ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ    
 
Ալեքսանդր Վարպետյանին Հայաստանից վտարման առեղծվածային գործի մանրամասները շարքից
17/09.2007, ՀՀ ԱԳՆ անպատասխանատվությունը և “Հետքի” հետևողականությունը
  
         Նյութը վերցված է "Հետքի" ինտերնետային կայքից` http://www.hetq.am/arm/politics/7092 :
 
«Ալեքսանդր Վարպետյանին կարելի՞ է»
        «Հետքի» խմբագրություն զանգողն այս հարցը տվեց: Առաջին հայացքից հարցադրումը ծաղրանքի է նման, քանի որ «Հետքը» մի քանի հոդված է տպագրել Ալեքսանդր Վարպետյանի մասին, ով արդեն 5 տարի Հայաստան մուտքի վիզա չի կարողանում ստանալ, եւ որեւէ հիմնավորում այդ մերժման մասին նրան չի տրվում: Ֆրանսիայի քաղաքացի Ալեքսանդր Վարպետյանը Երեւանում ունի որդի եւ թոռ, որոնց չի կարողանում տեսնել:
        Պարզվեց` խմբագրություն զանգահարողը ՀՀ արտգործնախարարության հյուպատոսական վարչության մի աշխատակից է` Մինասյան ազգանունով: Այս տարվա մայիսին «Հետքը» նամակ է գրել արտգործնախարար Օսկանյանին` խնդրելով պարզաբանել, թե ինչու է մերժվում Ալեքսանդր Վարպետյանի մուտքը Հայաստան: Երեք ամիս շարունակ մեզ բաժնից բաժին էին ուղարկում: Եւ միայն վերջերս հաջողվեց պարզել, թե ում է մակագրված նամակը: Մեր զանգերի արձագանքը, փաստորեն, եղել է այն, որ արտգործնախարարության աշխատակից Մինասյանը զանգել եւ մեր խմբագրությունից հարցրել է Ալեքսանդր Վարպետյանին: Այդ զանգից մեկ շաբաթ առաջ նորից էինք փորձում պարզել, թե ում մոտ է նամակը, եւ ինչու չեն պատասխանում: Արտգործնախարարության ընդհանուր բաժնի աշխատակիցը դարձյալ ասաց, որ մեր նամակն ուղարկվել է հյուպատոսական վարչություն, եւ իրենք որեւէ պատասխանատվություն չեն կրում այդ նամակի համար: Ուղիղ հինգ րոպե եւ մեծ ջանքեր պահանջվեցին մեզանից արտգործնախարարության ընդհանուր բաժնի` մեզ հետ խոսող աշխատակցի անուն-ազգանունն իմանալու համար: Երբ խնդրում էինք ներկայանալ, նա պատասխանում էր, թե դա կարեւոր չէ: Երբ ասացինք, որ պատրաստվում ենք դատարան դիմել եւ պետք է իմանանք, թե ով ինչ պատասխան է տվել, նա փոքր-ինչ զգաստացավ եւ, էլի մի քիչ համոզելուց հետո, ի վերջո հայտնեց անուն-ազգանունը` Վահագն Պապոյան:
        Արտգործնախարարությունում աշխատում են մարդիկ, որոնք հեշտությամբ խաբում են: Մեզ տրվում էին այսպիսի պատասխաններ` «մենք տասնհինգ րոպեից կզանգենք», կամ «այսինչ աշխատողն արձակուրդում է», որը, չգիտես ինչու, երեք ամիս է տեւում, կամ «ես չեմ պատասխանատուն, չգիտեմ, զանգեք ընդհանուր բաժին», ընդհանուր բաժնից` «զանգեք այսինչ համարով»: Դիվանագիտական ստե՞ր են սրանք, որ սովորական քաղաքացիներիս հասու չեն, թե պարզապես գործ չանելու սովորություն է: ուցե արտգործնախարարության անգործության համար իսկապես դիմե՞նք դատարան: Բայց երբ պատկերացնում ենք տարիների դատական քաշքշուկը, հրաժարվում ենք այդ մտքից: Ուրեմն մնում են անձնական կապերը: Հայաստանում այդպես է` եթե ուզում ես որեւէ արդյունքի հասնել, պետք է օգտագործես անձնական կապերդ: Մայիսի վերջին գրած մեր գրավոր հարցման պատասխանը ստացանք օգոստոսի 12-ին: Այս դեպքում անձնական կապերը պետք չեկան, թողնենք հաջորդ անգամվան:
        Այսպիսով` արտգործնախարարության հյուպատոսական վարչության պետ Տիգրան Սեյրանյանը սեպտեմբերի 11-ին գրած նամակում ասել է. «Տեղեկացնում ենք, որ համաձայն միջազգայնորեն ընդունված պրակտիկայի` անհատներին մուտքի վիզայի մերժման դեպքում պատճառները չեն հայտնվում: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ մուտքի վիզայի մերժման ընդհանուր պատճառներն ու դեպքերը հստակ նշված են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում»:
        «Օտարեկրացիների մասին» ՀՀ օրենքին եւ դրա որոշ կետերով Վարպետյանի մուտքը մերժելու հանգամանքին մենք նախորդ հոդվածներում անդրադարձել ենք:
        Փաստորեն, Տ. Սեյրանյանի մի քանի տողանոց այս պատասխանը, որն առանձնապես էական տեղեկություններ չէր պարունակում, հնարավոր էր եւ պետք էր ուղարկել երեք ամիս առաջ` հունիսին, երբ լրանում էր պատասխանի համար «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հինգ օրը: Պետական մարմինների բոլոր աշխատակիցներին` հատկապես արտգործնախարարության աշխատակազմին, խորհուրդ կտայինք մյուս օրենքներից բացի կարդալ նաեւ այս օրենքը: