|
|
Որքան էլ
զգոն, սույն ակնարկը հրապարակվում է միմայն որպես
տեղեկատվություն գիտական աշխարհում կատարվող
հետազոտությունների և էիզմի հետ դրանց անմիջական
առնչության վերաբերյալ: Իսկ զգոն, զի այդ բացահայտումները
չար ձեռքերում չարիք են դառնում, ինչպես միջուկային
էներգիան կամ ռազմաքաղաքական տեխնոլոգիաները,
նեյրոլինգվիստիկան, պսիխոֆիզիկան թե ինֆորմացիոն-ալիքային
ներգործությունները: Առավել ևս, որ.
Աղբի մեջ առողջ սերմը
առնետներ է սերում,
արիական արժեքները` ժանտախտ...
|
|
ԷԻԶՄԸ
ԵՎ
ՆԵՅՐՈԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
( նեյրոկենսաբանություն,
նեյրոհոգեբանություն,
նեյրոփիլիսոփայություն, նեյրոռոբոտիկա, նեյրոպլաստիկա
ևն)
Ընթացիկ
դիտարկումներ
(Մաս Երկրորդ) |
Սույն ակնարկի Առաջին մասում ներկայացվեց
նեյրոգիտությունների բնագավառում գիտահանրամատչելի ամփոփ «խրոնիկան»: Իսկ թե ինչ աշխարհայացքային
հետևություններ են դրանից բխում և որքանով է այն առնչվում
էիզմի ուսմունքի հետ կջանանաք կդիտարկել այս և հաջորդ բաժիններում:
Հանգամանորեն հիշեցնենք, որ եթե ըստ նախնյաց ինչ
կար վերևում դրա արտացոլանքը պիտի լիներ նաև երկրի վրա և
ընդհակառակը, ապա ըստ էիզմի կարևորագույն հիմնադրույթի.
Բնությունը Տիեզերքի ու նրա օրինաչափությունների
տեղամասային արտացոլանքն է, մարդն ու իր կեցությունը`
Բնության, հետևաբար նաև Տիեզերքի: Այնպես, ինչպես
հոլոգրամայի բեկորն է արտացոլում ամբողջ պատկերը, սակայն
համապատասխանորեն աղավաղ: Այս առումով ցայսօր լոկ
կանխազգացումներով, դիտողականությամբ և դատողականությամբ
կատարված մարդկային աշխարհաճանաչողությունը շարունակում է
սրբագրվել գիտական բացահայտումներով:
Այս է նաև տվյալ պարագան, տվյալ դեպքում
նեյրոկենսաբանության ասպարեզում: |
Որպես վերլուծական սկիզբ առաջին նշմարը որ կուզեինք
անել այն է, որ արդի նեյրոգիտությունները հիմնականում հաստատում
են կենսափորձով ու սևեռուն դիտողականությամբ դարերով ձեռք բերված
հին իմաստությունները, թեև բոլոր գիտությունների պես մնում են լոկ
բանական արտադրանքներ և որոշ չափով «ֆիկցիա», կամ ինչպես Ա.
Էյնշտեյնն էր մաթեմատիկան բնորոշում` «մարդկային ուղեղի
ստեղծագործություն», որն այդուհանդերձ բավականին համապատասխանում է
տիեզերական իրականությանը: Ուստի, դրանք պիտի զուգահեռներ
ունենային էիզմի դրույթների հետ: Առավել ևս, որ այն ոչ միայն հին
իմաստությունների վերառումն ու համադրումն է` այլև գիտական
ամենատարբեր ու ամենավերջին բացահայտումների հետ դրանց
զուգորդումը, ինչպես հենց տվյալ պարագայում: Երկիցս առավել, որ ըստ
էիզմի հիմնադրույթներից մեկի, «թեմա և վարիացիաներ» սկզբունքով
համատիեզերական օրինաչափություններն ունեն իրենց տարբերակային
դրսևորումներն ու համաբանությունները գոյության բոլոր
ասպարեզներում (այլաբանորեն` «լորենցյան ձևափոխություններով» 3 ), ինչն օգնում է «բյուր անհայտով
բյուր հավասարումներ» կազմելու մաթեմատիկական սկզբունքով
լուսաբանելու ոչ քիչ խնդրականներ և ըստ նորանոր հարցականների
շարունակաբար կազմելու նորանոր հավասարումներ: Եվ երիցս առավել, որ
մարդ արարածը բնորոշվում է նաև որպես միկրոկոսմոս:
W
- Էիզմի դրույթներից մեկը նյութ-էներգիա-ինֆորմացիա
տիեզերաբանական
սանդղակում նյութի նկատմամբ էներգիայի վերադասումն է: Գլխուղեղի
գործունեության մեջ այդ առավել քան ակնհայտ է ոչ միայն
էլեկտրաքիմիական գործընթացների առումով` այլև ուշադրության
կենտրոնացման և հատկապես նեյրոռոբոտիկայի պարագաներում: Հայտնի է,
որ ուշադրությունը պահանջում է մտավոր էներգիայի մեծ ծախս,
նեյրոռոբոտիկայի պարագայում` երիցս առավել
4: Լոկ բանական ճգնանքով
ղեկավարվող էլեկտրոնային սարքերի հետ կատարված գիտափորձերում
ենթակա մասնակիցների հոգնությունն ու գլխացավերը վրա են հասնում
շատ արագ, ինչն ակնհայտորեն մտավոր էներգիայի գերածախսի և մեծ
լարվածության հետևանք է: Այնպես, ինչպես ֆիզիկական որևէ
դիմադրություն հաղթահարելու կամ հորատելու համար պահանջվում է
հնարավորինս փոքր մակերեսի վրա կենտրոնացնել առավելագույն ուժ, կամ
նվազագույն մանրամասնիկները տրոհելու համար` համապատասխանաբար մեծ
քանակի էներգիա: Նույնն է նաև բանական և ընդհանրապես
հոգեգործունեության բոլոր պարագներում, երբ որևէ բարդ խնդիր
լուծելու համար պահանջվում է համապատասխան հոգեէներգետիկ ծախս: Եվ
քանզի գիտակցությունը համարվում է մարդու բուն էությունը, հետևաբար
նրա ողջ կենսահամակարգը գեներատորի պես գործում է վասն այդ էության
երևակման ու կայացման:
3 Առնչվում է հարաբերականության սկզբունքի
հետ, ըստ որի բնության օրինաչափությունները ձևակերպող
մաթեմատիկական հավասարումները բոլոր հաշվարկային
համակարգերում պետք է լինեն նույնը: Մեր համաբանության մեջ
«հաշվարկային համակարգը» համատիեզերական «գերթեման» է,
ըստ էիզմի` ելակետային գերԷությունը, որում գեների պես
նախածրագրված էին ամենայնի նախատիպերը և որոնց ընթացիկ
դրսևորումներն են մատչելի ու անմատչելի բոլոր
գոյացություններն ու իրադարձությունները:
Սկզբունքորեն գլխուղեղն ու հոգեգործունեության բոլոր
տարատեսակները բացառություն կազմել չէին կարող: Առավել ևս,
երբ ըստ նեյրոլոգիայի գլխուղեղը համարվում է մարդու
էությունը, իսկ Աստված մարդուն ստեղծել էր ոչ թե իր
պատկերով` այլ էությամբ: Այստեղից էլ դելփյան տաճարի շեմին
դաջված . «Ճանաչիր ինքդ քեզ, և Է’ի, ոչ ավելի»
արձանագրությունը, ինչը տարբեր մեկնությունների մեջ ունի
«…և դու կճանաչես Տիեզերքը» կամ
« …Աստծուն» իմաստները:
4 Ըստ որոշ հաշվարկների միայն գլխուղեղը
ծախսում է մեր կենսաէներգետիկ պաշարի 1/5-րդ մասը !!! |
Նկ. 5.
6a.
b.
Նկ.5.
Գլխուղեղային որոշակի գոտու էներգետիկ ակտիվացում:
Նկ. 6a-b: Ս.Դալիի «Կորած պատկեր» նկարը տարբեր
ընկալմամբ:
---------------------------------------------------------------
Ուշադրության և ֆիզիկայի օրենքների հետ կապված
կենսաէներգիայի այլ մեկ օրինակ է երևույթների երկակի ընկալումը,
ինչպես մասնիկ-ալիքային երկվության, ակնարկի Առաջին մասում նշյալ սկահակ-դեմքեր
երկակիության կամ Ս.Դալիի կից «Կորած պատկեր» գեղանկարի
պարագաներում (Նկ. 6a-b): Ըստ մտասևեռման, վերջինս կարող է ընկալվել կա’մ
որպես մորուքավոր տղամարդու պրոֆիլ, կա’մ ընթերցող կին, բայց ոչ
երկուսը միաժամանակ: Այնպես` ինչպես մանրամասնիկը, որը կարելի է
դիտարկել կա’մ որպես նյութական տարր, կա’մ որպես էներգետիկ ալիք,
բայց միաժամանակ ոչ երկուսը: Այդ ևս ֆիզիկայի` ավելի ստույգ
քվանտային մեխանիկայի առեղծվածներից է, իսկ տվյալ դեպքում
իրականության ընկալման երկակիության փաստ անգամ ճշգրիտ
գիտություններում, բայց նաև «լորենցյան ձևափոխությունների» մեկ
համաբանություն կամ «թեմա և վարիացիաներ»
սկզբունքի ևս մեկ օրինակ:
W
- Ասվեց, որ ըստ նեյրոգիտության, ինֆորմացիաները պահվում են ոչ թե
բջիջներում` այլ նեյրոնային connections-հարակցություններում:
Երևույթը աղերս է հայցում տեսական ֆիզիկայի ամենավերջին ու
ամենաարտառոց վարկածներից մեկի` գերլարերի տեսության հետ: Ըստ
այդմ, նյութի տարրական մասնիկները ներկայացվում են որպես խտացված
էներգիայի միջանկյալ վիճակներ, որոնց հիմքում ընկած են
աներևակայելի փոքր, 10
-33 սմ չափի (Պլանկի երկարություն )
էներգետիկ թրթիռներ: Դրանց տիպն ու հաճախականությունն էլ բնորոշում
են այս կամ այն մանրամասնիկների ֆիզիկաքիմիական հատկանիշները: Հարկ
է ենթադրել` նաև դրանցում պարունակվող ինֆորմացիան, ինչպես
նեյրոնային հարակցությունների կամ տառերի կապակցությամբ որևէ
իմաստակիր բառի թե նախադասության կամ երաժշտական
ստեղծագործությունների պարագաներում: Նույն սկզբունքով
հարկ է ենթադրել, որ նեյրոնների և նրանց կենսաէներգետիկ հիմքերում
ևս ընկած են միկրոսկոպիկ լարային թրթիռներ, որոնք էլ թելադրում են
նեյրոնների վարքն ու ընդհանրապես հոգեգործունեության ողջ
գործընթացը` ներառյալ հուզական թրթիռներն ու բանական
կայծակումները` միաժամանակ ու հակադարձորեն մնալով ենթակա դրանց
ակտիվացմանը կամ պասիվացմանը: Այլ խոսքով, լարային թրթիռները
ծառայում են ինչպես գրավիտացիոն, էլեկտրամագնիսական, Ուժեղ և Թույլ
փոխազդեցություններ կրող տարրերը: Ուրեմն, դրանց, ֆիզիկական իրերի
ու երևույթների վրա կարելի է մտովի ներգործել լարային թրթիռների
միջոցով:
Բավական է ընդունել էիզմի այս մեկ վարկածը (վկա`
նեյրոռոբոտիկան), որպեսզի քիչ թե շատ բացատրվեն բնազանց կոչեցյալ
մի շարք երևույթներ (տելեպատիա, պսիխոմետրիա ևն, տե’ս «Էություն»
հատորը, էջ 273-327):
Մնում է կռահել այս վարկածի ընձեռած հնարավորությունները…
W
- Ավելի քան այլ պարագաներում,
նյութ-էներգիա-ինֆորմացիա սանդղակը ևս առկա է
հենց ի դեմս գլխուղեղի: Ըստ այդմ, ունենք « գորշ նյութ», այսինքն`
ֆիզիկական մանրամասնիկների և քիմիական միացությունների հիմքով
կենսանյութ, կենսաէներգետիկ բուռն գործունեություն, որտեղ նյութը
ծառայում է որպես միայն «վառելիք», և ունենք նաև ինֆորմացիաներ,
որոնք դեռ հարկ է զտել և ըստ հանգամանքների ընտրել
կարևորագույնները: Իսկ հենց այդ էլ ակնկալում է էությունների
«թորում», ինչպես` նորից համաբանորեն, էսենցիա-խտանյութերի թորման
պարագայում 5: Բնականաբար, անգամ բարձրակարգ
կենդանիներին մաթեմատիկան բնավ անհրաժեշտ չէ, պլատոնականությունը
թե գիտական մատերիալիզմը` նույնպես, մինչդեռ նրանք ու Տիեզերքը
հետաքրքրում են Բանական մարդուն, ըմբռնելու համար իր գոյության
իմաստն ու վերջում իր «գլխին գալիքը»: Իսկ այդ` պարզ
գիտակցությունից ավելի ինքնագիտակցության դրսևորում է ու դեռ
գերգիտակցության հակում: Վերջինս, այլևս պարզ ինֆորմացիա չէ, այլև
վերին էությունների երևակման և Բանական մարդու էացման
նախապատրաստություն: Այստեղից էլ
նյութ-էներգիա-ինֆորմացիա եռահարկ սանդղակին ըստ
էիզմի պակասող «էություններ» աստիճանը, էական ինֆորմացիների
զտմամբ, իսկ ըստ հոգեբանության և փիլիսոփայության` ընդհանրացմամբ
ու վերացարկմամբ, որին ունակ չեն ոչ միայն որոշ բանականությամբ
օժտված բարձրակարգ կենդանիներ` այլև մահկանացուների ճնշող
մեծամասնությունը: Մինչդեռ այդ ունակությամբ օժտված են հանճարներն
ու համարյա բոլոր… մանուկները, շնորհիվ իրենց ուղեղի դեռևս
ճկունության, չկաղապարվածության և հախուռն երևակայության:
5
Էսենցիա- լատ. նույն essentia-essence-էություն
հասկացությունից, որն ունի նաև «բենզին»-վառելիք իմաստը,
բայց նաև elixsir-«անմահության ամբրոսիա» և
quintessence-հնգէություն-եթեր իմաստները: Այս բոլորում
արձանագրված են նախնյաց լեզվամտածողությունն ու
աշխարհայացքը: Պրագմատիկ այլ մեկ համաբանությունը
բնանյութերից օղու կամ սպիրտի բազմակի թորումն է, զուտ և
բարձրաստիճան սպիրտ ստանալու համար, որն արագորեն ցնդում է
ու եթերվում: Եվ այստեղ էլ ունենք spirit- սպիրտ-esprit-
ոգի, spiritualité-ոգեղինություն և «ոգելից խմիչք» նույն
լեզվամտածողությունը, ինչպես նաև վերջինիս ազդեցությունը
գլխուղեղի քիմիական ու հոգևոր գործունեության վրա,
մասնավորապես ակտիվացման ու տրանս-վիճակների առումներով,
նույնպես զուգորդված երանությամբ:
6
Մաթեմատիկորեն հաշվված է, որ Պուշկինի
«Ողջո~ւյն քե’զ, ջահե’լ, անծանոթ սերո’ւնդ…»
բանաստեղծական տողը կարող էին գրել անգամ… մոծակները, եթե
թռչկոտեին լույսի ճառագայթի տակ և ֆոտոէլեմենտի միջոցով
էլեկտրական իմպուլսները տառերի վերածող գրամեքենայի առջև:
Բյուր «ջնջում-գրառումներից» հետո 2
150– րդ անգամ մոծակներին կհաջողվեր ի վերջո
ստանալ պուշկինյան տողը, ինչը հանճարը հղացել է հավանաբար
մեկ ակնթարթում: Մինչդեռ, մոծակների «ստեղծագործությունը»
ֆլուկտուացիայի մեկ փառավոր օրինակ է: Սակայն, այն խոսում
է այլ մեկ կարևոր հանգամանքի օգտին. ուրեմն պուշկինյան
տողը վիրտուալ (իմա` հնարավոր) վիճակում գոյություն ունի
«քվանտային օվկիանոսում», ինչպես հայտնի ու անհայտ բոլոր
գոյացությունների նախատիպ-նախագաղափարները: Ընդգծենք նաև,
որ այդ ֆենոմենը նաև փիլիսոփայական «հնարավորություն և
իրականություն» կատեգորիայի ակնառու օրինակ է:
Ֆլուկտուացիայի վերաբերյալ հանգամանալից շարադրված է դեռևս
անտիպ համանուն ակնարկում, իսկ որոշ հանգամանքներ` այստեղ
«Ինֆորմացիա» հոդվածում: Ընթացիկ ևս մեկ
օրինակ, որ հրապարակված թե դեռ անտիպ ամենատարբեր նյութերը
հանդիսանում են մեկ ընդհանուր` ԷՈԳՀ- համակարգի առանձին
թեմաները, այդուհանդերձ փոխշաղկապված
Էություն-էիզմ ուսմունքով: Հարկ է միայն «Ամբողջն ընկալել
մասի և մասն ամբողջի մեջ», ինչը հնարավոր է միայն նյութի
հետ հանգամանալից ծանոթությամբ ու յուրացմամբ: Այդժամ
ամենայն կդառնա ակունքնային ջրերի պես պարզ ու զուլալ... |
a.
b.
Նկ.
7: a). Միկրոսկոպիկ մակարդակում
«քվանտային օվկիանոսի» քաոտիկ ֆլուտուացիաները:
b). Նույն համեմատական չափերով կատարելապես
հարթ թվացյալ մակերեսի ընդերքում,
վերից վար հատվածային 10
-13սմ, 10
-23սմ, 10
-33սմ մասշտաբային ստորակարգմամբ: |
----------------------------------------------------------------------------------------------------
W -
Անչափ խորիմաստ է, ըստ նեյրոկենսաբանների, յուրաքանչյուր նոր
ինֆորմացիաների մուտքագրման հետ կապված նեյրոնային
connections-հարակցությունների անվերջ ավերման ու ինքնարարման,
վերակազմավորման ու վերառման գործընթացի և նախորդ ինֆորմացիաների
«ջնջման» գլխուղեղի հատկությունը: Նախ, այն ակնկալում է
քաոսից-կարգավորվածության և կատարելության հասնելու նախաստեղծ
մղում, բայց նաև համապատասխանում համատիեզերական նույն երևույթին,
որը դրսևորվում է ցանկացած արարչական գործընթացում և ընդհանրապես
էվոլյուցիայում, լինի այդ աստղային համակարգերի անվերջ
ինքնանորոգման, երկրաբանական վերուվարումների,
քաղաքակրթությունների հերթափոխման, հասարակարգերի խմորման,
կյանք-մահ-կյանք և պատճառ-հետևանք-պատճառ հաջորդականությունների,
գեղարվեստական թե ցանկացած արարչագործության պարագաներում: Իսկ այդ
ևս էիզմի վերոնշյալ հիմնադրույթներից մեկի ևս մեկ ակնառու ապացույցն
է:
Բայց ոչ միայն այդ:
Ըստ գերլարերի տեսության, մեզ կայուն թվացող աշխարհի
միկրոսկոպիկ ընդերքում քաոտիկ եռում է «քվանտային օվկիանոսը»,
նույնպես անվերջ արարում-ավերումներով, որը չի խանգարում մարդկային
ու ավելի մեծ չափանիշերով կայուն թվացյալ իրականության մեր
ընկալմանը: Երևույթը սկզբնավորվել է Բիգ Բանգի հետ և բնորոշվում է
որպես ֆլուկտուացիա (լատ. fluctuatio-ծփանք, վարիացիաներ
հասկացությունից: Նկ. 7a-b): Իրականում նույնը կատարվում է նաև
տեսանելի տիեզերքում, որոնց «վարիացիաներն» են նշյալ ու բոլոր այլ
գործընթացները: Ասես Բիգ Բանգի հետ նախաստեղծ Եզակիությունը
կորցրել է իր պայթեցված մանյակի հատիկները թե «այբուբենատառ
բառիմաստը», և puzzle-ի պես անվերջ կապակցում-վերակցումներով,
թեզ+անտիթեզ=սինթեզումներով, անսահման «վարիացիաների»
ընդհանրացմամբ ու վերացարկմամբ ջանում է վերագտնել իր ելակետային
իրավիճակը
6:
Փաստորեն նույնն է կատարվում նաև գլխուղեղային նեյրոնների
հետ, գիտակցության որոշ մակարդակից հետո ամենայնում որոնելով
ինչ-որ իմաստ: Դրան են ծառայում ինֆորմացիաների զտումն ու «բնական
ընտրությունը»
( ինչպես գոյաձևերի պարագայում…), անտեսելով այլերն ու դեն նետելով
անպիտան, թյուր թե լոկ միջանկյալ նախորդները: Այս գործընթացում
վերահսկիչ «dorsal kortex»-ները որպես վերին «ինստանցիա»
կատարում են ինֆորմացիաների զտման և գլխուղեղի գործունեության
կարգավորման դեր: Այս համաբանությունը շարունակաբար զարգացնելու
դեպքում պիտի ենթադրեինք, որ իր «մանյակի կորուսյալ մարգարիտները»
կամ նախաստեղծ «բառիմաստ»-էությունը վերագտնելու գործընթացը ի
վերջո կհանգեցնի վերադարձին առ ելակետային Եզակիություն կամ
գերԷություն, ինչն էլ համապատասխանում է… Տիեզերքի ամենահավանական
«բաբախող մոդելին»: Եվ գուցե հենց այդ է լինելության իմաստի
որոնման մարդկային մոլուցքը, իսկ ըստ Քրիստոսի «Ես եմ ե’ւ
ճանապարհը, ե’ւ ճշմարտութիւնը, ե’ւ կեանքը» համոզմունքը առ Հայր
Աստված, որն էլ հենց նույն Է-ԷՈՒԹՅՈՒՆՆ է (տե'ս այստեղ «Սրբազան
ջրավազան» ակնարկը, Մաս
Երկրորդ )…
W - Ինչպես
նյութ-էներգիա-ինֆորմացիա
սանդղակի անհրաժեշտ վերաճման, Նիցշեի ակնկալիք
«գերմարդու» և հանճարների պարագաներում, այս իրողությունը իր ողջ
իմաստը գտնում է նաև ի դեմս մեդիտացիայի, երբ երկրորդական
ինֆորմացիաները նվաղում կամ անհետանում են, գլխուղեղը սևեռվում է
վերին էությունների վրա ( ինչպես հաճախ «պարատոքսալ քուն» կոչված
հոգեվիճակում), անձը հասնում է բուդդայական արթմնի-տրանս վիճակի,
այլորեն`գերգիտակցության ու նիրվանայի (անդորրի և վերին երանության
հոգեվիճակ), անձնական Եսը` Գերեսի ու ձգտում միաձուլվել այլոց հետ
( ի վերջո`Աստծո…) ու տարրալուծվել համատիեզերական «հոգու» մեջ կամ
«քվանտային օվկիանոսում», որից էլ էմանացվել ու ծնվել էր: Ըստ
էիզմի և Տիեզերքի «բաբախող մոդելի» այդ ակնկալում է վերադարձ
Եզակիություն, կիբեռնետիկական բնորոշմամբ` «վերջնական վիճակ», ըստ
պլատոնականության` Առաջնամիակին, ըստ քրիստոնեության` Հայր
Աստծուն, իսկ ըստ էիզմի` առ ԳերԷություն:
Մարդկային գիտակցության առկայծումից ի վեր այսքան
կանխազգացությունները դժվար թե լինեին անհիմն և չհաստատվեին նաև
նեյրոլոգիական թեկուզ առայժմ համեստ գիտափորձերով: Ամենայն
հավանականությամբ նման հոգեվիճակները համատիեզերական էվոլյուցիայի
և մարդկային էացման ճանապարհին միջանկյալ հանգրվաններ են:
W -
Գիտակցության բնորոշումների հետ նեյրոգիտությունների ամենակարևոր
գերխնդրականը էմպերիկ, «վիրտուալ» թե
բուն-վերմարդկային-համատիեզերական իրականություններն են: Այդ
գերխնդրականին ևս Բանական մարդը անդրադարձել է շատ վաղուց: Ասվեց,
որ հինդուիզմում «ռեալականություն» կոչեցյալը բնորոշվել է որպես
մայա-պատրանք, ինչը նույնպես հաստատում են արդի գիտափորձերը: Ըստ
հոգու ցանկական-ցասմնական (կամային)-բանական կառուցվածքի,
պլատոնականությունը տարբերակում էր երեք իրականություններ`
զգայական-գաղափարական- գերզգայական, թեոսոֆիան`
ֆիզիկական-«աստղային» (գերթեթև տարրեր ու կենսաէներգետիկ
հաղորդիչներ)-բանական, արդի նեյրոփիլիսոփայությունը` էմպիրիկ և
«վիրտուալ», էիզմը` ըստ հոգու եռահարկ
զգայական-բանական-ոգեկան
կառուցվածքի` երևութական-գաղափարական-էութենական:
Երևութական
իրականությունը ( իրեր և երևույթներ) մատչելի է անգամ
կենդանական աշխարհին, գաղափարականը` տարաչափորեն
Բանական մարդուն,
էութենականը` միայն հոգեպես հասուն անհատներին,
այդ թվում հանճարներին, հոգևոր հսկաներին կամ համապատասխան
ինտուիցիայով օժտված անձանց: Այսինքն նրանց` ովքեր ունակ են
անտեսելու երկրորդական-երրորդական հանգամանքները, աղավաղ
երևույթներից ու թյուր գաղափարներից անդին որսալու բուն
էություններ և իրականությունն ընկալելու համատիեզերական
համայնապատկերում:
«Օտիստների» պես, սովորաբար նրանք ևս «նեյրոտիպիկ»
են ու ոչ այնքան
էլ սոցիալական, ընդունակ են հաղթահարել ընդունված գաղափարական
«մոդելները» ( իմա` հասարակայնորեն տրված նեյրոնային
connections-կառույցները) և երևակայորեն տեղափոխվել անհայտ ու
ոգեղեն հորիզոններ: «Արթմնի» մեդիտացիան դրա միջոցներից մեկն է,
ստեղծագործական ներշնչանքները և տրանս-հոգեվիճակները` այլերը:
Դրանց հասնելու համար հալյուցինոգեն նյութերը պարտադիր չեն, որոնք`
ինչպես օրինակ դոպամինը կամ սերոտոնինը, կարող են արտադրվել
բնականորեն ու հենց եռանդուն հոգեգործունեությամբ, ակտիվացնելով
գլխուղեղի որոշ գոտիներ և պասիվացնելով այլերը, ողջ հոգեէներգիան
կենտրոնացնելով որոշակի գերխնդրականների կամ «մարդկային վիճակից»
ու կեցության «թռիչքային գոտուց» առ էութենական իրականություն
ամբարձվելու վրա:
Եթե արդի «վիրտուալ» հասկացությունը ընդունենք փիլիսոփայական
կատեգորիաների «հնարավորություն և իրականություն» կամ «քվանտային
օվկիանոսի պոտենցիալ» առումներով, ապա մենք կմոտենանք արարչական
այդ իրողությանը, որին էլ առաջնորդում է էվոլյուցիան: Մինչդեռ արդի
իմաստով «վիրտուալ» իրականությունը մնում է միայն
արհեստականության, «աշխարհիկ» և սոսկ տեխնոլոգիական
հնարավորությունների սահմաններում, իսկ նեյրոգիտությունների
փնտրտուքները`… առայժմ լոկ գաղափարական ասպարեզում: Զի, ի վերջո
մնում են… բանական արտադրանքներ ու գիտություններ, ցավոք ոչ միշտ
զուգորդվելով այլ գիտությունների, մասնավորապես տեսական ֆիզիկայի
ու արդի տիեզերագիտության հետ:
Մինչդեռ, նույնիսկ այդպիսինը, «վիրտուալ» իրականությունները
կարող էին դիտվել որպես բնականոն այլ իրականությունների որոնման
փորձարարական խմորումներ: Ի վերջո «արհեստական» կոչեցյալը բնական
է այնքանով` որքանով մարդ արարածի արտադրանքն է, որին մայր
Բնությունը աստիճանաբար հանձնում է իր գաղտնիքներն ու
զորությունները և գործում նրա ձեռքերով: Իսկ նա ձգտում է էանալ,
որը հայերեն միաժամանակ նշանակում է «ի բնե լինել» և «հոր նման
դառնալ» ( հմմտ. պլատոնյան eidos-նախագաղափար ու նախատիպ, որից և’
idea-գաղափարը, և’ ideal-«երանելի տիպար» տեսլականը ):
Ինչ վերաբերում է նյութ-էներգիա-ինֆորմացիա
սանդղակին, որի ակնառու վկայությունը հենց գլխուղեղն է, ապա դրա
կեցական դրսևորումներից մեկը նյութա-արդյունաբերական, էներգետիկ և
ինֆորմացիոն հեղափոխություններն ու դրանց վերջին դարաշրջաններն են,
ինչպես ներաշխարհային զգայական-բանական-ոգեկան եռահարկ կառույցը
կեցականորեն դրսևորվել է ի դեմս արվեստների, գիտությունների ու
հավատամքների` համապատասխան իրենց կառույցներով:
Եվ եթե փոքր-ինչ խորաթափանց հայացք նետենք այս իրողությանը,
ապա կնկատենք, որ հոգեգործունեության այդ երեք ասպարեզներն էլ ըստ
էության էությունների որոնումներ են` յուրաքանչյուրն ըստ իր
բնույթի ու հիերարխիայի: Երկրագնդի
ֆիզիոլորտ-կենսոլորտ-ներոլորտ (նոոսֆերա)
նույնպես եռահարկ կառույցը, նյութ-էներգիա-ինֆորմացիա
սանդղակը,
ներաշխարհային
զգայական-բանական-ոգեկան ոլորտները և երևութական-գաղափարական-էութենական
իրականությունները համադրելու դեպքում ակնհայտ է դառնում
էվոլյուցիոն «վեկտորը»
7 դեպի ոգեղեն ու վերին
էություններ, էութենական իրականություն և ի վերջո ԳերԷություն, իսկ
վերաճային այդ շղթայում` ինֆորմացիաների ևս մեկ աստիճան
վերացարկմամբ, էությունների և էութենական իրականության պակասող
օղակը, որը ծիկրակում է մեդիտացիայի «արթմնի ներկայություն»
հոգեվիճակում և գլխուղեղի որոշակի ռեժիմում:
Կարծում ենք, որ այսու «օբյեկտիվ» և «սուբյեկտիվ»
բնորոշումները վերանայման կարիք ունեն, իսկ ճշմարտության մասին
հարկ է խոսել անչափ մեծ վերապահությամբ ու պայմանականորեն ( տե'ս
այստեղ
«Ճշմարտություն»
տրակտատը)…
W
-
Եթե նեյրոգիտությունները քիչ թե շատ կարողանում են
«տեսանելիորեն» հետևել ու հետազոտել զգայական ու բանական
գործընթացները կենդանական ու մարդկային գլխուղեղներում, ապա վերջին
պարագայում առայժմ ոգեղինության «գեղձը» չի բացահայտված: Ոմանք այն
փորձում են տեսնել ի դեմս էպիֆիզի, այլք` հիպոֆիզի
( կենսական գեղձեր գլխուղեղի միջուկում ), մյուսները` «dorsal
kortex »-ների (
Նկ. 1, ձախից` մուգ-կանաչավուն
գոտին): Ամենայն հավանականությամբ այդպիսի որոշակի գեղձ գոյություն
չունի, ինչպես գեներատորում չկա էլեկտրականություն, դաշնամուրում`
երաժշտություն: Դրանց պես ոգեղինությունը հավակնում է լինել
հոգեգործունեության աննյութական արտադրանք և գերլարային թե
«քվանտային օվկիանոսի» յուրահատուկ ծփանք, նախաստեղծ Եզակիության,
Գերէության կամ` եթե կուզեք, Աստծո մեկ հատկանիշն ու դրա
ոգեէներգետիկ հզոր ու առեղծվածային ճառագումը:
Այսուհանդերձ, եթե ոչ անմիջականորեն ոգու, ապա գոնե դրա
առկայության արձագանքները կամ ազդեցություններն ընդունակ են
գրանցելու տոմոգրաֆիկ սարքերը կամ ապագա «պատկերային
բժշկությունը»: Դրանք արդեն մասամբ դրսևորվում են որպես սերոտոնին,
դոպամին թե քիմիական այլ միացությունների արտադրություն, և մասամբ
նշմարվում կայացած բուդդիստների հետ գիտափորձերում: Վերջիններս, ի
բնե ոգեղեն անձինք և ստեղծագործողները այդ «պատկերների» կարիքը
մասնավորապես չունեն: Նրանք ոգու հետ «առարկայորեն» հաղորդակցվում
են հենց ոգեշնչման պահերին: «Չեմ տեսնում` չկա» համոզմումքը
վերաբերում է միայն հոգևոր կույրերին, մինչդեռ «Հոգևոր
աչքերը բացվում են միմիայն տեսնելուց հետո… »:
W -
Ինչ վերաբերում է տեսական ֆիզիկային, ապա այն ևս ունի առաջիկա
մեծագույն մի գերխնդիր: Եթե Ա. Էյնշտեյնին հաջողվեց E=mc²
բանաձևով սահմանել նյութ-էներգիայի երկկողմ փոխակերպումները, ապա
ինֆորմացիա – էներգիայի փոխակերպումները մաթեմատիկորեն դեռևս
բանաձևված չեն: Մինչդեռ, այն ենթադրվում է կատարելապես
աննյութական, «վիրտուալ» ինֆորմացիաներով և «վակուումային»
էներգիաներով հագուրդ Եզակիության և KMS անվանված «ջերմային
հավասարակշռության» վիճակներում (տե’ս «Հայտնություն» հատորը, էջ
509-512 ), և որոնվում է Բիգ Բանգի սահմանային ընթացքում դրանց
փոխակերպումներում (օրինակ` «թվային դինամիկա» ֆենոմենը), երբ
սկսել են տարբերակվել նաև ֆիզիկական էներգիաներն ու ծանոթ չորս
փոխազդեցությունները:
Հայտնի է, որ ինֆորմացիան առանց էներգետիկ հիմքի չի լինում, իսկ
հարցականը մնում է թե ինչպի՞սի
էներգիա և ինչպի՞սի ինֆորմացիա…
Այնինչ, էներգիա-ինֆորմացիա փոխառնչությունը և փոխակերպումները
առկա են բնության ու կեցության բոլոր բնագավառներում
8, առավել ակնհայտ`
հոգեգործունեության և հենց նեյրոգիտության ասպարեզում: Օրինակ,
տնտեսական բնագավառում հայտնի է «ժամանակը դրամ է» ասույթը, ինչը
առնչվում է ֆիզիկական նաև այլ երևույթների` դրամաշրջանառության,
«հավելյալ արժեք» կոչված ինքնագեներացիայի, ու այլ հանգամանքներ
հետ: Սակայն դրանց մեջ իր անչափ կարևոր դերն ունի նաև ինֆորմացիան,
որի դրսևորումներից են բորսաները, վալյուտային փոխանակումները և
մինչ իսկ արդյունաբերական լրտեսություն, էլ չխոսելով ռազմական
ասպարեզում ինֆորմացիաների բախտորոշ դերակատարության, և անշուշտ
գենետիկայի մասին, որը կենսաբանական ինֆորմացիաների գիտություն է:
Ուստի կարելի էր նաև ոչ միայն սահմանել «Ինֆորմացիան դրամ է»`
այլև կյանք ու ամենայն: Առավել ևս նկատի առնելով գենետիկան և
տիեզերական «գենում» նախաստեղծ ինֆորմացիաների առկայությունն ու
դրանց էներգետիկ փոխակերպումները
9:
Ինչ վերաբերում է հոգևոր-նյարդաբանական բնագավառին, ապա
մեզանից յուրաքանչյուրին ծանոթ են այն կենսաէներգետիկ
գործընթացները, որոնք կարող են վրա հասնել այս կամ այն
ինֆորմացիայից և որոնք հենց այդպես էլ բնորոշվում են ֆիզիկական
համաբանությամբ ու եզրաբանությամբ, ինչպես. լարվածություն, «կարճ
միացում» (իմա` պոռթկում ), մտավոր թե զգայական էներգիա, ուղեղի
կայծակնային լուսավորումներ կամ հենց նեյրոնային ցանցի
ակտիվացումները: Անշուշտ դրանք կատարվում են քիմիական
միացությունների միջնորդությամբ, ինչպես տնտեսա-արդյունաբերական
ասպարեզում` դրամի, արժեթղթերի ու չափային միավորների, ֆիզիկական
երևույթներում` նյութական կամ էներգետիկ տարրերի: Գլխուղեղի և
հոգեգործունեության պարագայում քիմիան ու քիմիական
միացությունները նույնպես մնում են նյութական աշխարհի ագրեգատներ,
այդուհանդերձ միմիայն ծառայելով որպես օժանդակ միջոց, բայց ոչ մի
դեպքում վերջնական նպատակ:
Այս առումով, նեյրոգիտությունները կարող էին նպաստել
ինֆորմացիա-էներգիա փոխակերպումների բանաձևմանը: Այդ
գերխնդրականի հանգուցալուծումը կլինի հաջորդ մեծագույն
հեղափոխությունը մարդկային իմացության, տիեզերաճանաչության և
հարակից բոլոր ասպարեզներում, իսկ ինֆորմացիաներից էներգիաների
արտադրությունը` այսօր աներևակայելի հրաշք...
Այդու կսկսվի բոլորովին նոր մի դարաշրջան:
7
Լատ.
vector-ուղղություն, veher-տանել, ամբարձել
հասկացությունից: Զուգ. vehementia-եռանդուն զորություն,
գոթ. wih-վեհ, սուրբ, պարս. vahyah-լավագույն, եբր. Yah-աստված,
հայ. վեհ, վեհեր-վախ, Վահ-հրեղեն աստված:
8
Այդ փոխառնչությունը մատչելի ներկայացնելու համար
տեսաբանները բերում են դրամախաղերում թվակիր սկավառակի
օրինակը, երբ պտույտի ընթացքում ակնառու է
շարժում-էներգիան, դադարի վիճակում` միայն
թվեր-ինֆորմացիան:
9 Ըստ քվանտային մեխանիկայի
հիմնադիրներից մեկի` Նոբելյան մրցանակակիր (1933 թ.) Է.
Շրոյդինգերի. «Մարդը ֆիզիկական էնտրոպիան վերածում է
ինֆորմացիայի»: Այսինքն` քայքայվող ֆիզիկական աշխարհը, զի
էնտրոպիան թերմոդինամիկական համակարգի անկարգությունը
բնորոշ մեծություն է, ինչպիսինն է նաև ֆիզկական տիեզերքը:
Ըստ այդմ, ժամանակին ենթադրվում էր Տիեզերքի «ջերմային
մահը», ինչ կարող է խափանվել Է. Շրոյդինգերի հանճարեղ
կռահմամբ: Այդու աստվածաշնչյան ասույթը կարելի է
վերաձևակերպել. «ինֆորմացիա էիր ինֆորմացիա դարձիր», ըստ
էիզմի` «էություն էիր` էացիր», իմա` էանալ «ի բնե լինել և
Հոր նման դառնալ»…
|
W -
Նշվեց երկրագնդի եռահարկ կառույցը, ոչ միայն որպես
երկինք-երկիր-ընդերք` այլ նաև որպես ֆիզիոլորտ
(անօրգանական նյութեր և ֆիզիկական էներգիաներ), կենսոլորտ
(կենսանյութ և կենսաէներգիաներ) և նոոսֆերա-ներոլորտ
(բանական ոլորտ կամ հոգեոլորտ), համահունչ է
նյութ-էներգիա-ինֆորմացիա սանդղակին: Եռահարկ է նաև
մարդկային գլխուղեղը, կազմված ստորին «հնագույն
կեղև»-պալեոկորտեքսից (0,6% մակերեսով), արխիկորտեքսից (2,2%) և
նեոկորտեքսից (գլխուղեղի 95,6% մակերեսով նոր կազմավորված բանական
կեղևը), իր հերթին համահունչ էվոլյուցիոն երեք բուսական,
կենդանական և մարդկային կենսաձևերին,
նյութ-էներգիա-ինֆորմացիա սանդղակին, մարդկային
ներաշխարհի
զգայական-բանական-ոգեկան
ոլորտներին և երևութական-գաղափարական-էութենական
իրականություններին:
Գլխուղեղի միլիարդավոր նեյրոններն ու նրանց բազմապատիկ
հարակցությունները կարող էին համաբանվել երկրագնդի վրա Բանական
մարդու «կեղևապատման», ավելի ստույգ` նեոկորտեքսի կազմավորման հետ,
իսկ յուրաքանչյուր շունչ` առանձին նեյրոնների
10: Զի, դրանց պես
երկրագնդի բնակչության շուրջ 6-7 մլրդ «նեյրոն-գլխուղեղները»
միմյանց հետ հարակցված են հաղորդակցական բազմաթիվ միջոցներով ու
համացանցով, նույնպես ունեն տեսողալսողական, հիշողական,
լեզվամտածողական թե «պսիխոսոմատիկ» գոտիներ ու կենտրոններ,
զգայական, բանական ու ոգեղեն գործառույթներ, որոնք հասարակայնորեն
ձևավորված են որպես արվեստներ, գիտություններ և հավատամքային
կառույցներ: Այս բոլորը ընդհանուր գործում են որպես
նոոսֆերա-ներոլորտ, որը ֆիզիոլորտից ու կենսոլորտից հետո Բանական
մարդու հայտնությամբ ձևավորված երրորդ, բոլորովին աննյութական
շերտն է, ասես «էնտրոպիայից ինֆորմացիա» փոխակերպման և եթերման
նախապատրաստվող մարդկային էությունը, միաձուլվելու համար
տիեզերական բանականությանն ու «համաշխարհային հոգուն»,
հավատամքային եզրաբանությամբ` Առաջնամիակին կամ Հայր Աստծուն: Իսկ
մինչ այդ, համամարդկային «նեյրոնները» իրենք են ձգտում ամբողջանալ
որպես մեկ ընդհանուր գոյացություն ու համաշխարհային ազգ,
բազմապատկելով իրենց connection-ները, ավելի ու ավելի
ներդաշնակելով համագործակցություններն ու գործառույթները,
շարունակելով էվոլյուցիոն հասունացումը թե’ անհատապես, թե’
հասարակայնորեն և թե’ միջազգայնորեն:
Ա. Էյնշտեյնը մոլեռանդորեն ջանում էր կռահել «Աստծո ծրագիրը»,
մինչդեռ ըստ այլոց, ենթաատոմային մակարդակում կյանքը կորցնում է իր
իմաստը: Ըստ մեզ, ճիշտ ընդհակառակը, ամենայն իմաստավորվում է հենց
հոգևոր ասպարեզում, զի մեր Ես-ը այդ մեր մարմին չէ, այլ մեր
ներաշխարհը, ըստ նեյրոփիլիսոփայության` աշխարհընկալման մեր
կենտրոնը: Եվ եթե առանց նույնացման զարգացնենք նշյալ
համաբանությունները, ապա մարդկային «վիճակն» ու իրականությունը մեզ
կներկայանան բոլորովին այլ կտրվածքով, առավել մոտ տիեզերական
իրականությանը, վերին ճշմարտություններին և առավել իմաստալից` քան
էմպիրիկ ու «վիրտուալ» իրականությունները, իրենց հերթին նպաստելով
գլխուղեղի գործունեության լուսաբանումներին, իսկ ընդհանուր`
ամրագրելու համար էիզմի հիմնադրույթները:
10
Որոշ տեսաբաններ, ինչպես օրինակ տիեզերաբան
Կ.Սագանն ու այլք, քնից գլխուղեղի արթնացումը համաբանում
են քաղաքային աստիճանաբար առկայծող էլեկտրական
լուսակետիկներ հետ: Նույնը կարող է վերագրվել ողջ
մոլորակին գիշերային թռիչքների ժամանակ: Առավել ևս, եթե
լուսավորվեին բոլոր էլեկտրացանցերն ու հաղորդակցության
բոլոր միջոցները: Այդժամ կունենայինք
համամարդկային-համամոլորակային «տոմոգրաֆիա» …
Եվ ընդհանրապես մարդկային կենսահամակարգը ենթակա է
հասարակական համաբանություններին, ինչպես մասամբ փորձում է
սոցիոբիոլոգիան: Այստեղ ևս խոսքը ոչ մի դեպքում նույնացման
մասին չէ` այլ միայն «լորենցյան ձևափոխությունների»,
այսինքն` համատիեզերական օրինաչափությունների և «թեմատիկ
վարիացիաների» : |
¡ ¡
¡
(Երկրորդ մասի ավարտ)
Ալեքսանդր
Արորդի Վարպետյան Մարսել,
6 հունվարի 2009 թ.
|
|
|