ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
  
ԶՈՒԳԱՀԵՌ ՏԻԵԶԵՐՔ                                                                                       
02/04.2016թ.                                                                                    
  ՀԱՅ ԻՆՔՆԱՆՎԱՆՄԱՆ ԱԿՈՒՆՔԸ
 
   
                           Թուզը թզին նայելով հասունանում է խանդից,       
բայց տրաքվում նախանձից...
      

     Այս խնդրականը եղել և մնում է ծագումնաբանների, լեզվաբանների և պատմաբանների հազարամյակների գլուխկոտրուկը: Վերջին երկհազարամյակում գերիշխել է Մ. Խորենացու այն տեսակետը, ըստ որի «հայ» ինքնանվանումը գալիս է Հայկ նահապետի անվանումից (ՀՊ, գիրք 1-ին, ԺԱ ): Վերջին հարյուրամյակներում եղել են նաև այլ վարկածներ, հայ ցեղանունը սերելով Hai̯aša-Հայասա երկրանունից,  հաթ. Hate-ցեղանունից, հուն. Παίονες-փոքր, Pai̯o/ Pai̯us-անձանուններից, կամ հնխ. *poti/pàti-հայր, պետ, տեր արմատներից և համահունչ նման ձևերից (Գ. Ջահուկյան, «Հայոց լեզվի պատմություն», Երևան 1987, էջ 279-292 ):
       Այսուհանդերձ, գերիշխող է մնում իբր Hate>Hai̯ անցումը, որը ՀՀ առաջին նախագահը ավելորդ ինքնավստահությամբ հայտարարեց իր միտինգներից մեկում, ընթացիկ բանավեճերից անմաս չմնալու համար հատուկ նվիրված հայոց ծագումնաբանությանը: Մինչդեռ, ըստ ՀՀ Հնագիտության և ազգագրության ինտ-տի ավագ գիտաշխատող, գիտ. դոկտոր Արմեն Պետրոսյանի
հայ ինքնանվանումը և Հայկ դիցանունը գալիս է հնխ. *poti-տեր ձևից, որին էլ նվիրված է ստորև նշյալ հոդվածը1,  առանց որևէ նոր բան ավելացնելու և մնալով պատմագիտության դասական իմացության սահմաններում ( տե՛ս նաև վերևում բերված հայերեն պարբերությունը ): Պատմական հայագիտությունը կանգնում է այստեղ, ավելի ստույգ՝ սկսվում այստեղից, ինչը նման է 12000 ամյա ծավալուն մի վեպ կարդալ 3/2000 հհ էջերից, ըստ այդմ էլ սահմանելով հայոց ծագումնաբանությունը... 

   Մինչդեռ, «
Ծննդոց-ԱՅԱ» կոթողային մենագրությամբ (մոտ 1000 էջ, Երևան 2000 թ., վերահրատ. 2003 թ.),  մենք այն և համամարդկային  արդի քաղաքակրթության ծագումնաբանությունը Հայկ. լեռնաշխարհում սահմանել էինք առնվազը 12000 տարի: Այդ ենթադրում է ամենայնի ստրատիգրաֆիական սքող շերտեր, ինչպես նաև դիցակերպարների և դիցանունների նախատիպեր:                 
    Ըստ այդմ, հայ ինքնանվանումը՝ որպես նեոլիթյան երկրագործներ, հայագիտության մեջ առաջին անգամ մակաբերել էինք  էիզմի սկզբունքով վերականգնված
Այ-Այա նախամոր դիցանունից, այդ մասին նախապես  հայտարարելով «Ինքնություն» հատորում ( Երևան-1993, «Հայեր և արմեններ», էջ 46-57): Վաղնջահայերի երկրագործական բնույթը արձագանքում է նաև առավելաբար անասնապահ քրդերի կողմից հայերին տրվող «ֆլա»-հող բնորոշմամբ ( հմմտ. հիռլ. fol, գերմ. Feld, անգսք. folde/fild, հսլավ. pole ևն ):     

      Հայրիշխանության անցման հետ
Այ-Այա նախամայրը արականանում և սերում է միջագետքային Էա-Հայա ծովաստծուն, բայց նաև երբեմնի բուսաստված Հայկ նահապետին, հնխ.*ai̯k' -«լեռնային կաղնի» բնորոշմամբ ( հմմտ. հայ. «այգի», խեթ.  GISeya-Կենաց ծառ, հբգ. īga -կենի): Այնպես՝ ինչպես նրա հակառակորդ բաբել. Բել-Մարդուկը, որի  ողնաշարը պաշտամունքային մայրին էր, մատերը՝ եղեգներ կամ գերմանո-սկանդ. Օդինը, որը ուներ Իգգ մականունը և կամովի խաչվեց իննճյուղանի Իգգդրասիլ ծառին, իսկ բրահմայականության մեջ գերաստված Բրահման է զուգորդվում Աչվատտհա շրջված տիեզերածառի հետ: Այնինչ, նշյալ  հոդվածի հեղինակը Հայկ նահապետին զուգորդում է  խուռ. ամպրոպի աստված Թեշուբ-Թեյշեբայի հետ, իսկ վերջինս աղերսվում է նույնպես իննճյուղանի տիեզերածառին ( հմմտ. Նկ.1a-b): Ծառապաշտական այս ավանդույթը արձագանքում է Մ. Խորենացու Հայկ նահապետի բնութագրման մեջ, որպես «թիկնավետ, հաստաբազուկ, խիստ գանգուր մազերով»  այր ( ինչո՞ւ այդ շեշտել... ), որի նետը եռաժանի էր, ինչպես Թեշուբ-Թեյշեբայի շանթարձակ ձեռքը ( հմմտ. Նկ.1d ):         
     Այդ ավանդույթները հարատևել են մինչև Քրիստոս ( ըստ ավանդության՝ նրա խաչը կաղնուց էր...) և քրիստոնեությունը, ի դեմս  առատ բուսականությամբ խաչքարերի ( Նկ. 1d և e ): Նույնը կարելի է ասել մի շարք այլ աստվածների և մասնավորապես Անահիտ աստվածուհու վերաբերյալ, որը նախկինում զուգորդվել էր «երկնային կովի», եգիպտ. Ահատ-Իհետ-Հատհոր սրբազան կովի կամ դրա եղջուրներով պատկերվող երկնքի դիցուհու հետ ( Նկ.1f: Այդ արձագանքում է «Ոսկե հորթի» ավանդույթում: Այդ մասին հանգամանալից  «Սրբազան ջրավազան» հոդվածում  ): 











a
bcde  
   
  Նկ. 1: a-b).Ու/արատ. Թեյշեբան Կենաց ծառի զուգորդմամբ: c). Խուռ. ամպրոպային Թեշուբը շանթարձակը ձեռքին: d). Երբեմնի խեթ. տարածքում պեղված մարդ-ծառի բարձրաքանդակ (Ք.ա. III-II դդ):   e). Կենաց ծառը Հայր Աստծո գավակին (միջնադարյան հայկ. մանրանկար ):  f ).Եգիպ. Ահատ-Իհետ-Հաթհոր երկնքի աստվածուհին «երկնային կովի» զուգորդմամբ  ( եգիպ. որմնանկարներից):    
   
     Այդպես էլ հնագիտության պեղումներում առաջինը բացահայտվում են ստրատիգրաֆիական վերին շերտերը, ապա ավելի ու ավելի վաղնջական և խորքային: Այս առումով, պաշտոնական հայագիտությունը դեռևս մնում հայոց ծագումնաբանության միջին շերտերում: Մինդեռ, «Ծննդոց-ԱՅԱ» մենագրությամբ Էությունը հասել էր 12 000 ամյա վաղնջականության, ինչն էլ ինչ-որ նախախնամությամբ հաստատվեց Գյոբեկլի թեփե հնագույն տաճարի  հնագիտական բացահայտմամբ և դեռևս անտիպ մեր Axis mundi քննախուզությամբ (բառ. «Աշխարհի առանցք» ): Մինչ այդ, բանագողերի թե բանաքաղների մի ամբողջ բանակ առատորեն սնվում են Էության բացահայտումներից, հիմնականում տգետ աղավաղումներով և հասկանալիորեն խուսափելով աղբյուրների հիշատակումից (մեկ օրինակ հայոց ծագումնաբանությանը նվիրված տեսանյութի վերևում բերված ռուսերեն  կադրից ):          

   Ահա ակադեմիական և էութենական հայագիտությունների հիմնական տարբերությունը, որպես հիրավի «զուգահեռ տիեզերքներ» , ինչը ակնբախ է  ստորև բերված «Հայկ նահապետի կերպարը» հոդվածից ու նաև հայ ինքնանվանման դիտարկումներից: Առավել  ընկալելու համար այդ տարբերությունը, ինչպես նաև նման քննախուզություններում  էութենական սկզբունքի առավելությունը, խորհուրդ ենք տալիս համեմատության կարգով հանգամանալից ծանոթանալ հարգարժան գիտ. դոկտորի  նշյալ աշխատությանը1: Անշուշտ, այդ առավել տեսանելի կլինի հայագիտության և ընդհանրապես արևելագիտության ասպարեզի մասնագետներին կամ գոնե քաջատեղյակներին: Քիչ թե շատ նաև տրամաբանական ունակություններով օժտված անձանց:  

    Մինչդեռ, հազարամյակի բացահայտում հռչակված 12000 ամյա Գյոբեկլի թեփե արտառոց հուշարձանը դեռ երկար կմնա անհասկանալի ու առեղծվածային, այնինչ լուսաբանվեց նույն էութենական սկզբունքով և «Ծննդոց ԱՅԱ» մենագրության հիման վրա, որպես հիրավի Axis mundi -«աշխարհի առանցք» 2: Նույնը  դեռևս անտիպ բազմաթիվ այլ և արտառոց բացահայտումների վերաբերյալ, մասնավորապես՝ Էություն-էիզմ առավել անմաչելի թվացյալ ուսմունքի: Զի, հայագիտությունը և հին արևելագիտությունը չեն եղել մեր պրպտումների հիմնական նպատակը՝ այլ ճարտարապետությունից հետո այլոց մեջ միջանկյալ ասպարեզներ, երևակելու համար մարդկային մտքի և տիեզերաբանական ընկալումների զարգացման գործընթացը: Եվ այդ էլ հանգեցրեց Այ-Այա նախամորից մինչև իմաստության Էա-Հայա ծովաստծուն, իսկ այն՝  բոլոր ժամանակների ամենախրթին  Է-ԷՈՒԹՅՈՒՆ աստվածությանն ու հասկացությանը, արդեն խիստ գիտական ու տիեզերագիտական հիմունքներով, որպես հեռավոր նախնյաց հանճարեղ կռահումներ:      
   Ահա թե ինչի՞  ու դեռ անչափ ավելուն հանգեցրին առաջին հայացքից աննշան թվացյալ այդ մի քանի դիցարմատներն ու անվանումները, որոնք իրականում ամբողջ դիցահամակարգերի և աշխարհընկալումների բանալիներն են, այլորեն՝  համամարդկային «մտքի այբուբեններ», պարզագույն հասկացություններից մինչև տիեզերաբանական խորն ընկալումներ: Զի,
       Եթե կշռաքարդ սխալ է՝ որքան ուզում ես ճիշտ չափիր,իսկ եթե ճիշտ՝ ոչինչ եթե փոքր-ինչ սխալվես...  

      Ըստ այդմ ընթացիկ այս բացահայտումները միմիայն քաջալերում են մեզ, համոզելով որդեգրյալ սկզբունքների և ուղու ճշմարտացիության մեջ, որոնք առաջնորդում են դեպի անհայտ հորիզոններ և մարդկային լինելության խորախորհուրդ ընդերքներ: Ի՞նչ փույթ ակադեմիական շրջանակների թե հասարակության չիմացությունը, բացի «աչքաբացներից»...: Պաշտոնական հաստատություններում սովորաբար մեծ բացահայտումներ չեն լինում: Իսկ դրանք այդքան հեշտ չեն ընդունվում, անցնելով  ինքնահաստատման երեք փուլերը. «չի կարող պատահել»- «խելքի մոտ է»-«իսկ այդ ո՞վ չգիտեր»...     
   Մենք համոզված ենք, որ երբևէ կգա նաև դրանց ժամանակը, թեև.
  Եթե ժամանակից առաջ ընկաք՝
ձեր ժամանակը ձեզ կվազանցի...
 
   


  1 Հայկ նահապետի կերպարը. հնդեվրոպական և հինարևելյան առնչություններ. Հայկազունիներ. Երևան 2013, էջ 153-160.

  2 Axis mundi -«աշխարհի առանցք», կամ «տիեզերական առանցք», «աշխարհի կենտրոն» կամ «տիեզերական թե համաշխարհային ծառ»- երկինքն ու երկիրը կապող որևէ բնական տարր՝ լեռ, ծառ կամ այլ նշանակալի կոորդինանտ: Այս պատկերացման հետ է աղերսվում գլխավոր աստվածությունների սրբազան ծառերի հետ զուգորդումը (կաղնի, մայրի, կենի ևն  ): 


                Ալեքսանդր Արորդի Վարպետյան                                      Մարսել, 01.04.2016թ.