ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ    
 
Ալեքսանդր Վարպետյանին Հայաստանից վտարման առեղծվածային գործի մանրամասները շարքից
04/12.2007, Մինչև ե՞րբ Ա.Վարպետյանին չեն թողնի Հայաստան
  
 
 
        Բնականաբար այդ հարցին չենք կարող պատասխանել, բայց մի բանում վստահ ենք` նման անհեթեթությունը չի կարող անվերջ շարունակվել: Փորձելով որոշակիորեն ամփոփել այս գործի հանգամանքները, կատարենք հակիրճ, բայց ամբողջական դիտարկումներ:
        Տարբեր ժամանակներում ու տարբեր առիթներով Վարպետյանին քաջալերել և իրենց աջակցությունն են ցուցաբերել հայազգի բարձր մտավորական գրեթե ողջ էլիտան, ինչպես նաև` մի քանի այլազգի հեղինակավոր մտավորականներ: Նշենք նաև, որ Վարպետյանի գործունեությանը իրենց աջակցությունն են ցուցաբերել նաև Կարեն Դեմիրճյանը և Վիկտոր Համբարձումյանը: Եւ ինչպես լինում է նման պարագաներում, դեպի Վարպետյանը ու նրա գործունեությունը միանգամից հակվեցին նաև հայ մտավորական “երկրորդ էշելոնը” ու բազմաթիվ միջակություններ: Ու կրկին, ինչպես լինում է նման պարագաներում, երբ Վարպետյանի նկատմամբ պետական կոշտ դիրքորոշում որդեգրվեց, վերջիններիս մեծամասնությունը մեղմ ասած երես թեքեց նրանից: Եւ այստեղ երևի ավելորդ է խոսել այնպիսի հոգեբանական երևույթների մասին, ինչպիսիք են նախանձը կամ բարդույթավորումը…
        Հաշվի առնելով, որ ներկայում իշանությունը պատկանում է Հանրապետական Կուսակցությանը, ավելորդ չենք համարում նշել նաև, որ Վարպետյանը շատ մտերմիկ հարաբերություններ է ունեցել նաև ՀՀԿ հիմնադիր նախագահ, երջանկահիշատակ Ա.Նավասարդյանի հետ: Անգամ 1992թ.-ին խոսակցություններ են գնացել այն մասին, որ ՀՀԿ-ն որպես ենթակառույց, հայտնվի “Էություն” հասարակական կազմակերպության մեջ, որի նախագահը Վարպետյանն էր (տե'ս հետևյալ հղումով` http://www.iea.ras.ru/lib/neotl/07112002062247.htm ):
        Եւ հիմա, ամենայն հավանականությամբ երկրի նախագահի անմիջական իմացությամբ, շատ կոպիտ ձևով իրականացվում է Վարպետյանին Հայաստան չթողնելու գործընթացը: Ըստ Վարպետյանի հիմնական վարկածի` նախագահականի որոշ ռուսամետ շրջանակների հրահրմամբ, ինչը սակայն տարօրինակ է, քանի որ Վարպետյանը երբեք հակառուսական դիրքորոշում չի ունեցել:
        Ասենք, որ մի քանի կոմպետենտ մարդիկ, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներ, միանգամից նկատել են, որ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և նման երկրների քաղաքացիների գոնե տուրիստական մուտքը Հայաստան երբեք չի մերժվում: Ու եթե դրան ավելացնենք, որ Վարպետյանը հայազգի ու նաև հանրահայտ մարդ է, ակնհատ է դառնում, որ նա առանձնահատուկ նշանառության տակ է գտնվում: Շատ իրավաբանների կողմից նշվել է, որ ըստ կարգի նման մերժումները կատարվում են մի քանի ուժային գերատեսչությունների (հիմնականում` ԱԱԾ-ի) ներկայացված տվյալների հիման վրա: Սակայն հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, կարելի է վստահորեն ասել, որ այս գործում ուժային գերատեսչությունները դեր չունեն: Նշենք, որ ըստ Վարպետյանի, իրեն հաջողվել է իր մի ծանոթի միջոցով նայել ԱԱԾ-ի իր “դոսյեն” և պարզել, որ այն մաքուր է: Նաև շատ կասկածելի և անբնական էին վերջին ամիսների որոշ պետական գործիչների կամ կառույցների պատասխանները, էլ չասած, որ անթույլատրելի ու պրիմիտիվ իրավաբանական անհեթեթություններ են տեղ գտել նրանց պատասխաններում:
        Մեջբերենք Օվիրի հայտնի պատասխանից մեկ հատված. “…ներկայումս Ա. Վարպետյանին ՀՀ մուտքի վիզա տրամադրելու հարցը վերանայել հնարավոր չէ” (տե'ս` "Օվիրի" պաշտոնական պատասխանը “Հետքին” ): Համաձայնվեք` բացառիկ անհեթեթություն է: Ի դեպ, ԱԺ պատգամավոր Լ.Ալավերդյանը կարդալով դա, միանգամից շատ դիպուկ նկատեց. “Ի՞նչ է, մեռած մարդ ենք ուզում վերակենդանացնել, որ հնարավոր չէ վերանայել գործը”:
        Շատ տարօրինակ էր, որ “ԱԶԳ”-ում իրականությանը չհամապատասխանող տեղեկություն էր տվել օմբուդսմեն Ա.Հարությունյանը.”…նա կարող է մուտք գործել երկիր” (տե'ս` http://www.azg.am/AR/0000000201 ): Իսկ հետո, երբ ես գտնվում էի նրա տեղակալի մոտ, անձամբ իմ տպավորություններն այնպիսին էին, որ օմբուդսմենը գտնվում է ճնշման տակ: Նշենք նաև, որ Վարպետյանի որդու դիմումով այդ գործը “վերաբացվել է”: Սակայն կարծում եմ միմիտ պետք է լինել, հուսալու համար, որ օմբուդսմենն ի զորու կլինի այս հարցը լուծել: Հիշենք նաև, որ նախորդ օմբուդսմեն Լ.Ալավերդյանը իր որոշմամբ միարժեք ամրագրել էր, որ կատարվել է մարդու իրավունքների ակնհայտ ոտնահարում:
        Պակաս անպատասխանատու չի եղել նաև ՀՀ ԱԳՆ ձգձգված պատասխանը “Հետքին”. “Տեղեկացնում ենք, որ համաձայն միջազգայնորեն ընդունված պրակտիկայի` անհատներին մուտքի վիզայի մերժման դեպքում պատճառները չեն հայտնվում:…” (տե'ս` http://www.hetq.am/arm/politics/7092 ): Հետաքրքիր է, այդ ո՞ր օրվանից մեր երկրի պետական մարմինները փոխանակ առաջնորդվելու միմիայն մեր երկրի սահմանադրությամբ և օրենքներով` առաջնորդվում են միջազգայնորեն ընդունված պրակտիկայի ինչ-ինչ կանոններով:
        Իմիջիայլոց, Վարպետյանի նախկին զինակիցներից ու ընկերներից մի քանիսի հետ զրուցելիս, նրանք հիմնականում առաջ էին քաշում հետևյալ երկու վարկածները. “Նախ Վարպետյանը ոչ դիվանագիտորեն և աննրբանակատ ձևով է արտահայտվել մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների և որոշ գիտնականների հասցեին, տեղիք տալով նրանց անձնական թշնամությանը, և երկրորդ` Վարպետյանը իր խարիզմայի և գրավչության շնորհիվ կարողանում էր գրավել ու մի տեղ հավաքել մարդկանց` շատ լուրջ և ինտելիգենտ մարդկաց”: Կարծում եմ պարզ է, որ այս երկու հանգամանքները եթե կապ էլ ունեն մեր երկրի ազգային անվտանգության հետ, ապա միմիայն հակառակ առումով…
        Հոգնած, հիասթափված ու նյարդայնացած այս գործի հետաքննությունից, ինձ մնում է մի քանի հռետորական հարցեր հնչեցնել. “Ի՞նչ երկիր ենք կառուցում և ո՞ւմ համար: Արդյոք սա՞ էր մեր երազանքների երկիրը: Էլի ինչքա՞ն և ինչպե՞ս կգոյատևենք նման ստրկամտությամբ”: Բայց փաստ է, որ ապրում ենք մի երկրում, որտեղ “ինչո՞ւ է արգելվում Ա.Վարպետյանի մուտքը Հայաստան” պարզագույն հարցը, որը պարզագույն մի պատասխան է ենթադրում, կապված է անհավանական գլխացավանքների հետ: