|
Անկեղծ ասած, մի
տեսակ վախով էինք սպասում այս օրվան... Գուցե տարօրինակ թվա, բայց
ինչ-որ ամոթի զգացում ենք ապրում հիմա: Ասում են`
«Գժի փոխարեն գժի տերն է ամաչում»: Եվ մենք, որ ողջ
կյանքում ջանացել ենք տիրոջ վերաբերմունք ու սրտացավություն
ցուցաբերել մեր երկրի ու պետության նկատմամբ, այսօր ամաչում ենք
այս երկրի փոխարեն: Ավելի ճիշտ` ոչ թե երկրի, այլ երկիրը այսպիսի
ողորմելի վիճակի հասցրած հազարավոր ստահակների ու «դեգեներատների»
...
Այնպես որ, թույլ
տվեք բազմախոս չլինել այսօր, այլ թեկուզ հեռակա, բայց բարեկամական
ջերմությամբ սեղմել Ձեր ձեռքն ու պարզապես ասել`
«Շնորհավոր ծնունդդ, Վարպե’տ»:
Իհարկե հասկանում ենք, թե ինչքան ծանր կարող է լինել հոբելյանական
այս օրը հայրենիքում նշելու հնարավորությունից զրկված լինելը: Դուք
էլ անշուշտ հասկանում եք, թե ինչքան ծանր է մեզ համար, որ ի զորու
չեղանք այդ հարցում օգտակար լինել Ձեզ: Բայց ոչինչ, հաղթական
պայքարը դեռ առջևում է... Վստահ ենք` հաղթակա'ն, զի այլևս «մեր
երգը զենք է դառնալու».
|
Թե իսկապես հավատացած ես լինեի
Որ իմ երգը ձեզ կարող է օգուտ բերել
Ձեզ երգերով բանակի~ պես կզինեի
Բայց ի՞նչ օգուտ` նստել ինչ որ երգեր գրել:
Ի~նչ է երգը. ցաված հոգու մխիթարանք...
Տեղ էլ հասնի` չկատարվող ապսպըրանք...
Վալերյանի երկու կաթիլ պղտոր հեղուկ...
Թե խայթում է` իր իսկ խայթից սատկող մեղու...
Իսկ թե երգը մինչև անգամ զենք է դառնում,
Ո՞ւր է ձեռքը, որ ինքնակամ զենք է բռնում...
(Պ.Սևակ,
«Պահ կասկածի»)
|
Ուղիղ մեկ տարի
է անցել այն օրից, ինչ սկսել ենք ճանաչել միմյանց: Հիշո՞ւմ եք, դեռ
այն ժամանակ ասացիք, որ «մտնելով այս գործի մեջ» (տե’ս`
Ա.Վարպետյանի առեղծվածը), աներևակայելի փորձության
կենթարկվենք, բայց այդ նաև կլինի մի լուրջ փորձաքար` ոչ ստանդարտ
ու շատ խրթին իրավիճակներ հասկանալու և գնահատելու համար... Այնժամ
այդքան էլ չէինք հասկանում այդ խոսքերի բուն իմաստը, բայց հիմա
գուցե անհամեստորեն, բայց վստահ կարող ենք արձանագրել, որ այդ
փորձաքարն ինչ-որ չափով հաղթահարված է և գոնե մեզ համար այդ
հարցում այլևս որևէ առեղծված չկա` կա մի սահմռկելի ու նենգ
իրականություն, որն արդեն շատ հստակ տեսանելի է մեզ: Սրանից ավելի,
գուցե դեռ ճշտենք ևս մի քանի դավադիրների և կատարածուների
անուններ, բայց դա այլևս երկրորդական նշանակություն ունի...
Կասկածի նշույլ իսկ չկա, որ կգան
ժամանակներ, երբ Ձեր թողած ժառանգությունը կփայլի իր ողջ
վեհությամբ ու Ձեր արածն արժանավույնս կգնահատվի: Եվ հավանաբար
սերունդները չեն էլ հիշի կամ լռության կմատնեն Ձեր կրած
տառապանքներն ու ստորացումները: Դե ի~նչ արած, պատմության անիվը
շարունակում է իր հավերժ պտույտները և իրադարձություններն անվերջ
կրկնվում են զարմանալի նմանությամբ...
Անշուշտ, դեռ կլինի իսկական
գնահատանքը, դեռ կլինեն գաղափարական հաղթարշավներ ու խրախճանքներ,
և «կցնծա պառնասը»` բայց առանց Ձեզ.
... |
Այդ ո’չ թե Արևն էր` բարձրացավ –
Եվ սրբեց ոսկեզօծ քո ցոլքը
Իր շքեղ ցոլքերով պայծառ:–
Ո’չ:– Չնչի’ն ամպերի սև զորքը
Պաշարեց Արևի’ց առաջ քեզ,–
Իսկ այնտեղ, ներքևում,– երգի սով էր,–
Բայց ցնծում էր պառնասն առանց քե’զ...
(Ե.Չարենց,
«Իմ լուսաստղը»)
|
Հետաքրքիր է,
երբ տարիներ առաջ, Համո Սահյանը տեսնելով Ձեր Ոգու Թռիչքն ասել էր.
«Հիմա հանգիստ կարող եմ մեռնել...», կռահո՞ւմ էր
արդյոք մեծ բանաստեղծը, թե ինչ ճակատագիր է նախասահմանված Ձեզ ի
վերուստ: Հետաքրքիր է նաև, թե արդյոք Դուք չէի՞ք կանխազգում, թե
ինչպիսի դավադրություններ են Ձեզ սպասվում առջևում: Բայց չէ՞ որ
Փարաջանովն էլ էր նախապես զգուշացրել Ձեզ.
«... Գիտցե’ք, որ ամենուր խուլ ու համր պաշտոնյաներ են` վախկոտ ու
խորամանկ ...»:
Ո’չ առաջինն եք, ո’չ էլ հուսանք
վերջինը` «դժբախտների» համաստեղությունում... Դժբախտների` քանզի
մի՞ թե կա ավելի մեծ տառապանք, քան լինելն առողջ ու կենսունակ բջիջ
հիվանդ մի մարմնում: Ու չգիտենք, երբևէ կգա՞ երանելի այն օրը, երբ
առողջ բջիջները կհասնեն այն կրիտիկական քանակին, ինչի պարագայում
միայն հնարավոր կլինի այդքան հորջորջված Վերածնունդը.
... |
Այս հավատով ու հույսով է, բարեկամըս,
Որ աշխարհում մերպեսները ամեն գիշեր
Աղքատ քնում ու զարթնում են հարստացած...
(Պ.Սևակ,
«Դարակեսի հիմնը»)
|
Մեծ
հպարտություն է ունենալ Ձեր անկեղծ և անկաշառ բարեկամությունը, ու
մեծ երջանկություն` որ կաք և ամեն վայրկյան կարող ենք դիմել ու
ստանալ Ձեր անգնահատելի խորհուրդներն ու աջակցությունը: Մեծ պատիվ
է այս ամենը Ձեզ ասելը... Ծնունդդ շնորհավոր ! Թասդ
բե’ր.
|
– Էս է, որ կա... Ճիշտ ես ասում. թասըդ բե’ր:
– Էս էլ կերթա` հանց երազում, թասըդ բե’ր:
Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն,
Մեկն ապրում է, մյուսն ըսպասում. թասըդ բե’ր:
(Հ.Թումանյան,
Քառյակներ) |
|
|
|