ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
  Ա.Վարպետյանին Հայաստանից վտարման առեղծվածը
 
ԵՐԵՎԱԿՈՒՄ ...
        Վերջերս աղմուկ հանած Սարգիս Հացպանյանի արտաքսման միջադեպը բովանդակում է մի քանի խոսուն հանգամանքներ, որոնք համապատասխան ուշադրության չարժանացան:
    -  Ըստ փաստացի վկայությունների, այդ արտաքսումը պաշտոնապես հրահանգել է ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը, 2008 թ. մարտի 10-ի «ՆԿ-38-Ա» կարգադրությամբ, որով անվավեր էր հայտարարվում Ֆրանսիայի հայորդի քաղաքացուն 10 տարով տրված կացության հատուկ կարգավիճակը ( իբր համաձայն ՀՀ «Օտարերկրացիների մասին» օրենքի 30-րդ հոդվածի «դ» ենթակետի, որպես «ՀՀ պետական անվատանգությանն ու հասարակական կարգին սպառնալիք» ներկայացնող անձ...):  Սակայն այդ կարգադրությունը նախ Հայաստանի ոստիկանապետին, ապա ՕՎԻՐ-ի պետին փոխանցվում է ֆաքսով, իսկ Ս. Հացպանյանին ներկայացվում է պատճեն միայն հոկտեմբերի 10-ին, երբ նա վերադարձել էր Ֆրանսիայից: Զի, Ազատության հրապարակում մարտի 1-ի առավոտյա դեպքերից հետո նա եղել է հետախուզության մեջ:
    -  Այսուհանդերձ, օգոստոսի 21-ին նա օրինականորեն մեկնում է Ֆրանսիա և վերադառնում հոկտեմբերի 7-ին, որի ելումուտը արձանագրված է նրա անձնագրում: Սակայն, նա եղել է մերձ հսկողության տակ, զի տուն մտնելուց 15 րոպե հետո նրա հետևից եկել է ոստիկանությունը: Այդ դեպքում ինչո՞ւ են նրան թույլ տվել մտնել Հայաստան, երբ կացության նույն այդ անձնագիրը հայտարարվել էր անվավեր, որի համար էլ Հացպանյանը հետո ենթարկվեց միայն վարչական տուգանքի:
         Նախ վերջին հանգամանքի վերաբերյալ: Պետք է ենթադրել, որ նախագահի կարգադրությունը ուժի մեջ չի մտել «օրինախախտի» ձեռքը չհասնելու և ըստ օրենքի նրա կողմից չստորագրվելու համար: Ուստի, Հայաստան նրա ելումուտը արգելող տվյալներ սահմանապահ անցակետերի բազայում գուցե չեն եղե՞լ:
Առավել խոսուն է առաջին հանգամանքը: Զի հաստատվում է, որ որպես ընդդիմություն Ազատության հրապարակում կայանելու համար «հանցավորի» արտաքսման կարգադրությունը ստորագրել է... ԱՆՁԱՄԲ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ !!!
        Այդ դեպքում ո՞ւմ կարգադրությամբ կարող էր լինել մարտի 1-ի սպանդը և ի՞նչ ճանապարհով, այդ ևս ֆաքսո՞վ: Վստահաբար ո’չ, զի այդ անպատճառ որևէ հետք կթողներ: Մնում է միայն մեկ տարբերակ. հրամանը տրվել է ներքին կարգով և միմայն ՀՀ Նախագահի կողմից, երբ նա անձամբ զբաղվում է ընդամենը մեկ հոգու արտաքսման չնչին հարցով...
        Այս «մանրուքների» համեմատ հոկտեմբեր 27-ի գործողության որոշումը որևէ այլ մեկից չէր կարող լինել: Թերևս կամ վստահաբար հարկ է եղել միայն այդ համաձայնեցնել Վ. Պուտինի հետ, 1.10.1999 թ. Չեչնիայի երկրորդ պատերազմից և գալիք նախագահական ընտրություններից առաջ, չարաբաստիկ 1999 թ. սեպտեմբեր ամսին նրա Երևան կատարած կարճատև այցելության ընթացքում (համարյա զուգահեռ Վ. Սարգսյանի ԱՄՆ այցելությանը...):  Թիկունքը ապահովելու անհրաժեշտությամբ (բնականաբար նաև հայաստանյան իրավիճակի...), այդժամ վստահաբար խոսվել է նաև Չեչնիայի դեմ ծրագրվող երկրորդ պատերազմի մասին, ինչպես մինչ այդ, Վ.Պուտինը այն ներկայացրել էր ԱՄՆ-ի նախագահ Բ. Քլինթոնին, վերջինիս 12 .09.1999 թ. Մոսկվա կատարած այցելության ընթացքում: Դաշնակից, համագործակցող կամ բարեկամ երկրների միջև նման տեղեկացումները, խորհրդակցությունները թե փոխհամաձայնեցումները դիվանագիտական կարգ է` երբեմն անգամ անհրաժեշտություն:
        Ռ. Քոչարյանի նենգ, խորամանկ, «ստվերային» ու քրեական «պրոֆիլը» դրսևորվեց նաև մարտի 1-ի սպանդով: Դրա հետաքննությունն ընթանում է նույն մեթոդներով և վստահ այն ևս չի բացահայտվելու...

ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ
         Հայտնի է, որ որպես Ֆրանսիայի քաղաքացի, մենք ևս Հայաստանից արտաքսված ենք 2002 թվից ի վեր, «Օտարերկրացիների մասին» վերոնշյալ նույն օրենքով: Այդժամ, Ս. Հացպանյանը բառացիորեն ճակատ տվեց այդ որոշման դեմ` պատրաստ անգամ հրաժարվելու կացության իր հատուկ կարգավիճակից: Ապա, հպանցիկ հաղորդեց, որ ինչ-որ բարձրաստիճան մեկը հորդորել է նրան փոխանցել, թե «ինքը լավ տղա է, բայց թող Վարպետյանից հեռու մնա...»: Ավելին չասվեց, մենք էլ Հացպանյանին չվտանգելու համար ինքներս հեռավորություն պահեցինք:
        Այժմ, այլևս պարզ է, որ մեր արտաքսման հրամանը նույնպես եկել է անձամբ Ռ. Քոչարյանից, ինչին ժամանակին ոչ մի կերպ հավատալ չէինք կարող` ոչ անգամ այլք: Մինչդեռ, մեր բարեկամ և այդժամ վարչապետ Ա. Մարգարյանը կինոռեժիսյոր Արման Մանարյանի միջնորդությամբ փոխանցել էր, որ «այդ գործին ինքը խառնվել չի կարող», իսկ բանիմաց այլք խորհուրդ էին տվել դիմել ՀՀ նախագահական անձնակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին: Նույն այն անձին, որին այդժամ ու այլ հարցով (Արարատ գինու կոմբինատի 51% բաժնետոմսերի)  դիմել էր Ս. Հացպանյանը և թերևս հենց նրա միջոցով էլ փոխանցվել էր «Վարպետյանից հեռու մնալու» վերին հորդորը (ինչն այժմ թերևս կհաստատի Հացպանյանը):  Անդրադառնանք, որ ՀՀ նախագահական անձնակազմի ղեկավարի պաշտոնը բախտորոշ է, ինչպես հոկտեմբեր 27-ի ոճրագործության մեջ Ալեքսան Հարությունյանի պարագայում:
        Այլ մեկ զուգահեռ: 2007 թ. անչափ իրազեկ մեկի միջոցով տեղեկացանք, որ մենք ևս արձանագրված չենք սահմանապահ անցակետերի բազայում և կարող էինք շատ օրինական մուտքի արտոնագիր ստանալ հենց դրանցից մեկում: Սակայն ենթադրելով, որ հավանաբար արգելքը հանված է, որոշեցինք այդ արտոնագիրը ստանալ արտգործնախարարությունից և քանիերորդ անգամ ստացանք մերժում: Այդժամ, բանիմաց ոմանք ենթադրեցին, որ մենք կողմնակի այլ մեկ «սև ցուցակում» ենք: Այս տարի ամռանը, փորձեցինք վրացական սահմանակետում ստանալ մուտքի արտոնագիր և... նորից մերժվեցինք: Մենք արդեն գրանցված էին համակարգչային բազայում որպես persona non grata:
        Իսկ ինչո՞ւ 2002 թ., որպես «ՀՀ պետական անվտանգությանն ու հասարակական կարգին սպառնալիք»  հայրենիքից մեր արտաքսումը, երբ մենք անգամ ընդդիմադիր չենք եղել: Այլազան վարկածների մեջ կան հոկտեմբեր 27-ի ոճրագործության հետ առնչվող որոշ հանգամանքներ, ինչը ավելի ու ավելի դառնում է հավանական:
        Մենք համոզված ենք, որ այսօր ևս Հայաստանը ընդհատակից հիմնականում ղեկավարում է Ռ. Քոչարյանը: Այդ նրա կերպարն ու գործելաոճն է: Այստեղից էլ այդքան անհասկանելի իրադարձություններ, անտրամաբանական հակասություններ ու խառնաշփոթություններ:
        Սակայն, աստիճանաբար երևակվում է «լուսնի մութ երեսը»:
ՀԵՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ
      Արդ, Սարգիս Հացպանյանի բանտարկությունը` իբր Քոչարյանի կողմից Ս.Սարգսյանի դեմ մահափորձ ծրագրելու «սուտ մատնության» մեղադրանքով, վերստին Քոչարյանի հրահանգով է: Նրա ուրվականը ամենուր է, բայց շրջում են նաև հոկտեմբեր 27-ի, մարտի 1-ի ու դեռ քանի զոհերի ուրվականները...
      Վերջը բարին լինի:
  
  Մարսել, 26 հոկտեմբերի 2008 թ. Ալեքսանդր Վարպետյան