ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
ԶՈՒԳԱՀԵՌ ՏԻԵԶԵՐՔ  

ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ...
03/02.2008թ.
 
  
 
  
http://www.hetq.am/arm/society/7521/
  
        Վերոնշյալ հասցեով «ՀԵՏՔ» էլեկտ. թերթն իր 28.01.2008 թ. թողարկաման մեջ հրապարակել է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտ. դոկտոր Արմեն Այվազյանի «Հայկական ինքնության գրավականները կամ ո՞վ է հայը» խիստ հավակնոտ խորագրով մի ակնարկ: Կարելի էր այն ընդունել որպես սոսկ տեսակետ ու դրան չանդրադառնալ, եթե միայն այս խառն ու խրթին ժամանակներում այն չպարունակեր ազգային բուն գերխնդրականներից շեղման, ցավոտ հանգամանքների շահարկման և գաղափարական մոլորությունների վտանգ, և եթե լիներ միայն եզակի դեպք: Իսկ թե որքանով կարող են նման հարցերը առնչվել «Զույգ Տիեզերքներ» ենթաբաժնի հետ, ապա երևի այնքանով` որքանով նույն իրականության վերաբերյալ ներկայացնում են այլաբանորեն տարբեր աշխարհներ ու զուգահեռ աշխարհայացքներ:
       Այստեղ չկրկնելու համար այդ ակնարկը, հորդորում ենք դրան հանգամանալից ծանոթանալ վերոնշյալ էլեկտ. հասցեով:
 
  
         Որքան էլ հիմնավոր ու հանրահայտ լինեն այդտեղ արծարծվող որոշ մտքեր, և նույնքան հարգելի դրանց հեղինակը, այսուհանդերձ հարկ է արձանագրել մի քանի կարևոր հանգամանքներ:
      -   Չափազանցված է թուրք-ադրբեջանական վտանգը, ինչը միշտ էլ շահարկվել է Հայաստանում ռուսական ներկայությունը արդարացնելու համար: Միտումնավոր թե պարզամտորեն անտեսվում է Թուրքիայում կենաց-մահու քրդական հիմնահարցը, ՆԱՏՕ-ի ավելի ու ավելի ներկայությունը տարածաշրջանում, ԵՄ-ում Թուրքիայի և շուտով նաև Ադրբեջանի ինտեգրման նկրտումներն ու այլոց տնտեսաքաղաքական շահերը, իսկ որպես օրինակ` վերջին դեպքերը, երբ Թուրքիան իր դեմ մարտնչող քրդերին հարևան երկրում զսպելու համար հազիվ ու խիստ սահմանափակ թույլտվություն ստացավ…
   -   Ընդհակառակը, առավելագույնս նվազեցված է ազգային ինքնության գերխնդրականում հայրենի իշխանությունների գերպատասխանատվությունը (դեռ չխոսելով ազգադավ ու հանցագործ գործունեության մասին), այն բարդելով… յուրաքանչյուր հայի թե սփյուռքահայի վրա: Այսինքն, այստեղ ևս հեղինակը խիստ տենդենցիոզ դիրքորոշում ունի:
   -   Ինչ վերաբերում է ազգային ինքնության բուն գերխնդրականին, ապա հեղինակի առաջարկած «դեղամիջոցները» լոկ գոյաբանական են, երբ այն էաբանական խնդրական է և ոչ մի դեպքում «ակադեմիական»: Այսինքն, մեր գիտության դոկտորը չի տարբերում գոյությունն ու էությունը, «մարմինն ու հոգին», ժողովուրդն ու ազգը, «անձնագիրն» ու աձնը, «հավի ու հավկիթի» թե «կեցության ու գիտակցության» հարաբերակցությունը, քանզի նա… միայն քաղաքագետ է և դեռ մատերիալիստական մտայնության շառավիղ: Այդ առումով մի աներևակայելի անհեթեթություն է նրա «ծագումնաբանությունը երկրորդական է» հայտարարությունը, երբ ինքնաճանաչումը գերկարևորել են քանի նվիրյալներ, այդ թվում մեր հատուկենտ գաղափարաբաններից Գ. Նժդեհը:
        Այդպես, «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ» տեսության վերաբերյալ ժամանակին մի բթամիտ «դհոլ թե պարկապզուկ» հեգնանքով թոթափեց ուսերը. «Ի~նչ կտա հայերին 12000 ամյա ծագումնաբանությունը…», երբ գիտակցելով աստվածաշնչյան հետևանքները պատմահայր Խորենացին ջանաց հայոց ծագումնաբանությունը գոնե հավասարեցնել Աբրահամին, երբ նրանց միջև մոտ 8000 տարվա տարբերություն կա : Այդուհանդերձ, պատմահոր պատգամը մնաց « ձայն բարբառոյ հանապատի», իսկ ինքնության այդ կորուստը այդքան կործանիչ ազդեցություն ունեցավ հայոց հետագա ճակատագրի վրա…
       Այդ իսկ մտահոգությամբ երկու տասնամյակ առաջ հիմնվեց ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարը, իսկ այդ գերխնդրականների վրա աշխատել են նաև քանի գիտական ու մշակութային երախտավորներ (տե'ս` ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգ), իսկ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ հիմնահարցին նվիրվել էր նաև համանուն ողջ մի բազմաճյուղ հատոր (տե'ս` Ա.Վարպետյանի գրքերը):
       Տխուր է, երբ «ակադեմիական» նոր սերունդը վերաբացահայտում է «Նեսոյի քարաբաղնիսը»: Ակնհայտորեն, նահանջը շարունակվում է նախ մեր ներաշխարհում` թեև «Առաջ թե Հառաչ» կարգակոչով: