ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
 
          Որքան էլ զգոն, սույն ակնարկը հրապարակվում է միմայն որպես տեղեկատվություն գիտական աշխարհում կատարվող հետազոտությունների և էիզմի հետ դրանց անմիջական առնչության վերաբերյալ: Իսկ զգոն, զի նման  բացահայտումները չար ձեռքերում չարիք են դառնում, ինչպես միջուկային էներգիան կամ ռազմաքաղաքական տեխնոլոգիաները, նեյրոլինգվիստիկան, պսիխոֆիզիկան թե ինֆորմացիոն-ալիքային ներգործությունները: Առավել ևս, որ.

                                                Աղբի մեջ առողջ սերմը առնետներ է սերում,
                                                         արիական արժեքները` ժանտախտ...


         
    
    
             ԷԻԶՄԸ  ԵՎ ՆԵՅՐՈԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


                   ( նեյրոկենսաբանություն, նեյրոհոգեբանություն,

         նեյրոփիլիսոփայություն, նեյրոռոբոտիկա, նեյրոպլաստիկա ևն)

               
                                     
 Ընթացիկ դիտարկումներ
                                  
   (Մաս Առաջին)

 

   Է-Էություն-էիզմ ուսմունքը մշակվել է 1990-ական թվականների առաջին կեսին և լույս է տեսել    1995 թ. («Էություն», Երևան, 688 էջ ), հիմք ունենալով Առաջավոր Ասիայում սաղմնավորված Էա-Հայա իմաստության ու ծովաստծո դիցահամակարգը, որը հայ քրիստոնեական եկեղեցում վերապրել ի դեմս Է-Էություն առեղծվածային գերաստվածության:
    Էիզմը ջանացել է համադրել էությունների վերաբերյալ համամարդկային ողջ ճանաչողությունը, սկսյալ հավատամքային հնագույն տարատեսակներից, անցնելով կրոնական ու գաղտնագիտական բարձրագույն համակարգեր, անտիկ, դասական ու ժամանակակից փիլիսոփայական ուսմունքները, մինչև ամենավերջին գիտական բացահայտումները ամենատարբեր ասպարեզներում
( կենսաբանություն, հոգեբանություն, մշակութաբանություն, աստղաֆիզիկա, տեսական ֆիզիկա, տիեզերագիտություն, ևն):  Որպես ո’չ թեիզմ ու ո’չ աթեիզմ` այլ դրանց ընդհանուր հայտարարը պարզապես էիզմ, բայց նաև որպես բաց ու հարատև նորոգվող համակարգ ( ինչպիսինն է հենց Տիեզերքը, Բնությունը, մարդն ու մարդկային ճանաչողությունը ): Այն իր հրատարակությունից ի վեր շարունակել է լրացվել ու խորացվել, միշտ համահունչ ու զուգահեռ գիտական նորագույն բացահայտումներին: Տարաչափ այդ աշխատությունները լույս են տեսել տարբեր հատորներում կամ առանձին հրատարակությամբ («Ինչություն»-2004, «Տապանաքար»- 2005, «Հայտնություն»-2006,  ևն), իսկ մի շարք հետազոտություններ որոշակի նպատակներով չեն հրապարակվել:    
     Ընթացիկ սույն դիտարկումները վերաբերում են նոր տեխնոլոգիաների ներդրման հետ թափ առած նեյրոգիտություններին, որոնք մի կողմից սրբագրում են զուտ դատողականությամբ ձեռք բերված հումանիտար գիտություններն ու էմպիրիկ աշխարհաճանաչողությունը, մյուս կողմից` ուղղակիորեն առնչվում էիզմի հիմնադրույթներին: Առավել ևս, որ գլխուղեղը արդ համարվում է մարդու` ո'չ ավել-ո'չ պակաս, բուն ԷՈՒԹՅՈՒՆԸ !!! ( Essence, վերջապես!, իսկ իրականում` ներաշխարհը... ) և ըստ ոմանց, Կոպեռնիկոսի և Չ.Դարվինի հեղափոխություններից հետո երրորդ շրջադարձային հեղափոխությունը ակնկալվում է առեղծվածային գլխուղեղի ու գիտակցության ասպարեզում: Այս առումով էիզմը  ստանում է իր ողջ նշանակությունը և դժվար է այն գերագնահատելը...  
    Այսուհանդերձ, անգամ սույն հակիրճ դիտարկումները ամենայն հավանականությամբ նույնպես կմնան անտիպ, ծայրահեղ դեպքում կհրապարակվեն ոչ ամբողջությամբ: Զի, պարունակում են խիստ էական գաղափարներ ու հետազոտական սկզբունքներ, որոնք առաջարկվում են առաջին անգամ և բացում են գիտական բոլորովին նոր հորիզոններ: Մինչդեռ, դրանց մշակման համար արժանի ու համապատասախան կառույցներ դեռ չկան, իսկ մենք չէինք ցանկանա  բորենիների առջև «մարգարիտներ» սփռել:
    Չծանրաբեռնելու համար նյութը, այստեղ խիստ հպանցիկ հիշատակվում են միայն նյարդաբանական մի քանի հանգամանքներ, իսկ մի քանի այլերը կարծարծվեն վերլուծումների ու մեկնաբանությունների, այսինքն` հաջորդ 1-2 մասերում: Ուստի, անհրաժեշտ է լավ մտապահել այս բաժնում արծարծվող դրույթները և պարբերաբար անդրադառնալ դրանց, ջանալով լրացնել այլ աղբյուրներից սեփական դիտարկումներով, ինչը կլիներ քննարկվող նյութի և խրթին թվացող էիզմի գոնե ընկալման լավագույնը միջոցը: 
 
     
     Հայտնի իրողություն է. աչքը ոչինչ չի տեսնում: Արտաքին աշխարհից ստացած խիստ սահմանափակ տիրույթի էլեկտրամագնիսական ալիքները էլեկտրաքիմիական թրթիռների միջոցով փոխանցվում են գլխուղեղի «տեսողական կորտեքսին», որն էլ վերակառուցում է արտաքին աշխարհի արտացոլանքը: Մոտավորապես այնպես` ինչպես փակ աչքերով երազ ենք «տեսնում», սոսկ պաշարված ինֆորմացիաների, մտապատկերների ու կանխազգացողության շնորհիվ: Այդ հայտնի էր վաղուց: Սակայն, այսքանը գիտենալով հանդերձ մենք շարունակում ենք «տեսնել աչքերով», ինչպես հազարամյակներ ի վեր իբր այդ արևն էր պտտվում երկրի շուրջ, թեև Բանական մարդը չէր հասկանում թե ինչո՞ւ այն չի ընկնում իր գլխին:
     Այժմ արդի «պատկերային բժշկությունը» («imagerie medicale»,  scane-ային ռադիոգրաֆիա, տոմոգրաֆիա-մագնիսական ռեզոնասն, ևն)  ընձեռում է գլխուղեղի կենսագործունեությունը ուսումնասիրելու լայն հնարավորություններ և արձանագրել է, որ տարբեր զգայարաններից ստացված ինֆորմացիաները ( շոշոփելիք, ձայնային, համային, թե հոտային )  նույնպես կարող են վերածվել մտապատկերների, ինչպես հիշողությունները: Եվ այդ անգամ ի ծնե կույրերի մոտ, որոնց «տեսողական կորտեքսը» հաճախ պարզվում է լինել անվնաս: Այդպես ստեղծվում են մտապատկերներ, ենթակա պատրանքային ազդեցություններին` ինչպես առողջ աչքերը իլյուզիոնիստների աճպարարություններով կամ օպտիկական այլազան խաբկանքների միջոցով: Այդպես հնարավոր է նաև ցավազերծել առանց դեղամիջոցների, և հակառակը` ստեղծել կորուսյալ անդամի գոյություն, պսիխոսոմատիկ ցավ, «ուրվականային զգացողություններ», երջանկության, հուսահատության, թե այլ պատրանքներ ու տեսլականներ, ինչպես բնազանցական երևույթների պարագայում:   

  Նեյրոգիտությունները արել են նաև հետաքրքիր այլ բացահայտումներ: Օրինակ, գլխուղեղում կենսահոգեբանական այս կամ այն գործունեությանն համապատասխան լոկ տեղամասերի գոյության փոխարեն (մոդուլային սկզբունք` տեսողական, լսողական, խոսքի, ևն ), ենթադրվում է նաև դրանց, միլիարդավոր նեյրոնների միջև և ողջ գլխուղեղի սերտ և խիստ խրթին համագործակցություն (ամբողջական սկզբունք, Նկ.1):  Դրսից եկող ամեն մի ինֆորմացիա որպես «էներգետիկ փաթեթ» փոթորկում է նեյրոնային «օվկիանոսը», ակնթարթորեն ցրում նեյրոնային ցանցը, որը վերաամրագրվում է ստեղծելով նեյրոնների նոր հարակցություններ 1 (connections, Նկ. 2): Ըստ որում, նոր ինֆորմացիաները մտապահելու հետ նույնքան կարևոր է ավելորդ ինֆորմացիաներն անտեսելու ու որոշ հները «ջնջելու» գլխուղեղի հատկությունը:
    Այդպես, գլխուղեղը ինֆորմացիոն հեղեղից անվերջ զտում է անհրաժեշտը, կազմում ու վերակազմում, համադրում-տարանջատում, հորինում ու վերահորինում նեյրոնների նորանոր հարակցություններ 2: Ըստ այդմ, ձեռք բերված ինֆորմացիաները պահպանվում են ոչ թե որոշակի կենտրոններում կամ նեյրոններում` ինչպես ընդունված էր մինչև վերջերս,  այլ դրանց connections-հարակցություններում: Այսինքն ճանաչողություն կոչեցյալը այլ բան չէ` քան նեյրոնների սինապտիկ հարակցություն, որտեղ էլ պաշարվում են մեր կենսափորձն ու իմացականությունը: Ըստ որում, որքան կարևոր է արտաքին ազդակների ներգործությամբ նեյրոնային նոր հարակցությունների ստեղծումը` նույնքան կարևոր է նաև հների ապամոնտաժումը (այլաբանորեն` «հին աշխարհի քանդումը»…), այսինքն` «ջնջումները», որի ընթացքում գործում է հիմնավոր ինֆորմացիաների «վերառման» ու ամրագրման օրենքը:
  
                Նկ.1    Նկ.2
      Նկ.1: Գլխուղեղի մոդուլային սկզբունքը:  Նկ. 2: Նեյրոնային connection–ներ: Կարմիրով ներկայացված են  հանգուցային հարակցությունների ակտիվացումը (սկզբնանկարում` գլխուղեղի «սկայնավորում»):

  1  Գլխուղեղում հաշվվում է 100 մլրդ նեյրոն (ըստ այլոց` պակաս): Ենթադրվում է, որ դրանք միմյանց հետ հաղորդակցվում են «փաթեթային ալիքների»  սկզբունքով: Ըստ Ա. Էյնշտեյնի, այն մեկ կենտրոնից  թռչող ալիքային տարրերի անտես «թելիկներով»  միմյանց հետ փոխկապակցությունն է,  որոնցից մեկի վրա ներգործությունը փոխանցվում է նաև մյուսներին, թողնելով «տարրերի տելեպատիա»  տպավորությունը («Էություն», էջ 288 ) :

 2
Գլխուղեղի  ինքնավերակազմավորման ունակության վրա է հիմնված որպես նեյրոպլաստիկա բնորոշվող նոր գիտաճյուղը, որը փորձում է գլխուղեղի վնասված որոշ գործառույթները վերականգնել այլերի զուգորդմամբ, օրինակը. լեզվա-համային բջիջների միջոցով` տեսողության, լսողական բջիջներով` տարածական կողմնորոշման ևն, այլորեն «վերակաբելավորելով» գլխուղեղը, ստեղծելով նեյրոնների նոր հարակցություններ կամ  ամրագրելով վնասված գոտիներն ու գործառույթները:

  Նկ.3a. 3b. Նկ.4.

               Նկ. 3a-b: Օպտիկական երկվություն:   Նկ.4: Ձախից` «օտիստի»  գլխուղեղը հաշվարկի ժամանակ: Ի տարբերություն այլոց (աջից), նա ակտիվացնում է միայն դեղինով նշված սահմանափակ գոտին, որտեղ պաշարված են  ≈250 հազար հաշվարկային լուծումներ: Ըստ այդմ, նա խնայում է և’ ժամանակ, և’ էներգիա, և մոբիլիզացնում քչաքանակ նեյրոններ:
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------

 
  Սինապսների միջև կապերի տարրալուծմանը նպաստում է օքսիտոնին կոչեցյալ բնական քիմանյութը, մինչդեռ ինֆորմացիոն փոխանցումներին` սերոտոնինը, ադրենալինը, դոպամինը և քիմիական այլ միացություններ: Այդպես, քաոտիկ արարում-ավերումներով, տարանջատում-ամբողջացումներով գլխուղեղը անվերջ ստեղծում ու վերաստեղծում  է «մտավոր քարտեզներ» (ճիշտ ինչպես էվոլյուցիոն իրականությունը), ըստ որի էլ կողմնորոշվում է տարբեր իրավիճակներում, դատում, համեմատում, զուգորդում ու թելադրում մեր վարքը: Նեյրոնները ինքնակազմակերպվում և հիմնականում գործում են մեզանից բացարձակապես անկախ:
    
    Փոքր-ինչ փոխվել են նաև ուշադրության և գիտակցության բնորոշումները: Ըստ այդմ, ուշադրությունը ծով ինֆորացիաներից անհրաժեշտը զտելու, դրա վրա սևեռվելու և մյուսներն անտեսելու գլխուղեղի կարևոր հատկություններից մեկն է, որը պահանջում է կենսաէներգետիկ մեծ ծախս և ընդունակ է պահպանվել խիստ սահմանափակ ժամանակահատվածում: Այդպես, կենտրոնանալով  որևէ պատկերի կամ երևույթի վրա, կարող են չնկատվել շատ ակնառու այլերը:  Իլյուզոնիստական աճպարարությունները և հիպնոսը գործում են հենց այս սկզբունքով:  

  
Այլ մեկ դասական օրինակը կից պատկերները են, որոնք ըստ մտասևեռման կարող են ընկալվել կա’մ որպես սկահակ, կա’մ որպես միմյանց նայող մարդկային կիսադեմքեր (Նկ. 3a-b): Հանգամանք, որը խոսում  է տեսողական ընկալման ոչ այնքան վստահելիության և «միայն տեսածիս եմ հավատում» ասացվածքի ոչ այնքան ճշմարտացիության մասին:   
    Երբ որևէ երևույթ կամ ինֆորմացիա հակադրվում է մինչ այդ մեզ ծանոթ ընկալմանը, գլխուղեղը նախ որսում է այդ մեխանիկորեն, ապա սկսվում է դրա գիտակցման պրոցեսը: Ըստ որում, այդ կատարվում է մի քանի փուլով ու կրկնություններով, որոնք ընթանում են ավելի ու ավելի արագ, մինչև ակնթարթային ըմբռնումը: Վերադարձը «մուտքագրված» ինֆորմացիային, դրա վերլուծումն ու ըմբռնումը բնորոշվում է որպես գիտակցություն: Ըստ այլոց, գիտակցությունը այդ հիշողության և ուշադրության համագործակցությունն է:  Որոշ նեյրոհոգեբաններ տարբերակում են երկու` գիտակցության և անգիտակցության մակարդակներ, որոնք նույնպես սերտ համագործակցության մեջ են, թեև անգիտակցականը կարող է գտնվել գիտակցություն հետ նույն մակարդակի վրա, սակայն շրջանցել այն ու գործել առանձին:  Երբ գիտացման գործընթացը զելվել կամ ավարտվել է, մենք փորձում են որոնել տվյալ երևույթի իմաստը: Այդպես, որպեսզի որևէ իմաստ հաղորդենք մեր գոյությանը, մենք հորինում են մեր սեփական «պատմությունը», ըստ որում յուրաքանչյուրս յուրովի` այդուհանդերձ խմբավորվելով ըստ ընդհանուր ընկալումների:

     Այսու, ուղեղը և’  անհատականացման օրգան է և’ սոցիալիզացման: Ենթադրվում է, որ գոյություն ունեն «հայելային նեյրոններ», որոնք արձագանքում են այլոց վարքին ու հոգեվիճակներին (միմետիզմ և կապկումներ): Այդ ծառայում է նաև կենսափորձի ու մշակույթի փոխանցմանը, նվազեցնում տարբերությունը Ես-ի և այլոց միջև, միաժամանակ դառնում սոցիալիզացման գործոն, որով Բանական մարդը ավելի ու ավելի է տարբերվել բարձրակարգ կենդանիներից և որոնել համակեցության ավելի ու  ավելի նպաստավոր ձևեր, վասն իր գոյապահպանման, էվոլյուցիայի ու հարատևման: Պարը համարվում է սոցիալիզացման արխիտիպերից մեկը: Բնական «կոլեկտիվացման» միջոցներից են նաև հավատամքային տարատեսակները, գաղափարախոսությունները, կեցական սկզբունքները, ավանդույթներն  ու արժեքային համակարգերը, որոնց կարծրացմանը համապատասխան նվազում է գլխուղեղային նոր հարակցությունների վերստեղծումը` այդու էլ արարչագործությունն ու էվոլյուցիան, և ընդհակառակը ուժգանանում է լճացումն ու էնտրոպիա-քայքայումը: Այդպես է կատարվում նաև «ուղեղների լվացքը»…

     Առանձնակի ուշադրություն է հատկացվում արտառոց ընդունակությունների տեր անհատներին, որոնք բնորոշվում են որպես autist-«օտիստներ» ( հուն. autos-ինքնին բառից, բայց  ներշրջյալ իմաստով):  Պարզվում է, որ «օտիստների» մոտ բացառիկ ակտիվ են գլխուղեղային  որոշ գոտիներ (Նկ.4), սակայն այլերը կարող են լինել անգամ վնասված, իրենք` խիստ ներամփոփ, մտասևեռված միայն որոշակի խնդրականների վրա, հոգեգործունեության այլ ասպարեզներում պարզապես անպիտան, էգոցենտրիկ, սոցիալապես մեկուսի ու անօգնական: Ենթադրվում է, որ հանճարների մեծամասնությունը «բարձրակարգ» կոչեցյալ  կամ ինչ-որ չափով «օտիստներ» են (հրաշք-հաշվորդներ, հիշողության հսկաներ ևն), ինչը որոշ թերհաս տեսաբաններին առիթ է տվել հանճարեղությունը բնորոշելու որպես շիզոֆրենիայի մի տարատեսակ: Իրականում խնդրականը անհամեմատ խրթին է (ավելի մանրամասն տե’ս,«Էություն», «Հանճարեղություն» ենթագլուխը, էջ 450- 471):

 
  Նեյրոհոգեբանության ու նեյրոփիլիսոփայության համար առանձին գերխնդրական է իրականության բնորոշումը: Որովհետև այլևս պարզ է, որ մեզ հայտնի «միակ» իրականությունը այն է` ինչը ներկայացնում է մեզ մեր գլխուղեղը, իսկ այն բազմաթիվ  իրականություններից ընկալում է միայն իրեն մատչելին, այն էլ աղավաղ, ինչպես նշվեց վերևում ու համոզում են  այլազան գիտափորձերը: Ըստ էության, իրականությունը այն է, ինչպիսինն ենք մենք ու մեր գլխուղեղային «հեռուստաընդունիչը»: Մինչդեռ, ինչպես տեսողական մեր համակարգը,  մեր ուղեղը մեզ «խաբում է» պատրանքային իր ընկալումներով ու զգացմունքային շեղումներով, մենք էլ «խաբում» ենք իրեն այլազան ներշնչումներով, «արթմնի երազներով» (արվեստ, հավատամք, փիլիսոփայություն ևն)  և դեռ «վիրտուալ» կոչեցյալ իրականություններով:  Իսկ ընդհանրապես,  «ռեալականություն» է կոչվում այն, ինչն ընկալում է մեծամասնությունը, որքան էլ  յուրաքանչյուրն ունենա իր իրականությունը:  
    Այլ խնդրական է «վիրտուալ» իրականությանը ( լատ. virtus/virtualis-հնարավոր, պոտենցիալ, արդի գործածությամբ` արհեստական իմաստով ):  Մինչ այդ, արվեստի բոլոր գործերը կարող էին որակվել վիրտուալ-արհեստական` անգամ ռեալիզմ կոչեցյալները: Սակայն, արդի էլեկտրոնային հնարավորությունները ստեղծում են «իրականության» տարատեսակներ, որոնք եթե գոնե մասամբ համապատասխանում են մեր կենսափորձին, կամ որոշ վարժանքից հետո հաճախ ընդունվում են հիրավի իրական ( էլեկտրոնային խաղեր, հոգեբանական «սիմուլյացիաներ»,  պսիխոֆիզիական վարժանքներ, ևն):  Եվ եթե դրանք ընդունակ են խաթարելու մանուկների ձևավորվող աշխարհընկալումը, ապա այլ դեպքերում կարող են լինել օգտակար, ինչպես օդանավերից կամ բարձունքներից գլխապտույտների, հոգեբանական «ալերգիաների» կամ այլ իրավիճակներին բացասական նախատրամադրվածության պարագաներում:     
    Արդ, կիբեռնետիկան լրջորեն հետաքրքրվում է «վիրտուալ» իրականությամբ, իսկ նեյրոհոգեբանությունը` «վիրտուալ» և էմպիրիկ իրականությունների հարաբերակցությամբ: Ըստ գերմ. Mainz քաղաքի համալսարանի նեյրոփիլիսոփա  Thomas Metzinger-ի, «վիրտուալ» իրականության մեջ մեր Ես-ն էլ վիրտուալ է, և «սիմուլյացիա» են անգամ  գիտական կենսափորձերը (կեղծակերպում):  Զի, եթե շատ ուզեք, որ փիղը կանաչ լինի, փիղը կկանաչի, եթե ձեր հաշվարկային ծրագրի մեջ մտցնեք համապատասխան տվյալներ:    
    Այսուհանդերձ, կարծիք կա, որ կեցության մեջ «վիրտուալ» իրականության ավելի ու ավելի զարգացմամբ և գործածական աճով, այն և բնական իրականությունները ապագայում առավել կմերձենան ու կմիաձուլվեն: Առավել ևս, որ որոնվում են հալյուցինոգեն բնանյութերի հնարավոր փոխարինումը  «բնական»  ու անվնաս ազդակներով:
 
       
Այդպիսինները արդեն կային: Օրինակ, երևակայությունը ընդունակ է փոփոխել գիտակցության ակտիվությունը և մեզ տեղափոխել գիտակցության այլ մեկ մակարդակ, որը սովորական հոգեվիճակում տոմոգրաֆիկ պատկերներում հազիվ է նշմարվում: Իսկ այդ ակնկալում է նոր իրականությունների բացահայտում, ինչպես եղել է ցայսօր, և որին պարտական ենք նաև գիտական բացահայտումները: Այդպես է ցայսօր փոխվել մարդկային իրականությունը,  բացելով զարգացման ու բնական հնարավորությունների անսահման հորիզոններ` ներառյալ մեր միկրոկոսմոս-ներաշխարհ-գլխուղեղ-էության տվյալ հետազոտությունները:
    Դեռ ավելին, ըստ Ցյուրիխի նեյրոհոգեբանական ինստիտուտի գիտաշխատող Lutz Jancke-ի, գլխուղեղի ճակատային աջ ու ձախ կողմերում կան «dorsal kortex »-ներ, որոնք գործում են որպես վերին «ինստանցիա» ու հսկում ամենայն: Այն ուշ է ձևավորվում, մոտ 17-20 տարեկան հասակում, իսկ հոգևոր տարբեր հասունության պարագաներում դրսևորվում է համապատասխանաբար: Հանգամանք, ինչը հուշում է, որ գլխուղեղի բնական պոտենցիալները բոլորովին էլ սպառված չեն: Ըստ ոմանց, առայժմ օգտագործվում է դրանց միայն 14% : 
  

    
Գլխուղեղի հետ կապված հետևողական գիտափորձերը այլ նեյրոհոգեբաններին համոզել են, որ մեդիտացիան ընդունակ է փոխելու նեյրոնների ստրուկտուրալ կառուցվածքը, գիտակցության վիճակը և հասցնել գիտակցական այլ իրավիճակների: Ըստ որում, տարբերվում են մեդիտացիայի երկու տարատեսակներ, մեկը` կենտրոնացված մտասևեռում որևէ երևույթի վրա, մյուսը` «արթմնի ներկայություն» բնորոշվող ինքնավերացում: Առաջին դեպքում, ինչպես երևակայության կամ «օտիստների» պարագաներում, բարձր հաճախականությամբ ակտիվանում են գլխուղեղի որոշ գոտիներ, որոնք սովորական վիճակում հազիվ են դրսևորվում, և կատարվում է մեծ սևեռում-կենտրոնացում որոշակի խնդրականի վրա: Մեդիտացիայի «արթմնի ներկայության» ժամանակ նեյրոնները կատարում են զտում, անտեսում երկրորդական ինֆորմացիաները և անգամ սեփական Ես-ը, զգացմունքները վերցվում են խիստ հսկողության տակ, իսկ մնացյալն ընկալվում է ընդհանրացված և ամբողջությամբ: Ըստ այդմ, մեդիտացիայի մեծ փորձ ունեցողները դառնում են ավելի քիչ ներամփոփ ու ավելի բաց արտաքին աշխարհի նկատմամբ, զուգորդվում են այլոց հետ և տեսնում անգամ նրանց «հոգիները»: Այդ «արթմնի» բարձր հոգեվիճակ է
( նման Բուդդայի, բառացի` արթուն),  որը հանգեցնում է բուն իրականության ճանաչմանը և նիրվանա կոչեցյալ վերին անդորրին ու երանությանը: Առաջ ընկնելով այստեղ նշենք, որ այդ էությունների ընկալմանն անհրաժեշտ ընդհանրացման ու վերացարկման ունակության և էութենական իրականություն թափանցելու մեկ դրսևորումն է...


 
 Ըստ նյարդաբանների, իրենց քաոտիկ «օվկիանոսում» ինքնակազմակերպվող նյարդերի վարքը անկանխատեսելի է և դեռ չկա այն մաթեմատիկան, որը կարող էր բանաձել այն, և ոչ էլ այն տեսությունը` արդի մեր պահանջներին համապատասխան գլխուղեղի ողջ մեխանիզմը բնորոշելու համար: Կիբեռնետիկային այդպես էլ չհաջողվեց մոդելավորել մարդկային «հոգին», թեև արհեստական բանականության ( համակարգիչներ, ինքնակառավարվող սարքեր, բարձրագույն տեխնոլոգիաներ ևն) և նեյրոռոբոտիկայի (գլխուղեղի զուտ բանական թելադրանքով գործող պրոտեզներ և համակարգիչներ, կիբեռնետիկական այլազան և մինչև իսկ ռազմական սարքեր, մարդ-սարք հակադարձ հորդորանք ևն) ասպարեզներում իրականացրած աննախադեպ ձեռքբերումներին: Այդպես, մենք բանտարկված ենք մի սենյակում, որը կոչվում է գիտակցություն և որն էլ համարվում է մարդուս իբր բուն էությունը: Եվ այդ սենյակից դիտում ենք մի կինոնկար, որն անվանում ենք իրականություն, և որն ըստ էության պարզապես  ֆիկցիա-հորինվածք է: Այն համարվում է ճշմարիտ կամ ճշմարտամոտ այնքանով` որքանով ընդունվում է որոշակի զանգվածի կողմից, այդուհանդերձ մնալով` ըստ հինդուիզմի, մայա-պատրանք ու անվերջ հարափոփոխ` ըստ հոգևոր մեր հասունության ու հոգեվիճակների:  
    Ըստ նեյրոփիլիսոփայության, ապագայում հնարավոր կլինի «բնական»  ստիմուլ-ազդակներով գլխուղեղին հաղորդել բարեզգացության, ոգեղինության հոգեվիճակներ: Ըստ այդմ, հարցը ստանալու է էթիկական բնույթ, քանզի ոմանք կուզենային մնալ բնական, թեև անգամ մեր Ես-ի կոնցեպցիան նեյրոպրոցեսների հետևանք է: 
                                                                                                                                                                                 
    
Այսքանը ներկայացվեց որպես միայն գիտալրատվական խիստ ամփոփ «խրոնիկա», իսկ թե այն որքանով է առնչվում էիզմ ուսմունքի հետ, ըստ այդմ ստանում առավել խորիմաստ նշանակություն և հորդորում արմատապես վերանայել մեր աշխարհընկալումը` կդիտարկենք հաջորդ թողարկումներում:                                                                                                                                                                      
                                                                                                         ¡   ¡  ¡

                                                                    
( Առաջին մասի ավարտ ) 
    
           
Ալեքսանդր Արորդի Վարպետյան                                        Մարսել, 6 հունվարի 2009 թ.