|
Տիեզերքի
կենտրոնը յուրաքանչյուրիս ներաշխարհն է, այն` աստեղնային
«ճերմակ խոռոչներ» դեպի
անսահմանություն: |
|
Սույն տարածքը
անհատական ոլորտ է, որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը,
իմաստախոսություններն ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ
իրադարձությունների, խնդրականների թե գաղափարների
վերաբերյալ: Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ,
դրույթներ թե մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի
իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ( N° 25
)
վարից վեր`
ըստ հաջորդական ամսաթվերի
21.01.2018
թ. - Հանճարների շարքից
(1-4)
21.03.2018 թ. -
Աշխարհի առաջին գարեջրատունը
21.05.2018
թ. -
«Ենթագիտակցական աֆերիզմ»
| |
21.05.2018թ. |
«ԵՆԹԱԳԻՏԱԿՑԱԿԱՆ ԱՖԵՐԻԶՄ»
|
Ազնիվը
չհասկացվելուց է վախենում,
խարդախը՝ հասկացվելուց... |
Եթե
կան «կոլեկտիվ ենթագիտակցություն», գիտակցական և
ենթագիտակցական իմպուլսներ, ազգային ինքնագիտակցություն թե
ենթագիտակցություն, ենթագիտակցական «ես», ինքնություն ու
էություն, ուրեմն պիտի լիներ նաև «ենթագիտակցական
աֆերիզմ»:
Իրականում մենք բոլորս էլ հանդիպում ենք այդ
ֆենոմենին, անգամ հարազատների մոտ թե ընկերների, երբեմն
կռահելով, սակայն առանց անդրադառնալու և բնորոշելու:
Այն յուրօրինակ մի «պայմանական ռեֆլեքս»
է, որը ձեռք է բերվում ծանր մանկությունից կամ կեցությունից,
որպես ինքնապաշտպանական մեխանիզմ: Այսինքն, անձը ստում է կամ
խարդախում անգիտակցաբար, համոզված, որ ինքը ազնիվ է կամ իր
անպատեհ խոսքը թե վարքը արդարացման հիմքեր ունեն: Եվ եթե այդ
անձի ուշադրությունը հրավիրեք իր այդ անբարո խոսքի թե վարքի
վրա, նա անմիջապես կանցնի հարձակման, մեղադրելով ձեզ
անարդարության և անգամ հիվանդագին ինչ-ինչ
մտահայեցողությունների մեջ: Իսկ որոշ դեպքերում հնարավոր է
ընդհակառակը, անձը գիտակցի իր սխալը և մինչև անգամ
շնորհակալություն հայտնի իր մեղադրողին
իրեն ճշմարտության ուղի բերելու համար:
Այս առումով, քիչ թե շատ, անհատապես թե հավաքականորեն
բոլորս էլ տառապում ենք «ենթագիտակցական աֆերիզմով»: Հատկապես
հայերս, որպես տառապած էթնիկական հանրույթ, սեփական սխալներն
ու արատները թաքցնելով այլոց չարախնդրության, բարբարոսության,
«հակաազգային դավադրությունների» և նման խարդավանքներով: Դրանք
կարող են լինել մասամբ ճշմարիտ, բայց շատ հաճախ ոչ ամբողջովին:
Այդպես, մենք մեզ համարում ենք ամբողջովին անմեղ ու արարչագործ
ազգ, ողջ մարդկությանը մեղադրելով մեր փորձությունների,
անարդարությունների և տառապանքների մեջ: Մինչդեռ, միմյանց
նկատմամբ միշտ էլ գործել է «ենթագիտակցական աֆերիզմը»,
դառնալով ազգային չարիք (անհանդուրժողականություն,
անմիաբանություն, սնապարծություն ու նաև երախտամոռություն. «Գնա մեռի՝ արի
սիրեմ» սկզբունքով ): Զի, եթե հակամարտող կողմերից
յուրաքանչյուրը բացահայտեր և ընդուներ իր «ենթագիտակցական
աֆերիզմը», ապա վեճերը կդադարեին և փոխհարաբերությունները
կառողջանային:
Մեկընդմիշտ դատապարտվա՞ծ է արդյոք որևէ հանրույթ կամ անհատ
նման բարդույթի: Ո՛չ անպատճառ: Զի, լինելով պայմանական
ռեֆլեքս, «ենթագիտակցական աֆերիզմը» կարող է ետաճել և համարյա
ամբողջովին վերանալ, քաղաքակրթական բարձր արժեքների
որդեգրմամբ, ինքնագիտակցության բարձրացմամբ և ոգեղինացմամբ:
Այլ խոսքով, հոգեվերլուծական կամ դիանեկտիկայի սկզբունքով
( ինքնագիտակցում ): Այս խնդրականում խիստ որոշակի դեր կարող է
ունենալ էիզմը,
որն ինքնին ակնկալում է ինքնաճանաչում, ամենայնում
էությունների բացահայտում և հոգևոր բարձրագույն արժեքներ:
Այսինքն այն, որի ուղղությամբ էլ առաջնորդում է հոգևոր
էվոլյուցիան, որպես մարդկային ցեղի ազնվացում, վեհացում ու
վերացում (սուբլիմացիա ): Այլ խոսքով.
ֆիզիոսֆերա-բիոսֆերա-նոոսֆերա (աննյութական ներաշխարհ-ներոլորտ
) վերաճով, մինչև կիբեռնետիկական «վերջնական վիճակ»: Այսինքն,
վերադարձ ելակետային գերԷություն, այլորեն՝ Եզակիություն կամ
հավատամքային «երկնային արքայություն»:
Ընդամենը այսքան
է
մարդկային «կամքի ազատությունը»:
Այն այլընտրանք չունի,
բացի էացումից կամ
անէացումից...
Ալեքսանդր Վարպետյան
Մարսել,
21 մայիս 2018 թ.
|
|
21.03.2018թ. |
|
«ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ԳԱՐԵՋՐԱՏՈՒՆԸ»
(վերստին Գյոբեկլի թեփեի մասին)
https://www.dailymotion.com/video/x64ep6s
|
Նկ. 1: a-b)
Քարակոփ տարաներ Գյոբեկլի թեփեի տարածքում: c). Որպես
արտեֆակտեր
քարակոփ տարա երկու սույների միջև Ուրֆայի
պուրակում ( արանքում՝ մենք 2004թ...):
|
|
|
Ուզողի խերը՝
չուզողի մերը...
|
Աշխարհի
առաջին տաճարը հռչակելուց հետո, որոշ հումորով այսպես
են ոմանք բնորոշում 12 000-ամյա Գյոբեկլի թեփե
հնավայրում հայտնաբերված մինչև 150-160 լիտրանոց
տարողությամբ բազմաթիվ քարե տարաները: Եվ այդ, ըստ
դրանցում մնացած նստվածքների կենսաքիմիական
վերլուծության: Մյունխենի տեխնիկական համալսարանի
լաբորատորիայում կատարված
տարրալուծումը այդ գորշ
նստվածքներում հայտնաբերել է կալցիումի օքսալատ
կրիստալներ (CaC2O4•H2O), որոնք առաջանում են ջրի և
հացահատկի շփումից: Այդ կրիստալները հազարամյակներով
մնում են կայուն: Իսկ որպես խմորիչ, ըստ բիոտեխնոլոգ
Martin Zarnkow -ի, այն առկա է մեր մշակի վրա ( իմա՝
բացիլները...): «Այդքանը բավական է գարեջրի խմորումը
բորբոքելու համար»- եզրահանգում է նա: Երիցս առավել,
որ հալյուցինոգեն բնանյութերը շամանիզմից անբաժան են,
որոնց համար օգտագործվել են տարբեր բույսեր, ինչպես
նաև տարատեսակ սնկեր: Իսկ գարեջրի արտադրության արդի
սկզբունքները մնում նույնը՝ ինչ անցյալում ու նաև
խորհրդավոր «սոմա-հաոմա» սրբազան խմիչքի պարագայում...
Այս վարկածի
օգտին է խոսում Գյոբեկլի թեփեում առկա կենդանական
առատ ու տարտղնած ոսկերոտիքը, ինչն
ակնկալում է ծիսական խնճույքներ:
Այնպիսինները, որոնց հետքերը գտնվել են Կատնայում,
Ստոունհենջում, Եգիպտոսում և այլուր (
տե՛ս.
www.eutyun.org/S/E/KATNA/Katna%201.htm
): Նկատի
առնելով, որ բոլոր այդ տարածքները նախնյաց
պաշտամունքին նվիրված նեկրոպոլներ են
(դամբարանադաշտ), ուստի
հավակնում են լինել ցայսօր ամենուր դեռևս գոյատևող
«քելեխների» նախատիպերը: Ավելին, կարծիք կա նաև, որ
նման ծեսեր պահանջել են բավականին հումք ու
նախապատրաստություն, որոնք հավանաբար իրենց հերթին
նպաստել են նստակեցությանն
ու երկրագործության
սկզբնավորմանը:
Հույն պատմիչ Քսենոֆոնը Հայաստանում տեսել է տարաներում «գինու»
վրա լողացող գարու հատիկներ: Ըստ նրա հայերը այն (
իմա՝ գարեջուր...) պատրաստել են ու խմել մթա
V-VI դդ ( «Անաբասիս» ): Եվ այդ ըմպել եղեգներով:
Ճիշտ այնպես, ինչպես պատկերված է խաֆաջյան խեցանոթի
վրա ( Նկ. 2a ) և Քյուլ թեփեում գտնված գլանադրոշմին (Նկ.
2b), վկայված նաև Առաջավոր Ասիայի բրոնզեդարյա
ավանդույթներում ( «Ծննդոց-ԱՅԱ», Երևան 2000/2003 թթ,
էջ 82-84 ): Իսկ եղեգը նույնպես եղել
է սրբազան բույս, ենթադրելով կապը ստորին աշխարհի և
վերաշխարհի միջև ( հայոց մեջ՝ «Վահանգնի ծնունդը»
եղեգնափողից...):
2a. |
|
2b. |
|
|
|
Նկ.2: a)
Խաֆաջյան մշակույթի
ծիսանոթի բեկոր (
Միջագետք, մթա III հզ):
Վերևի աջ անկյունում՝ ձողիկներով գարեջուր
խմելու ծես Գյոբեկլի թեփեի ծիսական տարաների
նման կաթսայից, ներքևի անկյունում՝ կին-Կենաց
ծառ զույգ այծերով: b). Նույնը Քյուլ թեփեի
գլանադրոշմին ( Նախիջևան,
շենգավիթյան մշակույթ, մթա
IV-III hh): Աջ կողմում նույնպես Կենաց ծառի
զուգորդմամբ. ինչը հուշում է դիցական
մոտիվներով համատարած նույն ավանդույթը:
|
|
Գարեջուր հավակնում է ներկայանալ որպես «սրբազան խմիչքների»
նախատիպը: Նրա երբեմնի բուն անվանումը հայտնի
չէ: Այդուհանդերձ, զենդերեն ( Ավեստայի
լեզու) mada-սրբազան խմիչք ( հնխ.
*med [h]u-
մեղրագինի ), pīva-յուղ, գոթ. bius, գերմ.
Bier, անգլ.
beer, ֆր. bière ( boir -խմել ), սլավ.
пиво - գարեջուր հուշում են հին և
ընդհանուր մի անվանման
գոյությունը, համահունչ
մանկալեզու բու, բուա, բի-վա, ըմբու-ջուր խմել
և հայ. հենց «ըմպել» եզրի հետ:
Ու թեև Գյոբեկլի թեփեում գարեջրի պատրաստման
և օգտագործման այլ փաստարկներ առայժմ չկան,
սակայն նեկրոպոլերում ծիսական խնճույքների
համատարած ավանդույթը ( քելեխներ,
գերեզմանների վրա՝ մի բաժակ օղի և ուտեստ՝
ցայսօր...), գարեջրի անվանումները, «սրբազան
խմիչքների», մեռելոցների, քարեկոթողների և այլ
համատարած ավանդույթները վկայում են
նախամշակութային մեկ կենտրոնի առնվազը 12000
ամյա հիրավի գոյությունը, ի դեմս Գյոբեկլի
թեփեում: Ենթադրվում է, որ այդ ծեսերը նպաստել
են տոհմական կապերի ամրապնդմանը, իսկ նույն
սկզբունքով բազմաթիվ օղակաձև կառույցներում
տարբեր կենդանատեսակների գերակայությունը՝
տոտեմական տոհմերի առկայությունը մեկ
սուպերէթնոսում: Այն, ինչը մենք առաջին անգամ
կռահել էինք «Ծննդոց-ԱՅԱ» մենագրության մեջ
(Երևան 2000, էջ 854) և ամրագրել «AXIS MUNDI-Գյոբեկլի թեփեի առեղծվածը»
հետազոտությամբ (Երևան 2016, էջ 8, 15, 63,
69): Այդու կարող է բացատրվել ընդհանուր
հուշարձանի արհեստականորեն հողով ծածկումը և
տոհմանական նման առանձին հուշարձանների
առաջացումը հետագա ազգագավառներում: Այնպես՝
ինչպես գրանցված է Ստոունհենջում, Զատիկի կղզում
և այլուր: Եվ երիցս առավել,
որ առաջինը ընտելացված վայրի ցորենի (
petit épeautre )
և գարու նախահայրենիք
համարվում է հենց այս տարածքը, հարուստ նաև
ջրածածկ եղեգնուտներով:
Առավել կարևոր են Գյոբեկլի թեփեում մարդկային մնացորդների տարտղնածությունը,
իսկ
կենդանական ոսկերոտիքի մեջ՝ անգղների առատ
մնացորդները (Նկ.3 a, b, c):
Մի հանգամանք, որը
վերագրվում է décarnisation (մսազերծում)
կոչված հնագույն ավանդույթին և լեշակեր
անգղների «առաքելությանը»,
որոնք ամբողջովին մսազերծում էին դիակների
ոսկերոտիքը: Այդու է
բացատրվում դասական դամբարանների
բացակայությունը,
մարդկային մանրացված մնացորդների
սփռվածությունը
և անգղ-«հրեշտակների»
երբեմնի պաշտամունքը: Հայոց
պարագայում նաև հսկա,
եղունգներով քարերը տաշող, արծիվները քանդակող
հսկա Տորք Անգեղ աստվածությունը և Անգեղաց Տուն
տոտեմական տոհմի նախարարությունը Գյոբեկլի
թեփեից ընդմենը մոտ 50 կմ հեռավորությամբ:
Տորք Անգեղը հենց Գյոբեկլի թեփեի շինարարների
առասպելացումն է ժողովրդական հիշողության մեջ,
երբ հուշարձանը մթա IX-VIII
հհ արդեն ծածկվել էր հողով:
Ուրեմն, մինչ այդ պիտի լինեին վաղնջական
տեղաբնիկներ, առասպելացված իրողությունը
հաջորդ սերունդներին փոխանցելու համար... (
«AXIS MUNDI-Գյոբեկլի թեփեի առեղծվածը», էջ
56-63 ):
|
Նկ.3:
a): Անգղների բազմաթիվ մնացորդներ
Գյոբեկլի թեփեում: b) Անգղի
քարակերտ գլուխ նույն հուշարձանում:
c) Հուշարձանի n° 43 քարեկոթողը
անգղների և անգլուխ մարդու պատկերմամբ
( ներքևի աջ անկյունում ): Որոշ
երկրներում ցայսօր տարածված ծիսակարգ
«երկնային թաղում» բնորոշմամբ, երբ
հանգուցյալի դին հանձնվում էր լեշակեր
թռչուններին ( հնդամերիկյան և որոշ
էթնոսներում վերապրող ավանդույթ:
Հիշենք ճապ. «The Ballad of Narayama»
«Նարայամայի առասպելը» կինոնկարը,
Կաննի 1983 թ. «Ոսկյա արմավենու
ճյուղ» մրցանակակիր):
|
|
Մեկ խոսքով, Գյոբեկլի թեփե հնավայրի
ամեն մի նոր բացահայտում
անվերջ գալիս է
լրացնելու և հաստատելու «AXIS MUNDI
(Աշխարհի
առանցքը)-Գյոբեկլի
թեփեի առեղծվածը» մեր հայերեն ու
անգլերեն մենագրությունը (Երևան
2016), այն՝ «Ծննդոց -ԱՅԱ» կոթողային
տեսությունը (Երևան 2000,
վերահրատարակությունը՝ 2003 թ.:
Լուսանկարները՝ ստորև):
Այսքանի հետ
Հայկ. լեռնաշխարհի
նախահնդեվրոպական շրջանում
մեր կողմից պայմանականորեն այական
կոչված սուպերէթնոսի առկայությունը,
իսկ դրա մեջ՝ նախահայերի և
նախահայերենի գերակայությունը, ինչը
գլխիվայր է շրջում արդի լեզվաբանական
ընդունված և հեղինակավոր
տեսությունները...
Մինչդեռ,
Հայաստանում
ամբողջ
մի Հնագիտության և
ազգագրության ինտ-տ դեռ քնած
է ավանակի
ականջում, այլք
պարզապես իրենց ավանակի տեղ են դնում,
իսկ իշխանության գլուխը աջ ու ձախ հացե
նշխարիկների պես շքանշաններ է բաժանում
ում ասեք: Մինչդեռ մենք մնում են
Հայաստանից վտարված,
որպես իբր
«նացինալ-ֆաշիստ» և ՀՀ
պետանվտանգությանը լուրջ սպառնալիք...
Դառնանք
զօղորմի տի տանք հանճարեղ նախնյաց...
|
|
Ալեքսանդր Վարպետյան
Մարսել,
21 մարտ 2018 թ. |
|
|
|
|
21.01.2018թ. |
|
Ոսկեղենի արժեքը միայն ոսկերիչը գիտե,
հանճարեղության արժեքը՝ հանճարեղացուն,
ապուշության հմայքը՝ միմիայն ապուշը... |
1989 թ. էր, ղարաբաղյան շարժման բուռն
ժամանակները: Ֆրանսիայում լույս էր տեսել իմ «Ովքե՞ր են ի վերջո
արիացիները» մենագրությունը: Եկել էի Հայաստան այն ներկայացնելու
հասարակությանը և ավագ մտավորականությանը: Ինձ հաջողվել էր ընդամենը 15
րոպե տեսակցություն ստանալ ԳԱԱ պրեզիդենտի մոտ, ով թեժ ժամանակներում
Մոսկվայից հայրենիք էր եկել միայն 2 օրով: Գրքի մեկ օրինակը ձեռքիս կես
ժամ առաջ բարձրանում եմ Բաղրամյան պողոտայով: Ճանապարհին Տեխնիկայի
Տունն էր, որտեղ տեղավորված էր ՀՀՇ-ն իր շտաբով: Թերթերից մեկում տեսել
էի երբեմնի իմ հարևան Լևոն Տեր-Պետրոսյանի լուսանկարը, որին հիշում էի
գիմնազիստի պես դասագրքերը ձեռքին: Սակայն, այդժամ թերթերի անորակ
լուսանկարում դեմքը ճանաչելի չէր: Մտա հհշական «սմոլնի», հարցրեցի,
ուղղորդեցին երկրորդ հարկ: Անփութորեն ձգվել էր բազկաթոռին՝ վիզը
բուժական ճերմակ կաղապարի մեջ: Ճանաչեցինք մեկզմեկու, ողջունվեցինք և
հարցրեցինք միմիյանց որպիսությունները: Ես ոգևորված խոսեցի գրքիս և Վ.
Համբարձումյանի հետ հանդիպման մասին: Խնդրեց հատորը, ապա մեկնելով իր
գրիչը խնդրեց մակագրել իրեն: Ես խոստացա հետո նրան մեկ օրինակ նվիրել,
բայց նա համառորեն պնդում էր: Բնակվում էի ոչ հեռու և կհասցնեի տնից մեկ այլ օրինակ
վերցնել: Ուստի մակագրեցի. «Սիրելի Լևոնին... ևն»: Թանաքը չչորացած նա
արտաբերեց. «Սա ռասիզմ է...»: Ապշել էի, ձկան պես բերանս բացուփակելով
ուզում էի ձեռքից խլել գիրքը, երբ նա նկատելով վրդովմունքս վրա բերեց.
«Ասենք հրեաները ավելի ռասիստ են...»: Ապշեցի կրկնակի, հրեաների մասին
խոսք չէր եղել...
Ինչևէ, հարթեցնելով միջադեպը Լևոնը տվեց Մատենադարանի
և բնակարանի հեռախոսահամարները, առաջարկելով կապվել և հանգամանալից
զրուցել:
Շտապեցի դուրս գալ, գնալ այլ մեկ օրինակի հետևից և բարձրանալ ակադեմիա
ճիշտ ժամանակին: Քարտուղարուհին զեկուցեց և հրավիրեց ներս: Վ.
Համբարձումյանը նստած էր իր գրասեղանի առջև, խորհրդակցական երկար
սեղանի նրա աջ կողմում՝ ԳԱԱ փոխպրեզիդենտ ակադեմ. Գագիկ Սարգսյանը:
Որպես պատմաբան վստահաբար հրավիրված էր հատուկ այս
հանդիպմանը: Վ. Համբարձումյանի
առաջարկությամբ նստեցի նրան դեմ դիմաց: Գիրքը հանձնեցի հասցեատիրոջը:
Հանճարի վեհությամբ ու հանգստությամբ տվեց հարցերի մի շարքը, որոնց
բնույթը ինձ քիչ թե շատ հասկանալի էր գիտական հանճարների փորձից.
դատողության, վերլուծական և կառուցողական մտքի ստուգում: Գ.Սարգսյան լռել էր ու
չարությունից կարմրել: Պրեզիդենտի կարծիքի հարցմանը հազիվ պատասխանեց.
«Սրանք Ռաֆայել Իշխանյանի կողմնորոշումներից են...», իմա՝ ոչ գիտական:
- Շատ լավ, հարգելիս-դարձավ Վ. Համբարձումյանը ինձ.-
մենք ձեզ
հնարավորություն կտանք համոզելու մեր գիտնականներին ձեր տեսակետների
ճշմարտացիությունը...
Մինչ այդ Ռ. Իշխանյանը ինձ տվել էր մի նյութ իր նման մի դառը
կենսափորձից սփյուռքում հրապարակելու համար: Նա հայտնվել էր
հայագիտական այդ «ջոջերի» հանձնաժողովի առաջ և ենթարկվել ծաղրուծանակի,
ինչպիսինը հեռակա կարգով արժանացել էր լուսահոգի Մարտիրոս Գավուքչյանը:
Իմ պատասխանը անզուսպ էր և կտրուկ, առանց սեթևեթանքների.
-Ես իմ
տեսակետները արդեն շարադրել եմ և որևէ մեկին ապացուցել չեմ
պատրաստվում: Թող նրանք հակառակը ապացուցեն: Նկատեցի, որ Վ.
Համբարձումյանը մեղմ ժպտաց, նրան դուր էր եկել իմ մարտունակ ինքնավստահությունը:
- Շատ բարի, մենք կծանոթանանք և ձեզ տեղյակ կպահենք -արտաբերեց նա
շարունակելով աչքի պոչով հետաքրքրությամբ թերթել հատորը:
Շնորհակալությամբ հրաժեշտ տվի և ուղղվեցի դեպի դուռ: Դռան մեջ Վ.
Համբարձումյանը հեռվից ևս մեկ ստուգողական հարց տվեց, չեմ հիշում ի՞նչ
և ինչպե՞ս պատասխանեցի, բայց մտապահեցի ճշմարիտ լինելու իմ նույն
համոզվածությունը:
Դուրս
եկա փողոց, փորձելով հարթուկել մտքերս, երկու անչափ տարբեր
հանդիպումներից հետո. գիտական միջակություն Լևոնի գոռոզամտությունը և
հանճարի մեղմ, հետաքրքրված ու խիստ բանիմաց մտայնազննությունը՝ շատ համահունչ Ա.
Էյնշտեյնի ու նման այլոց մտահոգեբանությանը: Այդ երկուսի
հարաբերակցությամբ էլ բնորոշվում է նախորդ և հաջորդող մտավորականության
ինչությունը՝ անհամեմատ վատ արդի իրավիճակում...
Ավելի ուշ Վ. Համբարձումյանի բնութագիրը
հաստատեց Արման Մանարյանը, ում վերաբերյալ
վավերագրական կինոժապավեն էր նկարահանել ու հիացած էր նրանով:
Բոլորովին ոչ այն, ինչը տարածում էին չար լեզուները՝ իբր երիտասարդ
գիտնականներին չընդառաջելու վերաբերյալ:
Այդ հանդիպումից հետո ԳԱԱ Լեզվագիտության ինտ-տի տնօրեն ակադեմ. Գ.
Ջահուկյանը երբեմնի «Խորհրդային Հայաստան» թերթում իմ դեմ մի լկտի հոդված
հրապարակեց, որին «Գիտությունը դեռ իմաստություն չէ» պատասխանով փռել
էի խեղճի գիտական դիակը ( տե՛ս. «Ինքնություն» հատորը, Երևան 1993, էջ
265-273 ): Այնինչ, մեծն և խիստ հայրենասեր Վիկտոր Համբարձումյանը «Էություն» հանդեսի
վերաբերյալ իր պաշտոնական կարծիքը հայտնեց ԳԱԱ բլանկի վրա, իսկ
բանավոր այն փոխանցեց ԳԱԱ քարտուղար Վ.Բարխուդարյանը հանդեսի
շնորհանդեսին հրավիրված Վ. Համբարձումյանի փոխարեն (
տե՛ս ստորև և
www.youtube.com/watch?v=2oUOCv1z_zA , 6:10 րոպե ): Եվ այդ այնժամ,
երբ «Էություն» հատորը էիզմի վերաբերյալ դեռ լույս չէր տեսել:
Այսուհանդերձ, հանճարեղ գիտնականին բավական էր եղել մի
քանի դրույթներով կռահել գալիք ողջ ուսմունքի
բուն էությունը և նախագաղափարների հիմքով ընդհանուր կարծիք կազմել:
Հանճարներին
հատուկ ևս մեկ հատկանիշ, որին արդեն ծանոթ էի Ս. Փարաջանովի, Ժ.
Գառզուի, Ա. Տերտերյանի և այլոց պարագաներում ( տե՛ս վերոնշյալ
հղումներով) ...
Տարիներ անց՝ 1997 թ., ինձ հաջողվել էր «Էություն» հատորը փոխանցել
ՀՀ կրթության և գիտության նախարար, Բյուրականի աստղադիտարանի
տնօրեն և Վ. Համբարձումյանի սան Արտաշես Պետրոսյանին և տեսակցություն
ստանալ: Նա արդեն ծանոթացել էր տեսությանը, ինձ ընդունեց բացառիկ ջերմ,
հրավիրեց ու ինքն էլ նստեց խորհրդակցական սեղանին ինձ դեմ դիմաց, կանչեց
«ֆեյա ԿԳԲ» քարտուղարուհուն, սուրճ պատվիրեց և կարգադրեց ոչ ոքու
չընդունել ու չխանգարել ( խիստ խստապահանջ տիկինը
ապշել էր... ): Ապա թույլտվություն հայտնեց անցնել «դու»-ի և առաջին
արտահայտությունը եղավ.
- Այժմ պարզ է թե այդ գաղափարները որտեղի՞ց են գալիս
( խոսքը իր կրթական վարչության այդժամ պետ, «Է արար» գրքույկի հեղինակ
Ա. Շահնազարյանի մասին էր... Տե՛ս. «Էություն» հանդեսի այս էջը.
www.eutyun.org/S/E/EHandes/EHNH_27_61.htm ): Ապա, հիմնական
խոսակցությունը գնաց էիզմ ուսմունքը կրթական համակարգ մտցնելու
հնարավորության վերաբերյալ: Իմ պատասխանի հետ. իջեցնել պետպատվեր, կազմել
դասագրքային հանձնախումբ, մշակել այն և հրատարակել ( բանիմաց
ուսուցիչներ, հոգեբաններ և այլք), նրա դեմք աստիճանաբար մռայլվում էր:
Ես կարդացի. «Լավ, ես աստղաֆիզիկոս-տիեզերաբան եմ, կառավարությանը
ինչպե՞ս եմ համոզելու սրա ինչությունն ու անհրաժեշտությունը»: Ինչը շատ բնական էր,
առավել ևս այսօր...
- Բարի-ի
վերջո որոշեց նա-. այսօր երեկոյան
հանդիպելու եմ նախագահին և կզեկուցեմ ( իմա՝ Լ. Տեր-Պետրոսյանին ):
Տեղյակ կպահեմ:
Նա պիտի խնդրեր նաև Հայաստանում իմ տասնամյա հատուկ կացության հարցը
լուծելու թույլտվություն, զի մենք 1994/95 թթ երկքաղաքացիության մասին
օրենքով զրկվել էինք ՀՀ քաղաքացիությունից: Հաջորդ հանդիպման խոսք գնաց
միայն այդ մասին: Պարզ էր, որ ԼՏՊ էիզմը կրթական համակարգ մտցնելու
գաղափարին հավանություն չէր տվել, ոչ էլ տասնամյա կացության
կարգավիճակին: Այսուհանդերձ, ՀՀ կրթության և գիտության նախարարի
միջորդությամբ մեզ տրվեց 1 տարվա կացության անվճար կարգավիճակ, նկատի
առնելով մեր վաստակը հայագիտության ասպարեզում:
-Ես ձեզ ամեն տարի նման կարգավիճակ կապահովեմ.
- խոստացավ նա: Սակայն, հաջորդ տարի նա արդեն փոխարինվեց, իսկ
հաջորդ տարիների համար նույն հիմնավորմամբ մեզ
անվճար կարգավիճակ տրվեց ՀՀ մշակույթի նախարար
Ռ. Շառոյանի միջորդությամբ:
Այդպես սկսվեց մեր հալածանքները դեռևս ԼՏՊ-ի նախագահության վերջին
տարիներին, միջև 2002 թ. արտաքսումը և արդեն 16 տարի է ի վեր ՀՀ մուտքի
կտրականապես ու անժամկետ արգելքը:
Մնում է անհասկանալի, թե այդ ինչպե՞ս հակառակամետ այսքան
իշխանափոխություններից հետո մենք մնում ենք «ՀՀ պետանվտանգության լուրջ
սպառնալիք» ու դեռ նացիոնալ-ֆաշիստ (
www.eutyun.org/S/2/AVG/AVG_1601224_ARTAROC.htm ):
Աստծո գործերը մահկանացուներիս անմատչելի են, ՊԱԿ/ԱԱԾ-ինը՝ ոչ
պակաս...
Վերջին մեկ նշմար: Վերջին տարիներին Ազատության հրապարակում,
ՀԱԿ-ի հանրահավաքներից մեկը չգիտես ինչո՞ւ
ՀՀ առաջին նախագահը նվիրեց հատկապես հայագիտությանը:
Լինելով ոչ հայագետ նա ավելորդ ինքնավստահությամբ
խոսեց հայ ինքնանվանման
ծագման մասին, հաստատելով ըստ Ի. Դյակոնովի գերիշխող դարձած իբր Hate>Hai̯
անհեթեթ վարկածը, ի հակառակ մեր «Ծննդոց ԱՅԱ»
մենագրության ( Երևան 2000 թ., վերահրատ. 2003 թ.):
Ամբողջ մի հանրահավաք հատկացնելով այդ թեմային,
բացահայտորեն նրան անհանգստացնում էին Էության օրըստօրե ծավալվող
գաղափարները: Եվ այդ զանգվածային բանագողությունների և
շահարկում-աղավաղումների պայմաններում ( տե՛ս.
www.eutyun.org/S/Ashx/BANABOZUTYUN.htm ):
Այս իրողությունները հիմք են տալիս միանշանակ հաստատելու, որ հայագիտությունը
բնավ էլ նացիոնալ-ֆաշիզմ չէ, ինչպես մեզ մեղադրում էր առաջին նախագահն
ու արդի ԱԱԾ-ն վերոնշալ
հղմամբ: Ավելին, Էության գաղափարներով
ներշնչված երբեմի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ և ՀՀ
Կառավարության 15.08.2002 թ. N 1302
Ն որոշմամբ ՀՀ գիտության ու տեխնիկայի զարգացման գերակա գիտաճյուղերի
մեջ առաջնայնությունը տրվում էր հենց… հայագիտությանը (
www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm ): Այսինքն, Վ.
Համբարձումյանից սկսյալ, անցնելով ավագ մտավորականության
քաջալերանքներին (
www.eutyun.org/S/P/AAV/AV_ManuscriptsAndDocs.htm ) մինչև
Էության հիմնադիր, գիտության և մշակութի երախտավորները ( տե՛ս. նշյալ
«Տարեգրություն» հղմամբ )
նացիոնալ-ֆաշիզմի մասին չնչին իսկ խոսք լինել
չէր կարող: Այս առումով ԱԱԾ-ի մեղադրանքը աներևակայելի և պատմական մի
մեծ խայտառակություն է հենց ՀՀ ողջ վարչակազմի համար: Իսկ վերևներում՝
ներառյալ ՀՀ նախագահը, չգտնվեց որևէ մեկը նրանց սթափություն հորդորելու համար...
Նույնը նաև աղանդավորության մեջ մեզ և ողջ Էություն միաբանության
մեղադրելու եկեղեցական հերյուրանքի պարագայում (
http://hetq.am/arm/news/83906/fransahay-aleqsandr-varpetyany-datakan-hayc-e-nerkayacrel-aats-i-dem.html/
): ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ և համաշխարհայնորեն ճանաչված Վ. Համբարձումյանի
պաշտոնական նամակում պարզորեն նշված է « վասն
ապագա իմաստության հին ճշմարտությունները նորագույն գիտության հետ
շաղկապելու» հանգամանքը ( իմա՝ դեռ սաղմնային էիզմի... ),
խիստ ոգեղեն՝ սակայն առանց
հավատամքային երանգավորման: Այն, ինչը այլևս հորդորում են Հռոմի
Պապերը, Դալայ Լամա 14-րդը, և շատ այլք, գիտության, տիեզերագիտության և
կիբեռնետիկայի դարաշրջանում: Մեր պարագայում այս արդեն հայ առաքելական եկեղեցու
միջնադարյան «ինկվիզիցիոն» միջամտությունն է, երբ ըստ ՀՀ սահմանադրության եկեղեցին
իբր բաժանված է պետությունից, բնականաբար նաև գիտությունից և
իմաստությունից...
Մինչդեռ թե՛ մեկը և թե՛ մյուսը միմյանց կատարելապես համապատասխանում
են, մարմրող այս ազգի լինելիության թե ոչ հաշվին...
Տգիտությունը մեղք չէ, բայց հաճախ
դառնում է մեծագույն չարիք: Իսկ եթե ըստ Սոկրատեսի «բարոյականությունը
գիտություն է» ( վկա՝ բարոյագիտությունը...), ապա տգիտությունը նաև՝
անբարոյականություն:
Մինչդեռ ըստ էիզմի.
Ազգերը մահանում են տխմարությունից ու նաև անբարոյականությունից....
Ալեքսանդր Վարպետյան Մարսել, 21, հունվար, 2018 թ
|
|
|