ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ |
Սկզբնաէջ |
Ալեքսանդր Վարպետյանին Հայաստանից վտարման առեղծվածային գործի մանրամասները
շարքից |
|
10/02.2012թ. «ԵՎՍ ՄԵԿ ԵՎ ՎԵՐՋԻՆ ՄԻ ՓՈՐՁ» հրապարակմամբ, մենք տեղեկացրել էինք 02/10.2011թ. Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզիի Հայաստան այցելության կապակցությամբ վտարանդի մի խումբ մտավորականներով նրան դիմելու մասին, հայցելով նրա մարդասիրական միջնորդությունը ՀՀ իշխանությունների մոտ, ի վերջո հանգուցալուծելու համար քաղաքական մեր հետապնդումների խնդրականը: Մեր պարագայում ակնկալում էինք սոսկ հայրենադարձ հանգուցյալների շիրիմներին կարճատև այցելություն: Սակայն, դրա փոխարեն ի վերջո վերջնականապես լուսաբանվեց 2002թ. հայրենիքից մեր արտաքսման, մուտքի համառ արգելման և ամբողջ մեկ տասնամյակ է ի վեր ողջ սփյուռքով մեկ հալածանքների բուն դրդապատճառը: Առեղծվածը հանգուցալուծված է!!! Եվ անգամ շատ ավելին...
Արտառոց մի երկիր, որտեղ չէր եղել Ջոնաթան Սվիֆթի հերոս Լեմյուել Գյուլիվերըը և չէր կարող անգամ երևակայել` արդի Հայաստանն է: Վերջապես անկախ հռչակված մի «ավետյաց» երկիր, որտեղ ամենայն գլխիվայր է, ինքն ամենայնում կախյալ ու նզովյալ: Որտեղ` ինչպես նեգատիվ-ժխտանկարում, լույսն ու ստվերը հակադարձված են, երկրաչափորեն` տակուցքն ու սերուցքը, կազմաբանորեն` դեմքն ու ամոթույքը: Որտեղ ներքևում պատերն հիրավի ականջներ ունեն, վերևում ականջները` պատ, աչքերը` թզենու տերևներ: Որտեղ «օրենքով» ոճրագործները բանկերում են, «օրինազանց» արդարները` բանտերում: Որտեղ ստում են այնպես բնական, ինչպես միզում են չորքոտանիները, երբեմն էլ... հենց իրենց վրա: Որտեղ եղծում ու կեղծում են «որքան բռի` այդքան իրավացի» և «որքան լկտի` այդքան համոզիչ» սկզբունքով: Որտեղ ճշմարտությունից գարշում են ինչպես չարքերը` խաչից, իմաստությունից խորշում որպես «պետության սպառնալիք»: Որտեղ պատգամավորները բառացիորեն «երեսփոխան» են, միջազգայնորեն «կոմպլեմնտարիզմը»` երկերեսություն: Որտեղ կանչում են «արի տուն», բայց իրականում հրում արտագաղթ ու վտարում: Որտեղ բնակչությունը նվազում է, ընտրողներն` ավելանում, քվեարկում են մեռելները, ողջերը` մնում ձայնազուրկ կամ հռչակվում անէ: Եվ ի վերջո մի ժողովուրդ, որի կեսից ավելին «շուռ տված» է, մյուս կեսը` չորեքթաթ: Որի անբուժելի ախտանիշը «հավերժ բարեկամն» է, մեծագույն թշնամին` հենց ինքը: Եվ դեռ շատ ավելին, ինչը գիտեն բոլորը` առանց գիտակցելու, կամ գիտակցում են` առանց գիտենալու: Եվ եթե սովորաբար «Հոգևոր աչքերը բացվում են տեսնելուց հետո միայն», ապա այստեղ բերանները փակվում են առավել, այլք` մնում ափիբերան: Մասամբ ու հակադարձորեն այդ է նաև մեր պարագան, այդու ուսանելի առաջինը հենց մեզ համար: Չհոգնեցնելու համար միայն հիշեցնենք, որ 2002թ. ի վեր մենք վտարված ենք Հայաստանից , և չնայած բազմում դիմումների, ավագ մտավորականության, այդքան լրատվամիջոցների և անգամ ֆրանսիական իշխանությունների մարդասիրական միջնորդության մեր մուտքն այնտեղ արգելված է ( հանգամանալից տեՙս www.eutyun.org/S/2/AVG/AVG-2.htm): Արգելքը` քարը գլուխը, գոնե արդար, գրագետ ու «թասիբով» մերժեն: Եվ քանզի ջրի բաղադրությունը որոշելու համար անհրաժեշտ չէ ծովը խմել, ինչպես նաև հնարավոր է ԴՆԹ-ի մեկ մոլեկուլով վերարտադրել ողջ կենդանուն, վասն աճպարարական «քրեստոմատիայի» և խարդավանքային «տեխնոլոգիաների» հետ ծանոթացման ( և այդ անգամ միջազգային փոխհարաբերություններում), առասպելաբանությունից իջնենք ոչ պակաս արտառոց «գյուլիվերյան» իրականություն: Խորհուրդ ենք տալիս հանգամանորեն հետևել թեկուզ աննշան թվացյալ որոշ մանրամասներին, զի եթե ասվում է.«սատանան մանրուքների մեջ է», ապա այստեղ հասարակական մեկ «մոլեկուլում» դինոզավրերի, տարաչափ «վիշապների» ու «կանաչ շերեփուկների» մի ամբողջ ֆաունա կա: Ծնունդով ֆրանսահպատակ և ֆրանսահայ հայրենադարձ լինելով հանդերձ, մենք Խորհրդային Հայաստանի քաղաքացի էինք դասվել 1948 թվից: 1976թ. ծննդավայր Մարսելում վերահաստատվելուց հետո այն պատվախնդրորեն պահպանել էինք ֆրանսիական քաղաքացիությանը զուգահեռ: 1991թ. մեր համաձայնությամբ ԽՍՀՄ անձնագիրը կնքվեց որպես ՀՀ սեփականություն և մենք դարձանք նորանկախ Հայաստանի քաղաքացի: Սակայն, ՀՀ 06.11.1995թ. Ն-061-I քաղաքացիության մասին օրենքի բերումով ( հոդված 1, 3 -րդ պարբերություն - «ՀՀ քաղաքացին միաժամանակ չի կարող լինել այլ պետության քաղաքացի») մենք ինքնաբերաբար զրկվեցինք ՀՀ քաղաքացիությունից: 1997թ. այդ մասին Զվարթնոցի օդանավակայանում մեզ բանավոր հայտարարեց ոմն համազգեստավոր հսկիչ, փորձելով վերցնել մեր անձնագիրը: Բարեբախտաբար այն չհանձնեցինք: Երկքաղաքացիության մասին բազմաթիվ քննարկումներից հետո, 26.02.2007թ. ՀՕ-75-Ն փոփոխությամբ վերոնշյալ կետը հանվեց, իսկ Հոդված 8-ով ավելացավ "ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը չի խոչընդոտում այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելուն» աղոտ պարբերությունը, ինչն ակնկալում է երկքաղաքացիության իրավունք: Ըստ այդմ և ընդունված կարգի վերականգնելու համար մեր ՀՀ քաղաքացիությունը, մենք 30.11.2008 թ. Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատուն ենք ներկայացրել դիմում և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, սակայն ստանում ենք հետևյալ պատասխանը. Այսինքն, մեզ որակել են որպես «ՀՀ-ից դուրս ապրող հայ նախկին ՀԽՍՀ այն քաղաքացիներ(ից), ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն»: Մինչդեռ, մենք Ֆրանսիայի քաղաքացի էինք 1943 թ. ի վեր, ինչը չէր խանգարել 1948 թ. հայրենադարձվելուց հետո մեզ ՀԽՍՀ քաղաքացի կնքելուն, իսկ ավելի հիմնավոր` 1991թ. ՀՀ քաղաքացի հռչակմանը: Ավելին. - 30.11.2008 թ. դիմումով մենք ներկայացել էինք ոչ թե որպես «հայ նախկին ՀԽՍՀ»` այլ 1991 թվից Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ներկայացրել այդ անձնագրի պատճեն, կնքված ՀՀ իշխանությունների կողմից և մինչև 25.04.1998 հաշվառված հենց Ֆրանսիայում ՀՀ դեսպանատանը (ստորև` պատճենները, տեՙս նաև www.eutyun.org/S/2/AVG/AVG_091023_KarapneriErgy.htm ): - Երկրորդ, ըստ նույն օրենքի 4 հոդվածի. «ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերն են. ՀՀ քաղաքացու անձնագիրը (ևն)», ինչը մենք ներկայացրել էինք: Ավելին չասելու համար, մնում է հարց տալ. Թյուրիմացությո՞ւն, տկարամտությո՞ւն թե՞ քաղաքական աճպարարություն, այդքան տարածված «գյուլիվերյան Հայաստանում»: Այս դեռ բոլորը չէ: Հիշեցնենք, որ 2011թ. աշնանը, Ֆրանսիայի նախագահ Ն.Սարկոզիի Հայաստան այցելության կապակցությամբ, մենք մի քանի քաղհալածյալներով հայցեցինք նրա մարդասիրական միջնորդությունը ՀՀ իշխանություններին, մեր պարագայում սոսկ հայրենադարձ հարազատների շիրիմներին կարճատև այցելության խնդրանքով: Խնդրի որոշ քննարկումներից ու թղթակցություններից հետո, գնահատելով Հայաստանում իբր ժողովրդավարության ջանքերը, մեզ խորհուրդ տրվեց դիմել ՀՀ Մարդու Պաշտպանին, ինչն արեցինք 29.01.2012 թ. փաթեթային գրությամբ ( բոլոր մանրամասնությունները տեՙս. www.eutyun.org/S/2/AVG/AVG_100316_Sarkozi%202.htm ): 01.02.2012թ. գրությամբ ՀՀ օմբուդսմենը անմիջապես հայտնում է հայցը քննարկելու մասին իր պաշտոնական որոշումը, իսկ 4.04.2012թ. գրությամբ` այն դադարեցնելու: Եվ ահա թե ինչո՞ւ. ՀՀ ոստիկանության և վիզաների վարչության նորանշանակ պետ Պր. Հ. Քոչարյանը ցուցադրում է տրամաբանության հանճարեղ մի «պիրուետ». «անձը ՀՀ քաղաքացիություն ձեռք չի բերել, ուրեմն զրկելու վարույթ չէր կարող լինել»: Կարծեք ճշմարիտ, պարզ ու համոզիչ, բայց նախ բառախաղային զրկվել ( կրավորական, իմա` նոր օրենսդրության բերումով )- զրկել ( ինչ-ինչ պատճառներով որոշակի վարույթով ) աճպարարությամբ: Դե~, այսօր լավ ստելու համար հարկավոր է «ջուրին մէջ քիչ մը կաթ» խառնել: Այդ դեռ ոչինչ, մեր հարգարժան գնդապետը մի նախանձելի ինքնավստահությամբ ստում է, կնքում և ստորագրում «Ալեքսանդր Վարպետյանը ՀՀ քաղաքացիությունը ձեռք չի բերել...», երբ ՀՀ քաղաքացիությունը մեզ տրված է հենց իրենց, երբեմնի ՆԳ ՕՎԻՐ-ի կողմից : Եվ ահա այդ «բարաթը»:
Այս ամենի մասին ՀՀ ՈՎ վարչության նորանշանակ պետ, մեր հարգելի Պր. Հ. Քոչարյանը տեղյակ չէ՞, նրա համար «հայկական ժամանակը» սկսվում է 1997/98 թվերի՞ց, թե՞ նրան հրահանգել են այդպիսի մի աճպարարություն հորինել, նախորդ կեղծիքը ամրագրելով պաշտոնական ևս մեկ խարդավանքով: Ընդունենք չգիտեր, թեև նման տեղեկանք տալու համար պարտավոր էր հին աշխատակիցներից թե արխիվներից հետաքրքրվել: Իսկ ՀՀ ԱԱԾ պետ, նախկին ԿԳԲ-ՊԱԿԻ բարձրաստիճան կադր, արդ գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյա՞նը: ԲԱՑԱՌՎՈՒՄ Է !!! Ինչպե՞ս թե «Ա. Վարպետյանը ՀՀ քաղաքացի երբևէ չի հանդիսացել...»: Ասենք, գնդապետ Հ. Քոչարյանը երիտասարդ է, սխալվել է, իսկ Դո՞ւք մեծարգո գեներալ-գնդապետ, Ձեր մերձակից աշխատակիցնե՞րը և Ձեր հաստատությունում այդքան հագեցած իմ «դոսյե՞ն»: Ուրեմն հիշեցնեմ: ------------------------------------------------------------------------------------------------------ Այլ առիթով ասել ենք, որ չարաբաստիկ 2000թ., երբ հոկտեմբեր 27-ից և ՌԴ-ում Վ. Պուտինի նախագահական ընտրությունից հետո Հայաստանում սկսվեց «նորմալիզացիան», այսինքն «բուլդոզերային հարթեցումները» և անցանկալի անձանց «սև» ցուցակագրումը, մի բարեկամի փոխանցմամբ , Ձեր մերձավոր աշխատակցի խորհրդով 23.06.2000թ. գրությամբ դիմեցի Ձեզ` ինչպես ինձ ասվել էր , Ձեր համակարգում իբր խիստ կարևորված «ազգային ինքնագիտակցության» խնդրականով (կից` նամակի պատճեն): Մեկ քանի անգամ «Էրեբունի» հյուրանոցում հանդիպել եմ Ձեր անմիջական օգնականի հետ, բայց որոշակի ծրագրով Ձեզ ներկայանալու առաջարկից հրաժարվել: Այդ բոլորը ինձ վստահություն չէր ներշնչում: Այդ իրողությունից Ձեր անտեղյակությունը նույնպես ԲԱՑԱՌՎՈՒՄ Է!!! ( այս մասին հանգամանալից տեՙս http://www.eutyun.org/S/E/AX/AX_02.htm , «Ազգային Խաչբառ» գրքույկը, էջ 21, ավելին ու որոշակի փաստերով` մոտակա այլ մեկ առիթով... ): Ուրեմն, իմ անձի և ՀՀ քաղաքացիության լինել-չլինելու վերաբերյալ, մեծարգո Պարոն գեներալ-գնդապետ, Ձեր տված 12.03.2012թ. թիվ 1/232 -12 գրավոր փաստաթուղթը` շատ-շատ մեղմ ասած, «իրականությանը չի համապատասխանում»: Այդքանի հետ դեռ ինձ եք ակնարկով մեղադրում ստախոսության ու աճպարարությունների մեջ... Ինչ վերաբերում է Հայաստան մուտքի իմ իբր սահմանափակմանը ( ինչո՞ւ ուղղակի չասել արգելմանը...), համաձայն. «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի գ ենթակետի, ըստ որի օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը մերժվում է կամ ՀՀ մուտքը արգելվում է, եթե գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը», ապա պիտի ասեմ այն, ինչը տվյալ պարագայում Ձեզ կարող էր հայտնի չլինել. - Այոՙ, ես հանդիսանում եմ «Էություն-Ազգային Իմաստության Տաճարի» հիմնադիրն ու նախագահը: Այն 1990 թ. հիմնվել է սփյուռքահայ «Հարատևման Ուխտ» ընկերակցության հիման վրա, բայց ՊԱԿ-ԿԳԲ բարձրաստիճան աշխատակից, ժամանակին ՀԼԿԵՄ-ին կից «Որոնում» կենտրոնի տնօրեն, կիբեռնետիկ, տնտես. գիտ. դոկտոր, արդ` նաև ռուս-հայկ. (սլավոնական) համալսարանի պրոֆեսոր և ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական Գրիգոր(ի) Արշալույսի Վահանյանի հորդորանքով և վարչական աջակցությամբ ( կից լուսանկարը, տե’ս նաև «Էություն» հանդեսը, էջ 51, և www.eutyun.org/S/E/AZGABANAKAN/Azgaban.htm ): Սակայն, կռահելով խնդրի բուն էությունը, "Էության" Խորհուրդը հրաժարվեց դրամական զգալի «նվիրատվությունից», խուսափելու համար քաղաքականությունից և մնալու համար համահայկական-ազգային զուտ գիտամշակութային կազմակերպություն: Մի հանգամանք, ինչը սկիզբ դրեց կամ զուգորդվեց մեր դեմ այդժամ չափավոր հալածանքներին: Դրանից հետո Գ. Վահանյանը հիմնեց հենց «Eutiun» անվամբ ինչ-որ կազմակերպություն (http://www.iatp.am/hayknet/euti-e.htm) և տրվեց նաև հայագիտական նույնատիպ հետազոտություններին, բնականաբար առանց «ՀՀ անվտանգության սպառնալիք» որակվելու: Նույնը նաև «Էության» գաղափարներով ու նպատակներով այդքան անձերի և մասամբ արհեստականորեն աճեցվող կազմակերպությունների վերաբերյալ, թեև առանց խորաիմաստ Էություն-էիզմ ուսմունքին և վերստին բնականաբար առանց ազգային բուն գերխնդրականներին հասնելու: - Այնինչ, «Էության» բուն ծրագրերի, նպատակների ու գործունեության մասին գրվել, հրապարակվել և խոսվել է բազմիցս, քաջալերվել համարյա ողջ հայ մտավորական ավագանու կողմից: Չծավալվելու համար միայն մեկ օրինակ. (մասամբ տեՙս նաև www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm , www. eutyun.org/S/P/AAV/AV_ManuscriptsAndDocs.htm , www.eutyun.org/S/E/E-Vodisakan/20-amyak.htm ): Մեծարգո Պր. գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյան, վստահո՞ւմ եք արդյոք հայ գիտության պարծանք ու նվիրյալ հայրենասեր Վիկտոր Համբարձումյանի գնահատականին, թե՞ վստահելի Ձեր աշխատակիցների սարքած գործերը առավել արժանահավատ են: Եվ արդյոք չեք կարծո՞ւմ, որ «Էություն»-Ազգային Իմաստության Տաճարը «ՀՀ պետական անվտանգության վնաս» որակելը` այն էլ Ազգային անվտանգության ծառայությունների կողմից և դեռ նրա տնօրենի ստորագրությամբ, երբևէ արտադրված պատմական ամենաանհեթեթ փաստաթուղթն է, սեփական «բարաթը» ժխտելը` պետական աներևակայելի ժպրհություն: Եվ Ձեզ արդյոք չի թվո՞ւմ, որ Ձեր ենթակաները թե գործընկերները կամա թե ակամա Ձեզ խիստ խայտառակել են, Ձեզ հետ` ավա~ղ, Հայաստանի Ազգային անվտանգության ողջ համակարգը... - Արտառոց չէ՞ արդյոք , որ Ազգային անվտանգության ծառայությունում, ազգային ոմն նվիրյալ երախտավորի դեմ սարքվում է ստորագույն մի գործ, և Դուք արդեն որպես ԱԱԾ պետ, տվյալ դեպքում չեք կարգադրում ստուգել կամ գոնե հետաքրքրվել նման ծանրագույն մեղադրանքով, առավել ևս` հենց Անվտանգության ծառայությունների անվտանգության համար: Այդ դեպքում որքանո՞վ է ազգային նման ծառայությունը, այդ ո՞ր ազգի անվտանգությունն է ապահովում, որքանո՞վ է հայ ազգը վտանգազերծ և որքանո՞վ է հավաստի ձեր տված տեղեկանքը, որը գալիս է անվտանգության բարձրագույն ատյանից անձամբ կնքելու և ապահովագրելու նախորդ եղծությունները, այն էլ «երբևէ» շեշտադրմամբ (արդյոք ՆԳ ՈՎ չի կատարե՞լ Ձեր հաստատության պատվերը...): Բայց, գուցե մինչև 1999թ. հոկտեմբերի 27-ը Հայաստանի Հանրապետություն գոյություն չի ունեցե՞լ... Ինչ վերաբերում է երախտիքին, ապա այն վերաբերում է միմիայն համապատասխան ասպարեզին ու ժամանակին: - Եվ ևս մեկ հանգամանք, այս անգամ որպես հարց: Այդ ինչպե՞ս երբեմնի «կարևոր վաստակ և հայ գիտամշակութային ասպարեզում նպաստ ունեցողը...» , նախկին ողջ ավագ մտավորականության աջակցությունը վայելող մեկը, հանկարծ դարձավ «ՀՀ անվտանգության սպառնալիք»: Նշանակալից ի՞նչ կատարվեց 1997 թվից հետո, հատկապես 1999-2000թթ ընթացքում և մասնավորապես 2000թ. ամռանը, երբ Ձեր համակարգում «ազգային ինքնագիտակցությունը» դարձավ շատ հրատապ, ինչպես Ձեր աշխատակիցները հորդորեցին և համոզոցին ինձ դիմելու Ձեզ: Ինչո՞ւ կմկմալ, երբ այդ բոլորի լեզվի ծայրում է, սրտի և գլխուղեղի ծալքերում: Կատարվեց տեսակի մեջ աներևակայելի հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը, որի մասին շատ լավ տեղյակ եք, և սերունդների առջև երդվել դրանում Ձեր անմեղսունակությունը: Ուզում եմ խորապես հավատալ անգամ այսքանից հետո: Մինչդեռ, ես թերևս մեղավոր եմ համարձակվելուս համար հեռուստատեսությամբ ընդվզել այդ ոճրագործության դեմ, իսկ ավել ուշ հալածանքներից դրդված քննախուզել սահմռկելի այդ իրողությունը ( http://youtu.be/QIoF50rDQhM , www.eutyun.org/S/E/AX/AX.htm ): Չեք կարծո՞ւմ, որ նման կատաղի ու չկշռադատված հետապնդումներով ակամա հաստատում եք հալածանքների բուն դրդապատճառը և դրանում իմ ճշմարտացիությունը, երբ կարծես կարելի էր այդ պարզապես անտեսել կամ արհամարհել, ինչպես շատերի պարագայում: Խորհրդարանական ընտրությունների շեմին, արդյոք այս թե այն կողմերի ջատագովները Ձեզ չեն ապակողմնորոշե՞լ... Իսկ գուցե Ձեր անդրդվելի զորությամբ ջանում եք կոտրել, լռեցնել ու վարկաբեկել ինձ, դրանով չեզոքացնելով հենց ճշմարտությունը, իսկ իմ օրինակով ահաբեկել հնարավոր բոլոր ընդվզողների՞ն, ինչպես արվել է հենց հոկտեմբեր 27-ից հետո և շարունակվում է ցայսօր: Մինչդեռ ես, քավ լիցի, ՀՀ նոր մի քաղաքացիություն չեմ հայցել, ինչպես Բաց Նամակով դիմել եմ ՀՀ նախագահին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ( http://youtu.be/kL7sTexkXPQ , ի դեպ ինչո՞ւ այս մասին չի խոսվում, գոնե զեկուցվե՞լ է...), խնդրել եմ միայն կարճատև այցելության թույլտվություն: Այնինչ, այժմ հարկադրված եմ փարատել ստախոսության և աճպարարությունների այս նոր մեկ ամբաստանությունը, բացահայտելով նաև քաղաքական մեկտասնամյա մոլեգին հալածանքների բուն դրդապատճառները: Ի՞նչ փույթ, եթե ոմանց պես ինձ վիճակված է որպես սեփական խաչ ու փշե պսակ կրել պատմական այդ պարտավորությունը: Ի վերջո մեկը պետք է որ այդ հետևողականորեն ստանձներ: Ճշմարտությանը` այոՙ, բայց մի՞թե Ձեզ ևս մարտիրոսներ են պետք... * * * Այստեղ, կարծեք որոշ զուգահեռներ կան Գյուլիվերի չորրորդ արտառոց երկրի և Հայաստանի միջև: Այն տարբերությամբ, որ եթե այնտեղ Yahoo մարդկանց (խոսակց.` բութ ու բռի) տնօրինում ու որպես գրաստներ հեծնում էին իմաստուն Houyhnhnm ձիերը, ապա այստեղ ` Yahoo ավանակները... ՀԵՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ Հավանաբար շատերի համար «գյուլիվերյան Հայաստանի» մեր այս նկարագիրը չափազանց մեղմ է ու ոչ արտառոց, համեմատած բարձրագույն ոճրագործությունների, աներևակայելի խարդավանքների, բուռն ստորությունների, բազմաբնույթ աճպարարությունների, այդքան գերկարևոր կեղծ տեղեկանքների.... և զանգվածային ընտրակեղծիքների հետ: Ի՞նչ փույթ ավել կամ պակաս անհամեմատ համեստ, եղծ ևս մեկը: Ծովի մեջ ընդամենը ջրի մեկ կաթիլ, ԴՆԹ-ի մի կենտ մոլեկուլ: Զարմացողն ո՞վ է, դարմանողը` ո՞վ: Սակայն, արտառոցը միջադեպը չէ` այլ «ծանր հրետանուց» ավելի «միջուկային» զինանոցով և բարձրագույն հրամանատարությամբ ընդդեմ նվաստիս այսպիսի կազմակերպված համազարկը, ինչպես նաև այդքան վստահությամբ նման եղծ ու անհեթեթ մի փաստաթուղթ արտադրելը և այն անհոգաբար մեզ շնորհելը: Ըստ էության այն իշխող տխմարության ու վերին խարդավանքի վկայագիրն է, հակադարձորեն` սերնդե-սերունդ մեր պատմական պատվոգիրը, իսկ որպես արդի «ՀՀ պետական անվտանգության սպառնալիք», ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի ու մասնավորապես Էություն-էիզմ ուսմունքի` պետական լրջագույն գնահատանքը... Այդքանի հետ, թերևս պարտ ենք բազմակի շնորհակալ լինել, որ ի վերջո հանգուցալուծվում է նաև մեզ և շատ-շատերի համար տարիների մի առեղծված և լուսաբանվում մեր վտարման ու հետապնդումների բուն դրդապատճառը: Հակառակ դեպքում քիչ թե շատ համոզիչ որևէ այլ բան պիտի հորինվեր: Ուստի, այսուհետ տասնամյա մեր հալածանքների դրդապատճառը կդիտարկենք հոկտեմբեր 27-ի շրջանակներում, այսինքն` «Հոկտեմբեր 27-ի առեղծվածը» քննախուզության, ինչպես ենթադրում էինք «Մենք և Հոկտեմբեր 27-ը» հայտով, ակնկալելով վերջնական փաստարկումներ: Առավել ևս, որ այսու փաստվում է նաև մեր քննախուզական ճշմարտացիությունը, միաժամանակ արդարացիությունը և մեր դեմ նյութված ստորագույն գործի ողջ իսկությունը, բայց նաև արդի քաղաքական իրավիճակի ու գործընթացների հետ կապված շատ աներևույթ հանգամանքներ: Երկրորդ նախագահի քաղաքական աշխուժացման առնչությամբ, մեր չնչնագույն պարագայում դրանք հավանաբար ունեցել են որոշակի դեր, ինչպես ամենայն շղթայաբար կատարվել ու կատարվում է նույն նախապատճառներով: Թեև նախապես զուտ անձնական ու չափազանց համեստ ակնկալիքով, բայց այսքանի համար անշուշտ արժեր ևս մեկ անգամ դիմել հայրենի իշխանություններին: Մնաց հուսալ, որ Yahoo-ների վերաբերյալ մենք առանձնապես «պետական հույժ գաղտնիք» չենք բացահայտել և այդու հիրավի չենք դարձել «ՀՀ անվտանգության սպառնալիք»: Ինչ վերաբերում է գալիքին և արդարությանը, ապա մնում ենք անբուժելի լավատես.
Տեր իմ, ի՞նչ կլիներ իմ վիճակը, եթե հակառակորդներս չսխալվեին: Բարեբախտաբար չարիքը նույնպես անկատար է... Երբեմնի ՀԽՍՀ և ՀՀ քաղաքացի արդ ազատ հայ ու թերևս անարժան ֆրանսահպատակ ազգաբան ու էաբան Ալեքսանդր Արորդի Վարպետյան Մարսել, 8 ապրիլի 2012թ. |