Eutyun
ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ 2008
  Նախագահական ընտրություններ 2008
 
  
            Այնքան շատ է խոսվել ու գրվել մարտի մեկին ու հաջորդած օրերին տեղի ունեցածի մասին, որ իմաստ չկա նորից քչփորել մանրամասնությունները, ճիշտ ու սխալ որոշել, կամ առավել ևս` անուններ թվարկել: Պարզապես մատնանշենք տեղի ունեցածի բուն արմատնեը, երևույթները դիտարկենք իրենց պատճառա-հետևանքային շղթայի մեջ ու հասկանանք, թե ի՞նչ է սպասվում մեզ ապագայում:

            Ոչինչ անսպասելի ու պատահական չէր: Կատարվածը լիովին համապատասխանում էր մեր ազգի ներկա բարոյահոգեբանական վիճակին ու քաղաքակրթության աստիճանին: Իսկ հանգուցային կետերից կարելի է թվարկել մեր ժողովրդի պատմական ստրկամտությունը, ապագայի հանդեպ հավատի կորստից առաջացած քար անտարբերությունն ու սեփական անձը և ընտանիքը որպես ազգի մի մասնիկ չընկալելը: Այսինքն մեր ազգը վերածվել է մի ինքնաքայքայվող և ուծացվող գոյացության: Ու բնական է, որ նման հանրության մեջ կլինի և’ անբարոյականություն, և’ իշխանության բռնազավթում, և’ սպանություն, իսկ խաբեբայությունն ու թալանչիությունը արդեն դառնում են ազգային դիմագծեր:

            Այնպես որ, մեծ հաշվով Ռ.Քոչարյանի դերը այս ամենի մեջ փոքր էր, չլիներ նա` մեկ ուրիշը կաներ, ի՞նչ տարբերություն: Առավել ևս փոքր էին Լ.Տեր-Պետրոսյանի ու Ս.Սարգսյանի դերակատարությունները: Այս մարդիկ առավելագույնը “դետոնատորներ” էին, իսկ բուն “պայթուցիկը”` մեր ողջ հանրությունն էր:  Իսկ ընդհանրապես Լ.Տեր-Պետրոսյանը շատ դրական գործ արեց` նա արթնացրեց ժողովրդին իր գրեթե քսանամյա նիրհից, որը մինչ այդ ոչ-ոքի չէր հաջողվում: Իսկ Ռ.Քոչարյանը գնալուց առաջ առավել խարխլեց երկրի կայունությունը և ազգի անվտանգությունը, և այն որ մի քանի օրում մեր հանրությունը կարող էր այսպես պոռթկալ, ապացույցն է այն բանի, որ այս տասնամյա կայունությունը ընդամենը միֆ էր և առերևույթ` իրականում տեղի էր ունենում հանրության և ազգի խորքային քայքայում, որը զանազան ձևերով քողարկվում էր: Ինչ մնում է Ս.Սարգսյանին, ապա նա բառիս բուն իմաստով փաստի առաջ կանգնեցվեց` “կկարողանա՞ արդյոք նա թագավորել ավերակների վրա”…

            Ցավոք եղան նաև զոհեր: Չլինեին զոհերը, ապա կատարվածը կարելի էր դիտարկել որպես մեր հանրության մեջ կատարվող հերթական անբարոյականություն. ի՞նչ տարբերություն, մեկը հազա՞ր մեղք է գործում թե՞` հազար ու մեկ: Իսկ զոհերի առկայությունը բացի այն, որ անհատական անդառնալի ողբերգություններ էին, նաև ազգային ողբերգություն էր, որը մեր բարդույթների հերթական խորացումն էր ու ամրագրումը:

            Իհարկե կան փաստեր, որոնք աչք են ծակում և լուրջ մտորումների տեղիք են տալիս: Առաջինն այն է, որ փորձ է արվում կատարվածի բուն պատասխանատուների ցուցակը խառնել ու շփոթ առաջացնել, մինչդեռ ակնհայտ է, որ գոնե ֆորմալ տեսանկյունից և ըստ սահմանադրության հիմնական ու գլխավոր պատասխանատուն երկրի գործող նախագահն է` որպես պետության ու քաղաքացիների անվտանգության երաշխավոր:

           Այլ մեկ հանգամանք. երկրի առաջին դեմքի կողմից մի մարդու համար հստակ ասվում է, որ նա լրջորեն վտանգում է երկրի անվտանգությունը և հանդիսանում է դրսի ուժերի ներկայացուցիչ… և ընդամենը մի քանի ամիս անց որոշում է ընդունվում այդ նույն մարդուն նշանակել երկրի Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար: Եվ ոչ մեկի մտքով չի էլ անցնում որևէ բացատրություն տալ այս բացառիկ անհեթեթությանը:

           Մի տխուր ու վտանգավոր հանգամանք էլ. ազգի մտավորականության մի զգալի հատվածը միաբևեռ դիրքորոշում է ընդունում ու կարևոր էլ չէ` դա ստիպողաբա՞ր թե՞ ինքնակամ է արվում: Առավել հուսահատեցնողն այն է, որ գրեթե բոլորն էլ կտրուկ իջեցրել են “մտավորական” հասկացության նշաձողը, ինչի վառ ապացույցը մեծ քանակով ելույթները, հարցազրույցներն ու հեռուստաբանավեճերն են, ուր չկա ո’չ մակարդակ, ո’չ անկեղծություն ու շիտակություն, ու որ ամենասպանիչն է` ո’չ էլ հավատի վերականգնմանն ուղղված մոտեցում:

            Ցուցակը կարելի էր երկար շարունակել, բայց բավարարվենք այդքանով ու հասկանանք, թե ի՞նչ գլոբալ զարգացումներ են սպասվում:

            Առաջին և ամենահավանական տարբերակն այն է, որ կլինի այնպես, ինչպես մինչ այժմ էր` այսինքն կկատարվեն “կոսմետիկ” միջոցառումներ, որոնցում փորձ կարվի ծածկել հանրության “ամոթատեղերը” ու թոզ փչել բոլորի աչքին, իսկ երկիրն ու ազգը կշարունակեն իրենց դանդաղ ինքնաքայքայումը:

            Երկրորդ տարբերակն այն է, որ կշարունակվի ու կխորանա հասարակական առճակատումը և մատնանշված ինքնաքայքայման գործընթացը պարզապես կարագանա:

            Պարզ է, որ այդ երկու տարբերակներն էլ անընդունելի են, նաև պարզ է, որ շատ քիչ մարդիկ կան Հայաստանում, որ դա խորությամբ գիտակցում են: Իսկ թե ինչպես պետք է ամեն գնով կանխել այդ երկու զարգացումներն էլ ու բեկում մտցնել պետության կյանքում` առանձին ու բարդ նյութ է: Նշենք միայն, որ շատ բան կախված կլինի նրանից, թե նոր իշխանությունը ինչքանո՞վ կկարողանա թոթափել նախորդ իշխանությունների ծանր իներցիան և ինչքանո՞վ ի զորու կլինի ըմբռնել ազգի առջև ծառացած իրական խնդիրներն ու հնարավոր ելքերը:

            Վերջում թվարկենք մի քանի հնարավոր հասարակական երևույթներ, որ ամենայն հավանականությամբ կլինեն և որոնք պետք է հնարավորինս կտրուկ կանխել:

            Հանրության մի ստվար հատվածի մոտ արմատավորվում է “անարդարության զգացումի” բարդույթը:  Սա շատ դժվար է կանխելը, հատկապես որ մեր հոգեբանները ոչ միայն այս ուղղությամբ լուրջ քայլեր չեն անում, այլև հեռուստատեսությամբ արվող իրենց անպատասխանատու հայտարարություններով առավել խորացնում են այդ բարդույթը: Պարզապես պետք է հասկանալ, որ մեր պատմության վերջին երկհազարամյա դաժան ընթացքի ավարտին հնարավոր չէր մեկ օրում երկնքից հենց այնպես արդարություն ստանալ: Արդարությունը նվաճվում է. նվաճվում է ծանր, երկարատև և աննկուն աշխատանքի, պայքարի և իմաստնության շնորհիվ, և միշտ չէ որ հեղափոխական ճանապարհը հնարավոր է և ճիշտ…

            Կտրուկ ավելանում են ազգային ինքնախարազանման ու կենտրոնախույս դրսևորումները,  որն առաջանում է, երբ մարդիկ այլևս չեն տեսնում որևէ հույս և կորցնում են հավատն ապագայի հանդեպ: Այս հարցում իշխանությունն ու ընդդիմությունն իրական մտավորականության հետ համատեղ լուրջ անելիքներ ունեն: Նորմալ երկրներում առաջամարտիկն ու գլխավոր դերակատարն անշուշտ մտավորականությունը կլիներ, մեր պարագայում այդ դերը թերևս պետք է կարողանա ստանձնել իշխանությունը…

            Վերջին շրջանում երիտասարդության մեջ առաջացած աշխուժացման դրսևորումները ոչ միայն կարող են մարել, այլև հնարավոր է տեղի ունենա վատթարագույնը` այդ աշխուժացումը հակադարձվի ագրեսիվության և աղճատված արժեքային համակարգի ձևավորման:  Այս հարցն ավելի կարևոր է, քան մտավորականության պարագան, քանզի երիտասարդների ներաշխարհն ավելի նուրբ է և ավելի ընկալունակ բիրտ դրսևորումներին, ինչպես նաև երիտասարդությունն է մեր ապագան ու նրանք պետք է կառուցեն այն երազանքի երկիրը, ինչը ոչ մի կերպ չի հաջողվում անել ներկա սերնդին:

            Եւ ավարտենք մեր այս փոքրիկ ակնարկը Շիրազի խոսքերով.
  ...
Աչքերիս մեջ գարնան օրեր,
Ճամփես դեպի աստղերն անմեռ՝
Ինձ ելնելու քարեր կան դեռ,
Ինձ ելնելու սարեր կան դեռ,
Քարեր, սարեր, դարեր կան դեռ...
  Մ. Ս. 29 մարտի 2008 թ.