ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
“ՔՍԱՆ ՏԱՐԻ ԱՆՑ”…
  Նախագահական ընտրություններ 2008
 
  
            Ազգային նախորդ զարթոնքից կամ համազգային շարժումից ուղիղ քսան տարի անց մեր երկրում տեղի են ունենում նախագահական ընտրություններ: Քսան տարի առաջ յուրաքանչյուր հայի սրտում արթնացել էր ազգային ինքնագիտակցության կայծը, ու թեպետ քչերն էին, որ խորապես հասկանում էին, թե ինչ է կատարվում իրականում, բայց բոլորի մղումներն էլ շատ ազնիվ էին և անաղարտ: Յուրաքանչյուրի մոտ մի երազանք էր ձևավորվում… երազանք, որ հայոց փառավոր նախնյաց ոգու կանչն էր ու գիտակցությունը, որ պարտավոր ենք կերտել մի նոր ապագա` ապագա, որ արժանի կլիներ հայոց բուն էությանն ու ոգեղեն արժեքներին:

            Ստեղծվել էին բոլոր նախադրյալները, որպեսզի հայոց պատմությունը որակական մի թռիչք արձանագրեր: Ունեցանք այդքան երազած անկախությունը, բայց միանգամից հայտնվեցինք ծանր տնտեսական ու սոցիալական իրավիճակում և միաժամանակ` պատերազմի թոհուբոհում: Թեպետ դժվարությամբ ու ջղաձգումներով, բայց հաղթահարեցինք սոցիալական ծայրաստիճան լարված իրավիճակը, իսկ պատերազմում տարանք փայլուն հաղթանակ: Թվում էր, որ հայ մարդը վերջնականապես կհաղթահարի իր պատմական անցյալով պայմանավորված բարդույթները և կլծվի իր ազգային ու պետական շինարարության գործին: Սակայն ի՞նչ կատարվեց և ի՞նչ ունենք այսօր:

            -  Մեր ազգը, որն իր բնույթով արարող է, և որպես արարիչ հատկություն, արդարության նկատմամբ պաշտամունքային վերաբերմունք ունի` ապրում է բացառիկ անարդար, խարդախ, մաֆիոզ և անհեռանկար միջավայրում:  Այս միջավայրն, իր թունավոր ազդեցությամբ, օր-օրի քայքայում և այլասերում է հայոց ողջ հոգեկերտվածքը: Մինչդեռ, ըստ Գ.Նժդեհի մարգարեական խորհուրդի. “Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա”:

            -  Կրթությունը հանրային կյանքի կարևորագույն ոլորտներից է, եթե ոչ` ամենակարևորը: Այսօրվա թերացումների և աններելի սխալների պարագայում միակ հույսի շողը կարող էր հանդիսանալ եկող սերունդը… բայց ավա~ղ, այսօրվա կրթահամակարգը, դաստիարակությունը, և ընդհանրապես` հանրության մեջ արմատավորվող բարոյահոգեբանական արժեհամակարգը, ոչնչով չեն հուսադրում: Եթե վերջնականապես ձախողեցինք եկող սերնդի դաստիարակությունն ու կայացումը` այլևս ոչինչ չի մնա, ինչին կարելի կլիներ ապավինել:

           -  Մշակույթը, որ հանդիսանում է յուրաքանչյուր ազգի հոգևոր հայելին, այս անկախության տարիներին փոխանակ առավել բյուրեղանալու և առավել վառ դրսևորվելու` լիովին ծանծաղեց ու իր դրսևորումներում արժեզրկող և այլասերող բնույթ սկսեց կրել:  Ու դա բոլոր ասպարեզներում` և’ արվեստում, և’ գիտության մեջ, և’ հոգևոր բնագավառում… Սա մի առանձին ու բարդ նյութ է, և այստեղ դրա շուրջ չենք ծավալվի:

           -  Ազգային գենոֆոնդի հարցը ծանրագույն վիճակում է: Կուրություն է չնկատելը, որ ժամանակակից գլոբալիզացիայի և ինֆորմացիոն դարաշրջանի պայմաններում առավել խորանում է մեր ազգի ուծացման գործընթացը, և էական չէ, դա կատարվում է ռուսական, եվրոպական թե ամերիկյան միջավայրում: Սարսափելին այն է, որ այդ գործընթացը գնալով անշրջելի է դառնում:

            -  Անկախացումից հետո տնտեսությունը թալանվեց բռի սեփականաշնորհմամբ ու փոշիացվեց, իսկ վերջին տասնամյակում համարյա ամբողջությամբ օտարվեց: Իսկ առանց տանիքի որևէ լուրջ ձեռներեցություն ի սկզբանե դատապարտված է ձախողման:

            -  Արտաքին հարաբերությունների ու միջազգային դրսևորումների մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ինչ ունենք` ընդամենը ներքին իրողության արտացոլանքն է:  Պարզապես նկատենք, որ ունենալով շահեկան մեկնարկային պայմաններ Ադրբեջանի նկատմամբ, այսօր նրանց շատ բաներում անգամ զիջում ենք:

            -  Եվ ի վերջո մեր այդքան երանելի անկախությունից մնաց միայն պատանք ու պատրանք, մենք` կոտրված տաշտակի առջև: Իսկ ամենասարսափելին` անհետ չքացան դարերով փայփայած ազգային երազանքներն ու տեսլականները, ասես չէին եղել “քսան տարի առաջ”:

            Այդպիսի տխուր պատկերի վրա թվում է, որ որևէ լուրջ նշանակություն ու կարևորություն չեն կարող ունենալ այս նախագահական ընտրությունները ևս: Եվ դա գուցե այդպես էլ է, հատկապես եթե հաշվի առնենք նախընտրական նեխ մթնոլորտը, ակնկալիք խարդավանքները, իսկ թեկնածուների ծրագրերում` հեռանկարային հստակ նախագծերի բացակայությունը: Բայց մյուս կողմից, հաշվի առնելով, որ առանց պետության առաջին դեմքի հնարավոր չէ համազգային գլոբալ ծրագրեր իրականացնել, անմտություն կլինի պարզապես հանձնվել ու չկարևորել այս ընտրությունները:

            Եվ ինչքան էլ իրավիճակը լինի խրթին, անհրաժեշտ է կարողանալ ընտրել հնարավոր լավագույնը: Այսինքն ստանալ մի իրավիճակ, որը գոնե տեսական հնարավորություն կտա ազգի առողջ և բավարար ներուժ ունեցող հատվածին սթափվելու, ինքնակազմակերպվելու և ինքնադրսևորվելու, իսկ իրենց դրսևորմամբ` ապաքինելու ողջ ժողովրդին, համայն հայությանը: Այլ խոսքերով` հնարավորություն ստեղծել ձևավորելու մտավորական ընտրանի… Այո’, ցավոք այսօր չունենք գործուն մտավորականություն: Չունենք մի մարմին, կամ մարդկանց մի խումբ, որի խոսքը անասելի կշիռ ունենար ամբողջ ժողովրդի համար, և որն իր մի խոսքով կարող լինել ուղղորդել ողջ հանրությանը: Եվ այդ խոսքի կշիռը ամենևին օրենքի ուժ չէ, որ պիտի ունենար, դրա ուժը զուտ գաղափարական և բարոյական էր լինելու, որի համեմատ բոլոր օրենսդրական ու վարչարարական միջոցները խիստ ստորադաս են:

            Բնականաբար խոհեմ չի լինի այսօր մեղադրել մտավորականությանը ոչ միայն այն պատճառով, որ այն պարզապես գոյություն չունի, այլև այն, որ մտավորականությանը պարզապես ոչնչացրել են… ու ոչնչացնում են` լավ ծրագրավորված ու նենգաբար: Եթե սրանից հարյուր տարի առաջ հայ մտավորականությունը գլխատվում էր ֆիզիկապես կամ նրանց խոսքը պարզապես լռեցվում էր, ապա այսօրվա գլխատման մեթոդները լրիվ այլ են ու շատ-շատերի համար աննկատելի… Անշուշտ մենք հիմա էլ ունենք մտավորական այրեր, բայց այսօր առկա է թացի ու չորի, բարոյականության ու ստորության, ազնվության ու երեսպաշտության մի քաոսային ու շփոթեցնող իրողություն: Իսկ նորագույն տեխնոլոգիաները մեզանում օգտագործվում են ոչ թե ի բարօրություն մեր ժողովրդի, այլ պարզապես ուղեղների լվացք է կատարվում, երբ անճաշակն ու մակերեսայինը ներկայացվում են որպես բարձրարվեստ կամ “էլիտար”, իսկ ազնիվ կամ խորքային անհատների առջև փակվում են պետական կամ հանրային դռները: Եվ որպես օրինակ, եռագույն կամ բազմագույն արվեստագետներ, գիտնականներ կամ գաղափարական երիտասարդներ կոչվածները ամենևին էլ ազգի սերուցք չեն հանդիսանում, և նրանց խոհա-փիլիսոփայական աշխարհընկալումը շատ ցածր է անգամ երբևէ քաղաքի երես չտեսած որևէ ռանչպար մարդու մակարդակից, որն իր ողջ կյանքն անցկացրել է բնության անաղարտ միջավայրում… ի՞նչ փույթ, որ մեկին Աստված ավելի երգեցիկ ձայն է շնորհել, կամ մեկը մի քանի գիրք ավել է կարդացել:

            Այնպես որ այսօրվա ընտրություններին հարկ է շատ լուրջ վերաբերվել, կամ Հ.Թումանյանի խոսքով ասած` “… երևույթի վրա պետք է նայել բնության ու պատմության օրենքների բարձրությունից, էն լայն, խաղաղ ու խոր հայացքով, որ նրանք միայն կարող են տալ”: Մենք այլընտրանք չունենք, բացի յուրաքանչյյուրս մեզ այս երկրի տերը զգալուց և մեր սահմանադրական իրավունքը իրական կյանքում գործադրելուց, այլապես սահմանադրությունը վերածվում է… սպիտակեղենի: Կարողացավ մեր հանրությունը այս ընտրություններում կամք դրսևորել` վերակենդանանալու ևս մեկ հնարավորություն կստանանք, չկարողացավ` հետագա բուժման հնարավորությունը կտրուկ կպակասի:

            Ամեն մեկիս մեջ ի՞նչը կհաղթի` Ստրո՞ւկը թե՞ Ազատության Ոգին… ա’յս է այսօր խնդիրը:
  Մ. Ս. 06 փետրվարի 2008 թ.