Eutyun
ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
                               ԷՈՒԹՅՈՒՆ-ԷԻԶՄ                                                                          
 

Ե. ՉԱՐԵՆՑԸ ԵՎ ԷԻԶՄԸ

   
                                                               Երբ աշխարհի բոլոր գլուխգործոցներն արարված են,
                                                                                    հանճարն արարում է նոր մի աշխարհ:

    Շարունակում ենք պարբերաբար ներկայացնել էիզմի դրույթների և հիմնադրույթների առկայծումները մեծ մտածողների թե արվեստագետների դատողություններում: Տարբեր առիթներով և «Արվեստը որպես կայացման և էացման նախասկիզբ» ակնարկում ( http://www.eutyun.org/S/E/X/X/X-19.htm ) հոգի-ներաշխարհը ներկայացրել էինք որպես էվոլյուցիոն եռահարկ զգայական-բանական-ոգեկան կառույց, ինչը կեցության մեջ դրսևորվում է ի դեմս արվեստների, գիտությունների և հավատամքային համակարգերի: Գիտենք նաև, որ գիտական,  իմաստասիրական թե տիեզերաբանական մի շարք սկզբունքներ և ֆենոմեններ հաճախ առաջինը կռահվել են պոեզիայում, որպես ճանաչողության նախակարապետներ: Դրանց կարելի է հանդիպել բոլոր քիչ թե շատ մեծ պոետների տողերում, ինչպես նաև Ե. Չարենցի սույն երկտողում.  
 
  Այգը բացվեց աշխարհում, երբ դու քերթող էիր լոկ.-  
Այժմ կեսօր է արդեն- ժա'մ է դառնաս իմաստուն:-   
  
                                             (Ե. Չարենց, Դիստիքոսներ-X ):

    Ահա և զգայական ոլորտից միանգամից ոգեկան-իմաստասիրական (էութենական) հարթություն վերաճելու գիտակցական առկայծում: Ի տարբերություն Գյոթեի, որ սկզբնական պոեզիայից հետո տարվեց գիտական հետազոտություններով («Բույսերի մետամորֆոզները» ), ապա չափածո փիլիսոփայությամբ («Ֆաուստ»): Մինչդեռ մարքսիզմ-լենինիզմի «հրով վառված» Չարենցը համարձակվում է հակաճառել մեծն Գյոթեին.

  ԳՅՈԹԵԻՑ
Բարեկա՛մ, անխախտ հասկացի՛ր դու սա.-
Դարում, ուր Ոգին ու Միտքն են հորդում-
Լոկ առաջնորդվել կարող է Մուսան,
Բայց ինքը արդեն չի առաջնորդում:-
(Ե. Չարենց )

ՊԱՏԱՍԽԱՆ ԳՅՈԹԵԻՆ
Օ՜, Ոլիմպացի՛, այս աշխարհում երբ,
Չեն լինի Ոգու տերեր և ճորտեր-
Կհնձե կրկին բազմաբեղուն բերք,
Եվ կրկի՛ն, կրկի՛ն ուղիներում մեր
Երգի դիցուհի՜ն մեզ կառաջնորդե:-
(Ե. Չարենց )  

       Թե սոցռեալիզմում «Երգի դիցուհի՜ն» որտե՞ղ առաջնորդեց աշխարհն ու իրեն, այլևս հայտնի է...     
       Իմաստասիրական թերհասության մեկ այլ օրինակ է Չարենցի հետևյալ երկտողը.
  Դու կարո՞ղ էիր ըմբռնել, որ հարցը «էության ու ձևի»-  
Հարց է հողի ու հացի- և լուծվում է անհաշտ պայքարով:
-
                                     (Ե. Չարենց, Դիստիքոսներ-XXXV ):
     Իրականում անհեթհեթություն է «հողն ու հացը» ներկայացնել որպես «էություն ու ձև»...
     Նման այլ թերիմացություն է Չարենցի հանրահայտ «թևավոր պատգամը».
     «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:

     Զի, տմարդների հավաքականությունը ավելի մեծ տմարդություն է, տխմարների հավաքականությունը՝  ավելի մեծ տխմարություն, տկարների հավաքականությունը՝  գերակա տկարություն ( ինչպես մաթեմատիկայում, մինուսները գումարվոււմ են... ): Եվ այստեղ ևս արտացոլվում է Չարենցի մատերիալիստական աշխարհայացքը, նյութի և քանակի գերակայությամբ: Մինչդեռ ենթադրյալ փրկությունը կարող էր լինել ՈԳՈՒ մեջ կամ գոնե ԲԱՆ-բանականության, ինչպես Բիգ Բանգից առաջ աննյութական Եզակիություն-ԳերԷության կամ ըստ Հովհաննու ավետարանի. «Ի սկզբանե էր Բանը... (իմա՝ Էությունը): Ամենայն ինչ նրանով եղաւ...»  պարագաներում:
     Այնինչ, ի տարբերություն Չարենցի, Դ. Վարուժանը գերկարևորում է Է-Էությունը.
  ...Կ'ուզեմ ծովուն հետ սիրտ սըրտի ես հարիլ,   
   Իմ անհունիս մեջ այդ անհունը թաղել,
   Բուռն իղձն ունիմ մըրըրկին հետ մաքառիլ,
   Եվ գլուխս Էին գաղտնիքներուն դեմ բախել*:

                 («Մուսային», «Սարսուռներ» հատորից, Երևան-1984)
   Իսկ 19 տարեկան հասակում դպրոցական իր տետրի մեջ գրում «Է տառը մեր այբբենարանին մէջ»  փոքրիկ, բայց որքան խորախորհուրդ ակնարկը, ապշեցուցիչ կռահումներով ( http://www.eutyun.org/S/E/ZT/ZT_100107_E%20tar.htm  ): Չարենցը, ավա՜ղ, իր ոգեկան տարիքի՝ 40-ամյակի շեմին, այսինքն միջօրեին  նահատակվեց, առանց իմաստության հասնելու: Համոզված ենք, որ կհասներ, եթե որդեգրած աշխարհայացքի գերակայությունից հասցներ ձեռբազատվել: Զի, այլ մի քառյակում և ի հակառակ Ա. Շոպենհաուերի («Տաղանդը հասնում է մի նպատակի, որին ոչ ոք չի կարող հասնել, հանճարը՝ այն նպատակին, որը ոչ ոք չի կարող տեսնել» ), անում է շատ իմաստուն մեկ կռահում.
  Ամեն պոետ՝ գալիս` իր հետ մի անտես նետ է բերում,
Եվ նետն առած, խոհակալած-որս է անում երգերում.
Բայց դառնում է պոետ նա մեծ ոչ թե նետի՛ մեծությամբ,
Այլ նշանի՛ ահագնությամբ, որ հանճարներ է սերում
:
                 (Ե. Չարենց, «Գիրք իմացության», Ռուբայիներ ):
  Իսկ այդ նշան-թիրախները հենց էություններ են, թեկուզ անտեսանելի, բայց հասու խորատեսներին և հանճարների: Այսուհանդերձ Չարենցը մնում է մեծ պոետ, բայց միայն պոետ, առավել ևս ոչ «ամենայն հայոց բանաստեղծ»: Հայ և համաշխարհային գրականության բացառիկ գիտակ ու գրաքննադատ, ծայրահեղորեն խստապահանջ Հակոբ Օշականը այդ բացառիկ կոչումը հատկացնում է Դանիել Վարուժանին.
 «Չեմ վախնար գրելու,-Դանիել Վարուժան մեծագույն փառքերեն մեկն է մեր քնարերգության, եթե ոչ մեծագույնը»: (Հ. Օշական, «Երկեր», Երևան-1979, էջ 472 ):

   Իրականում Դ. Վարուժանը շատ ավելին է՝ քան սոսկ, թեկուզ մեծագույն բանաստեղծ: Լինելով անցյալ դարասկզբի մեհենական շարժման կարկառուն ռահվիրա, նա մեծ ազդեցություն ունեցավ ազգային ինքնության որոնումներում և հետագա սերունդների վրա ( ներառյալ Գ.Նժդեհ, Վազգեն Ա., Պ. Սևակ, մենք և շատ այլք ), իր գաղափարակիցների հետ բնորոշելով թե՛ 20-րդ դարի ազգային միտքը և թե՛ անցյալն ու ապագան: Այդ թվում՝  հենց ԷՈՒԹՅՈՒՆ ազգային Իմաստության Տաճարի, որի վիրտուալ կնքահայրերից մեկն էր ինքը ( տե՛ս.  http://www.eutyun.org/S/E/EHandes/
EHNH_04_07.htm ) և համանուն ողջ ոգեգաղափարական համակարգի ( ԷՈԳՀ):
   Այս առումով նա հիրավի հանճար է, թե՛ ըստ Չարենցի նշան-թիրախի սահմանման և թե՛ Շոպենհաուերի «անտեսանելի նպատակի», որի նշանակությունը հորիզոնից անդին ինքն անգամ չէր կարող տեսնել, ինչպես անգամ հանճարեղ մահկանացուներին անտեսանելի ու անմատչելի է վերին ԳերԷությունը...

 

 * Ծովի և Էա-Հայա ծովաստծո ակնարկ (երբ այն դեռևս չէր բացահայտված) և Է-ի գաղտնիքների իղձ...Մինչդեռ  խորհրդահայ  հրատարակիչը  չհասկանալով վերջին տողի  «Է-ին»  իմաստը պարզապես արտագրել է «Էին»...
                                                                             
       
Ալեքսանդր Արորդի Վարպետյան                                                 Մարսել, 14 ապրիլ 2014թ.

                                                                                           ¡  ¡  ¡