|
ԿԲԱՑՎԵ՞Ն ՀՀ ԴՌՆԵՐԸ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՎԱՐՊԵՏՅԱՆԻ ԱՌՋԵՒ |
[16:23] 12 Սեպտեմբերի, 2007 |
2002թ-ից արգելվում է ֆրանսահայ հայտնի էաբան ու ազգաբան,
"Էություն" միաբանության նախագահ Ալեքսանդր Արորդի
Վարպետյանի մուտքը Հայաստան` "նպատակահարմար չէ"
պատճառաբանությամբ:
"Օտարերկրացիների մասին" ՀՀ օրենքով
օտարերկրացուն մուտքի վիզա չի տրամադրվում, եթե
"գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության
պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ
եւ հիմնավոր սպառնալիքներ": Կամ գոյություն ունեն հավաստի
տվյալներ, որ նա պատրաստվում է վնաս պատճառել ՀՀ պետական
անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել
պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական
գործունեություն, իրականացնել մարդկանց առեւտուր
(թրաֆիքինգ), եւ այլն: Հետաքրքիր է` ի՞նչ գիտեն ՀՀ
համապատասխան մարմինները, որ հետեւողականորեն թույլ չեն
տալիս հայտնի էաբանին մուտք գործել Հայաստան:
"Ա1+"-ի հարցերին Մարսելից պատասխանում
է "Էություն" միաբանության նախագահ Ալեքսանդր Վարպետյանը:
Բայց մինչ նրա հետ զրույցը` ներկայացնենք մի քանի դրվագներ
Ալեքսանդր Վարպետյանի կենսագրությունից:
1948թ Խորհրդային Հայաստան ներգաղթած,
1975թ-ից կրկին Մարսելում վերահաստատված Ալեքսանդր
Վարպետյանը հեղինակել է "Արփիական", "Ովքե՞ր են, ի վերջո,
արիացիները", "Ոգեկոչ", "Էություն", "Արիականք", "Ծննդոց",
"Էականք", "Ազգային խաչբառ, կամ ո՞ւմ է խանգարում
Ալեքսանդր Արորդի Վարպետյանը", "Ինչություն", "Տապանաքար"
եւ այլ աշխատություններ:
Թղթակցել է շուրջ 50 անուն թերթերի, ղեկավարել
հասարակական-մշակութային միավորումներ (այդ թվում`
1990թ-ին Հայաստանում հիմնադրել է "Էություն" ազգային
իմաստության տաճարը), սփյուռքի գաղթօջախներում հանդես եկել
հայագիտությանը նվիրված բանախոսություններով,
հաղորդաշարերով, միջոցառումներով:
2004թ-ին Ամերիկայի կենսագրական
ինստիտուտը (ABI) Վարպետյանին ներկայացրել է "21-րդ դարի
մեծ մտածողները" շարքում, իսկ 2006-ին հռչակել "21-րդ դարի
մեծագույն հանճարներ"-ից մեկը: |
-Պարոն Վարպետյան, ո՞րն է պատճառը, որ դուք այդպես էլ
հնարավորություն չեք ստանում Հայաստան գալու:
- 2002 թվից ի վեր, երբ փաստորեն
արտաքսվեցի Հայաստանից, այդ հարցը դարձել է իմ ու շատերի
գլուխկոտրուկը: Ես, անցյալի ու գոյության առեղծվածների
քննախույզս, բնականաբար չեմ կարող չունենալ իմ
հետեւությունները, ըստ որոնց պատճառները մի քանիսն են,
այդուհանդերձ կապված մեկ հիմնական հանգամանքի` 1999-2000
թթ իրադարձությունների հետ:
-Կա՞ն արդյոք պատճառներ, որ կստիպեին
մեր իշխանություններին զգուշանալ Ձեզանից:
- Ըստ "Հետաքննող լրագրողներ"
հասարակական կազմակերպության ՀՀ ՆԳ Անձնագրերի ու Վիզաների
վարչությանն ուղղված հարցման պատասխանի, ես իբր "վտանգ եմ
ներկայացնում ՀՀ պետական անվտանգությանն ու հասարակական
կարգին": Ուրեմն մնում է հարցնել թե այդ ինչո՞վ, երբ
հանրահայտ է, որ ես քաղաքական այր չեմ: Իսկ հնարավոր այլ
պատճառները այնքան ծանրակշիռ են ու գնում են այնքան հեռու,
որ կնախընտրեի լռել` հույսով, որ դրանք երբեւէ ընդհանուրի
հետ կբացահայտվեն:
-Դուք խնդիրներ ունե՞ք Հայ առաքելական
եկեղեցու սպասավորների հետ:
-Անցյալում եղել են որոշ վրիպումներ եւ
թերհասկացություններ: Այսօր դրանք հիմնականում փարատված
են: Դեռ ավելին, Հայ առաքելական եկեղեցում օրըստօրե
հավելվում են մեր գաղափարներին հարող հոգեւոր հայրերը`
մասնավորապես կապված հայապահպանության գործում եկեղեցու
նոր դերի կարեւորման եւ աստվածային Է-ԷՈՒԹՅՈՒՆ
գերհասկացության հետ:
-Ե՞րբ եք վերջին անգամ դիմել ՀՀ գալու
համար եւ ի՞նչ պատճառաբանությամբ են մերժել: Ընդհանրապես,
2002թ-ից ի վեր քանի՞ անգամ են Ձեզ մերժել ՀՀ
իշխանությունները:
-Վերջին անգամ էլեկտրոնային 21-օրյա
տուրիստական արտոնագրի հայցս մերժվել է 25.04.2007 թ.`
առանց պատճառաբանության, իսկ ընդհանրապես դիմել ու մերժվել
եմ 9 անգամ` ներառյալ ՀՀ քաղաքացի ու բնակիչ որդուս
հրավերները, ՀՀ առաջին օմբուդսմենի եւ "Հետաքննող
լրագրողներ" վերոնշյալ կազմակերպության
միջնորդությունները:
-Դուք դիմել եք ՀՀ առաջին
օմբուդսմենին: Պատրաստվո՞ւմ եք դիմել գործողին` Արմեն
Հարությունյանին:
-Անձամբ` թերեւս անիմաստ է: Զի այս
տարի արդեն հարցումներ են արել "Հետաքննող լրագրողներ"
կազմակերպությունը, իսկ "ԱԶԳ" թերթում` ոմն նվիրյալ
հայորդի` Մանվել Սարդարյանը, որին պարոն Արմեն
Հարությունյանը նույն թերթի 31.07.2007 թ. համարում
հայտարարել էր, թե ի պատասխան իրենց հարցումներին, ըստ ԱԳՆ
եւ այլ գերատեսչությունների Հայաստան կարող եմ այցելել
միայն որպես զբոսաշրջիկ` առանց կացության կարգավիճակի`
ինչը հակասում է ավելի ուշ տրված ՕՎԻՐ-ի վերոնշյալ
պատասխանին: Մինչդեռ, պարոն Արմեն Հարությունյանի
հայտարարությունը առայժմ պաշտոնապես հաստատել մեզ դեռ չի
հաջողվել:
-Ինչո՞վ եք զբաղվում Մարսելում: Կա՞
կապ Ձեր գաղափարակիցների հետ Հայաստանում: Համատեղ ի՞նչ
ծրագրեր եք իրականացնում:
-Վերջերս ավարտեցի ցայսօր կատարված
հետազոտությունների ու ելույթների թվայնացումն ու
արխիվավորումը 70 DVD-ների վրա: Այժմ զտում եմ կուտակված
ու դեռ չմշակված գիտանյութերը: Գաղափարակիցների ու
համակիրների հետ կապը շարունակվում եւ ընդլայնվում է, ինչը
ժամանակի զգալի պահանջ է ներկայացնում: Համատեղ ծրագրերը
հիմնականում սառեցված են, այլերի մասին դեռ շուտ է խոսելը:
Առավել եւս, որ դրանցում իմ մասնակցությունը հիմնականում
խորհրդատվական է:
- Ինչպե՞ս եք պատկերացնում ՀՀ ապագան:
- Առանց պատկերացնելու ՀՀ ապագան
երեւակվում է այսօր, որպես հիմնականում ամառանոցային երկիր
իր սպասարկող հասարակությամբ, ինչպիսինները կան
էկզոտուրիզմի կղզիներում կամ որոշ աշխարհամասերում: Այն
տարբերությամբ, որ այցելուները Հայաստանում լինելու են
հիմնականում սփյուռքահայեր: Ողջ հայության պարագայում
հեռանկարները առավել մռայլ են: Տա Աստված, սխալվեմ, եւ
իրադարձությունները զարգանան այլ կերպ:
|
Զրուցեց Կարինե Ասատրյանը: |
|
|
|