|
|
ԶՈՒԳԱՀԵՌ ՏԻԵԶԵՐՔ
13/02.2009թ.
|
«Փոքր Մհերին ընդառաջ» |
Խոհեր հայոց ինքնության,
ճակատագրի ու հնարավոր
շարունակելիության վերաբերյալ (Երևան-2003, 20 էջ): |
|
ԽՍՀՄ ՊԱԿ-Ի պաշտոնաթող գնդապետ, գաղափարական
վարչության երբեմնի պետ: Այժմ դասախոսում է «Քաղաքական
հոգեբանության» և «Հատուկ ծառայությունների
հոգեբանության» հատուկ կուրսեր: |
|
|
Ինչպես
ֆիզիկական ուժերի պարագայում, գաղափարների զորությունները ևս
չափվում են իրենց ներգործությամբ, իսկ արդի գիտական աշխարհում`
գիտահետազոտական տարբեր փորձասենյակներում ու շրջանակներում այս
կամ այն տեսությունների թե վարկածների հիշատակման կամ օգտագործման
հաճախակիությամբ: Ցայսօր նույնն է եղել նաև Էություն
ոգե-գաղափարական համակարգի պարագան (ԷՈԳՀ), որին թեկուզ
շեղումներով, աղավաղումներով, շահարկումներով ու առանց
սկզբնաղբյուրի հիշատակման, ակնհայտ փակուղային իրավիճակում
անդրադառնում են ավելի ու ավելի հաճախ, իսկ մենք միայն երբեմն նման
դեպքերին: Նույնն է նաև սույն աշխատության ու դրա ներկայացման
պարագան, որի հասկանալիորեն շատ էրուդիտ հեղինակը նախ քամահրել է
Էության գաղափարները, ապա աստիճանաբար հետաքրքրվել, մերձեցել դրանց
ու միաբանությանը, ի վերջո դառնալով ԷՈԳՀ-ի ակամա գաղափարակիրը`
թեև մարքսիզմ-մատերիալիստական սինթեզումներով:
Ստորև, ցուցադրական կարգով, այդ
աշխատությունից ըստ ենթաբաժինների բերվում են միայն մի քանի
մեջբերումներ (բաց-ուղիղ տառատեսակներով ), զուգահեռաբար տալով մեր
մեկնաբանությունները (մուգ-շեղակի): Այսուհանդերձ նշենք, որ
գիտական հավակնող աշխատությունը հիրավի ունի էրուդիցիոն որոշակի
մակարդակ, բայց ավա~ղ` ոչ բավարար իմաստասիրական ու էաբանական
պատվանդան:
ՄԵՆՔ
«Վերլուծելով այսօրվա մեր վիճակը, իհարկե, հնարավոր չէ
հետադարձ հայացք չնետել դեպի մեր անցյալն ու չհամեմատել
պատմական իրադարձությունները, որոնք իրենց հետքն են թողել
զանգվածային անգիտակցականի
խորին
շերտերում» (ընդգծումը` մերը):
Ինչպես նշվեց, հեղինակը հավատարիմ իր մարքսիստական
աշխարհայացքին ու մասամբ դուրս գալով դրա կաղապարներից,
հենվում է Կ.Գ.Յունգի որոշ դրույթների վրա, նրա
«ենթագիտակցություն» հասկացողությունը «սրբագրում» և
փոխարինում մատերիալիստական «անգիտակցական»-ով, որոնք
տարբեր հասկացություններ են:
Ստորև նույնը կատարվում է նաև Էության գաղափարների
հետ, այդուհանդերձ մնալով դրանց հիմանդրույթների ծիրում:
«Ի սկզբանե
պետք է նշել, որ նման փոքրածավալ վերլուծության մեջ
հնարավոր չէ ամբողջությամբ ընդգրկել հայի հոգեբանական
նկարագրի կարևոր ու մեծ հիմնահարցը, բայց էական ու ցավոտ
կետերը, կարծում եմ, պետք է նշել գոնե ուրվագծերով: Չենք
կարող շրջանցել այնպիսի հարցեր, որոնք իր տարբեր
ելույթներում ժամանակին հնչեցրեց Հայաստանի առաջին
նախագահը` ՙազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա
է՚, ՙհայ ժողովուրդը սովորական ժողովուրդ է, ինչպես
աշխարհի բոլոր ժողովուրդները` ո'չ ավել, ո'չ պակաս՚: Դրանք
մեծ հուզում առաջացրին թե' ընդդիմության մեջ (ինչը
քաղաքականապես հասկանալի է), թե' բնակչության տարբեր
ընկերային շերտերում: Խոստովանեմ, որ սկզբնական շրջանում
ես էլ բացասական կերպով ընդունեցի նշված, ինչպես կարծում
էի, սխալ, մեր ազգային արժանապատվությանը դիպչող
գնահատականները: Հետագա վերլուծությունը սթափեցնող էր.
պարզվեց, որ մենք մեր մասին շատ ավելի լավ կարծիքի էինք,
քան իրականում ենք»:
Իրականում ՀՀ առաջին նախագահը ազգային
գաղափարախոսությունը որակեց «...քաղաքական կեղծ
կատեգորիա», ինչը անվերջ հիշեցնում են նրա համախոհները:
Ուրեմն այդ կարևոր հանգամանք է: Բայց ինչո՞ւ է այն
անտեսում մեր հարգելի հեղինակը: Ինչ վերաբերում է հայոց
սովորական «ժողովուրդ» լինելուն ( բայց ինչո՞ւ ոչ ազգ...)`
այդ այդպես է, այսուհանդերձ ուրույն կենսափորձով,
ինքնությամբ, վաղնջագույն ծագումնաբանությամբ և
մշակութային չափազանց հարուստ ժառանգությամբ: Սակայն, այդ
դեռ հարկ է գիտենալ ու տեր կանգնել...
ՄԱՐԴԻԿ
«…Ուրեմն
կարող են գոյություն ունենալ` կա'մ ազգային կրոն (որի
օրինակները կան մարդկության մեջ), կա'մ պարզապես
գաղափարախոսություն (որը ոչ մի առնչություն չունի
ազգայինի հետ, այլ զուտ անհատական գիտակցված
կողմորոշում է {ընդգծումը` մերը}
), կա'մ սկզբունք»:
Այս խնդրականները քննարկելուց առաջ հարկ էր ճշտել «ազգ»,
«ազգային» և «գաղափարախոսություն» հասկացությունները: Ըստ
էիզմի, ազգը` ի տարբերություն ժողովրդի, հոգևոր
գոյացություն է, էթնիկական համայնքի հավաքական ներաշխարհը
(այլորեն` «հոգևոր հայրենիքը», որը ստորև հիշատակում և
ընդունում է նաև հեղինակը, բայց հակասում ինքն իրեն...),
իսկ մշակույթը` դրա նյութականացումը, կրոնն ու
գաղափարախոսությունը` ներաշխարհային աննյութական
արտադրանքները: Այս բոլորը ակնկալում են ազգային որոշակի
աշխարհայացք, որը անձնական աշխարհայացքների ընդհանրացումն
է, կապված բնաշխարհի, կաթուցաձևի և տվյալ էթնոսի
քաղաքակրթական հասունության հետ: Այդքանով էլ կրոնն ու
գաղափարախոսությունը կարող են լինել ազգային, ինչպես
անժխտելիորեն ընդունվում է «ազգային մշակույթը», կամ
տարբերվում են ազգագրական ու ժողովրդական երգերը: Ուստի
մեր հարգելի հեղինակի «ազգայինի հետ ոչ մի
առնչություն չունենալը», ցավում ենք, կատարյալ
անհեթեթություն է:
ԱԶԳԵՐ
«Ազգերն իրենց նախնիների ու
ժամանակակիցների հետ կապված են անգիտակցականի
կապերով (իմա` ըստ Կ.Գ. Յունգի «կոլեկտիվ
ենթագիտակցությամբ»: Ծանոթ.` մերը )
և
մենք, օրինակ, մեր միջնադարյան գրությունների հեղինակներին
նույնիսկ թարգմանաբար չենք կարող լիովին հասկանալ, այլ
ըմբռնում ենք ավելի շուտ բնազդով, քանզի չենք ապրում իրենց
խորհրդանիշերի (սիմվոլ) մթնոլորտում: Դա դեռևս XIX դարում
է նշել Լեբոնը: Այսօրվա հայ ազգը, սփռված լինելով
երկրագնդով մեկ, նախ` հոգեբանությամբ արևելահայ է ու
արևմտահայ, ապա, ինչը նաև շատ էական է, ապրում է տարբեր
մշակութային ու կենցաղային խորհրդանիշերի միջավայրերում:
Հետևապես գիտակցական, այն է` գաղափարախոսական մակարդակում
շատ տարբերություններ կան, որքան էլ չուզենանք դա
խոստովանել»:
Գիտակցական ու գաղափարախոսական տարբերություններ կան նաև
խիստ առաջադեմ ու ձևավորված «ազգային
հասարակություններում», որոնք այդուհանդերձ որդեգրում են
որևէ ընդհանուր կրոն, գաղափարախոսություն և կրում
համապատասխան ավանդույթներ ու մշակույթ, անգամ մասամբ
սփռված լինելով աշխարհով մեկ:
«…Ուրեմն,
հայոց ազգային գաղափարախոսություն,
ինչպես նաև որևէ այլ ազգային գաղափարախոսություն
գոյություն ունենալ չի կարող: Ստացվում է, որ նման
կարգախոսներով հանդես եկողները հաճո երևալու համար
պարզապես կեղծում են` քաղաքական նպատակներով խաղացնելով
ազգի հուզական լարերը: Դա գուցեև արդարացվում է քաղաքական
տեսանկյունից, բայց ոչ երբեք գիտականորեն: Իսկ եթե
անդրադառնանք գաղափարախոսությանը, ապա կարող ենք գործ
ունենալ միայն պետական
գաղափարախոսության,
պետական ռազմավարության հետ` հիմքում դնելով երկրի
սահմանադրություն կամ այլ կանոնակարգված դրույթներ: Օրինակ
սիոնիզմը, որի հիմքում դրված են ազգային կրոնի
հիմնադրույթներ, օժտված է պետականության գաղափարով:
Այսինքն` անգիտակցականի խորքերում թաքնված հոգեկան ուժերի
ինքնավար տարրերը գիտակցվեցին և հրեաներին հրամցվեցին
որպես քաղաքական ռազմավարություն, որ
պայմանականորեն շատերը հակված են անվանելու ազգային
գաղափարախոսություն: Ի դեպ, ամեն մի հրեա կարող է
գիտակցորեն ընդունել կամ չընդունել սիոնիզմի
գաղափարախոսությունը. և հակառակը` սիոնիզմին կարող են
անդամակցել նաև այլ ազգերի ներկայացուցիչներ»(Ը.Մ.):
Եվս մեկ կատարյալ անհեթեթություն: Նախկան պետական լինելը
սիոնիզմը ազգային գաղափարախոսության փայլուն օրինակ էր,
հիմնված ազգային կրոնի վրա: Արդ նաև պետական
գաղափարախոսություն է, թեև կան նաև դրան չհարող զտարյուն
հրեաներ, օրինակ` կոմունիստ: Այսինքն այն` ինչն ասվեց
վերևում: Ինչ վերաբերում է այլազգիների սիոնիզմին
անդամակցելուն, ապա նրանք դրանով հրեա չեն դառնում, ինչպես
հրեա չեն դառնում նույնիսկ հրեաներից լավ եբրայերեն
սովորելով: Հրեա, ֆրանսիացի թե չինացի չեն դառնում անգամ
քաղաքացիությամբ` այլ միայն մի քանի սերունդ ուծացմամբ,
այն էլ ոչ միշտ: Հրեաների կենսափորձը վկա...
Եվ այստեղ ևս մեկ նկատառում. պետությունը «ազգ»
կարգավիճակի ընդամեն մեկ` կեցական հատկանիշն է, ինչպես
տնտեսությունը, մշակույթը ու անգամ լեզուն` ազգային
աշխարհայացքի ու էթնոհոգեբանության նյութականացած
դրսևորումը: Մինչդեռ, ըստ ընդունված սոցիոլոգիական
սկզբունքների, «ազգ» կարգավիճակի կենսաբանական
հատկանիշներից մեկը արենակցական կապն է, իսկ բարձրագույն
հատկանիշը մնում է ազգային ինքնագիտակցությունը, զի
պետությունը, հասարակարգը թե տնտեսությունը կարող են
պարտադրվել ու ղեկավարվել դրսից:
Տվյալ դեպքում հեղինակը պարզապես նույնացնում է «ազգային»
ու «պետական հասկացությունները», ինչպես «ազգային բանկ»,
«ազգային բանակ», «ազգային ակադեմիա» ու նման շատ այլ
պարագաներում, թեև Արևմուտքում տարբերվում են Banque
Nationale (Ազգային Բանկ ) և Banque Populaire
(Ժողովրդական Բանկ) կամ Ազգային Ճակատ և Ժողովրդական Ճակատ
սոցիալական կառույցներն ու քաղաքական հաստատությունները:
Եվ այս ծանր վրիպումը թույլ է տալիս ոչ միայն երբեմնի
մասնագիտացած բարձր ու խիստ պատասխանատու պաշտոնյան` այլև
ավելի ուշ «Ազգային պետություն» կուսակցության
փոխնախագահը: Եվ եթե այս դեպքում ևս «ազգայինը» փոխարինենք
«պետականով» կամ ընդհակառակը, ապա կստանանք «պետական
պետականություն» կամ «ազգային ազգություն» ծայրահեղ
անհեթեթությունները: Մնում է հարց տալ, այդ «Ազգային
պետություն» կուսակցությունը և ապագա ազգային պետությունը
ինչով են օժտվելու, ազգայի՞ն թե՞ պետական
գաղափարախոսությամբ, կամ գուցե «գիտական մարքսիզմո՞վ»...
«…Սպասում ենք
Մհերին (Լ.Մ. )`
չգիտակցելով,
որ մե'ր մեջ է ննջում Մհերը»:
ԷՈԻԹՅԱՆ դրույթներից ու գործածական այլաբանություններից
մեկը: Բայց նաև հեղինակի ինքնահակասումը: Զի, Մհերը հայոց
աշխարհայացքային, էթնոհոգեբանական ու մշակութային
խորհրդանիշներից մեկն է, թեև փոխառյալ զուգահեռներ ունեն
նաև այլք: Ուստի «մեր մեջ ննջող Մհերը» ինքնին ազգային
գաղափարախոսության տարր է:
ՈՒՂԻ
«…Ժամանակն է, որ ամփոփելով ազգային
ինքնության գոյապահպանական մտքի դարավոր փորձը, մեր
նորակերտ մտավոր ընտրանին բացահայտի ու գիտակցի
անգիտակցականի մղումները և վերակենդանացնի Հոգևոր
Հայաստանը` մաշտոցյան բանական շնչով ապահովելով ընթացքի
անընդհատականությունը: Իսկ ուղին տրված է վաղուց. մնում է
քայլենք Փոքր Մհերին ընդառաջ»:
Ամբողոջվին ԷՈՒԹՅԱՆ տեսակետն ու նպատակը, ինչպես
աշխատության ողջ թեման, բայց նաև հեղինակի կատարյալ
ինքնահերքումը: Զի եթե վերոնշյալը ընդամենը
գաղափարախոսական տարր է, ապա այս ավարտական պարբերությունը
ամբողջովին ազգային գաղափարախոսության հիմնադրույթ, թեև չի
ասում թե ինչպե՞ս: Մինչդեռ, «Էությունը» ոչ միայն ասել`
այլև «Շտիրլիցի սկզբունքով» մասամբ իրագործել է հենց ի
դեմս հեղինակի, որը նախ «Էություն» միաբանության ու
գաղափարների քամահրողն էր, ապա համակիրն ու մերձակիցը, և ի
վերջո ակամա գաղափարակիրը, թեև մարքսիստ-մատերիալիստական
երանգավորմամբ, ինքնահակասումներով և անհայտ
նկրտումներով...: Զի, վերջին պարագայում թերհասկացությունը
թեկուզ մասամբ «դարձի եկած» նման փորձված մի մասնագետի
համար անբացատրելի է: |
Այսքանը` ըստ երկրաչափության մեջ թեորեմների ճշմարտացիությունը
հավաստող ընդունված սկզբունքի. «այն` ինչ անհրաժեշտ էր ապացուցել»:
Այսինքն` Էության գաղափարների զորությունն ու հաղթարշավը, նաև
երդվյալ մարքսիստ, խիստ պատրաստված ու երբեմնի «գաղափարական
բարձրաստիճան չեկիստի» պարագայում...
Բոլոր դեպքերում ողջույն հեղինակին ու
«դարձի» գալիք «միհրականներին»:
|
Ալեքսանդր Արորդի ՎԱՐՊԵՏՅԱՆ |
Մարսել, 14.01.2009 թ. |
|
11.02.2008թ.
ՀԵՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ըստ լրատվամիջոցների, 2009 թ.
հունվարի 6-ին, Երևանում կայացել է Հայ Արիական
Միաբանության հիմնադրման 15-րդ տարելիցը: Սակայն չի գտնվել
գեթ մեկ «արիացի»` հիշատակելու համար թե այդ ինչպե՞ս հայ
իրականությունում «հանկարծ» ծլարձակեց արիականությունը:
Այս առումով նույնիսկ զավեշտալի է ոմն կենսաբանի
հրապարակային կարծիքը, ըստ որի իբր «արիացի»
այսինչ-այսինչի «…գաղափարախոսության գիգանտներից է հայտնի
ազգաբան Ալեքսանդր Վարպետյանը»` «հավը ձվի՞ց թե՞ ձուն
հավից» շփոթությամբ… Կամ գուցե Կաթնաղբյուրի՞ց թե՞
երկնային «սուրբ հղիությամբ»: Այդ դեպքում ինչո՞ւ
ոգե-գաղափարական այսքան բարգավաճանք չի կատարվում այլուր:
Անշո’ւշտ, հայոց անգամ սմքած անդաստանը այդքանով բերրի է,
հատուկենտ Կաթնաղբյուրներն էլ` ընդերային, ափսո~ս «պղտոր
ջոջ գետն» հատող «զուլալ ջրերն» ու «ազնանց ջինսը»`
նույնքան սակավ:
Այսուհանդերձ, մենք պարբերաբար կանդրադառնանք հայ
գաղափարական անդաստանում ընթացող խմորումներին և Էության
սերմերի ծլարձակումներին, խաչասերումներին ու
հասունացմանը:
|
|
|
|
|