ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅԵՑՈՒՄ
  Նախագահական ընտրություններ 2008
 
  
            Ինչպես սպասվում էր, ընտրական և ետընտրական գործընթացները ուղեկցվեցին մեծ բռնություններով և այլ անօրինականություններով: Միամիտ կլինի ասելը, որ իշխանությունները չգտնվեցին բարձրության վրա ու չկարողացան ապահովել ընտրությունների պատշաճ անցկացումը, քանզի բոլոր կեղծիքների, խարդախությունների, բռնությունների, զանգվածային բարոյազրկման սանձազերծողն ու հովանավորը հիմնականում բարձրագույն իշխանություններն էին:

            Չանդրադառնալով անօրինականության և անբարոյականության բազմաթիվ փաստերին, դիտարկենք իրավիճակը ավելի լայն տեսադաշտից: Մեծ միամտություն է առաջացած ճգնաժամը դիտարկել որպես Լ.Տեր-Պետրոսյան և Ս.Սարգսյան հակամարտություն: Նրանք ընդամենը մարդիկ են, իրենց ուժեղ ու թույլ, լավ ու վատ կողմերով, և պետք է փորձել հասկանալ ժողովրդի որ հատվածին են ներկայացնում նրանք և ովքեր են նրանց սատարում: Մինչ այդ դիտարկենք մնացած թեկնածուների պահվածքն այս ետընտրական մի քանի օրերի ընթացքում:

            Նախ ցուցակից միանգամից կարելի է դուրս նետել թեկնածուներից երկուսի անունները, որոնք ընդամենը Ս.Սարգսյանի էժանագին գործակալներն էին  և ակնհայտ է, որ արջի ծառայություն մատուցեցին վերջինիս` բավականին ցածրացնելով նրա վարկանիշը:

            Իրենց սպասվածից ավելի կոռեկտ ու չափավոր դրսևորեցին մյուս երկու «ֆոնային» թեկնածուները:  Բայց պետք է նկատել, որ վերջիններիս մասնակցությունը դարձավ ինքնանպատակ ու բացարձակապես չազդեց հանրության գիտակցության վրա:

            Ցավալիորեն անհասկանալի մոտեցում որդեգրեց համազգային շարժման ակունքներում կանգնած թեկնածուներից մեկը:  Հաշվի առնելով նրա կենսագրությունը, նա պետք է այսօր կանգներ ժողովրդի կողքին և բացարձակապես ոչ մի նշանակություն չպետք է ունենար, թե նա ինչ վերաբերմունք ունի Լ.Տեր-Պետրոսյանի անձի և քաղաքական հայացքների նկատմամբ: Նա պարտավոր էր միանալ համաժողովրդական շարժմանը իրենց սահմանադրկան իրավունքը պաշտպանելու գործում:

           Իսկ մեր հարյուրամյա կուսակցության թեկնածուն ցույց տվեց, որ ինքն իրական նպատակներ չուներ հակադրվելու գործող ռեժիմին:  Գուցե մեծ դեր խաղաց նաև նախկինում ՀՀՇ-ական իշխանությունների կողմից իրականացված հետապնդումները, որը սակայն չի արդարացնում նրա հաշտվողական վերաբերմունքը պետական տեռորի ու սանձարձակության նկատմամբ:

           Իսկ ամենաերիտասարդ ու խոստումնալից թեկնածուի համար բարենպաստ պայմաններ են ձևավորվում իր վարկանիշը կտրուկ բարձրացնելու համար, ինչի ապացույցը նրա ստացած ձայների քանակն էր:  Նա շատ լավ կարողանում է ժողովրդահաճո գործելաոճով դեպի իրեն գրավել մեծ քանակով մարդկանց, որոնք չեն ընդունում ո’չ Ս.Սարգսյան ո’չ Լ.Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչներին: Ցավոք այս թեկնածուն ևս չի կարողանում վեր կանգնել իր անձնական ամբիցիաներից:

            Իսկ Լ.Տեր-Պետրոսյանը գրեթե հրաշք գործեց: Նա կարողացավ լուրջ հակակշիռ ձևավորել գործող մաֆիոզ, կոռումպացված և անբարոյական իշխանական ռեժիմին:  Եվ այս պարագայում լիովին երկրորդական նշանակություն են ստանում Տեր-Պետրոսյանի քաղաքական հայացքները, ծրագրային հիմնադրույթները և այն, թե ինչ ուժեր են նրան սատարում: Ինչպես ի սկզբանե հայտարարել էր հանրապետության առաջին նախագահը, նա ասպարեզ է իջել մեկ գլխավոր նպատակով` մաքրել երկիրը ժողովրդին շահագործող, մարդկանց իրավունքները ոտնահարող, ազգային շահերը անտեսող ուժերից: Իհարկե Տեր-Պետրոսյանի խոսքի և գործելաոճի մեջ կարելի է շատ խոցելի տեղեր մատնանշել, բայց ինչպես նշվեց` դրանք լիովին երկրորդական նշանակություն են ստացել…

            Ինչ մնում է Ս.Սարգսյանին, ապա նա բացառիկ հնարավորություն ուներ մաքուր ճանապարհով փորձել երկրի նախագահ դառնալ և կամք դրսևորել մաքրելու երկիրը հազարավոր տականքներից…  բայց ցավոք նա ապավինեց խուժանին և նպատակին հասնելու ճանապարհին միջոցների առջև խտրականություն չդրեց: Իսկ ամենացավալին այն է, որ նա շարունակեց մեզանում ավանդույթ դարձած ժողովրդի բարոյազրկման գործընթացը, թեկուզ զանգվածային ընտրակաշառքների տեսքով, էլ չասած` ծեծն ու ջարդը, այդ թվում` կանանց…

            Անշուշտ այս թվարկումը թերի կլիներ, եթե չհիշատակեինք նաև մեր երկրի առաջին պաշտոնյային: Ցավոք Ռ.Քոչարյանը հեռանալուց առաջ այնուամենայնիվ արեց իր «գործը»… Բացի այն, որ հենց երկրի նախագահն է հանդիսանում բոլոր ընտրական անօրինականությունների ոչ միայն պատասխանատուն` այլև գլխավոր հովանավորը, նա իր գնալուց առաջ լրջորեն ականապատեց ողջ քաղաքական ու հասարակական դաշտը: Իսկ Ս.Սարգսյան քաղաքական գործչին Ռ.Քոչարյանը պարզապես ոչնչացրեց` պահելով նրան իր ազդեցությունների ցանցում…

            Այս իրավիճակում անձերի խնդիրը լիովին երկրորդական է դարձել, և այժմ որոշվում է, թե որքանով է կենսունակ հայ ազգը և արդյոք կարող է գոյատևման հույս ունենալ: Ցավոք պատկերը հուսադրող չէ: Մեր ազգը լիովին կորցրել է իր դեմքը և հեշտությամբ թույլ է տալիս, որ իր փոխարեն հարցեր լուծեն իրենց իսկ կեղքողներն ու ստորացնողները` լինեն դրանք ներքին թե արտաքին ուժեր:  Ստրկամտությունը մեր մեջ չափից ավել է արմատավորված և այս իրավիճակում հույսի ապավեն կարող է հանդիսանալ մեր երիտասարդությունը, որոնք այդուհանդերձ հաճելիորեն զարմացրեցին` դրսևորելով մեծ ակտիվություն և ընդվզելով անարդարությունների դեմ: Մնում է հուսալ, որ մեր երիտասարդությունը չի կոտրվի, չի ընկրկի բիրտ ուժերի առջև ու կշարունակի իր պայքարը հանուն արդարության ու ազատության վեհ գաղափարների, հանուն իր ապագայի, հանուն մեր բզկտված ազգի ապաքինման ու հարատևման…

            Այսօր հատկապես երիտասարդությունն է հանդիսանում մեր հանրության ամենաանշահախնդիր և ամենակենսունակ հատվածը, այսօր երիտասարդությունն է, որ պետք է կարողանա դառնալ արդարության և օրինականության հաստատման առաջամարտիկը, այսօր երիտասարդությունն է հույսն ու լույսն ազգի… թող Աստված բազմապատկի նրանց ոգևորությունը, խիզախությունը և արդարամտությունը:

            Մնում է հաջողություն մաղթել Լ.Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը: Եվ Աստծո կամոք նրա հաղթանակից հետո (անշուշտ խոսքը նրա նախագահ ընտրվելու մասին չէ, այլ` ազգակործան և անհեռանկար ռեժիմի տապալման)  նոր կարելի կլինի քննարկել ծրագրային հիմնադրույթները և ազգային իղձերի իրականացման մեթոդոլոգիան, այդ թվում նրա շրջակայքում առկա կասկածելի անցյալով անձանց ինչությունը: Ուժ, իմաստնություն և հաջողություն բոլորին, ովքեր մտահոգ են մեր ազգի ապագայով, և ովքեր իրերին նայում են բարձր ու լայն տեսադաշտից` անտեսելով ընթացիկ մանրուքները: Իսկ վերջում մի փոքրիկ մեջբերում Վ.Տերյանից.
            “Եվ այդ գիտակցելով, ելնենք այս պատմական րոպեին, կազմակերպված ուժերով կանգնենք որպես մի մարդ, մի կամք, մի հոգի: Չմոռանանք, որ ճակատագրական է րոպեն, որ մեր գործը սուրբ է:”
  Մ. Ս. 26 փետրվարի 2008 թ.