Սկզբնաէջ      
 
 
ԱՅԱ -ԱՐԱ
«Եվ արի ոգին շրջում էր այական ջրերի վրա...»

( Ընդհանուր անդրադարձ Ա. Վարպետյանի “Ծննդոց-Այա” մենագրությանը )

      
  Աշխատանքը սկսվում է ուսումնասիրության սկզբունքների շարադրումով, սկզբունքներ, որոնք ի ցույց են դնում ուսումնասիրության բազմակողմանիությունը և օբյեկտիվությունը:

        Կարևոր գործոն է համալիր միջավայրի ապահովումը, այն է` որևէ գաղափար ծնունդ է առնում այն բնաշխարհից, որով պայմանավորված է տվյալ էթնոսի կենսագործունեությունը, ապա էթնոսի կացութաձևը: Դրանով ասես հող է նախապատրաստվում անցում կատարելու դեպի ավելի խոր ու լուրջ, դրա հետ մեկտեղ ավելի խրթին մի ոլորտ, որը մինչ այս անտեսված էր նման ուսումնասիրություններում: Դա էթնոսի ներաշխարհ թափանցելու և բացահայտելու մեթոդն է, որը նոր լուծումներ է տալիս: Այսինքն` մի կողմից մենք տեսնում ենք այն արտաքին աշխարհը` իր ուղեկից գործոններով, որում գոյում է մարդը: Ապա շրջվում ենք դեպի հենց նա` տեսնելու` ինչպես է ընկալում աշխարհը, ինչպես է վերապրում ու արտածում: “Էթնոսի ներաշխարհն է նրա էությունն ու ինքնությունը”:  Այդու էթնոսի էությունն այն պրիզման է, որից անդրադառնում են աշխարհի մեկնության (բանական կողմ)  ու արտացոլման (ոգեղեն կողմ)  սուբյեկտիվ երանգները: Պարզելով տվյալ էթնոսին, ապա և ազգի հավատալիքներին հատուկ գծերը, կկանգնենք նրա էությունը  տեսնելու ճիշտ դիտակետում: Որից հետո փորձենք “նույնանալ ջրի հետ` նրան հասկանալու համար”:


        Այսպիսով, խնդիր է դրվում պարզելու հայոց անմիջական նախնյաց ինքնությունն ու ներաշխարհը, զարգացման միտումները և ընթացքը:

        Մայրիշխանության դարաշրջանը, այսինքն` մինչև մ.թ.ա. 5-րդ հազարամյակը` ներառյալ նեոլիթ-խալկոլիթն ամբողջությամբ, աշխատանքում նախապես պայմանականորեն բնորոշվում է որպես այական շրջան, այեր-այերեն  անվանումներով դարձյալ պայմանականորեն բնորոշվում հենց հայոց անմիջական նախնիները` նախահայերը: Եվ հեղինակի ուսումնասիրությունը կառուցվում է ազգային ներաշխարհի ու դրա դրսևորումների վրա` լեզվամտածողություն, դիցա-պաշտամունքային պատկերացումներ, մշակույթ ու ավանդույթներ: Խնդիրը ներաշխարհի արտածումների միջոցով ներաշխարհի բնույթը պարզելն է, քանզի ներաշխարհը դիտվում է որպես ազգի կարևորագույն առանձնահատկություն: Ըստ որդեգրած սկզբունքի` հարկ է որսալ էությունները,  դիցամոտիվների տակ` հիմնադրույթները, լեզվամտածողական բանաձևումները և «բառերը կարդալ նախադասությունների մեջ»,  ինչպես և դիտարկել «մասն ամբողջի և ամբողջը մասի մեջ»:

        Այդու ներկայացվում և մանրամասն վերլուծվում են միջուկ-թեմաները. կյանք-կենսաուժ-մահ,  իգական ջրերի ընդերքում գտնվող արական սկզբունք , տիեզերածառ/կենաց ծառը և դրանցից ածանցվող ծառամոտիվները (իմաստության ծառ, համաշխարհային ծառ)`  որպես կյանք-կենսաուժ-մահ հասկացությունների որոշակի պատկերում: Կենաց ծառը վարիացիան է, իսկ մնացյալը` դրա մոդիֆիկացիաները: Կենաց ծառի առնչությամբ գտնում ենք էյա- կյանք, և Այա`  նախաբույս-եղեգը, որը տիեզերածառի նախօրինակն է` ծնված պալեոլիթում: Կյանք-կենսաուժ-մահ թեմայի սահմաններում վեր են հանվում վաղնջականությամբ բոլորին գերազանցող *այ-*էյ  պարզական դիցարմատը, ինչպես և *am-*an դիցարմատը և համեմատաբար նոր *men-*mer-ը, որոնք, ըստ հեղինակի, մի քանի այլ հիմնարմատների հետ հանդիսացել են «այերենի նեոլիթյան հնչյունաբանության հիմնական լադերը»:  Լեզվաբանական ճկուն համեմատության շնորհիվ, ընդ որում, բառերի իմաստաբանության վրա առավել ուշադրություն դարձնելով, համեմատական լեզվագիտությունը համեմատական դիցաբանության լույսի ներքո քննելով, հեղինակը դուրս է բերում, որ *այ  կապված է լուսանապաշտության հետ, ըստ այդմ էլ երկրագործության և գերակա է եղել նեոլիթում: Հեղինակը բերում է Էա-Այա  դիցարմատով դիցերի ու դիցուհիների, երկրանունների ու էթնիկ խմբերի, տոտեմիստական, դիցաբանական կերպարների մի շքեղ զամբյուղ, որով ի ցույց է դրվում այդ դիցարմատի տարածվածության ահռելի սպեկտրը: Ամբողջական պատկերն ունենալու համար քննվում է համալիր միջավայրը. բուսական և կենդանական աշխարհ, բնական տարրեր ու տարերքներ: Ցանկացած բուսատեսակ (հացաբույսեր, խաղող, այլ մրգատեսակներ, կաղնի` Հայկ)  ամրագրվում է պատմական իրականության մեջ, ըստ նրա, թե որքանով է մեծ նրա կենսական, այդու և պաշտամունքային նշանակությունը: Քննվում են Հայկական լեռնաշխարհի այն հիմնական կենդանատեսակները, որոնք նույնպես կարևոր դեր են ունեցել նախահնդեվրոպական հանրույթի կեցական ու գաղափարական զարգացման մեջ:

        Ինչևէ, ընգծվում է, որ հայաստանյան նեոլիթում համատարած էր «Այա նախամոր պաշտամունքը ու *այ- դիցարմատը, որով էլ բնորոշվել են դիցա-կեցական կարևորագույն հասկացությունները` իրենց իմաստաբանական աղերսներով»: Այա  նախամոր առաջին ու անմիջական սերունդներին է հայտնաբերում հեղինակը` նրանց կոչելով իրենց իսկ նախամոր պատվին` այեր:  Վեր է հանվում նաև, որ այական հանրույթը նախապես եղել է բազմատոտեմ, դրանց մեջ այծը  եղել է գերակա: Որպես տոտեմ այծը նախորդում է Այա դիցամորը: Այան ծնվել է բուսապաշտական ավանդույթներից, զի նեոլիթում Այա նախամոր պաշտամունքը կապվում է բնապաշտության և ծառապաշտության հետ: Դեռևս պալեոլիթում էր սաղմնավորվել առնչությունը. կինը` մայր աստվածությունը, հենց տիեզերածնական ակունքն է, այլորեն կենաց ծառը: Հետագա մոտիվներում տեսնում ենք այդ Կենաց ծառի բնում բնակվող իգական դիցանձերին:

        Ընդհանրական քննությունը ցույց է տալիս, որ այական ներաշխարհի գորգահենքը պալեոլիթից սերվող տոտեմիզմն է, որի հետ շաղկապված են անիմիստական և անիմատիստական հավատալիքները, դրանք էլ հանգեցնում են բնապաշտությանը` որպես բուսա-կենդանական աշխարհի ու համապատասխան կացութաձևի հարազատ արտացոլանք: Հեղինակը բնապաշտությունից է բխեցնում աստվածների, դիցաբանության, տիեզերաբանության և ի վերջո գիտության ծնունդը: Կարևորվում են նաև հմայա-մոգական ավանդույթները, և շեշտվում, որ այս բոլորը արդեն իսկ առկա էին պալեոլիթում: Համեմատական դիցաբանության և համեմատական լեզվաբանության կտրվածքով տեսնում ենք, որ կատարված է ահռելի աշխատանք: Եզրակացությունն այն է, որ դիցա-պաշտամունքյին կարևորագույն համակարգերը նոստրատիկ են` սաղմնավորված դեռևս պալեոլիթում և ողջ էությամբ պահպանված հայ իրականության մեջ:

        Ամրագրենք, որ հեղինակը լուծում է տալիս երկու կարևորագույն խնդրի: Առաջինը մեկ սուպերէթնոսի` հանձինս այերի  անժխտելի գոյությունն ապացուցելն է: Նախապես պայմանակնորեն ընդունելով այեր-այական  բորոշումները` ներկայացվում են դրանց մանրամասն հիմնավորումները: Նախ փաստվում է այերենի`  նոստրատիկ լեզու լինելու հանգամանքը: Նոստրատիկ լեզուն պահանջում է նոստրատիկ էթնոսի առկայություն` այեր:  Իսկ «նեոլիթյան հեղափոխությունը» առաջինը կատարվել է հենց այական ներաշխարհում, ինչպես ամեն մի արարչությունից առաջ ծնվում են դրանց էությունն ու նախագաղափարները: Ապա մշակութային դիֆուզիայի օջախից (որը անկասկած Հայկական լեռնաշխարհն է)  արտածվել են թեմաները, նախագաղափարները. դրանք վարիացաներով ազգայանացվել են ու տեղայնացվել` մինչև անճանաչելիության աստիճան և հաճախ վերադարձվել հայ իրականություն: Եվ երկրորդ` Հայկական լեռնաշխարհը` որպես սուպերէթնոսի և “նեոլիթյան հեղափոխության” միակ հնարավոր օջախ: Ինքը` “Նեոլիթյան հեղափոխության” գաղափարի հեղինակ Գորդոն Չայլդը, առանձնացրել էր 3 հավանական օջախներ` Հյուս. Սիրիա, Միջագետքի հարավ, Պաղեստինի շրջան: Սակայն աշխատանքում առատ հնագիտական նյութի շնորհիվ հիմնավորվում է այս երեքից միայն Հյուս. Սիրիայի` ճշմարտությանը մոտ լինելու հանգամանքը: Ներկայացվում է կարևորագույն հնավայրերի (Չաթալ-Հույուք, Շոում-Թեփե, Չայոնու-Թեփեսի, Երիքով և այլն)  հետազոտություններից զտած արդյունքները, որոնք ևս գալիս են հիմնավորելու Հայկական լեռնաշխարհի` սուպերէթնոսի օջախ լինելու իրողությունը: Եվ մինչ օրս էլ հնագիտական նորանոր հայնտագործումները միմիայն ամրագրում են այդ
(Նկ. a, b, c ):
  a.   b.  
a).Նեոլիթյան 3 օջախները ըստ հնագետ Ք. Ռենֆրյուի` համահունչ Գ.Չայլդի վարկածի (“Scientific America”, N°12,1989 թ.):
b).Նեոլիթյան տարածքն ու նշանավոր հնավայրեը Մերջավոր Արևելքում, որոնց մեջ հնագույնը Չայոնուն է
(մթա 8-րդ հզ, Հայկ. լեռնաշխարհ, http://www.mac125.com/forums/ftopic50997.html ):
 
  c.  
c).Նեոլիթյան միակենտրոնը օջախը Հայկ. լեռնաշխարհի կենտրոնում (ըստ նորագույն
բացահայտումների` նշագծված կարմիր գույնով) և նրանից սերվող նեոլիթյան երեք ենթաշրջանները,
ի տարբերություն մինչ այդ ընդունված նեոլիթյան բազմակենտրոն վարկածների
(գերմ. «bild der wissenschafh» գիտական ամսագիր, N°8, 2000թ.: Տե’ս նաև «Երկրագործությունը
որպես... Կենաց Ճանապարհ» և «Հայոց ծագումնաբանության խնդրականը» ):

        Ապա, ներկայացվում է հաջորդ փուլը` այական նեոլիթին ու մայրիշխանությանը հաջորդող, այսինքն` երբ հաստատվում է հայրիշխանական “արիական շրջանը”,  շեշտվում են ներհամայքային տարբերակումները` ըստ աշխարհագրական տեղանքի, հավատալիքների, կացութաձևի:
Ար(ի)ական-հայրիշխանական  դարաշրջանում երկրագործությունն իր դիրքերը զիջում է անասնապահությանը, գնում է անասնապահական ցեղերի ռազմականացման գործընթաց, և դրա օջախն է ներկայանում Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան շրջանը, որտեղ ձևավորվում են արիականությունը և հայ-արմենները:

        Հենց այս շրջանում է տեղի ունենում հողագործ հայերի և անասնապահ արմենների երկատումը: Յուրաքանչյուրի կեցությունը բնորոշեց բանականությունը` համապատասխան հակադարձմամբ: Արմենները ծնեցին արիականության համակարգը, ի տարբերություն լուսնապաշտ հայերի, Այա-Հայա-Էան, որը նախապես ընկալվել էր իբրև իգական սկզբունք ու ջրային տարերք, հայրիշխանական դարաշրջանում վերաիմաստավորվեց որպես արական սկզբունք ու աստվածություն. «Այա նախամոր արժանի ուստրը եղավ արեգակնային Արա աստվածը»,  և արմեններն իրենց բնորոշվեցին իբրև արևածին արիներ: Հենց նրանք էլ տարածեցին արիական մշակույթի թթխմորը, իսկ հայերը, որպես նստակյաց հողագործներ, մնացին իրենց տարածքում:

        Ընդհանրանցնելով` դիտարկումները հանգեցնում են նեոլիթյան բնօրրանի (Հայկ. լեռնաշխարհ),  նոստրատիկ էթնոսի (այեր),  նոստրատիկ նախամշակույթի (այական),  և նոստրատիկ նախալեզվի (այերեն)  բացահայտմանը:

        Աշխատության վերջին «Երբ է ծնվում ազգը» և «Երբ է մեռնում ազգը» բաժինների օգնությամբ առավել ընկալելի է դառնում հենց այսօր հայության (ա՞զգ արդյոք, թե՞ պարզապես ժողովուրդ )  առջև ծառացած լրջագույն խնդրականները: Հատկապես կարևորելով ազգի ծագումնաբանության մեջ հոգևոր նախասկզբի գաղափարը` հեղինակը ազդարարում է, որ ժողովուրդը քանակ է, ազգը` որակ` հայ էթնոսի տարիքը սահմանելով նվազագույնը 12000 տարի, հայ ազգի ծնունդը` մ թ ա 8-7-րդ հազարամյակներին:

        Ցայսօր կցկտուր ուսումնասիրություններ ունենալով հայոց կրոնական վաղ մտածողության բնույթի և առանձնահատկությունների մասին` հեղինակը ուսումնասիրողին պեղելու հսկայական նյութ է վեր հանում: Եվ առհասարակ աշխատանքը լի է նոր բացահայտումներով, որոնք երիտասարդ հետազոտողին կարող են բազմաթիվ հուշումներ անել:


  Էրինա Այս ,   14.09.2010թ.