|
|
« ԵՐԴՎՈՒՄ ԵՄ
ԱՍԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻՄԻԱՅՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ,
ԵՎ ՈՉԻՆՉ ԲԱՑԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ » ...
( հոդվածաշարից )
13/03/2009
թ.
|
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
( Ժ. Ժ. Լեֆեվր ) |
ՌԱՖԱԵԼՅԱՆ ՏՐՈՀՅԱԼ ԿԱՌԱՓ
( Սալվադոր Դալի ) |
ՍԻՔՍՏՈՍՅԱՆ ՄԱԴՈՆՆԱ
( Ռաֆաել Սանցո ) |
Ասույթներ ճշմարտության
վերաբերյալ
«ԱՍՏ ՀԱՆԳՉԻ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐՈՐԴԻ ՎԱՐՊԵՏՅԱՆԻ… ՏԱՊԱՆԱՔԱՐԸ»
հատորից (Երևան 2005 թ.) և հեղինակային այլ աղբյուրներից:
(
Ճշմարտության վերաբերյալ աշխարհի 80,000 այլ ասույթներ տե’ս.
http://www.evene.fr/citations/mot.php?mot=verite
) |
|
- Լավ ստախոսը պիտի պնդերես լինի, վատ ստախոսը` գոնե... սևամորթ:
- Ըստ Հ. Պարոնյանի. «Ճշմարտութիւնը միշտ կը բռնաբարուի, զի մերկ է
եւ
գեղեցիկ»: Այսօր այն այդքան մերկ չէ` որքան պճնված, և այնքան չի
բռնաբարվում`
որքան ... մարմնավաճառվում է:
- Թերի ճշմարտությունները միշտ էլ դիմում են խարդավանքների,
թերի խարդավանքները` ճամարտակության:
-Կեղծ թղթադրամերի շուկայում կեղծ է դիտվում միակ ճշմարիտ
թղթադրամը:
- Ճշմարտությունն ու ճշմարտասերը գտնում են միմյանց ինչպես
սիրահարները,
դրամն ու դրամատերը` ինչպես սովահարները
փառքն ու բռնատերը` ինչպես դիվահարները:
- Ճշմարտությունը համասփռվեց բոլորին և կռիվ ընկավ թե ո՞ւմ բաժինն
է առավել մեծ:
«Ձայն բազմա~ց` ձայն Աստծո» - վճռեց եկեղեցին:
- Ազնիվը չհասկացվելուց է վախենում, խարդախը` հասկացվելուց:
- Մեծագույն սուտը կես ճշմարտությունն է,
ահարկու թշնամին` կեղծ բարեկամը,
վատագույն տգիտությունը` կիսագրագիտությունը,
չարագույն վախճանը` ո’չ ապրելը, ո’չ մեռնելը:
- Մեզ հավասարապես գրգռում են և’ կեղծիք, և’ ճշմարտությունը,
զվարճացնում թե’ հիմարությունը և թե’ սրամտությունը,
գայթակղում և’ սատանան և թե’ Աստված ...
- Ճշմարտությունն այնքան զորավոր է, որ մեր մեջ պահելիս փորացավ է
տալիս,
արտաբերելիս` գլխացավ, ոտնահարվելիս` սրտացավություն,
բացահայտվելիս` ... ցավագարություն:
- Ճիշտ խոսողը վտանգում է կզակը, ստախոսը` ... քսակը:
- Դեռևս այնքան խելոք չենք, որ կարողանանք խաբել Աստծուն կամ
սատանային,
ուստի առայժմ խաբում ենք միմյանց, բայց վերագրում ... բարքերին:
- Իմաստունը խաբելու կարիք չունի, տխմարը ինքն է խաբվում:
- Ավելի անկեղծ ենք կեղծելուց` քան, երբ ջանում ենք անկեղծ երևալ:
- Մինչև այլոց «անկեղծորեն» խաբելը նախ ջանում ենք խաբել ինքներս
մեզ,
որն անհամեմատ ավելի հեշտ է` քան սեփական անձի հետ անկեղծ լինելը:
- Հայհոյանքներում հաճախ ավելի անկեղծություն ու ճշմարտություն է
լինում`
քան այդքան հաճոյախոսություններում:
- Ստիպիր ստել` կիմանաս ճշմարտությունը:
- Ճշմարտասիրությունը ավելի ընդունելի է` քան ճշմարտությունը: Դրա
վնասը
այնքան էլ մեծ չէ, իսկ սխալվելու հավանականությունը` պակաս:
- Ճշմարտասեր ծնվում են այնպես, ինչպես աշխարհ են գալիս մորեմերկ,
թխամաշկ
կամ սպիտակամորթ: Այլ խնդիր են արևահարումները, կնճռապատումները,
դիմահարդարանքը, կամ հանգամանքային հանդերձանքները:
- Ինչպե՞ս կարող ենք վստահել այլոց, երբ ինքներս մեզ չենք
հավատում:
- Ճշմարիտ լինելու համար ազնվությունը բավական չէ. հարկ է լինել
նաև իմաստուն,
կամ գոնե ... բնական:
- Կատարյալ անկեղծ կարելի է լինել կա’մ տխմարությունից,
կա’մ միայն տխմարների հետ:
- Ճշմարտությունը քողարկելու հնարամիտ միջոցը երկու կեղծիքների
բանավեճն է,
խորամանկելու այլ մեկ հնարը` ... հիմարանալը:
- Հմուտ ստախոսը պետք է գոնե քիչ թե շատ ճշմարտությունն իմանա
և մնա հնարավորինս ճշմարտամոտ:
- Եթե շատ ենք ստում` ի վերջո հավատում ենք դրան, իսկ եթե լավ ենք
ստում`
հավատացնում նաև այլոց: Այդպես էլ, անգամ կեղծ բարեպաշտությամբ
ակամա ու
աննկատ բարեկրթվում է մարդկությունը:
- Ոմանք ճշմարտություն են որոնում... էլ ավելի խորը թաղելու համար,
ապա այլոց հորդորում «շան գլուխը» որոնել այլուր:
- Պատշաճ ստելու համար այլևս անհրաժեշտ է ... ճիշտն ասել, ինը
ճշմարտին
խառնելով մեծ սուտ, իսկ ճշմարտությունը մատուցելու համար` մի քիչ
ստել,
խառը կանաչու մեջ դնելով ... մեկ ձու:
- Եթե հիրավի ճշմարիտ եք ու ձեզ չեն հավատում, ապա այդ նախ
վիրավորական է,
հետո` քաջալերական, և ի վերջո` նույնիսկ զվարճալի:
Իսկ եթե ձեզ չեն գնահատում` ապա թերևս դուք հիրավի ... անգնահատելի
եք:
- Չարի վերջը արարչությունն է, բարու վերջը` ճշմարտությունը:
- Մաղում ջուր չես պահի, աչքերում` գաղտնիք,
Թփերում հուր չես պահի, փորումդ` չարիք:
- Եթե կշռաքարդ սխալ է` որքան ուզում ես ճիշտ կշռիր,
իսկ եթե քիչ թե շատ ճիշտ` ոչինչ, եթե փոքր-ինչ սխալվես:
- Մեծ գաղափարները հաղթում են փոքրերին
փոքր ճշմարտությունները` մեծ գաղափարներին:
- Եթե «ճիշտ հարցը պատասխանի ընդամենը կեսն է»,
ապա ճիշտ պատասխանը` հարցերի ամբողջությունը:
- Ճիշտ խոսքը գտնում է ճիշտ ականջի ճամփան,
բայց նա էլ ճիշտ խոսքն է ձգում դեպ իրեն:
- «Ճշմարտությունը ջրհորի հատակում է», իմաստությունն ու
էությունները` նույնպես:
- Ճշմարտությունը աջից ու ձախից վեր է, բայց կեցության մեջ ...
միշտ «տակ» է մնում:
- Ճշմարիտ լինելու համար շատ է գեղեցիկ, կեղծ լինելու համար` շատ
տգեղ ու տգետ:
- «Ճշմարտությունը կա’մ երեխայից իմացիր, կա’մ հարբածից », կա’մ
... բանագողից:
- Ճշմարտությունները հիրավի նման են Արեգակին. կարող են միաժամանակ
թե’
ջերմացնել ու լուսավորել, թե’ այրել ու կուրացնել, թե’ արարել ու
թե’ ավերել,
այսուհանդերձ առավելաբար մնալով արարչական, առողջարար, արդար,
ոգեղեն,
առաջնորդող և իմաստության գրավական:
- Եթե համոզված եք, որ ճշմարտությունը հայտնվել է ձեզ մոտ, ապա
համարեք, որ
թառել եք վառոդի տակառին:
- Բնական գորգի իսկությունը մատնում է հակառակ երեսը:
- Քեզ չեն խաբել` դու ես խաբվել,
քեզ չեն մորթել` դու ես մորթվել:
- Թերի ճշմարտություններից աճում են մեր մոլորությունները,
նույն մոլորություններից` ճշմարտության պահանջը:
– Իմաստությունը իմացությունից տարբերվում է առաքինությամբ,
իմաստասիրությունից` ոգեղինությամբ, իմաստակությունից`
ճշմարտությամբ:
– Սխալը ծառայում է Ճշմարտությանը, ճիշտ այնպես` ինչպես բացիլը`
կյանքին,
խավարը` լույսին, տկարը` զորեղին, իգականը` արականին, մարմինը`
հոգուն, և
գայլերը` ... անտառների գոյապահպանմանը:
Յուրաքանչյուրի ճշմարտությունը ուղիղ համեմատական է
իր ազնվությանն ու իմաստությանը:
Յուրաքանչյուր իրականություն ունի ճշմարտությունների իր սանդղակը,
պատրանքային երևույթներից մինչև անտեսանելի գերԷություն:
Իսկ յուրաքանչյուր իրականությունում մեծ ու փոքր
ճշմարտություններին`
համապատասխանում են խորը թե ծանծաղ էություններ,
բուսակենդանական «ռեալիզմից» մինչ անհասանելի վեհություններ:
Ճշմարտությունները էություններ են, կեղծիքները` երևույթներ:
Ստախոս չէ նա ով հավատում է իր ստին, այլ առավելաբար նա`
ով իր ճշմարտությանը չի հավատում ...
- Շատ հնարավոր է վերստին հանդիպեք ճշմարտության ճանապարհին, եթե
միմյանցից անկախ որոնեք այն: Իսկ առավել հավանական է, որ
ճշմարտասեր
մարդկությունը ինքնաբերաբար միավորվի նույն ճանապարհին, ինչպես A
կետից բոլոր
ուղղություններով ցրվող լուսաճառագայթներն են ի վերջո համատեղվում
և գտնում
դեպի B կետ առաջնորդող ամենակարճ ճամփան:
– Եթե հավատարիմ մնացիք ճշմարտությանը` ընդմիշտ լիելու եք
ընդդիմադիր,
Իսկ եթե հավատարիմ մնացիք ընդդիմությանը` ապա ի վերջո նաև ...
մեն-մենակ:
- Ճշմարտությունը հիրավի Աստծո պես մի բան է, և’ կա, և’ չկա: Կա’,
բայց չի երևում,
իսկ հայտնվելիս ոչ թե միացնում` այլ բաժանում է. լույսը` խավարից,
առաքինին`
խարդախից, իմաստությունը` տխմարությունից, էությունները`
երևույթներից, և
Քրիստոսին` ... քրիստոնեությունից:
|
Կեղծիքներն ամեն իրագործվում են
վասն ... ճշմարտության,
Լրբությունները` վասն սրբության,
Բռնությունները` վասն ազատության,
Խարդավանքները` վասն ազնվության,
Դավերը` հանուն մի դավանանքի,
Իսկ ոճիրները` ... բարեգործության:
Եվ ընդհակառակը ...
Թե չկճպեցիք ԷՈՒԹՅՈՒՆԸ բուն`
Չե’ք ըմբռնելու խայծի առակը,
Չե’ք տարբերելու խայտն առաքինի
Ու խայտառակը ...
( «ՈԳԵԿՈՉ», Ա.Վ., Երևան-1991 ) |
|
|
|
|