ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ  
Սկզբնաէջ
 
     
 

Տիեզերքի կենտրոնը յուրաքանչյուրիս ներաշխարհն է,
այն` աստեղնային «ճերմակ խոռոչներ» դեպի անսահմանություն:
  
Սույն տարածքը անհատական ոլորտ է, որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը, իմաստախոսություններն
ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ իրադարձությունների, խնդրականների թե գաղափարների վերաբերյալ:
Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ, դրույթներ թե մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:

 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
( N° 23 )
 
    վարից վեր` ըստ հաջորդական  ամսաթվերի
 
    
21.01.2017թ - Գալիք և ակնկալիք
21.01.2017թ.
  ԳԱԼԻՔ ԵՎ ԱԿՆԿԱԼԻՔ  
   
  «Հեռուն տեսնելու համար հարկ է վեր կանգնել,
պայծառատեսության համար՝
կուրանալ...»                                       
     Բոլորին միանշանակ պարզ է, որ այս ապրիլյան ընտրություններով ևս ոչինչ չի փոխվելու: Ամենայն զարգանալու է այնպես՝ ինչպես ծրագրված է և  ինչպես չնչին տարբերակներով կատարվել է վերջին 2-3 տասնամյակներում: Այս անգամ ևս հանրային ողջ ուշադրությունը մի քանի ամիս կկենտրոնանա գալիք ընտրությունների, դաշինքների և աճպարարությունների վրա, ապա տեղիք կտա հուզմունքերի և ընկճումների, այնուհետև իրադարձությունների նավը կգնա իր ծանոթ հունով, մինչև մյուս տարի և այդպես շարունակ:

   Իրականում այդ միմիայն մեզ մոտ: Զի, Հայաստանում ոչինչ կարևոր չի որոշվում: Մինչդեռ, աշխարհում փոթորկումները շարունակվում են արագ և անկանխատեսելի զարգացումներով: Հասարակագետները,  քաղաքագետները, էթնոհոգեբանները թե այլք ջանում են կռահել իրադարձությունների տրամաբանությունը, բարձրացնում քաղաքակրթությունների բախման, սոցիալիզմի նահանջի, ազգայնականության աճի, հավատամքային համակարգերի, հասարակատիպերի, կրեացիոնիզմի ու էվոլյուցիոնիզմի հակամարտության
( http://www.eutyun.org/S/E/ZT/ZT_080214_KreacOrEvol.htm ), և աշխարհի գալիք ճակատագրի վերաբերյալ գերխնդրականներ: Շատերը նահանջ են տեսնում պատմական առաջխաղացման ձեռքբերումներից, մյուսները ենթադրում միջազգային նոր հասարակարգերի ու փոխհարաբերությունների ձևավորման գործընթաց՝  նահանգներում սուր կապիտալիզմի վերահաստատում, Եվրոպայում՝ փուլուզումներ, Արևմուտք-Արևելք՝ ԱՄՆ-ԵՍ-ՌՖ-Չինաստան, նոր փոխհարաբերություններ և այլն:

   Սակայն, եթե այդ ամենին նայենք ոչ թե տեղամասային կամ թռչնային բարձրությունից, այլ՝ գոնե  արբանյակային, առավել ևս՝ գալակտիկական ուղեծրերից,  ապա այս ամենում կտեսնենք տիեզերական խիստ օրինաչափություններ և մասնավորապես «կոնվեկցիոն շրջանառությունը»՝  իր տատանողական Հակադարձման օրինաչափությամբ ( իմա՝ դիալեկտիկական պարույրի) : Երկհազարամյա հայոց խնդրականն էլ հարկ է դիտել միմիայն այս կտրվածքով, էիզմի պրիզմայով, «բանականությունն է բնորոշում կեցությունը» և իհարկե էվոլյուցիայի «ֆլուկտուացիոն»1 սկզբունքներով: Ցավոք, այդ տեսանելի չէ անգամ ակադեմիական թե փիլիսոփայական ուղեղներին, ո՞ւր մնաց սոսկ քաղաքական թե քաղաքագիտական այրերի: Նրանք, ինչպես միշտ. տարված են ընթացիկ և սոսկ կեցական խնդրականներով, ինչպես «ջրմուղ-կոյուղու» վարչությունները: Քաղաքական «ջրհեղեղներով թե երկրաշարժերով» չեն զբաղվում և չեն էլ տեսնում...

  Մինչդեռ, աշխարհաքաղաքական տեսաբանները այդ ամենը և մասնավորապես առաջատար  որոշ սոցիոհոգեբաններ, այդ ամենը դիտարկում են նաև ըստ  գլխուղեղային կիսագնդերի աջ-ձախ հարաբերակցության, արդի արևմտյան քաղաքակարթությունը բնորոշելով ռացիոնալ ( իմա՝ ուղեղային ձախ՝ արական կիսագնդի գերակայությամբ. տեխնոլոգիաներ, գիտական հաշվարկներ, իբր ռացիոնալիզմ ), անցյալ կամ արևելյան քաղաքակրթությունները  աջ՝ իգական (զգայական) կիսագնդի  արարչական գերակայությամբ ( այդ բոլոր հանգամանալից «Ձեր գլխուղեղը» դեռևս անտիպ, բայց խիստ արմատական տրակտատում: Երբևէ կհրապարակվի...  ): Լավագույնը դիտվում է դրանց նոր համադրումը, հավատամքային համակարգերից ավելի ոգեղինության գերակայությամբ: Այսինքն՝ իդեալիզմի և մատերիալիզմի, թեիզմի և աթեիզմի, կրոնի ու գիտության մեկ թե մի քանի աստիճան վեր համադրությամբ: Այս գործընթացը  արդեն նկատելի էր խորհրդային և կապիտալիստական, Արևելք-Արևմուտք հակադրամիասնությամբ ու համադրմամբ, ինչպես էիզմի մեկ հիմնադրույթում. «Ո՛չ թեիզմ, ո՛չ աթեիզմ, այլ պարզապես ԷԻԶՄ» կամ  ինչպես, «թեզ-անտիթեզ-սինթեզ» հեգելյան  սկզբունքով 2: Սակայն, մարքսիստ-լենինիստները այդ իրենց դոկտրինայի հիմքում չդիտարկեցին...

   Մինչդեռ, միանգամից ակնհայտ է, որ այդ հենց ամենանպաստավոր և բուն ազգային հանգամանք  է, միաժամանակ լինելով համամարդկային, իր բոլոր ասպարեզներում: Այս առումով հայագիտության և հին արևելագիտության, մասնավորապես ելակետային Գյոբեկլի թեփե-Պորտասար քաղաքակրթության լուսաբանումը ստանում է բոլորին այլ և գերկարևոր նշանակություն: Ինչին, ի միջի այլոց, ի սկզբանե ձգտել էինք մենք, որպես ազգաբան և էաբան:
    Կարող ենք վստահ լինել, որ այսքան պարզ իրողությունն անգամ այդքան հեշտ չի ընկալվելու և չի ընդունվելու կարծրատիպային՝ թեկուզ ակադեմիական նեղ «մանրադիտակների» կողմից: Սակայն, միշտ էլ այդպես է եղել, թեկուզ ողբերգական ընդդիմություններով, որոնք այդուհանդերձ չեն կասեցրել մարդկային մտքի և կեցության էվոլյուցիան: Այսօր առավել ևս, զի ողջ մարդկությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև է, որոնելով համամարդկային մասշտաբի լուծումներ, լինելիության բոլոր ասպարեզներում: Այնինչ, «Փոքր կամ տեղամասային խնդրականները ինքնաբերաբար լուծում են մեծերի մեջ ու դրանց հետ»...
  Եվ հենց այստեղ է հայոց այդքան ակնկալվող առաքելությունը, առանց որևէ սնապարծության և հնարավորինս լայն համագործակցությամբ բոլոր հնարավոր գործընկերների հետ և հատկապես՝  հարևանների: Նկատենք, որ գաղափարական թե կեցական ռեֆորմացիաները անպատճառ հզոր քաղաքակրթություններում չեն ծնվում: Թերևս ընդհակառակը, ինչպես. «Ճաքը թույլ տեղ է փնտրում, ճառագայթը՝ ճաք...»:

  Որքան էլ խրթին ու  սոսկ տեսական թվա, այս տեսլականների կողմնակիցները կգտնվեն ինքնաբերաբար՝ «բնական ընտրությամբ» և կընդլայնվեն գիտակցական զարգացումներով, ինչպես եղել է մարդկային ողջ գոյության և քաղաքակրթական էվոլյուցիայի ընթացքում: Թեկուզ վերուվարումներով, տեղատվություններով ու մակընթացություններով և «կոնվեկցիոն շրջանառությամբ», ինչպես վերջին տասնամյակներում և ավելի բուռն հենց այսօր:
    Առավել ընկալունակության համար այս տեսլականները անվերջ համեմատեք ընթացիկ իրադարձությունների, դիտարկումների թե քննարկումների հետ: Այդու, հայ մտքի
 խեղճությունը ավելի ու ավելի ընկալելի կդառնա, իսկ այդ կօժանդակի ձեր գիտակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը, ի փոխարեն անպտուղ բողոքարկումների, միշտ նույն անիմաստ  չաչանակությունների և կրկնվող «մարգարեացումների»:  Զի, հիմնական խոչընդոտը մնալու է հենց գիտակցության  պակասը, ինչպես հաճախ առանց խորն ըմբռնման միայն կրկնվում է. «Բոլոր չարիքները բխում են տգիտությունից», իսկ ըստ մեզ. «Ազգերը մեռնում են տխմարությունից», ինչպես եղել է միշտ և կլինի նաև ապագայում...
 
   
Հարկ է նաև գիտակցել, որ այս ամենը ակնկալում են էական  լուծումներ կատարելապես համահունչ ԷՈՒԹՅՈՒՆ ոգեգաղափարական համակարգի հետ:  Իսկ այն ոգեգաղափարական արմատական ՌԵՖՈՐՄԱՑԻԱ է, որի տարբեր դրսևորումները կեցության մեջ և հոգևոր ասպարեզներում աստիճանաբար բացահայտվում է հենց վերջին տասնամյակներում 2: Մինչդեռ, հայ իրականությունը, գիտակցությունն ու միտքը մնում են լճացած և ավելի ու ավելի թաղվում անելանելի ճահճուտում: Այդ էլ մոտ 40-ամյա «Հարատևման Ուխտի» և դրա ԷՈՒԹՅՈՒՆ ոգեգաղափարական համակարգի առկայությամբ և հիմնադրույթների մեկ առ մեկ ինքնահաստատման ( www.eutyun.org/S/E/E/E.htm
, www.eutyun.org/S/1/HARATEVUM/HARATEVUM.htm և  հարակից նյութերը): Բայց այդպիսի էական ռեֆորմացիաները մեկ-երկու սերունդի խնդիր չեն, թեև միշտ էլ խմորվում, ծլարձակում և բարգավաճում են «յուղի կաթիլային» համասփռմամբ: Զի, «Լեռը մանրադիտակում չի երևում և որքան ահագնային է այն՝ նույնքան հեռավորությունը է անհրաժեշտ դրա ընկալման համար», նաև բարձրություն և «կուրացում» վսան պայծառատեսության:
  Վկա ոչ հեռավոր անցյալի և ընթացիկ համաշխարհային իրադարձությունները: Իսկ այս բոլորը հերթական անգամ հիշեցվում է հենց դրանց և իրավիճակների լուսաբանման ակնկալիքով: Զի.

     «ՀՈԳԵՎՈՐ ԱՉՔԵՐԸ ԲԱՑՎՈՒՄ ԵՆ ՏԵՍՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՄԻԱՅՆ»:

   Ալեքսանդր Արորդի Վարպետյան                                             Մարսել, 21, հունվար, 2017 թ.
 

 
   1 Լատ. fluidus- հեղուկ արմատով  fluctuatio- ծփանք,տատանում,տարերք, եռք  հասկացությունից: Տեսական ֆիզիկայում օգտագործվում է նախաստեղծ «քվանտային օվկիանոսի» առնչությամբ, այստեղ` նաև առավել խորն ու ընդգրկուն իմաստաբանությամբ և այլազան աղերսներով, ինչին էլ նվիրված է էիզմի տեսադաշտն ընդլայնող դեռևս անտիպ համանուն դիտարկումը:
 

 2 Ըստ Iindependent կայքում հայտնված հաղորդագրության,  Հռոմի Ֆրանցիսկոս Պապը էվոլյուցիան և Big Bang հայտարարում է իրական, պնդելով նաև, որ «Աստված էլ մոգական փայտիկով հրաշագործ մի  կախարդ չէ» ... ( http://www.independent.co.uk/news/world/europe/pope-francis-declares-evolution-and-big-bang-theory-are-right-and-god-isnt-a-magician-with-a-magic-9822514.html ):
   Ժամանակին նման հարցեր բարձրացրել էին այլք՝
Հովհաննես-Պողոս II  Պապը (1996 թ.), ապա Բենեդիկոս XVI ու նաև տիբեթյան Դալայ լամա XIV: Բենեդիկոս XVI-ի և իր շրջապատի համոզմամբ  էվոլյուցիայի հիմքում դրված է բանական ծրագիր: Այսինքն՝ Էություն (ուրիշ էլ ի՞նչ... ):
  Պարզ է, այս բոլորը պապուասներին հասու չէ...