ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
Սկզբնաէջ
 
     
 

Տիեզերքի կենտրոնը յուրաքանչյուրիս ներաշխարհն է,
այն` աստեղնային «ճերմակ խոռոչներ» դեպի անսահմանություն:
  
Սույն տարածքը անհատական ոլորտ է, որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը, իմաստախոսություններն
ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ իրադարձությունների, խնդրականների թե գաղափարների վերաբերյալ:
Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ, դրույթներ թե մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:

 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
( N° 19 )
 վարից վեր` ըստ հաջորդական  ամսաթվերի
1.03.2014թ. - Իծագծերը այծերին չեն վերաբերում....
12.02.2014թ. - Facebook-ը և էիզմը:
09.02.2014թ. - Արվեստը որպես կայացման ու էացման նախասկիզբ:

1.03.2014թ.
ԻԾԱԳԾԵՐ
Ը ԱՅԾԵՐԻՆ ՉԵՆ
ՎԵՐԱԲԵՐՈՒՄ...
(Կենդանական աշխարհն ու երկրաշարժերը)
http://www.dailymotion.com/video/xpcqbh_attention-seisme-le-systeme-d-alerte-des-animaux_tech


Բեզոարյան այծ: Մեղրի:

   

     1994 թ., երբ մենք մշակում էինք ԷՈՒԹՅՈՒՆ-ԷԻԶՄ ուսմունքը (Երևան 1995թ.), բնազանցական բնորոշված որոշ ֆենոմենների վերաբերյալ չունեինք այդքան առատ և հիմնավոր տվյալներ: Ղեկավարվում էինք հին ավանդույթների, դիցաիմաստաբանական, ստուգաբանական տվյալներով ու գիտա-համաբանական զուգորդումներով և անում համարձակ կռահումներ:  Տվյալ դեպքում խոսքը կենսաէներգետիկ, կենսամագնիսական թե կենսաֆիզիկական այլազան ֆենոմենների և կենդանիների մոտ դրանց անբացատրելի դրսևորումների մասին է: Օրինակ. այծի և դրա այծ-կայծ-կայծակ ստուգաբանության ու դիցամոտիվների, ինչպես ամպրոպային Զևսի ու նրա ստնտու Ամալթեա այծի կամ այծերին հեծած թե իրենց կառքերին լծած հնդարիական թե այլ աստվածությունների: Նկատվել և ավանդորեն փոխանցվել են այծ-կայծակ առնչություններ, երբ հզոր տարերքների ժամանակ այծերը խիզախորեն քարանում են լեռնագագաթներին, սևեռվելով ամպրոպային երկնի ու կայծակների վրա: Նկատվել է նաև, որ երկրաշարժերից առաջ այծերը կատաղի պար են բռնում, ինչը բացատրվել է երկրի ընդերքից հառնող ծխով:
   Բեզոարյան այծը
Հայկ. լեռնաշխարհի ընդոծին է, իսկ հայկ. ժայռապատկերներն էլ հեղեղված են իծագծերով և հարակից դիցամոտիվներով, հայ բանահուսությունը՝ ոչ պակաս: Օրինակ.

                                   
       «Էն ի՞նչն է, էն ի՞նչը- ինքը էծ, մեջքը՝ պեծ»                                                                           ( հանելուկ՝ կայծակը... )  
                              
                                            
 «Ի՞նչ մայր է ըզքէզ բերեր,                                 
                                     
 Ի՞նչ դայեկ՝ ըքէզ սնուցեր...                             
                                 
  ...Լուսինն՝ քեզ ծիծ տվեր,                                
                                     
 Արեգակը՝ դադրեցուցեր,                                
                                     
 Քամին՝ տարուբեր արեր»    
                                 
                                                      (միջնադարյան հայրեն, հմմտ. Զևսի ստնտու Ամալթեա դիցայծը)
                                         
                                      «Ասլիմելիք (Բաղդասար) քնուկ էր, մեկ էլ տեսավ՝   
                                       Ջոջ կուռք եղավ մեկ իծու օրինակ,                    
                                       Եկավ գլխու վերև ու մըկըկաց,                                  
                                       Յարի լույս չթողեց քնել...»  
                                                  
                                                      («Սասնա Ծռեր», տոտեմական այծը որպես կուռք... )
     (տե՛ս կից պատկերները և «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ» հատորի, «Այծ» հոդվածը, Երևան-2000/2003,էջ 290-301):

     Բայց ահա, գիտական վերջին բացահայտումները գալիս են ոչ միայն հաստատելու՝ այլև լրացնելու և լուսաբանելու մի շարք հանգամանքներ: Պարզվում է, որ երկրաշարժերը կանխզգում են ոչ միայն այծերը՝ այլև օձերը, ձկները, գորտերը, մեղուները և մի շարք այլ կենդանիներ: Եվ այդ հենց կենսաէլեկտրամագնիսական թե իոնիոզացված օդի նկատմամբ իրենց «էքստրասենսությամբ»: Շատ ավելի նրբազգաց՝ քան արդի բարձրագույն տեխնոլոգիաները, որոնց արդեն ուղեցուց են ծառայում հենց կենդանիները... ( վերևի  հղմամաբ ներկայացվող գիտահանրամատչելի տեսանյութը այդ մասին է ):    

    Այսքանը, բազում այլերի մեջ, ԷՈՒԹՅՈՒՆ-ԷԻԶՄ ուսմունքի միայն մեկ աննշան հաստատումն է: Մնում է միայն ենթադրել, թե ի՜նչ տիեզերաբանական ընդգրկումներ և դեռևս անհայտ խորություններ ունի այն (շատ ավելին՝ դեռևս անտիպ... ), գիտա-փիլիսոփայական արդի փակուղային միտքը՝  ինչպիսի՜ ուղեցույց, մարդկությունը՝ ինչպիսի՜ հեռանկարներ, իսկ հայ  ազգը՝  ինչպիսի՜ գանձ. վերջապես վերաիմաստավորված սեփական և համամարդկային աշխարհայացք...  
   Բայց թե  «իծագծերը» այլևս հիրավի այծ-հայերին չեն վերաբերում:  
   Առավել զավեշատականը թե «տրագիկոմեդիան»* այն է, որ հենց այդ այծ-մտավորականներն ու ակադեմիական պրոֆեսորատն է մեր տեսությունները ոչ գիտական հռչակում...  
     Քարը ձեր տհաս կառափներին, ցավը՝ մեր:

   Հուն. tragodia/տրագեդիա-«այծերի երգ», հայ. նոխազերգություն-ողբերգություն, ժամանակին շատ տարածված նաև հայոց մեջ...

12.02.2014թ.  FACEBOOK-Ը ԵՎ ԷԻԶՄԸ
 ( տե՛ս ստորև «Արվեստը որպես կայացման ում էացաման նախասկիզբ» ակնարկը
ու նաև. http://www.eutyun.org/S/E/GN/Informacia.htm հոդվածը ):
 

           «Լեռը մանրադիտակում չի երևում, Տերը՝  հեռադիտակում, մերը՝ գեղադիտակում»...
 
   Վերջերս, փետրվարի 5-ին, ողջ աշխարհով մեկ նշանավորվեց Facebook-ի տասնամյակը: Նշվեցին դրա հասարակական, ֆինանսական, քաղաքական, քաղաքակրթական, հոգեբանական և մի շարք այլ նշանակություններն արդի իրականությունում: Սակայն խոսք չեղավ և չէր էլ կարող լինել Facebook-ի էվոլյուցիոն-տիեզերաբական նշանակության մասին, մեր պարագայում՝  նաև գոյաբանական: Մինչդեռ, այն ինտերնետ-համացանցի և տեխնոլոգիական շատ այլ նորամուծությունների հետ ինֆորմացիոն դարաշրջանի մեկ դրսևորումն է: Ըստ այդմ և էիզմի, էվոլյուցիոն շրջանառության մեջ կամ «դիալեկտիկական պարույրում» անցումային նյութ-էներգիա-ինֆորմացիա սանդղակը շարունակում է խորանալ դեպի վերին Էություն, ֆիզիկայի եզրաբանությամբ` «քվանտային օվկիանոս» և ելակետային Եզակիություն: Իսկ դարաշրջանը` նախորդ ԻՆԴՈՒՍՏՐԻԱԼ (մատերիալիստական, համապատասխան փիլիսոփայությամբ... ), ապա ՄԻՋՈՒԿԱՅԻՆ  (էներգետիկ, հմմտ. էներգետիզմ, Է.Մախ, Ու.Օսվալդ և այլք) բնորոշվումներից հետո արդեն որակվում է որպես ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ!!! ( ֆենոմենոլոգիա, էյդետիկա, ինֆորմատիկական և կիբեռնետիկական տեսություններ: Տե՛ս «ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ», Ա. Վարպետյան, Երևան-2006թ., http://www.persons.am/am/interview.php?id=145  ):

   Այդու, ամենայն թվայնացվում և ինֆորմատիզացվում է, ըստ հոգևոր զգայական-բանական-ոգեկան կառույցի մարդկությանը առաջնորդելով նյութական (երևութական)- բանական (գաղափարաբանական-ինֆորմացիոն)-ոգեկան (վիրտուալ-էութենական) իրականություններից դեպի վերին՝ էութենական իրականություն և «վերջնական վիճակ»... Տիեզերաբանական մի աննախադեպ տեսություն, իսկ տվյալ դեպքում մի հանգամանք, որ չէին կարող կռահել անգամ համաշխարհային ուղեղները, հազիվ սահմանափակվելով «ինֆորմացիոն» գոյացությամբ...  
   Ահա, այս նկատառումներով մենք «ԷԱԿԱՆՔ-Ազգ և նոր հազարամյակ» նախածրագրի առաջին՝ ԷԱԿԱՆՔ հատորում,  Facebook-ից մի քանի տարի առաջ առաջարկել էինք «ինտերնետային ազգի» գաղափարը (Երևան-2002թ. էջ 97-98): Ոչ ոք չընկալեց ու դեռևս չի ընկալվում դրա ինչությունն ու էությունը, ինչպես և հենց էիզմը իր ողջ խորությամբ, տարողությամբ և նշանակությամբ, մասնավորապես հայոց լինելիություն գերխնդրականում:  Այդպես, ազգերը կարող են մահանալ ոչ այնքան կամովի (Անատոլ Ֆրանս), ինքնասպանությամբ (Պ. Սևակ), որքան՝ տխմարությունից: Այնպես՝ ինչպես ըստ արևմտահայ ասույթի.
   «Աստուած մէկու մը հոգին առնելէ առաջ նախ խելքը կառնէ»...  
    Կանայք և բռնակալները՝  նույնպես, բայց նաև տուն-տեղը:
    Հայ արդի իրականությունը վկա...

 
                                                                                   Մարսել, 24.12.2013թ.
09.02.2014թ.
            

           ԱՐՎԵՍՏԸ ՈՐՊԵՍ ԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԷԱՑՄԱՆ ՆԱԽԱՍԿԻԶԲ
                                                         ( http://www.youtube.com/watch?v=Fsp-DabxSHs )

                     
   
 
     Ըստ էիզմի, մոլորակային ֆիզիոսֆերա-բիոսֆերա-նոոսֆերա/ներոլորտ վերջին սանդղակում, մարդկային հոգի-ներաշխարհը ներկայանում է որպես էվոլյուցիոն նույնպես եռահարկ զգայական-բանական-ոգեկան կառույց: Կեցության մեջ դրանց համապատասխանում են արվեստները, գիտությունները և հավատամքային համակարգերը: Պարզ է, որ կենդանական աշխարհում հանճարներ չեն լինում: Իսկ եթե արվեստում 8 տարեկան Մոցարտ կարող է լինել, ապա 8 տարեկան Էյնշտեյն՝ ոչ, առավել ևս ութնամյա Պլատոն, Բուդդա կամ Մահումեդ, որոնք պահանջում են իմացաբանական հիմք և ոգեկան որոշակի հասունացում: Այդպես, զգայական տարիքը համարվում է պատանեկությունը, բանական տարիքը՝ երիտասարդությունը մինչև ±40 ամյակը, իսկ ոգեկան տարիքը՝ ±40-ից հետո: Նույնը հանճարների ինքնադրսևորման և գլխուգործոցների արարման պարագաներում (Քրիստոսի 33 տարեկան հասակը խորհրդանշական այլաբանություն է, հինդուիզմում 33 աստվածությունների և սրբազան 3 թվի
աղերսներով): Համապատասխանաբար արվեստի գլուխգործոցները առավել շատ են՝ քան գիտական դարակազմիկ բացահայտումները և անհամեմատ սակավ հավատամքային համակարգերը և ուսմունքները: Ուշագրավ է նաև, որ հինդուիզմում արվեստին և արվեստագետներին առանձնապես մեծ տեղ չէր հատկացվում, իսկ հուն. 9 մուսաներից ավագը՝ Կալլիոպեն, էպիկականության ներշնչողն էր (ատրիբուտը՝ ստիլոս-գրելու ձողիկ ), ի տարբերություն արվեստի այլ և գիտության մուսաների: 

   Այսպես թե այնպես յուրաքանչուր արարչագործ անցնում հոգևոր հասունության բոլոր ոլորտներն ու աստիճանները կամ դրանք տարաչափորեն համատեղում որևէ ասպարեզում, իսկ հանճարները՝ որևէ գլուխգործոցում: Մենք ևս մեր հոգևոր գործունեությունը մասնագիտորեն սկսել ենք արվեստից
( նկարչություն, ճարտարապետություն, կինո և թատրոն, պարն ու երաժշտությունը՝ սիրողական ), անցնելով հայագիտություն, դիցաբանություն և տիեզերաբանություն (զուգահեռաբար հիմնարար գիտություններ, պոեզիա և գրականություն ), ի վերջո հանգելու համար ազգաբանության և էիզմ-էաբանության ( ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգ ): Կից տեսանյութում ներկայացվում են հասարակությանը անհայտ արվեստում մեր ստեղծագործական թոթովանքները՝ կինոյի և թատրոնի, ճարտարապետության և նկարչության, գրականության և պոեզիայի ասպարեզներում: Թեև արվեստի այդ երեք ասպարեզներում ազգային և միջազգային մրցանակների, դրանք մեզ բերեցին ազգային ինքնության որոնումներին, հայագիտությանը և ի վերջո էիզմին, արդեն որպես ազգաբան և էաբան:

   Այս կենսափորձը ոչ միայն ուսանելի է և պիտանի կրթա-արվեստագիտական համակարգերում ներդրման նկատառումներով (և ընդհանրապես կրթական համակարգերում: Այդ առանձին և անչափ կարևոր թեմա է)՝ այլև որպես էիզմի բնականոն սաղմնավորման, ձևավորման գործընթաց և դրա ճշմարտացիության վկայություն: Բնականաբար, ազգաբանության բնագավառում, ինչպես և առողջապահության մեջ, իմացականությունը անպայման լավատեսական չի լինում: Որոշ պարագաներում զգայական ընկալումներն ու պատանեկան ոգևորությունները հաճախ տեղը զիջում են իրատեսական սրբագրումներին: Մենք ևս զերծ չենք եղել նման զեղումներից: Ի վերջո ո՛չ սերը և ո՛չ էլ հայրենասիրությունը հոգևոր գերագույն արժեքներ ու արժանիքներ չեն ...
   Այսուհանդերձ, ըստ էիզմի այսպես ենք վերաճում գոյության 7 սկզբունքերն ի վեր, անցնելով անձնականից-անանձնական, ազգայինից-համամարդկային և ապա համատիեզերական, երկրայինից-հոգևոր և երևույթներից էությունների ոլորտները, իսկ կեցականորեն՝ երևույթական-գաղափարական-էութենական իրականություններ: Էվոլյուցիոն այս «կոնվենկցիոն շրջանառության»՝ կամ եթե կուզեք «դիալեկտիկական պարույրի» թե հնդարիական «սանսարայի» մեջ, շատերը կանգնում են որևէ աստիճանի վրա կամ մնում «նույն դասարանում», մինչև հաջորդ շրջապտույտ: Առավել երջանիկները ԷԱՆՈՒՄ են, ինչը հայերենում նշանակում է «Ի բնե լինել» և «Հոր նման դառնալ» ( հմմտ. հուն. eidos- նախագաղափար, նախատիպ, որից և՛ idea-գաղափար, և՛ ideal-կատարյալ տիպար )... Այդ արդեն այլ մեկ «արվեստ» է, այլ խոսքով՝ ինքնարարման, ինքնավեհացման և «սուբլիմացման» ( ինքնավերացման): Ազգային աշխարհայացքի և գաղափարախոսական առումով՝ կայացման, հարատևման և էացման: Իսկ այստեղ՝ որպես բացառիկ գռեհիկ, քաոտիկ և անհեռանկար իրավիճակում, համեմատական մի ակնարկ այլ մեկ՝ ակնկալիք էութենական իրականության տեսլականով:
( Տե՛ս նաև. http://www.eutyun.org/S/E/varpet/AV-nyuter.html ,
http://www.eutyun.org/S/P/AAV/AV_Kino-Tatron.htm
http://www.eutyun.org/S/P/AAV/AV_Architecture.htm
http://www.eutyun.org/S/P/AAV/AV_Books.htm
http://www.eutyun.org/S/E/varpet/AV-Hogetun.htm
):

                                                                                                     Մարսել, 14.12.2013թ.