ևն):
Նկ.3: a) Բրիտանական Ստուոնհենջ աստղադիտարանը (Ք.ա.
2800-2100 թթ): 3b). Արևապաշտական ժամանակակից
ծես Ստոունհենջ սրբավայրում: Նշենք, որ հայկական շուրջպարը
նույնպես արևապաշտական ծագում ունի, «թարս պարն» ու «դուզ
պարը»` աջ և ձախ պտտվող սվաստիկաների մոռացված
բովանդակությունը, իսկ «պար» եզրը` երբեմնի «շրջան» իմաստը
(նաև` լեռնաշղթա), աղերեսվելով շում. bar և’ շրջան, և’ արև
հասկացությունների հետ (հմմտ. հայ. բար-պտուղ,
բարիք և
բերք): Նկ. 4: a). Գյոբեկլի թեփե
հնագույն հուշարձանի շրջանաձև սրբարաններից մեկը` սրբատաշ
քարեկոթողներով: 4b). Գյոբեկլի թեփեի այլ
սրբարաններ (վերակազմություն, Ք.ա. 10 –րդ հզ...): Այնպես
որ, Քարահունջը բնավ էլ հնագույնը չէ... |
|
Մինչդեռ, այդ հուշարձանի էթնիկական
պատկանելությունը քիչ թե շատ հիմնավորելու համար հարկ է այն
դիտարկել մշակութային ընդհանուր համայնապատկերում, ինչպես որևէ
անձի անձնագիր ամրագրելու համար, քաղաքացիական տվյալներից բացի
(անուն-ազգանուն, ծնողներ, ծննդավայր, տարեթիվ, լուսանկար, հասակ
ու կշիռ, ազգություն, ստորագրություն ևն) այսօր պահանջվում են նաև
կենսաբանական և օպտիկական տվյալներ (ապագայում` նույնիսկ ԴՆԹ-ի…):
Այդպես, հնդեվրոպաբանության մեջ լեզվաբանական տվյալներից բացի,
ավելի ու ավելի օգտագործվում են հարակից ասպարեզները
(հնագիտություն, բուսակենդանական աշխարհ, դիցաբանություն,
ազգագրություն, մարդաբանություն ևն), իսկ առավելաբար`
սեմանտիկա-իմաստաբանությունը: Այն, ինչը հնարավորինս նկատի է
առնված ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ տեսության մեջ, որը շարունակաբար լրացվում ու
ճշգրտվում է նորանոր բացահայտումներով, ինչպես գիտական ամեն մի
արմատական տեսություն
4:
4 Շուրջ 1000 էջանոց այդ մենագրությունը (տե'ս`
Ա.Վարպետյանի գրքերը) նվիրված է Հայկ. լեռնաշխարհում
հայոց և համամարդկային քաղաքակրթության 12000-ամյա
ծագումնաբանությանը, որտեղ մինչև Գյոբեկլի թեփեի
հնագիտական պեղումների առաջին արդյունքների հրապարակումը,
տարբեր տվյալների համադրմամբ, Հայկ. լեռնաշխարհը
հայտարարվում էր «նեոլիթյան հեղափոխության» միակենտրոն
օջախը ( ի հակադրություն արևելագիտության մեջ մինչ այդ
ընդունված բազմակենտրոն և ոչ այդտեղ տեղակայման պաշտոնական
տեսության), և հայոց ու համամարդկային քաղաքակրթության
բնօրրանը: |
Այսուհանդերձ, եթե 12000-ամյա Գյոբեկլի
թեփե հնավայրի բացահայտումը եկավ հաստատելու այդ տեսությունը`
Հայկ. լեռնաշխարհը նեոլիթյան միակենտրոն օջախը և համամարդկային
քաղաքակրթության բնօրրանը լինելու դրույթներով, ապա այն դեռ չէր
հիմնավորում այդժամ նախահայերի առկայությունը տվյալ աշխարհամասում,
իսկ հնավայրի էթնիկական պատկանելությունը դեռ հարկ է ապացուցել (
ըստ առայժմ ընդունված տեսակետի, այն իբր կառուցել են անհայտ
քոչվորներ...):
Մինչդեռ, նույն սկզբունքով, խիստ
համապարփակ հետազոտությունները հիրավի ընդունակ են տալու որևէ
հուշարձանի «հեղինակային վկայականը», և անգամ սուպերէթնիկան
հանրույթում կամ հնդեվրոպական լեզվաընտանիքում բավականին
ճշգրտությամբ բացահայտել այս կամ այն ազգույթի «օնտոգենեզը»
(գոյաձևի էվոլյուցիան մեկ կյանքի ընթացքում) հանուր «ֆիլոգենեզում»
(նույնը` տվյալ գոյաձևերի ողջ գոյության), նրա հոգևոր ներդրումը
հանուր մշակույթի կամ համամարդկային քաղաքակրթության մեջ:
Համաբանորեն այնպես, ինչպես` ըստ չինական ասեղնաբուժության, այս
կամ այն օրգաններն ունեն իրենց համապատասխան նյարդային
հանգույցները, կամ գլխուղեղում նյարդային համակարգի որոշ
թելիկները` իրենց կենտրոնները: Այլ մեկ համաբանությամբ` արյունատար
անոթների համակարգում ուրվագծել մարդկային սիրտը սնուցող «աջ
պսակաձև զարկերակը»: Բայց այդ բոլորովին այլ նյութ է, այլ ասպարեզ
և հետազոտական բոլորովին այլ սկզբունք:
Ցավոք, Քարահունջի «անձնագիրը» զուրկ է
այս բոլորից և սոսկ աստղաբանական առումով մնում է հայագիտական
«խաչբառի» միայն մեկ հանգույցը կամ գլուխկոտրուկ puzzle-ի ընդամենը
մեկ տարրը` թեկուզ շատ կարևոր, որն այդպես առանձին դեռ կարող է շատ
խորացվել: Եվ անգամ որպես այդպիսինը, այն անհրաժեշտություն ունի
առավել դիտարկվելու հարակից ու դեռ առավել վաղ կառույցների
համայնապատկերում և հարաբերակցություններում, ինչպիսինը օրինակ
Քարահունջից ամբողջ մի 4000-ամյա վաղեմիություն ունեցող Գյոբեկլի
թեփե (Նկ. 4a-b, Ք.ա.10-հզ), Karahantepe, Sefertepe, Hamzantepe և
նման հուշարձանների համախումբն է` մինչև կենդանաշրջանի վերջնական
խմբագրումը:
Նույն սկզբունքով, Քարահունջի նկատմամբ
արդի բուռն հետաքրքրությունը հարկ է դիտարկել հայոց և
համամարդկային քաղաքակրթության ծագումնաբանության ենթատեքստում,
որը վերստին թափ էր առել անցյալ դարի երկրորդ կեսին Մեծամոր
հնավայրի բացահայտմամբ, վերջին տասնամյակներում`
հնդեվրոպաբանության բուռն աշխուժացմամբ, հայ իրականության մեջ մի
քանի երախտավորների խորհրդային «հայագիտության» դեմ ըմբոստացմամբ (
Մ.Գավուքչյան, Ռ.Իշխանյան, Բ.Ուլուբաբյան, Լ.Շահինյան և այլք) և
իհարկե, նաև ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի արմատական
բացահայտումներով, ինչը էլ բորբոքեց «Հայկ. լեռնաշխարհը որպես
համամարդկային քաղաքակրթության բնօրրան» ծավալվող ալիքը, գիտական
այդքան հետազոտություններ, ինտերնետային կայքերում և
ֆորում-բանավեճերում բուռն արծարծումներ` ավա~ղ, նույնքան
թերհասկացություններով, արժեզրկումներով ու սպեկուլացիաներով:
Սակայն, ի տարբերություն այլոց,
ԷՈՒԹՅԱՆ համար այն նժդեհյան այդքան անհրաժեշտ լոկ ինքնաճանաչումը
չէ, ո’չ էլ հոգեցունց բացահայտումների ու ազգային սնապարծության
պարագա` այլ ԷՈՒԹՅԱՆ ոգե-գաղափարական համակարգի մեկ հիմնաքարը
(տե'ս`
ԷՈԳՀ), իսկ շատ ավելի կարևոր.
հայոց կորուսյալ իմաստության վերաբացահայտումն ու
վերաիմաստավորումը, որպես ինքնության, գոնե հոգևոր անկախության,
կայացման ու հարատևման անշրջանցելի հրամայական:
Այս բոլոր առումներով ԷՈՒԹՈՒՆԸ դեռ շատ
հեռու է ասելու իր վերջին, վստահաբար ամենակարևոր խոսքերը: Մինչ
այդ, անհրաժեշտ է, որ կեցական հանուր զանգվածում ստեղծվի
ոգե-գաղափարական «կրող հիմք» ( կամ «սիրտը սնուցող աջ պսակաձև
զարկերակ»...), որպեսզի ներկայացվող դրույթները չհալվեն ու
չջրիկանան նորելուկ ձյան փաթիլների պես, չաղավաղվեն, չշեղվեն կամ
չշահարկվեն հենց հայոց դեմ` «կրակը կրակով մարելու» սկզբունքով:
Իսկ ընդդեմ այդ, «կրող հիմքը» պետք է
զինվի ու հասունանա հզոր ներաշխարհով, բանականությամբ և սեփական
աշխարհայացքով !!!:
Այդ է բոլոր գոյաձևերի ու մասնավորապես հոմինիդների մեջ Homo
sapiens sapiens-ի առավելությունը, կայացման ու հարատևման
նախապայմանը, ինչպես նաև ցանկացած հասարակությունում: Երիցս
առավել` «գլոբալիզացման» պայմաններում:
|
Ալեքսանդր
Արորդի ՎԱՐՊԵՏՅԱՆ |
Մարսել, 5 դեկտեմբերի 2008 թ. |
|
|
Հ.Գ. Սույն ակնարկը ավարտված էր, երբ հաջորդ օրը
լրատվամիջոցները հաղորդեցին Պ. Հերունու մահը: Մեզ մնում է
ցավակցություն հայտնել նրա ընտանիքին ու բարեկամներին:
Վասն հանուր ապաքինման, թող ավելին անի նա` ով կարող է:
Գործը նոր է թափառք առնում: |
|
|
|
|
|