|
ՍԱԳԱ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԿԱՄ
«ԿԱՐԱՊՆԵՐԻ ԵՐԳԸ» ...
|
Ինչպես ենթադրում էինք, սույն հոդվածը խուսափեցին հրապարակել
հայրենի բոլոր լրատվամիջոցները: Դրանց մեջ նաև այնպիսինները,
որոնք ժամանակին ցուցաբերել են անաչառ աջակցություն աներևույթ
«վիշապների» դեմ տարիներ ի վեր մեր մաքառումներին:
Պատճա՞ռը: Երևի ոմանք վերջնականապես
հուսահատվել են խնդրի դրական լուծումից, այլք` ձանձրացել իբր
լոկ անձնական խնդիրներից, մյուսները` լրջորեն զգուշացվել,
ուրիշները մնում են «շառից հեռու», իսկ մնացյալը կա’մ
բարդույթավորված են, կա’մ էլ դառնացած արծարծվող խնդրականների
տհաճ իրողությունից:
Մինչդեռ, սույն կենսափորձը պիտի
խորհրդածության տեղիք տար և գալիք հայրենադարձներին հորդորեր
լրջորեն մտմտալ նաև «տան» արմատապես վերանորոգման ու
ախտազերծման վրա` էլ չխոսելով ազգի, նրա հավաքական
գիտակցության ու «ներազգային բարոյականի» մասին:
Այսպես թե այնպես, մենք առանձնապես մեծ
աջակցություն չէինք ակնկալում: Պարզապես կուզենայինք
տեղեկացնել, որ այսքանից հետո մենք որպես «օտարերկրացի» այս
իշխանությունների նկատմամբ որևէ պարտականությունից թե
պատասխանատվությունից այլևս ձեռբազատված ենք, իսկ ընդհանրապես
զատորոշելու ենք հայրենիքն ու պետությունը, ազգն ու
«հասարակությունը» ( հասարակ, ավա~ղ, շատ հասարակ...):
Այս դիրքորոշմամբ, մենք շուտով կբացենք
«Երդվում եմ ասել ճշմարտությունը, միայն ճշմարտությունը, և
ոչինչ բացի ճշմարտությունից» խորագրով հոդվածաշար, արդարամիտ
հայորդյաց ու գալիք սերունդների համար ներկայացնելով «մեր
ժամանակների խրոնիկան»` իր ողջ ծալքերով, խրթին խորխորատներով
ու մթին դավերով: Եվ այդ ոչ միայն վասն վերին ճշմարտության,
ոմանց` հուսադրման, այլոց` փորձառության ու ազնվացման, այլև
գալիքի առջև պարզերես ու թափանցիկ ներկայանալու հրամայականով,
թեև ենթակա լինենք անմիջապես չհասկացվելուն և անգամ
բանսարկումներին:
Զուգահեռաբար մենք կշարունակենք հրապարակել
թե’ մեր դիտարկումները հայ գաղափարական անդաստանում կատարվող
խմորումների վերաբերյալ, և թե’ մեր որոշ հետազոտությունները
անտիպ ու բացառիկ նյութերի սեփական գանձարանից` նոր մի եռանդով
տրվելով բախտորոշ ու համամարդկային բացահայտումներին: Դրանք,
մեր ճշմարտացիության գրավականն են, անժամկետ հաղթաթղթերն ու
մարտիրոսների հավերժ վրեժխնդրությունը, բայց նաև մեր ու հայ
հասարակության` և մասնավորապես «ուղեղների» միջև
«լուսատարիների» հեռավորության ստույգ ցուցիչը:
«Լեռը մանրադիտակում չի երևում, Մհերը` գեղադիտակում, Տերը`
հեռադիտակում», իսկ
«Տխմար մեռնելը բոլորի սրբազան իրավունքն է ու «կամքի
ազատությունը»...
(«Տապանաքար»):
«Ողջո~ւյն քեզ ջահել, անծանոթ սերունդ...» (Ալեքսանդր Ս.
Պուշկին):
|
|
«Россия»
ջերմանավը 1947 թ. Մարսելի նավահանգստում:
Լուսանկարը` հեղինակի անձնական արխիվից: Կից
«Կարապների երգը»` լուսանկարի թիկունքում, լուսահոգի
մայրիկի ձեռագրով:
Օղորմի~ նրան ու բոլոր «կարապներին», հազա~ր օղորմի...
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵԼ Է ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ
ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈՒ
ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԻՆ |
|
... Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 5-ին տեղի
ունեցած նիստում որոշել է 2008թ. դեկտեմբերի 12-14-ը
ՀՀ-ում անցկացնել «1946-1948 թթ. հայրենադարձությունը
եւ դրա դասերը. Հայրենադարձության հինախնդիրն այսօր
խորագրով գիտական համաժողով: Նույն որոշմամբ ՀՀ
կառավարության 2008 թ. պահուստային ֆոնդի հաշվին 7 մլն
736.1 հազար դրամ է հատկացվել ՀՀ սփյուռքի
նախարարությանը` գիտաժողովի կազմակերպման նպատակով:
Որոշումն ընդունվել է Հայաստան-Սփյուռք գործակցության
զարգացման, 1946-1948 թթ. հայրենադարձության պատմական
իրողությունների գիտական քննարկման, հայկական
սփյուռքում տեղի ունեցող նորօրյա գործընթացների
գնահատման, հայրենադարձության իրատեսական
ռազմավարություն մշակելու եւ կազմակերպման մեթոդներն
իրականացնելու նպատակով (հայրենի լրատավամիջոցներից,
04/12/2008): |
|
«ԿԱՐԱՊՆԵՐԻ
ԵՐԳԸ» ...
Միջերկրական ծովէն հսկայ կարաւան մը անցաւ,
Հայրենաբաղձ «ժաֆիսթներէն» համբիւներ տարաւ:
Հէ~յ կարաւան, ջա~ն կարաւան,
Դեպի Հայաստան
Հէ~յ կարաւան, ջա~ն կարաւան,
Դեպի Երեւան:
Լեռներ-ձորեր, ճամբայ բացէք հասնիմ Երեւան,
Կարօտէր եմ հայրենիքնիս շքեղ անսահման:
Հէ~յ կարաւան, ջա~ն կարաւան,
Դեպի Հայաստան
Հէ~յ կարաւան, ջա~ն կարաւան...
Դեպի Երեւան
Ողջո~յն ձեզի հսկայ Մասիս ու չքնաղ Սեւան,
Սիրտս պայծառ, ճակատս բաց ահա ես կ’ուգամ:
Հէ~յ կարաւան, ջա~ն կարաւան...
Դեպի Հայաստան,
Հէ~յ կարաւան, ջա~ն կարաւան,
Դեպի Երեւան... |
|
Ծնողները արևմտահայեր էին, մեծ
դեպքերից հետո հայտնվել ու գաղթականի կարգավիճակով հաստատվել
էին Ֆրանսիայում, առանց երբևէ ֆրանսիական քաղաքացիության
արժանանալու: Ուստի, ըստ ծննդյան վերաբերյալ օրենքի,
զավակներին հռչակեցին Ֆրանսիայի հպատակներ: Հայրը համայնավար
էր, նաև ներհամայնքային եռանդուն գործիչ ու ֆրանսիական
դիմադրության ակտիվ մասնակից: Այսուհանդերձ, թողնելով շատ
բարեկեցիկ կյանքը, վասն հայրենասիրության 1948 թ. ընտանքով
հաստատվեց Հայաստանում, ապօրինաբար բերելով իր ֆրանսահպատակ
զավակներին և Հայաստանում կոշիկի առաջին կոոպերատիվ
ձեռնարկությունը, տեխնիկական ու նորագույն բոլոր
սարքավորումներով: Ընտանիքի բոլոր անդամներն էլ ինքնաբերաբար
հռչակվեցին խորհրդային քաղաքացիներ, «կոլեկտիվացման»
սկզբունքով արհամարելով զավակների ֆրանսահպատակությունը: Շատ
«ախպարների» նման խորապես հիասթափված հայրենականչ
քարոզչությունից, կողոպտված աշխատանքային ինչքից ու կատարյալ
սնանկության մեջ, մի քանի տարիներ անց հայրը կաթվածահար եղավ,
ինչը որպես «ժողովրդի թշնամի» Սիբիրում հայտնված այլ
հայրենադարձների համեմատ հարկ էր ընդունել որպես
բարեբախտություն: Եվս չորս տարի անց` մահացավ քսանամյա,
բացառիկ շնորհալի և ոսկեմեդալակիր քույրը (մինչ այդ` նաև
քեռին), որը ծանր հիվանդացել էր հայրենի առաջին տարիներին
կայարանամերձ «Управленение» կոչված թաղամասի հողահատակ
նկուղներում «հյուրընկալությունից»:
Դե~հ, հայրենիքը զոհաբերություն է
պահանջում...
Ինքը, դեռևս 9 տարեկան հասակից, վասն
գոյապահպանման, «սև շուկայում» կաշի էր վաճառում, 12-ից
սովորեց հայրական արհեստը, իսկ նրա մահից հետո` դեռևս 14-ամյա
անչափահաս, «մարդասիրաբար» ընդունվեց Կոշիկի N°1 գործարան,
տարրական կրթությունը շարունակելով գիշերային դպրոցում, ապա
Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, զուգահեռաբար ստանալով
նաև կինո-թատերական կրթություն, որից հետո որպես կրտսեր սպա
երկու տարի ծառայեց խորհրդային բանակում, թեև լինելով մենակյաց
մոր մինուճար զավակը:
1976 թ. որոշեց վերահաստատվել
ծննդավայր Մարսելում, որտեղ մնացել էր իր ողջ գերդաստանը: Նրա
երբեմնի ֆրանսահպատակությունը անմիջապես վերականգնվեց, սակայն
ի տարբերություն շատ այլոց, նա արժանապատվորեն պահպանեց նաև
խորհրդային իր քաղաքացիությունը: Դեռ ավելին, իր
ճարտարապետական մասնագիտությանը զուգահեռ ամբողջովին տրվեց
ազգամշակութային բուռն գործունեության և հայրենի մշակութային
քարոզչությանը:
Այս դեռ բոլորը չէ: Անտեսելով ծնողների
դառը կենսափորձը, 1986թ. որոշեց այս անգամ որպես «կենսաճանաչ»
չափահաս ինքը «հայրենադարձվել», սակայն չգիտես ինչու մերժվեց
խորհրդային իշխանությունների կողմից ( «գալիք» կա՞ ր
օդում...): Այսուհանդերձ, նա կատարելապես ազատ ելումուտ ուներ
հայրենիք, իսկ 1991 թ. պաշտոնապես ճանաչվեց նորանկախ Հայաստանի
լիիրավ քաղաքացի, որպես այդպիսինը արդեն գրանցվելով
Ֆրանսիայում ՀՀ դեսպանատանը, հայրենիքում առավել եռանդուն
զարգացնելով իր ազգամշակութային գործունեությունը և կիսելով
«մութ ու ցուրտ» տարիների բոլոր արհավիրքները, երբ
հայաստանածին քանի «ախպարացուներ» երամ-երամ, չվում էին «տաք
երկրներ»:
1994 թ. ընդունվեց երկքաղաքացիության
մասին տխրահռչակ օրենքը, բայց միայն 1997-ին այն տարածվեց նրա
վրա, թեև հայաստանյան անձնագիրը ուժի մեջ էր մինչև 1998 թ.:
Այսուհանդերձ, «հայագիտական ու հայրենանվեր
գործունեության համար», նախ ՀՀ Գիտությունների ու
Կրթության ( նախարար` Արտաշես Պետրոսյան, ՀՀՇ), ապա Մշակույթի
նախարարությունների ( նախարար Ռ. Շառոյան, ՀՅԴ) պաշտոնական
միջնորդությամբ նրան անվճար տրվում են կացության
կարգավիճակները, վերջինը` 1999 թ. հունվարին:
Սակայն, նույն միջնորդությամբ 2002 թ.
այն այլևս ոչ միայն չի երկարացվում ( ինչն հավասարազոր էր
վտարման)` այլև կտրականապես արգելվում են անգամ որպես
զբոսաշրջիկ մուտքը հայրենիք և նույնիսկ կարճատև այցելությունը
հայրենադարձ «կարապների» շիրիմներին: Անարձագանք են մնում
մտավորական երախտաշատ ավագանու միջնորդությունները,
լրատվամիջոցների բուռն աջակցությունը, ՀՀ նախագահներին ու
բարձրագույն բոլոր ինստանցիաներին տարիներ ի վեր հղած
դիմումները, իսկ ՀՀ օմբուդսմեն Լ. Ալավերդյանի հետևողական
միջամտությունը` անարդյունք: Ուշագրավ է, որ անգամ հանգուցյալ
վարչապետ Ա. Մարգարյանը կողմնակիորեն խոստովանել էր, որ
«այդ գործին խառնվել չի կարող...»:
Մերժումների պատճառը նախ ձևակերպվում է որպես «ոչ
նպատակահարմար», իսկ «Հետք-Հետաքննող լրագրողներ» հ/կ
պաշտոնական հարցմանը ի պատասխան 18.07.2007թ. N°25/01-12700
ՕՎԻՐ-ի գրությամբ հայտնվում է, որ նրա մուտքը հայրենիք
արգելվում է համաձայն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ
հոդվածի 1-ին կետի գ և զ
ենթակետերի, ըստ որոնց.
|
գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա
իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում,
կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի
կազմակերպության անդամ, որի նպատակն է.
- վնաս պատճառել Հայաստանի
Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել
սահմանադրական կարգը, թուլացնել
պաշտպանողականությունը,
- իրականացնել ահաբեկչական
գործունեություն ( և այլն):
զ) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի
Հանրապետության պետական անվտանգությանը կամ
հասարակական կարգին այլ լուրջ եւ հիմնավոր
սպառնալիքներ ???... |
|
Համարյա ստալինյան դատավճիռ,
պարզապես առանց գնդակահարության:
Այժմ, վերստին
«ձնհալ» են խոստանում, և ՀՀ կառավարության 20.09.2007 թ.
N°1116-Ն որոշմամբ, երկքաղաքացիության մասին 1994 թ. օրենքը
հայտարարված է չեղյալ: Ըստ այդմ, ովքեր 1995 հունվարի 1-ից
հետո, առանց սահմանված կարգի ՀՀ քաղաքացիությունից
հրաժարվելու, ձեռք են բերել այլ պետության քաղաքացիություն,
կարող են ճանաչվել որպես ՀՀ քաղաքացիներ: Ուստի, մեր ձախորդ
«հերոսին» մնում էր պարզապես վերականգնել 60-ամյա իր
հայաստանյան քաղաքացիությունը և միայն ստանալ ՀՀ նոր անձնագիր,
առանց որևէ այլ թղթավարության, քանզի նա ո’չ հրաժարվել և ո’չ
էլ ըստ կարգի զրկվել է ՀՀ քաղաքացիությունից: Ըստ այդմ,
30.11.2008 թ. դիմել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատուն և
ներկայացրել պահանջվող փաստաթղթերը: Սակայն, այդ հայցը ևս
մերժվել է կատարելապես անօրինական և խարդախ աճպարարությամբ
(մանրամասները` Հավելվածում):
Ցայստեղ ոչինչ արտառոց չկա, նկատի
առնելով Հայաստանում կատարվող բարձրագույն ոճիրները, սանձարձակ
բռնություններն ու բացարձակ անօրինականությունները, որոնց
համեմատ այս միջադեպը պարզապես աննշան է ու կարող էր ընդունվել
որպես «փոքրագույն չարիք», եթե միայն չլինեին մեծագույն մի
քանի հարցականներ:
- Նախ, մեր տարաբախտ «հերոսը» ընդամենը
հայագետ ու ազգաբան է (մի կողմ նրա ինքնությունը, ազգային ու
միջազգային վաստակը ), միշտ էլ մնացել է ազգամշակութային
սահմաններում, եղել միայն «Էություն» գիտամշակութային հ/կ
հիմնադիրն ու նախագահը, և երբեք քաղաքականությամբ չի զբաղվել
(վկա` հակամետ նախարարների միջնորդությունները)` թեև այդ
բոլորվին էլ արդանալու թե հոխորտալու հանգամանք չէ, թերևս`
ընդհակառակը:
- Երկրորդ: Այդ ինչպե՞ս մինչև 1999 թ.
«հայրենանվեր գործունեությամբ» պաշտոնապես ճանաչված
անձը հանկարծ դառնում է «Հայաստանի Հանրապետության
պետական անվտանգությանն ու հասարակական կարգին լուրջ
սպառնալիք» և այդ ինչո՞վ:
- Այդ ի՞նչ է տեղի ունեցել 1999 թ. հունվարից
հետո և ի՞նչ է այդպես փոխվել հայաստանյան իրականությունում
անշառ մի անձի աշխարհով մեկ այդքան հետապնդելու ու դեռ
սպառնալիքներով ահաբեկելու համար (այս այլ թեմա է...):
- Այդ ինչպե՞ս և ինչո՞ ւ ՀՀ վարչապետ ու անձի
գաղափարական բարեկամ Ա. Մարգարյանը «այդ գործին
խառնվել չէր կարող...», երբ այն սահմանադրորեն նրա
կատարյալ լիազորությունների մեջ էր: Եվ եթե ոչ նա, ապա այդ ո՞
վ կար ու կա նրանից վերև, որը տվել է այդպիսի հրահանգ և ինչո՞
ւ...
- Եվ ի վերջո, եթե տվյալ անձը որպես
օտարերկրացի վտանգ է ներկայացնում «ՀՀ պետական անվտանգությանն
ու հասարակական կարգին», ապա մի՞ թե ավելի
նպատակահարմար չէ ճանաչել նրա հայաստանյան
քաղաքացիությունը և ըստ այդմ պատժել նրան օրենքի ողջ
խստությամբ` ի ցույց ողջ հայության ու աշխարհի, ապացուցելով
նախորդ որոշման օրինականությունը:
Եթե պատասխան գտաք այս հարցերին,
կպարզաբանվեն նաև 1999 թ. ի վեր Հայաստանում կատարվող հիրավի
առեղծվածային ու անտրամաբանական թվացյալ բոլոր խնդրականները ու
դրանց բուն դրդապատճառները` ներառյալ 27-ի ոճիրը, մարտի
1-սպանդը, 7-ի դատավարությունը, 87 կալանավորումը (
մասնավորապես Գ. Ջահանգիրյանի): Առավել ևս, որ տվյալ անձը
վտարանդի միակ դեպքը չէ: Ուրեմն, այստեղ վստահաբար մի «հույժ
գերգաղտնի» հանգամանք կա...
Բայց կարծում ենք շատերն արդեն
կռահեցին, գոնե այն ինչը բոլորն էլ մասամբ գիտեն:
Այսուհանդերձ, մնացյալը վստահաբար ոչ ոք չի համարձակվի
հրապարակել...
Այսպես վերջացավ Հայաստանի անկախացման
վերջին փորձը` տա~ Աստված ոչ ամենավերջին:
Այսպես վերջացավ նաև նախորդ «կարապների
երգը»` տա~ Աստված ո’չ գալիք «կռունկների»...
Այժմ ստեղծվել
է Սփյուռքի նախարարություն, վստահվել հայտնի «ֆեյա գեստապոյին»
և վերստին ձեռնարկվում է «հայրենադարձություն», իսկ
12-14.12.2008 թ. ՀՀ-ում հիրավի անցկացվել է «1946-1948 թթ.
հայրենադարձությունը և դրա դասերը. Հայրենադարձության
հիմախնդիրն այսօր» խորագրով վերոնշյալ գիտաժողովը: Հերթական
հեքիա՞ թ:
Վերջերս, «ազգային հերոս» կոչումից
հետո Շ. Ազնավուրին շնորհվել է նաև հայաստանյան
քաղաքացիություն, ասես այն «ազգային հերոսի» գերադրական
աստիճանն է, երբ սփյուռքահայ բուն հերոսներին մերժվում է ՀՀ
քաղաքացիություն ու դեռ հայտնվել են բանտում...
«Վա~յ գետինը մտնեք» - երևի բացականչեր
Գյուլնազ տատ, ինչն ակնկալում է հերթական երկրաշարժ: Էլ եղեռն
ո՞ւմ է պետք...
Ասում են «Վարդն առանց փշի չի լինում»,
ռահվիրաները` առանց փշեպսակի,
հայի հայրենիքը` առանց փշալարերի...
|
Ալեքսանդր Վարպետյան |
Մարսել, 9 հունվարի 2009 թ. |
|
ՀԱՎԵԼՎԱԾ
|
Ըստ
ընդունված կարգի, եթե կացության կարգավիճակը կամ մուտքի արտոնագիրը
օտարերկրացուն կարելի է մերժել առանց բացատրության, ապա ըստ ՀՀ
օրենսդրության Հայաստանից նրանց վտարումը կամ ՀՀ քաղաքացիությունից
որևէ մեկին զրկումը ակնկալում է վարչական որոշ ընթացակարգ: Վտարման
դեպքում ՆԳ նախարարությունում կազմվում է հանձնաժողով ու դրա
եզրակացության վրա կայացվում որոշում, սակայն այդ հանձնաժողովի
նիստին ներկա գտնվելու իրավունք ունի օտարերկրյա քաղաքացու շահերը
պաշտպանող պետության ներկայացուցիչը
* (ՀՀ օրենքը,
25.05.1994 թ., Հ.Ն-1075-I, գլուխ 5, հոդված 33 ):
Այս իսկ պատճառով 1999 թ. հոկտեմբեր
27-ի ոճրագործությունից հետո 2000 թ. քաղաքական «մաքրագործման»
ընթացքում իշխանությունները խուսափել են Վարպետյանի անմիջապես
վտարումից և ընտրել ավելի ճկուն լուծում` կացության ժամկետի
ավարտը, ապա օտարերկրացուն կացության կարգավիճակի և մուտքի
արտոնագրի առանց բացատրության մերժումներ:
ՀՀ քաղաքացիությունից զրկումը
ակնկալում է վարչական այլ մեկ ընթացակարգ, որը տվյալ դեպքում չի
կատարվել: Զի կարող էին մեջտեղ ելնել ՀՀ իշխանությունների համար
խիստ անցանկալի հանգամանքներ: Եվ քանզի, ըստ ՀՀ կառավարության
20.09.2007 թ. N°1116-Ն որոշման, Վարպետյանը փաստորեն հանդիսանում
է ՀՀ քաղաքացի, ապա նման մի իրավիճակից դուրս գալու միջոցը մնում է
խարդախությունը, ինչն էլ կատարվել է ծայրահեղորեն պարզունակ
մակարդակով:
Այդպես, ի պատասխան 30.11.2008 թ.
Ֆրանսիայում ՀՀ դեսպանատուն ներկայացված դիմումի ստացվել է հետևյալ
գրությունը, այն էլ պարզ թղթի` այսինքն ոչ դեսպանատան բլանկի վրա
ու առանց կնիքի, լոկ հյուպատոսական բաժնի վարչի ստորագրությամբ:
Հանգամանք, ինչը տվյալ փաստաթղթին զրկում է իրավաբանական արժեքից
(կից պատճեն, ընդգծումը` մերը):
|
* Ըստ հավաստի տեղեկության,
Վարպետյանի հարցով կազմվել է ձևական նման մի հանձնախումբ`
նրա իբր մերձակից «արիացիների», էջմիածնական ինչ-որ
կղերականի և ոմն ԱԱԾ աշխատակցի ներգրավմամբ, ինչը նույնպես
խոսում է «գործ սարքելու» ինչ-որ լուրջ դրդապատճառների
մասին: Ամենայն հավանականությամբ, դեռևս 2000 թ. «կասկածից
դուրս» մի բարեկամի միջոցով ԱԱԾ ոմն աշխատակցի հորդորանքը
Ա.Վարպետյանին, այդ հաստատության այդժամ փոխնախարար Գորիկ
Հակոբյանին իբր «ազգային գերխնդրականներով» դիմելու
առաջարկը հետապնդել է նախապատրաստվող այդ վտանգը
չեզոքացնելու նպատակ: Հանդիպումը կայացել է միայն
փոխնախարարի օգնականի հետ, իսկ նրա կողմից Գ. Հակոբյանին
որոշակի ծրագրով ներկայանալու առաջարկը Վարպետյանի կողմից
մերժվել է, հնարավոր ծուղակներից խուսափելու նպատակով
(«Ազգային խաչբառ», Երևան-2003, էջ 20-22): |
Ըստ այդմ ասվում
է, որ համաձայն ՀՀ ԱԳՆ թիվ 18-1/7536 գրության և ՀՀ այսինչ-այսինչ
օրենքի, ՀՀ քաղաքացիներ են ճանաչվում ՀՀ-ից դուրս ապրող հայ այն
նախկին ՀԽՍՀ քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության
քաղաքացիություն: Մինչդեռ Ա.Վարպետյանը Ֆրանսիայի քաղաքացի է... իր
ծննդյան 1943 թվականից ի վեր, ինչը չի խանգարել 1948 թ.
հայրենադարձվելուց հետո նրան ՀԽՍՀ քաղաքացի կնքելուն, ապա ՀՀ
քաղաքացի հռչակմանը: Սակայն բուն աճպարարությունը այլ է. -
30.11.2008 թ. իր դիմումի հետ Ա.Վարպետյանը ներկայացել է ոչ թե
որպես «հայ նախկին ՀԽՍՀ»` այլ 1991 թվից Հայաստանի Հանրապետության
քաղաքացի և ներկայացրել այդ անձնագրի պատճեն, կնքված ՀՀ
իշխանությունների կողմից և մինչև 25.04.1998 հաշվառված հենց
Ֆրանսիայում ՀՀ դեսպանատանը (ստորև` պատճեն):
|
Ընդունել այս սոսկ
վարչական անփութությո՞ւն թե՞ սովորական աճպարարություն ու
պետվարչական խարդավանք, ինչը հայրենի իշխությունների որդեգրյալ
«նվիրական սկզբունքն» է, սկսյալ առօրեական մանրուքներից, անցնելով
բոլոր տիպի ընտրությունները, մինչև միջազգային ատյաններն ու
բարձրագույն դիվանագիտությունը: Ինչ վերաբերում է ՀՀ
քաղաքացիության նոր հայցին, ապա այն ևս խորամանկ ձեռնածությունը է:
Զի իշխանություններին հնարավորություն է տալիս ևս մեկ տարով
շահարկել Վարպետյանի լռությունը, ինչպես ցայսօր պատանդ են պահվում
նրա բնակարանը Երևանում, գիտական գրադարանն ու անձնական արխիվները,
բայց նաև որդու և թոռների «անվտանգությունը», իսկ մեկ տարի անց այդ
հայցը նույնպես մերժելով փաստացի արձանագրել նրա օտարումը:
Մասշտաբային օրինազանցությունների ու
խարդավանքների համեմատ տվյալ պարագան անշուշտ աննշան է, բացի նույն
առեղծվածային հարցից.
Տարիներ ի վեր
ինչո՞ւ այսքան ջղաձգություններ, այդքան մոլեռանդ հետապնդումներ,
այն էլ անգամ սփյուռքի տարբեր գաղթօջախներում գործակալական մի հսկա
ցանցի ու դրա շոշափուկների ներգրավմամբ (այս ևս այլ խնդիր է...),
այն էլ այդքան վրիպումներով: Ուրեմն.
Հիրավի կա «հույժ գերգաղտնի» պետական
գերկարևոր մի հանգամանք, որում Վարպետյանի միջադեպը պարզապես
«փոշեմաքրում» է:
Իսկ ի՞նչ է այդ հանգամանքը` ԱՅԴ Է ԽՆԴԻՐԸ...
Հուսանք, որ այն շուտով կբացահայտվի իր ողջ
մերկությամբ:
|
|
|